-
Posts
5,065 -
Joined
-
Last visited
-
Days Won
5
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by Ashot
-
Ատամը փոխած Ատամ, ատամ, Իմ կաթնատամ, Գնա՜ս բարով Հարյուր տարով... Իսկ դու արի՛, Գալըդ բարի՜, Իմ նո՛ր ատամ. Ես քեզ կըտամ Հարյուր տարի Հազար բարի- Էլ ղավուրմա՜, Էլ բաստուրմա՜, Չամչով փլա՜վ, Հնդու խուրմա, Տանձ ու խնձոր Մի՜շտ, ամեն օ՜ր Փըստա՜, բադա՜մ, Էլ ո՜ր մեկի ԱՆունը տամ, Ոսկի՜ ատամ...
-
Հովվի սրինգը Հովիվը սարին՝ Ոչխարը առաջին՝ Ոչ շուն և ոչ զենք Չունի նա կշտին: Եվ ահա եկան Օրը ցերեկով Սոված գայլերը՝ Ամբողջ ոհմակով: Հովիվն ի՞նչ աներ, Ինչպե՞ս ազատեր, Իր ամբողջ հոտը, Իրան էլ հետը: Նա ճարը կտրած՝ Սրինգը հանեց Եվ աղիողորմ Մի երգ նվագեց: Եվ ինչպե՝ս քնքուշ, Ինչպե՜ս մեղմանուշ,- Բոլոր գայլերը Կտրեցին ապուշ... Եվ լսում էին Սարա'ծ, քարացած, Սրնգի ձայնից Թովված ու դյութված: Բայց ի՞նչ էր երգում Հովիվն այնպես լու՜րջ, Որպես մի հարա՜չ, Որպես մի մրմու՜նջ: Նըրա նվագը՝ Զիլ ու քաղցրաձայն՝ Մի աղերսանք էր, Մի գոչ օգնության: Սրինգն ածելիս՝ Նա ձայն էր տալիս Իր կտրիճներին՝ Զոալում շներին. - Ա, Չաբա՜ր, Ա, Ղաթա՜ր Եկե՜ք, հա՛, եկե՜ք, Ա՛, Քյասա՜ր, Ա՛, Բասա՜ր, Հասե՜ք, հե՜յ, հասե՜ք... Հանկարծ թնդում է Յուրթն ամեն տեղից. Ի՜նչ հարայ-հրո՜ց, Ի՛նչ ո՜ղբ, ի՜նչ ոռնո՜ց... Շները թև առած՝ Ինչպե՜ս են թռչում, Հասնում են հովվին Մի ակնթարթում... Այսպես մի հովիվ, Սրնգի շնորհիվ՝, Փրկում է հոտը, Չար գազաններից՝ Սոված գայլերից...
-
Մանուշակ Ասա ինձ, մանուշակ, Ինչու՞ ես այդպես վաղ Դուրս եկել մեն-մենակ. Դեռևս չի բացվել Ոչ մի տեղ քեզ նման Հոտավետ մի ծաղիկ: _ Ես չունիմ մյուսների Գեղեցիկ հասակը, Ոչ նրանց հագուստը՝ Զարդարուն ու շքեղ, Դուք ինձ չեք նկատիլ, Եթե ես երևամ Նրանց հետ միատեղ:
-
Հոնի կորիզը Տարեմուտի երեկոյին Մայրըս թխեց կարկանդակ, Մեջը դրավ հոնի կորիզ, Իբրև բախտի նշանակ: “Կորիզն,- ասաց, - ում որ ընկնի, Դովլաթավոր կըդառնա, ՈՒ՛ր որ գնա, ի՛նչ գործ բռնե, Փառք ու պատիվ կըստանա”: Կարկանդակը բաժանեցինք, Կորիզն ընկավ ինձ բաժին, Եղբայրներս սրտնեղելով՝ Նախանձեցին իմ բախտին: “Կույր է բախտը, սուտ չէ ասած”, Մեծ եղբայրս փնթփընթաց, “Մի՞թե սա է ամեիս մեջ Աշխատավոր, բանիմաց...” Մեկելներն հավանեցին Մեծ եղբորս ասածին. - “Իրա՛վ? իրա՛վ, չէր արժանի”, Միաբերան ձայնեցին... Մայրըս ասաց. “ Խելոք կացեք, Ահա կգա Նոր-Տարին, Նա որ տեսնե ձեզ կռվելիս՝ Պարգև չի տալ ոչ մեկին: Բայց որ տեսնե դուք սիրով եք Եվ խռով չեք իրանցից, Այնուհետև ինչ որ ուզեք, Չի խնայիլ ձեզանից”: Այս ասելով՝ նա մեզ տըվավ Տեսակ- տեսակ մրգեղեն, Չիր ու չամիչ, տանձ ու խնձոր Եվ զանազան քաղցրեղեն: Քաղցր կերանք ու քաղցրացաբք Եվ խնդացինք շատ ու շատ, Չարազ արինք նուռ, սերկևիլ, ՈՒնաբ, սալոր, թուզ, փշատ: “Հոնի կորիզն” այնուհետև Բոլորովին մոռացանք, Եվ շատ սիրով իրար գրկած, Պառկոտեցինք, քնեցանք...
-
Պառավի հորթը Ձյուն է գալիս փաթիլ-փաթիլ, Հետն էլ անձրև կաթիլ- կաթիլ. Այս միջոցին մի պառավ կին Հորթ էր փնտրում դաշտի միջին: Կովը եկավ տավարիցը, Կուրծ ու ծըծեր կաթով լիքը. “Հորթուկս ու՜ր է”,- նա բառաչեց, Խեղճ պառավին լացացըրեց: Մինչդեռ այսպես պառավ ու կով Ողբում էին լաց ու կոծով, Հանկարծ լսվեց մի բարակ ձայն, Կովն իմացավ, որ հորթն է այն: Կովը վազեց բառաչելով, Պառավը ետքից տընքտընքալով, Կորած հորթը մորը գտավ, Լիքը ծըծերը բերանն առավ: Ծըծեց բոլոր կաթն ու տկզեց, Տանտիկնոջը բան չըտողեց. Բայց պառավը այս անգամին Սիրով ներեց չար հորթուկին:
-
Հովվի անկողինը Սարի լանջն է մահճակալ, Չեչոտ քարը գլխակալ. Մի հին կարպետ ուսերին,- Այս է հովվի անկողին: Երբ անձերվ է կաթկտում, Եվ կարպետը՝ թըխկթըխկում, Հովիվն անուշ քնի մեջ Քաղցր երազ է տեսնում, Եվ խնդում, ծիծաղում. ՈՒխա՜յ, ուխա՜ջ, սիրու՛ն հովիվ, Քունդ անու՜շ...
-
Կատու Կատուն եկավ, Փիսի՜կ, փիսի՜կ, Հազար նազով, Ինչպես հարսիկ, Դունչը սրբեց Թաթիկներով, Մազը սանդրեց Չանչիկներով. - Կատու, կատու, Ե՞ր ես տրտում. Թե՞ մկներն են Հիմա արթուն: Կատուն ասեց. _ Միաո՜, միաո՜. Այսինքն թե՝ _ Այո՛, այո՛:
-
Սագ Սագիկ-սագին, իմ սիրունիկ, Ես քեզ կտամ քաղցր կուտիկ, Որ դու ուտես , շուտ մեծանաս, ՈՒրախ ապրես, զվարճանաս: Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս, Ես կխնդրեմ իմ մայրիկին, Որ նա ժողվե քո փետուրներ Եվ ինձ համար շինե բարձեր:
-
Լուսնահաչ _ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը Միշտ հաչում է լուսնի վրան. Մի՞թե պայծառ լուսնյակը Մեկ վնա՞ս է տալիս նրան: _ “ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս Այլ լույս, միայն լույս է տալիս, Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի, Լույսը գիշերը դուր չի գալիս: Բայց լուսինը խոմ չգիտե՞, Որ իր վրան հաչողներ կան, - Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝ Շարունակում է իր ճամփան: Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման Պետք է լույս տանք մութ աշխարհին, Եվ համարենք, թե չենք լսում Մեզ վրա զուր հաչողներին”:
-
Արեգակ Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ, Զիզի քարին վե՜ր եկ. Սև-սև ամպեր հեռացեք, Արևին ճամփա տըվեք: Թողեք տող գա նա մե՜զ մոտ, Դրա լույսին ենք կարոտ. Կարմի՛ր արև ե՜կ, ե՜կ, Նախշուն քարին վեր եկ: Արևը հաղթեց ամպերին, Շողքը ձգեց սարերին, Զիզի քարը տե՜ս, տե՜ս Պըսպղում է ոսկու պես: Սիրուն արև, մի՜շտ եկ, Զիզի քարին վե՜ր եկ:
-
Հիշողություն Ծիծեռնակը բույն էր շինում, Ե՛վ շինում էր , և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում: Մեկ անգամ էր նա բույն շինել Եվ շատ անգամ կարկատել, Բայց այս անգամ վերադարդզին Բույնն ավերակ էր գտել: Այժմ նորից բույն էր շինում, Ե՛վ շինում էր , և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում: Նա հիշում էր անցած տարին Իր սնուցած ձագերին, Որոնց ճամփին հափշտակեց Արյունարբու թշնամին: Բայց նա կրկին բույն էր շինում, Ե՛վ շինում էր , և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում:
-
Ճախարակ Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ, Մանիր սպիտակ մալանչներմ Մանիր թելեր հաստ ու բարակ, Որ ես հոգամ իմ ցավեր: Ձեթ եմ ածել ականջներըդ, Նոր շինել եմ շրտըվիկ, Դե՜հ,սու՛տ շարժիր լայն տևերդ, Ոստեր շինիր սըրուլիկ: Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ, Լիսեռնիկդ պտըտիր, Մանիր թելեր հաստ ու բարակ, Իլիկիդ վըրա փաթաթիր: Տիգրանիկըս գուլպա չունի, Հանդ է գնում ոտաբաց, Գաբրիելըս չուխա չունի, Միշտ անում է սուգ ու լաց: Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ, Մանիր սպիտակ փաթիլներ, Մանիր թելեր հաստ ու բարակ, Որ ես հոգամ իմ ցավեր: Չըվալ չունինք, չութա չունինք, Ո՛չ սամոտե, ո՛չ պարան, Այսպես աղքատ դեռ եղած չենք, Կտրվել է ամեն բան: Դեռ հարս էի, որ գործեցի Քանի կարպետ, խալիչա, Բայց դրանից շուտ զրկվեցի, Հիմա չունիմ մի քեչա: Կարմիր օրըս, երբ սևացավ, Եվ պարտք մնաց՝ տեև քիչ, Պարտատիրոջ սիրտն էլ սևցավ - Եկավ տարավ ամեն ինչ: Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ, Մանիր սպիտակ քուլաներ, Մանիր թելեր հաստ ու բարակ, Որ ես հոգամ իմ ցավեր:
-
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ղազարոս Աղայան (1840 –1911) Ղազարոս Աղայան [4(16).4.1840, Թբիլիսի, - 20.6(3.7).1911], հայ բանստեղծ, մանկավարժ, հասարակական գործիչ: Սովորել է Թբիլիսիյում: Աղայանի դեմոկրատական հայեցողությունները արտացոլվել են նրա հուշագրական ստեղծագործություններում ՝ “Իմ կյանքի գլխավոր իրադարձությունները” ( առանձին հրատարակչություն 1893 ) և “Հարություն և Մանվել” (1867) , ինչպես նաև “Երկու քույր” վեպում (1872) , որտեղ պատկերված են 19 դարի 60-70-ականների սոցիալական հակասությունները հայկական գյուղում, գյուղացու պայքարը շահագործողների դեմ : Աղայանը մանկական ճանաչված գրողնեից և հայ մանկական գրականության հիմնադիրներից մեկն է (“Գյուլնազ տատիկի հեքիաթները” , 1904): Հեքիաթների ( “Անահիտ”, 1881, “Արեգնազան”, 1887, և այլն) և պոեմների հեղինակ, որոնց շարքում առանձնանում է “Տորք- Անգեղը” (1888). Թարգմանել է Ա.Ս. Պուշկինին, Ի.Ա. Կռիլովին: “Մայրենի Լեզու” սկզբնական ուսուցման դասագրքի հեղինակն է, որը մոտ 40 տարի եղելե է ամենատարածված դասագիրքը հայկական կրտսեր դպրոցների համար: Գրել է նաև “Արևիկ” ուսուցողական գիրքը (1908, այբբենարան և ինքնուսույց մեծահասակների համար) և այլն: Հիմնադրել է մանկական “Աղբյուր” ամսագիրը ( 1883, մինչև 1891 թ., փաստացի ղեկավարել է նրա հրատարակչությամբ) Աղայան- մեծագույն հայ մանկավարժ, որը ելույթ է ունեցել կրթության դեմոկրատացման օգտին: Պահանջում էր ազատել դպրոցը հոգևորականության ազդեցությունից և փոխանցել այն ժողովրդին: Նաև ելույթ էր ունենում խավային և ազգային սահմանափակումների դեմ կրթության ոլորտում, սովետական դատիարակության և աղջիկների և տղաների միացյալ ուսուցման օգտին:
-
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ Ընդունվել է 00.00.1993 Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, կարգավորվում են լեզվավիճակը, պետական իշխանության եւ կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների լեզվահարաբերությունները: Հոդված 1. Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է: Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը: Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը: Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը: Հոդված 2. Կրթության լեզուն Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական եւ ուսումնական համակարգերում դասավանդման եւ դաստիարակության լեզուն գրական հայերենն է: Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը եւ դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով՝ պետական ծրագրով եւ հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում օտարալեզու ոչ հանրակրթական ուսումնական հաստատություն կարող է հիմնել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ երագույն խորհրդի կրթության եւ գիտության, լեզվի եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ: Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական , մասնագիտական-տեխնիկական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը եւ հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են: Հայրենադարձների, փախստականների, Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող այլազգի քաղաքացիների ու օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քննությունները եւ ուսուցումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Հոդված 3. Քաղաքացիների լեզվական պարտականությունները Պաշտոնատար անձաինք եւ սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել հայերենին: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային մատյանում ընդունված կարգին: Պաշտոնական խոսքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են ապահովել լեզվի անաղարտությունը: Հոդված 4. Հաստատությունների լեզվական իրավունքները եւ պարտականությունները Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները այլ երկրների պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ քաղաքացիների հետ հաղորդակցվում են փոխադարձաբար ընդունելի լեզվով: Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են. ա) գործավարությունը կատարել հայերեն, բ) համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների եւ պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը, գ) ցուցանակները, ձեւաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները ձեւավորել հայերեն՝ անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով: Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը զուգակցել հայերենով: Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն իրենց փաստաթղթերը, ձեւաթղթերը, կնիքները ձեւավորում են հայերեն՝ իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ: Հոդված 5. Պետական լեզվաքաղաքականության իրականացումը Պետական լեզվաքաղաքականությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իշխանության եւ կառավարման տեղական մարմինները, ինչպես նաեւ դրա համար լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան: Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է հայերեն լեզվով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաեւ հայերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գիտամեթոդական, տեղեկատու, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի պահանջները խախտելու համար: Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ 17 ապրիլի 1993թ. Հ.Ն.-0772-1-ՀՕ-52
-
* * * (Թարգմանություն) Եղիր ազնիվ ու մի՜ դավիր, Ոչ ոքի ցավ մի պատճառիր, Եվ քո նավը՝ ապրանքով լի Ողջ, ապահով տեղ կհասնի: Կողոպտէլ ես դու քո գործում, Խճճվել ես վառ կրակում, Աստծու վախը դու միշտ հիշիր Ու քո գործը լավ իմացիր: Շտապելով օրըդ կանցնի, Հոգին մարմնից դուրս կթռչի, Հույսդ դու դիր աստծու վրա, Չարն ու բարին նա կջոկի: Ականջ արա ու ինձ լսիր, Հոգի-մարմին մի՜ կեղտոտիր, Մեծ ու փոք հանցանք չկա, Փոքրն էլ քեզ գետնով կտա: Արևը կանցնի, գիշեր կգա, Չարսու շուկան տեղի կտա, Պարզ է միտքը այս առածի, Ով էլ լինի՝ այս կիմանա: Բաց աչքերդ, ճամփադ ծանիր, Աջն ու ձախը լավ որոշիր, Եվ ջերմագին աղոթքիդ մեջ Դու Պաղտասար ծառան հիշիր:
-
ՏԱՂ ՈՒՐԱԽՈՒԹԵԱՆ Գարուն, գարուն հասեալ էհաս, Ե՜կ, սիրելի, ուրախացիր, Ընդէ՞ր սըգով տրտմիս, հոգաս, Ե՜կ, սիրելի, ուրախացիր: Տե՜ս, թէ զիա՜րդ վառեալ վառին Ծաղկունքն ի գոյնս և շողշողին, Այգիքն ամէն բերկրաբուրին, Ե՜կ, սիրելի, ուրախացիր: Կըճկըճաձայն ջուրքն ընթանան, Վէտ-վէտ գոլով ծիծաղական, Լերինք, բըլուրք ուրախանան, Ե՜կ, սիրելի, ուրախացիր: Պիւլպիւլն ի սէր վարդին վառի, Սիրով նորին սիրահարի, Արի՜, արի՜, մօտ մեզ արի, Ե՜կ, սիրելի, ուրախացիր:
-
* * * Արևս առնեմ, երթամ, ի'մ սիրուն, ի յերկիր օտար, աւա՜ղ, Շրջիմ ի լեռնէ լեռ, նազելի, լալով անդադար. Ժամ ի չտեսնելս ըզքեզ, ի'մ սիրուն, է' ինձ օր հազար, աւա՜ղ. Իմ նազելի սիրուն սիրասուն, մի' մոռանար զիս, Իմ աչաց լոյս, սրտիս բերկրութիւն, մի թողուր զգերիս: Անձն իմ եղեալ կամաւ, ի'մ սիրուն, քո սիրոյդ գերի, աւա՜ղ, Ի սար ի ձոր անկեալ, նազելի', շրջի, դեգերի, Խնդրելով զքեզ յարակ, ի'մ սիրուն, միշտ տարաբերի աւա՜ղ, Իմ նազելի սիրուն սիրասուն, մի' մոռանար զիս, Իմ աչաց լոյս, սրտիս բերկրութիւն, մի թողուր զգերիս: Անուշահոտ, կարմիր, ի'մ սիրուն, դու վարդ անթառամ, աւա՜ղ, Ես խըղճալի երգնակ, նազելի, սիրով քո ողբամ, Որ առանց քո տեսոյդ, ի'մ սիրուն, ոչ բընաւ խնդամ, աւա՜ղ. Իմ նազելի սիրուն սիրասուն, մի' մոռանար զիս, Իմ աչաց լոյս, սրտիս բերկրութիւն, մի թողուր զգերիս: Աստեղաց լոյս տըւող, ի'մ սիրուն, արեգակն ես դու, աւա՜ղ, Ես փոքրագոյն փոշեկ, նազելի', եմ քո արևուն, Շրջիմ ի մէջ լուսոյդ, ի'մ սիրուն, ի քո կարօտուն, աւա՜ղ. Իմ նազելի սիրուն սիրասուն, մի' մոռանար զիս, Իմ աչաց լոյս, սրտիս բերկրութիւն, մի թողուր զգերիս:
-
* * * Սիրոյդ կապեցայ, Գեղոյդ պատրեցայ, Ով կենցաղ, իմ սուտ բարեկամ, Ունայն վարեցայ: Իզուր խռովեցայ, Սնոտի դատեցայ, Վասն անցաւորիդ եղկելիս, Հալեալ մաշեցայ: Հոգօք ցնորեցայ, Խոտոր գլորեցայ, Ի հրապուրանաց քոց գերիս, Առեալ խմորեցայ: Քանի խաբեցայ 'Ւ ի քեզ յարեցայ, Բաց ի վենասէ՝ ողբալիս Ոչինչ շահեցայ: Արդ զոր խօսեցայ, Ստոյգ բարբառեցայ, Ուրեմն ապա յոյժ յիրաւի Զքէն գանկատեցայ:
-
ԱՌ ՄԱՄՕՆԱՅՆ ՈՒստի՞ ծընար, ո'վ բռնաւոր, Որ քեզ նըման, ո'չ գոյ յերկրի, Որ թէ չըտաս դու ձեռն ումեք, Ո'չ զօրանայ և ո'չ բերկրի: Թէ' թագաւորք և թէ' կայսերք Քո օգնելոյդ են միշտ կարօտ, Իսկ առանց քո` ե'ն յոյժ տըկար, Որպէս արջառ մի անարօտ: Մինչ կորուսիչ ես դու հոգւոց Եւ ծընանիս անհուն չարիս, Բազումք ըզքեզ միջնորդ եդեալ, Յառաջ բերեն բազում բարիս: Այնքան սիրով կապին մարդիկ Քո կապանօքդ և կարկամին, Որ որքան կապ ձգես նոցին, Այլ առաւել կապիլ կամին: Եւ թէ առնուլ ոք կամիցի զԱյլն ըզկապանս յոտից նոցին, Սըրով թըրով պատերազմին, Թէպէտ խոցեն, թէպէտ խոցին: Որք կապանօք քո կարկամին, Այնք և ըզքեզ ամուր կապեն, Ցանել բանտի ներարգելով, Երկաթապատ ամրափակեն: Ամուր պարիսպ և հաստատունք, Սարսին ի քէն և սասանին, Յորժամ ուժով քո զօրացեալ, Չընչին մարդիկ անդ հասանին: Որքան սաստիկ կապես ըզմարդն, Այնքան սաստիկ ուժովանայ Եւ որքան քև ուժովանայ, Այնքան երկիւղն աւելանայ: Երկիւղ քո ուժ բերէ մարդոյն, Որ զօրանայ, զի երկընչի, Թուր և դանակ ի գործ ածեալ, Ընդ թըշնամին կու մարտընչի: Դու, որ բոլոր տիեզերաց Բազում զօրաց եղեր իշխան, Տըկար մի ոք ի մարդկանէ Առնէ ըզքեզ ոտից կոխան:
-
* * * Արի', ի'մ քաղցրիկ աղաւնի, Ոսկի խնծոր զարմանալի, Զքեզ տեսնողին բիւր երանի. Դու բարի եկիր, բարի եկիր։ Դու, որ եկիր, երևցար, Իբրու արև ինձ ծագեցար, Ցընծութիւն ինձ պարգևեցար Դու բարի եկիր, բարի եկիր։ Ուրախութիւն հոգոյ իմոյ Ո'չ գոյ բընաւին առանց քոյ, Ով իմ ազնիւ գերայարգոյ, Դու բարի եկիր, բարի եկիր։ Տրտում էի՝ ուրախացայ, Մեռեալ էի՝ կենդանացայ, Ինձ երանի, որ զքեզ տեսայ. Դու բարի եկիր, բարի եկիր։ Բարի եկիր, իմ սիրելի, Իմ գերազնիւ գերգովելի, Իմ աչաց լոյս, իմ նազելի. Դու բարի եկիր, բարի եկիր։
-
* * * Ի նընջմանէդ արքայական, Զարթի'ր, նազելի իմ, զարթի'ր, Էհաս նըշոյլ արեգական, Զարթի'ր, նազելի իմ, զարթի'ր: Պատկեր սիրուն, տիպ բոլորակ, Լըրացելոյ լուսնոյն քատակ, Ո'չ գըտանի քեզ օրինակ, Զարթի'ր, նազելի իմ, զարթի'ր: Այդ քո տեսիդ, զոր դու ունիս, Արար ծառայ քեզ ըզգերիս, Արևակէզ գուցէ լինիս, Զարթի'ր, նազելի իմ, զարթի'ր: Ղաբին սրտիւ քանի՞ կոծամ, Է՜ վարդ կարմիր և անթառամ, Տե'ս, թէ զիա՞րդ խղճալի կամ, Զարթի'ր, նազելի իմ, զարթի'ր: Տապ և խորշակ ժամանեցին, զԹերթիկ գեղոյդ այրել կամին, Քանզի էանց գիշերն մըթին, Զարթի'ր, նազելի իմ, զարթի'ր: Է՜ աննըման իմ գովելիս, Ի մէջ ականց գեղ քո` մագնիս, Ի ՌԱՀԵԱԿ սոյն թըւականիս, Զարթի'ր, նազելի իմ, զարթի'ր:
-
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐ ԴՊԻՐ 1683 - 1768 Գրիգորյան, Կեսարյան, Կոստանդնուպոլսեցի (1683-1768, Կ. Պոլիս), հայ բանաստեղծ, երաժիշտ, գիտնական, կրթական-լուսավորչական շարժման գործիչ, հրատարակիչ: Սովորել է Կ. Պոլսի մասնավոր վարժարանում: 1741-ին գլխավորել է Գումգափուի մայր դպրատունը: Բաղդասար Դպիրը մեծապես նպաստել է հայ նոր բանաստեղծության զարգացմանը ("Տաղարան փոքրիկ Պաղտասար Դպրի ասացեալ զանազան գունով", 1723): Նրա գիտական ժառանգությունից մեզ են հասել "Պարզաբանութիւն քերականութեան կարճառօտ և դիւրիմաց", "Օրինակք բարևագրաց", "Գիրք քերականութեան", "Համառօտ մեկնութիւն տրամաբանութեան", "Ժամանակագրութիւն" և այլ երկեր: Բաղդասար Դպիրը դասավանդել է հայոց լեզվի քերականություն, երաժշտություն: Կ. Պոլսի դպրոցների համար 1736-60-ին կազմել և հրատարակել է մայրենի լեզվի քերականության դասագրքեր (գրաբար և աշխարհաբար): 1720-60-ին մասնակցել է Կ. Պոլսի գրակ-հրատարակչական աշխատանքներին. կազմել է հայագիտական գրքերի գիտահամեմատական բնագրեր, խմբագրել պատմական, փիլիսոփայական, աստվածաբանական գրքեր: Բաղդասար Դպիրը ստեղծագործական որոշակի վերաբերմունք է ցուցաբերել հայ հին գուսանական ու եկեղեցական, ինչպես և իր ժամանակակից արևելյան ու աշուղական երգարվեստի նկատմամբ: Բաղդասար Դպիրից մեզ հասած "Ի նընջմանէդ արքայական" (1707) տաղում զուգակցվում են հայ նոր աշուղական ու հին եկեղեցական դասական երաժշտության մի քանի գծեր:
-
Arpa jan, sranov kartsumem verch!!! Yete mi ban tesnes vor pakase, xntrem karoghes asel yev yes kportsem teghadrel aystegh, sakayn im kartsiqov aysqanne!!!
-
ԱՅՍ ԻՐԻԿՈՒՆ (Արձակ բանաստեղծություն) Այս իրիկուն, թուրինջ ջրաներկ իրիկուն մը, քաղաքեն դուրս, քառուղիին բերանը, սոսիին տակ նստեր էի. սոսին վաղնջուց ծառ մըն է, ճամբուն վրա, մրգաստաններուն ու դալարուտներուն մեջտեղը, համայնական օրհնանքի մը պես բարձրացած: Գարուները` չարաճճի՜ աղջիկներ` նազանքով, գեղով, հեշտությունով լեփլեցուն` եկան անցան իր առջևեն. ամառները, արգավանդ ամառներն ալ, և հուռթի պտղաբեր աշունները` ամենն ալ տարիներով անցան իր քովեն, իր հոգիե՜ն ալ: Օր մըն ալ, ամպգոլի տոթագին օր մը, բոցագիծ ելեկտրաթև հոսանուտ մը անցավ իր ծոցեն, մինչև հոգիին ալքը կայծա՛կն էր և բունը` քարայրի պես բերանաբաց` երբեմն անցորդներու օճախը կ’ըլլա, և հոն վառող կրակը կայծակին հիշատակն է կարծես, որ մերթ կարթըննա հոն: Սոսիին տակ, ուրեմն` նստեր էի այս իրիկուն: Երկու տարեց կիներ անցան ցանկորմին քովի արահետեն. մեկը կը խոսեր գթոտ շեշտերով իր ձիուն վրա` որ արդեն հյուծավո՜ր` վաղահաս աշնան ցուրտին չէ դիմացեր` մեռե՜ր է. հեյվա՜խ կ’ըսեր մյուսը, հեյվա՜խ... քայլերը մեռան, ձայները փոշիացան, հեռացեր էին, ա՜լ չլսեցի... Հանկարծ կեռասաստանին ծայրեն երեք տղամարդեր երևցան, ճառագայթող դեմքերով. մեկը կը պատմեր իր սիրային անցքերը. կնոջական արևոտ, վարդավետ անուն մըն ալ լսեցի... զիս տեսան, լռեցին անցան. քիչ մը անդին պատմությունը վերսկսած էր, ունկնդիրները կը քրքջային... Քիչ մը վեր առի գլուխս, ճյուղատ սոսիին վրա պարս ելած մեղուներուն պես, բուռ մը տերև կը խժային, բայց կանանչ, կա՛փկանանչ... մինչդեռ դիմացի կեռասիներուն տերևները կարծրեր են ցուրտեն, և աքասիաները կարծես թալուկե բռնված. մեր ծերունի, օրհնաբեր սոսին երիտասարդի ծիծաղներ ունի: Տերևուտքին մեջ շշնկոց մը կա, որ հովինը չէ. վայրկյան մը կը դադրի, հետո հեռու¯ն կըսկսի, խելահեղ թրթռուն ցող մըն է. երկու վայրկյանեն, հանկարծակի, գորշ զույգ մը թռվռալով ցած կ’իջնե սաղարթներու սրահակը բանալով. հևքոտ, արագ, կը բաժնվին կը հեռանան երկու տարփավոր թռչուններ... օդահած տարփանքներու երջանի՜կ թաքստոց` վաղնջական սոսիին հետամնաց երիտասարդությունը... Խճուղիին վրայեն սայլորդ մը, արևակեզ, ժպտագին գեղջուկ մը` երգելով կու գար. երկու սիրուն ճերմակ եզներ, որոճալով, տատանելով, դանդաղելով կը քաշքշեին սայլը քաղքի բարիքներով բեռնավոր: Մտածեցի որ այս սայլորդը տուն կը դառնա հիմակ. հունա, բլուրին ծայրն է տունը. բուխարիկին ծուխը` քմահաճ` կապույտ ծաղիկներ կը ցրցքնե օդին մեջ. օճախը վառած է... ժամ մը ամբողջ պիտի երթա այդ ծուխին, այդ տանիքին, այդ հորիզոնին նայելով, ժպտալով տարփավորի պես, հոր մոր պես, սիրական, կաթոգնած. կաթերը կթվեցան, լճացան հիմակ անոթներուն մեջ. հանին քնացած ըլլալու է. եղինձը եփած պատրաստ է մաղմաղին վրա. պզտիկները կըսպասեն` հայրիկը ի±նչ պիտի բերե քաղաքեն. հազար բարի, որովհետև ածուխը լավ ծախվեցավ. վաղը, կանուխ, նորեն բեռնա տանի քաղաք... սայլը անցեր հեռացեր է շատոնց. սայլապանին երգը կը լսվի դեռ, միօրինակ երկարաձիգ, տարածական երգ մը, արևոտ թախիծներով լի, ճիշդ իր դաշտավայրերուն պես, բայց անույշ, անո՛ւյշ, ու ես... Ուրիշ կառապան մը կը վերադառնա, քաղքեցի. խրոխտ, ամբարձիկ, աննկատ կ’անցնի, մտրակը շաչեցնելով ու շաչեցնելով. ձիերը կ’ըմբոստանան պահ մը` այնքան հոգներ են մինչև իրիկուն. բայց կառապանը քաղքեցի է¯,– կը կատղի, կը փրփրի, հեք կենդանիներուն ամբողջ ազգահամարը ձեռք կ’առնե... փոշիին մեջ կորսվեցավ կառքը. մտրակը կը շաչե տակավին, կը ծիծաղի՜... Հինգ գնչուհիներ, սիրերգելով, կայթելով, կողովներ շալկած` կու գան դաշտերեն, քաղաք կը դառնան, եղերդ ու մոլոշով լեցուն կողովները վար կը դնեն. առտուն արևը չցաթած գացեր էին. ամբողջ օրվան մը հոգնությունը հոգերնին չէ. կու գան կը շարվին ճամբուն եզերքը, ծառերու շուքին տակ, կը խոսին, հայրատ կատակներ կ’ընեն, կը ժպտին, կը ծիծաղին. հետո երգ, մատի ծափիկ, պորտախա¯ղ... սիկառներ կը վառեն ու դարձյալ շաղակրատելով կայթելով կը դառնան տուն... Ես կը մնամ սակայն, սոսիին տակ, անշարժ. այս իրիկնային համերգության մեջ, մեկնող արևին ոսկի գիրը, հեռավոր ծովուն կապույտ տառը, տերևներուն, թռչուններուն թրթռուն վանկը կը հեգեմ, կը հեգե՜մ: Բայց չգտա դեռ անսահման բառը, որ դյութական բալլիքի պես պիտի բանար ինծի այս փակ դուռները` ճամբաներուն վրա, ծառերուն տակ, ամբոխին մեջ, անցորդները` ամենն ալ` աներևութացան. ես տակավին մթնշաղին մեջ կըսպասեմ: Ո՜հ, ըսեք, ըսե՛ք ինծի գունագեղ անսահման բառը` այս իրիկուն...
-
ՄԵԾՄԱՅՐԻԿԸ Ճրագը ձեռքը ննջասենյակեն ներս մտավ ծերունի կինը: Դուրսը գարնային անձրևը կը հոսեր լիատարափ. դուրսը գաղջությունն ու մութը ծովացեր էին: Հերաձակ անձրևը ջուրի վեժքեր կը ցրցքներ ապակիներու վրա, պատերուն վրա, մայթերուն ու տանիքներուն վրա: Ծերուհին լուսակալի վրա դրավ ճրագը ու գնաց պատուհանին հպեց ճակատը. որքա՜ն պետք ուներ այդ զովացքին: Տարափը կը տենդոտեր ու մտրակներու հույլի մը պես կը շաղեր սալարկին սպիտակ քամակին վրա, և հետո չարաճճի ձեռքի մը նման գգվական ծեծիկներ կու տար ապակիներու երեսին: Ծերուհին ընդերկար մնաց այդ դիրքին մեջ, ճակատը ապակիին հեց, նայվածքին նշույլը դուրսի մութին ու գաղջության մեջ տարտամած և կամ` մերթ` կայծակներու քրքում և օձագիծ խաղերեն լուսավառած: Ծերուհին ընդերկար մնաց այդ դիրքին մեջ, հոգին անսահմանելի անդոհով մը պրկված: Անձրևի հոսքերը կը վերսկսեին խաղալ տանիքներուն հետ, բույսերուն ու ծառերուն հետ, մայթին ու մութին հետ: Ու կը վերադառնային ցպրտալ ու արցունքոտիլ ապակիներուն վրա. և երկնային ջուրը իր փափուկ զովությունով կը փայփայեր ծերուհիին ճակատը, կըսթափեցներ զայն իր խոհանքեն: Եվ երկնային ջուրը հմայական ձեռքի մը պես` լուսեղեն տեսլիլ մը կ’առկախեր հանկարծ խավարին մեջ. քաղցր ու դժնդակ պայծառություն, որ կը շրջագծեր մեղրանույշ ու նրբագիծ դեմքը իր թոռնուհիին: Եվ ի±նչ տեսիլ կրնար թելադրել իրեն գիշերային այս մենությունը, եթե ոչ անորը: Ահա՜ տասներկու տարիե ի վեր ցերեկներն իսկ անոր երազովը կը մտաթափառեր... Տեսիլքը` վայրկենական` ժպտեր ու գացեր էր սակայն, դուրսը լեզու ելեր էր դարձյալ ջուրերուն խուժող բարբառը. ու ծերուհին հեղ մըն ալ կը պարուրվեր իր մտահոգությանց անարև ու տրտում մշուշով: Երբեմն կը ցնցվեր թեթևակի. կը բաժնվեր քիչ մը ապակիեն, բայց ճակատին ջերմությունը` հանկարծորեն զգացված` դարձյալ կը մոտեցներ զինքը պատուհանին, ու նայվածքները անգամ մըն ալ կ’ընկղմվեին մութին մեջ... * * * Աշտանակին մոմը սպառելու մոտ էր. սենյակին լույսը հետզհետե կ’անոսրա-նար, քանի մը նշույլներ տակավին կ’ոգևորեին: Հանկարծ սենյակը մթագնեցավ, ծերուհին արթնցավ իր մտածությանց քունեն. որքա¯ն ատեն մնացված կրնար ըլլալ այդպես պատուհանին առջև. ո՜վ գիտե: –Տե՜ր Աստված, զորությանդ մեռնիմ, վաղը պայծառ արև¯ մը... Վաղը սու¯րբ, սու՛րբ օր մը տայիր... Ու բաժանվեցավ պատուհանեն, ու մութին մեջ Լույսին առջև ծնրադրեց, հոգեկան հորձանք մըն էր իր աղոթքը, որ մերթ զգայության ալիք մը կ’ըլլար ու կը տարուբերեր հոգիին մեջ և կամ մերթ բառերու շուշանական փրփուրովը կը ծաղկեր իր շուրթերուն վրա... –Հիսո՜ւս Քրիստոս, զորությա՜նդ մեռնիմ, Սո՜ւրբ Աստվածամայր, բարեխո՜ս եղիր, ամենակարո՜ղ Տեր, դուն գիտես... ուզածս տո՜ւր հոգիս առ, ուզածս տուր հոգիս առ... Աղոթքը լմնցավ, ծուփքը հանդարտեր էր անշուշտ ու հոգին թեթևցեր, այսքան տարիե ի վեր ուրիշ ի±նչ ամոքանք ուներ արդեն այս վշտագնած հոգին: Մութին մեջ խարխափելով լուցկիին տուփը գտավ ծերուհին, լամպարը վառեց ու սեղանին առջև նստավ. դեմքեն կը զգացվեր գոհունակությունը, իր դեմքեն` որ գրեթե կը ճառագայթեր այլևս: Իր դողդոջուն ձեռքերով գզրոց մը բացավ, պահարան մը դուրս հանեց, բացավ, լուսանկար մը մարմարին վրա դրավ, հետո մոտեցուց լամպարին. մեռած աղջկանը պատկե՜րն էր: Կաղամախի նազելի հասակ մը, ճաճանչագեղ դեմք մը, գլխուն վրա հորդառատ պտույտք մը վարսերու` որոնց փափկությունը շոշափելի զգայություն մը կը դառնար գրեթե, աչքերը` թանկագին քար, զույգ մը խոշոր կայլակներ` առույգ ու տխրագին բոցով: Ծերուհին կը նայեր, կը նայեր, կը նայեր, ու տամուկ թարթիչները կը ծիածանվեին լամպարին դեղձան լույսին տակ: Գիշերային աղոթքեն վերջ իր մյուս պաշտամունքը եղած էր այդ լուսանկարը. նորեն ու նորեն կը նայեր անոր, լույսին կը մոտեցներ, կը հեռացներ, զանազան դիրքեր կու տար, քովնտի կը նայեր, շեշտակի կը նայեր, դառնորեն կը ժպտեր, ցավագին կը շարժեր գլուխը, նորանոր վերհիշումներ կ’ունենար անոր կյանքեն, կը վերապրեցնե՜ր զայն ամեն գիշեր: Եվ ամեն գիշեր, ամենմեկ նայելուն, նոր խանդաղատանք մը կըզգար ու կենդանագիրը կը մոտեցներ անդադար աչքերուն ու շուրթերուն, շուրթերուն ու աչքերուն... * * * Այս գիշերվան հափշտակությունը սակայն ամեն օրվանը չէր, պատկերը անշնչացած սիրելիի մը հուշքին լուսագրությունը չէր մինակ այս անգամ: Այս անգամ լուսանկարը բոլորովին կ’անձնանար կարծես, մազերը ոսկի-շագանակագույն շողեր կ’առնեին, աչքերը` մեղույշ, վառվռուն կենդանություններ, արյունը վարդագույն կը մշշանար այտերուն ու ձեռքերուն վրա, շնորհալի ամբողջը կը նորաստեղծվեր: Որովհետև այս գիշեր մանավանդ, պատկերը իր զավակը չէր միայն, այլ և թոռնուհին` Արփինե՜ն, ա՜հ, Արփինե՜ն, որուն անունը մինակ կրցեր էր պահել իր մտքին հեռավոր մեկ խորշին մեջ, իր սրտին մոտավոր մեկ անկյունին ծոցը: Արփինեն, իրեն համար, իր աղջկանը ցո՛լքը մինակ կրնար ըլլալ, նույն վարսերով, նույն շարժուձևով, նու¯յն հոգիով: Աղջկանը մահեն վերջ, թոռնիկին առաջին մանկութենեն ասդին, այլ ևս տեսած չէր զայն, չէ¯ին թողուր որ տեսնե: Արփինեին հայրը, որ կնոջ մահեն վերջ հեռավոր արվարձան մը փոխադրված` անգամ մը ճամբել տված էր մեծմայրիկը, որ իր թոռնիկը ողջագուրել գացեր էր` աղապատանքով լեցուն, ու գլխիկո¯ր ետ դարձեր էր` կարոտով ու կսկիծով զեղուն. այդ օրեն ի վեր ահա տասներկու տարի է, որ զայն վերստին տեսած չէր: Ահա՛ տասներկու տարիե ի վեր գրեթե ամեն շաբաթ սիրտմաշուքով կ’ելլեր գյուղին զառիվերեն, թոռնիկին տան դուռը կը բաղխեր, ու... կը ճամբվե՜ր, չեխով ու լուտանքո՜վ կը ճամբվեր. ամեն անգամ սպառնալիքը խիստ ու վճռական եղավ: Հույսը չկտրեց նորեն, չդադրեցուց իր այցելությունները, իր ուխտագնացությունները. ա՜լ դուռը չէր զարներ. տունին շուրջը կը դեգերեր, իր հույսը դիպվածն էր մինակ, հեռուեն թերևս կարենար տեսնել սիրելի դեմքը, մազերուն մեկ գիսա՜կը գոնե: Տարիներով այսպես պարապ գնաց եկավ մեծմայրիկը. Արփինեն մեծցեր ու դպրոց կ’երթար. անգամ մը ելավ նույն իսկ դպրոց գնաց. §Օրիորդին տերտս հասկցնեմ, հելպեթ կը թողու...¦: Ես Արփինեին մեծմայրիկն եմ ըսավ. շատ իսկ էր հայտարարությունը. ներս չառին զինքը. տնտես ախպարը բաներ մը մրթմրթաց, չըլլար, չի կա՛, ըսավ. վարժուհին վերի պատուհանը նստած` իր ակնոցին տակեն անտարբեր կը դիտեր ծեր կնոջ հուսահատ վերադարձը... Ծերուհին անգամ մըն ալ հուսախաբ կ’ըլլար, որովհետև ամեն ինչ նախագուշակված ու պատվիրված էր արդեն... Բայց սերը հուսահատիլ գիտե±. տարիները անցեր էին, թոռնիկն ալ մեծցած կ’լլար հարկավ, չճանչցվելու աստիճան մեծցած. ծերուհին չէր հուսահատեր սակայն. գեթ հեռուեն անոր դեմքը ընդնշմարե¯ր. հավատքի պես կըզգար թե պիտի ճանչնար զայն: Վերջին անգամ երբ դարձյալ կատարած էր վերելքը, թոռնիկին դրացուհիներեն մեկը հետաքրքրված ներս առեր էր զինքը ու տերտը հասկցե՜ր: Եվ արդեն շատոնց ծերունի կինը ուշադրության առարկա եղեր էր. ո±վ էր այդ սևավոր կինը` որ կանոնավորապես կու գար կը դեգերե այդ կողմերը. իրարու մեջ փսփսացեր, հետաքրքրվեր, հասկցեր էին վերջապես դրացուհիները. Արփինեին մեծմայրի՜կն է եղեր. և անոնցմե մեկուն սիրտը չէր դիմացեր այս անգամ, ներս կանչեր էր մեծմայրիկը, սփոփեր ու Արփինեն տեսնելու ժամադրություն մը խոստացեր էր. օհ, ի՜նչ ուրախություն, վերջապես պիտի տեսներ իր ձագուկը, իր խուզի՜ն. հոգ չէ թե հեռուեն մինակ, դրացի տան պատուհանեն` որուն դիմաց կայնած կ’երևակայեր արդեն իր սիրական սրտահատորը: –Ո՜ւյ, Աստըծու խնտաք հեմեն, հիմա խենթանամ պըտոր... Աստըծո՜ւ խնտաք, Աստըծո՜ւ խնտաք, ըսեր ու մեկներ էր: Ու վաղը ժամադրության օրն էր. լուսանկարը անգամ մըն ալ համբուրեց, լամպարը մարեց ու քնացավ ծերուհին, երջանիկ քնացավ: * * * Առտվան դեմ անձրևները դադրեր էին, անամպ ու միափայլ կապույտին վրա արևը վիժակի մը պես կը նշուլարձակեր. առտվան սյուքը` գարնային ծաղիկներու բուրումով խնկավետ` հեշտագին կը զովանար: Ծերուհին, որ բաց պատուհանին առջև հագված, պատրաստ նստեր էր և արևածագին կըսպսեր անհամբեր` վերջապես գոհունակ ու լայն շունչ մը առավ. ուրեմն ահա պիտի երջանկանա՜ր: Դողով ու նախազգացումով լեցուն` խաչ հանեց ու ճամբա ինկավ. շոգենավե-րուն հեռավոր սույլին հետ կը փութացներ, տենդոտ ու անգիտակից գրեթե: Ղալաթիա հասեր էր. առաջին մտածումը եղավ մոմ մը վառել Ամեափրկիչին. ահա՜ մոտեցեր էր իր սիրական գաղափարին իրականացման, մոմ մը չվառե±ր: Աղոթքը ըրավ, ժամեն դուրս ելավ, շոգենավ կա±ր: Ճիշտ ժամանակին կը հասներ, տոմսակը առավ, ներս նետվեցավ. նույն պահուն վերջին սույլը կ’արձակվեր, ու շոգենավը մեկնած էր արդեն: Առտվան հաճելի արև մը կ’ողողեր խցիկը, ուր ծերուհին նստած էր` մինա՜կ` իր երջանիկ ակնկալության ու խռովքին հետ: Վոսփորը ոսկիով զանակված կապույտ ու երկարաձիգ շալի մը պես կը վետվետեր. նոր կտրված ձմերուկի հեշտավետ բույր մը կ’արտածորեր ծովը. շոգենավը կ’երթար թևաբախ` ծիրկաթինին ձյունաթույր ուրախությունը ձգած իր ետևեն: –Յուսկյուտա՜ր... Առտվան ցանցառ ուղևորներուն մեջ ծերուհին առաջինը եղավ դուրս ցատկող: Վերելքը վայկենական երևցավ իրեն, բան մը չտեսավ ճամբուն վրա, բան մը չլսեց: Առաջին բանը որ զինքը հափշտակութենեն արթնցուց` ձայնը եղավ զանգակին, որուն կոճակին կը հպեր իր դողդոջուն ձեռքը: Ճիշդ ժամանակին հասեր էր. Արփինեն արդեն դիմացի պատուհանեն կը խոսակցեր բարի դրացուհիին աղջկան հետ: Պետք եղավ որ քիչ մը սպասի ծերուհին, շունչ մը առնե, սուրճ մը խմե, հետո ըսին որ կրնա պատուհանին առջև նստիլ ու սպասել,– չուզեցին հանկարծակիի բերել: Բայց իր հոգիեն կը լսեր արդեն թե Արփինեն արդեն հոն էր. կթոտելով ու շնչահատ` ելավ վերի հարկը պատուհանին առջև. արևը լիաշող կը ծավալեր, և անոր շլացքին մեջեն ծերուհին ընդնշմարեց սակայն իր հոգիին երազը. ա՜յնքան ատեն իրականությունը երազ մը մինակ երևցած էր իրեն. ուրեմն Արփինեն էր անիկա, իր սրտահատոր թոռնուհին` Արփինեն... –Ո՜ւյ, արևուդ կշտանամ, լուսերու պես աղջիկ, թպխսի մարն է, պոյըդ, պոսըդ սիրեմ... ֆուլիա մազերդ սիրեմ, հոգիդ սիրեմ, զավա՛կս, ձագու՛կս... պոյդ պոսդ սիրեմ... ֆուլիա մազե՜րդ սիրեմ... լուսերո՜ւ պես աղջիկ, լուսերու՛ պես աղջիկ... Օ՜հ, շա՛տ էր այսքան ուրախություն հեք սրտի մը համար, որ այնքան ծարավ, ծարավ` հանկարծորեն կը լենար և կը զեղուր:
