Jump to content

Մուշեղ


Recommended Posts

ԸՆԿԵՐՆԵՐ ԿԱՆ

 

Որքա՜ն անուշ հոգիներ կան ամէն տեղ,

Սարի քնքուշ ծաղիկներուն պէս բուրեան.

Սարէն հոսող ջուրերուն պէս դիւթական՝

Որքա՜ն կեանքեր կը կարկաչեն սիրազեղ։

 

Քաղցրալեզու եւ քաղցրասիրտ ո՛վ մարդիկ,

Աղն էք երկրին եւ լոյսը՝ մութ երկինքին.

Ձեզմով հարուստ եւ ձեզմով միշտ երջանիկ՝

Կարօտագին ես կը վազեմ այս կեանքին։

 

Որքա՜ն բարի ընկերներ կան ամէն դի՝

Ինչպէս խոնարհ պտղատու ծառ թեւաբաց.

Հովերուն դէմ կանգնած իբրեւ սէգ կաղնի՝

Որքա՜ն ձեռքեր կը բարեւեն քեզ յանկարծ։

 

Ո՛չ մէկ գինի, բարեկամնե՛ր աննման,

Ձեր բարութեան, ձեր արութեան համն ունի.

Օր մը գուցէ այս աշխարհէն կշտանամ,

Բայց ձեր կարօտն իմ մէջ յաւէտ կ՚արիւնի։

 

Որքա՜ն անձեր, որքա՜ն գանձեր կան մեր

շուրջ, Ճառագայթի եւ աղօթքի պէս արդար.

Հոգեճաշակ համբոյրի պէս սրբաշունչ՝

Որքա՜ն նայուածք քեզ կը գրկեն գաղտնաբար...

 

Մ. ԻՇԽԱՆ

 

1961

 

 

Link to comment
Share on other sites

  • 8 months later...

Յիշեցէք Զիս

 

Պիտի բախեմ, պիտի բախեմ այս գիշեր

Երազներու դուռը փակ

Որ պահ մը գէթ ձեր խիղճերուն հեշտասէր

Խորունկ քունեն արթննաք։

 

Չէ՛ք ճանաչնար զիս, ես այն մանչուկն եմ սիրուն,

Որ յոգնասպառ, կիսամերկ,

Անապատին մէջ Տէր Զօրի մտաւ քուն

Եւ չարթնցաւ ալ երբեք։

 

Մի՛ սարսա’իք կմախակերպ իմ տեսքէս,

Յող չեմ մտած ես բնաւ,

Կը շրջէի դիակներու մէջ ա՛յսպես

Միշտ անօթԻ ու ծարաւ...

 

Սովի փուքէն փորս դարձած էր արդէն

Ուռած թմբուկ ու կաշի,

Եւ սրունքներս ալ մերկացած մսանէն՝

Մէյ—Մէկ ցպիկ նուագի...

 

Օրեր, անվերջ, կարօտ պատառ մը հացի,

Տեսայ արիուն, տեսայ մահ,

Քոսոտ այծԻ պես միայն խոտ ծամեցի,

Խոտն ալ յետոյ չգտայ։

 

Ծեծը՝ ոչինչ, կը բուժուի վէրքը սուրին,

Ոչինչ է վախն իսկ մահուան.

 

 

Edited by Armine
Link to comment
Share on other sites

Ես Մասիսը Չտեսայ

 

Ճրագի պէս ճաճանչող աչքս յառած միշտ հեռուն՝

Սպասեցի տարիներ ու Մասիսը չտեսայ...

Դալուկ աշուն է արդեն եւ աչքերուս կ՝իջնէ քուն.

Դեռ Մասիսը չտեսայ...

 

Ես շառաւիղ Հայկազեանց, հայու ժպիտ, հայու լաց,

Մասեաց որդի հարազատ՝ ես Մասիսը չտեսայ.

Իր կարօտով տոչորուն եւ իր կանչով արբեցած՛

Ես Մասիսը չտեսայ...

 

Գիտեմ որ ան հիմա կայ, երկնասլաց լոյս գագաթ,

Ես ի՛նչ տեսայ աշխարհէն, երբ Մասիսը չտեսայ.

Կեանքս ցնորք ու փոշԻ իր յաւերժին դէմ անյաղթ,

Ես Մասիսը չտեսայ...

 

Զայն կը գրկէ ամէն ժամ եւ կը շնչէ իմ հոգիս,

Բայց ո՛չ մէկ օր բաց աչքով ես Մասիսը չսեսայ.

Կախարդական առասպել եւ հորիզոն աշխարհիս՝

Ես Մասիսը չտեսայ...

 

Օտարի աչքն անտարբեր եւ դարաւոր թշնամինկ

Զայն կը դիտէ օրն Ի բուն — ես Մասիսը չտեսայ,

Որքա՜ն նայուածք ամբարիշտ յառեզաւ իր ճակատին,

Ես Մասիսը չտեսայ...

 

Դեռ քանի՝ օր ու տարի պիտի քայլեմ ես այսպես...

Մութ է ճամբան պանդուխտի — ես Մասիսը չտեսայ.

Ինչպէ՝ս աչքերս փակեմ, երբ որ, ո՝վ ման, զիս կանչես,

Ես Մասիսը չտեսայ...

Edited by Armine
Link to comment
Share on other sites

  • 5 months later...

ՀԻՆՆ ՈՒ ՆՈՐԸ

 

Մեր գրկին մէջ, մեր աչքին դէմ մեղմօրէն

Կը մահանայ վաստակաբեկ Հին Տարին.

Կէս-գիշերուան զարկերն ահա կը թաղեն

Ժամանակի փակեալ դագաղ Հին Տարին։

 

Մա՞հ թէ ծնունդ՝ խորհրդաւոր այս պահուն...

Նոյն յարկերէն կը մտնէ ներս Նոր Տարին.

Սրտերն ամէն կ՚ըլլան յանկարծ հարսնետուն

Եւ կը գրկեն կեանքով յորդուն Նոր Տարին։

 

Մերն էր երէկ, մեր կուրծքերուն հեւքին պէս,

Մեզ բախտակից, մեզ ուղեկից Հին Տարին.

Յուշ է այսօր, մէգ ու մշուշ մահամերձ

Յաւերժութեան անդարձ ժառանգ Հին Տարին։

 

Կու գայ փառքով, զէն ու զարդով յաղթական

Աստեղաշող, մեծահանդէ՜ս Նոր Տարին.

Երգ է պայծառ եւ ցնծութիւն տօնական

Զանգերու ձայն, փողերու կանչ Նոր Տարին։

 

Որքա՜ն սէրեր ու երազներ լուսալիր

Տարաւ իր հետ անդունդն ի վար Հին Տարին.

Ժպիտն՝ արցունք եւ կրակներն ալ մոխիր

Ըրաւ, աւա՜ղ, սա անողոք Հին Տարին։

 

Թող գայ բարի՜ եւ բարբառի ամենուն

Նոր յոյսերու աւետաբեր Նոր Տարին։

Երկնի բոցէն վառէ մոմեր գոյնզգոյն

Շողշողուն ծառ ու լուսաբա՜ր Նոր Տարին

 

Մ. ԻՇԽԱՆ

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Սքանչելի քերթուած, մանաւանդ այս ատեն երբ մութ ու մռայլ այս տարաուան հրաժեշտ կարդանք եւ դիմաւորենք լոյս ու պայծառ Նոր Տարին:

Սիրելը Յովհան, գուցէ դու արդեն մեզ մատուցել ես Մ. Իշխանի կենսագիրը.…

http://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%B8%D6%82%D5%B7%D5%A5%D5%B2_%D4%BB%D5%B7%D5%AD%D5%A1%D5%B6

Մուշեղ Իշխան (իսկական անունը` Ճենտերեճյան Մուշեղ Սրապիոնի, 1914, Սիվրիհիսար (Անկարայի նահանգ) - 12.06.1990, Բեյրութ), հայ գրող, մշակութային, կրթական գործիչ։

Կենսա գիր

1915-ին ընտանիքով աքսորվել է Դեյր էզ Զոր։ 1928-ին Ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը, 1935-ին` Բեյրութի Հայ ճեմարանը, 1938-1940 թթ. հետևել Բրյուսելի (Բելգիա) համալսարանի մանկավարժության և գրականությանյան դասընթացներին։ 1941-1951-ին խմբագրել է Բեյրութի «Ազդակը» (օրաթերթ և շաբաթաթերթ)։ Հայ գրականություն է դասավանդել Բեյրութի Հայ ճեմարանում։ Վախճանվել է 1990 թ.։

Գրական Ժարանգը

Մուշեղ Իշխանի ստեղծագործության ներքին ազդակը տարագիր հայի պայքարն է ուծացման վտանգի դեմ՝ հանուն սեփական դիմագծի պահպանման, ազգային և համամարդկային իդեալների կենսագործման։ Նրա բանաստեղծությունները տոգորված են նուրբ քնարականությամբ, խոհականությամբ («Տուներու երգը», 1936, «Հայաստան», 1946, «Կյանք ու երազ», 1949, «Ոսկի աշուն», 1963, «Տառապանք», 1968 և այլ ժողովածուներ)։ Թատերախաղերը կառուցման սկզբունքով և մտածողության որակով նոր են՝ արդիական, արծարծում են ազգային, պատմական, հոգեբանական, սոցիալակն և բարոյաբանական հարցեր («Մեռնիլը որքան դժվար է», 1971, «Սառնարաևեն ելած մարդը», 1979, «Թատերախաղեր», 1980)։ Երևանում բեմադրվել են «Կիլիկիո արքան» (1989, «Նորք» երիտասարդ, թատրոն) և «Մեռնիլը որքան դժվար Է» (1992, ՊՀԹ) պիեսները։ Արձակ գործերն են «Հացի և լույսի համար», 1951, «Հացի և սիրո համար», 1956, «Մնաս բարով, մանկություն», 1974, վեպերը, «Ապասում», 1977, վիպակը։ Գրել է «Արդի հայ գրականություն» (հհ. 1-3, 1973-1975) աշխատությունը։

Link to comment
Share on other sites

ՀԱՅՐԵՆԻ ԱՂԲԻՒՐՆԵՐ

 

Հայրենի աղբիւրներ,

Ամանորի խորհրդաւոր լուսածագին,

Երբ ձեր պայծառ ակունքներէն յորդաբուխ

Պահ մը ոսկի եւ մարգարիտ կը հոսի,

Ո՞վ արդեօք ձեզ կու գայ այցի

Եւ հոգիին դատարկ սափորը կ՚երկարէ

Ձեր գանձերուն անսպառ:

 

Հայրենի աղբիւրներ,

Ձեր ջուրերուն բիւրեղ արծաթն ու ոսկին,

Գիտեմ, ի զուր կը հոսին

Ամայութեան մէջ չարաշուք

Մեր հրկիզուած շէներուն,

Մեր սգաւոր, անտառներուն, լեռներուն...

 

Հայրենի աղբիւրներ,

Ո՛չ ոք, ո՛չ ոք մեզմէ զատ

- Ձեր հարազատ զաւակներէն տարագիր -

Գիտէ գաղտնիքն հրաշազան

Ձեր ջուրերու ոսկեհնչիւն համերգին,

Որ մեր հողին ընդերքներէն կը ժայթքէ.

Ո՛չ ոք, ո՛չ ոք մեզմէ զատ

Կրնայ հասնիլ ձեր ոսկեղէն խորհուրդին,

Ադամանդեայ ձեր լոյսին,

Որ դարաւոր մեր անցեալէն կը բխի:

 

Հայրենի աղբիւրներ,

Երկրէ երկիր մենք ահա

Կ՚ըմպենք օտար աղբիւրներէ անհամար

Ու կը մնանք միշտ ծարաւ,

Մեզ կ՚օրօրեն բազում ջուրեր խոխոջուն

Եւ ալեակներ ներդաշնակ,

Բայց մեր արեան մէջ անվերջ

Անմահական կարկաչը ձեր կը հնչէ...

 

Հայրենի աղբիւրներ,

Մեղրի պէս քաղցր ու կաթի պէս հարազատ,

Հրատոչոր պապակը մեր շրթներուն

Ձեզ կ՚որոնէ ամէն տեղ.

Անդնդախոր պարապը մեր սրտերուն

Դուք լոկ կրնաք լեցնել

Ձեր խայտանքով սիրազեղ:

 

Հայրենի աղբիւրներ,

Աւանդական այս պահուն,

Ամանորի խորհրդագեղ այգաբացին,

Ձեր ակերէն անխափան

Արդեօք հիմա դարձեալ ոսկի՞ կը հոսի

Թէ ձեր ջուրերն են պղտոր,

Վշտի արցունք, հեկեկանք,

Կարօտի կանչ, ընդվզումի յորդ հեղեղ

Եւ անէծքի դառն թոյն...

 

Հայրենի աղբիւրներ,

Ձեր ջուրերուն չափ յորդահոս հաւատքով

Օր մը կրկին պիտի դառնանք մենք ձեզի

Եւ արբեցած ձեր գինիով անապակ՝

Պիտի մեր կեանքը ծաղկի,

Ձեր ջուրերուն պէս լուսեղէն եւ անմահ...

 

Մ. ԻՇԽԱՆ

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

  • 3 months later...

ԳԱՐՆԱՆ ԱՆՁՐԵՒԻՆ

ԱՊՐԻԼԵԱՆ ԶՈՀԵՐՈՒ ՅԻՇԱՏԱԿԻՆ

 

 

 

Տեղա՛, անձրեւ, օրհնութեան պէս աւետաձայն,

Արտ ու արօտ կանանչ յոյսով լեցուր անվերջ.-

Քու կենսախայտ համբոյրիդ տակ կը սարսըռան

Ոսկի սերմեր հողին յղի կողերուն մէջ։

 

Յիշէ՜, անձրե՛ւ, ամբողջ երկիր մ՚ալ աւերակ,

Ուր մա՛հ է արդ, մոխիր ու մուխ ու լռութիւն...

Արիւնաբոյր շէներուն մէջ պահ մը հիմակ

Օրօրէ սուգն իր սարերու ոգիներուն...

 

Իջի՛ր, անձրե՛ւ, վարդաջուրի պէս հոտեւան.

Թող ծաղիկներ բաժակն իրենց քեզ երկարեն,

Ամպերէն վար հոսի ժպիտ ու ծիածան

Եւ թող պայթին գինով ճիչեր թաւուտներէն։

 

Գիտե՜ս, անձրե՛ւ, Ապրիլի հարս ծառերուն պէս

Ի՜նչ հասակներ տապալեցին գիշեր մ՚անհուն...

Ա՛հ, պուտ մը ջուր հասցուր անոնց, այդ լեռնադէզ

Անապատի տապէն պապա՜կ ոսկորներուն...

 

Հոսէ՛, անձրեւ, սիրերգի պէս հարսանեկան

Սրտերն ահա կ՚ընդխառնուին լարերուդ հետ

Եւ բերկրութեամբ եւ հեշտանքով կը լիանան

Ճերմակ տուներ՝ տարափիդ տակ խաղաղաւէտ։

 

Հիմա, անձրե՛ւ, ծեր պանդուխտներ կան ամէն տեղ,

Որ յուշերու ցուրտ կրակին դէմ կը մսի՜ն...

Անոնց խարխուլ հիւղակներուն վրայ թիթեղ՝

Թափէ երազն իրենց հօտի ոտնաձայնին...

 

Եկո՜ւր, անձրե՛ւ, աղօթքի պէս թաղմանական.

Ես կ՚ուզեմ լալ մանուկի տաք աչուըներով

Այնքա՜ն ուրախ տօնին համար սա յո՛րդ գարնան

Եւ կեանքերուն՝ որ ինկան մերկ եւ անգորով...

 

Մ. ԻՇԽԱՆ

 

1934

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...