Jump to content

Ashot

Members
  • Posts

    5,065
  • Joined

  • Last visited

  • Days Won

    5

Everything posted by Ashot

  1. ԿՅԱՆՔԸ ԻՆՉՊԵՍ ՈՐ Է ՃԻՏԻՆ ՊԱՐՏՔԸ Ա Սեւ կաշիե մեծկակ պայուսակ մըն էր զոր առտու իրիկուն իր ձեռքը բռնած կ'երթար փողոցներեն: Իր կյանքին անբաժան ընկերն էր այս տոկուն կաշիե պարկը, որով ամեն իրիկուն իր տան պիտույքը, հացն ու միսը կտաներ, կամ պտուղը իր երկու փոքր զավակներուն, որոնք դրան առջեւեն կբոլորվեին խոստումնալից ու խոստումնապահ այս պայուսակին շուրջը: Այս մարդուն բոլոր հոգնաջան վաստակը ու քրտնաթոր գործունեությունը անոր մեջն էր, դանայան տակառ զոր կլեցներ շարունակ երեսուն տարիներե ի վեր առանց հաջողելու: Իր կյանքի պայքարը հոն էր ամբողջ, ապրուստի խնդիր, որուն արհավիրքովը լեցուն էր միշտ այդ կաշիե պահարանը, իր մշտնջենական պարապությամբը. իր ուրախությունները ու ցավերն ալ հոն էին, իր հիշատակներն ալ: Աղեկ օրեր ու գեշ օրեր ուներ այդ տոպրակը. տիրոջը պես ճակատագիր մը հարափոփոխ, եւ անոր պես հոգի մըն ալ ուներ կարծես: Ո՞վ էր տերը այս երկուքին մեջ. երեսուն տարի վերջը, երբ ձախորդությունը իր երկաթի շրջապտույտ օղակով զինքը կպաշարեր, այս մարդը կհասկնար, որ այդ անզգա տոպրակը իր տերը եղած էր միշտ:
  2. Ե Այս հին դեպքը պատմելուս, անցյալները՝ բարձրաստիճան եկեղեցական մը, աստվածաբան ու կենցաղագետ մարդ, մանրամասն հասկցուց ինծի կրոնական պատճառները այս զլացումին: Հրապուրված աղջկան ու պոռնիկին զանազանությունը ըրավ. սա պարագային մեջ եկեղեցին ասանկ կտնօրինե, ըսավ ինծի, սա մյուս պարագային մեջ ալ անանկ: Բացատրություններ տվավ՝ որոնք նուրբ թվացին ինծի. վկայություններ բերավ որոնց դեմ ըսելիք մը չգտա: Իր փաստերը՝ բարբարոս ու վավերական՝ չհամոզեցին զիս: Ու միշտ աչքիս առջեւն է մահիճը լայն ու խորունկ, որ սենյակին կեսը կգրավեր, լայն ու խորունկ,որուն մեջ՝ կարմիր վարդ մը կուրծքին՝ այն աղվոր կինը կքնանար:
  3. Դ Բազմություն մը աղտոտ ու ստորին մարդոց կխռնվեր դրանը առջեւ գողեր, մարդասպաններ կային անոնց մեջ. ամենքը կհրմշտեին իրար, առաջ անցնելու ջանքով մը, կլեցվեին իրարու վրա՝ հետաքրքիր: Հետո ոստիկաններ եկան թուղթ ու կաղամար ձեռքներին, կատարված ոճիրը արձանագրելու համար: Քովիններուս հարցուցի այս հավաքումին պատճառը: -Աղջիկ մը զարկին սա տանը մեջ, - ըսին ինծի: Նախազգացումս որ բնավ չի խաբեր, զիս դող հանեց, միջոց մը գտա ճեղքելու այս մարդերե ձեւացած պատնեշը: Վեր վազեցի իսկույն, մեր չորրորդ հարկի պզտիկ խուցը. տնեցիները հոն հավաքվեր էին. բժիշկ մը վերջին պահուն եկած, անկողնին վրա ծռած էր: Հոդ, այդ անկողնին վրա տարածված տեսա զինքը վերջին անգամ: Իր սովորության հակառակ ամբողջ ճերմակներ հագած էր, ձյուաթույր ու շլացուցիչ. ու միայն լանջքին վրա ձախ կողմը շապիկը կարմրած էր պզտիկ բոլորակով մը, այդ անբծության վրա բացված վարդի մը պես: Զիս տեսնելուն ժպիտ մը դժվարավ գծագրվեցավ իր դեմքին վրա: Բժիշկը անհույս վճռեց անոր վիճակը: Ինքը հաղորդություն առնելու փափագ հայտնեց ու մեկ երկու հոգի իսկույն եկեղեցի վազեցին, բայց տերտերը մերժեց գալ: Հետո մահը վրա հասավ. դանդաղ, հանդիսավոր ու մռայլ բանը, վերարկուն՝ ուր նախախնամությունը հոգածու ձեռքով փաթթեց բոլորեց այս աղջիկը, որուն՝ մարդոց ճղճիմ հաշիվները ու սխալ դատաստանը ամեն սփոփանք զլացեր էին աստուծո անունով: Իր պզտիկ քրոջմեն ու եղբորմեն զատ ոչ ոք անոր անունը տվավ մեյ մըն ալ:
  4. Գ Այն օրը այսքան եղավ մեր բոլոր ճանչվորությունը. իմ թախանձանքներս ասկե ավելի գոհացում չստացան: -Ինչպես կրնա ըլլալ, ավագ շաբաթով,- կ'ըսեր զարմացած,- դուն քրիստոնյա չե՞ս: Իրոք ավագ շաբաթվան մե՞ջն էինք: Պահք կբռներ անիկա ու վերջին օրն ալ ծոմ պիտի պահեր: Իր ջերմեռանդ ու մեղավոր աղջկան համոզումներուն տարօրինակ գիրկընդխառնումը կպարզեր ինծի: -Ո՞ր օր սրբություն պիտի առնես,- հարցուց հանկարծ: -Չեմ գիտեր աղեկ մը, - պատասխանեցի.- դո՞ւն ո՞ր օր պիտի առնես: Երեսս նայեցավ ապշած՝ կարծես ասանկ անհարկի հարցում մը ուղղելուս համար: -Հիչ մեզի հաղորդություն կուտա՞ն: -Ինչո՞ւ չտան: Քահանայի մը չափ գիտեր անիկա բոլոր կարգը կանոնը ասանկ բաներուն, ու քահանայե մը ավելի խստապահանջ էր ինքզինքին համար: -Չեմ կրնար հաղորդություն առնել, քանի որ վերջը դարձյալ մեղք պիտի գործեմ, - կբացատրեր ինծի: - Ինչո՞վ պիտի ապրիմ ես. քույրս, եղբայրս, ծեր յայաս պիտի ապրեցնեմ. զղջումս սուտ զղջում մը պիտի ըլլլա: Այս պզտիկ սենյակին մեջ՝ արտասանված այս լուրջ խոսքերը ինծի մտածել կու տան: Ամեն անոնց, կ'ըսեմ ինքնիրնես, որոնք իրենց ապրուստի բերմուքովը մեղք մը գործելու, սուտ մը խոսելու հարկին մեջ են, եթե եկեղեցին իր հաղորդությունը զլանար, ի՞նչ պիտի ըլլար ասոր վերջը, ո՞ր վաճառականը, ո՞ր խանութպանը, ո՞ր օրագրողը ու ո՞ր փաստաբանը, նույնիսկ ո՞ր եկեղեցականը հաղորդություն առնելու իրավունքը պիտի վայելեր. չէ՞ մի որ հետեւյալ օրը իրնց առօրյա կյանքին պիտի վերադառնան անոնք: Ոչ ոք սակայն մտքեն անցուցած է եկեղեցվո սուրբ խորհուրդներեն այս մարդիկը զրկել: Աղջիկը կգրկեր, կհմբուրեր զիս անընդհատ: -Քանի՞ տարու ես դուն,- կհարցնե ինծի: -Քսան տարու: Անձնատուր իր գգվանքներուն՝ մտքովս կշարունակեմ առարկություններուս երկար շարքը: Եկեղեցին՝ իր արդի ձեւին տակ իր զանազանություններուն ակներեւ անիրավությամբը, մարդկային քան թե երկնային հաստատություն մըն է. մարդոց բոլոր թյուր վճիռները հոն ալ կտիրապետեն ինչպես այլուր: Աղջիկը վերջին համբյուր մը կու տա: -Ես ժամ պիտի երթամ,- կ'ըսե ինծի. - զատկեն վերջը եկուր, բարեկամ ենք, չէ՞: Գալուդ պես հոս զիս հարցուր: Ու պչրանքով մը, որ մեջերնիս հաստատված համակրության օծումն էր, կպահանջե. -Ուրիշի հետ չպիտի տեսնվիս, խոսք տո՛ւր: Խոսք կու տամ, քսան տարու երիտասարդի խոսքս: Անկե վերջը տարիի մը չափ սիրեցինք իրար: Անուս, ռամիկ, բայց սրտի տեր աղջիկ մըն էր. իր սիրողներուն թիվը չկար. ամեն ազգե, ամեն տարիքե ու դասակարգե մարդիկ մոլորած՝ կու գային հոս. ալեւորածները, ինչպես հազիվ պեխերը բուսած տղաքը, կու գային ամենքը իր սիրովը հափշտակված: Բայց մանավանդ ստորին դասե մարդոց մեջ իր անունը, իր գեղեցկությունը նախճիրներ կգործեր: Պատճառը այն էր գուցե, որ այս տարօրինակ աղջիկը ուղղամտություն մը ուներ իր վաճառիկ սիրույն մեջ ալ: Իմ դեմս, երբոր քիչ մը ավելի մտերմացանք, իր տգիտությանը վրա կ'ամչնար, բայց երբե՛ք իր վիճակին համար: Անհուն խնամքով ու գորովով մը իր պզտիկ քրոջ ու եղբորը վրա կշարունակեր հսկել հեռվեն, ծախելով շարունակ իր մարմնին ճոխություները, առանց զոհողություն մը ըրած ըլլալու գաղափարը մտքեն մազի չափ անցընելու:
  5. Բ Չորրորդ հարկի խցիկին կեսը կգրավեր իր անկողինը, լայն, խորունկ ու ընդարձակ, որ իր սավաններուն երկբայելի ճերմակությամբը՝ մտածելու կու տար հոն առաջնորդվողը: Այդ անկողնին վրա նետած նայվածքես գուշակելով իմ վարանքս՝ կհամոզեր զիս, վեր առնելով, մեկիկ-մեկիկ ցուցնելով վերմակը, բարձին երեսը դեռ նոր լվացած, կ'ըսեր ինծի, լեզու թափելով ապրանքը քշել ուզող վաճառականի մը պես: Ու բռնի նստեցնելով զիս անկյունին պզտիկ սետիրին վրա, խնդալով տղու մը պես, գրկելով գլուխս, կ'ավելցներ. -Պագնեմ քեզի անգամ մը: Նախահարձակը ինքը կ'ըլլար, պզտիկ ձգելով իմ պատանի մարդուս հավակնություններս: Վարժ աղջիկ մըն էր, որ իմ անփորձ տղու վեհերոտությունս փարատել կջանար իր գգվանքներուն համոզիչ ու շքեղ փաստերը մեջտեղ նետելով: Իր մարմնին բուրումը՝ չեմ գիտեր ինչ լլկող ու անուշ հոտ մը՝ մատուցումը կշեշտեր: Այս տանը մեջ, կ'ըսեր ինծի, ամենեն պզտիկը ես եմ. զատկին տասնյոթս պիտի լմնցնեմ: Ճիշտ քովս նստած էր, կատվի մը պես պզտիկնալով, գրեթե սեղմվելով կուրծքիս վրա: Հինգ վայրկյանի մեջ արդեն մտերմացած հետս՝ կհարձափորձեր զիս. ով ըլլալս հասկնալ կուզեր: Եվ առանց սպասելու որ իմ պատմությունս ընեմ՝ ինքը իրեն կզրուցեր ինծի, հինգ բառով պատմվելիք սովորական ու խավարային պատմությունը իրենպեսներուն: -Երկու տարի առաջ մայրիկս մեռավ,- այս “իկս”-ին մեջ անհուն գորովանք մը ու թախիծ մը կա. հայրս չեմ ճանչնար. ինե երկու տարու պզտիկ քույր մը ու ավելի պզտիկ եղբայր մը ունիմ. ասոնք են իմ բոլոր ազգականներս. քույրս ու եղբայրս դպրոց դրած եմ, ամենքը ես կպահեմ: Այս վերջին բառին մեջ իր ընտանիքի տեր ու գլուխ եղող անձի պատասխանատվությունով լեցուն հպարտության շեշտը կդնե: Ասկե դուրս իր քրոջը խոսքը հոս՝ ամոթով լեցուն այս մթնոլորտին մեջ՝ թող չիտար որ ըլլըվի. խստաբարո ու աչալուրջ մոր մը ձեւը կ'առնե դեմս. կծիծաղիմ քիչ մը վրան, բայց կտեսնեմ որ իսկույն կխոժոռի իր աղվոր ճակատը: Հետո վախնալով որ զիս չսրդողցնե: -Գոցենք այս խոսքերը,- կ'ըսե ինծի: Իր շրթունքը նորեն կփակչին իմիններուս եւ իր մարմնին բոլոր բեռը վրաս կծանրանա պահ մը:
  6. ԽՂՃՄՏԱՆՔԻ ՁԱՅՆԵՐ ՄԱԳԹԱՂԻՆԵ Ա Զարհուրելի կերպով շպարված ըլլալուն հակառակ՝ իր տասնյոթը տարու աղջկան շնորհը տակավին երեսին վրա էր: Իր ծարուրած աչքերը մռայլ ցոլացումով մը կփայլեին, այնպես որ ակնարկը զքեզ շոշափելուն՝ թավիշի կակուղ հպումին տպավորությունը կձգեր մարմնիդ վրա: Մազերը առատ ու շքեղ, դեղինի ներկված,ո՛վ գիտե՝ ատեն չունենալուն կամ ուրիշ պատճառով մը՝ հարդարված չէին: Արձակված թափված այսպես ուսին վրա՝ կարծես անոնց ծանրությամբ էր որ գլուխը դեպի ետ կծռեր քիչ մը: Հոռի ճաշակով պոռչտող բան մըն էր արդուզարդը. կապույտ դիպակե փեշ մը, կարմիր մետաքսե վերիդիով մը ամբողջացած. ծանրագին կերպասներու սեր որ իր զրկված արարածի վրիժառությունն էր տիկիններու դեմ: Պարարտ ու շնորհալի կազմը այս կնոջ՝ անպատկառ կերպով հոլանի կուրծքեն, շարունակ վար սահող սեւ գուլպաները շտկելու, տեղը բերելու համար ըրած հարատեւ ջանքեն կհայտնվեր: Ինքն ալ ցանկահարույց կեցվածքի մը հրապույրները կ'ավելցներ անոր վրա, գիտակից ու ջանադիր լրբությամբ մը:
  7. Ե Վրայեն չորս տարի անցեր էր, երբ այս պատմությունը իմացա ես բարեկամի տունի մը մեջ, ուր Տիգրանուհին կ'աշխատեր իբրեւ սպասուհի: Միշտ աղվորիկ կին մըն էր, թեեւ տարիքին հակասող ծանրություն մը կար դեմքին վրա:Հղության վերջին ամիսները, տղաբեքրը Հաճի Տյուրիկին տանը մեջ եղեր անցեր էր, կայտառ, խնդումերես մանչ մը ձգելով իրեն, այն պահուն, ուր անդին գեղին մեջ էրիկը թոքատապե կմեռներ: Մեծ ցավ մը չէր զգացեր Տիգրանուհին այս չճանչցած էրկանը մահեն. բայց նորեն թիկունք մը պակսած էր իրմեն այս մահով, որչափ ալ ենթադրական բան մը ըլլար ատիկա: Ու ավելի մեծ սիրով մը փարած էր այս զավկին, որ հայր չունենալուն համար կրկնապես իրենն էր: Ինքը աշխատանքի ստիպված ըլլալուն, իր զավակը օտար կնոջ մը հանձնելու հարկադրված էր, եւ օրին մեկը անոր ալ հիվանդանալուն լուրը բերին: Վազեց գնաց, բայց մանկիկին վերջին ժամուն միայն հասավ. բժիշկ, դեղ օգուտ չըրին, ոչ ալ ս. մասունքը զոր Ամենափրկիչեն բերել տվավ. թռչունի մը պես առանց տրտունջի հոգին ավանդեց անիկա իր գրկին մեջ: Տիգրանուհին մարդ մարդասանք չուներ. Հաճի Տյուրիկն ալ գեղն էր այդ միջոցին. ինքն իր գլխուն պարտավորվեցավ մեռելաթաղի բոլոր չնչին ու ահավոր պատրաստությունները տեսնել: Ինքը հագվեցուց, սազեց մանկիկը, ինչպես վերջեն կպատներ լալով: Հետո եկեղեցի գնաց փափագ հայտնելով, որ կարելի եղածին չափ շքեղ ըլլա հուղարկավորությունը: -Մեղք ես, կնի՛կ, ստակ չունիս,- ըսին ժամեն: Անիկա համառեցավ, ուզածնին վճարեց, շատ մը մոմեր վառել տվավ, պնդեց, որ երկու քահանա գտնվի արարողությանը. մանավանդ չուզեց, որ ճաղի մեջ դնեն իր զավակը, վախնալով, որ հողին մեջ չմսի անիկա. սնտուկ ապսպրեց, համոզված ըլլալով, որ անոր մեջ պիտի պատսպարվի պզտիկը: Օր մը շարունակ ասոնցմով զբաղեցավ, ամեն բան իր ձեռքովը կարգի դրավ. ժամին մեջ ինքը մինակ էր եւ մինչեւ գերեզմանատուն, գլուխը բաց, ինքը մինակ հետեւեցավ դագաղին: Հո՛ն, իր աչքին տակ, տեղավորել տվավ զայն հողին մեջ ու ետ դարձավ իր ծառայած տունը, երկու օր բացակա մնալե ետքը: Աչքերը ուռած էին լալեն, բայց գանգատի բառ մը չելավ բերնեն. գլուխը կախած, առաջվան պես աշխատանքի տվավ ինքզինքը: Անկե վերջ իր բոլոր մտմտուքը, իր բոլոր առաջադրությունները այս պզտիկ հողակույտին հատկացան: Ամսականեն ժողված առջի ստակովը՝ գերեզմանատան մեջ պզտիկ հող մը գնեց: - Երկու հոգիանոց հող մը, - ըսավ ցած ձայնով մը թաղականներուն: Ստակը վճարեց եւ թուղթը ձեռքը բռնած իսկույն գերեզմանատուն վազեց, զավկին մարմինը հոն փոխադրել տալու համար: Քիչ ատեն վերջը, պզտիկ պատով մը շրջափակել տվավ այդ պզտիկ հողը. վերջն ալ քար մը դնել տվավ անոր վրա: Բոլոր վաստակածը հոդ կծախսեր. ամեն ատեն նոր բան մը ուներ շինելիք, ավելցնելիք, գեղեցկացնելիք այդ տեղին մեջ: Ու մեռելոցին օրերը, քանի հատ որ օր կա տարվույն մեջ, մեծ ու պզտիկ, ցնծության օրեր էին իրեն համար: Առտուն կանուխ կ'ելլեր, իր այրի կնոջ արդուզարդը կ'ըներ, լուրջ ու հանդիսավոր արդուզարդ մը, ու ճամփա կ'իյնար դեպի գերեզմանատունը. պզտիկ տապանին քով չոքած՝ երկար բարակ ու ցած ձայնով կխոսեր իր զավկին հետ, անոր մանուկի բարբառովը: Ամեն հեղուն տերտերին օրհնել կու տար գերեզմանը, հարուստե մը ավելի առատաձեռնությամբ տալով օրհնողչեքը: Դարձին՝ երանություն մը կար անոր դեմքին վրա: - Ու՞ր գացեր էիր, Տիգրանուհի՛, - կհարցնեին տնեցիները, իբրեւ թե չգիտնային անոր ո՛ւր երթալը: -Հանը՛մ, զավկիս գացի, - կպատասխաներ ուրախությամբ:
  8. Դ Երկու տարի տեւեց այս կյանքը. ուզված աղախինն էր անիկա, որ էֆենտիին տղան Փերա, գեղ տեղվանք երթալեն վազ բերած էր: Սուրբիկ հանըմ հարսի մը պես հիմա կհագվեցներ զայն, ու եկողին գացողին անոր գովեստը ընելե չէր դադրեր: Օրին մեկը, սակայն, Տիգրանուհին հիվանդացավ. գլուխը կդառնար, սիրտը կխառնվեր. այս անհանգստությունը շարունակեց քանի մը օր, բայց սպասուհին վախեն բան մը չըսավ, բերանը չբացավ մեկու մը. քիչ մը ատեն անցավ ու ծոցվորության նշանները երթալով շեշտվեցան: Տիգրանուհին շվարած էր, ինչ ըսելիքը, ինչ ընելիքը չէր գիտեր: Մյուս ծառաները կ'սկսեին քիթներուն տակեն խնդալ, կատակներ ընել, չարչարել զինքը: Այդ միջոցին երիտասարդ էֆենտին իր մոտը չէր գար, ու տանը մեջ երեսը չէր նայեր: Հանկարծ օր մըն ալ Սուրբիկ հանըմ զինքը ուշադրությամբ դիտեց, նայվածքով մը, որ կրակե պատմուճանի մը պես սպասուհիին գլխեն մինչեւ ոտքը շրջապատեց: -Մո՛տ եկու, Տիգրանուհի, - ըսավ անոր բիրտ ձայնով մը: Եվ տեսնելով անոր վարանիլը. - Սա՛նկ, ավելի՛ մոտ: Մոտեն՝ հղությունը ակներեւ էր. շատ մը կիներու պես Տիգրանուհին տգեղցեր էր. երեսին մորթը թուլցեր, կախվեր էր, փորը անշնորհ կերպով դուրս կցցվեր ու ամեն սիրտը զարնելուն՝ չափազանց մեծցած կուրծքին հարույցքը աչքի կզարներ իսկույն: Այն ատեն բարկութենեն Սուրբիկ հանըմին խելքը գլխեն գնաց: -Փոստա~լ, - պոռաց անոր երեսն ի վեր, - փոստա~լ, տունս անպատվեցիր, թե՛զ ճեհեննեմ եղի՛ր: Մարիամը վեր վազեց հանըմին ձայնը լսելով: - Հաճի Տյուրիկ կանչեցեք շուտ, սա շունը առնե տանի՛, - կպոռար հանըմը: Երկու ժամ ետքը թելլալը գտան բերին ու բերանը փրփրելով Սուրբիկ հանըմ իր զայրույթը դուրս թափեց: Կեղծավորությունը անանկ բան մըն է, որ երբեմն ու վերջիվերջո անկեղծության հետ կշփոթվի եւ անկե չի տարբերիր , ինչպես որ սուտ խոսողներ կան, որոնք իրենց սուտին կհավտան: Ասանկ ալ Սուրբիկ հանըմին բարկությունը շինծու բան մը չէր, անկեղծ էր. երբեք կարող չէր հիմա մտքեն անցընել, որ իր գիտությամբը, իր կամքովը, իր կարգադրությունովը ամեն բան եղած կատարված էր: Իր բերնին մեջ ամեն վայրկյան հեղհեղվող պատիվ, պարկեշտություն բառերուն վարժությամբը՝ ցավագարի մը պես կպոռար, աղախինը, Հաճի Տյուրիկը ու բոլոր աշխարհը հանցավոր գտնելու կ'ելլեր: -Հիմա՛, հիմա՛, փոստալը թող կորսվի երթա, վայրկյան մը չեմ ուզեր տունիս մեջ: Այս եղավ իր վերջին խոսքը: Թելլալը Տիգրանուհիին սենյակը ելավ, մահվան դողերուն մեջ գտավ զայն. սաստիկ ջերմ եկած էր վրան, երեսները կարմրեր էին, մինչդեռ ակռաները իրարու կզարնվեին: Միջնորդ կինը գթաց անոր. բան մը հարցնելու պետք չուներ. անցած դարձածը գիտեր. միյան հարցում մը . -Քանի՞ ամսում ես, աղջի՛: -Չեմ գիտեր, - մրմնջաց մյուսը: Վար իջավ հանըմին քով, բայց անիկա նորեն սկսեր էր ձայնը բարձրացնել ու ջանքեր կ'ըներ իր զայրույթը ավելցնելու համար. շարունակ կհիշեր ասանկ աղքատ կին մը իբր սպասուհի իր տունը ընդունելով գործած բարիքը եւ ասոր փոխարեն, գտած ապերախտությունը. սա ազգը ասանկ էր միշտ. աղքատները ասանկ խայտառակ արարածներ էին բոլորն ալ. ու նստած տեղեն փեշը վեր կքաշեր, իբրեւ թե այս տիղմին չքսվելու համար: Եվ հանկերգին մը նման միեւնույն նախատական բառը կուգար շուրթերուն վրա, թուքի մը պես. -Փոսստա~~լը, փոստա~~լը, ով գիտե ո՛ր ծառաս գլխե հաներ է: Այն ատեն Հաճին նեղացավ ա՛լ. ձեռքերը մեջքին դրավ ամբարտավան ձեւով մը. -Ինծի նայե՛, հանըմ, շտտակն ըսե՞մ, անիկա կնիկ ծառա մըն է, դուն քու տղուդ խոսք հասկցնելու էիր. հիմի ալ ելլե՛ր ծառայի հետ տեսնվեր է կ'ըսես. ասիկա մեղք է: -Ի~նչ, հիմա ալ տղո՞ւս վրա մուր պիտի քսեք. իմ տղաս ծառայի վրա չի թքներ. բոլոր գեղին աղջիկները, կնիկները իրն են: -Քու բոլոր գեղիդ մեջ ալ Տիգրանուհիին պես աղվոր մը չկա, հանըմ. դուն եկու՛ր իմ խոսքս մտիկ ըրե, իմ գլխես շատ տաք ու պաղ անցած է. բան մըն է, որ եղեր է. ասիկա առնել անցնելու չէ: Բայց մյուսը կհամառեր. չէր ընդուներ, որ իր զավակը տեսնված ըլլա Տիգրանուհիին հետ : Ու վեճը երկարացավ. երկուստեք բիրտ բառերով նախատինքներով լեցված վեճ, որուն մեջ ստորին ու ախտոտ դերը՝ թելլալ կնկան դերը չէր: Սուրբիկ հանըմ ուրիշ բանի չէր բաղձար, բայց միայն գայթակղությունը ավելի չտարածված մեյ մը դուրս նետել Տիգրանուհին: Հաճին խորամանկ էր, զգաց ասիկա եւ ջանաց օգուտ քաղել անկե, սպասուհիին համար քանի մը ղուրուշ ձեռք ձգելով: - Ամեն բան ստակով կ'ըլլա: -Անոր տալուս Հիվանդանոցին կու տամ,- կ'ըսեր Սուրբիկ հանըմը, կրկնելով այն խոսքը, զոր իրենց պարտքը վճարել չուզողները, հայտնի ավազակ մը չհամարելու համար, սովորաբար կգործածեն մեր մեջ: Ան ատեն հաճին բերանը բացավ : -Ինծի նայե, ձեր տղաքներուն էյլենճեին համար տունը աղվոր պեսլեմե ուզողը փարա տալեն քաշվելու չէ, հասկցա՞ր, օղուլ: Հիվանդանոցիդ ստակ տալուդ, տղուդ ծոցվոր ձգած աղքատ աղջիկն տուր. չունիկ չունեւորիկ չեք, փառք աստուծո: Աս աղջիկը տեղ մը չի կրնար աշխատիլ, զավակ պիտի բերե, ապրուստ չունի, գեղը հիվանդ էրկանը ղրկելու ստակ չունի: Սուրբիկ հանըմ պոռաց, հայհոյեց, սակարկեց, եւ վերջիվերջո քսան ոսկի տվավ, բայց այն պայմանով, որ նույն վայրկյանին Հաճին առնե տանի Տիգրանուհին: Ժամը տասներկուքը անցեր էր:Ղազար էֆենտին ու տղան տուն դարձեր էին վերջին շոգենավով եւ, դիմացի սենյակը նստած, առուտուրի վրա կխոսեին. տղան հոր դեմ բարեւ բռնած էր գրեթե, հնազանդ ու առաքինի զավկի պարկեշտության մեջ: Այս ժամուն Քատըգյուղեն Պոլիս գալու շոգենավ չկար: Հաճին պարտավորվեցավ, աղջիկը հետը առած, նավակ մը վարձել Ղալաթիա անցնելու համար: Աշունի իրիկուն մըն էր, ձմեռնամուտի մոտ: Անձրեւ մը կուգար միօրինակ եւ անընդհատ, սեւ քողի մեջ պարփակելով ծովն ու ցամաքը: Նավահանգիստին մեջ շոգենավերը անշարժ հսկաներու պես կեցեր էին իրենց խաչաձեւ կայմերովը, կարծես թե բարեւ բռնած: Ծովեն՝ Ղալաթիան, ու ավելի բարձրը՝ Փերան, իրենց անհամար լույսերը կ'սկսեին մեկիկ մեկիկ վառել: Ու սմքած՝ այս նավակին մեջ, իր փոքրիկ պողչան թեւին տակ, Տիգրանուհին, կամքե ու գիտակցութենե զուրկ, ուշադրությամբ մըտիկ կ'ըներ թիերուն ծովին մեջ մխրճվելու ձայնին, եւ հեռուն մութին մեջ վառվող բիծերը կդիտեր, երբոր առաջին անգամ, իր զավկին խաղալը զգաց որովայնին մեջ: Գյուղին մեջ Ղազար աղային տանը համար գայթակղություն մը չսեպվեցավ ասիկա. թեեւ ճշմարտությունը քիչ շատ իմացվեցավ, բայց ամենքը ըսին, որ Տիգրանուհին ծառաներեն մեկը գլխե հանելուն համար վռնտված էր: Սուրբիկ հանըմին բարեպաշտությանը վրա այս առրթով ավելի շատ խոսվեցավ. անոր տանը բարոյականին համբավը քիչ մըն ալ ավելցավ կարծես: Տղուն աղջիկ տալ ուզող կիները միաբերան գովեցին մայրն ալ, զավակն ալ: - Փոստալին մեկն էր, - կ'ըսեին սպասուհիին համար, - ասանկ տան մը խըյմեթը չգիտցավ: Առուտուրի մեջ Ղազար աղային հետ գործ ուեցողներն ալ նույն կարծիքեն էին: Ղազար աղան, Սուրբիկ հանըմը կմեղքնային, անոնց ի գործ դրած բարիքին դեմ եղած ապերախտության վրա կզարմանային շարունակ: -Աշխարհք է սա,- կկրկնեին գլուխնին երերցնելով:
  9. Գ Սուրբիկ հանըմին աղվոր պեսլեմեն ամենուն բերանն էր գեղին մեջ: Աղաներն ալ, հանըմներն ալ Սուրբիկ հանըմը կշնորհավորեին: Պզտիկ ու անգիտակից պչրանքով կհագնվեր անիկա, իր հանըմին պատվերին համեմատ, ճերմակ մաքուր գոգնոց կապած առջին: Իրիկունները աշխատանքին լմննալուն ետքը, ամենեն վերի հարկը իր փոքրիկ սենյակը կ'երթար, պատուհանին առջեւ կնստեր, շոգենավեն ելլողները դիտելու համար, մինչեւ որ վարեն կանչեին զինքը: Տանը մեջ կ'սկսեր վարժվիլ. իր առած ամսականը ամբողջությամբը գեղ կղրկեր, էրկանը ձեռքը, ու գոհ էր այս կյանքեն: Միայն երբեմն խուլ անհանգստությունը ուներ վտանգի մը զոր չէր տեսներ, ճիշտ ինչպես սենյակի մը մեջ ինքնիրենը մստած մեկը, նույնիսկ աչքը գոց պահուն, կ'զգա ուրիշի մը ներկայությունը, աչքը դեռ չբացած: Այս վտսգը ավելի քան օդի մեջն էր, քան թե շոշափելի բան մը: Չէր գիտեր հաստատ կերպով, թե ի՞նչ էր իրեն սպառնացող բանը, բայց զգույշ կենալու պետքը կ'զգար: Այս Պոլսո մարդիկը, իրենց բոլոր քաղաքավար վարմունքին հակառակ, կնկան նայելու ձեւեր մը ունեին, որ համբուրվելու պես կդիպչեր իր երեսին եւ իր նոր հարսի, գրեթե կույսի ամաչկոտությունը կվիրավորեր ամեն վայրկյան: Միմիայն իր կնոջական բնազդովը կ'զգար լուռ իղձերու հովը, որ իր շուրջը կ'ելլեր, կբարձրանար, երբոր էրիկմարդոց առջեւ գտվեր, անուշ բերած կամ ջուր տված միջոցին: Եվ դեպի դուռ դարձած՝ սենյակեն դուրս ելլելուն, ամեն աչքերը իր վրա էին, իր հաղթ ու գեղեցկաշեն մարմնին վրա, որուն լեցուն գիծերը, իր քալվածքին համեմատ հազիվ թե նշմարելի շարժումով մը կխաղային: Մինչեւ անգամ իր հագուստը ու կապուստը, շինականի եւ սպասուհիի պարզությամբ, եւ թերեւս ատոր համար հրապուրիչ բան մը ուներ: Այս ձգողության՝ Ղազար աղային տղան չդիմացավ երկար ատեն: Մարմնեղ ու տարփասեր երիտասարդ մըն էր, հորը պես իր բոլոր իղձերը թաքուն պահելու սորված ու ատոր համար, ա՛լ ավելի ինքնզինքը զսպելու ամկարող, երբոր դիպվածով մինակ մնար սպասուհիին հետ: Իր ծանր գլուխ տղու համբավին հակառակ, շուտով սկսավ կատակներ ընել Տիգրանուհիին հետ, փորձի ենթարկելով զայն, իբեւ թե անզգուշությամբ, անոր մարմնին կդպեր, ձեռքը բռնել կ'ուզեր: Այն ատեն, Տիգրանուհին հասկցավ անոր միտքը եւ ետ քաշվեցավ, առանց խուճապի, այն վախկոտներուն պես, որոնք ծանր-ծանր քալելով կնահանջեն, շինծու քաջությամբ եւ անփութությամբ մը ծածկելով իրենց նեսդիի դողը, դիմացինին հարձակումը չփութացնելու նպատակով: Անկե վերջը երիտասարդը բացեիբաց իր պահանջումները պարզեց անոր, այնքան ավելի բռնանալով, որքան վեց ամսե ի վեր տեւող մերժումները զինքը ամեն ծայրահեղությանց տանելու սատիճանին հասցուցեր էին: Առտու, իրիկուն, գիշեր, աչքկապուկի կամ պահվըտուքի պես բան մըն էր տանը մեջ. սենյակե սենյակ, անկյունե անկյուն հալածանք մը, որուն մեջ աղախինը, պարտավորված անոր մոտ գալու ամեն անգամ, որ խզմեթ մը ապսպրեր իրեն, ինչ ընելիքը չէր գիտեր: Վերջապես, հուսահատած, օրին մեկը հանըմին գնաց ամեն բան խոստովանելու: Սուրբ ու առաքինի կին էր իր հանըմը, որուն գովեստը կ'ըներ քարոզիչ սրբազանը շատ անգամ եկեղեցվո բեմեն: Ու իրեն պաշտպան մը գտնելու առաջադրությամբ, ցորեկ մը իր հանըմին հետ մինակ մնացած մեկ ատենին, վարանելով, կարմրելով ամեն բան հասկցուց անոր: Սուրբիկ հանըմ զարմացավ, չհավտաց նախ ասանկ բանի մը գոյությանը, թերեւս Տիգրանուհին սխալած էր: Հետո ըսավ, որ իրիկունը իր տղուն հետ պիտի խոսեր, բայց ավելցուց ժպտելով, որ այս բոլոր պատահածին հանցանքը Տիգրանուհիին գեղեցկությանն էր: - Աղեկ սիրտ ունի տղաս, բայց էրիկմարդ է, դուն ալ այնքան աղվոր ես, որ չեմ զարմանար զքեզ սիրելուն: Մարդ քեզի չի կրնալ դիմանալ: Հաճի Տյուրիկ, որուն Տիգրանուհին հայտնած էր իր վիճակը, խնդաց իր վրան: - Օղու՛լ, - ըսավ անոր, - էֆենտիիդ տղան կսիրե կոր քեզի, ա՛լ ի՞նչ կ'ուզես: Տիգրանուհին քիչ մը ատեն ալ պաշտպանեց ինքնզինքը անոր ձեռնարկություներուն դեմ, բայց կամաց-կամաց վարժվեցավ սիրո խոսքեր լսելու անկե: Հանըմը այդ միջոցին շատ-շատ պարգեւ կուտար իրեն. ամսականին մոտ գումար մըն ալ ասանկով կ'առներ: Տգրանուհին կխոստովաներ ինքնիրենը, որ ասիկա միմիայն իր աշխատությանը համար չէր: Հետո բոլոր այս հետապնդումներուն հալածանքներուն մեջ իր արյունն ալ կ'եռար, դող կ'ելլեր ու կսկսեր ինք ալ փոխադարձ հաճույք մը զգալ այդ ամենեն: Փախչիլ կձեւացներ, բայց կձեւացներ միայն ու կժպտեր: Գիշեր մը Տիգրանուհին իր սենյակի մեջ գտավ իր երիտասարդ էֆենտին, պոռալ ուզեց, բայց վախցավ ձայն հանելու, աղաչեց. - Ոտքդ պաքնեմ, էֆենտիս, մեղք եմ: Բայց էֆենտին կորովի էր եւ իր ուժին տակ զսպեց զինքը: -Հանըմս, հանըմս ի՞նչ պիտի ըսե, - կ'ըսեր անիկա դողդղալով: -Խեն~թ, - պատասխանեց երիտասարդը անոր, - մայրս ինծի ըսավ, որ սենյակդ ես ու եկա քեզ գտա. մորմես բնավ մի՛ վախնար: Ետ-ետ երթալով կինը պատին կռնթած էր, ալ զինքը գրկող պողպատե բազուկներուն մեջ անարժ մնացած. հոս՝ դիմադրության ուժը կպակսեր. գլուխը պատին դարձուցած ըլլալով, իր պարանոցին վրա կ'զգար համբույրներու կիզումը, ու Տիգրանուհին, անձնատուր ըլլալու մոտ ու անձնատուր ըլլալե առաջ իր արդարացումը կփնտրեր հիմա, մտածելով, որ ձեռքեն եկածը ըրեր էր ինքզինքը պաշտպանելու համար. ու հանցանքը իրը չէր՝ եթե չէր հաջողեր: Անձնասպաններ կան, որոնք վերջին պահուն զղջալով հանդերձ, չեն կրնար իրենց որոշումեն ետ կենալ եւ տող մը գիրով իրեց մահը կբացատրեն, կ'արդարացնեն. Տիգրանուհիին ըրածն ալ ատ էր:
  10. Բ Հետեւյալ առտուն կանուխ Տիգրանուհին արթնցավ: Պատուհանեն եկող արեւը ճիշտ իր անկողնին վրա կ'իյնար. կսփռվեր, իր հոլանի պարանոցին ու թեւերուն սպիտակության վրա կճառագայթեր, բոլոր սենյակին մեջ ուրախություն մը կբերեր: Երկու օրե ի վեր իր կյանքին մեջ պատահած փոփոխություններուն տակ ընդարմացած կմնար. անկողնին մեջ նստած, մտքովը ատոնց քաղվածքը կ'ըներ: Գեղը, մորաքրոջ մը տանը մեջ ապրած էր ինքզինքը գիտնալե ի վեր մինչեւ ամուսնացած օրը: Մորը հիշատակը իր պզտիկ տարիքին մեջ շատ տարտամ կերպով մը կուգար մտքին առջեւ, ատեն անցնելով գույնը նետած, գիծերը եղծված հին լուսանկարի մը պես: Հայրը բնավ ճանչցած չէր: Այս մորաքրոջ տանը մեջ՝ կես մը աղախնի ու կես մը ազգականի պես կ'ապրեր, ինչպես կ'ըսեր ինքը. իր ապրուստին բեռը զգալի չդարձնելու նպատակով: Ու երջանիկ պիտի ըլլար հոդ ապրելուն եթե մորաքրոջը երկու աղջիկները անտանելի չդարձնեին իր կյանքը: Ի՞րն էր հանցանքը՝ եթե անոնցմե աղվոր էր ինքը: Ապաքեն, այս աղվորությունը իր թշմնամին եղած էր եւ անկեղծությամբ Տիգրանուհին կզղջար իր գեղեցկության համար: Գեղին մեջ շատ մը տղաք իր ետեւեն ինկած էին գիշեր ցորեկ, հասակին շքեղությանը, մինչեւ կռնակը հասնող խարտյաշ մազերուն գովեստը փսփսալով ականջն ի վար: Ասոնց եւ ոչ մեկուն հավտացած էր, բայց այս հետապնդումները՝ հանդարտ ջուրի մը մեջ նետված մանր քարերու պես, իր հանգիստը վրդովեր էին: Մորաքրոջը աղջիկները իր վրա ամեն տեսակ չարախոսություններ տարածելու մեջ առաջիններն էին: Ահա այդ միջոցին էր, որ երիտասարդ բանվոր մը, իր օրական ապրուստը ճարելու հազիվհազ կարող մեկը, զինքը ամուսնության ուզելու ելել էր: Տիգրանուհին տասնութը տարու էր հիմա, ինչ որ գեղ տեղերու մեր աղջիկներուն համար շատ առաջ գացած տարիք մըն է. հետո, իր մորաքրոջ տունեն ելլելու ստուգությունը կար, մորաքույրն ալ զինքը ճամփելու փափագին մեջ, սիրով ընդուներ էր այս առաջարկությունը: Եվ օրին մեկը հարս գացած էր տան մը մեջ, ուր իեծեն զատ անոր ծնողքը կային: Մեծ բան մը չհասկցավ այդ ամուսնութենեն. կարգվելեն ութ օր վերջը օր մը միայն դարձավ կնոջը քով, հետեւյալ օրը նորեն իր լեռը երթալու, աներեւութանալու համար: Հարսը հոս ալ կ'աշխատեր օրն ի բուն ու իր կյանքը, բեւեռային օրերուն պես, երկարատեւ խավարի մը կնմաներ զոր ոչ մեկ լույսի ճառագայթ կուգա վայրկյան մը գեթ լուսավորել, ուրախացնել: Հանկարծ օրին մեկ ալ իր էրիկը տուն բերին ոտքը կոտրած, ամիսներով անգործության դատապարտված. ասիկա լրումը եղավ: Ա~հ, թե որ գոնե զավակ մը բերած ըլլար, հիմա ստնտվության կ'երթար Պոլիս, ստակ կվաստակեր ու տուն մը կրնար դնել, բայց այդ ալ չկար ու ասիկա՝ իր կեսուրը ու կեսրայրը հանցանքի մը պես կզարնեին իր երեսին: Հաճի Տյուրիկ ճիշտ այդ ժամուն հասավ զինքը միասին Պոլիս տանելու համար: Էրիկն ալ, մորաքույրն ալ, որ մոր տեղ կանցներ, հոժարեր էին ասոր. Տիգրանուհին ազատագրության պես բան մը կտեսներ հոդ: Թելլալը՝ անոր ապագա հանըմին փառաբանությունը բերնեն չէր ձգեր: Հարուստ մարդիկ, վերկիլի հանըմ, կաղանդին, ծնունդին, զատկին պախշիշ, կերուխումը առատ, աշխատությունը թեթեւ. սպասուհիի մը, համար ասկե ցանկալի տեղ չէր կրնար ըլլալ: - Աղջի՛, օղո՛ւլ, չգտնված տուն է,- կ'ըսեր Հաճի Տյուրիկ: Ա՛յնքան որ մորաքույրը պահ մը կմտածեր իր աղջիկներեն մեկը ղրկել Տիգրանուհիին տեղը: Վերջապես որոշումը տվեր էին, եւ հետեւյալ առտուն, դեռ չլուսացած, գիշերվան մութին մեջ կառքը երկու կիները Պաղչեճիկեն իջեցուցեր, ծովեզերքը բերեր ձգեր էր, ճիշտ երբ արշալույսը կծագեր: Տիգրանուհին հիմա այս մութեն դեպի լույս ուղեւորությունը, ժամանումը միտքը կբերեր, բարի գուշակ մը կհամարեր իր կյանքին համար: Իսկույն զմայլեր էր Իզմիրի ծովածոցին վրա, որ այգուն սրսկած դեղին ոսկիի ցոլացումին մեջ, անշարժ կտարածվեր, կանուխ արթննալ չուզող ու ծույլ կնկան մը պես: Մինչեւ այդ տարիքը մոտանց չէր տեսեր ծովը ու այս պահուս, գեղին եռաթի խոշոր նավակի մեջ տեղավորված, իր պզտիկ պողչան քովիկը, այդ կապույտ տարածության վրա սահելուն կ'զբոսներ ու անոր վրա պատմված ահավոր պատմություններուն չէր հավտար: Իզմիր հասնելուն՝ հազիվ ատեն ունեցեր էին շոգեկառքը մտնել եւ իսկույն կայարանին աղմուկեն ու թոհուբոհեն զատվելով խոլ արշավ մը սկսեր էր. անդուլ, անդադար, ժամերով վազք մը, քերելով ծովեզերքը ձախեն, ու աջեն՝ սուրալով մութ մանիշակագույն հողերու մեջեն, որ մինչեւ Հերեքե այդ տեղի ցամաքը կկազմե: Հոս հոն, տեղ տեղ կկենային ու Տիգրանուհին կկարծեր, որ հոգնություն առնելու համար էր ասիկա. ոմանք կձգեին շոգեկառքը, ոմանք նոր կմտնեին, եւ անմիջապես ճամփա կ'իյնային. հիմարական խոյացումը կսկսեր դեպի Պոլիս: Ու կհիշեր վերջապես հասնելնին Փայտար Փաշա, Պոլիսը, Փերան զորս Հաճի Տյուրիկը մատով իրեն ցուցուց հեռվեն եւ ասդին՝ Քատըգյուղ, իրենց գալիք տեղը, մաքուր փողոցներով, գեղեցիկ տուներով շինված քաղաքը, որուն վրա հիացավ: Կայարանին մեջ կվախնար, որ բազմության մեջ չկորսվի. թեւին տակ պզտիկ պողչան ուժով մը կսեղմեր, իր շփոթությանը մեջ մոռնալու վախով: Հաճի Տյուրիկը քովն էր սակայն, ճարպիկ ու վարպետ առաջնորդ, որ ամեն դժվարությանց մեջ կ'քաշեր, կհաներ զինքը, մինչեւ որ հո՛ս, այս հարուստ տանը մեջ բերավ ու հանձնեց զինքը: Հաճի Տյուրիկ պահապան ու զորավոր հրեշտակի մը մարմնացումն էր իր աչքին, որ Տիգրանուհին սրտին խորեն շնորհակալ կ'ըլլար անոր այս վայրկյանիս. եւ այս տունը՝ իր հարուստի բարբառող կահավորումին մեջ. երեք ծառա, որոնք իրենց աշխատության մեքենական ճշտությամբը զարմացուցեր էին զինքը. ծեր Մարիամը, որ ինչ ընելիքը պիտի սորվեցներ հոս տեղ. եւ մանավանդ անուշ լեզու հանըմ մը: Միայն իրիկունը աղային լուրջ ու խոժոռ դեմքեն վախցավ քիչ մը. հետո անոր տղան, երիտասարդ մը, մարմնեղ, արյունոտ անձ մը. հորը ձեւը, հորը լրջությունը: Այս ամենը կարգով ամփոփեց շարեց մտքին մեջը ու խորունկ գոհունակություն մը զգաց. հետո ցատկեց տեղեն շուտով, հագվեցավ, մազերը սատրեց, պատեն կախված հայելիի մեծկակ կտորի մը մեջ նայեցավ. այն ատեն, առջի անգամ ըլլալով ուշադրությամբ դիտեց իր դեմքը, աղվոր ըլլալուն հաճույքը զգաց ու վար իջավ:
  11. ԽՂՃՄՏԱՆՔԻ ՁԱՅՆԵՐ ՓՈՍՏԱԼ Ա Հաճի Տյուրիկը, սպասուհիների միջնորդը, տասնհինգ օր աշխատելեն վերջ միայն հաջողեցավ ձեռք ձգել կեսարացի Ղազար էֆենտիի կնոջ, Սուրբիկ հանըմին, Քատըգյուղի ամենեն հարուստ տիկիններեն մեկուն, ուզած սպասուհին: Հաճին, պարտիզակցի մը, ինքն ալ սպասուհի, ստնտու, լվացարար, խոհարար կին եղած էր ատենով, պարագային համեմատ: Ծառայության ամեն աստիճաններն անցեր էր մեկիկ մեկիկ, Պոլսո հայ տուներուն, անոնց կարծեցյալ պարկեշտություններուն մեջեն հանելով իր հիմիկվան անկախ դիրքը: Այդ տուներուն բոլորին մեջ, Հաճի Տյուրիկ, որ ան ատեն դեռ Երուսաղեմ գացած չըլլալուն համար՝ հաճի չէր, իբրեւ ճշմարիտ ու կատարյալ աղախին, աղաներեն մինչեւ սպասավորները ճանչցեր էր մոտեն, եբոր մեծ ու պզտիկ, գրեթե առանց բացառության, քիչ շատ զինքը սղմեր սղմըտկեր էին, հոս հոն, սենյակներուն մեջ, հանըմները տունը չեղած միջոցին, սանդուխին գլուխը, դուռներուն ետին, երբեմն խոհանոցներուն անկյունները: Շատ մը տուներուն մեջ իր տիրուհիներուն նախանձը շարժելու չափ ընդունելություն գտած էր առանց գանգատելու: Շատ բան տեսած էր իր անձին վրա եւ ավելի շատ իրեն շուրջը, իր բարակի հետաքրքիր քիթովը, հոտվտալով ամեն ապականությունները եւ սուր ականջովը՝ դռներուն ետեւեն ունկնդրելով կամացուկ մը ըսված խոսքերուն: Եփուն կնիկ մըն էր արդեն, եբոր առած պախշիշներեն եւ ամսականեն ավելցուցած ստակովը Երուսաղեմ գնաց, ով գիտե ուխտի՞ թե մեղքերուն թողություն ուզելու համար: Վերադարձին՝ Հաճի Տյուրիկ, սպասավորությունը թողուց, ինք իր գլխուն գործի սկսավ, ծանոթ տուներու համար կին ծառաներ գտնելու ձեռք զարկավ, թելալ կնիկ եղավ: Իսկույն հաջողեցավ այս գործին մեջ. պատրաստաբան ու զվարճախոս կին էր. էֆենտիներուն՝ վրան բաց կատակներ կ' ըներ. հանըմներուն օրվան գայթակղությունները կը բերեր: Ամենքը գոհ էին իրմե. ամեն բանի հարմար սպասուհի ինքը միայն ճարել գիտեր: Իր տեղավորած ծառաները տարիներով կկենային գտնված տեղերնին: Մեծ տուները, հարուստի տուները, իրեն կդիմեին. անոնք, որ իր հաճախորդներն էին՝ իր անունովը կը' պարծենային: -Մեր թելալը Հաճի Տյուրիկն է: -Մերն ալ: Հաճին Շփիկըլին կամ Պյուռկյուին բան մը կ'ըլլար հայ հանըմներուն համար: Ասոր համար էր անշուշտ, որ Սուրբիկ հանըմ իրեն լուր ղրկեց եբոր իր տանը մեջ, հին օրվան Մարիամին քով, նոր սպասուհի մը ավելցնելու որոշում տվավ ու անոր ճշտեց այն հատկությունները, որ նոր գալիք աղախինեն կպահանջվեին: - Ըռնտիկ մեկը ըլլալու է ամեն բանե առաջ. հո՛գ չէ թե որ սկիզբը ձեռքեն գործ չգա. հոս շուտով խզմեթը կսովրի. տղուս՝ Օննիկին սենյակը պիտի շտկե, զգեստները մաքրե. սա ալ ըսեմ, որ աղջիկ զավակ չեմ ուզեր տանս մեջ: Եվ վախնալով, որ գալիք սպասուհին Օննիկին սենյակը շտկելու, զգեստները մաքրելու սահմանելովը՝ պետք եղածեն ավելի բացահայտ կերպով իր դիտավորությունը հասկցուցած կ' ըլլա, իսկույն ավելացուց. -Աչքը երեսը բաց մեկը չեմ ուզեր հա՛, հաճի՛. դուն իմ ուզածը հասկցար, թե որ զիս գոհ ընես, ուզած թելլալչեքդ եվելոքը կուտամ: - Հասկցա, օղուլ: Միջնորդը քչեն շատ հասկցող կին էր. անմիջապես չորս դին ինկավ, հարցուց, փնտրեց, բայց գտնվածները Սուրբիկ հանըմին ուզած պայմանները լիովին չէին միացներ իրար վրա: Գեղեցիկ աղախիններ չէին պակսեր իր ձեռքին տակ, բայց ասոնց աչքերն ալ, երեսն ալ պետք եղածեն ավելի բացված էին ու Սուրբիկ հանըմին ծեր էրիկը՝ Ղազար աղան գլխե հանելու չափ սատանա էին: Հանըմին ուզածը միամիտ աղջիկ մըն էր եւ ասիկա Պոլսո մեջ դյուրին չեղավ գտնել: Այն ատեն Հաճի Տյուրիկ հատուկ ճամփորդություն ըրավ. Իզմիտ, Պաղչեճիկ, Արսլանպեկ, Ատաբազար: Վերջապես պըտտեցավ բոլոր այն գեղ տեղվանքը, որոնք սպասուհիներու արտածումը կ'ընեն. եւ ահա մեծ հոգնություններե վերջը, չորեքշաբթի օր մը ցորեկին, հաղթական մուտքով մը, Սուրբիկ հանըմին ներկայացուց իր գեղեն բերած սպասուհին, հազիվ տասնութը տարեկան կին մը, զոր նույն օրն իսկ միասին առեր բերեր էր Պաղչեճիկեն: Սուրբիկ հանըմ գլխեն մինչեւ ոտքը զննեց նորեկը, որ դրան մոտ բարեւ բռնած կեցած էր. իր հագած պասմաե տձեւ շրջազգեստին հակառակ՝ իրոք խիստ շնորհալի գտավ զայն, քանի որ շուտով ամսականին վրա հարմարեցավ միջնորդին հետ. յոթը մեճիտ ամիսը եւ տարին երկու ձեռք նոր լաթ, բացի իր մեկդի նետածներեն զորս իր հոժարության համեմատ պիտի նվիրեր, եթե գոհ մնար անոր խզմեթեն: Եվ անմիջապես սկսելու համար կոկիկ ու մաքուր շրջազգեստ մը հագցուց անոր, ճերմակ գոգնոց մը կապեց, գլխեն յազման հանեց եւ մազերը շտկել տվավ. այս համառոտ արդուզարդով աղախինը իր գեղեցկության բոլոր շքեղությանը մեջ երեւաց: Մեջքը բարակ չէր, բայց հասակին բարձրությունը եւ բարձերուն հարստությունը վայելած էր: Ձվաձեւ, իր գեղացի ըլլալուն հակառակ դեռ ճերմկոտիկ դեմքին վրա սեւ խոշոր աչքերը սովորաբար թարթիչներուն շուքին մեջ կպահվեին ու երբեմն միայն ընքվիներուն աղեղին տակ կխրոխտային: Բերանը՝ իր զմայլելի գիծերովը ու երկու դիի անկյունեն իբրեւ թե հատկապես վեր առնված, անդիմադրելի պչրանք մըն էր ինքնին, եւ մոռցնել կուտար պռկունքին անարյունությունը: Ոչ ոք կիներուն չափ գեղեցկության ճաշակը ու հասկացողությունը ունի. գեղեցկությունը այն միակ ճշմարտություն է, զոր կինը չի կրնար ուրանալ, նույնիսկ երբ իր թշնամիին վրա կգտնվի. շատ հեղ լսած եմ արամբի կնոջ մը վրա պատմված չարախոսություններու, բամբասանքին, իրավ կամ սուտ ամեն կերպ աղտեղությանց ամենեն տաք վայրկյանին՝ սա հայտարարությունը, որուն խորին անկեղծությունը կզարմացնե զքեզ եւ պատմողին արդարասեր մեկը ըլլալուն համոզում գոյացնել կուտա: - Ասոնք բոլորը իրավ են, բայց շուն կնիկը աղվոր է: Սուրբիկ հանըմ հավնեցավ ուրեմն իր սպասուհիին. ապսպրեց, որ վրան գլուխը մաքուր պահե, աշխատությունը սահմանեց, վարքի բարքի խրատներ տվավ: Հետո, իմանալով, որ հորմե, մորմե որբ ու նոր ամուսնացած էր Տիգրանուհին, Սուրբիկ հանըմ, որ Հիվանդանոցի խնամակալուհի էր ու իր ամուսնին պես սրբասեր ու աստվածավախ կնոջ համբավը կվայելեր, իր սովորական մեծախոսություններեն քիչ մը ջարդեց. - Ես ծառաներս զավկիս պես կնայիմ. ուրիշ տուներու մեջ անոնց հորի ջուր կխմցնեն, դուն աղեկ գիտես, հաճի՛. ես աղբյուրի ջուր կու տամ անոնց. խոհանոցին մեջ երբոր կերակուրները չօգտեն ձեզի, ինծի անպատճառ իմաց տուր. խոհարարը ծառաները զրկելու կ'ելլա, ատանկ բան չեմ սիրեր ես. սա ալ ըսեմ, որ կերակուրդ ուտելուդ պես խոհանոցին մեջ կենալու չես. էրիկմարդ ծառաներուն հետ պետք չէ որ խոսքի բռնվիս. հասկցա՞ր, աղջիկս. հիմա գնա՛, թող Մաիրամը գործդ ցուցնե քեզի: Մեղր ու կաթ կվազեր բերնեն. Տիգրանուհին կատարյալ երանթյան մեջ զգաց ինքզինքը:
  12. Ashot

    Եկուր

    Եկուր Երբոր օր մը ըզգաս պետքը, Զըզված` շուրջիդ կյանքեն շինծու, Երջանկության փախչող հետքը Անցյալին մեջ փընտըրտելու: Որովհետև, ո~վ դառնություն, Ասկից վերջը աչքիդ` ծարիր Պետք է դընես և անարյուն Շրթունքներուդ` քիչ մը կարմիր: Քալած ատենդ երբոր ճամփան, Նայվածքդ ամենքը չը թովե, Եվ զարմացած` չը փըսփըսան. “ Այս աղվոր կինն ո՞վ է”: Երբոր ներկան` ցուրտ ու ցամաք Դառնա քեզի կամաց կամաց, Կսկիծներով լեցվի համակ Ապագադ ալ` մըռայլամած, Եվ ուրանա իսկ քեզ, ո~վ իմ, Կյա՛նքըս, աշխարհը համրորեն, Ես անցյալն եմ հավատարիմ, Իմ գրկիս մեջ եկու՛ր նորեն: <1908>
  13. Տարակույս Տանթելներուդ փրփուրովը կը մտնես Երերալով` նավու մը պես ալեհերձ, Աչքերու մեջ ցանկություններ կը գըտնես, Ու կը հրճվիս կնկան մը պես այլամերձ: Մատուցումի մը պես կարծես կը ծփան Կոհակավետ մարմնիդ բոլոր գիծերը, Ծըփանքով մը օձագալար խոլական, Եվ կը զմայլին ապշած տղան ու ծերը: Ամեն այրերն հորձանքիդ մեջ կը դառնան, Ու կը փոխվին խելոքներն ալ խենթերու, Սուրբերն անգամ իսկույն վրադ աչք կը բառնան, Հոսանքն ես դուն սարսուռներու, տենդերու: Ըսե՛ շիտակ, թե որ սիրեցիր քիչ մը զիս, Ո~վ հասուն կին, որ խոնջենքը մարմնիդ մեջ Տարիներուն դեմը կելլես, կընդվըզիս, Ձյունածաղի՞կ արդյոք կամ հո՞ւր ես անշեջ: <1908>
  14. Ashot

    Հպարտ

    Հպարտություն Ժամանակը թևես բռնած կը տանի. Եւ կուրորեն կը հետևիմ ես անոր, Փըճացող հեք իղձերուս տեղ մեկ քանի, Մեկ քանի հույս, լույս դընելով ամեն օր: Մերթ կը քալեմ գնացքով համր ու տարտամ, Հորձանքին հետ մերթ կը վազեմ շուտափույթ, Կընկըղմիմ և իսկույն նորեն կը ծփամ, Կը ծփամ, վերն է միշտ երկինքը կապույտ: Փախչի՞լդ ինե, իրավունքդ է, ո՛վ սերդ իմ, Ինչպես բոլոր երազներուս ծերունի, Թռչուններու խուճապ, որուն կը ժպտիմ, Ժպիտով մը, որ լացի շատ կը նմանի: Եվ կամքով մը հըզոր սիրուս հավասար, Ես անտրտունջ կերթամ ճամփես զարտուղի, Հիմա գոցված գիշերով թանձր ու ըստվար, Թանձր ու ըստվար` վաղորդյանով մը հղի: <1908>
  15. Հսկում Քակե' մազիդ խուրձը ոսկի օձերու Որ պլլվին պարանոցիդ ձյունեղեն, Ուսիդ, մեջքիդ փաթթվելով քեզ նեղեն Միսիդ վրա իբրև քողք մը բոցերու: Մերկ, խրոխտ, շքեղ օթոցիդ վրա պառկե՛ դուն Սև մետաքսե գուլպաներըդ պահելով, Երազներ հյուսե՛, քնացիր դեմս անվրդով, Ես ըսպասեմ այսահարի պես արթուն: Կեցի՛ր այդպես, որ իմ հոգվույս մեջ տըպեմ Ձայտքը, էջքը, թավալումը գիծերուդ, Հիշեմ տեղվանքն հոս հոն ցրված բիծերուդ, Ինքզինքըս անով խաբեմ, խաբխըբեմ: <1908>
  16. Ashot

    Զատիկ

    Զատկի առթիվ Անկյուն մ’ունիմ սրտիս մեջ ուր՝ Կառանձնանամ ամեն ատեն, Վերհիշումներ երբոր տըխուր Երկրեն զիս պահ մը կանջատեն Հոն` կը կենամ ես ծնադիր Ինչպես առաջքը խորանին, Եվ ուր միայն կը ծաղկի իր Կես սուգին մեջ եղրևանին: Հոդ շարված են իրարու մոտ Մութ փոսերը իմ իղձերուս, Հիշատակներ` հիմա աղոտ, Անուններ` զոր չըսեր լեզուս: Խոլ տենչանքներ, թռիչք անհուն Զոր ձեռքովըս տվի հողին, Մեռելներ` զոր ուրիշներուն Պես հարության հույսը չունին: <1902>
  17. Ashot

    Ոչ ոք

    Ոչ ոք Դաշնակ մըն է հոգիս լեցուն Նվագներով շատոնց լռած` Որ մատիդ ծայրը դիպչելուն Կը սարսըռա, կերգե հանկարծ: Երգեր մոռցուկ, երգերս իմ հին, Խոր քուներնին թողածի պես, Որ շըփելով գոց աչվընին Կանցնին կարգով ահա դեմես: Նախ երգերը օրորոցիս Որոնցմով մայրս զիս մեծցուց. Ու խոլ երգերն իմ փողոցիս Զոր տակավին գիտեմ բերնուց: Վերջը, սիրո երգերը որ Կես մը իրավ, կես մը կատակ, Նետեցի չորս դին ամեն օր, Ծաղկանց նըման ոտքերու տակ: Վերջը, վեերջը բոլոր զվարթ Այդ երգերուն, - դադարը մեծ, Լըռությունը, զոր մինչև ցարդ Քենե զատ ո՛չ ոք չէ վըրդովեր: <1901>
  18. Համկերպություն Դուն լայն ճամփեդ գընա, ա՛ղվոր, Ես կերթամ մութ արահետես, Երջանիկ այն համոզմամբ, որ Սրտով գոնե ինծի հետ ես: Ու անխռով կայքես նըսեմ Աչքըս հառած շավղիդ, ո՛վ իմ Դալուկ լույսըս, պիտի սպասեմ Քեզի որչափ որ ես ապրիմ: Մեկ խնդիրք մը միայն. վերջին Ժամուս կուզեմ որ մոտս ըլլաս, Եվ երբ ամենքն ինե փախչին, Դու գեթ անուշ դեմքըդ ցույց տաս: Եվ ամեն փառքի փոխարեն, Միայն պատկերըդ հստակ ու ջինջ Հետըս տանիմ այս աշխարհեն Չը հիշելով ուրիշ ոչինչ: <1901>
  19. Ձյունը Ակնախըտիղ անբըծություն մը վերեն Երկնից վճիտ բարձրութենեն կիջնար վար, Վարանելով, օրորվելով, ծուլորեն, Քալվածքին պես կնոջ մը մարմնեղ և ըստվար: Ու փողոցին մայթին վրա կը փռեր Ճերմակությունն իրեն քընքուշ` ցեխին քով. Ոտքերու տակ կը կոխկըրտվեր, կը լռեր, Անտրտունջ միշտ ու քիչ մըն ալ հաճույքով: Վերեն հիմա ձյունը առատ կը մաղվեր, Հոժարակամ թողլով եթերը կապույտ. Անձնամատույց կին էր ան որ կը թաղվեր Փոսի մը մեջ ցեխի, անհոգ ու անփույթ: <1901>
  20. Անծանոթը Փողոցին մեջ կերթար, կարծես կը սահեր, Հուշիկ քայլով, դանդաղ, գրեթե շփացող, Դեմքը կազե լաչակի մեջ կը պահեր, Պատմուճան մը ուներ հովեն ծըփացող: Աղվո՞ր, տգե՞ղ, ինչ փույթ. բավեց որ մտքես Մարմին մը տամ ես ուզածիս պես իրեն, Վրդովիչ հով, պչրանք մը լուռ, վերջապես Ամեն բաներն որոնց համար կը սիրեն: Ու տարիներ սրտիս խորքը ջանացի Պահել զինքը մասունքի պես, և մե՛կուն Չըսի անոր հրապույրները կանացի Որ գիշերներս ըրին խռոված և անքուն: Ի՞նչպես եղավ, ո՛վ երազի ծնունդ կին, Որ ըստուգիվ մարմին առած, խրոխտ ու վես, Դեռ անցյալ օր թատրոնի մը հոծ մուտքին` Չճանչցողի մը պես ամցար իմ քովես: <1900>
  21. * * * Լուսանալու դեմ գիշեր մըն է լուռ ու տխուր. Մութ մը վճիտ, լեցուն լույսե բիծերով, Գիշեր հստակ, համեստ իղձի մը պես, ուր Կը գծագրվի աշխարհ` տարտամ գիծերով: Այս մութը չէ այրիին քողն, այլ աղվոր Երևնալու համար հնարված թելը նուրբ. Ընդնշմարել միայն տըվող շղարշը` որ Կը ցուցընե դեմքերն ամեն գողտր ու սուրբ: Ես ավելի կը սիրեմ մութն այս պայծառ Անգաղտնապահ ցորեկներու լույսերեն. Ինչպես կնոջ համակրությունն անբարբառ Բացե ի բաց խոստովանած իր սերեն: <1899>
  22. Ashot

    Biography

    ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ 1861- 1915 Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում: Հայրը` Խաչիկ էֆենդին, սարաֆ էր,բնիկ ակնեցի, մայրը` Էֆթիկ հանըմը , Մալաթիայից էր: Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում: 1870- ին մահանում է Խաչիկ էֆենդին: Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ եւ երկու որդիների` Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ: Եղբայրները ուսումը շարունակում են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում: Այստեղ սովորելու տարիներին են վերաբերում Զոհրապի առաջին գրական նախափորձերը` ոտանավորներ, հաջող շարադրություններ: 1876 թվականին Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը` Կալաթասարայի վարժարանը, որը բացվել էր 1868 թվականին ֆրանսական կառավարության հովանովորությամբ եւ Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ: Ուսանում է երկրաչափական գործը: Բաժինն ավարտում է փայլուն գիտելիքներով: 1880 թվականին աշխատանքի է անցնում խորթ հոր իրավաբանական գրասենյակում, իբրեւ գրագիր եւ միաժամանակ սկսում է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը:Սակայն շուտով վարժարանը , որն ուներ 45 հայ, 2 իսլամ, 2 հրեա եւ 3 հույն ուսանող , փակվում է իսլամ աշակերտներ չունենալու պատճառով: 1881-ին բացվում է “Հուգուգի” վարժարանը: Մեկ տարի անց Զոհրապը տեղափոխվում է “Հուգուգ”, որտեղ երկու տարի սովորելուց հետո հեռանում է` վկայական չստանալով: 1884-ին Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում եւ ստանում փաստաբան - իրավաբանի վկայական: Զոհրապը գրական ասպարեզ է մտնում , երբ 1878-ին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին եւ դառնում նրա հրատարակած “ Լրագիր ” օրաթերթի աշխատակիցը: Ընդամենը 17 տարեկան էր նա, սակայն դրսեւորեց իրեն իբրեւ ազգի ճակատագրով մտահոգ անհատ: 1880-ական թվականների սկզբներին մուտք գործելով հրապարարակախոսական ասպարեզ՝ Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից եւ արդյունավետ գործիչներից մեկը: 1883թ. նա հրատարակում է Ասիական ընկերության “Երկրագունտ” հանդեսը, Հ. Պարոնյանի խմբագրությամբ : 1885թ. հանդեսում սկսում է տպագրել իր անդրանիկ վեպը` “ Անհետացած սերունդ մը ” վերնագրով: 1887-ին վեպը տպագրում է առանձին գրքով: 1888թ. Զոհրապն ամուսնանում է Կլարա Յազըչյանի հետ: 1889թ. ծնվում է Զոհրապի անդրանիկ որդին՝ Լեւոնը, 1891-ին՝ ավագ դուստրը՝ Դոլորեսը, 1892-ին՝ կրտսեր որդին՝ Արամը եւ 1896-ին՝ կրտսեր դուստրը՝ Հերմինեն: 1891թ. Զոհրապն ընտրվում է Ազգային ժողովի երեսփոխան, սակայն Ժողովի նիստում նրա ընտրությունը չի վավերացվում , 30 տարեկանը լրացած չլինելու պատճառով: 1892թ. Զոհրապի խմբագրությամբ հրատարակվում է “Մասիս” ազգային, գրական, քաղաքական հանդեսը: Նրա գրիչն այս շրջանում հատկապես բեղուն էր: 1893-ին հանդեսը դադարում է լույս տեսնել: Զոհրապի գրական գործունեությունը բուռն վերելք է ապրում 1880-ական թվականների վերջերին եւ 1890-ականների սկզբներին: “Արեւելք” օրաթերում, ապա “Մասիս”-ում տպագրվում են նրա առաջին նորավեպերը: Իր գրական ստեղծագործության հիմնական մասը նա ստեղծել է 1887-1893 թթ.:Այս շրջանում Զոհրապը գրել է երկրորդ անավարտ վեպը` “Նարդիկ”, նորավեպերի մեծ մասը, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ` ճանաչվելով իբրեւ գրող եւ հրապարակախոս: Հետագայում, երկար լռությունից հետո՝ սկսած 1898 թվականից, Զոհրապը նորից է երեւում գրական ասպարեզում, այս անգամ որպես ճանաչված ու վաստակած գրող եւ հասարակական գործիչ: 1894-95 թվականները զարհուրելի էին արեւմտահայերի համար: Սկիզբ առան ու մինչեւ 1896 թվականը շարունակվեցին զանգվածային կոտորածները: Հայ առաջադեմ մտավորականնեի մեծ մասը ստիպված էր հեռանալ Կ. Պոլսից եւ հաստատվել Եվրոպայում , Եգիպտոսում: Հուսահատության ու ազգային կորովի անկման այս շրջանում Զոհրապը հեռացել էր գրական ասպարեզից: Նա ավելի զբաղված էր փաստաբանական գործերով, կարեւոր դատավարություններով: Պոլսում Զոհրապը որպես իրավաբան - փաստաբան հայտնի էր հատկապես օտարահպատակներին, քանի որ տիրապետելով ֆրանսերենին՝ շատ հաճախ պաշտպանում էր նրանց գործերը Թուրքիայի առեւտրական առաջին դատարանում: Զոհրապը Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը: Օգտվելով այդ հանգամանքից՝ ռուս օտարահպատակների դատեր էր վարում եւ ուներ Եվրոպա ազատորեն երթեւեկելու իրավունք: 1898-ին օրաթերթի վերածված “Մասիսը” լույս տեսավ դարձյալ Զոհրապի խմբագրությամբ:Նա կրկին վարեց բուռն ստեղծագործական կյանք, միաժամանակ զբաղվելով փաստաբանությամբ: Սակայն 1906 թվականին Արդարադատության նախարարի կարգադրությամբ Զոհրապին արգելվեց թուրքական դատարաններում դատեր պաշտպանել: Պատճառը մի բուլղար հեղափոխականի դատական պաշտպանությունն էր: 1908 թվականին Թուրքիայում վերահաստատվեց Սահմանադրությունը: Կայսրության բոլոր անկյուններում անցկացվեցին միտինգներ, ցույցեր՝ հավասարության, եղբայրության, համագործակցության կարգախոսներով: Զոհրապն այդ ժամանակ Փարիզում էր: Այնտեղ նա հաջողել էր հրատարակել իր ֆրանսերեն իրավագիտական աշխատությունը, մասնագիտությամբ աշխատանք գտնելու երաշխիքներ ուներ եւ հետագայի համար նախատեսում էր ընտանիքով բնակության հաստատվել Եգիպտոսում: Տեղեկանալով Թուրքիայում Սահմանադրական կարգեր հաստատվելու մասին՝ նա հույսերով եւ լավատեսությամբ Փարիզից շտապեց Պոլիս: 1908 թվականին Զոհրապն ընտրվեց թուրքական Պառլամենտի պատգամավոր: Նա ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներում, ամեն ջանք գործադրում էր Խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար: Իր մասին նա ասում էր. “Ես Սահմանադրության փաստաբանն եմ”: Զոհրապը հարգված եւ երեւելի անձնավորություն էր երկրի թե՛ ազգային, եւ՛ թե համընդհանուր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում: Զոհրապը նաեւ երեսփոխան էր Ազգային ժողովի, որը 1914 թվականին բարձրացրեց Թուրքիայում հայկական բարեփոխումների հարցը եւ այս կապակցությամբ դիմեց եվրոպական տերություների միջամտությանը: Հունվարին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվեց հայկական բարեփոխումների վերաբերյալ համաձայնագիրը, որը արեւմտահայերի՝ Թուրքիայում ապահով կյանքի երաշխիքն էր: Այդ գործում Զոհրապի մասնակցությունը վճռական էր: Սակայն սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը , եւ համաձայնագրիրը մնաց թղթի վրա:Թուրքիայի համար ստեղվեցին նպաստավոր պայմաններ հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար: Մեկ գիշերվա ընթացքում , ապրիլի 24-ին, ձերբակալվեց եւ աքսորվեց Պոլսի հայ մտավորականությունը: Զոհրապը ամեն ջանք գործադրեց՝ ազատելու անմեղ ազգակիցներին: Նա դիմեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություների մեջ էր, այդ թվում ՝ ներքին գործոց նախարար Թալեաթ փաշային, Խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ փաշային: Նրանք բոլորն էլ տալիս էին դրական, հուսադրող պատասխաններ: Սակայն շուտով Զոհրապին եւս ձերբակալեցին: Նրան էլ սպասվում էր նույն դաժան ճակատագիրը, ինչպես իր միլիոնավոր տարաբախտ հայրենակիցներին: 1915 թվականի հուլիսին աքսորի ճանապարհին դաժանորեն սպանվեց հայ ժողովրդի մեծ զավակներից մեկը՝ Գրիգոր Զոհրապը:
  23. ԱՐՏԻՍՏԸ (կրճատումներով) Հինգ ամիս էր ընդամենը` Օդեսայում էի, չորրորդ անգամ փոխեցի սենյակս: Փոքր ի շատե մեծ քաղաքում բնակվող մենակեցի համար մի առանձին հաճույք է ստեպ—ստեպ կացարան փոխելը: Անցնելով մի թաղից մյուսը, կարծում ես մի երկրից մյուսն անցար: Նոր հարևանություն, նոր միջավայր, երբեմն այլ կենցաղով ու ոգով: Այս անգամ պիտի բնակվեի աղմկալից փողոցներից մինում, հինգ հարկանի մի տան երրորդ հարկում: Տանտիրուհիս իտալուհի էր, գեր, առողջ, ամրակազմ մի այրի, մոտ հիսուն տարեկան: Նրա ամուսինը եղել է իտալական օպերայի հուշարար. շատ վաղուց հայրենիքից տեղափոխված Ռուսաստան: Մեռնելով` կնոջ և միակ դստեր համար թողել է իբրև ժառանգություն հինգ նոտանի մի մեծ կապոց և իտալացի արտիստների ծանոթությունը: Այրին ապրելու ուրիշ միջոց չունենալով, պարապում էր սենյակները վարձու տալով: Հենց առաջին օրը ծանոթացա հարևաններիս հետ: Այդ ինձ համար նոր և բավական հետաքրքրական շրջան էր: Նա բաղկացած էր մեծ մասամբ իտալացիներից: Կար և մի ռուս ուսանող ու մի հրեուհի ատամնաբույժ, բավական գեղեցիկ, թեև ոչ այնքան թարմ: Կենտրոնը կազմում էր տանտիրուհու դուստրը` շիկահեր, փղոսկրի պես փայլուն, մաքուր ատամներով և գեղեցիկ աչքերով քսան տարեկան Լուիզան: Նա երգում էր, ուներ զորեղ և անուշ ձայն, պատրաստվում էր բեմին նվիրվելու: Գիտեր նվագել դաշնամուր, երաժշտության դասեր էր տալիս, փող ժողովում, որ գնա Իտալիա` ձայնը մշակելու: Առաջին օրն անծանոթ շրջապատում զգացի սովորական անհարմարություն, երկրորդ օրն ընտելացա, իսկ մի շաբաթ անց` բավական բարեկամացա բոլորի հետ: Մենք ճաշում էինք միևնույն սենյակում, միաժամանակ, միևնույն սեղանի քով: Երկու ժամից սկսած մինչև երեկոյան չորս—հինգ ժամը ծիծաղ, երգ, նվագում, պար ու սրախոսություններ խառնվում էին միմյանց և ջերմացնում տարբեր ազգերի ու դավանությունների պատկանող մարդկանց բարեկամական մթնոլորտը: Մի օր ճաշից հետո Լուիզան նստեց դաշնամուրի քով և սկսեց նվագել ինչ—որ վալս: Բասո—կոնտատո Չելլինին գրկեց կոնտրալտո Լուկրեցիա Կաֆարելլին ու սկսեց պարել: Բարձրացավ ընդհանուր ծիծաղ, որովհետև իրավ, որ, այդ մի զվարժալի զույգ էր: Չելլինին խիստ նիհար էր և շատ բարձրահասակ: Լուկրեցիա Կաֆարելլին ընդհակառակն, խիստ գեր ր և կարճահասակ: Լուիզան նվագելով հանդերձ` գեղեցիկ գլուխը ձգել էր ետ և անզուսպ քրքջում էր, լցնելով սենյակը իր անուշ ձայնի հյութալի հնչյուններով: Զվարճության տաք միջոցին դռների մեջ նկատվեց ինձ համար մի անծանոթ կերպարանք: Ոչ ոք առաջին պահ չնկատեց նրան, բացի ինձանից, որ նստած էի դռների մոտ: Անծանոթը հենց առաջին վայրկյանից գրավեց ուշադրությունս: Ես դիտեցի նրան: Մոտ 16—17 տարեկան մի պատանի էր, նիհար, գունատ դեմքով, կուրծքը փոքր—ինչ ներս ընկած: Հագած էր մուգ կապտագույն գոտևոր, կարճ բաճկոն, որի կուրծքը զարդարված էր ասրյա խաչաձև ծոպերով և նույն գույնի նեղ վարտիք: Ձեռքին բռնած էր մի կակուղ կանաչագույն գլխարկ` փետուրով զարդարված, նման այն գլխարկներին, որ դնում են թափառաշրջիկ հույն անդրիավաճառները կամ իտալացի երաժիշտները: Նրա դեմքի գծերը կանոնավոր էին ու նուրբ, աչքերն ունեին ինչ—որ մելամաղձիկ արտահայտություն: Դա այն երջանիկ դեմքերից էր, որոնք հենց առաջին հայացքով մարդու սրտում շարժում են համակրության զգացում: —Բոն—ջուրնո,— ասաց նա, գլուխ տալով: —Ոհո՜, արտի՜ստը,— գոչեց ամենքից առաջ բարիտոն Կավալլարոն, որ մի բարեսիրտ մարդ էր` մոտ երեսուն ու հինգ տարեկան: —Արտի՜ստը, արտի՜ստը,— կրկնեցին մյուսները: Նույն վայրկյանին պար, նվագ ու ծիծաղ ընդհատվեցին, և բոլոր հայացքները դարձան դեպի պատանին: —Որտե՞ղ էիր, այսքան ժամանակ չէիր երևում,— հարցրեց Կավալլարոն: —Սպասեցե՛ք, նա տխուր է,— գոչեց Լուիզան և մոտեցավ պատանուն,— էլի ի՞նչ է պատահել, ինչո՞ւ չես մտնում: —Որտե՞ղ է սինյորա Ստեֆանիան,— հարցրեց պատանին: Նրա ձայնը հուզված էր, դողում էր: Այդ ձայնի մեջ կար մի սրտաշարժ շեշտ, որ արտահայտում էր հեզության հետ և թախիծ: —Աա՜, հասկացա,— ասաց Լուիզան,— էլի մայրդ երևի հիվանդ է: Խեղճ պատանի, դու սլանում ես երկինք, նա կպած է երկրին... —Սինյորինա Լուիզա, ես ձեզ խնդրում եմ ինձ չխղճալ,— գոչեց պատանին վիրավորված,— Սինյորա Ստեֆանիան այստե՞ղ է: —Մայրս խոհանոցումն է: Պատանին գլուխ տվեց շնորհալի ձևով ու հեռացավ: —Նա չափազանց տխուր էր,— ասաց Կավալլարոն,— անշուշտ մայրը այս անգամ ծանր հիվանդ է: —Չեմ կարծում,— նկատեց Լուիզան,— այդ կինը միշտ հիվանդանում է որդուն տանջելու համար: Խեղճ պատանի... —Խեղճ,— կրկնեց ռուս ուսանողը կծու հեգնությամբ,— բայց նա չի ուզում, որ դուք նրան խղճաք, սինյորինա Լուիզա: Տեսա՞ք ինչպես վիրավորվեց: —Նա հպարտ է ինչպես իսպանական գրանտ,— ասավ Կավալլարոն, յուր բարի աչքերը թանձր ունքերի տակից դարձնելով դեպի ինձ,— և հպարտությունը սազում է նրա հեզությանը: Սինյոր, նրա կերպարանքն ինձ միշտ հիշեցնում է իմ եղբորը: Տաղանդավոր ջութակահար էր, մեռավ քսան տարեկան հասակում թևերիս վրա: —Դուք ճանաչո՞ւմ եք Լևոնին,— դիմեց ինձ օրիորդ Ռաիսան` հրեուհի ատամնաբույժը: —Ո՞չ: Երևակայեցեք, հարևաններ, պարոնը մեր արտիստին չի ճանաչում: —Օ՜օ, այդ աններելի է,— գոչեցին Լուիզան և Լուկրեցիա Կաֆարելլին: —Իմ կարծիքով,— ասաց Կավալլարոն,— ով գեղարվեստասեր է, իրավունք չունի Լևոնին չճանաչելու: Նա իսկական արտիստ է, այո, հոգով, սրտով, արյունով, ամբողջ էությամբ արտիստ: Իմ հետաքրքրությունը բոլորովին գրգռվեց: Ո՞վ է վերջապես այդ մանուկը, որ այդքան գրավել է հարևաններիս համակրանքը: —Եթե կամենում եք, իսկույն կծանոթանաք,— ասաց Լուիզան,— արժե այցելել նրան յուր ապարանքում: Գիտե՜ք ինչ,— դարձավ նա ընդհանուրին,— վատ չի լինի, եթե խմբովի գնանք մեր արտիստի հիվանդ մորը տեսնելու: Այո՜, վատ չի լինի... Ես գնում եմ, ով ուզում է թող հետևի ինձ: Այս ասելով նա անմիջապես դիմեց դեպի դռները: Բացի ուսանողից և երկրորդական բարիտոն Բորելլիից, բոլորս հետևեցինք նրան. նույնիսկ հաստամարմին Լուկրեցիա Կաֆարելլին: Արտիստը բնակվում էր նույն տան վերին հարկում: Լուիզան մեզ առաջնորդեց դեպի գլխավոր սանդուղքը, բարձրացանք չորրորդ հարկը: Այնտեղից նեղ, կեղտոտ, փայտյա սանդուղքով հասանք հինգերորդ հարկը, մտանք մի մթին անցք: Անմիջապես խփեց մեր քթին ճարպի մեջ տապակվող մսի անախորժ հոտը: Լուիզան կանգ առավ մեկթևանի մի ցածր դռան առջև: ...Մենք մտանք մի սենյակ, որ մի փոքր մեծ էր, քան մի մեծ հավաբուն: Այնտեղ մութ անկյունում, պատի տակ երևում էր ինչ—որ բան, նման անկողնակալի թե թաղթի` չգիտեմ: Սինյորա Ստեֆանիայի հաղթանդամ մարմինը թաքցնում էր նրան իմ աչքից: Մի քայլ առաջ գնալով տեսա հնամաշ վերմակի տակ պառկած մի կնոջ դեմք: Նրա ճակատը կապած էր սև թաշկինակով, աչքերը հառած առաստաղին: Նա տնքում էր ու ծանր հառաչում: Նրա ոտքերի կողմում կանգնած էր “արտիստը”: Ըստ երևույթին նրա միտքը կլանված էր կամ մոր հիվանդությամբ, կամ մի ուրիշ հոգսով, որովհետև մեր երևալը աննկատելի մնաց նրա համար: —Դե լա՛վ, քիչ տնքտնքա,— ասում էր սինյորա Ստեֆանիան հիվանդին,— խոմ չես մեռնում: Սովորական հիվանդություն է, էլի, վաղը կանցնի: Բա—բա—բա, տե՛ս մոտդ ինչ պատվավոր հյուրեր են եկել: Համարյա իմ բոլոր կավալերներն ու դամերը:— Տղա,— դարձավ նա Լևոնին,— երևի այդ դու ես անհանգստացրել մարդկանց: Պատանին նայեց մեզ, չափազանց շփոթվեց ու շտապեց սենյակի ընդամենը մի զույգ ջարդված աթոռները առաջարկել յոթ հյուրերից չգիտեր ո՛ր մեկին: —Պարոնը բժի՞շկ է,— հարցրեց հիվանդը, երբ տեսավ ինձ: —Բժիշկ չէ,— պատասխանեց սինյորա Ստեֆանիան,— բայց երևի ցավդ բժշկից լավ կհասկանա: Քո հայրենակիցներից է... —Հա՞յ,— գոչեց հիվանդը զարմանալով, թե ուրախանալով, չգիտեմ, և գլուխը դանդաղ բարձրացնելով, նստեց անկողնում: —Հա՞յ,— կրկնեցի ես զարմացած, որովհետև ինչ ազգի ասես սպասում էի այդ միջավայրում, բացի հայից: —Այո՛,— ասաց օրիորդ Ռաիսան,— արտիստը ձեր հայրենակիցն է, զարմանալի է, որ չիմացաք հենց առաջին տեսնելուց: —Որտեղի՞ց եք,— հարցրեց հիվանդը,— խոմ Բեսարաբիայից չե՞ք: Ո՞չ: Օ՜օ, այդ շատ լավ է, շատ լավ: Օ՜ֆ—օֆ—օֆ, Բեսարաբիայի հայերը աստված չունեն, գազաններ են, չեն ուզում ցավս հասկանալ: Տե՛ր աստված, ոչ ոք ցավս չի հասկանում, ոչ ոք: —Էլի մի սկսիր հին երգդ,— գոչեց Ստեֆանիան,— բավակա՛ն է: —Ո՛չ, Ստեֆանիա, չեմ կարող լռել, սիրտս այրվում է: Դու էլ մայրս ես, բայց զավակդ տղա չէ: Օ՛հ, երանի իմն էլ աղջիկ լիներ: Չգիտես ինչ է անում նա: Հոր նման տանջում է ինձ: Պարոն,— դարձավ ինձ,— այդ փչացածն իմ միակ տղան է, հասկանո՞ւմ եք, միակ, ուրիշ զավակ չունեմ: Աստված սիրեք, խելքի բերեք նրան: Նա հոր ճանապարհով է գնում... —Սովորական գանգատներ են,— շշնջաց ականջիս Լուիզան,— ուշադրություն մի՛ դարձրեք: Ես նայեցի Լևոնին: Ամաչելուց նրա երեսը դարձել էր պատին, մեզ չէր նայում: Լուիզան մոտեցավ նրան, բռնեց ձեռներից, երեսը դարձրեց յուր կողմը, ուղիղ նայեց աչքերին, բարեկամական— ո՛չ, ավելի՛,— սիրող քրոջ քնքուշ հայացքով: ինձ թվաց, որ այդ հայացքը թափանցեց մինչև Լևոնի հոգու խորքը: Եվ ո՞ւմ հոգու խորքը չէր թափանցել այն: Լևոնը զվարթացավ և երախտագիտության զգացումով լեցուն աչքերով նայեց իտալուհու երեսին: —Եթե օրինավոր որդի լիներ,— շարունակեց հիվանդը,— ձեզ նման պատվավոր հյուրերին այս խոզաբնում կընդունե՞ր: Տեսնո՞ւմ եք, աթոռներ էլ չունենք: Անամո՛թ, ինչ ես ցցվել փայտի պես: Չե՞ս տեսնում հյուրերիս: Լևոնը կրկին անգամ սենյակի մի զույգ աթոռներից առաջարկեց մեզ: Նստելն անկարելի էր. այդ փոքրիկ սենյակում յոթ—ութ հոգի կանգնել միայն կարող էին: Լուկրեցիա Կաֆարելլին երկար չդիմացավ օդի սակավությանը, դուրս գնաց: Չելլինի հետևեց նրան, ասելով թե “արտիստի” մայրը մեռնելու ախորժակ չունի դեռ, կարիք չկա անհանգստանալու: Նրանց դուրս գալուց հետո սենյակն այնչափ գոնե ազատվեց, որ ես կարող էի դիտել շուրջս: Այն ինչ որ տեսա, ինձ հաճելի զարմացում պատճառեց: Մի անկյունում կախված էին աշխարհի անվանի երաժշտապետների, նվագիչների, երգիչների ու երգչուհիների լուսանկարները հովհարի ձևով միմյանց միացրած: Մյուս անկյունում դրված էր մի փոքրիկ գրասեղան, ծանրաբեռնված զանազան էժանագին գեղարվեստական իրերով: Այնտեղ տեսա Բեթհովենի, Մոցարտի, Շեքսպիրի և Վագների կավյա կիսարձանիկները, աղյուսի գույնով, մի հաստ խեցեղեն շվի, մի կոտրված սրինգ և ուրիշ այդպիսի պարագաներ: Սեղանի առջևին պատից կախված էին մի կիթառ, մի մանդոլինա և մի ինչ—որ թատրոնական զգեստ` նման Ռիգոլետտոյի հագուստին: Ամենահետաքրքրականը մի նկար էր պոլիտրայի վրա, որ ներկայացնում էր երկու պատանիների մենամարտությունը բռունցքներով մի փողոցային երգչուհու համար: Աղջիկն ընկել էր մեջտեղ գզգզված մազերով և աշխատում էր բաժանել ախոյաններին... —Տեսնո՞ւմ եք,— շշնջաց ականջիս Կավալլարոն,— երաժշտություն, նկարչություն, պոեզիա, ոչինչ չի մոռացված: Այդ միջոցին հիվանդը շարունակում էր գանգատվել: —Ահա երեք օր է, առավոտներն էլ երեսը չեմ տեսնում: Նա չի քնում, Ստեֆանիա, չի քնում: Չէ՞ որ կարող է հիվանդանալ, հետո ես ի՞նչ անեմ, ո՞վ կպահի ինձ: Գիշեր—ցերեկ թատրոններում է: Հոր ցավը որդուն է անցել: Անիծվի նրա գերեզմանը, օրս սևացրեց: —Էլի՛ միևնույն գանգատները,— արտասանեց Լուիզան,— և ինպե՜ս չի հոգնում այս կինը: Եսամո՜լ... Արդարև, հիվանդի աչքերի մեջ երևում էր եսամոլի հոգի, թեև գեղեցիկ էին այն աչքերը և դեռ բավական վառվռուն` մոտ հիսուն տարեկան կնոջ թառամած դեմքի վրա: Հրաժեշտ տալիս նկատեցի մի բան. Կավալլարոն թաքուն Լևոնի ափի մեջ սեղմում էր մի ոսկեդրամ, պատանին հրաժարվում էր ընդունել: Այդ ժամանակ բարիտոնը քայլերը դանդաղեցրեց, մնաց սենյակում, թույլ տալով, որ Լևոնը մեզ ուղեկցի: Սինյորա Ստեֆանիան համառոտ պատմեց ինձ Լևոնի մասին հետևյալը:— Նրա հայրը եղել է թատրոնական վարսավիր և չափազանց գեղարվեստասեր: Համեստ, գլուխը քաշ արհեստավորը հանկարծ անձնատուր է լինում հարբեցողության կործանիչ ախտին և ոչ առանց պատճառի: Պարզվում է, որ նա անհույս սիրահարված է մի երգչուհու վրա: Կուլիսների ետևում, շուտով նա դառնում է ընդհանուր կատակների ու ծաղրի առարկա: Արտիստներից սկսած մինչև վերջին թատրոնական ծառան ծիծաղում են նրա հանդուգն զգացման վրա դեպի մի գեղեցկուհի, որի երկրպագուների թվում անվանում են նաև տեղական քաղաքագլուխ, հայտնի միլիոնատեր ու բարեգործ հույն Մարազլիին... Հալածանքն ու ներքին վիշտը ներգործում են վարսավիրի վրա այնչափ, որ սրտի դառնությունը օղու մեջ անգամ չի կարողանում խեղդել: Մի օր նա ծեծում է ռեժիսյորին, որ ծաղրելիս է լինում նրա շինած մի կեղծամը, անվանելով նրան “սրիկա”: Նրան զրկում են թատրոնական վարսավիրի պաշտոնից: Այդ ժամանակ նա դառնում է օղու և փողոցների անդառնալի սեփականություն: Եվ մի երեկո ոստիկանները գտնում են նրան մի ծառի տակ, ձյունի մեջ թավալված, բերում են տուն: Երեք օր չանցած` մեռնում է տիֆից, թողնելով կնոջն ու զավակին ճակատագրի հաճույքին: Այրին, ամուսնու արհեստից զզված ու տանջված, ութ տարեկան Լևոնին հանձնում է մի ատաղձագործի և ինքը սկսում ուրիշների համար ճերմակեղեն կարել: Երկու ամիս չանցած` մանուկն արհեստանոցից փախչում ուսումնարան: Բարի մարդիկ տալիս են նրա ուսումնավարձը: Նա սովորում է գրել—կարդալ: Այրին հանձնում է նրան հագուստեղենի վաճառատուն: Մանուկը չի մնում այնտեղ: Մի աներևույթ ձեռք մղում է նրան դեպի թատրոն: Նա դառնում է աֆիշներ բաժանող` օրական հիսուն կոպեկով և թատրոնների վերնահարկը բարձրանալու իրավունքով: Անցնում է կուլիսների հետևը, կամաց—կամաց ծանոթանում արտիստական աշխարհի հետ: Այժմ բոլոր արտիստները ճանաչում են նրան, բոլորին նա ծառայություններ է անում, և բոլորը սիրում են նրան յուր հեզության և աշխուժության համար: Նա ոչ մի ներկայացում բաց չի թողնում, մանավանդ իտալական խմբի ներկայացումները: Նա ցերեկներն էլ թատրոնումն է կամ նրա շուրջը: —Սինյո՜ր, կզարմանաք, եթե ասեմ, որ այժմ նա երբեմն ստեղծում է նորեկ, անծանոթ արտիստի համար փառք մեր քաղաքում,— շարունակեց մոր փոխարեն Լուիզան:— Այո՜, այո՛, սինյոր Չելլինի, մի՛ հակառակեք, այս ճիշտ է: Նա ունի բազմաթիվ հույն ու հրեա ընկերներ, որոնք զարմանալի հավատ ունեին դեպի նրա ճաշակը և սիրում են նրան: Դրանք կլակյորներ չեն, ո՛չ, այլ թատերասերներ: Չգիտեմ, գուցե նրանք կաշառվում են, բայց Լևոնը` ո՛չ, երբեք չի կարելի նրան կաշառել: Սինյոր Կավալլարո, ճի՞շտ եմ ասում, թե ոչ: —Նա ազնիվ է որպես նորածին և զգայուն` որպես քնարի լար,— արտասանեց բարիտոնը:— Նա իմ հանգուցյալ եղբոր տիպարն է... —Բայց ինչպե՞ս է ստեղծում անծանոթ արտիստի համար փառք,— հետաքրքրվեցի ես: —Առաջին ծափահարությամբ,— պատասխանեց Կավալլարոն: —Չեմ հասկանում,— ասացի ես: —Սինյոր, երևի չգիտեք` ինչ ասել է արտիստի համար առաջին ծափն անծանոթ քաղաքում: Շատ բան, երբեմն ամեն ինչ: Դուք թատերասեր եք, նկատած կլինեք մի երևույթ: Թատրոնական սրահում նստող հասարակությունը հազիվ է վստահում առաջին ծափը տալ անծանոթ արտիստին: Շատ անգամ, հոգով հիացած երգչի երգով, նա ամաչում է յուր հիացումն արտահայտել. կարող են նրան անճաշակ համարել: Բայց ահա օգնության է հասնում Լևոնը: Նա ազատ է հասարակական նախապաշարումներից, չի քաշվում առաջին ծափը տալ: Խումբը հետևում է նրա օրինակին: Այն ժամանակ հասարակությունը նույնպես ծափահարում է: Մյուս օրը լրագրերը գրում են այդ ծափահարությունների մասին, և ահա անծանոթ արտիստի հաջողությունն ապահով է: —Եթե, իհարկե, արտիստը շնորհք ունի,— ավելացրեց Չելլինին: —Այո, իհարկե: —Բայց քո Լևոնը կարող է շատ անգամ անշնորհքին էլ տալ առաջին ծափը,— նկատեց Բորելլին: —Ներողություն,— պատասխանեց Կավալլարոն, հեգնորեն ժպտալով,— մեր խմբի վերաբերմամբ գոնե նա դեռ այդպիսի սխալի չի գործել: Ես գուշակեցի, որ Բորելլին դեռ չի արժանացել Լևոնի ծափին: Վիճաբանությունը գուցե շարունակվեր, եթե կրկին ներս չմտներ Լևոնը: Այս անգամ նրա դեմքը բավական հանգիստ էր: Նա հրավիրեց Կավալլարոյին մի անկյուն, և շշնջալով ականջին, բաց թողեց նրա գրպանը մի ոսկեդրամ: Հետո իմացա, որ մեր դուրս գալուց հետո նա իր մոր բարձի տակ գտնում է այդ դրամը: Հասկանում է, որ Կավալլարոն պիտի դրած լինի, վերցնում է, բերում, վերադարձնում տիրոջը: —Համառ ես, Լևոն, համառ,— գոչեց Կավալլարոն, շփելով պատանու գլուխը հայրական սիրով:— Դե լա՛վ, մի՛ նեղանար, նստի՛ր, մի փոքր խոսենք: Դու, իհարկե, երեկ թատրոնում էիր: —Էի: —Հավանեցի՞ր ինձ: —Իհարկե: —Ապա ինչո՞ւ երեսդ դարձնում ես ինձանից... Ասա՜, կեղծո՞ւմ եմ… —Սինյոր Կավալլարո, երեկ դուք շփոթված էիք: —Ե՞ս: Ամենևին: Սխալվում ես: —Ո՛չ, սինյոր, չեմ սխալվում: Երբ հանգիստ եք, երբեք չեք շեղվում: Մենք ամենքս իմացանք, որ ձեզ բարկացրել են: —Քեզ այդպես է թվացել: Ոչ ոք ինձ չէր բարկացրել: Ահա տեսա՞ր, Լևոն, ինձ դեռ լավ չես ճանաչում: Լևոնը նայեց Կավալլարոյի աչքերին այնպիսի պարզ ու խելոք հայացքով, որ կեղծել նրա մոտ անկարելի էր: Կավալլարոն ձեռքը դնելով նրա ուսին, ասաց. —Չես սխալվում, բարեկամս, երեկ ներկայացումից մի քիչ առաջ խոշոր վեճ ունեցա ռեժիսյորի հետ: —Ո՛չ, սինյոր Կավալլարո, ասացե՛ք դիրիժորի հետ,— ուղղեց Լևոնը համարձակ: —Դու որտեղի՞ից իմացար: —“Օ՜ Կարլո”—ն երգելիս` սինյոր Մարտինին կես տոն բարձր վերցրեց` ձեզ շեղելու համար: Սինյոր Մարտինին բոլորի վերաբերմամբ անաչառ է, բացի իրենից: Ռեժիսյորի պատճառով նա ձեզանից վրեժ չէր առնի: Նա քինախնդիր է միայն յուր անձնական հակառակորդների դեմ: —Լսո՞ւմ եք, սինյոր,— դարձավ ինձ Կավալլարոն, ոգևորված,— այս պատանու բերանով խոսում է ինքը երաժշտական բնազդը և դիտողական ձիրքը: Լևոնը վեր կացավ, գլուխ տվեց, շնորհակալություն հայտնեց մեզ մեր այցելության համար և շտապեց դեպի դռները: Այլևս նա այնքան գրավել էր ինձ, որ կամեցա անպատճառ հետը խոսել: —Հայերեն գիտե՞ք,— հարցրի ես, երևի, հայրենասիրական զգացումից դրդված: —Գիտեմ: Նա, ինչպես և յուր մայրը, խոսում էր ռուսերեն լեզվով` տաճկական արտասանությամբ: Իտալացիներից միայն տանտիրուհիս և նրա աղջիկը գիտեին ռուսերեն, նաև Կավալլարոն: Մյուսների հետ Լևոնը խոսում էր իտալերեն: Մի քանի հարցեր տվեցի նրան պարզ հայերեն լեզվով: Նա ապշած նայեց երեսիս և ժպտաց: —Չե՞ս հասկանում,— դարձա ես ռուսերեն լեզվի օգնությանը: —Այդ լեզուն եկեղեցական է,— խոսեց նա տաճկերեն լեզվով,— իմ իմացած հայերենը այա այս լեզուն է: Ինձ համար նորություն չէր Բեսարաբիայի հայերի` մայրենի լեզուն չիմանալը: Բայց առաջին անգամ էի պատահում մեկին, որ տաճկերենը հայերեն էր համարում: Ես խնդրեցի Լևոնին այցելել ինձ շուտ—շուտ և իմ կողմից խոստացա այցելել նրան: Նա ինձ երկար սպասել չտվեց: Հետևյալ օրն իսկ եկավ սենյակս և ուրախ—ուրախ հայտնեց, թե մայրն արդեն առողջանում է: Ուղիղն ասած` ես չէի հետաքրքրվում մոր վիճակով, ինձ զբաղեցնողը որդու ճակատագիրն էր: Երբ խոսքը բաց արի թատրոնի ու երաժշտության մասին, պատանին կերպարանափոխվեց, ինչպես կրակոտ սիրահար, երբ խոսվում է նրա ընտրյալի վերաբերմամբ: Ոգևորված նկարագրեց յուր լսած երևելի երգիչների ու նվագիչների տաղանդը: Վերջին յոթ տարվա ընթացքում լսել է բոլոր նշանավոր երգիչներին ու նվագիչներին, որոնք այցելել էին Ռուսաստան Օդեսայի վրայով: —Երևի դու էլ նվագում ես կամ երգում,— հարցրի ես: —Ո՛չ, սինյոր: —Չեմ հասկանում: —Երգելու համար ձայն չունիմ: —Իսկ նվագելու համար գործիքներ շատ ունիս սենյակումդ: Երեկ տեսա: —Այո՛, նվագում եմ մանդոլինա և կիթառ: —Նոտաներ գիտե՞ս: —Սինյորինա Լուիզան սովորեցրել է: Դուք լսե՞լ եք նրա երգեցողությունը: Հիանալի ձայն ունի” Այնպես չէ՞: Այո՞, հավանե՞լ եք: Իհարկե, ո՛վ չի հավանի: Օ՜օ, Լուիզային մեծ ապագա է խոստանում. Նա լռեց, հառաչեց, հայացքը ձգելով դեպի անորոշ տարածություն: Ես նրա դեմքի վրա նշմարեցի հոգեկան գաղտնի տառապանքի արտահայտություն: Խոստովանում եմ, այն ժամանակ նշանակություն չտվեցի նրա հառաչանքին: Եվ մի՞թե կարող էի երևակայել տասնութ տարեկան պատանու հոգին որևէ լուրջ վշտի ընդունակ: —Այդ բոլորը լավ,— ասացի ես,— բայց դու ինչո՞վ ես կերակրում քեզ ու մորդ: Չէ՞ որ հայրդ ժառանգություն չի թողել: —Գործ շատ կա, սինյոր: Պրոգրամներ եմ ծախում, ստատիստի դեր եմ կատարում բեմի վրա, պոչ եմ բռնում: Ա՜խ, սինյոր, եթե միջոց ունենայի, կսովորեի վիոլոնչել նվագել ու կմտնեի երաժշտական խումբը: —Հիշո՞ւմ ես հորդ, Լևոն: —Իհարկե, շատ լավ եմ հիշում: —Ասում են նա բարի մարդ էր: —Այո՛, սինյոր, շատ բարի էր, միայն... —Հարբում էր,— լրացրի ես պատանու խոսքը: —Նա երբեք ինձ չէր ծեծում, չէր էլ բարկանում վրաս, բայց ո՜չ, մի անգամ բարկացավ, հիշում եմ… —Երևի չարություն էիր արել: —Այո: Այն ժամանակ նրա խանութն ահա այն անկյունի կապույտ տան ներքին հարկում էր: Ամեն օր գնում էի այնտեղ կեղծամներ սանրում: Մի օր նա տխուր էր շատ: Մի ժեներալ եկավ երեսը սափրել տալու: Նրա մոտ միշտ մեծամեծներն էին գալիս: Ես վերցրի մի սանր, վրեն քաշեցի մի թուղթ ու սկսեցի շրթունքներովս նվագել: Ժեներալը բարկացավ ու հորս հրամայեց ինձ դուրս անել: Հայրս մոտեցավ, ականջս քաշեց ու, վզակոթիս տալով, վռնդեց դուրս: Բայց հետո, երբ ժեներալը գնաց, կանչեց ինձ ներս, աչքերս սրբեց, համբուրեց ու ասաց. “Եթե դու ունենաս երաժշտական ընդունակություն, ինձ գրավ կդնեմ` քեզ չեմ թողնիլ առանց ուսման”: Այո՛, սինյոր, շատ լավ մարդ էր, թեև հարբում էր: Սինյոր, ներեցեք, ո՞ր ժամն է: —Տասնումեկ: —Օ՛օ, ես ուշացա: Ներողություն, էլի կգամ: Ձեր սենյակը լավն է: Դուք ինձ գրքեր կտակ կարդալու, այո՞: Շնորհակալ եմ: Ցտեսություն: Այսօր Կալաֆատիի բենեֆիսն է: Թատրոնը լիքն է լինելու: Պետք է պոչ բռնեմ: Ես կամեցա հարցնել` ի՞նչ ասել է “պոչ բռնել”, բայց Լևոնն արդեն չքացել էր... ...Օպերային փոխարինեց դրաման: Մեծ պասի առաջին կիրակուց սկսվեցին ներկայացումները: Լևոնը մտավ յուր դերի մեջ, բայց ո՛չ նախկին սիրով. դրաման, օպերայի չափ չէր սիրում, մանավանդ որ եկվոր խմբի մեջ չկային գրավիչ ուժեր: Սակայն պատանուն պաշարել էի ուրիշ տեսակ աշխույժ, որ ինձ անհանգստացնում էր: Նա ամեն օր գալիս էր ինձ մոտ, վերցնում մանդոլինան, նստում լուսամուտի մոտ, նվագում “Մադրիդի շրջմոլիկը”: Երբեմն հանկարծ ընդհատում էր նվագումը, մանդոլինան շտապով դնում էր սեղանի վրա և դուրս վազում: Նա գնում էր Լուիզայի մոտ, նստում և երկար հարց ու փորձ անում առաջիկա ճամփորդության մասին: Եվ բարեսիրտ Լուիզան երբեք չէր ձանձրանում նրա հարցերից, որովհետև նրա համար հաճելի էր խոսել յուր ապագայի մասին: —Գիտե՞ք,— դարձավ ինձ մի անգամ Ռասիան,— նա ուղղակի սիրահարված է Լուիզայի վրա: Այո՛, կարող եմ երդվել, որ սիրահարված է: —Զգո՛ւյշ եղեք, օրիորդ,— ասացի ես,— Լևոնը կլսի ու կվշտանա: Ես հիշեցի թշվառ վարսավիրին և վախեցա` մի գուցե որդին ենթարկվի հոր վիճակին: Բայց, բարեբախտաբար, Լուիզայի շրջապատողներն ավելի խելացի էին, քան այն երգչուհու շրջանը, որի վրա սիրահարված էր եղել վարսավիրը: Ռաիսան խոսք տվեց ինձ այլևս չխոսել Լևոնի նվիրական զգացմունքների մասին... Հասավ, վերջապես, օրիորդի ուղևորության օրը: Մի շաբաթ էր` Լևոնն անճանաչելի էր դարձել. նա ուրախ էր ու զվարթ: Կարծես, ինքն էր պատրաստվում ճանապարհորդելու: Գնում էր, գալիս, խոսում, զվարճախոսում: Չգիտեր ինչ աներ Լուիզայի սիրտը շահելու համար: Ուղևորության նախընթաց երեկո Լուիզան ցույց տալով մի արծաթե գրչակոթ, ասաց. —Տեսե՛ք ի՞նչ խելագարություն է արել ձեր հայրենակիցը: Չէ՞ որ այս նրա մի շաբաթվա աշխատանքի վարձն է: —Նա նվիրել է ձեզ այդ գրիչը, որ նամակներ գրեք իրեն,— ասացի ես: —Այո՛, և ես կգրեմ նրան: Խնդրեցի նրան ետ վերցնել նվերը, վիրավորվեց, քիչ մնաց լաց լիներ: Գնացքն ուղևորվում է առավոտյան ժամը տասին: Մենք` սինյորա Ստեֆանիայի բոլոր կենողներս, գնացինք կայարան Լուիզային ճանապարհ դնելու: Կարծում էի Լևոնը ամենից առաջ եկած կլինի այդտեղ: Սակայն նա չկար և չերևաց երկար ժամանակ: Այս անսպասելի էր. ի՞նչը կարող էր խանգարել նրան վերջին անգամ տեսնելու Լուիզային: Սինյորա Ստեֆանիան ինձ հաղորդեց, թե Կավալլարոյից մի շատ սիրալիր նամակ է ստացել: Երգիչը ուրախությամբ հանձն է առնում հոգալ Իտալիայում Լուիզայի մասին, ղեկավարել նրա առաջին քայլերը: —Նա շատ ազնիվ մարդ է,— ավելացրեց տանտիրուհին ուրախ—ուրախ,— հարազատ եղբոր պես կնայի Լուիզային: Ես աղջկաս չէի թողնիլ, եթե չլիներ Կավալլարոն... Երբեք Լուիզային այնչափ զվարթ ու զվարճախոս չէի տեսել, որչափ այդ օրը, չնայելով որ մինչև կայարան գնալն երկու անգամ արտասվել էր մորից բաժանվելու պատճառով: Մի վայրկյան անգամ չէր հանգստանում, թռչկոտում էր, ինչպես յոթ տարեկան աղջիկ, քրքջում էր; հրճվում յուր ճանապարհորդությամբ: Ամենքիս հետ կատակներ էր անում և բոլորին խոստանում առանձին—առանձին նամակ գրել: Նա լի էր ապագայի վերաբերմամբ քաղցր հույսերով, և այդ հույսերը չէր թաքցնում մեզանից: Մի երկու տարուց նա կվերադառնա մշակված, կատարելագործված ձայնով կսկսի երգել օպերայում: Տեսեք, ինչպիսի՜ հաջողություն, որքա՜ն երկրպագուներ: —“Իսկ նա՞,— անցավ մտքովս ակամա,— նրա մասին չե՞ս մտածում”: —Բայց ո՞ւր է Լևոնը,— հարցրեց Լուիզան հանկարծ, կարծես գուշակելով իմ միտքը,— ա՜հ, իմացա ինչու համար է ուշանում: Ռիշելիեի փողոցով անցնելից տեսա նրան ծաղկավաճառի խանությում: այդ պատանու սիրտը օվկիանոս է, ընդարձակ... Ահա նա, գալիս է... Տեսեք` ինչ է բերում, չէի՞ ասում... Անուղղելի՜... Ճեղքելով կայարանի ամբոխը, Լևոնը մոտեցավ մեզ մի գեղեցիկ փունջ ձեռքին: Շատ վազելուց քրտնել էր ու սաստիկ հևում էր: Դիմելով ուղղակի Լուիզային, գդակը վերցրեց և գլուխ տալով փունջը ներկայացրեց: Արդեն լավ ճանաչելով նրան, ես վախեցա միայն մի բանից` Լուիզայի հանդիմանությունից: Եթե օրիորնդն ամենաթեթև ակնարկն անգամ աներ, թե այդպիսի մի նվեր բոլորովին չի համապատասխանում Լրոնի աղքատ գրպանին, գիտեի, պիտի չարաչար վիրավորեր նրան: Բայց նա նրբազգաստ գտնվեց. իսկույն ըմբռնեց Լրոնի հոգեբանությունը և այնպես հայտնեց յուր շնորհակալությունը, այնպես ժպտաց, հոտ քաշելով փնջից, այնպես գովեց նվերը, որ պատանու այտերը կարմրեցին հաճույքից: Այդչափ սրտագետ չգտնվեց Ռասիան. նա հարցրեց Լուիզային. —Կավալլարոն քեզ դիմավորելո՞ւ է Միլանում: —Այո,— պատասխանեց սինյորա Ստեֆանիան: —Մի՞թե նա այնտեղ է,— հարցրեց Լևոնը հուզված, դողդոջուն ձայնով: —Նա եկել է Միլան հատկապես Լուիզային դիմավորելու համար,— պատասխանեց սինյորա Ստեֆանիան մի առանձին հաճույքով: Այդ հոգեկան հաճույքը, որ մի ժպիտով Լուիզան պատճառել էր Լևոնին, վայրկենաբար չքացավ, տեղի տալով գաղտնի նախանձի կրծող կրքին: Բայց Լևոնը գիտեր զսպել իրեն չափահաս տղամարդի պես: Նա ասաց. —Այդ լավ է: Սինյոր Կավալլարոն կօգնի սինյորինա Լուիզային: Երկրորդ զանգի միջոցին Լուիզան սկսեց վերջին հրաժեշտը տալ: Նա արավ ավելի, քան կարելի էր սպասել նույնիսկ յուր նման մի բարի, հասարակ և պարզասիրտ օրիորդից, որ վարակված չէր նախապաշարումներով: Ազատվելով մոր գրկից, ամենից առաջ Լևոնի ձեռն առավ և... համբուրվեց նրա հետ պարզ, ընկերական կերպով: Հետո շտապ—շտապ սեղմելով մեր ձեռքերը, փունջը ձեռքին բարձրացավ կառախումբ: Ես դիտում էի Լևոնին: Նա բևեռվել էր նույն տեղում, ուր արժանացավ Լուիզայի հրաժեշտի համբույրին և նայում էր այն լուսամուտին, ուր պիտի երևար օրիորդը: Բնազդաբառ բռնեցի նրա թևից և մի փոքր հեռացրի կառախմբից... Ահա երևաց Լուիզայի զվարթ դեմքը լուսամուտից: Նա օդային համբույրներ էր ուղարկում մեզ: Մի քանի րոպե ևս, և լսվեց երրորդ զանգը, ու կառախումբը կամացուկ շարժվեց, այնպես անաղմուկ, որ կարծես նավ էր լողում: Այն ժամանակ միայն Լևոնը սթափվեց և գլխարկը բարձրացնելով գոչեց իտալերեն... —Բարի ճանապա՜րհ... Ցտեսությո՜ւն... Շուտո՜վ... Տուն վերադարձանք երկուսս միասին ձիաքարշով: Ճանապարհին Լևոնը մի բառ անգամ չարտասանեց: Լուռ էի և ես. չէի կամենում ընդհատել նրա մտքերի թելը: Թե նա տանջվում էր` այս պարզ էր ինձ համար, թե նա երջանիկ էր Լուիզայի համբույրով` այս էլ երևում էր: Բայց թե ի՞նչ էր մտածում` այս չիմացա, երևում էր միայն որ նրան զբաղեցնողը սովորական մի միտք չէ... Ես հրավիրեցի նրան սենյակս: Ինչ—որ պատճառով հրաժարվեց գալ: Արագ—արագ բարձրանալով վերև չքացավ հինգերորդ հարկի բարձրության մեջ: Այդ օրից ավելի քան մի շաբաթ անցավ, ես նրան չտեսա: Ինքը չէր գալիս սենյակս, իսկ ես բարձրանում էի վերև և միայն մորը հանդիպում: —Ուշ գիշերին տուն է գալիս սենյակս, երբ քնած եմ, առավոտը գնում է, երբ քնած եմ, բայց լավ որդի է, ամեն օր սեղանի վրա թողնում է հիսուն կոպեկ ողորմություն... Անիծվի նա... —Տիկին,— գոչեցի ես բարկացած, բոլորովին համբերությունից դուրս գալով այրու անվերջ անեծքներից,— նա ձեր ծախսը տալիս է, հերիք է, էլի, ի՞նչ եք ուզում... Խեղճ կինն ապշած նայեց երեսիս ու մի քայլ հետ դրեց: Երևի շատ էի բարկացած, և նա չէր սպասում իմ կողմից այդչափ կոպտություն: Ես զղջացի. ինչ և լիներ, նա դժբախտ էր, գոնե այդպես էր համարում իրեն: —Հետաքրքրվե՞լ եք արդյոք, ո՞ւր է գնում ամեն օր,— հարցրի ես ձայնս մեղմացնելով: —Շատ էլ հետաքրքրվում եմ, որ չի ասո՞ւմ: Կիթառն էլ ամեն օր հետը տանում է: Բայց ես կիմանամ` թե ուր է գնում, կիմանամ, չեմ թողնի, որ կորչի հոր պես... Զարմանալին այն էր, որ թատրոնների շուրջն էլ չէի հանդիպում Լևոնին: Ես կատարելապես տխրում էի առանց նրան, մանավանդ որ սինյորա Ստեֆանիայի սեղանատունը զրկվել է յուր հրապույրից: Այնտեղ այլևս չէին հնչում Լուիզայի մետաղային ձայնն ու վարակիչ ծիծաղը: Սինյորա Ստեֆանիան նրա ուղևորվելուց հետո երկրորդ օրը դաշնամուրը վերադարձրել էր երաժշտական խանութ, ուսկից վերցրած էր ամսավարձով: Չկար ո՛չ նվագող, ո՛չ երգող, ո՛չ ծիծաղող: Ռաիսան և ուսանողը մտերմացել էին ու զբաղված էին իրենց մտերմությամբ: Ավարտելով ճաշը, նրանք շտապում էին հեռանալ իրենց սենյակները: Ես ուրախությամբ կտեղափոխվեի մի ուրիշ բնակարան, եթե չվնասեի Ստեֆանիայի դրությանը: Նրա սենյակների մեծ մասը դատարկ էր, եթե ես էլ դուրս գայի, խեղճ կինը պիտի տուժեր: Մի անգամ ճաշից հետո բուլվարում էի: Այնտեղից բացվում էր Օդեսայի գեղեցիկ տեսարաններից մեկը: Մոտ երկու հարյուր ոտնաչափ բարձրությունից երևում են ամբողջ նավահանգիստն ու ծովածոցը իրանց հազարավոր նավերով: Ես վաղուց էի կշտացել այդ տեսարանից: Նստած ամբոխից հեռու, մի առանձնակի նստարանի վրա` երաժշտություն էի լսում: Ակամա հիշում էի Լևոնի մանդոլինան, որը տաս օր էր որբացել էր սեղանիս վրա: “Ո՞ւր է նա այժմ”— հարցնում էի ինքնս ինձ և հարցը մնում էր հարց: * * * Տարօրինակ դրության մեջ տեսա ես Լևոնին այդ երեկո: Հեզ պատանին կատարելապես կատաղել էր: Առանց բաճկոնի և կոշիկների թավալվել էր դռների առջև և մռնչում էր ինչպես մատաղ գազան, կրծոտելով իր ձեռների միսը: Նրա նիհար պարանոցի երակներն ուռել, փքվել էին, կարծես` ահա, ահա պիտի տրաքվեին ձգված լարերի պես, նա ոտները զարկում էր հատակին ինչպես դիվահար: Պատահել էր մի շատ սովորական դեպք, որի նմանները պատահում են Օդեսայի խուլ անկյուններում գրեթե ամեն երեկո: Նավահանգստից վերադառնալիս, Լևոնի վրա հարձակվել էին ինչ—որ քաղցած սրիկաներ, խլել ձեռքից կիթառը, հանել բաճկոնն ու կոշիկները և բաց թողել: —Եվ դրա համար քեզ սպանո՞ւմ ես,— գոչեցի ես, բռնելով Լևոնի թևը,— ամո՛թ: —Ես էլ այդ եմ ասում, որդի, խոմ չեմ նախատում: Տանը մի հատ պիջակ էլ ունիս, կոշիկներ էլ... Վայ, տեր աստված, ինչպես է գլուխը պատին խփում: Այս ի՜նչ պատիժ է, երկնային թագավոր... Կասկածելի էր, որ Լևոնը կիթառի, մանավանդ ողորմելի պիջակի ու կոշիկների համար այդպիսի հեծ ու կոծ բարձրացներ: Անշուշտ կորուստն ավելի մեծ էր: Խնդրեցի Ալմաստին մի քանի որպե թողնել մեզ առանձին: Այրին դուրս գնաց: Ճանաչելով Լևոնի բնավորությունը, գիտեի` ինչպես խոսել այսպիսի հանգամանքներում նրա հետ: Նա սիրում էր զգալ, որ մարդիկ իրեն չափահաս են համարում: —Ամոթ է, Լևոն: Փառք աստուծո, դու երեխա չես, խելքի եկ... Չարժե այդպես գոռալ: —Չարժե՞, չարժե՞, սինյո՜ր, դուք է՞լ եք ասում: Բայց չգիտեք ինչ եմ կորցրել, ի՜նչ: Ձախ կոշիկս... այո՛, ձախը... Գիտե՜ք... Իտալիա, վիոլոնչել, երգ, երաժշտություն, կորավ ամեն ինչ... Բուրվարի ներքևում էր, այն մեծ սանդուղքի մոտ: Երկու հոգի էին` մեկը բարձրահասակ, մյուսը թիկնավետ: Բարձրահասակը, բռնեց ետևից ձեռներս, մյուսը խուզարկեց գրպաններըս: Երբ մի ռուբլուց ավելի չգտան` բարկացան: Կարծում էի կիթառս կխլեն, կհեռանան: Չեղա՜վ: Պիջակս էլ հանեցին... Տերը նրանց հետ, թող շապիկս էլ հանեին` չէի խոսիլ... Բայց կոշիկներս, ձախ կոշի՜կս... “Հանի՛,— ասաց ձեռքերս բռնողը,— գոնե երկու բաժակ օղի արժեն”: Երբ թիկնավետը կռացավ կոշիկներս հանելու, կատաղեցի, սկսեցի կրծոտել նրա ուսերը, գլուխը... Նա ինձ ապտակեց: Աչքերս մթնեցին... Սկսեցի աղաչել, պաղատել... Չլսեցին անաստվածները... Տարան, տարան... —Ուրեմն կոշիկներիդ համար ես լալիս,— ասացի ես, մոտավորապես հասկանալով բանի էությունը: —Հարյուր հիսուն ռուբլի, սինյոր, հարյուր հիսուն ռուբլի կար կոշիկիս մեջ, ձախ կոշիկիս... Այնտեղ էի պահում հավաքած փողերս... Եվ նա սկսեց դառնագին հեկեկալ... Այսպես, ուրեմն, տարել էին նրա վեց—յոթ ամսվա աշխատանքի վարձը, նրա Իտալիա գնալու, Լուիզային տեսնելու հույսը... Նա ավելի ապահով տեղ չէր գտել յուր փողերի համար: Տանը պահել վախեցել էր: Մայրը կգտներ, չէր վերադարձնի: Այդ կինը ամեն առավոտ որդու գրպանները խուզարկում էր, մոտը փող չէր թողնում: —Փաթաթել էի թղթում, դրել կրունկիս կողմում, վրեն կաշի խփել, ծայրերը գամել... Շատ գիշերներ կոշիկներով եմ քնել... Տարա՜ն սրիկաները... Ով գիտե, հիմա ծախում են մի բաժակ օղիով կամ մի ֆունտ հացով... Տե՜ր աստված, տե՜ր աստված, ի՞նչ պիտի անեմ... Ես խոսքեր չէի գտնում թշվառին մխիթարելու: Խստություն չհամարեցի նախատել նրան յուր անզգուշության համար: Հարկավոր է միայն ցույց տալ կորուստը գտնելու գեթ մի հույս: Արդեն վիշտը շատ մեծ էր: —Ա՜ա,— գոչեց նա հանկարծ, ձեռը զարկելով հատակին,— հույս կա, հույս կա գտնելու: —Այո՜,— ուրախացա ես երեխայի պես: —Այո՛, սինյոր: Դուք ճանաչո՞ւմ եք Իցկոյի հորը: “Մոշկա սելյոդկա” են կոչում նրան: Հին հագուստեղեն ու կոշիկներ է գնում, վաճառում: Ա՛հ, իսկույն կգնամ նրա մոտ, իսկույն: Մա՛մա, ներս եկ, տուր ինձ մյուս կոշիկս, պիջակս, գնում եմ կիթառս փնտրելու... Հակառակ մոր կամքին, նա շուտով հագնվեց ու վազեց դուրս: Ես, իհարկե, Ալմաստին չհայտնեցի, թե Լևոնն ինչ է կորցրել: Երևակայում էի` ինչ ողբ պիտի բարձրանար և որքան անիծեր որդուն: Վերադարձա սենյակս, հոգով նախանձելով հարուստներին: Ինչո՞ւ ես էլ հարուստ չէի... ...Մի շաբաթ շարունակ Լևոնը վաղ առավոտից սկսած մինչև ուշ երեկո փնտրում էր յուր կորուստը: Ընկերները` Շաուշենկոն և Իցկոն, հուսահատվել էին, այլևս չէին օգնում նրան, իսկ նա դեռ փնտրում էր: Նա զրկվել էր քնից, հանգստությունից, ախորժակից: Տուն էր վերադառնում երեկոները, հագուստով պառկում անկողնում, հեկեկում ու հեկեկում: Ալմաստը հուսահատությունից չգիտեր` ինչ աներ, տանջվում էր որդու հետ հավասար: Նա պնդում էր, թե Լևոնը կխելագարվի, եթե այդ դրության մեջ մնա: Ամեն ինչ մոռացել է, ոչնչով չի հետաքրքրվում, նույնիսկ թատրոններով: Խոստովանում եմ, ես այլևս քաջություն չունեի Լևոնի վիշտը տեսնելու: Նրա ծանր հառաչանքները, ողբը, հեծկլտանքը, կտրատում էին սիրտս: Այնինչ` այժմ նա ավելի հաճախ էր այցելում ինձ, քան առաջ: Գալիս էր, նստում սեղանի քով և խոսում յուր կորստի մասին: Նա դեռ պահում էր իր սրտում մի թույլ հույս փողերը գտնելու: Ով գիտե, անկարելի ոչինչ չկա, կարող են այդ կոշիկները պտտել ամբողջ քաղաքը և դարձյալ ետ գալ, իրենց տիրոջ ձեռքն ընկնել... Բայց շուտով այդ թույլ հույսն էլ մեռավ նրա մեջ և Լևոնի միտքը սկսեց փոքր առ փոքր սթափվել: Ծանոթ նավաստիները խնդրում էին նրան շարունակել հաճախել պանդոկները, խոստանալով նրա համար նոր կիթառ գնել: Ես խորհուրդ տվի նրան ընդունել այդ առաջարկությունը և նորից սկսել փող ժողովել: Մի օր, վերջապես, նա գնաց “Արքայական յախտա” մի նոր կիթառ ձեռքին: Երեկոյան պատմեց ինձ, թե նավաստիները ինչպիսի ուրախությամբ են ընդունել նրան, ինչպես գրկել ու համբուրվել նրա հետ: Նրա բերանից դարձյալ օղու հոտ էր գալիս: Երևի այս անգամ խմել էր` վիշտը մոռացության տալու համար. ես քաջություն չունեցա նրան հանդիմանելու: Մի չնչին գումար, որ կարողացավ նա խնայել առաջին ամիսը, նորից վերակենդանացրեց նրա հույսեևը: Այս անգամ նա անկեղծ խոստովանեց ինձ, որ Իտալիա գնալու գլխավոր նպատակը Լուիզային տեսնելն էր: Գրեթե օր չէի անցնում, որ նա չհարցնի. —Սինյոր, ի՞նչ լուր կա Լուիզայից: Նա ինքը ամաչում էր անմիջապես սինյորա Ստեֆանիային դիմել այս հարցով: Ես հաղորդում էի նրան բոլորը, ինչ որ լսում էի տանտիրուհուց: Միշտ Լուիզան բարև էր ուղարկում Լևոնին: Եվ Լևոնը երջանիկ էր այդ ուշադրությամբ: Չգիտեմ, կա՞ր արդյոք մի ուրիշը, որ այնքան ուրախանար Լուիզայի ամեն մի նոր հաջողության համար, որքան այդ սիրահարը: Նա ասում էր, թե ամենից ավելի ինքն է սիրում Լուիզային, և ամենից առաջ էլ ինքն է ուզում ծափահարել նրան բեմի վրա. ոչ այստեղ` Օդեսայում, այլ այնտեղ` Իտալիայում: —Եթե մինչև առաջիկա գարուն չկարողանամ ճանապարհ ընկնել, կխելագարվեմ:— Մի ուրիշ անգամ դիմեց ինձ այս հարցով. —Ի՞նչ եք կարծում, սինյոր, Լուիզան նշանավոր երգչուհի դառնալով կգոռոզանա՞: Հասկացա, թե իսկապես ինչ է ուզում իմանալ: Հոգու խորքում նա ինքն իրան արժանի չէր համարում Լուիզային, բայց հպարտությունը չէր թույլ տալիս խոստովանել այդ: Նա ուզում էր իմ միտքն իմանալ` արժանի՞ եմ համարում իրեն Լուիզային, թե՞ ոչ: Կամենալով գեթ մի փոքր սթափեցնել այդ` օրից օր ավելի ու ավելի կուրացող հոգին, պատասխանեցի. —Այո, կգոռոզանա: Նա այժմ էլ, երբ դեռ շատ հեռու է նշանավոր երգչուհի համարվելու պատվից, գոռոզացել է... —Ո՞վ ասաց,— գոչեց Լևոնը վշտացած: —Նրա վարմունքը: Նա քեզ մոռացել է: —Ի՞նչ: Ինչո՞ւ, նա միշտ բարևներ է ուղարկում, խոմ ինքներդ եք ասում: —Այո՛, բարեկամս, ուղարկում է, բայց ների՛ր, այդ բարևների նպատակը ես ուրիշ կերպ եմ հասկանում: Լուիզան, դեռ երգչուհի չդարձած, արտիստների խորամանկությունն է յուրացնում: Ես ճանաչում եմ նույնիսկ տաղանդավոր երգչուհիներ ու դերասանուհիներ, որոնք շողոքորթում են համալսարանական քաղաքներում ուսանողներին, գավառական քաղաքներում` գիմնազիաստներին միմյանց նրանց ցույցերին արժանանալու համար: Իսկ դու քո խմբով ավելի գեղեցիկ ցույցեր գիտես անել: Լուիզան այս գիտե և քեզ հետ հեռավոր բարեկամություն է պահպանում յուր ապագայի համար, թեև գիտե միևնույն ժամանակ, որ դու կաշառվող չես: Ա՜խ, բարեկամս, մի՛ հափշտակվիր այն ուսանողի պես, հիշո՞ւմ ես, որ անցյալ տարի ինքնասպանություն գործեց մի երգչուհու պատճառով: Լուիզան քեզ չի սիրում, եթե սիրեր` նամակ կգրեր: Ինչո՞ւ մեկը գրեց ու լռեց: Գուցե ես զրպարտում էի Լուիզային, բայց ասածիս մեջ զգում էի ճշմարտության մաս: Լևոնին փրկելու համար պատրաստ էի ավելի վատ գույներով պատկերացնել Լուիզային նրա առջև: —Նա ժամանակ չունի ինձ նամակ գրելու, զբաղված է,— ասաց Լևոնը ոչ այնքան Լուիզային արդարացնելու, որքան յուր անձնասիրությունը պաշտպանելու համար: Որքան հիշում եմ, հենց այդ օրն էր, որ սինյորա Ստեֆանիան մտավ սենյակս անսովոր ուրախ տրամադրության մեջ և ասաց. —Սինյոր, հիմա կարող եք ինձ շնորհավորել: —Ի՞նչ է պատահել: —Պատահել է այն, ինչ որ վաղուց սպասում էի անհամբեր: Լուիզան երեկ պսակվել է Կավալլարոյի հետ... հենց այս րոպեիս հեռագիր ստացա... ահա՛... Եվ ծոցից հանելով հեռագիրը ցույց տվեց ինձ: —Այդպես անսպասելի՞, —գոչեցի ես, թեև վաղուց մի ներքին ձայն ինձ ասում էր, թե կա ինչ—որ մտերմություն Լուիզայի և Կավալլարոյի միջև: —Անսպասելի չէր, սինյոր, ոչ, այդ դո՛ւք չգիտեիք, իսկ ես գիտեի, որ նրանք նշանված են վաղուց: Նշանվելն ինձ համար կարևոր չէր, պսակվելն էր կարևոր: Ես լռում էի, վախենալով, որ գործը չփչանա: Ա՜խ, վերջապես, որքա՛ն ուրախ, որքա՛ն ուրախ եմ: Կավալլարոն հենց իմ ուզած փեսան է` բարի, քաղաքավարի, լավ երգիչ, լավ էլ փող է ստանում: Այո՛, Լուիզան ավելի լավ ընտրություն անել չէր կարող: Երեկ պսակվել են, այսօր պիտի ուղևորվեն Պարիզ. Կավալլարոն պիտի մի տարի մնա այնտեղ: Լուիզան, իհարկե, նրա հետ կլինի... Ես շնորհավորեցի երջանիկ մորը. բայց մի ներքին ձայն շշնջաց, թե շատ էլ անկեղծ չեմ վարվում: Ինչպե՞ս կընդունի այդ լուրը Լևոնը, որին սիրում եմ ավելի, քան Կավալլարոյին ու Լուիզային: Այդ օրը ես վերադարձա դրսից տուն ուշ գիշերին, որպեսզի չհանդիպեմ Լևոնին: Սակայն, հետևյալ օրը նա եկավ սենյակս երեկոյան սովորական ժամից առաջ: Սինյորա Ստեֆանիան ճաշի միջոցին ինձ ցույց էր տվել երկրորդ հեռագիրը, որով հայտնի էր, թե նորապսակներն արդեն ուղևորվել են Պարիզ: Տխուր, անմոռանալի երեկո, առաջին անգամ կողոպտվելուց հետո Լևոնի դեմքի վրա տեսա այդ երեկո ուրախ ժպիտ: Նա իսկույն պատմեց ուրախության պատճառը: Երկու օր է` նրան կանչում են “Խերսոն” շոգենավը: Այնտեղ նա նվագում է նավապետի և յուր օգնականների համար: Այսօր օգնականներից մեկը, տալով նրան յուր մանդոլինան, առաջարկել էր նվագել: Լևոնը կատարել էր նրա ցանկությունը: Նավապետին առանձնապես դուր էր եկել “Մադրիդի շրջմոլիկը”: Նա մի շատ բարի մարդ է. իմանալով, որ Լևոնը ձգտում է գնալ Իտալիա, այսօր խոստացավ օգնել նրան: Երկու օրից հետո “Խերսոնը” գնում էր Կրոնշտադտ: Այնտեղից ետ է գալու և ուղևորվելու է Միջերկրական ծով, հետո` Հեռավոր Արևելք: Ահա այդ ժամանակ նա կվերցնի Լևոնին յուր մոր հետ և կտանի մինչև Իտալիայի սահմանները... —Օ՜օ, սինյո՛ր, սինյո՛ր, այնքան ուրախ եմ, որ ուզում եմ թռչկոտել: Ես նավապետի պարտքի տակ չեմ մնա: Կնվագեմ նրա համար ամբողջ ճանապարհին, գիշեր—ցերեկ կնվագեմ: Իտալիա, Իտալիա, անպատճառ պիտի տեսնեմ: Որքա՜ն կզարմանա Լուիզան ու ինչպե՜ս կուրախանա... Ծանր էր ինձ համար այս անկեղծ խոսքերից հետո թաքցնել իրողությունը Լևոնից, որ այդ պահին մարմնացած ոգևորություն էր: —Լևոն,— ասացի,— շա՞տ ես փափագում տեսնել Լուիզային: —Այո՛, իհարկե: —Եթե չտեսնես, շա՞տ կտխրես: —Բայց ես կտեսնեմ նրան, սինյոր, կտեսնեմ Միլանում,— գոչեց Լևոնը հավատով լի, միևնույն ժամանակ մի տեսակ երկյուղով նայելով երեսիս: —Լուիզան այժմ Միլանում չէ: —Ո՞վ ասաց: —Սինյորա Ստեֆանիայի հեռագիրը: —Հապա որտե՞ղ է: —Պարիզում: —Ո՞ւմ հետ... —Կավալլարոյի... —Կավալլարո՞,— գոչեց պատանին գրեթե շնչասպառ: —Ամուսնացել է Լուիզայի հետ և երեկ ուղևորվել Պարիզ մի տարի ժամանակով,— ասացի ես միանգամից` սրտիս ծանրությունից ազատվելու համար: Լևոնը ցնցվեց, երեսի մկանունքները դողացին. մի վայրկյանում կարմրեց, կապտեց, հետո սփրթնեց կտավի պես: —Տեսա՞ր որ քեզ չի սիրում Լուիզան, որ դու երազի մեջ ես... Լևոնը ճիգ արավ զսպել հուզմունքը: Այդ տասնութ տարեկան պատանին, որի զգացմունքներն այնքան ժամանակ հասունացել էին, ուներ նաև կամքի ուժ: Սակայն հարվածն ավելի զորեղ էր: Նա թուլացած ընկղմվեց աթոռի վրա, արտասանելով. —Ա՛յ նորություն... պետք է շնորհավորել... —Այո՛, պետք է շնորհավորել,— կրկնեցի ես, ձևացնելով իբր թե չեմ նկատում նրա հուզմունքը: —Կավալլարոն լավ մարդ է, ազնիվ է,— ասաց նա դողդոջուն ձայնով, շրթունքները կրծոտելով: —Այնքան ազնիվ, որ Լուիզան չարժե նրան: —Սինյոր... —Չարժե, չարժե,— կրկնեցի ես վրդովվելով անմեղ իտալուհու դեմ: —Լուիզան բարձր է... Լուիզան հրեշտակ է... Այլևս նա չկարողացավ իրեն պահել. գլուխը դրեց սեղանին ու սկսեց հեկեկալ այնպես ուժգին, որ թվում էր, թե նրա մարմինը կտոր—կտոր է լինում: Առավոտը զարթնեցի մի անսովոր ծանրություն սրտիս վրա: Շտապով խմելով մի բաժակ թեյ, գնացի վերև: Լևոնը տանը չէր: Ալմաստն ասաց, թե գիշերը անկողին պառկելուց առաջ, տվել է հիսուն ռուբլի և համբուրվել հետը, թե գրեթե ամբողջ գիշերը նստած է եղել գրասեղանի քով, գրել է, ջնջել, պատռել: Առավոտը կրկին համբուրվել է նրա հետ և դուրս գնացել, տանը թողնելով կիթառը, որ ամեն օր հետը տանում էր: —Նա տխո՞ւր էր,— հարցրի ես: —Ոչ տխուր, ոչ ուրախ, այնպես էր, ինչպես միշտ: Կիթառը տանն է, մանդոլինան` սենյակում.— պարզ է, նա ո՛չ պանդոկ է գնացել, ո՛չ շոգենավ: Ո՞ւր կարող է լինել: Ես փափագեցի տեսնել նրան անպատճառ, հենց նույն ժամին. ես սաստիկ անհանգիստ էի: Դուրս եկա, պտտեցի թատրոնների շուրջը, անցա երկու անգամ Դերիբասյան փողոցը, ուր երբեմն Լևոնը զբոսնում էր: Չկար: Օրը կիրակի էր: Մտածեցի գուցե Հայոց եկեղեցումն է. կիրակի օրերը երբեմն գնում էր պատարագ լսելու: Այնտեղ էլ չէր: Ավելի քան երկու ժամ թափառելուց հետո վերադարձա տուն մտահոգ: Թվում էր ինձ, որ մի բան եմ կորցնում, մի շատ թանկագին բան: Դարպասի առջև հանդիպեցի Չաուշենկոյին: Նա Լևոնի սենյակից էր գալիս: Նա էլ էր փնտրում ընկերոջը, չգիտեմ ինչ—որ “կարևոր” գործի համար: Եղել էր պանդոկներում, “Խերսոն” շոգենավի վրա, հարցրել էր, նավաստները այսօր նրան չէին տեսել: Պատմեցի նրան պատահածը: —Օ՜, ունայնություն,— գոչեց բանաստեղծը յուր սովորական ոգևորությամբ,— ես միշտ ասել եմ, որ սերը դեպի կինը հոգու հիվանդություն է: Լևոնը վաղուց է ինձ խոստովանել, թե սիրահարված է այդ աղջկա վրա: Օ՜հ, ինչքա՜ն էր խոսում նրա մասին, ինչպե՜ս հառաչում... Պետք է գտնել նրան, հենց իսկույն... Նա տաքարյուն է... Խնդրեցի նրան մի քանի րոպե սպասել ինձ դրսում: Գնացի սինյորա Ստեֆանիայի մոտ: Անշուշտ Լևոնն այսօր եղել է նրա մոտ. չէ՞ որ ուզում էր շնորհավորել նրան: Երջանիկ տրամադրության մեջ գտա Ստեֆանիային: Նա ուրախությունից երգում էր ու պարում Ռաիսայի մոտ, այն րոպեին, երբ մտա սեղանատուն: Նա ասաց, թե հրավիրել է մի քանի բարեկամներ ու ծանոթներ, թե պետք է մի լավ զվարճանա: —Ա՜խ, սինյոր, այնպես ուրախ եմ, որ ուզում եմ բոլորին գրկել ու համբուրել: “Մի՛գուցե և ինձ”,— մտածեցի ես, գրեթե երկյուղով` նայելով նրա սյուների պես հաստ ու ուժեղ կռներին: Լևոնի մասին ասաց, թե առավոտյան եղել է իր մոտ, շնորհավորել է, ձեռքը համբուրել: —Նա քաղաքավարի պատանի է, իսկ և իսկ արտիստ: Կարծես հայրը վարսավիր չի եղել, այլ ջենտլմեն: Բայց ծիծաղելի էր, չէր հավատում Լուիզայի ամուսնությանը: Հեռագիրը տվեցի, ինքը կարդաց, մեկ էլ շնորհավորեց, բայց այնպես մտիկ արավ աչքերիս խեթ—խեթ ապշած, որ կարծես, նոր էր տեսնում ինձ: Հետո առանց դես, առանց դեն ասած. “Սինյորա Ստեֆանիա, մորս սիրեցեք, նա խեղճ կին է”: Առհասարակ շատ օտարոտի էր... Այսքանը բավական էր, որպեսզի իմ մեջ ծագեր վատ նախազգացում: Դուրս գալով փողոց, Չաուշենկոյին հաղորդեցի իմ երկյուղը: Նա առաջարկեց գնալ քաղաքային թատրոնի կողմերը: Իցկոն այժմ պիտի այնտեղ լինի. նա կարող է գտնել Լևոնին: Իցկոյին հանդիպեցի յուր հասակի մի հույնի հետ սաստիկ վեճի բռնված: Պարզվեց, որ Լևոնի պատճառով էր: Հույնը Լևոնի մրցակիցն էր թատրոնի վերնահարկում և շվացնում էր այն երգիչներին, որոնց նա ծափահարում էր: Նա Իցկոյի մոտ Լևոնին հայհոյել էր. Իցկոն պաշտպանել էր բացակա ընկերոջը և վեճի բռնվել: Երբ Չաուշենկոն պատմեց ինձանից լսածը, Իցկոն վեր ու վար թռչկոտելով գոչեց. —Իհե՛, իհե՛, խեղճ Լևոն... Նա ևս գիտեր, որ Լևոնը միշտ երազում էր Լուիզայի մասին և պատմեց մեզ մի քանի մանրամասներ: Ի միջի այլոց ասած, թե շատ տխրելիս Լևոնը գնում էր “Ալեքսանդրյան պուրակ” կոչված զբոսավայրն ու այնտեղ ծովափի կողմում մի հեռավոր նստարանի վրա նստում, կիթառը ծնկների վրա դնում ու մտիկ անում նավահանգստից դուրս եկող շոգենավերին: Քանի՜—քանի անգամ Իցկոն հանդիպել էր նրան այս դրության մեջ և նա ասել է. “Իցկո, երբ մտիկ եմ անում մի հեռացող շոգենավի, ինձ թվում է, որ ես էլ նրա վրա ուրիշների հետ գնում եմ հեռու, հեռու երկրներ...”: —Գնա՛նք Ալեքսանդրյան պուրակ, այնտեղ է երևի,— առաջարկեցի ես: Տասը րոպեյում հասանք զբոսավայրը, անցանք այդ ընդարձակ այգին երկարությամբ և լայնությամբ, նայեցինք բոլոր ծառուղիները, չկար ու չկար Լևոնը... Ես վերադարձա տուն հոգնած և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, թողնելով Չաուշենկոյին և Իցկոյին որոնել իրենց կորցրած ընկերոջը: Վատ նախազգացումն ինձ այնքան չարացրել էր, որ ես առանց որևէ պատրվակի հրաժարվեցի մասնակցել սինյորա Ստեֆանիայի այդ օրվա ուրախ խնջույքին: Ես պառկած էի հագուստով անկողնակալիս վրա և մտածում է Լևոնի և միայն Լևոնի մասին: Նրա տխուր, հուսահատությամբ լի աչքերն էի հիշում վերջին րոպեին և նրանց մեջ կարդում էի մի փոքրիկ, բայց սքանչելի հերոսի հոգու անհուն տվայտանքը: Երևակայում էի նրան յուր թշվառ հոր դրության մեջ: Հարբած, կեղտոտ վեր ընկած թատրոնի դռների առջև, անցորդների ծաղրին ու սրախոսություններին ենթարկված... Նայում էի նրա մանդոլինային, սիրտս մորմոքվում էր: Անշուշտ գործիքը կարծես լեզու էր ստացել, ողբում էր յուր տիրոջը: Ես վերցրի նրան սեղանի վրայից, քաշ արի պատի մի անկյունում, որ այլևս աչքիս չընկնի: Մի քանի անգամ մատներս դիպան նրա լարերին և նրանց թույլ հնչյունները հիշեցրին ինձ այն նշանավոր առավոտը, որ Լևոնը առաջին անգամ նվագեց “Մադրիդի շրջմոլիկը”: Թշվա՜ռ շրջմոլիկ, ո՞ւր ես դու այժմ... Իսկ այնտեղ, հարևան սենյակում, ուտում—խմում, զվարճանում էին հրավիրվածները: Լսում էի Ռաիսայի ձայնը և սինյորա Ստեֆանիայի բարձրաձայն, ուրախ ծիծաղը, որ առատ—առատ բխում էր նրա լայն, առողջ կրծքից... Փոքր առ փոքր նյարդերս թմրեցին. ես նիրհեցի, որովհետև գրեթե ամբողջ գիշեր չէի քնել... Կես քուն և կես արդուն դրության մեջ լսեցի ինչ—որ դղրդոց. վեր թռա տեղիցս... Դա Լևոնի մանդոլինան էր, որ ընկել էր պատից հատակի վրա: Նույն րոպեյին, երբ գործիքը նորից քաշ էի անում պատին, դրսից լսեցի անսովոր աղմուկ: Շտապեցի նախասենյակ և այնտեղ հանդիպեցի սինյորա Ստեֆանիային յուր հյուրերի հետ: Նրանց դեմքերն արտահայտում էին զարմացում և երկյուղ: —Ի՞նչ է պատահել, ի՞նչ է պատահել, — հարցնում էին միմյանց: Մեր բնակարանի մուտքի առջև կանգնած էր այրի Ալմաստը և ձեռները տարածած դեպի ներքև գոռում էր, հրդեհում այրվողի պես: Երկու ոստիկան և մեր գավթապահը բարձրացնում էին սանդուղքով... Նրանց ետևից բարձրանում էին Չաուշենկոն և Իցկոն: Նայելով Լևոնի թրջված հագուստին, կապտած դեմքին, ամեն ինչ պարզ հասկացա: Մնացյալն երկու խոսքով պատմեցին Չաուշենկոն և Իցկոն: Լևոնին հանել էին ջրից նավաստիները “Խերսոն” շոգենավի տակից, որ երկու շաբաթից հետո պիտի տաներ նրան Իտալիա...
  24. ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ալեքսանդր Շիրվանզադե (1858 - 1935) Հայ ռեալիստական արձակի խոշորագույն ներկայացուցիչ Ալեքսանդր Շիրվանզադեն ( Ալեքսանդր Մինասի Մովսիսյան) ծնվել է 1858 թվականին, Շամախի քաղաքում: Սովորել է տեղի հայկական թեմական դպրոցում, ապա՝ քաղաքային երկդասյան դպրոցում: Մանկության ու պատանեկության տարիներին շատ դառնություններ է կրել: Բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել նաև Բաքվում եղած ժամանակ, ինքնակրթությամբ լրացրել է ուսումնասիրության պակասը: Շիրվանզաեյի վրա մեծ ազդեցություն է թողել ռուս գրականությունը, որն այնպես սիրով ու ջերմորեն է կարդացել, ուսումնասիրել: 1883 թվականին Շիրվանզադեն տեղափոխվում է Թիֆլիս և լիովին հրատարակում է “Նամուս” վեպը ( 1885 թ.), որը նրան համբավ է բերում գրական աշխարհում: Այնուհետև տպագրում է հայ ռեալիստական արձակի գլուխգործոցներից մեկը՝ “Քաոս” վեպը (1898 թ.): Արտասահմանում եղած տարիներին Շիրվանզադեն հոգու բոլոր թելերով կապված էր Հայաստանի հետ, ապրում էր նրա ցավերով ու հոգսերով և իր ժողովրդի իսկական փրկությունը տեսնում էր Մեծ հոկտեմբերի վեհ գաղափարների հաղթանակի մեջ: Շիրվանզադեն վախճանվեց 1985 թվականին: Մեծ են Շիրվանզադեի ծառայությունները հայ գրականությանը: Նա մի նոր աստիճանի բարձրացրեց հայ թատերգությունը: Նրա “Պատվի համար” դրաման, “Մորգանի խնամին” կատակերգությունը և մյուս պիեսները դրա վառ ապացույցն են: “Արտիստը” Շիրվանզադեի լավագույն երկերից է, որը գրված է բարձր արվեստով: Այս ստեղծագործության մեջ նա կերտել է բազմաթիվ հուզիչ պատկերներ, սրտառոչ նկարագրություններ, որոնք մի առանձին հմայք են հաղորդում երկին: Շիրվանզադեի ռեալիզմը, բուրժուական հարաբերությունների անողոք քննադատությունը, կյանքի ճշմարտացի պատկերման հետևողականությունը և բազմաթիվ այլ հատկանիշներ նրան դասում են մեծ գրողների շարքը:
  25. ԿՈՒՅՐ ԱՉՔԸ ԿՆԵՐԵ, ԿՈՒՅՐ ՍԻՐՏԸ ՉԻ ՆԵՐԻԼ ( Հատված “ Գևորգ Մարզպետունի” պատմավեպից) Սևադա իշխանի խոսքերը ծանր տպավորություն արին Մարզպետունու վրա: Չնայելով, որ նա րոպեապես գրգռվելով սպառնաց իշխանին, թե “ ապա թագավորը կգա եգերացոց զորքերով, կվանե Ցլիկ Ամրամին, կամ կսպանե Դավիթ որդուդ և այլն”, այսուամենայնիվ Սևադայի վերջին գուշակությունը երկյուղ ազդեց նրա սրտին: Նա որքան քաջ, այնքան և բարեպաշտ և երկյուղած եր,, նա հավատում էր, որ աստված լսում է կույր ծերունիներին և կատարում է օրհնությամբ կամ անեծքով, նրանց հայցած խնդիրները: Այս պատճառով մի գաղտնի և մինչև այն իրեն անծանոթ կասկած պաշարեց յուր սիրտը: Նախազգուշացմո՞ւնք էր այս, թե նախապաշարման ազդեցություն, հարկավ, նա չէր կարող որոշել, բայց նա գիտեր, որ թագավորը հանցավոր է, և, որ աստված, թեպետ երբեմն ուշ, բայց և այնպես, պատժում է հանցավորին...Նա մտածում էր, որ թագավորը կարող է հաղթվել, որ ամբստամբները կարող են ցրել եգերացիներին...Եվ այդ մի անպատվություն կլիներ հայոց արքայի համար, որ եկել էր յուրայինների հետ պատերազմելու՝ օտար զորքով...Իսկ այդ անպատվությանը կհաջորդեին, անշուշտ նոր կոտորածներ, նոր ավերումներ... Այս մտքերը սարսափեցրին իշխանին: Բայց նա լուռ նստած սպասում էր, թե ուրիշ ի'նչ պիտի ասեր Սևադան:Նա որոշել էր չհակառակել այլևս նրան, չգրգռել, չվիրավորել հոգին, այլ խոնարհիլ և հետը խոսել ողոքանոք: “Գուցե այդպիսով ամո?եմ կարծրացած սիրտը, կենդանացնեմ ընդարմացած խիղճը և նրա արդար ցասումից հայրենիքին սպառնացող վտանգը հեռացնեմ...” — ,մտածում էր նա : Այդ միջոցին ներս մտավ ծառաներից մեկը և ջուր բերավ հյուրին՝ լվացվելու համար: Մարզպետունին ակնարկեց նրան՝ նախ Սևադա իշխանին մատուցելու կոնքը, որովհետև իրան, իբրև տարիքով փոքրի, վայել չէր առաջ լվացվել: Սևադան, որի ուշադրությունից ոչինչ չէր վրիպում, ժպտալով նկատեց. —Զարմանում եմ , որ թագավորը մանկությունից սկսած մեծացել է քեզ հետ, բայց պատշաճից օրենքները հարգելու մասին ոչինչ չէ սովորել քեզանից: — Բայց նա ունի և ուրիշ շատ ավելի առավելություններ, որոնց համար կարժեր ներել յուր փոքրիկ թերությունները...— մեղմությամբ պատասխանեց մարզպետունին: Երբ նրանք լվացվեցան, երկու ուրիշ ծառաներ ներս բերեցին ընթրիքը, որ պատրաստված էր երկու արծաթյա դրվագազարդ խաների մեջ, որոնցից մինը դրին մարզպետունու և մյուսը Սևադայի առաջ: Մանկահասակ ծառաներից մեկը չոքեց Սևադայի հանդեպ, որպեսզի օգնե նրան կերակուր առնելու, իսկ մյուսը կանգնած և արծաթե սրվակը ձեռքին գինի էր մատռվակում ինչպես յուր տիրոջը, նույնպես և հյուրին: Մարզպետունին հուզված էր և գրեթե ոչինչ չէր ճաշակում: Սևադան այդ իմացավ մատռվակի մի պատասխանից և ժպտալով ասաց. — Տեսնում ես իշխան, հասարակ ժողովուրդն ավելի խելոք է վարվում: Մի ժամ առաջ ասացի, թե նա յուր տանը մտնող հյուրի գալստյան պատճառները չի քննում, մինչև որ նրան կուշտ չի կերակրում: Բայց ես չկամեցա նրանց նմանվել: “Մենք օտրաներ չենք, ասացի. տարօրինակ կլիներ , եթե մի վայրկյան առաջ ցանկանայինք տեղեկություններ առնել իրարից, մեզ հետաքրքրող խնդիրների մասին...”: Այժմ տեսնում եմ, որ սխալվել եմ: Եթե ես քո գալստյան պատճառը հարցրած և քեզ պատասխաններ տված չլինեի, այժմ դու ախորժանոք կերակուր կվայելեիր իմ տանը: — Այդպես է, իշխան, կեղծել չեմ կարող,— պատասխանեց Մարզպետունին, — և լավ չէ, որ մենք առհասարակ չենք հետևում մեր փորձված պապերի խրատներին: — Այո', համաձայն եմ քեզ հետ, այդ խրատները սուրբ խրատներ են, երբեք չպիտի մոռանանք նրանց: Բայց մենք մոռանում ենք հենց ամենից կարևորները: Այդ խրատներից մեկն այն է, որ ասում է “ Զուգություն է մայր բարյաց, անզգություն ՝ ծնող չարյաց...”: Սևադան մի վայրկյան լռեց և ապա ժպտալով դարձավ խոսակցին. — Դու ինձ կշտամբում ես, տեր Մարզպետունի և իրավունք ունիս: Բայց ես խնդրում եմ, որ ընթրիքդ վայելես. այդ ինձ ավելի կուրախացնե, քան թե “զուգություններից” առաջացող բարիքները, որոնց շատ անգամ մենք չենք կարողանում բուն չարիքներից զանազանել...: Իշխանը հիշեց, որ որոշել էր չհակառակել, ուստի լռեց և սկսավ ուտել: Բայց նրա վրա, արդարև, ծանր ազդեցություն էր անում Սևադա իշխանի՝ ծառայի օգնությամբ կերակրվելը: Միայն այդ տեսարանին ներկա չլինելու համար նա կցանկանար, որ երբեք մեռած չլիներ Գարդման: Չէ՞ որ նա տեսել էր այդ իշխանին առողջ ժամանակ, երբ նա ճեմում էր իր առաջ ինչպես մի հսկա, կրակոտ աչքերով, հպարտ նայվածքով, դեմքի վես արտահայտությամբ...Իսկ այժմ...Այժմ կծկված եր նա տախտի մի անկյունում, ինչպես զառամյալ ծերում, նիհարած , դալկադեմ և միայն հոգին էր , որ չէր ճնշվում նրա մեջ մարմնի կրած զրկանքներից: Երբ ընթրքիը վերջացավ , Մարզպետունին հարցրեց, թե ինչո՞ւ Գրիգոր իշխանը չի կամենում գալ իրենց մոտ: — Գրիգորը նույնպես Ամրամի հետ է,— պատասխանեց Սևադան : — Դավիթ որդիս առաջնորդում է աղվանից գնդերին, իսկ Գրիգորը գարդմանացիներին : — Առաջնորդում է գարդմանացիների՞ն...զարմացած հարցրեց Մարզպետունին: — Այո', առաջնորդում է : Միթե՞ այդ խոսքը զարմացնում է քեզ: Դու անշուշտ մտածում ես , թե ինչպե'ս կույրը կարող է առաջնորդել, այնպես չէ՞: Բայց իմ զորքերը պատերազմի համար ուրիշ առաջնորդներ ունեն: Գ?իգորի ներկայությունը անհրաժեշտ է բանակում նրա համար, որ գարդմանացիք ամեն րոպե աչքի առաջ ունենան իրենց կույր իշխանին և սրտների մեջ վառ պահեն վրեժխնդրության կրակը: Ոչ մի զորապետի խրախույսը այնքան չի գրգռիլ իմ քորքերի քաջությունը, որքան իմ որդվո կուրությունը...Նրանք տիրասեր են և չեն հանգստանալ մինչև որ իմ և նրա վրեժը չառնեն թագավորից: Մարզպետունի զարմանում էր , որ Սևադան բանում էր նրա առաջ յուր սիրտն անկեղծորեն, , հայտնում էր նրան մինչև անգամ յուր նախահոգակ դիտավորությունները. և այդ անում էր առանց քաշվելու, կամ նույնիսկ վախենալու, թե ինքը, Մարզպետունին, իբրև արքայի հավատարիմ ու զինակից, կարող է խոչընդոտ լինել իրեն՝ յուր նպատակներն իրագործելու: Սևադայի այս վարմունքը ավելի ևս երկյուղ էր ազդում Մարզպետունու սրտին: — Եվ այսպես. դու ուրեմն հոգացել ես , որ գարդմանացոց վրեժխնդրությունը լինի անշիջանելի, իսկ ամսամբությունը՝ համաճարակ և կործանի՞չ,— հարցրեց իշխանը հուսահայտ ձայնով: — Այո', տեր Մարզպետունի, ուրիշ կերպ վարվել չէի կարող. անիծի'ր ինձ , եթե կամնում ես, բայց գիտցի'ր, որ երբ բաժակը լցվում է, այն ժամանկ այլևս անկարելի է ավելացնել նրա վրա ուրիշ մի քանի կաթիլ և պահանջել, որ նա չթափվի... Մարզպետունին զգաց, որ հասել է արդեն ժամանակը՝ գործադրել այն զենքերը, որոնցով միայն հնարավոր էր անողոք իշխանի սիրտն ամոքել.— այդ զենքերը յուր խնդիրներն ու ախաչանքներն էին : Այդպիսի զենքերով , իհարկե, նա չէր հայցի օտարից , նույնիսկ հայրենիքի փրկությանը, բայց մի ներքին խռովություն դադարեցնելու համար նա չէր քաշվում աղաչել հարազատին, որովհետև դրանով նա չպիտի նվաստացներ իրան, այլ պիտի բարձրացներ նույնիսկ Սևադայի աչքերում: Այդ պաճառով ասաց. — Եթե ես ծունր չոքեի քո առաջ , Սևադա իշխան, համբուրեի քո ոտքերը և աղաչեի, որ խնայես դու եղբարցդ ու որդկերանցդ արյունը...արգելես այն կոտորածը, որ մի օրվա մեջ անթիվ ընտանիքներ պիտի կործանե, բյուրավոր մանուկներ պիտի որբացնե, կանայք ու հարսունք պիտի այրիացնե: Եթե հիշեցնեի քեզ նախ՝ քրիստոնեի և ապա՝ հայ մարդու սրբազան պարտքը, որ է չարին չարյավ չհատուցանել և հայրենիքը կործանելու գնով վրեժխնդրությունը չհագեցնել...Ի՞նչ կանեիր դու, Սևադա իշխան, միթե՞ անողոք կմնաիր իմ աղաչանքներին, իմ արտասունքների առաջ... — Ո'չ մի խոսք այդ մասին, տեր Մարզպետունի: Բնությունն ուրիշ կերպ է ստեղծել մարդուն, իսկ մենք այլ կերպ ենք հասկանում նրան: Իզուր ենք մենք այդ մասին խրատներ կարդում մեզ և իզուր էլ քրիստոնյաներ անվանում. մենք մեր կրքերի հպատակներն ենք և ոչ թե Քրիստոսի աշակերտներ: Քրիստոնյա մարդ չկա աշխարհում: Քրիստոսի պատվերները կատարում են միայն նրանք, որոնք զրկանք չեն կրել ապերախտ ընկերից կամ եթե կրել են չեն կարողանում “ ակն ընդ ական և ատամն ըդն ատաման”փոխարինել: Բայց նրանք, որոնք ուժ ունեին փոխարինելու՝ փոխարինում են զրկանք. և այդ ավելի բնական է, քան քրիստոնեաբար ներելը: — Իսկ նրա՞նք, որոնք ուժ ունեին վրեժխնդիր լինելու , սակայն ներում են... — Եթե կան այդպիսի մարդիկ, ապա նրանք գերբնական արարածներ են, ճիշտ Քրիստոսի աշակերտներ են, բայց ես այդպիսիներին չեմ ճանաչում: — Դու եղի'ր նրանցից մինը, Սևադա իշխան, միթե՞ քո սիրտն ավելի չի հպարտանալ այն ժամանակ, երբ մտածում ես, թե կարող էի վրեժխնդիր լինել և սակայն ներեցիր. քան այն ժամանակ, երբ վրեժխնդիր լինելով՝ շուրջդ ավեր և սրածություն սփռես: Ով որ գիտե, թե որն է բարին և լավագույնը, և սակայն գործում է հակառակը, նա մի չարագործ է: Անշուշտ, Գարդմանա տերը չի ցանկանալ, որ մեզնից մեկը համարձակվի նրան այդ անունը տալ: — Գարդմանա տերը, դժբախտաբար ,մի հասարակ մարդ է. բնությունը նրա կրծքի տակ այնպիսի մի սիրտ, որպիսին ունեին և ուրիշները, նա չի կարող զգալ այն, ինչ չեն զգում յուր նմանները: — Ո'չ, Գարդմանա տերը մի սինքլոր կամ գեղջուկ չէ, որ չճանաչե առաքինությունը: Նա գիտե, թե որքան քաղցր է ներել, և պիտի ներե անշուշտ: Ես խնդրում եմ քեզանից այդ շնորհը այն մայրերի և կանանց բերանից, որոնց որդինենրն ու ամուսինները պիտի զոհվեն քո վրեժխնդրությանը: — Տեր Մարզպետունի, դու ինձ զինաթափ ես անում. քո խոսքերը ճնշում են իմ սիրտը, որովհետև դու նստած ես այժմ իմ առաջ, և ես լսում եմ քո կենդանի բարբառը: Բայց երբ դու հեռանաս, և ես մնամ միայնակ, երբ այս ահագին սրահի մեջ չղջիկները գան ինձ ընկերակցելու, երբ առավոտյան արևը բերե ինձ նույն խավարը, ինչ որ բերել էր գիշերը, երբ երկու քայլ փոխելու համար կարոտ եմ իմ ծառաների շնորհին, երբ տենչանոք տենչամ , բայց չկարողանամ լսել իմ լծակցի մխիթարական մի խոսքը և մտածում եմ, որ թագավորի անողորմ հրամանը գերեզման տարավ նրան, այն ամուսնասեր կնոջը, այն որդեսեր ծնողին...Երբ լսեմ իմ թշվառ հարսի տխուր երգերը կամ կույր ամուսնու սև բախտը լացող նրա ողբերը...Երբ Գրիգորի որդին՝ փոքրիկ Սևադան, գա հարյուրերորդ անգամ ինձ հարցնելու, թե ՝ “ Պապիկ, դու ծերացար, աստված քեզ կուրացրեց, իսկ իմ հայրը ինչո՞ւ համար է կույր...”: Ասա', տեր Մարզպետունի, երբ սիրտս անընդհատ գոռա՝ “ Վրե՜ժ, վրե՜ժ անզգամին...”, ի՞նչ անեմ ես այն ժամանակ... — Ի՞նչ անես այն ժամանակ: — Այո՜, ասա, ես ինքս ինձ կամենում եմ հաղթահարել: — Ի՞նչ արավ Սմբատ թագավորը, երբ յուր աշխարհի ավերումը տեսնելով՝ իջավ կապույտ բերդից յուր անձը հանձնելով թշնամուն: Ի՞նչ արավ, երբ դահիճները յուր թաշկինակն առնելով վարոցներով բերանը խրեցին, երբ կզակին գելարաններ դնելով՝ չվանով պարանոցը պրկեցին, երբ ծանր բեռները գլխին թափելով՝ տասնյակ հոգի վրան նստեցին, երբ վերջապես դյուցազնի շունչը հատցնել չկարողանալով՝ նրա անդամներն սկսան հոշոտել և վերջը խաչի վրա տարածել... Սևադան լուռ էր: — Ոչինչ չարավ, նա ասաց. “Տե՜ր, ընդունիր այս զոհը, որ բերում եմ իմ ազգի համար, և նրա փոախրեն՝ փրկիր իմ ժողովուրդը պատուհասից...”: Նա ասաց. “Լավ է մեզ, զի այր մի մեռանիցի ի վերայ ժողովրդյանս և մի ամենայն ազգս կորիցե...”, և հոժարությամբ հանձն առավ նահատակությանը: Դու էլ, իշխան, ընդունիր , թե չարագործը հագարացու մինն է քեզ կուրացրել և այն ժամանակ անտրտունջ կարող ես կրկնել նույն խոսքերը, երբ տխուր միայնությունը, ցերեկվա խավարը, սիրեցյալ ամուսնուդ հիշատակը, հարսիդ ողբերը և փոքրիկ Սևադայի թոթովանքը կգան քո սիրտը և հոգին վրդովելու...: Հագարացի գազաններին աղաչել , համոզել անկարելի էր, նրանց հոգվո ծարավը արյունն էր զովացնում, բայց հայ իշխանին աստված այդ հոգին չէ տվել . ուրեմն նա պիտի լսե յուր խղճի ձայնին, պիտի լսե իմ աղաչանքնին և հավատա , որ նույնիսկ իմ բերանով խոսում է յուր հետ ազգի ամեն մի թշվառացող անդամ: Սևադան լուռ էր մի քանի վայրկյան. հանկարծ նա գլուխը բարձրացնելով հարցրեց. — Ի՞նչ է քո պահանջը ինձանից, Գևորգ իշխան: — Այն, որ հեռացնես Ամրամից քո զույգ որդիներին և ետ կանչես Ուտիքից թե' Աղվանից և թե'Գարդմանա գնդերը: Սևադան կրկին գլուխը կախեց և սկսեց մտածել: Սենյակում մի առ ժամանակ լռություն տիրեց: Բայց Գևորգ իշխանն զգում էր արդեն, որ յուր խոսքերը ցանկալի տպավորություն արին Սևադայի վրա, ուստի սրտատրոփ սպասում էր նրա համաձայնությանը: Եվ ահա' վերջապես Սևադան խոսեց: — Դու ինձ համոզեցիր, տեր Մարզպետունի. իմ մեջ շարժեցիր նախանձավորության զգացում. ես չեմ կամենում, որ դու հայրենասիրությամբ գերազանցես ինձ: Թող այդպես լինի: Ես թողնում եմ վրեժխնդրությունը...:Բայց բռնկած ապստամբությունը խաղաղեցնելու համար կա և մի ուրիշ արգելք, որ ես բառնալ չեմ կարող: Այդ աշխատությունը դու պիտի հանձն առնես: — Ամենայն ուրախությամբ. աշխատությունից ես չեմ փախչում, միայն թե ասա', որն է արգելքը: — Ես իմ որդիներին կհամոզեմ և կվերադարձնեմ իրանց զորքերով, բայց Ցլիկ— Ամրամին համոզել չեմ կարող, որովհետև ինքս եմ թշնամության կրակը վառել նրա սրտում. այժմ ինչպե՞ս հակառակ խորհուրդ տամ նրան: — Այդ նեղությունը ես հանձն կառնեմ,— ասաց Մարզպետունին: — Շատ գեղեցիկ, բայց իմացած եղիր, որ մինչև Ամրամը չհամոզվի ետ կանգնել յուր մտադրությունից, ես իմ զորքերը չեմ բաժանիլ նրանից: Որովհետև խոսք եմ տվել աջակցել նրան ամեն դեպքում, ուրեմն և իմ խոսքը դրժել չեմ կարող: Այժմ դու գնա' Ամրամի մոտ, աշխատի'ր համոզել նրան, որ հնազանդվե յուր թագավորին: Եթե կհաջողես ձեռնարկությանդ մեջ, սուրհանդակ ղրկե ինձ , և ես իսկույն հարկ եղած հրահանգները կտամ իմ որվոց, որ հեռանան Ուտիքից իրենց զորքերով: Իսկ եթե չես հաջողիլ, այն ժամանակ իմացիր , որ աստված չի ցանկանում անցընել փորձության բաժակը , և ուրեմն մեզանից մեկը պիտի դատարկե այն: Մարզպետունի իշխանը սաստիկ ուրախացավ և յուր շնորհակալությունը Սևադային հայտնելու համար առավ նրա աջը և համբուրեց: Իշխանի կարծիքով ամենամեծ դժվարությունն արդեն բարձվել էր:Սևադան, որ ամենքից ճանաչված էր իբրև անողոքելի մի քարաժայռ, ահա', համոզվել էր: Ի՞նչ դժվարություն կար, ուրեմն, Ցլիկ— Ամրմաին համոզելու, մի մարդու, որ համառություն չուներ և որ ի բնե ստեղծված էր բարի սրտով: Այս մտածմունքով հեռացավ Սևադայից իշխանը և գնաց հանգստանալու դղյակի լավագույն քնարաններից մեկում, ուր առաջնորդեց նրան իշխանի սենեկապետը: Փափուկ անկողինը և շրջապատող լռությունը շուտով թմրություն բերին իշխանի հոգնած անդամներին և անուշաբեր քունը նրա աչքերը փակեց: ...Հետևյալ առավոտ, հազիվ արևը հորիզոնից մի ասպարեզ բարձրացած, իշխանն ու յուր թիկնապահը Աղստևի հովիտ հասան: Դաշնակից ապստամբների վրանները բռնած էին հովտի բոլոր տարածությունը՝ սկսած Աղստևի գետաբերանից մինչև մոտաակա լեռան ստորոտը: Հովտի արեգընդդեմ մասի վրա զարկած էին ուտիացոց ու սևորդյան վրանները: Նրնացից մի ասպարեզ հեռու գտնվում էին գարդմանցիք ու աղվանք: Նրանց բոլորի վրաններն էլ շարված էին կանոնավոր ուղղությամբ և զբաղեցնում էին մի քանի ընդարձակ քառակուսիներ , որոնց յուրաքանչյուրի մեջտեղում գտնվում էր զորավորի կամ իշխանի վրանը: Բայց բանակի ոչ մի կողմից պատնեշ չկար դրված. այդ նշան էր, որ զորքը նպատակ չուներ այդտեղ երկար մնալու: Նոր էին հասել և դաշնակից աբխազցիները, որոնք խառն ու անկանոն կերպով խփել էին իրենց վրանները դեպի Կուրը ձգվող դաշտավայրի վրա: Ապստամբների այս ահագին պատրաստությունը տեսնելով՝ Մարզպետունի իշխանը դառնությամբ բացականչեց. — Ինչպե՜ս լավ համախմբվում են՝ իրանք իրանց կործանելու համար: — Չէիր սպասում այսպիսի կազմության, տե'ր իմ, այնպես չէ՞,— հարցրեց Եզնիկը ժպատլով: — Բնա'վ: Թշվառականները միայն հարազատի դեմ են լավ զինվում կամ երբ հարկավոր է լինում սեփական երկիրը ոտնակոխ անել... — Բանակատեղը պիտի մտնենք, այնպես չէ՞,— հարցրեց թիկնապահը: Իշխանը չպատասխանեց: Նա ձիու սանձը քաշած և հաստաբուն մի ծառի ստվերում կանգնած՝ դիտում էր բանակը, նրա տարածությունը, նոր զարկվող վրանների շուրջը տիրող շարժումը, մի խումբ հեծելազորի վարժությունները և հովտի մի կողմը հավաքված զորքերի մկնդախաղը: Երկար դիտելուց ետ, նա դարձավ թիկնապահին. — Տեսնո՞ւմ ես այն ընդարձակ վրանափակը, որի մեջտեղը զարկած է իշխանական վրան: — Ա՞յն , որի վրա ծածանվում է երկգունյան դրոշակը: — Այո'. Ամրամ սեպուհինն է այն. անցի'ր ուղղակի բանակի միջով... — Ավելի լավ չէ՞ հովտի եզրերից մոտենալ: — Ո'չ. սևորդիները վայրենի մարդիկ են. կարող են մինչև անգամ նետահարել: Անցի'ր բանակի միջով, բայց սրարշավ և առանց աջ ու ձախ նայելու, մոտեցիր իշխանի վրանին, ներս մտիր... ճանաչո՞ւմ ես դու իշխանին: — Ինչպե՞ս չէ. շատ անգամ եմ տեսել: — Հա'. նե'րս մտիր ու հայտնիր իմ կողմից, որ կամենում եմ տեսնվել յուր հետ: Ասա, որ կարևոր գործի մասին է խոսելիքս: — Կհրամայե՞ս հայտնել իրան պատճառը, եթե հարցնելու լինի: — Ո'չ, պաճառների մասին խոսելը քո գործը չէ. գնա', մի' ուշանար: — Իսկույն, տե'ր իմ: — Այս ասելով Եզնիկը մտրակեց յուր ձին և սրարշավ դեպի բանակն ուղղվեցավ: Իշխանի ակնարկած վրանափակը մի ընդարձակ քառակուսի էր, բաղկացած չորս տասնյակ վրաններից, որոնցից յուրաքանչյուր տասնյակը զարկված էր մյուսի հանդեմ երկշար ուղղությամբ: Դրանց մեջտեղում գտնվում էր սեպուհի ընդարձակ վրանը, որի վրա ծածանվում էր զորավարական դրոշը: Վրանի ճակատը զարդարված էր իշխանական զինանշանով, իսկ ներսը պատած կարմիր պաստառներով: Վրանը վերամբառնող եռյակ սյունների վրա , որոնք զարդարված էին պղնձե փայուլուն օղակներով, կախված էին գեղեցիկ զենքեր, այն է՝ արծաթապատ սրեր և վաղակավորներ, դրվագազարդ վահաններ և ասպարներ, նետալից կապարճներ , արծաթազարդ աղեղներ, իսկ վրանի մի անկյունում հենված էին կարճաբուն մկունդներ ու գեղարդներ: Իշխանակ վրանի առաջ կանգնած էին զրահազգեստ պահապաններ, երկաթի գլխանոցներով, երկար նիզակներ ու ասպարներ ձեռքներին: Իսկ վրանի մեջ անցուդարձ էր անում Ցլիկ— Ամրմաը. միայնակ ու մտախոհ: Սա մի բարձրահասակ ու հաղթանդամ տղամարդ էր, ամուր կազմվածքով և խոշոր ու ազդեցիկ դեմքով: Նրա լան ճակատը, որ ծածկված էր կնճիռներով, սուր և թափանցող աչքերը, որոնց հովանավորում էին թավմազ և գրեթե միավորյալ հոնքերը, մեծ և արծռունգ քիթը, որ իշխում էր կարծես երկար ու թավ ընչացքին, և հարուստ, գորշախառն մորուքը, որ ծածկում էր պղնձե լանջապնակի կեսը, տալիս էին նրան լուրջ և մինչև անգամ ահարկու կերպարանք: Նա ամբողջապես զրահազգեստ էր: Հագած ուներ պողպատից հյուսած վերտ, կրծքին՝ փայլուն լանջապնակ, կռներին՝ բազպաններ, ոտքերին՝ սռնապաններ, իսկ ազդրին ծանր արծաթապատ սուր: Պողպատե սաղավարտը, որի վրա փայլում էր պղնձե արծվաձև գարդմանակ և որ զարդարված էր սև , թավամազ ցցունքով, դրված էր փոքրիկ սեղանիկի վրա: Հանկարծ սեպուհը լսեց մի վիճաբանության շշուկ, որ տեղի էր ունենում յուր վրանի առաջ: — Ո՞վ է այդտեղ,— գոչեց նա ներսից ահարկու ձայնով : — Մի ոստանցի զինվոր, որ կամենում է ներկայանալ քեզ, տե'ր, բայց չի կամենում վաղակավորն ու վահանը ձգել, — պատասխանեց պահապանը, մոտենալով վրանի մուտքին: — Ո՞վ է այդ համառը, թողեք որ գա, — հրամայեց սեպուհը: Եկողը Եզնիկն էր: Նա յուր երկարաբուն նիզակը հանձնեց պահապանին և ներս մտնելով վրան, խոր գլուխ տվավ իշախնին: — Ո՞վ ես դու , — հարցրեց Ամրմաը խրոխտ ձայնով: — Մարզպետունի մեծ իշխանի թիկնապահը, — պատասխանեց Եզնիկը: — Դու չգիտե՞ս , որ իրավունք չունիս սրով ու վահանով իշխանի վրանը մտնելու: — Երբե'ք հեռացրած չեմ ինձանից այս զենքերը, տեր իմ: — Ուրեմն երբեք էլ բանբերի պաշտոն չե՞ս կատարած: — Առաջին անգամ եմ կատարում և երկրորդ անգամ չպիտի կատարեմ, քանի որ հարկավոր է դրա համար զինաթափ լինել, պատասխանեց Եզնիկը, փոքր— ինչ այլայլված: Սեպուհը ժպտաց: — Ի՞նչ ունիս ինձ հայտնելու, հարցրեց նա: — Իշխանը հրամայեց ինձ՝ ասել, որ եկել է ձեր բանակը կարևոր գործի համար և կամենում է բանակցել տեր սեպուհի հետ: — Գևորգ իշխանն այստե՞ղ է, մեր բանակո՞ւմն է: — Այստեղ է, բանակից դուրս սպասում է քո պատասխանին: — Գնա ', ասա' թող շնորհ բերե, — պատվիրեց իսկույն սեպուհը և ապա կանչելով պահապանին՝ հրամայեց, որ հայտնի յուր թիկնապահներին՝ ընդառաջել իշխւանին: Իսկույն մի խումբ զրահավորներ պատրաստ ձիանը աշտանակելով դիմավորեցին իշխան Մարզպետունուն բանակից դուրս և առաջնորդեցին նրան սեպուհի վրանը: — Ամեն մարդու կսպասեի տեսնել իմ վրանում, բայց Մարզպետունյաց իշխանին, թագավորի զինակցին ու հավատարիմին՝ երբե'ք....— ասաց սեպուհը ջերմագին ողջունելով իշխանին և հրամցնելով նրան մի փոքրիկ եռոտանի աթոռ: — Բարեբախտաբար ես միշտ այնտեղ եմ, ուր ինձ չեն սպասում,— ժպատլով պատասախանեց իշխանը: — Բարեբախտաբա՞ր. ի՞նչ կնշանակե այդ: — Կնշանակե, թե երբեք չար գործի համար չեմ այցելում բարեկամներին: — Բարեկամներին , այո', բայց դու թշնամու վրանումն ես: — Ո'չ, Մարզպետունին հայ թշնամի չունի. նա այդպիսի թշնամի չի ճանաչում: — Իսկ թագավորի թշնամիները քո թշնամիները չե՞ն: — Դու մի օր թագավորի բարեկամն էիր և դարձյալ բարեկամ կլինես...: — Բարեկա՞մ...դժոխքը տանե նրան...իմ սատանային հաշտության ձեռք կպարզեմ, բայց նրան՝ երբեք,— ուժգին բացականչությամբ ընդհատեց սեպուհն իշխանին: Մարզպետունին լռեց և մի տեսակ տարակուսական հայացքով սկսավ դիտել սեպուհի դեմքը, որ այլայլվել էր հանկարծակի հուզմունքից: — Եթե գիտենայի, թե պիտի վրդովեմ քեզ...այսքան երկար ճանապարհ չէի կտրիլ... մեղմ ու հանդարտ ձայնով նկատեց իշխանը: — Թագավորը հազիվ մի ավուր ճանապարհով հեռի է մեզնից,— խոսել սկսավ սեպուհը՝ նույպես մեղմությամբ,— վաղը գուցե մենք ճակատենք միմիյանց դեմ. եթե դու մեզ հաշտեցնելու համար ես եկել, ցավում եմ, որ ապարդյուն աշխատանք ես հանձն առել: — Ոստանում ոչ ոք չէր հավատում, թե սեպուհ Ամրամը կարող է ապստամբել յուր թագավորին... — Ես չեմ ապստամբել իմ թագավորից,— ընդհատեց սեպուհն իշխանին,— հիշում ես, թե ի'նչպես անձնվիրաբար էի ծառայում նրան:Քանի՜— քանի՜ անգամ յուր ապստամբ կողմնակալների դեմ պատերազմեցի, քանի՜ վտանգավոր կռիվների մեջ յուր անձը պաշտպանեցի, ինչ հերոսությամբ Շամշուլտեի վրա յուր դրոշակը պարզեցի, ո՞ր մեկը հիշեմ... — Եվ նա քեզ պարտապան չմնաց. իշխան կարգեց ամբողջ Ուտիքի և Սևորդյաց աշխարհի վրա. հյուսիսային զորքի հրամանատարությունը հանձնեց քեզ...Դու չպետք է օգուտ քաղեիր քո ձեռքում ունեցած իշխանությունից և պատրաստի զորքերից և ապստամբության դրոշակ բանալով՝ սուրդ ուղղեիր քո բարերաի և թագավորի դեմ: — Երբե'ք իմ թագավորի, մի' ասիր այդ, այլ իմ անձնական թշնամու... — Անձնական թշնամի՞...միթե՞ թագավորը կարող է անձնական թշնամի լինել յուր պաշտոնակալին, — նկատեց իշխանը ՝ իբրև թե սեպուհի խոսքերը չհասկանալով: — Իշխա'ն, եթե դու ոչինչ չգիտես այն ամենից, ինչ որ իմ մեջ թշնամություն է գրգռել դեպի թագավորը, ապա շատացիր ՝ ինչ որ ես քեզ ասացի. ավելին խոսել չեմ կարող: — Ես չեմ կամենում, որ շատ բաներ պատմես ինձ: Գիտեմ, թե առհասարակ ի'նչ պատճառներ են դրդում մեր իշխաններին թշնամանալ թագավորին կամ ապստամբիլ նրան... — Գիտես, այնպես չե՞, — ընդհատեց հանկարծ սեպուհը,— փառամոլություն, շահասիրություն, ընչաքաղցություն. ի՞նչ ես կարծում , դրանցից մեկը չէ՞, որ դրդել է ինձ թշնամանալ թագավորին... — Չգիտեմ, և ասացի , թե չեմ էլ կամենում իմանալ, բայց կամենում եմ, որ դու ապստամբության դրոշակը ամփոփես և թագավորիդ հանդեպ հանած սուրը յուր պատյանը դարձնես:: — Այդ սպառնալի՞ք է քո կողմից, իշխան: — Ո'չ, այլ լոկ խնդիր, աղաչնաք... — Զարմանում եմ. Մարզպետունյաց տերը խնդրում, աղաչում է սեպուհ Ամրամին...Այդպիսի խոնարհություն չեն ունեցել, կարծեմ, Մարզպետունի նախարարները...Արդյոք մի խորհրդավոր գաղտնիք չկա՞ թաքնված այս խնդրականության մեջ: — Լսի'ր, Ամրամ սեպուհ. Մարզպետունի նախարարները հպարտ էին ավելի, քան քո նախահայրերը, բայց նրանց ժառանգը գերադասում է հայրենասիրությունը, մի՞թե այդ մի արատ է նրա համար: — Բնավ. երանի նրան, ով կարող է անձնվիրաբար ծառայել հայրենիքին: — Եվ ահա', հենց այդ հայրենիքի շահն է , որ իմ հպարտ ճակատը խոնարհեցնում է քո առաջ: Կարո՞ղ ես արհամրել այդ խոնարհությունը կամ անարգ գաղտնիքներ որոնել նրա մեջ: — Ո'չ: — Ուրեմն լսի'ր ինձ և կաղկացրու սրտիդ կարծրությունը և արգելիր այն կոտորածը, որ տեղի պիտի ունենա մի կամ երկու օրից: — Չեմ կարող: — Ուրեմն հայոց հազարավոր մայրերը որդիներ են ծնել ցավով ու հեծությամբ, մեծացրել են նրանց բազմամյա տանջանքներով, որ դուք իշխաններդ մի օրվա ընթացքում զոհեք այդ բոլորին ձեր անձնական կրքերի՞ն: — Իսկ երբ նրանց տանում եք հագարացոց դեմ, երբ նրանց մաշում է մահմեդականի սուրը, ինչո՞ւ այն ժաանկ էլ չեք հիշում հայ մայրերի ցավն ու հեծությունը: — Հայրենիքի թշնամու դեմ կռվելը, նրա ազատության համար զոհվելը սրբազա պարտք է, այդ պարտքից ոչ ոք չպիտի փախչի, բայց եղբայրասպանությունը մի ոճիր է, աստծուց և մարդկանցից անիծված: Ամրմաը, որ խոսելու ժամանակ բարձրացել էր տեղից , նստեց նորեն եռոտանու վրա և լուռ ու մտախոհ սկսավ դիտել վրանի անկյունին հենած գեղարդները: Ապա մեկ վայրկենաից ետ ձեռքը դեպի ծնոտը տարավ ու յուր հարուստ նրբահեր մորուքը շոյելով՝ մեղմ ձայնով ասաց. — Տեր Մարզպետունի , շահավոր խոսելն ավելի հեշտ է, քան շահավոր գործելը: Ես չէի ցանկանա չարագործի անուն վասատկել, բայց հանգամանքները չարագործ շինեցին ինձ: Այսուհետև ես չպիտի մտածեմ, թե ի՞նչ է ասում աշխարհն ինձ համար, ես միայն մի մարդու պիտի հաշիվ տամ. դա իմ ներքին մարդը, իմ խիղճն է... — Այդ խիղճը թույլ չի տա քեզ, որ եղբարցդ կյանքը վտանգի ենթարկես: — Մի' ընդհատիր, իմ խիղճը ավելի ընտանի է ինձ: Բայց այդ չէ խնդիրը, եթե ես, մինչև անգամ, իմ արդար ցասումը ճնշեմ, իմ խիղճը բռնաբարեմ, դարձյալ չեմ կարող քո խնդիրը կատարել, որովհետև միայն ես չեմ, որ թագավորի դեմ եմ կանգնած, ինձ հետ է նայև Գարդմանա և Ափխազիո իշխանները իրենց դաշնակիցներով: Անշուշտ դու տեսար այս հովտի վրա զարկված բազմաթիվ վրանները. այստեղ խմբված են այն իշխանները, որոնք հին հաշիվներ ունեն թագավորի հետ վերջացնելու: Եթե ես ամփոփեմ Ուտիացոց դրոշը, միևնույն է, ինձ չեն հետևիլ ո'չ սևորդիները, ո'չ գարդմանացիք, ո'չ աղվանք, ո'չ տայոց իշխանը, ո'չ ափխազաց արքայորդին: — Բե՞ր իշխանը...նա՞ էլ այստեղ է: — Այո', նա այստեղ է... հայոց թագավորի տոհմական թշնամին: — Որի հետ միացել ես դու: — Այո', և երդվել եմ, ինչպես նրան, նույնպես և մյուս դաշնակիցներին, կռվել հետերնին միասին, մինչև իմ վերջին շունչը: — Եվ եթե հաշտվե՞ս: — Այն ժամանակ այդ բոլորի սուրը կդարձնեմ միայն իմ անձի դեմ: Այս է մեր պայմանը: — Հիշածների մեջ, սիրելի Ամրամ, միայն Ափխազիս երիտասարդ իշխանն է , որ դժգոհ կմնա հաշտությունից, որովհետև նա եկել է կոտորելու և ավերելու նպատակով: Ինքդ ասացիր, որ նա թագավորի տոհմական թշնամին է, և բնական է, որ չկամենա ձեռնունայն վերադառնալ յուր հոր մոտ: Բայց մյուս իշխաններն ընդեմ չեն լինի, եթե դու հաշտվես և արգելես առաջիկա կոտորածը: — Իսկ Սևադա իշխանը՞. նրա երկու որդիները՞. կատաղի գարդմանացի՞ք, որոնք եկել են իրենց կույր իշխանների վրեժը լուծելու թագավորից... — Սևադա իշխանը ներեց թագավորին: — Ի՞նչ, Սևադան ներե՞ց,— տեղից վեր թռչելով բացականչես Ամրամը: — Այո', ես նրա մոտ էի, նա ներեց և ետ կկանչի յուր զորքերը, եթե դու էլ վեհանձնաբար վայր դնես քո սուրը: Բարկության հուրը ցոլած Ամրամի աչքերում, , նրա դեմքը այլայլվեցավ և շունչը կարծես թե բռնվեցավ, ինչպես հնոցի մեջ խեղդվող բոցի ծուխ: Նա մի քանի քայլ առաջ գնաց, նորեն ետ դարձավ և ապա կանգնելով իշխանի առաջ, հարցրեց կրկին. — Եվ այդպե'ս, նա ուրեմն ներե՞ց... և զորքերը ետ կկանչի , եթե ես հաշտվեմ... — Այո', նա բոլորովին ներեց, նա հարգեց իմ խնդիրը, նա ապացուցեց որ սիրում է իր հայրենիքը: Ամրամը ձգեց յուր ձեռքը, բռնեց իշխանի թևից և կամացուկ ասած. — Այստեղ մեզ կարող են լսել, արի իմ առանձնարան: Այս ասելով նա առաջ անցավ և ներքին վարագույրը բանալով՝ մտավ վրանի երկրորդ բաժանմունքը: Իշխանը հետևեց նրան: — Այդ Սևադան, այդ հպարտ գարդմանացին, որ երդվել էր պատժել յուր դահիճին, ի՞նչ բարիքների հույսով է հաշտվում թագավորի հետ,— դարձավ Ամրամը Մարզպետունուն: — Յուր անձի համար և ոչ մի: Նա խնայում է յուր հայրենակիցների արյունը: — Իսկ նա պատմե՞ց քեզ, թե ինչո'ւ համար եմ սուր վերցրել ես: — Պատմեց, ես բոլորը գիտեմ: — Պատմեց և դու բոլորը գիտե՞ս... — զայրույթից կարծես խեղդվելով հարցրեց Ամրամը: — Այո', բայց մի ' վրդովվիր: — Չվրդովվե՞մ, այդ ի՞մ ցանկությունից է կախված. կարո՞ղ ես հրամայել առյուծին, որ նա չմռնչե, երբ դարանակալ սուրը ցցվում է յուր կողերի մեջ... — Համբերությունը ամենազորավոր զենքն է... — Ի՞նչ համբերությունից խոսելու ժամանակն է, Մարզպետունի իշխան...Սևադան ներել է նրան. ինչո'ւ , ինչո՞ւ ուրեմն այդ ծերուկը դժոխք վառեց իմ սրտում, ինչո՞ւ իմ հոգու խաղաղությունը վրդովեց, ինչո՞ւ իմ կյանքը թունավորեց... եթե այսօր պիտի ներե: — Երբ մարդու հոգին կուրանում է վրեժխնդրության կրքերից... — Է'լ ո'չ մի խոսք, Մարզպետունի' իշխան: Սևադան թո'ղ ներե, նրա որդիք թող ներնե, բոլոր աշխարհը ներե, Ամրամ սեպուհը չի ներիլ. հաշտությո՞ւն... Աշոտ-Երկաթի հե՞տ, երբե'ք... Եթե կարողանամ՝ նույնիսկ դժոխքի հետ կմիանամ այդ անարժան թագավորին գահավիժ անելու համար... Եթե դու կկարողանայիր մտնել իմ հոգեկան աշխարհը և տեսնել, թե տանջանքների ինչ հրդեհ է վառվում այնտեղ, կսոսկայիր, կսարսափեիր... — Եվ ահա', հենց այդ ժամանակն է, որ հերոսը և մեծ հայրենասերը կարողանում է ապացուցել, թե յուր մայրը հասարակ ծնունդ չէ պարգևել աշխարհին: — Ամենից հասարակ և ամենից սինքլորը կարող է հանդուրժել այս անպատվությունը, մեծ հոգին, ընդհակառակը, չի կարող տանել նրան: — Սևադան փոքրիկ մարդ չէ: Աշոտը կուրացրել է նրա երկու աչքերը, նրա որդուն. և սակայն ն մոռանում է այսօր այդ անփոխարինելի զրկանքը և ներում է անխիճ փեսային՝ միայն հայրենիքի սիրույն համար: — Աշոտը նրա աչքերն է կուրացրել, բայց իմ՝ սիրտոը: Կույր աչքը կարող է ներել, բայց կույր սիրտը չի ներիլ... չի կարող ներել: — Բայց... — Տե'ր Մարզպետունի, այն մարդը, որ գիտե թագավորն ինչ անարգանք է հասցրել իմ անվանը և սակայն խորհուրդ է տալիս հաշտվել, նա իմ թշնամին է: Եթե դու իմ վրանում չլինեիր, ես կմենամարտեի քեզ հետ...
×
×
  • Create New...