***
Թռչունն ասաց՝
-Թևերս առեք,
Ազատություն ինձ տվեք:
Գազանն ասաց՝
-Ժանիքս առեք,
Ազատություն ինձ տվեք:
Ձուկն էլ ասաց՝
-Ծովս առեք,
Ազատություն ինձ տվեք:
Մարդն էլ ասաց՝
-Կյանքս առեք,
Ազատություն ինձ տվեք:
Աստված ասաց՝
-Մարդը դուք եք,
Ազատություն ինձ տվեք:
***
Vanitas vanitatum et omnia vanitas.
Ունայնություն ունայնությանց
Եվ ամեն ինչ ընդունայն է՝
Ասել է հին աշխարհներին
Էն Սողոմոն իմաստունը:
Բայց թե կյանքը ունայն լիներ
Եվ ճիշտ լիներ Սողոմոնը,
Էլ ինչո՞ւ է նորից հիշվում
Էն Սողոմոն իմաստունը...
***
...Ու թե մեռնեմ, իմ դագաղի ետևից
Թող գան միայն մասիսատենչ ու տխրած
Բոլոր չքնաղ, լույս աղջիկներն իմ սիրած՝
Հոծ կլինի իմ թաղումը բոլորից:
Ու թե ընկնի աչքից ամեն աղջկա
Մեն մի կաթիլ՝ սիրո արցունք բյուրեղի,
Ինչպես ծովում, մակույկն իմ լո՜ւռ դագաղի,
Դեպի իմ որբ գերեզմանը կըլողա...
Բայց երանի՝ ով ինչ հողում էլ թաղվի՝
Գտնի անունն հավերժահայ իջեվան,
Եվ մշտախոս հուշատախտակն իր անվան,
Մեծ Մասիսի մարմար կրծքին կկախվի:
***
Բանաստեղծն եմ Մասիսի,
Ինձ Աստվածն է ճանաչում,
Իմ ետևից մեկուսի,
Ա՜խ, Մասիս են հառաչում:
Ինձ նրանք են քարկոծում
Ովքեր օձ են բախտավոր,
Իմ ազգի վիշտն է թախծում
Իմ սրտի մեջ վիրավոր:
Ու խուլ մի ձայն՝ սրտիս մեջ՝
Աստըծուց էլ խռոված՝
Ցած է կանչում ինձ անվերջ՝
Մանկության պես մի կորած:
Ցած է կանչում, որ մանկան
Խաղը վիշտս դուրս վանե,
Եվ փայտե ձիս՝ մոռացման
Դրախտները ինձ տանե...
Բանաստեղծն եմ ես հայոց,
Ինձ աշխարհն է ճանաչում,
Իմ ետևից՝ կարոտով
Ա՜խ, Մասիս են հառաչում...