ՁՄԵՌՎԱ ԻՐԻԿՈՒՆԸ
Թարգմանություն՝ Հ. Թումանյան
Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին` մանկան պես լաց է լինում,
Մին` ոռնում է զերթ գազան,
Մին` վայրենի սուլում պես-պես,
Աղմկում է տանիքում,
Մին` ուշացած ճամփորդ, ասես,
Լուսամուտն է նա թակում:
Մեր խրճիթը` աղքատ ու հին,
Ե՛վ մթին է, և՛ տխուր.
-Ի՞նչ ես նստել պատի տակին,
Իմ պառա՛վս, էդպես լուռ:
Հոգնե՞լ ես դու փոթորիկի
Ոռնոցներից խելագար,
Թե՞ նիրհում ես քո իլիկի
Բզզոցի տակ միալար:
Արի խմե՛նք, բարի՛ ընկեր
Իմ սև, ջահել օրերի,
Խմենք դարդից, բաժակդ բե՛ր,
Սիրտներս բաց կլինի:
Երգի՛ր, ո՞նց էր ապրում խաղաղ
Հավքը ծովի էն ափին,
Երգիր, ո՞նց էր աղջիկը վաղ
Ջուրը գնում մինչ արփին:
Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին` մանկան պես լաց է լինում,
Մին` ոռնում է զերթ գազան:
-Արի խմե՛նք, բարի՛ ընկեր
Իմ սև ջահել օրերի,
Խմենք դարդից, բաժակդ բե՛ր,
Սրտներս բաց կլինի:
http://www.mankutianmolorak.com/main.php?p...mp;subgal_id=74