Johannes Posted December 2, 2008 Author Report Share Posted December 2, 2008 Թէեւ ուշացումով Արատտա ջան, Այնքան լրջութեամբ եմ նայում էս թեմային, որ, չեմ կարողանում հեզասահ գրել: Բարի գալուստ քեզ, Եդուարդ ջան, ու բարի վերադարձ Մայիսին: Փապուղին երկար էր: Յայտնուեցինք մի ուրիշ աշխարհ, որ հարուստ էր բուսականութեամբ: Սա իմ աշխարհն էր, լեռներ, զարեվեր, զարիվար, անվերջ թուացող անտառ: Այստեղ ծաղիկի թերթը եւ բոյսի տերեւը աւելի խոշոր էին, համեմատած փապուղիից ետեւ մնացած աշխարհի բուսականութեան հետ: Այստեղ Հայաստանը լալկան չէր, վիշտ չկար կարծես: Ամեն տեղ խինդ, լոյս, եւ ապրող-շնչող բնութիւնը կեանք էր ապրում ու բաշխում: Ափսոսում էի՝ տեսածս ակնթարթային էր ու պայմանաւոր, մեզ տանող կառքի ընթացքով, բայց յաջորդող բացուող տեսարանը. շուտով մոռացնել էր տալիս անցած-գնացածը: Լեռները լերկ չէին, կանա՜չ, փարթա՜մ ծածկոյթ, ու ամէնուրէք կեանք: Յիշում էի, ճամբեզրում, լեռան կողից ջուր էր բխղում, աղբիւր էր: Լիարժէք հրճւում եմ, երբ աղբիւր եմ տեսնում: Այս անգամ աղբիւրի չհանդիպեցի: Արդե՞օք ճանապարհի այդ հատուածը փոխուել է: Հայաստանը տխուր ու յուզիչ չէր այստեղ: Ուրախ երգը տարբեր է հնչում: Ի՜նչ հակասանք, առաջին ուժեղ զգացումը որ ունեցայ կեանքի դրախտում, մահն էր: Մեռնի՜մ հողիդ: Արժէ մեռնիլ այս հողին համար, որ իմը մնայ: Կանաչի վրայ փոշի չկար: Կենդանաբանական այգիում մեր որոնած հաւազգիները ազատ թռչկոտում էին ու սիրերգում: Վարիչը ցոյց տուեց աջակողմեան ճամբեզրի բարձունքի վրայ կերտուած արջի ընտանիքի յուշակոթող: -«Պապիկս նայի'ր՝ արջ»: Ու ողջ տիւը բացատրում եմ արջերի բնակութեան, կերի, բնաւորութեան մասին: Տղաս ուզում էր իրական արջ տեսնել: Դիլիջանի պատկերները շատ եմ տեսել տարբեր գրքերում: Աջին՝ լեռան գագաթին, պալատի նման մի շէնք կար: Ուզում էի տեսնել Դիլիջանի հանրաճանաչ արհեստական լիճը: Չկար այդպիսին, կառավարս էլ չգիտէր: Ճանապարհը անցում էր քաղաքի միջից, բայց ոնց որ դրան դեռ չէինք հանդիպել: Քաղաքը աչքիս չերեւաց, տուները իրարից հեռու, ծառաստանների մէջ համարեա՛ կորած էին: Ուզում էի կանգնել գլխաւոր հարապարակում, մի շունչ առնել, ու խորհրդածել: Չկար: Մայրական պապիս եղբայրը, Դիլիջանի հիւանդանոցի գլխաւոր վիրաբուժն է եղել երկար տարիներ: Չկարողանալով համոզուել Խորհրդային միապետական վարչակարգի ապրելաձեւին, ի վերջոյ հանգրուանել է ԱՄՆ-ի ոսկեայ նահանգում: Ինչպէս որոշ էր՝ գնալու էինք Հաղարծին, անտառի մէջ սկորած այդ սրբավայրը, բայց նախ, ուզում էի մի տեղ հանգստանալ: Շատ չանցած, ճանապարհի կողքին, տեսանք գողտրիկ հիւղակներ՝ փայտաշէն, որոնք իրար նման չէին: Մի տեղ պատշգամով, այլ տեղ՝ բակով, սակայն ամէնքն էլ գետի ափին, անունն էլ Գետափ էր: Դեբեդի մասին էի մտածում, բայց գետը Աղստեւն էր: Արարատեան թագաւորութեան ժամանակ յայտնի է եղել Ալիշտու տեղանունը, որ, հաւանաբար, տրուել է գետին: Տեղ-տեղ գետի ջուրը ներս էին առել, լճակ կազմելով բադ ու սագ էին դրել: Ջուրը տղմուտ էր: Պատճառն երեւի՝ հողի քարքարոտ չլինելուց է, զի գարնանային վարար հոսանքն իր հետ էր բերել հողի մակերեսը: Ինձ համար հրաշալի վայր էր, ու մի քիչ շուար մնալուց ետքը. որոշեցինք ուր պիտի նստենք: Սպասեակը՝ չգիտեմ ինչու ժպտերես չդիմաւորեց: Ընդհանրապէս դիմաւորող, ու բարի գալուստ մաղթող չկար: Ուտող՝ գրեթէ միայն ես էի: Հարցրի. «Ի՞նչ ճաշատեսակ ունէք»: Սովորական խորովածի տեսակներից բացի ուշքս գրաւեց տժվժիկի անունը: Կէս լիտր վոդկան մի բաժակ ջուրի պէս խում տուի: Ջուրը խաղաղ հոսում էր, բնաշխարհն ու նստավայրը չքնաղ էին, ու ամէնից հրաշալին՝ Հայաստանում էի, ինչ որ շատերի համար կարող է բան չնշել, բայց ինձ համար մեծ նշանակութիւն ունէր: Ճանապարհը շարունակինք, ու որքան ընթացանք, այնքան «հեյ վա՜խ» ասի, քանզի շա՝տ աւելի չքնաղ գեղատեսիլներ էի գտնում, քան ինչ գտել էի մինչ այդմ: Աղստեւի շարունակւող հովտում, ժողովրդային հանգստարաններ կային, ուր մարդիկ ժողուած խորոված էին պատրաստում՝ վայելելով հայրենի երկրի աստուածային հրաշք գեղեցկութիւնը: Ուրախառիթ էր, երիտասարդ հայերի ներկայութիւնը բնութեան մէջ, երբ գնահատում են հայրենի եզերքը, ու գիտակցում արժէքը նրա: Այդպիսիք՝ երեւի քաղաքացի, ձիավարում էին: Աղջիկներից ոմանք, վախենում էին ընկել, իսկ տղաքն ու գեղացի ձիապանք քաջալերում էին: Սաղարթախիտ անտառի միջից անցելով դիտում էի երկիրը: Առասպելական վայր էր: Կանգ առանք ու իջանք: Լռութիւնը խանգարողը՝ բնութեան երջանիկ արարածներ էին. զանազան ճնճղուկներ, միջատներ, ու տերեւների խշշոց: Կոյս բնութեան մէջ ամէն ինչ մաքուր է թւում: Շնչածդ թթուածինը սիրտդ կեանքով է լցնում, ու դու ուզում ես շաղախուել բնութեան: Պարեցի տղայիս հետ: Հրաշալի է՝ երբ զգում ես գողտրիկ այս անկիւնը քեզ համար ու քեզ հետ է ապրում վայրկեանը: Բնութեան գեղեցկութիւնն էր որ հարբեցրեց եւ ոչ սպիրտը: Ճանապարհը՝ դէպի Հաղարծնի վանք, նորոգւում էր: Գարնանային հեղեղը քանդել էր ու հողակոյտով լցրել էր ամէն տեղ: Նախորդ անգամիս, Վանքն իր աստուածային դիրքով ու գեղեցկութեամբ հմայել էր ինձ: Այս անգամ նոյն հմայքը չունէր, քանզի նորոգւում էր: Երեւի Գուգարաց թեմը որոշել է Վանքը շէնացնել, հոգ չէ թէ մենք, այդ օր, ի զուր կտրեցինք այդքան ճանապարհ: Ահա, հրաշալի ապրումներից ու օրից սա կարողացայ գրի վերածել: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted February 21, 2009 Author Report Share Posted February 21, 2009 «Ծառ» անուն շարանի մի մէջբերման մէջ, յիշւում է «Բուսաբանական այգին»: Մանկուց լսել եմ այդ այգու փառքի վերաբերեալ՝ Երեւանին նուիրուած զբօսաշրջային ծանուցումներից, հրատարակութիւններից: Հայաստան վերջին այցիս, ուզեցի անպայման գնալ հռչակաւոր այգին: Յուսախաբ եղայ: Պիտի գրէի սրա մասին, երեւի այսօր էր պահը: Մարդկային ձեռքի խնամք չկար՝ ծառերի, թուփերի, մայթերի ու ընդհանրապէս այգու վրայ: Վայրի բնութիւն էր: Ակնկնալում է տեսնել տարօրինակ ու ոչ բնիկ՝ չնաշխարհիկ բոյսեր, ծաղիկներ, ծառեր, ինչպէս նկարներում (հին բրոշիւրներում) տեսել եմ: Թերեւս կային այդպիսիք, սակայն ընդհանուր բուսականութեան մէջ կորած էին. իրար խառնուած, մէջ-մէջի մտած: Այնքան ընդարձակ էր, որ համարձակութիւն չունեցանք շատ առաջ երթալու, մանաւանդ, որ սիրելիս շատ քայլելու տրամադիր չէր: Կային սիրուն տեսքով, երկար պոչով թռչուններ: Հետագայում, համացանցում, այգու մասին ընթերցելիս, իմացայ՝ սկիւռների ու անգտանելի թռչունների անօրինական որս է տեղի ունենում: Ի դէպ տեսել էի բաց շագանակագոյն անուշիկ մի սկիւռիկ, որը մագլցում էր այգու մուտքին, Ճամբեզրի ժայռի մէջ բացուած խոռոչի շուրջ շարուած քարերի վրայ: Ինչպէս բոլոր ընդարձակ այգիներում, այստեղ էլ սիրահար զոյգեր ազատութիւն էին գտել՝ համբուրւում էին սեղմօրէն: Սրանք որսորդների նման անօրինական չէին, կարծես թէ: Անձրեւից փախչելով պատսպարուեցինք խոռոչի մէջ, սիրասուն ու մանկահասակ հայուհիների հարեւանութեամբ: Արդեօք պատմական Հայաստանի ո՞ր շրջանից է այս թուխ ու քաղցրատես աղջկնակի արմատները, իսկ այս շէկլիկինը՞: Նրանց ուզում էի ասել՝ աղջիկնե'ր, ես էլ հայ եմ, բնիկ հայաստանցի: Չասացի, բայց նրանք հասկացան ինձ: Անձրեւը դադարելու միտում չունէր, ուզում էր ջրել, ցնցուղել անտիրական այգին: Դուրս եկանք ու անմիջապէս ձախին, հետաքրիր մի ճաշարան գտանք, որը պիտի հասկանալ՝ ռեստորան: Նոյն անձրեւը այստեղ էլ կար: Ջրում էր ապակէ ջրաւազանի մէջ (aquarium) լողացող գոյնզգոյն ձկնիկների տանիքը: Ձկնիկները չգիտէին սփիւռքահայ եմ, սակայն դիմացի սեղանի շուրջ նստած այրն եւ կինը գիտէին: Մարդը շարունակ, ու յարգալից, ժպտում էր: Հիմա ես ի՞նչ պիտի հասկանամ... շնորհքով մարդ է երեւում, ու նրա ժպիտի մէջ ոչինչ վատ բան: Վերջում՝ գնալուց առաջ, յարգանօք բարեւեց ու անցաւ: Պէտք է գուշակել կամ հետաքրքրասէր է՝ զբօսաշրջիկներով ու մանաւանդ սփիւռքահայերով, կամ էլ ինքը կամ իր հայրը, մի օր, ինձ նման են խօսել հայերէնը: Գաւիթի վերջում, մի երկար սեղանների շարք էր տրամադրուած մարդկանց մի խումբի, որն իրեն երկրի տէրն ու պաշտպանն էր համարում: Պարբերաբար ոտքի էին կանգնում, իրար գովաբանում, կենացներ խմում ու նստում: Ուշադիր նայում էի այդ կողմ, չէի ուզում հաւատալ, թէ վատ մարդիկ են: Մարտի մեկի զոհերի արիւնը դեռ չէր չորացել: Որդիս գնում գալիս նրանց կողքով ու ցատկռտում աստիճանների վրայ: Անհանգիստ էի, աձնրեւից էինք փախչել, ու վերջին օրերի յոգնութիւնը մեր վրայ էր չոքել: Ոստիկանապետերը գնացին, առանց մեր վրայ ուշադրութիւն դարձնելու: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.