ՆՈՐ ՏԱՐԻ
Երնե՛կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն.
Չարը կորչեր, ու բարին
Բուն դըներ մեր սըրտերուն:
Երնե՛կ, թե այս Նոր տարին
Ազատ շընչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան:
Երնե՛կ, թե այս Նոր տարին
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մեր ոստան:
Երնե՛կ, թե այս Նոր տարին
Հայ սրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սըրին,
Հայը քյուրդեն չի սարսեր:
Երնե՛կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին,
Հայի դրոշակ ծածաներ:
Հայե՛ր, երբեք չերկմըտինք,
Կըկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն: