-
Posts
5,065 -
Joined
-
Last visited
-
Days Won
5
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by Ashot
-
ԳԵՎՈՐԳ ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻՆ (հատված համանուն վեպից) Հայերը Սևանում ու Գեղում արաբների դեմ իրենց տարած հաղթանակի առթիվ ուրախության տոն էին կատարում, իսկ արաբ զորավար Բեշիրը, վիրավոր վագրի պես զայրացած ու կատաղած, գալիս էր դեպի Ոստան։ Նա հավաքել էր իր փախչող զինվորներին, կարգի էր բերել նրանց և գալիս էր Գեղ ամրոցը կործանելու, որտեղ իր առաջին պարտությունն էր կրել հայերից։ Երբ տեղ հասան, Բեշիրը բանբեր ուղարկեց Գեղ և պահանջեց բերդի բանալիները։ Նրան թվում էր, թե Գեղի բնակիչները վախենալով չեն հակառակի իր հրամանին։ Բայց որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ բանբերը ետ դարձավ բացասական պատասխանով։ — Մեր բերդի բանալիները խիստ ծանր են, — ասել էին հայերը բանբերին, — դու միայնակ տանել չես կարող, ասա Բեշիրին, որ ինքը գա բանալիներն ստանալու։ — Նրանք ուրեմն իմ հրամանը ծաղրեցի՞ն, — գոռաց Բեշիրը։ — Այո, տեր, մինչև անգամ հայհոյեցին Ձեզ։ — Լավ, ես փակել կտամ այդ հայհոյող բերանները... Որքա՞ն զորք ունեն այդ հանդուգն հայերը։ — Չգիտեմ, տե՛ր։ Ինձ թույլ չտվեցին բերդը մտնելու, աշտարակի վրայից խոսեցին հետս, — պատասխանեց բանբերը։ Զորքի գլխավորները, վախենալով անհայտ ուժի դեմ հարձակվելուց, խորհուրդ տվին Բեշիրին իջնել Դվին, հանգիստ տալ զորքին և ապա թարմ ուժերով վերադառնալ Գեղ։ — Մինչև այդ մենք միջոց կգտնենք նաև ամրոցում եղած զորքի մասին տեղեկություն ստանալու, — ավելացրին զորավարները։ — Ոչ, ես կրկնակի պարտություն կրելուց հետո Դվին վերադառնալ չեմ կարող, — պատասխանեց զորապետը։ — Ես սովոր եմ հաղթանակով մտնել Դվին և այդպես էլ կմտնեմ։ Կամակոր հագարացուն համոզել անկարելի էր։ Մայիսյան առավոտ էր։ Թանձր ամպերը պատել էին երկինքը։ Այդ եղանակը հաճելի էր Դվինի դաշտում, ուր միջօրեին կիզում էր արևը, իսկ զորքի համար հով էր հարկավոր։ Բեշիրը ուրախացավ. նրան թվում էր, թե բնությունը հաջողություն է խոստանում իրեն՝ ծածկելով ամպերի տակ արևի ճառագայթները։ Այդ պատճառով նա հրամայեց պետերին անմիջապես պատրաստել զորքը և ուղղվել դեպի Գեղ։ Հայերը երկու հաղթանակից արդեն քաջալերված էին։ Իշխանը որոշել էր չփակվել բերդում, այլ հարձակվել թշնամու վրա, հենց որ վերջինս Գեղա լեռան լանջերը կբարձրանա։ Հայ զորքերը անհամբեր սպասում էին հետախույզների ազդանշանին։ Ամեն մեկը նրանցից որոշել էր որևէ սխրագործությամբ աչքի ընկնել։ Այլևս չկար այն երկյուղը, որ հայ զինվորն զգում էր հագարացու հարձակման լուրը լսելիս։ Իշխան Գևորգ Մարզպետունու ձայնը գերբնական ուժ էր ներշնչում նրանց. ամեն մեկը հավատում էր, թե չի կարող հաղթվել այն զորքը, որ Գևորգ իշխանի հետ միասին է կռվում։ Հագարացիք արդեն հասել էին լեռան կեսը և մտնում էին մառախուղի սահմանը։ Հրամանատարներից մեկը հիշեցրեց զորապետին մշուշի վտանգավոր լինելու մասին։ Բայց Բեշիրը աներկյուղ հրամայեց առաջ շարժվել։ Հազիվ զորապետն իր խոսքը վերջացրեց։ Հանկարծ որոտաց հայոց գնդերի աղաղակը։ Ինչպես զայրացած մի հեղեղ, թափվեցին նրանք հագարացիների վրա, կատաղությամբ սկսեցին կոտորել։ Հարձակումն անսպասելի էր։ Թշնամին գլուխը կորցրած՝ պատրաստվում էր փախչելու, բայց Բեշիրի աղաղակը և գնդապետների խրախույսը արգելք եղան դրան։ Առանց տեղն ու դիրքը ճանաչելու և հարձակվողների քանակն իմանալու, հագարացիք ճակատ կազմեցին լանջերի վրա և սկսեցին պաշտպանվել, բայց դիմադրությունը հուսահատական էր։ Նրանք կռվում էին միայն զորավարի ներկայությամբ, բայց հենց նա հեռանում էր մյուս կողմը, սկսում էին քայլ առ քայլ նահանջել դեպի զառիվայրերը։ Իսկ հայերի թափը այնքան ուժեղ, և հարվածներն այնքան դիպուկ էին, որ մի ժամվա ընթացքում լեռնալանջը դիակներով ծածկվեց։ Մարզպետունու զինակիցները՝ Վահրամը, Գոռը և ծերունի Մուշեղը կռվում էին յուրաքանչյուր” մի կետի վրա. նրանց գնդերը փոթորկի նման ավերում էին իրենց շուրջը՝ շարունակ դեպի ցած մղելով դիմադրողներին։ Հզոր դիմադրություն էր ցույց տալիս միայն Բեշիրը մի խումբ արաբացի քաջերով, որոնց կատաղի նժույգները ծառանում, սլանում էին լանջերի այս ու այն կողմ՝ աշխատելով ոտնատակ անել սուսերամերկ կամ նիզակավոր հայ մարտիկներին։ Գևորգ իշխանը, որ հերոսաբար կռվում էր բարձունքի վրա, հանկարծ տեսավ Բեշիրին։ Կարծես մի նոր զայրույթ բռնկվեց իշխանի սրտում, և նա, ճեղքելով կռվողների խիտ շարքերը, գնաց դեպի Բեշիրը։ — Դեպի ո՞ւր, թշվառական, — որոտաց նա ահավոր ձայնով և մոտ հասնելով, նիզակը ուղղեց հագարացու կրծքին։ Նրա նիզակը, սակայն, չթափանցեց պողպատե զրահը, այլ սահելով ցցվեց նժույգի կրծքում։ Ձին թավալվեց, բայց Բեշիրը թռավ դեպի ետ։ Խռնվեցին իսկույն նրա թիկնապահները և շրջապատեցին Մարզպետունուն։ Մի փոքր ևս, և մահը անխուսափելի էր իշխանի համար, որովհետև նրա մի հարվածին պատասխանում էին մի քանի ուրիշները։ Հորը օգնության հասավ որդին՝ Գոռը. նա իր զինակիցների հետ միասին իջավ վերին լանջերից ինչպես արծիվ և ընկավ շրջապատող խմբի վրա։ Հագարացիների այս խումբն էլ երկար չդիմադրեց, նա նահանջեց դեպի ցած՝ որոնելով իր զորապետին։ Բայց Բեշիրը չէր երևում ոչ մի տեղ. նա ձորակի ճանապարհով փախել էր դեպի Դվին, որովհետև իր զորքի պարտությունը տեսնելով՝ շտապել էր գոնե իր կյանքը ազատելու։ Այս հանգամանքը վհատեցրեց վերջին դիմադրողներին, և նրանք սկսեցին փախչել դեպի Դվին։ Մարզպետունին չհետապնդեց փախստականներին, նկատի ունենալով, որ Դվինը մոտ է և այնտեղից կարող են օգնության հասնել փախչողներին։ Նա հավաքեց իր քաջերին, ստուգեց ընկածների թիվը, որոնք միայն մի քանի տասնյակ էին, և աշտանակելով նժույգը, վերադարձավ Գեղ։ Նրան հետևեցին իր զինակիցներն ու զորքը՝ ցնծության աղաղակներով, հաղթական երգ երգելով։
-
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մուրացան (1854 -1908) Մուրացանը (իսկական անունը՝ Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) 19-րդ դարի նշանավոր հայ գրող է, ծնվել է 1854 թ. Ղարաբաղի Շուշի քաղաքում։ Քսանչորս տարեկան հասակում տեղափոխվում է Թիֆլիս և մինչև կյանքի վերջը աշխատում որպես հաշվապահ։ Բայց նրա իսկական կոչումը գիր ու գրականությունն էր։ Նա գրել և հրատարակել է բազմաթիվ պատմվածքներ, վիպակներ, վեպեր։ Գրականական գործունեությունը սկսել է 80-ականներին, և սկզբնական շրջանում ընկել է 19րդ դարի 80- և 90-ականների հայկական բուրժուականության շարժման երկու հիմնական ուղղությունների ազդեցության տակ: Պշտպանում էր բուրժուական լիբերալիզմը (“Մշակ”), տեսնելով հայ ազգի վերածնունդը “ազգային դրամագլխի” զարգացման մեջ: Կոնսերվատիվ-կղերական ուղղությունը, կառչելով անցյալից, վարում էր անհաշտելի պայքար նահապետական արժեքների “մաքրության” պահպանման համար, շեշտելով հատկապես կրոնը և լեզուն, որպես ազգային մշակույթի հիմքեր: Այդ քաղաքական խումբը ձգտում էր ազդել հայկական գյուղացիության վրա, հակադրելով այն “այլասերվող” հայկական բուրժուականությանը: Նրանք չէին ընդունում նոր բուրժուական մշակույթը, դիտարկելով այն որպես լուրջ վնաս ազգին, որի հենարանը գյուղացիությունն է: Այդ հոսքին միացավ նաև Մուրացանը: Գյուղացիությանը նվիրված ստեղծագործություններում Մուրացանը ցուցաբերել է գյուղացիական կյանքի մասին խորը գիտելիքներ: Մուրացանը, ցույց տալով աղքատությունը, նշում է միայն հայ մտավորականության կրթասիրական աշխատանքը որպես պայքարի միջոց: Բնորոշ են նրա “Խորհրդավոր միանձնուհի” ռոմանտիկ վիպակը և “Նոյի ագռավ” ռեալիստական պատմվածքը: Վերջինում Մուրացանը հակադրում է վերացող գյուղացիական ապրելակերպը քաղաքի ապրելակերպին, քննադատում այն մտավորականներին, որոնք գյուղացիական հասարակությունից ելնելով մեջք են թեքում գյուղին: Հաջորդ իր պատմվածքում (“Առաքյալ”, 1902) Մուրացանը ստիպված է լինում ընդունել իր մտածմունքների վերջը: Մուրացանի խոշոր ստեղծագործություններից հարկավոր է նշել “Գևորգ Մարզպետունի” պատմական վեպը (1896) և “Ռուզան” պատմական դրաման (1882): “Գևորգ Մարզպետունի” վեպի նյութը վերցված է 10-րդ դարի իրադարձություններից։ Գևորգ Մարզպետունին, միավորելով հայ իշխաններին, մի շարք հաղթանակներ է տանում արաբների դեմ և օգնում Աշոտ Երկաթ թագավորին Հայաստանն ազատելու արաբական հրոսակներից։
-
ՏՐՏՈՒՆՋՔ է՛, մընաք բարով, աստվա՛ծ և արև, Որ կըպըլպըլաք իմ հոգվույս վերև... Աստղ մ'ալ ես կերթամ հավելուլ երկնից, Աստղերն ի՞նչ են որ, եթե ոչ անբիծ Եվ թըշվառ հոգվոց անեծք ողբագին, Որք թըռին այրել ճակատն երկընքին. Այլ այն աստուծույն՝ շանթերու արմատ՝ Հավելուն զենքերն ու զարդերն հըրատ... Այլ, ո՛հ, ի՛նչ կըսեմ... շանթահարե՛ զիս, Աստվա՛ծ, խոկն հսկա, փշրե հյուլեիս՝ Որ ժպրհի ձըգտիլ, սուզիլ խորն երկնի, Ելնել աստղերու սանդուղքն ահալի... Ողջո՛ւյն քեզ, աստվա՛ծ, դողդոջ էակին, Շողին, փըթիթին, ալվույն ու վանկին, Դու որ ճակատիս վարդն ու բոցն աչերուս Խըլեցիր՝ թըրթռումս շրթանց՝ թռիչն հոգվույս, Ամպ տըվիր աչացս, հևք տըվիր սըրտիս, Ըսիր մահվան դուռն ինձ պիտի ժըպտիս, Անշուշտ ինձ կյանք մը պահած ես ետքի, Կյանք մ'անհուն շողի, բույրի, աղոթքի. Իսկ թե կորնչի պիտի իմ հուսկ շունչ Հոս մառախուղի մեջ համր անշշունջ, Այժմեն թո՛ղ անեծք մ'ըլլամ ու կողըդ խըրիմ, Թո՛ղ հորջորջեմ քեզ. "Աստվա՛ծ ոխերիմ": Փըրփըրի ներսըս դըժոխքի մ'հանգույն... Հառաչ մ'եմ հեծող նոճերու մեջ սև, Թափելու մոտ չոր աշնան մեկ տերև... Ո՛հ, կայծ տըվեք ինձ, կա՛յծ տըվեք, ապրի՛մ... Ի՝նչ, երազե վերջ գըրկել ցուրտ շիրի՛մ... Այս ճակատագիրն ի՛նչ սև է, աստվա՛ծ, Արդյոք դամբանի մրուրո՞վ է գըծված... Ո՛հ, տըվե՛ք հոգվույս կրակի մի կաթիլ, Սիրե՛լ կուզեմ դեռ 'վ ապրիլ ու ապրի՛լ. Երկնքի աստղե՛ր, հոգվույս մեջ ընկե՛ք, Կա՛յծ տըվեք, կյա՛նք՝ ձեր սիրահարին հեք: Գարունն ո՛չ մեկ վարդ ճակտիս դալկահար, Ո՛չ երկնի շողերն ժըպիտ մ'ինձ չե՛ն տար. Գիշերն միշտ դագաղս, աստղերրը ջահեր, Լուսինն հար կուլա, խուզարկե վըհեր. Կըլլան մարդիկ, որ լացող մը չունին, Անոր համար նա դրավ այդ լուսին. Եվ մահամերձն ալ կուզե երկու բան, Նախ կյա՛նքը, վերջը լացողմ'իր վրան: Իզո՛ւր գրեցին աստղերն ինծի ՍԵ՛ր Եվ իզո՛ւր ուսույց բուլբուլն ինձ ՍԻՐԵԼ, Իզո՛ւր թավուտքներ լըռեցին իմ շուրջ, Գաղտնապահ տերևք չառին երբեք շունչ, Որ չը խռովեն երազքըս վսեմ, Թույլ տըվին, որ միշտ ըզնե երազեմ, Եվ ի զո՛ւր ծաղկունք՝ փըթիթներ գարնան՝ Միշտ խնկարկեցին խոկմանցըս խորան... Ո՛հ, նոքա ամենքը զիս ծաղրեր են... ԱՍՏՈՒԾՈ ԾԱՂՐՆ Է ԱՇԽԱՐՀՆ ԱԼ ԱՐԴԵՆ...
-
С НЕЮ Впервые обнял ее, Впервые поцеловал, Когда багровый закат, Клубясь, вдали бушевал. Она ладони мои К груди прижала своей, И я ослеп и оглох, И замер я перед ней. Она меня повела К душистой зелени трав, И угасла заря, В ее очах отблистав. Я лепетал… я дрожал, Просил лобзанья дарить. “Скажи”, - шепнула она. Но я не мог говорить. Покуда очи горят, Покуда сердце стучит, Любовь не ищет речей, Любовь не в слове звучит. И вот угас горизонт, Явились звезды, чисты, Я вновь ее целовал Во имя каждой звезды. А шелест вольной волны Благоуханных волос Моим горячим вискам Прохладу дивную нес. О, та златая пора! О, как тот вечер далек! Его в железной руке Унес безжалостный рок. Но тайна наших сердец Живет в душистой траве, Живет в сиянии звезд И в шелестящей листве. Обет друг друга любить Храним мы свято с тех пор, От страшной клятвы такой Созвездий дрогнул узор. И беспредельность миров К нам обернулась лицом, И нас природа сама Венчала звездным венцом. Перевод А. Щербакова
-
ОЗЕРО Озеро, к чему во сне Цепенеть твоей волне? В твоем зеркале на миг Лик красавицы возник? Иль сиянье синих вод Соблазняет небосвод, Светозарность облаков, Схожих с пеной берегов? Озеро, твоя тоска Так тоске моей близка. Я люблю молчать, как ты, Замирать в плену мечты. Сколько волн рябит в тебе, Столько дум в моей судьбе. Сколько пены там, на воле, Столько в сердце ран и боли. Только если небосвод Звезды в твой подол стрясет, Яркость поверху видна, А душа — огонь до дна. Облака в тебе не мокнут, И цветы увять не могут. Ты звезду не умертвишь, Пока гладь в тебе да тишь. Озеро с челом царицы, В бурю что с тобой творится! В глубине своей мятежной Ты, дрожа, меня удержишь. Отвергали меня миром: “Что в нем есть — лишь тень да лира”. “Хил и бледен”, — молвил тот. А другой сказал: “Помрет”. И никто не пожалеет И не скажет: “Что в нем тлеет? Если кто его поймет, Может, он и не помрет...” И не скажут: “Вскроем сердце, Вынем горе, чтоб всмотреться И прочесть его сполна...” Там пожар — не письмена! Память там... И пепла слой... Озеро, взыграй волной; В твою глубь тоскою канул Разуверившийся глянул.
-
ՄՆԱՍ ԲԱՐՅԱՎ Առտու մը դեռ մթնշաղ՝ Կը ծավալեր շող ու շաղ, Ծաղկանց մեջ քեզ տեսա ես, Կը ժըպտեիր լուսնո պես: Աչերդ սիրո ատրուշան, Մատներդ էին գիրգ շուշան, Այտերդ վարդի նոր թերթեր, Նայվածքեդ ծներ նոր եթեր: Սիրտըս թըռավ ոտքիդ տակ, Սիրեցի քեզ, իմս հրեշտակ... Սիրով եղան ձյուն մազեր, Ըսին՝ կյանքը երազ էր: Մինչդեռ դու չես սիրեր զիս, Մ'իշխեր գոնե տկար սրտիս. ՈՒր որ երթամ դեմքդ ինձ հետ՝ Նայվածքդ չէ այդ... մահո՜ւ նետ: Երբ անտառի խորն նըսեմ Կերթամ լալ՝ լուռ մենաճեմ, Դարձյալ հոն կգտնես զիս, Տերևներեն կը խոսիս: Երբ առվակին եզերքը՝ Նըստիմ սփոփել իմ վերքը՝ Դարձյալ դու կը գտնես զիս, Ալյաց մեջեն կը ժպտիս: Երբ լեռները կը փախչիմ՝ Որ չը տեսնեմ քեզ՝ հանգչիմ, Հողմույն մեջեն կը խոսիս, Թե՝ դու բնավ չես սիրեր զիս: Լուսնի լույսով գիշերը Երբ ցողեն իմ աչերը, Դարձյալ դու կը գտնես զիս, Աստղերուն մեջ կը ժըպտիս: Իսկ գերեզման երբ մտնեմ, Քեզ հոն պիտի չը գտնեմ... Մնաս բարյա՜վ... հայուհիս, Անգո՜ւթ, արցունք մ'ալ չունիս:
-
ՍԻՐԵԼ Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ՝ Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ: Ես ուզեցի լուռ մենանալ, Սիրել փըթիթք՝ խորշեր թավուտ, Սիրել կայծերն երկնի կապույտ, Առտըվան շաղն, իրիկվան բալ, Ճակատագրիս սև գիծ կարդալ, Խոկալ, սուզիլ, ըզմայլիլ սուտ: Ո՜հ, խուրձ մը վարս, եդեմ մը շունչ՝ Շրջազգեստ մը շրշեց իմ շուրջ: Ես ուզեցի լոկ ու մինակ Սըրտակցիլ ջինջ վըտակին հետ, Հիշատակի չունի նա հետ, Սիրտ մ'որո մինչ սուզիմ հատակ, Գտնեմ զիս հոն տժգույն, հստակ, Գաղտնիք մը ունի-այն՝ անթիվ վետ: Եթեր մը տրոփ սրտի լսեցի, Հծծեց. “Կուզե՞ս սիրտ, ե՛կ ինծի”: Ես ուզեցի սիրել զեփյուռ, Որ երկնքեն թռչի բեկբեկ, Նա չը՛ սիրեր խոցել երբեք, Հոգի մ'որո գաղտնիքն է բույր Գիտե շոյել երազներ բյուր, Երկնի բույրն հուշ կածե առ հեք: Ո՜հ, փունջ մը բոց փըսփըսաց ինձ. - “Կուզե՞ս պաշտել հոգի մ'անբիծ”: Ես ուզեցի քընարով մի Լոկ սիրել հոս, հոս դալկահար, Պաշտել, գրկել միայն քընար, Սիրող էակ ճանչել զանի, Ըստ իմ քըմաց լարել աղի, Եվ սրտակգիլ սիրողաբար: Նե մոտեցավ հուշիկ, ըսավ. - “Քնարդ է ցուրտ սիրտ, և սերըդ՝ ցավ”: Թոթվեց թևերն հոգիս մոլար, Ճանչեց ըզնե՝ գեղ ու կըրակ, Սիրտն անապակ, ինչպես վտակ, Անմեղ, ինչպես սյուք դալկահար- Հավատարիմ, ինչպես քնար, Հրաժեշտ տըվավ կյանքի մենակ: Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ՝ Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ:
-
ԻՑԻ՜Վ ԹԵ Ո՜, ի՞նչ ես դու, սե՞ր, երկնի հո՞ւր կամ ժըպի՞տ... Չունի երկին աչացդ կայծերն ու կապույտ, Վարդը չունի քու լանջդ անբիծ, լուսափթիթ... Չունի լուսինն վարդերն շիկնոտ այտերուդ: Գիշերն երկնի կայծից, լուսնույն սիրադեմ, Ցերեկն ալյաց, ծաղկանց ժպտիս... մեկո՜ւն գեթ... Իսկ քեզ համար ես արցունքով կաղոթեմ, Դու չես շնորհեր նայվածք մ'ինձ հուր աչերեդ: Արդյոք էա՞կ մ'ես, թե՞ երկնի զվարթուն. Կը նախանձին փայլիդ վրա վարդ, լուսնակ, Ձայնիկդ ապշած լսելով քաղցր ու թրթռուն` Նոճերու մեջ սգա լըռիկ լուսինյակ: Ծնեի իցի՜վ թ'հևացող հով մ'անուշիկ Եվ գգվելով երազք ճակտիդ այդ անսուգ, Տայի շունչըս շուրթերուդ մեջ ես հուշիկ, Լոկ սրբելով եթե շողար աչքդ արտասուք: Պարտեզդ իցի՜վ թե փթթեի վարդ լացող, Եվ երբ գայիր այգուն շաղին ժպտով պերճ` Գունովս ներկել այտերդ, թափել գոգդ իմ ցող, Վերջին շնչիկս ի գիրկդ առներ ելևէջ: Բղխեի ես ից՜իվ թ'առու մը վըճիտ, Եվ երբ հուշիկ գայիր մոտ իմ եզերքին, Ցոլանար իմ հայելվույն մեջ քու ժըպիտ, Պղտորելով կապույտ ալիքս ցամքեին: Ա՜հ, իցի՜վ թե լինեի ես ճառագայթ, Շողշողայի դեմքիդ վրա վայրիկ մի, Խաբեի քեզ թ' ես ավելի գեղազարդ, 'Վ անուշաբույր մազերուդ մեջ մարեի: Այլ ո'չ, անգո'ւթ, եթե տըվիր մեկուն սեր, Իցի՜վ թ'անոր գերեզմանին քարն լինիմ, Եվ դու թոշնած գաս շնչել շուրջս... արտասվե՜ Քեզ հըպելու համար հարկ լոկ գոլ շիրիմ...
-
ՁՈՆԻՔ Մենակ էր. Վարդ մ'ըզգոն Մատուցի Ներա ձոն։ Շիկնեցավ Նե զըվարթ՝ Կընդուներ Երբ իմ վարդ։ Ներա քով Վարդն ո՛րչափ Էր անշուք, Գունաթափ, Նույնպես ձոնս Համբույրին՝ Զոր տըվավ, Չէր բնավ գին։
-
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԴՈՒՐՅԱՆ ՊԵՏՐՈՍ 1851- 1871 Դուրյան Պետրոս Ամբրահամի - բանաստեղծ, դրամատուրգ: Ծնվել է 20.5(1.6).1851 Կ.Պոլսում, դարբնի ընտանիքում: 1867 - ավարտել է Սկյուտարի ճեմարանը, որտեղ սովորել է ընդմիջումներով, քանի որ ստիպված էր ապրելու միջոցի համար աշխատել (դեղագործի օգնական, գործակատար, դերասան): Դուրյանը գրել է "Տարագիր և Սիպերիա" ողբերգությունը, "Վարդ և Շուշան կամ Հովիվք Մասյաց" մելոդրաման, "Սև հողեր կամ Հետին գիշեր Արարատյան", "Արտաշես աշխարհակալ", "Անկումն Արշակունի հարստության", "Ասպատակությունք պարսկաց ի Հայս կամ Ավերումն Անի մայրաքաղաքին Բագրատունյաց" պատմական ողբերգությունները: ՈՒնի մի շարք ռոմանտիկական դրամաներ: Դուրյանի դրամաները, բացառությամբ "Տարագիր ի Սիպերիայի" (որը նվիրված է Մ. Նալբանդյանին) և "Թատրոն կամ Թշվառների", բեմադրվել են նրա կենդանության օրոք: Դուրյանից մեզ է հասել մի քանի տասնյակ բանաստեղծություններ: "Վիշտ հայուն", "Իղձք առ Հայաստան" հայրենասիրական երգերում նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը՝ փրկության ելքը համարում է լուսավորությունն ու միաբանությունը, կոչ անում դիմել ինքնապաշտպանության ("Նոր սև օրեր"): Դուրյանը հայ նոր քնարերգության առաջին խոշոր սիրերգակն է: Նա վերականգնեց միջնադարյան քնարերգության հետ խզված կապը, հրաժարվեց կլասիցիզմից, բանաստեղծությանը հաղորդեց զգացմունքային խորություն, հոգեբանություն, խոր հետք թողեց հայ քնարերգության վրա: Դուրյանի երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Մահացել է 21.1 (2.2).1872-ին Կ.Պոլսում թոքախտից:
-
ԱՇՈԻՂՆԵՐԸ Աշուղներից ի՞նչ կսպասեք, գիտուններ, Անգրագետ և անուսում մարդիկ են. Նրանց դուք միք ծաղրիլ, մեծ իմաստուններ, Նրանք էլ ջոկ տեսակ գույնի ծաղիկ են: Աշուղի լապտերը բնական վառ է, Նա շատ բան կտեսնի, մտքով պայծառ է, Ինչ ժողովուրդ աշուղ չունի՝ թշվառ է, Աշուղները ցնծության մունետիկ են։ Ուսման ծարավի են, գիտության կարոտ, Շատի համար մութն է ցերեկը, աղոտ, Բարձր, տաղանդավոր գրողներու մոտ Աշուղները աշակերտ են, փոքրիկ են: Զիվան, աշուղները ամենայն տեղ են, Շատերու վերքերուն ու ցավին դեղ են, Ռամիկ դասի մեջ մեկ-մեկ կանթեղ են, Սիրելի են նրա սրտին, մոտիկ են։ 1900
-
ԽՐԱՏ Կյանքդ բարվոքելու աշխատիր, գիտուն, Ինչ ես թռչունի պես միշտ մտնում թակարդ Հարյուր տարի ապրես, թե հարյուր հիսուն, Վերջդ մեռնելն է, ինչ մտքի ես, մարդ: Եկ, մի ննջիր, քանի կյանքիդ գարունն է, Հիշելի մարդ միշտ մտավոր արթունն է, Անմահ հիշատակը բարի անունն է, Աշխատիր գտնելու, ով երիտասարդ։ Ջիվան, բավ է շրջիս մտատանջ, մոլոր, Օվկիանոս ծովից աշխարհն է խոր, Որչափ հարուստ լինես, որչափ փառավոր, Վերջդ պիտի մնաս մերկ և առանց զարդ:
-
ՊԱՂ ԱՂԲՅՈԻՐԻ ՄՈՏ Պաղ աղբյուրի մոտը կանգնած մի աղջիկ, Ձեռքին սափոր լցրած, ջուրն էր անուշիկ, Աչք ու ունքը ղալամով քաշած, գեղեցիկ. Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան, Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։ Պաղ աղբյուրի մոտը, պարտիզում նստած, Ունեին լավ գինի, գառի խորոված. Երգում էին, պարում էին, բոլորած. Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան, Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։ Ման էր գալիս ընկերներով միասին. Կարծես հրեդտակ էր, չէր նա հողածին. Մազերը ոսկեգույն, ճակատը լուսին. Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան, Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։ Ցերեկը անդադար նորան եմ հիշում, Գիշերն էլ երազիս մեջըն եմ տեսնում. Տոչորված ման կուգամ խեղճ, մոլոր, տրտում. Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան, Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։ Ա՜խ, երանի այն ավուր, շատ երանի, Տեսությանը կրկին լինեմ արժանի. Առանց նրան ես չեմ մնար կենդանի. Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան, Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան: 1883
-
ՊԻՏԻ ԳԱ՞ ԱՐԴՅՈՔ Ոչ տեր լիներ և ոչ ծառա աշխարհում, Այսպես երջանիկ օր պիտի գա՞ արդյոք. Բոլոր մարդիկ կանգնած մեկ ճանապարհում Այն սուրբ հոգին հզոր պիտի գա՞ արդյոք։ Բոլոր մարդիկ սիրեն եղբոր պես իրար, Մեծը փոքրին շահե, անկեղծ, հայրաբար, Լեռ, բլուր, դաշտ ու ձոր դառնան հավասար, Հարթող գութան, արոր պիտի գա՞ արդյոք: Ջիվանի, ոչ մի տեղ չըլինի կռիվ, Ուղիղ սրտով պահեն մեկմեկու պատիվ. Աշխարհի մեջ լինի մեկ հոտ, մեկ հովիվ, Փրկիչը միամոր պիտի գա՞ արդյոք:
-
ԿՈԻԳԱՆ ՈԻ ԿԵՐԹԱՆ Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան, Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան. Դառն ցավերը մարդու վերա չեն մնա երկար, Որպես հաճախորդ շարվեշարան կուգան ու կերթան։ Փորձանք, հալածանք և նեղություն ազգերի գլխից Ինչպես ճանապարհի քարավան կուգան ու կերթան, Աշխարհը բուրաստան է հատուկ, մարդիկը ծաղիկ, Ո~րքան մանուշակ, վարդ բալասան կուգան ու կերթան։ Ոչ ուժեղը թող պարծենա, ոչ տկարը տխրի, Փոփոխակի անցքեր զանազան կուգան ու կերթան, Արևը առանց վախենալու ցայտում է լույսը, Ամպերը դեպի աղոթարան կուգան ու կերթան։ Երկիրը ուսյալ զավակին է փայփայում մոր պես, Անկիրթ ցեղերը թափառական կուգան ու կերթան. Աշխարհը հյուրանոց է, Ջիվան, մարդիկը հյուր են, Այսպես է կանոնը բնական, կուգան ու կերթան։ 1892
-
ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ Նվեր ալեքսանդրապոլցի Պ. Հովհաննես Խոջայանցին Անմիտ ճնճղուկը բազեի ճանկից Ուզկում Է որս խլել, խելքի' աշեցեք, Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից, Պատերազմ է մտել, խելքի' աշեցեք։ Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան, Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան. Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման Ուզում է ձու ածել, խելքի' աշեցեք։ Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ, Երիվարը լուծ է քաշում էշի հետ. Երկու տարվա հորթը ցուլ-գոմեշի հետ Բերել կամ են լծել, խելքի՛ աշեցեք: Գայլը վրան ոչխարի մորթի առած, Գառներուն պահապան հսկող է դառած. Աքլորը քարոզչի վերարկու հագած Ամբիոն է ելել, խելքի՛ աշեցեք: Ուղտը մետաքսագործ, եզը նավավար, Գայլը հովիվ դառած կարածե ոչխար. Աղվեսը հավնոցի ղռանն հուշարար, Ի՞նչ հսկող են գտել, խելքի՛ աշեցեք։ Երեխան ձեռն առած փտած, հին լարը, Բռնել կամի դարձող ջաղացի քարը. Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը, Կողքը դեմ Է տվել, խելքի' աշեցեք: Ուրացողը խիղճ չունի ամենևին, Չըզգալով, սպիտա'կ ասում է սևին, Կույրը չտեսնելով լույսը արևին, Աշխատում է ստել, խելքի' աշեցեք: Ավել հոգսը վնաս կուտա յուր անձին, Ուրիշի ցավերը առնելով վզին, Գայլը հոշոտել է մարդացեց մեկին, Խենթը սև Է հագել, խելքի' աշեցեք: Գորտը մեծ պարոնն է տաքուկ ջրհորին, Դուրս ելավ, բաժինն է վիշապի փորին. Իրար հետ սուտ կռվել են ձին ու ջորին, Էշը մեջ է ընկել, խելքի' աշեցեք: Ժլատն աշխատելու է շատ ընդունակ, Յուր հացը ուտելու չունի ախորժակ. Խեղճ անձը զրկելով դիզել է ստակ, Ուրիշն է վայելել, խելքի՛ աշեցեք։ Հանցավոր հարուստը ուրախ խնդալով, Մեղքից ազատվել է մեծ գումար տալով. Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով, Բանտի մեջ է փտել, խելքի՛ աշեցեք: Մարդ կա գերդաստանը պահում է ցամաք, Կերթա, դուրսը կուտե մեղր ու սեր, կարագ, Այլոց համար կանե ձայնով պատարագ, Իրան ժամ չի անիլ, խելքի՛ աշեցեք։ Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար Բնակիչները հայ, մոտ քսան հազար. Իրանք սնունդ չունին ապրելու համար, Հինգ հատ վանք են շինել, խելքի՛ աշեցեք։ Ինչ կենդանի ուզե լինել շանսատակ, Կերթա ու կըմտնի ծանր բեռի տակ. Նապաստակը առյուծի դեմ համարձակ Կռիվ է սկսել, խելքի՛ աշեցեք։ Ցորենը մի անգամ լինելով տկար, Այնպես բույս չեն գտել, որ անեն նշխար. Կորեկ հացը իրան կարծելով հարմար Սեղան է բարձրացել, խելքի' աշեցեք։ Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած, Ասպարեզը համբակներուն են թողած, Ջիվանն էլ կաղ իշով կարավան մտած Բանաստեղծ է դարձել, խելքի՛ աշեցեք։ 1883
-
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՋԻՎԱՆԻ 1846 –1909 Ջիվանի [Լևոնյան Սերոբ Ստեփանի, 1846, գ. Կարծախ (այժմ՝ Ախալքալաքի շրջանում)–20.2(5.3).1909, Թիֆլիս] հայ աշուղ, ժող. երգիչ։ Ծնվել է հողագործի ընտանիքում։ Ութ տարեկանում մնացել է հորեղբոր խնամքին։ Վաղ մանկությունից, համբավավոր աշուղ Ղարա–Ղազարի (Սիայի) մոտ Ջ. յուրացրել է աշուղական երգի հանրահայտ կանոնները, սովորել նվազել քյաման և ջութակ, հորինել է թուրք, ու հայ. երգեր։ 1866-ին Կարծախ է եկել երիտասարդ աշուղ Սազային (Աղաջան)։ Նրա հետ ընկերանալով՝ Ջ. 1867-ի գարնանը մեկնել է Թիֆլիս։ 1868—95-ին ապրել է Ալեքսանդրապոլում, այնուհետև՝ Թիֆլիսում։ Ալեքսանդրապոլում մեծահամբավ աշուղներ Ջամալին, Զահրին, Մալուլր, Ղեյրաթին, Ֆիզային հոգատարությամբ են շրջապատել նրան։ Շուտով Ջ. ընտրվել է “ուստաբաշի” (գլխ. վարպետ)։ Մինչն 1880-ական թթ. նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և “Սոխակ Հայաստանի” երգարանի հատորներում։ 1870—90-ական թթ. հասարակական մտքի և ազգային-ագատագր. շարժման վերելքի տարիներին Ջ-ու սիրային, քնարական երգերին փոխարինելու են գալիս բողոքի և ըմբոստության երգերը։ Նա համոզված էր, որ արևմտահայության ազատագրման հարցը լուծել կարող է միայն Ռուսաստանը (“Մեծ քեռի”, “Ով սիրուն, սիրուն”)։ Նույնիսկ 1905-ի հեղափոխությանը հաջորդած ռեակցիայի տարիներին Ջ. չի հուսահատվել, նա հավատացել է, որ հայ ժողովրդի ազատության արեգակը ծագելու է “հյուսիսից”։ Ջ-ու ստեղծագործությունն իր դարաշրջանի հայ իրականության հայելին է։ Նա ոչ միայն նկատել ու արձանագրել է ժամանակի հոռի հարցերը՝ անարդարությունն ու բռնությունը, այլև բողոքել է դրանց դեմ։ Իշխող անարդարությունը բացատրել է շահագործումով, հարստահարությամբ։ Ջ. խարազանել է աշխատավոր ժողովրդի իրավունքը ոտնահարողներին (Կովկասի փոխարքա իշխան Գոլիցինին անվանել է “Գայլածին”)։ Նրա բոլոր երգերում առկա է դեմոկրատական շունչը, շատ գաղափարներ աշուղն արտահայտել է այլաբանորեն (“Այծյամ”, “Սիրուն հավ”, “Ես մի ծառ եմ ծիրանի”, “Հո տառը”, “Քաջ բազե” ևն)։ Ջ. քարոզել է հետևել լուսավորության ու գիտության, սիրել հայրենիքն ու ընտանիքը, աշխատանքով վաստակել հանապազօրյա հացը, երբեք չհուսահատվել, քանի որ “ձախորդ օրերը կուգան ու կերթան”։ Նրա համար խորթ են ազգ. և կրոն. խտրությունները։ Նա երգել է համերաշխություն, եղբայրություն, երգել է հայրենիքը, ինչպես նաև մաքուր ու անաղարտ սերը, այդ երգերից շատերն այժմ էլ երգվում են (“Պաղ աղբյուրի մոտ”, “Նազելույս ամպ է իջել” ևն)։ Ջ. հրապարակախոս է, փիլիսոփա, բարոյագետ. նրա իմաստուն խրատներն ու խորհուրդները բերնեբերան տարածվել են ժողովրդի մեջ և գործածվում են որպես աֆորիզմներ։ Ջ. XIX դ. ամենամեծ աշուղն է հայ իրականության մեջ. նա աշուղական արվեստը բարձրացրել է մի նոր աստիճանի, ստեղծել իր դպրոցը, որը հայ բանագիտության մեջ իրավամբ կոչվում է ազգ. դպրոց։ Ջ. աշուղական երգը մաքրել է արլ. ճոռոմաբանությունից, օտար բառերից, ստեղծել բանաստեղծական պարզ ու անպաճույճ լեզու։ Մեծապես նպաստել է գրական աշխարհաբարի զարգացմանը։ Մեզ է հասել Ջ-ի շուրջ 800 երգ, որից մոտ 550-ը տպագրված է։ Թուրքերենից փոխադրել է “Աշըղ-Ղարիբի հեքիաթը” (1887), “Քյարամի և Ասլիի հեքիաթը” (1888), “Մելիք-Շահի հեքիաթը” (1898)։ Երգչի ստեղծագործությունը բարձր են գնահատել հայ և ռուս արվեստագետներ, գիտնականներ (Հ. Թումանյան, Մ. Գորկի, Ն. Մառ, Վ. Բրյուսով, Վ. Կիրպոտին և այլք)։ Կ. Դուրգարյան
-
Տորք Անգեղ եւ Հայկանուշ Գեղեցիկ Երգ Առաջին Շատ դարեր առաջ հին Հայաստանում Տորք-Անգեղ անվամբ մի մարդ էր կենում: Տորքը չէր նման հասարակ մարդու, Այլ մի աժդահա եւ շատ ահարկու. Աչքերը կարծես մի մի կապույտ ծով, Ճաճանչավորված արեվի լուսով, Սեւ-սեւ ունքերը մութ ամպի նման Բարդ-բարդ կուտակված աչքերի վրան Քիթը կորընթարթ, իբրեւ մի բլուր, Ատամներն ուրագ, եղունքները թուր. Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան, Մեջքը սարաժայռ, կռները գերան, Մի խոսքով մի դեւ եւ ոչ թէ հսկա, Ոչ ոք տեսած չէր այնպէս աժդահա: Տգեղ էր դեմքը եւ այդքան դաժան, Որ զարհուրոըմ էր, ով նայում էր վրան. Ահռելի էր նա եւ այնքան ուժեղ, Որ հիսուն գոմէշ չունէին մէկտեղ:
-
Արեվ Արև՛, արև՛, դու մեզնից Երբ հեռացար դեպ հարավ, Ձմեռն եկավ և ամեն ինչ Հափշտակեց ու տարավ: Աստված սիրես, էլ մի՛ գնար, Մի՛ թողնիր մեզ քեզ կարոտ, Քեզ կըպատվենք, քեզ կըգովենք Միշտ՝ իրիկուն, առավոտ: Որքան գոհ ենք, որ դու բերիր Գարնան անուշ եղանակ, Ա՜խ, երանի գարուն լինի Տարին բոլոր ժամանակ: Տես թե ինչպե՜ս փթըթել են Ծառ ու ծաղիկ, կանաչ խոտ, Տես թե ինչպես տարածվել է Ամենայն տեղ անուշ հոտ: Քեզ են գովում թռչնիկները Իրանց քաղցր դայլայլով, Հովիվը իր մեղմ սրինգով, Հողատն անուշ հոլովով: Չե՛, արև ջան, էլ չըգնաս, Էլ չըթողնես մեզ կարոտ, Գնա քնի՛ր գիշերները, Առավոտը եկ մեզ մոտ:
-
* * * Եկար բարով, Երթաս բարով. Եկեք, երեխե՛ք, եկեք, Ձեռք ձեռքի տանք, պար բռնենք. Այսօր տարին նորոգվեց, Նոր օր, նոր ժամ մեզ բերեց, Հինն անցավ, Նորն եկավ Բարո՜վ, բարո՜վ, բարո՜վ. Մայրիկն այսօր մեզ տըվեց Մեղր ու չամիչ ու ասաց. - Քաղցր ու անույշ պառավեք, Ալևորիք և տեսնեք Շա՜տ տարի, Շա՜տ բարի, Բարո՜վ, բարո՜վ, բարո՜վ. Շնորհավո՜ր Նո՛ր տարի, Քո գալուստըդ շնորհավոր, Դու մեզ համար այս տարի Բարի եղիր ամեն օր, Մունչ կաս, ՈՒ կերթաս Բարո՜վ, բարո՜վ, բարո՜վ:
-
Ամիսներ եվ չորս եղանակ Մարտը տալիս է ձնծաղիկ, Ապրիլը՝ կապույտ մանուշակ, Մայիսին բացվում է վարդը, Սոխակը երգում անուշակ: Հունիսը մեզ խոտ է տալիս, Իսկ հուլիսը առատ ցորեն, Օգոստոսը տանձ ու խնձոր Եվ ուրիշ շատ հասուն մրգեր: Սեպտեմբերը մեզ տալիս է Խաղողի բոլոր տեսակը. Հոկտեմբերը՝ կարմիր գինի, Նոյեմբերը՝ բողկն ու տակը: Դեկտեմբերին ձյուն է գալիս, Հունվարին 'ածկվում սար ու ձոր, Փետրվարին սկսվում է Փոփոխակի ցուրտ ու տաք օր: Ահա այսպես բոլոր տարին Թավալվում է չորս շրջանում, Այս պատճառով չորս ժամանակ, Չորս եղանակ է մեզ բերում:
-
Սերմնացան Ահա եկան աշնանանյին թուխպ օրեր, Մաղմղում են մանրահատիկ կաթիլներ. Ծառերն իրանց տերևներից մերկացան, Կռունկները շարան-շարան անց կացան: Սևացել է դաշտը անթիվ ցելերով, Բայց մի կողմից դեռ վարում են արորով, Սերմնացանը գոգնոցն առած սերմնացուն, Սերմ ե ձըգում աղաչելով աստծուն. "Ո՜վ տեր աստված, դու՛ իմ ցանքը պահպանես, Առատ անձրև, կարմիր արև չըխնայես. Մեկ բուռն ահա ես տալիս եմ մկներին, Այս մեկ բուռն էլ ագռավներին, ծտերին: Բայց մարախը գոհ չի մնալ մի բռնով, Երկու կտամ, թող կշտանա սրանով. Մեկ բան էլ կա, որ անունը չեմ տալիս, Այն դու գիտես... վերևից ե նա գալիս: Դու սրանցից արտըս պահիր անվնաս, Ես տերտերից չեմ խնայիլ կալամաս. Վանականներ, գործակալներ ինչքան գան, Բոլորեքյանք առատ բաժին կստանան: Կերթամ Մարաս խունկ ու մոմով, մատաղով Միայն արտըս դու պահպանիր ապահով: Էլ ի՞նչ ասեմ, աստված, ինքըդ լավ գիտես, Թե ինչ պարտքի, պատուհասի մեջ եմ ես. Գող-ավազակ մի կողմից են կողոպտում, Պարտատերըս մյուս կողմից է ինձ խեղդում: Դրանց ձեռքից, եթե մի բան է մնում, Այն էլ գայլի կամ ցավի է զոհ դառնում. Մի տուն լիքը երեխեքս մերկ, քաղցած, Տարին առատ, բայց ես չունիմ կորեկ հաց. Հույսըս ահա վոտքիդ տակին փռած է, Քո սուրբ աջը սըրա վըրա տարածե":
-
Առավոտը գյուղում Արեգակը դուրս է եկել Պսպըղալով. Շողքը հերթից ներս է ընկել Շողշողալով. Ծիտը ծառին կըչկըչում է Ծըլվըլալով. Ձորումն առուն քչքչում է Վըշվըշալով. Ծույլ տղայի քունն է տարել Խռըմփալով. Տրեխները շունն է տարել Մըռմըռալով:
-
Աքաղաղ Աքաղաղը կանչում է. - Ծուղրուղու՜, Ղու-ղու-ղու՜. Պառավ նանը զարթնում է, - Տա-տա-տա՜... Պա-պա-պա՜... Աքլա՛ր, ինչու՞ կանչեցիր, Ինչու՞ նանին զարթնեցրիր. Ա՜խ դու-դու՜, Ա՜յ ջու-ջու՜: Ա՜յ նանի, ջան նանի, Մեզ մի վեր կացընի, Թող մի քիչ էլ մնանք, Քնից լավ կշտանանք: Աքլարը շուտ է կանչում, Աքլարը քեզ է խաբում, Աքլա՛ր, ինչու՞ կանչեցիր, Ինչու՞ նանին զարթեցրիր. Ա՜խ դու-դու՜, Ա՜յ ջու-ջու՜:
-
Ծիտը եվ բազեն Ծիտը ծառին ծլվըլում է. - Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ. Բազեն գլխին պտըտվում է. - Վու՜յ, վու՜յ, վու՜յ... Ծիտը լռեց, ծիտը վախեց. - Վա՜ջ, վա՜ջ, վա՜ջ... Բազե, թը՜ռռ, բազե թը՜ռռ. - Հա՜ջ, հա՜ջ, հա՜յ... Բազեն թռավ, Բազեն փախավ, Ի՜նչ լավ էլավ. - Հե՛ - հե՛ - հե՛... Ծիտի՛կ միտիկ, պի՛ծիկ միծիկ, Պըտպըտուրի՛կ, չըլպըտուրիկ, Դու լա՛վ պրծար չար բազեի Սուր ճանկերից, հա՜ - հա՜ - հա՜...
