-
Posts
5,065 -
Joined
-
Last visited
-
Days Won
5
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by Ashot
-
ՀԱՄՈՒՆ ԱՐՏ Արտս ոսկո՜ւն է... Նման բոցերու, Ցորենն է բռնկել Առանց այրելու։ Արտս ոսկո՜ւն է... Երկինքն է կրակ. Հողը խորխոլած Ծղոտների տակ։ Արտս ոսկո՜ւն է... Քառաշար հասկեր Քառաշար սաթով Արև են հագել։ Արտս ոսկո՜ւն է... Բոռ, մեղու, պիծակ Քիստերի միջից Կանցնեն զերթ փայլակ։ Արտս ոսկո՜ւն է... Մերթ ելնում հովից, Մի դեղձանիկ թի՛ռ Ոսկեծուփ ծովից։ Օրո՜ր, ոսկո՛ւն արտ, Օ՜ր տուր, հասուն արտ, Գամ ոսկիդ հնձեմ Մանգաղով արծաթ։
-
ԱՌԱՋԻՆ ԾԻԼԵՐ Զեղուն աւիշն հողերուն տակ պայթեցուց Սերմերն ։ Արտերս այս գիշեր Կանանչցեր են լուսընկային տակ գարնան… - Մայրի՛կ, ինծի ծիլ մը բեր , Քըրտինքիս ցօղը վըրան ։ Կատաղօրէ՜ն , կատաղօրէ՜ն յորդեր են Տե՛ս , ցորեններն աղարծի ։ Դաշտերն հագեր են զմրուխտէ պատմուճան… - Քոյրի՛կ, ծիլ մը բեր ինծի , Եզիս շողիքը վըրան ։ Կը փողփողին արտավարէ արտավար Կարծես կանանչ մոմիկներ ։ Ամէն ընձիւղ մարգրիտ մ ' ունի իր բերանն… - Հօտա՛ղ , ինծի ծիլ մը բեր , Արեւուն շողը վըրան ։ Կը զարդարէ ամայութիւնը հողին Մատղաշ ծաղի՛կը հացի . Կանանչին մէջ կոշտերը թուխ կը լողան… - Հարսնո՛ւկ , ծիլ մը բեր ինծի , Մատերուդ բոյրը վըրան ։ Ծիլ արտերուս մէջն է ծըլեր նըշենիս , Հոն միսմինա՜կը ծաղկեր… - Մայրի՛կ, քոյրի՛կ, հօտա՛ղ, հարսնո՛ւկ սիրական, Բերէք անկէ ծաղիկներ , Բերէք վարդգոյն ծաղիկներ , Հընձուորին յո՜յսը վըրան ։
-
ԳԱՐՆԱՆ ԱՆՁՐԵՒ Դաշտերուն վրայ իր տրտմութեամբ յամառող Անձրեւը չէ՛ ասիկայ ։ Գարնան ջաղբն է ՝ որ ցանքերուն վրայ անհուն Լուսացընցուղ կը տեղայ ։ Աստղերն անյայտ , կարծես հալած արեւէն , Տեղատարափ կը թափին , Եւ կը լըւան իրենց լոյսին մէջ փաղփուն Անդաստաններն ու այգին ։ Կապոյտն յանկարծ կու լայ բուռըն ծիծաղէն , Եւ կը տեղայ ադամանդ . Կը լուսնան կոյր աղբերակներն ու կ'երգեն Իրենց ծընունդն արգաւանդ ։ Անհունն ի վար կը հեղեղուին շառաչով Մեծ կաթիլներ շափիւղայ , Լի արեւով , ցընծութիւնով , կապոյտով , Ծիծաղներով սատափեայ ։ Մարգերը թաց կ'արտաշընչեն զովութիւն… Կը լըւացուին գառնուկներ… Բո՜յրը հողին , հողին բո՜յրը , ծաւալուն , Կը լեցնէ գիւղն ու եթեր ։ Ու արտերո՜ւս , արտերո՜ւս մէջ քրտնաշատ Իմ ցորեաններս յամեցող Նոր ուժերով յորդահոսա՜ն կ'ընձիւղին Կայլակներու մէջ ի լող ։ Եւ մաքրըւած անտառին մէջ , այս պահուս , - Ըստ իմ գիւղիս հէքեաթին - Կը ծնի եղնիկը , գօտիին տակ ծիրանի , Եղնորթ մը ՝ նման լուսինին ։
-
ԼՈՅՍԸ Դուն կը փայլիս մեծութեան եւ զոհագործումին համար։ ( Ռիկ-Վետա ) Կ'երթամ աղբի՜ւրը լոյսին… Ուղին երկա՛ր է. սալարկուած է ուղին Կայծքարերով, ցանկուած ՝ մուրտի փուշերով. Ուղին շեղ է ճառագայթի մ ' հանգունակ։ Անկէ կ'ելլեմ ՝ յենլով դողդոջ ծունկերուս, Եւ ծունկերէս, զոր գամեցին եղբայրներս, Արիւնըս տաք կը բըխի ։ Հեւքն է ՝ կուրծքիս, թարթիչներուս վրայ ՝ փոշին։ Սիրտըս սափորն է դատարկ, Ու ես կ'երթամ դէպ ի աղբի՜ւրը լոյսին… Լոյսն աղուոր է, բարձրութեան մէջ ՝ հոսանուտ, Խոնարհումին մէջ ՝ արդար ։ Օր մը տեսայ էութենէն մաս մը սուրբ Մօրս հոգւոյն մէջ ճաճանչագեղ, եւ ցաթած Մեր գիւղակին մէկ վաղեմի հերոսին Հողակոյտին վրայ դալար ։ Միջօրէին ՝ զայն տեսայ Որ ՝ նըման մեծ թիթեռնիկի մ ' ըսպիտակ ՝ Կը քալէր գաղջ պատուհանիս քարին վրայ, Որ մայթերէն կամ աղծապիղծ ճամփայեն, Ներողամիտ գըթութեամբ, Կը հոսէր նոր կըթուած կաթի մը պէս եղկ, Որ իրիկունն, հորիզոնէ հորիզոն, Կ'երիզանար գետերու պէս յակինթի, Կամ կը կազմէր, երկինքներուն վրայ խաղաղ, Անըրջական աւազաններ, որոնց մէջ Կը բռընկէին նունուֆարէ կըղզեակներ ։ Զայն ես տեսա՜յ , - եւ հոգւոյս մէջ արթընցաւ Պանդուխտի տենչ մը անորոշ եւ լըլկիչ Դէպ ի գաւառ մ ' անծանօթ, լի արեւով. Եւ արդ կ'երթամ դէպ ի աղբի՜ւրը լոյսին… Լոյսն է Մըտքիս հարսը, աղջիկն ՝ Աստուծոյ. Ան գինին է Տիեզերքի բերկրութեան, Որ իրիկուն մը, կողէն դուրս Յիսուսին, Հեղեղօրէն հոսեցաւ, Ներումի պէս հոսեցաւ, վա՛րը, Մեղքին Սեղանին շուրջը հաւաքուած մարդերուն Անյուսութեան ըսկիհներուն մէջ դատարկ ։ Լոյսը արիւնն է բնութեան, Գիշերուան թագն, ու պատմուճանն է օրուան. Աստուածային Ակնին է ՝ Որ, երկունքի մէջ մեռած մօր մը նման, Կը ստեղծէ իր վախճանելու ժամանակ, Ակնին ՝ հրեղէն բիբերով, Որուն հոգին ամէն գարուն կը տրոփի Հիւլէին մէջ եւ մարդկային մըտածման, Որուն համար զոհերով դեռ կը մըխան Նուիրական ափերը յորդ Գանգէսին ։ Ու ես կ'երթամ դէպ ի աղբի՜ւրը լոյսին… Լոյսը մարմարն է երկնային հանքերուն. Որով Արուեստն, անմահական երազով, Կը քանդակէ ձիւնամարմին աստուածներ ։ Իր ծոցին մէջ կը ծընին Մռայլ Տանդէներն ու Հոմերները հըսկայ, Իր ծոցին մէջ իմաստութիւնը երգ մ ' է ՝ Զոր գիշերուան մէջ խորին Բանաստեղծները կը խըմեն աստղերէն ՝ Որ նուագեն ցերեկուան մէջ ՝ Մարդերուն ։ Ան ամէնո՜ւն զինքը կու տայ, ամէնո՜ւն Կը բաժնուի, եւ կը մընայ անբաժան Նըշխարքին պէս. - ան նըշխարքն է ՝ որ կ'իջնէ Ամէն առտու, սեղաններուն վըրայ մեր, Մարդեղութեան արիւնլուայ խորհուրդին ։ Ու ես կ'երթամ դէպ ի աղբի՜ւրը լոյսին… Քանի՞ հազար, քանի՞ հազար տարիներ Պէտք է որ ա՛յսպէս քալեմ. Քանի՞ անգամ պէտք է իյնամ, կարեվէր, Ճանապարհիս վրայ բացուած Նըպատակիս ժայռափըշուր մուրճերով. Չըգիտե՜մ ես . - միայն թէ, ո՜վ եղբայրներ, Ո՛վ խաչ հանող եղբայրներ, Թողուցէք զիս ճամբորդութեանս մէջ մինակ, Ա՛յնքան մինակ եւ ա՛յնքան լուռ, որ լըսեմ Տրոփը սըրտիս, զոր ընտըրած նուագս է Նուագներուն մէջէն բիւր. Արեւով լի եւ արեւները տանող Ուղիիս վրայ մի՛ սըփռէք Ձեր շուքը, մռայլ թեւի մը պէս ուրուրի ։ Եւ ոչ ալ զիս կանչեցէք Խընճոյքներուն ձեր զուարթ ՝ Ուր բոզութիւնը կը զարնէ նուագարան ։ Ընդունա՜յն է խոստանալ Սըրտիս կոյսեր, - սիրտըս սափորն է դատարկ, Ու ես կ'երթամ դէպ ի աղբի՜ւրը Լոյսին ։
-
Գուռը Իրիկուան մէջ, գիւղին քով, Կը մըրմընջէ գուռն ուռիին տակ շըքեղ։ Զայն կը լեցնէ աղբիւրն երգովը բիւրեղ, Աստղը ՝ բիւրեղ արցունքով։ Խորհուրդին մէջ ըստուերին Կընունքի ջինջ աւազան մ՚է կարծես ան՝ Ուր քաղցրօրէն կը մըկըրտուի լուսընկան՝ Տըղու մը պէս նորածին։ Յոգնաբեկ խումբն եզներուն Հոն կը դիմէ արահետէն ճախճախուտ՝ Ուրկէ կ՚հոսի, ճապաղելով, ջուրն անփոյթ՝ Մարգերուն տակ՝ պըսպըղուն։ Կողեր կողի դէմ ահա՛, Եւ գաւակներ գաւակներու կ՚ընդհարին. Յանկարծ մոլուցք մ՚եղջիւրներու ահագին Կը տատանի գուռին վրայ։ Միահաղոյն կ՚երկարեն Վիզերն իրենց, եւ ռունգերնին յարդամած Յըստակ ջուրին ադամանդին մէջ մըխած՝ Յաւերժօրէ՜ն կը խըմեն։ Կ՚ըմպեն ալիքն անապակ, Լոյս ծիւրումը պարեխներուն սառնակերտ. Ու չե՛ն խըրտչիր լուսընկայէն՝ որ մերթ մերթ Կ՚լողայ իրենց բերնին տակ։ Կը վերցընեն երբեմն, յա՛գ, Հըզօր գլուխնին, ու կը նային սարերո՜ւն… Կը սորսորայ իրենց դունչէն՝ քարերուն՝ Ջուրը, երակ առ երակ։ Անդէորդն, հոն, մահակին վըրայ կըռթնած՝ կը սուլէ երգն հեշտօրօր, Մինչեւ վէտ վէտ ցամքի հեղուկը բոլոր, Մընայ մամուռն՝ յատակին։ Կ՚երթան յետոյ, օրօրուն, ոմին խաղաղ գաւիթին մէջ պառկելու. Կը կարկաջէ գիւղամէջէն, զերթ առու, Զանգակն իրենց վիզերուն։ Ու երբ դարձեալ գան առտուն Պիտի գըտնեն հըսկումին տակ ուռիին ուռը նորէ՜ն լեցուած երգովն աղբիւրին, Եւ արցունքովն՝ աստղերուն։
-
Աղօրիք Է՜յ աղօրիք, դարձի՛ր, դարձի՛ր, Նստած կանանչ խորը ձորին. Աղաղակէ՛ երգըդ խորին Դէպի լուսնակն արծաթածիր։ Դուն դողդոջուն տընակ մըն ես Ալիւրոտած պատերով ՝ ուր Կարծես կու լան հիազարհուր, Ջըրանոյշներ հագած բեհեզ։ Միշտ կը հսկէ մէջըդ արթուն Աղօրեպանը ճեփճերմակ. Եւ ըստ պէտքի ՝ մեղմ կամ արագ, կը լարէ սի՛րտըդ բաբախուն։ Է՜յ աղօրիք, բանտուած մրրիկ Ծառերուն մէջ . աղա՛, աղա՛, Փըրփուր խըմէ՛ , ալիւր տեղա՛. Քարէ կուրծքէդ տեղա՛ բարիք։ Կեցո՛ւր գետակն ընթացքին մէջ Իր ծըփանուտ բաշէն բռնած։ Ջրվէժն ահեղ երգի փոխած Պոռթկայ վիհէն վար գահավէժ։ Սայլե՜ր, սայլե՜ր անծայրածիր Ջաղացքներուն ճերմակ ճամբէն Աղօնն իրենց քեզ կը բերեն… Է՜յ աղօրիք, դարձի՛ր, դարձի՛ր։ Ցորեններ թող ալիւր ըլլան Պորտին մէջ ժիր երկաններուն ՝ Որոնք բռնուած տենդով մ ՚անհուն Կը մըռըլտան ու հիռ կու գան։ Ցորեններ թող ըլլան փոշի Զիրար գրկող քարերուն տակ. Զիրար կրծող ժայռերուն տակ Ցորեններ թող ըլլան նաշիհ։ Մինչեւ լեցուին շարան շարան Պարկերն, ու վե՛ր կանգնին նորէն. Եւ սայլերն ալ ճռուողելէն Ոսկին թողած ՝ լոյսով դառնան։
-
ԿԱՐՄԻՐ ՀՈՂԸ Գրասեղանիս վըրա, սա Սկավառակին մեջ կա բուռ մ'հող, բերված հոն Հայրենիքի դաշտերեն: Նըվեր է ան.- Զայն ինձ ձոնողը կարծեց Սիրտն իր տըրված, առանց երբեք գիտնալու Թե կու տար իր պապերունն ալ միասին: Զայն կը դիտեմ.- մերթ ժամեր Բիբերս անոր վըրա հառած կը մընամ Լո՜ւռ և թախծո՜տ, իբր այդ հողին մեջ հուռթի Նայվածքս արմատ արձակեր:- Կը մըտածեմ.- Գուցե իր գույնը բոսոր Չէ պարգևված բնության ներհուն օրենքեն. Վերքերու սպունգ մ'ըլլալով Խըմած է մաս մը կյանքի, մաս մ'արևու. Եվ իբըր տարր անպաշտպան Կարմիր հող մ'է եղած, հայ հող մ' ըլլալուն: Գուցե իր մեջ կը բաբախեն տակավին Դարերը հին-հին փառքին, Կայծն ամրակուռ սըմբակներու որոնց գոռ Արշավանքն օր մը ծածկեց Հայկյան վաշտերն հաղթության տաք փոշիով: Կ'ըսեմ.- Իր մեջ դեռ կ'ապրի Ինքնատիպ ուժն այն որ կազմեց շունչ առ շունչ, Կյանքս իմ, քու կյանքդ, ու տըվավ, Կարծես ձեռքով գիտակից, Նույն թուխ աչվին նույն և նըման հոգիով Կիրք մ' Եփրատեն առնըված, Սիրտ մը կամշոտ, թագըստոց Ըմբոստանքի ու նաև բո'ւռըն սիրո: Իր մեջ, իր մեջ կը կայծկըլտա հոգի մ' հին՝ Հին դյուցազնի եղած փըսոր մը գուցե՝ Կույսի մ' աղվոր արցունքով. Հյուլե մը կա Հայկեն, փոշի մ'Արամեն, Անանիայեն բիբ մը դետ՝ Դեռ աստղերու ճաճանչներով թաթաղուն. Ա'զգ մը կա հոն, սեղանիս վրա ազգ մը հին, Որ այսօր իր վերաշողշող այգուն մեջ, Հողի բնատուր մարմնույն տակ ինձ կը խոսի, Կ'ոգեզինե - և աստղերու ինչպես ցանն Անհունության մեջ կապույտ - Փոշիներովն իր հրաբորբ Հոգիս քաղցրիկ փայլակներով կ'ոռոգե: ՈՒ այն ատեն լարը ջղերուս կը դողա Սարսուռով մ' հորդ, ա'յն սարսուռով՝ որ մըտքին Հերկերուն վրա ավելի' Ըստեղծիչ է քան գարնան հովն արփագաղջ: ՈՒ կը զգամ անցքն ուղեղես Նոր հուշերո՜ւ, հոգիներո՜ւ դեռ կարմիր Խոր վերքերովն իրենց, վրեժի՝ շրթունքներ. Եվ այդ հողն, այդ փոշին, զոր ես կը պահեմ Այնքա՜ն սիրով՝ որքան հոգիս պիթ չըներ Եթե մարմնույս աճյուններն Օր մը մահեն վերջ հովերուն մեջ գըտնար. Այդ պանդուխտ մասն Հայաստանի, մասունքն այդ Մնացած մեր հաղթ պապերեն, Բըժժանքն ու ձոնն այդ կարմիր, Սիրտըս սեղմած մագիլներով անծանոթ, Երկինքն ի վեր, գըրքի մը վրա, թանկագին Ժամու մը մեջ ժըպիտներու, սերերու, Կամ քերթվածի մը ծընած վեհ վայրկյանին Զիս հապըշտապ կը մըղե Մերթ լալու, մերթ մռընչելու, Եվ զինելու բռունցքըս, հոգիս բռունցքիս մեջ:
-
ԲԱՆՎՈՐՈՒՀԻՆ Պատուհանիս տակեն, ամեն առավոտ, ՈՒրվականի պես կ'անցնիս. Եվ կուսագեղ գըլուխիդ վրա կ'արտասվե Տերևաթափ վարդենիս: Լուռ թաղին մեջ կը լըսեմ քայլդ, ու զարթնող Շունն` որ վըրադ կը հաչե՜. Կամ կը լըսեմ քընիս մեջեն ձայնն հազիդ` Որ ծոցդ աղվոր` կը տանջե: Եվ կը խորհիմ թե քընատ ես և նոթի. Իրանդ հովեն կը դողա. Եվ կը նըստի գանգուրներուդ վըրա, քո'ւյր, Եղյամն իբրև շափյուղա: Կամ մուճակներդ են պատըռտած, փողոցին Ջուրն անոնց մեջ կը ճողպա. Կամ ետևեդ շըվայտորեն կը սուլե Սըրիկա մը անոպա: Եվ կը խորհիմ թե, տան մեջ, մայրդ է հիվանդ. Ցամքած է ձեթն ալ ճրագին. ՈՒ դուն կ'երթաս գործատան մեջ աշխատիլ Լույսին համար ու կյանքին: Ես կը խորհի՜մ - և խենթի պես կը բաղձամ Վար իջնել, քո'ւյր դալկադեմ, Քո'վըդ իջնել, համբուրել ձեռքըդ նիհար, Եվ հըծծել. - "Քեզ կը սիրեմ:" - Կը սիրեմ վիշտդ` որ իմ վիշտս է գերագույն, Կը սիրեմ կուրծքըդ քանդված` Որուն մեջ դեռ կը համառի Սերդ երգել Արտույտի պես սըրարբած: Կը սիրեմ քու անոթությունդ ու ծարավդ, Եվ ոսկորներդ ուժասպառ. Ես կը սիրեմ կույս աղիքներըդ ցամքած, Մազերուդ սուգն` ուսեդ վար: Եվ ես կ'ուզեմ ամփոփել քեզ սըրտի՜ս վրա Տատրակի պես տարագիր, Տալ ուժըս քեզ, մըրցանակներըս փառքի, Եվ ազգանունս անբասիր. Կուրծքըս վահան ընել կուրծքիդ նըշավակ, Եվ քողն ըլլալ պատիվիդ, Կրանիդե բազուկիս տակ պաշտպանել Սեռըդ ու գեղըդ անժըպիտ: Կ'ուզեմ քեզ տալ ինչ որ պայքարն ինձ տըվավ, Ինչ որ խլեցի մարտերով. Քեզ պըսակել արյունիս գույնն ունեցող Հաղթանակիս վարդերով: Միայն թե դուն չըլլաս տըժգույն ու քաղցած, Արևուն տակ չըհազաս. Մորըդ վերև չըմարի ճրագն, ու, ո'վ քույր, Դուն գործատուն ա'լ չերթաս:
-
ПАДУЧИЕ ЗВЕЗДЫ Мои глаза падучих звезд полны. Я собирал их летними ночами, Когда, скользя средь сонной тишины, Они сверкали кроткими лучами. Я их собрал в полночном летнем храме, Пока они, в паденье с вышины, Цвели еще над вольными холмами И, взрыв любовь, не умерли, как сны. Моя душа отсель всегда светла. Мои глаза – ларцы с лучистым кладом. И в день, когда мне слишком тяжела Скорбь нищего и горестным разладом Тревога мрака входит в жизнь мою, – Из этих звезд я солнце создаю.
-
ԱՆՑԱՎ ԳՆԱՑ Տ. Ս.–ի ն Անցավ գնաց ու կսպասեմ իր դարձին, Ինչպես մոմ մը' հովին դեմը դողալով. Անցորդները պատրանքով զիս խոցեցին Եվ ինչպես մոմ, որուն վրա փչեր հով, Ես կհալիմ' սպասելով իր դարձին։ Ու կխորհիմ. “Ինչպես երկա՛ր, ձանձրացող Թարթիչներու տակ աչքերով'առանձին Կերթա, քայլվածքն գետնի փոշին հմայող։ Արքա'ն անուշ պիտի ըլլար իր քովեն Քալել, հուշիկ, ճամփու մը մեջ ծաղկաշեն, Շնչելով լո՛ւռ վարդերուն սիրտն անձնվեր. Մինչ կպատե խավարին ցանցն ալ զմեզ։ Ի'նչ երջանիկ պիտի ըլլար, գողի պես, Ատեն-ատեն նայիլ սիրով ուսն ի վեր...”։
-
ՄՈԻԹԻՆ ՄԵՋ (Ռոնդո) Մութին մեջ կուզեմ որ կյանքըս անցնի, Երազի մը պես մեղմ ու կարճատև, Անձայն, անշշուկ, ամենին գաղտնի Լայն ճամփուն մեջեն քայլով մը թեթև, Առանց ստվերիս շղթային բռնի։ Չեմ ուզեր տեսնել աստղերը երկնի, Որոնք կբացվին հոն՝ ժպիտ իբրև, Իբրև ժպիտներ մարդոց ծերունի– Մութին մեջ: Ինչպես որ ցցված վիզե մը ծխանի Մոլթր ելլելով կերթա համրաթև Տնդիլ օդին մեջ ու իրեն հետև Չի թողուր ո՛չ մեկ հետք հիշատակի, Այնպե՛ս թող իմ կյանքն հալի՛, տարտղնի՛ Մութին մեջ։
-
ՕԳՆԵԼՈԻ ՀԱՄԱՐ Օգնելու համար ինկած հոգիիս Վեր կանգնել նորեն, ո՛վ իմ անծ՛անոթ, Ո՛վ իմ բարձրաշուք, ո՛վ իմ քաղցրահոտ Տղաա, մոաեցո՛ւր հոգիդ հոգիիս։ Այսպես երազ մը. քովյըդ ամեն օր, Ամեն օր քիչ մր ավելի խոնարհ, Մինչև որ այլևս հետքը չմնար Անցյալ կսկիծես, վերքերուն անոր։ Ով հոժարակամ Զրկանքին ճամփան Առաջնորդող դուռ մը, զոր կբանան Իմ հիացքներուս բալլիքներն ոսկի... Սրահներու մեջ շրջվելու համար Ամբողջ սյունազարդ ու ամբողջ մարմար, Ուր Հանդարտությո՛ւնը կբնակի...
-
ԿԱՐԱՎԱՆԸ Հորիզոնեն կարավանը կփրթի, Ու կսպասեմ։ Վետվետումներն ուղտերուն Կգծագրվին ու կմեծնան, օրորուն Կմոտենան, շողացնելով արծաթի Սանձերն իրենց... Ու կսպասեմ։ Անջրդի Անապատի ծարավ մըն է անանուն, Զոր հոգվույս մեջ այդ քալողներն կը լընուն Մինչ արևն ալ դաշտին հետևն կանհետի։ Եվ կլսեմ, վետվետող ծովը մութին, Բոժոժներուն ղողանջը դաշն ու տրտում, Մանուկներուն, կիներուն սիրտ ի խնդում Ավետավոր ճիչերն ու երգ... բայց մթին Կուլան աչքերս, երբ անոնց մեջ չեն ճանչնար Ւնչ որ գնաց չդառնալու ալ համար...
-
ԺԱՄԱԴՐՈԻԹՅՈԻՆԸ Դողացող լույսին տակ լապտերներուն, Սառած մայթին վրա, կքալե խոհուն։ Աչքը կվառի երբ որ հեռուեն, Կտեսնի մեկն, որ կուգա դեպ իրեն։ Կանցնի՛ այն մարդն ալ. գլուխը կիյնա Ավելի տխուր, իր կուրծքին վրա։ ... Ուսին վրայեն մեկուն կնայի, Կժպտի անոր ժպիտ մ'հիվանդի։ Թևը կերկնցնե մեջքի մը անտես, Շրթներ կնետեն համբույր հրակեզ։ Կդիտե հեոոլն, պահ մը կխոկա Ու կմրմնշա՝ “գիտեմ, չպիտի գա”։ Գողացող լույսին տ՛ակ լապտերներուն, Սառած մայթին վրա, կքալե խոհուն։
-
ԵՐԱԶ Այս գիշեր զքեզ ես երազեցի Եվ կփնտըրեմ այսօր ամեն տեղ Մազերըդ՝ խավար, նայվածքըդ՝ կանթեղ, Ակռաներդ՝ մարգրիտ, ականջըդ՝ խեցի։ Այս գիշեր զքեզ ես երազեցի Եվ բերնիս վրա շրթունքիդ հյութեղ Վերադարձավ համն ու դողաց այնտեղ։ Քայլերուդ առաջ լայնորեն բացի Ժանգոտած հոգիս և եկար, անգե՛տ, ճամփորգութենե մը ինչպես երկար Բազուկներուս մեջ՝ որբ քու մարմինեդ։ 0'հ, նստե հիմա և ա՛լ մի՛ երթար, Հիմա՛, մեղքըցիր և եթե կրնաս Զիս քիչ մը սիրե՛, ո՛վ բարի տղաս...
-
ՈԻԽՏ ՄԸ Ւմ պարտեղիս մեջ ճերմակ պատերով Փոթորիկի խիստ օրե մը հետո, Ուխտ մը տնկեցի Անպահանջ Սիրո, Դողացող երկար իր նուրբ ցողունով։ Եվ ոռոգեցի զայն ջերմ արցունքով. Ամեն առավոտ, ամեն երեկո Հակեցա ծաղկանցն իր վրա անգո, Եվ շատ գիշերներ լուսցուցի իր քով... Գիշեր մը, լուսնեն երազ մը իջավ Եվ, հովհարելով, իմ աչվըներուս Զորցուց արցունքը, նայվածքըս կորույս Արթնությունը իր և երբ որ անբավ Ժպտով արթընցա՝ Ուխտըս չորցած էր. Սև ու ճարճատուն, ինչպես ճյուղ մը ծեր...
-
ԿԱՆԹԵՂ Իմ սրտիս մեջ բյուրեղ կանթեղ, Նշուլեցավ բոցը սիրույդ, Եվ կանթեղին մեջ, յուղի տեղ, Հոսեցուցի կյանքըս պուտ - պուտ Հոն, խորանին մեջ հոգիիս, ժամանակե ի վեր անհուշ, Գամված է քու, ո'վ պաշտելիս, Քու ոսկեգիծ պատկերն անուշ: Այդ պատկերին առջև ահա, Որ հրեշտակի ունի անուն, Սիրույս կանթեղը կմխա Բոցով մը փոքր ու պլպլուն։ Իմ մարմինիս թաց սպունգեն Քամված կյանքը երբ որ ցամքի՞ Սիրույս կանթեղն ալ այն ատեն, Լոկ այն ատեն մարի' պիտի։ * * * Ավազին մեջ ես կխրիմ ամեն օր Եվ որչափ վար իջնեմ, այնչափ մսիս մեջ Կզգամ խայթվածքը տենչերու նորանոր, Այնչա'փ կայրե ծխոտ սիրտըս սերդ անշեջ: Գիշերին մեջ ես կցատկեմ անկողնես Եվ փարվելով ճերմակ բարձիս, կարտասվեմ, Կպաղատիմ ունենալու համար քեզ Վերմակին տակ, փայփայանքով, կուրծքիս դեմ: Եվ կդողդղամ, ա՛լ անկարող ննջելու... Հիմա անզիղջ մեղավորն եմ ես՝ հլու Ծանրությանը տակ մեղքին և ա՛լ ոչինչ Պիտի բանա կույր այս աչքերը լույսին. Կըռկռացող հիվանդ գորտն եմ ճահիճին, Օր կանարգե աղբյուրներուն ջուրը ջինջ:
-
ԱՍՈՒՊՆԵՐ Աչքերըս լեցուն են ասուսյներով. Ամառ գիշերներ ժողվեցի զանոնք, Երբ որ երկնքեն կիյնային սիրով, Ինչպես քնի մեջ լույս աչքե'ր անհոգ: Ժողվեցի զանոնք, ամառ գիշերներ, Աշվրներուս մեջ, երբ որ երկնքեն Կիյնային' չինկած հողին վրա դեռ, Զինջ սերե՛ր ծնած և մեռած արդեն։ Հիմա իմ հոգիս լուսավոր է միշտ. Աչքերս գոհարի տուփեր են մեյմեկ. Եվ օրը երբ որ շատ ճնշե իմ վիշտ, Շատ աղքատ մնամ և մռայլ ու մեգ Շրջապատե զիս,— աստղեր կկազմեմ Այն ասուպկերեն և, լո'ւռ, կդիտեմ։
-
ԱՀԱՎՈՐ ԲԱՆ ՄԸ ԱՅՆՏԵՂ... Ահավոր բան մը այնտեղ կը կատարուի մութին մէջ... ԴըԺոխային այս տըռամն ի՞նչպէս կրնայ պատմըւիլ... Ազգ մը ամբողջ, խորհեցէ՛ք, երէկ կ՛ապրէր, կ՛ոգորէր, Միտքը լոյսին կը բանար եւ տակաւ սիրտն ալ յոյսին, Կը բարձրանար ճահիճէն ուր խըրած էր ատենօք, Թեւերն արդէն կը թօթուէր, ինքզինք արդէն եթերին, Ամպերուն մէջ կը կարծէր... եւ ահա՛ ճիշտ այդ պահուն Ոսոխ աստուած մը անշուշտ՝ որ դարանած կը դիտէր՝ Անոր վըրայ արձակեց ամբողջ չարիքն աշխարհի, Ոտքի հանեց բովանդակ Հըրէշութիւնը ի քուն ՝ Մեծ օձերու, վագրերու, շաքալներու դէմքերով, Փաթթըւեցաւ ոտքերուն, խածատեց կուրծքն ու հասաւ Անոր վիզին, աչքերուն, եւ իր Ժանիքը մըխեց Ճիշտ ուղեղին մէջ անոր ՝ զոր արիւնին հետ ահա՛ Ան կը լըզէ հեշտագին, ան կը ծըծէ՜ ըզգըլխած... Ահաւոր բան մը այնտեղ կը կատարուի մութին մէջ. Կ՛սպաննեն ազգ մը այնտեղ որ կեանք ունէր եւ շընորհ, Ունէր հանճարն ապրելու, նորոգելու ալ ինքզինք, Գեղեցկացած էր տակաւ ու թարմացած, ա՛հ ո՜րքան, Եւ այդ ազգը մերինն էր, եւ կ՛սպաննե՜ն զայն հիմա, Զայն կ՛սպաննեն... Օգնութի՛ւն, ա՜հ, օգնութի՜ւն, օգնութի՜ւն... 1916
-
ՏԱՂ ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՎԻ Քեզ, Հայ Լեզո՛ւ, կը սիրեմ մըրգաստանի մը նըման... Մեր անցեալին թանձրախիտ ստուերներուն մէջ կարծես Մէյ մէկ պըտուղ՝ քու բոլոր բառերդ ինծի կ՚երեւան, Որոնց մեջէն կը քալեմ ու կը քաղե՜մ զանոնք ես...։ Մրգաստանի՛ մը նըման կը սիրեմ քեզ, Հայ Լեզո՛ւ... Մեր հայրենի պալատէն, պարտէզներէն մընացորդ՝ Դալարագեղ դուն պուրա՜կ, որ դիմացար դարերու Եվ կը մընաս միշտ առոյգ, հին ավիշով կենսայորդ...։ Ծառերուդ մէջ հովանուտ կ՚երթամ խինդով մ՚անսահման, Արմատներուդ, ճիվղերուդ վրայ նայելով հիացիկ, Զարմանալով թէ ի՞նչպէս դուն մընացիր՝ երբ սաստիկ Քամին քու շուրջըդ փըչեց եւ տապալեց ամէն բան...։ Մէյ մէկ պըտուղ գոյնըզգոյն՝ բոլոր բառե՛րըդ ահա, Հիվթե՜ղ բառերըդ՝ զոր որքա՜ն հասունցուցին արեւներ, Բառե՛րըդ որքան այս պահուս շըրթանցս վրայ եմ բռներ, Բառերըդ որ քիմքըս կ՚օծեն եւ կ՚սփոփե՜ն սիրտս հիմա...։
-
ՎԱՅՐԻ ԾԱՂԻԿ Վայրի ծաղիկ, բայց ինչպէ՞ս Արեւն ու ծովն ալ վըրադ Դողացեր են ու ըզքեզ՝ Մայրիկիդ հետ խանդակաթ Գգուանքներով են ծածկեր Վայրի ծաղիկ. բայց որքան Թափեր է լոյս երազներ Աչքերուդ մէջ լուսընկան Երբոր գիւղիդ երկինքէն Քեզ կը դիտէր հիացմամբ Օրօրոցիդ մէջ՝ արդէն Էիր լուսնակ մը անամպ...։ Վայրի ծաղիկ, քեզ այսօր, Շըքեղ վարդէ մ՛ավելի, Տենչով մը նոր ու հըզօր Քաղել, շնչել ուզեցի...։
-
ՎԵՐՋԻՆ ՄՐՄՈՒՆՋՔ Յիշատակներ գունդագունդ կը խուԺեն վրաս այս գիշեր... Ինչ որ եղաւ ու չեղաւ կ՛անցնի մտքիս առջեւէն՝ Արեւահատ, սովահար տղոց նման լուսեղէն, Որոնց ես մահը տեսայ ու կը լսեմ ճիչը դեռ...։ Իմ ամբողջ կեանքս այս գիշեր. իր յոյսերով, յուշերով՝ Իր վարդերուն յոյսերով, իր յուշերով փուշերուն, Կը գրաւէ սիրտս անսէր, կ՛ողողէ աչքս անքուն, Մինչեւ կոկորդս ան կ՛ելլէ իբրեւ աղի, լեղի ծով...։ Ա՜հ, լաւագոյն է չըլլալ եւ լաւագոյն է հիմայ Դադրիլ այլեւս ըլլալէ ու երթալ հոն ուր չըկայ Ոչ ըսպասում, ոչ պատրանք, ոչ անցեալ, ոչ ապաքայ...։ Ալ հիմայ պէտք է, հոգիս, պատրաստըւիլ լռության, Չաւաղելով, չողբալով, եւ մոռնալով յավիտեան Գալարատանջ երգելու այս սփոփանքն ալ ունայն...։
-
“ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ” ...Սակայն չըկա՜յ նաւը ա՛լ... Ընդհարեցա՜ւ խարակերու Կամ՝ նաւերու մէջ երկու (Երէկ՝ օրհնեալ, այԺմ՝ անիծեալ) Ճզմըւեցա՜ւ, փշրեցա՜ւ... Անկախութի՛ւն Հայկական ՝ Երազն էր ան ՝ սուզուեցա՜ւ, Թողլով բեկոր մը միայն...։ ...Կենդանութի՛ւն Հայրենի, Ո՛վ դուն, մարմի՛ն եւ հոգի՛, Աւի՛շ անվերջ, հո՛ւր անշէջ..., Դուն հո՛ն էիր ՝ նաւուն մէջ Եւ դուն... թըռա՜ր անկէ դուրս... Եւ հիմա դուն իմ հոգւոյս, Հազարներու հոգւոյն մէջ -Հոգւոյն, մտքին, մարմինին- Հեծեծագին, հրճուագին Աշխատելով գաղտնօրէն ՝ Գիշեր-ցերեկ, լաստ առ լաստ Կը շինե՜ս նաւը նորէն Կ՛ընես Վաղուա՜ն զայն պատրաստ...։ 1923
-
ԿԵՆԴԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԵՆԻ Կենդանութի՛ւն Հայրենի, Ո՛վ դուն, մարմի՛ն եւ հոգի՛, Աւի՜շ անվերջ, հո՛ւր անշէջ. Ո՛վ մեր Երէ՜կն աղուալոյս Եւ ո՛վ, պահուած անոր մէջ, Գեղեցկագոյն Վաղուան Յո՛յս... Զմեզ օտարը խոցեց, Խոցոտեցինք մենք ալ զմեզ, Պարպըւեցար երակներէն դուն մերին, Մարմինն հիւծած, միտքն ոգեվար Դուն թողուցիր ու հեռացար, Կենդանութի՜ւն հայրենի...։ * * * Իննըսուն չորսէն Իննըսուն եւ վեց... Փայլակի նըման Հրդեհներ անցան Հայ ծեր հոգիէն. Ու հոգին շողաց, ու հոգին հեծեց, Յետոյ հանգչեցաւ ՝ ցաւին հետ, նորէն, Յո՛յս մ՛ալ օրրելէն։ * * * Իննհարիւր եւ ութ... Մութէն դուրս ոստում. Երգ, ճառ, արտասուք. Դըրօշակ, ծաղիկ, ծափեր անհատնում... Մխիթարուած սուգ ՝ Ցամաքի, ծովու մեռելոց վըրայ... “Կեցցէ եւ անկցի.” “Բռնապետութիւնն անիծեալ լլայ.” “Ամէնքս օսմանցի...” Մինչեւ որ տակաւ Հոգին հանգչեցաւ ՝ Յոյսին հետ նորէ՜ն Ցաւ մ՛ալ օրրելէն...։ * * * Ինն միս յետոյ... Երկունք եւ ծընունդ... Արիւններու մէջ բան մը կը շարԺի Եւ կ՛իյնայ անդունդ... ՎիԺո՛ւմ հաւատքի... Շրթներու վըրայ Կը մընայ սառած բառ մը ՝ Ատանա՜... * * * Վեց տարի յետոյ... Ըսէ՛ք, յետոյ ի՞նչ, յետոյ ի՞նչ սակայն... Ամայի, ու ծանր, ու լո՜ւռ երեկոյ Հայ հողին, հոգւոյն, կեանքին վրայ համայն... Փոթորիկ մ՛ահեղ Անցեր ու քըշե՜ր է իր առջեւէն Ամէն ինչ, ամէ՜ն... Չըկա՜ն ո՛չ արեւ, ո՛չ Հայեր այնտեղ... Բայց հեռուն, հեռո՛ւն ահա կը ճըչեն Շուքեր ահադող... Հեռուն ՝ հեռացող Զանգուածները հոծ Տակաւ կը հալին... Հեռուն ՝ ծուխ ու բոց... Հեռուն ՝ անդունդներ յառած երկինքին Եւ հեռո՜ւն, ո՛վ Տէր, Դեռ Յոյսի՛ կայծեր... * * * Եւ օր մ՛ալ յանկարծ Շեփորը գոռաց Ու կըմախք սիրտեր, կըմախք մարմիններ Ստուեր առ ստուեր Հաւաքուած, եկած միատեղ նորէն ՝ Կեանքին, արեւին աչք, ձե՜ռք կ՛երկարեն...։ Ու նաւ մ՛ահա կը ծըփայ Կը ծփծըփա՜յ ծովուն վրայ, Կ՛երթայ հեռու, կու գայ մօտ ՝ Առագաստովն արեւոտ. Մերթ կը մեծնայ ՝ հորիզոնն Ամբողջ աչքէ ծածկելով, Կը պահուըտի մերթ ալ հոն Ու կ՛ելլէ դուրս նազանքով... Կը կարդացուի նաւուն վրան
-
ԳԵՂՕՆ ՍՕՍԵԱՑ ԱՆՏԱՌԻՆ Հայոց երկրին մէջ միշտ կ՛ապրին Մեծ սօսիներն արմէնաւանդ... Եւ լռության ու ըստուերին Մէջտեղ անոնց, անարգաւանդ Օրէ մը ետք քերթողն երբ խանդ Ու ներշնչում խնդրել կուգայ, Խըռովայոյզ ճիւղերն աստ անդ Կը փսփըսան “դո՞ւն ես, արքա՛յ...”։ Կ՛անցնին անվերջ օրն ու տարին Խստահալած... ։ Դաշտ, դարեւանդ Եւ լեռներուն ալ կատարին Ձիւնը փայլուն զերդ ադամանդ Կը կըրեն հետքն անոնց հիւանդ Ծա՜նըր քայլին... Մինչ հոս ՝ հսկայ Ծառերն, յոյսով միշտ անվըկանդ , Կը փսփըսան “Դո՞ւն ես, արքա՛յ...”։ Սեւ աղէտի մը նախօրին ՝ Անտառն յուզուած է մանաւանդ Եւ տխրութեամբ սօսիք կ՛օրրին. ... Օ՛հ թշնամւոյն ըստուերը Ժանդ. Տուներ, գիւղե՛րը քարուքանդ... Բայց մինչ թաւուտքը կը սգայ, Ահա՛ ձայներ անհընազանդ Կը փսփըսան “դո՞ւն ես, արքայ...”։
