Jump to content

Sarkis Torosyan


Yervant1

Recommended Posts

Սարգիս Թորոսեան.
Էնվէրից Պատուոգիր Ստացած Հայ Հերոսը, Որն Ըմբոստացաւ Օսմանեան Կայսրութեան Դէմ...



Անի Մարգարեան, Երեւան, Հայաստանի Հանրապետութիւն
 

http://www.ramgavar.org/images/stories/captain_torossian_in_constantinople_p.jpg

Գնդապետ Թորոսեան, Կ. Պոլիս, Յունիս 1915

«Չանաքկալէում մի հայ սպայ կար` Սարգիս Թորոսեան: Նա Կեսարիայից էր: Հրետանու հրամանատար էր: Հակառակորդի մի քանի նաւ էր խորտակել: Մարտերից մէկում ծանր վիրաւորուել էր: Էնվէր փաշայից պատուոգիր էր ստացել: Լէյտենանտ-ի կոչում ունէր, հասաւ մինչեւ մայոր: Արժանացել էր նաեւ օսմանեան բանակի շքանշանի»,- գրում է Թուրքական «Սաբահ» (Sabah) օրաթերթի սիւնակագիր Էնգին Արդըչը:



 

Վերջինս իր յօդուածում անդրադարձել է այն փաստին, որ թուրքերի կողմից այդքան փառաբանուող Չանաքկալէի (Դարդանէլի) յաղթական ճակատամարտում մասնակցութիւն են ունեցել նաեւ հայեր, յոյներ, արաբներ, եզդիներ: Յօդուածագիրն ընդգծում է, որ այն ժամանակ, երբ Սարգիս Թորոսեանը Չանաքկալէում մարտնչում էր Թուրքիայի համար, նոյն այդ օրերին` 1915թ. ամրան սկզբին, Կեսարիայում թուրքերը կոտորում էին նրա ծնողներին:
 

http://www.ramgavar.org/images/stories/sarkis_torosian_parents_and_sister_before_the_war_t.jpg

Սարգիս Թորոսեանի ծնողներն ու քոյրը, տեղահանուելուց առաջ

«Իթթիհաթ վէ Թերաքի» (Միութիւն եւ Առաջադիմութիւն) կուսակցութեան առաջին դէմքը Թորոսեանին պատուոգիր էր ուղարկում, «Իթթիհաթ վէ Թերաքի»-ի խուժանը նրա ընտանիքին էր կոտորում»,- նշում է յօդուածագիրը:

Այնուհետեւ յօդուածում պատմւում է, որ 1917թ. Սարգիսը վերադառնում տուն եւ ոչ մի կենդանի հարազատ չի գտնում: Նրանցից ոեւէ մէկին ողջ գտնելու յոյսով մեկնում է Սիրիա: Այնտեղ էլ գտնում է կոտորածից մազապուրծ եղած քրոջը: Նա ըմբոստանում է Օսմանեան կայսրութեան դէմ, 1918-ի գարնանը միանում արաբ ապստամբներին: Յետոյ Սարգիսը հալածեալ բազմաթիւ հայերի նման մեկնում եւ հաստատւում է Միացեալ Նահանգներում:

Սարգիս Թորոսեանի մասին պատմում են նաեւ Հայոց Ցեղասպանութեանը վերաբերող բազմաթիւ կայքեր.

Կապիտան Սարգիս Թորոսեանը ծնուել է 1891թ. Էվերէկ քաղաքում, (հայաշատ բնակավայր Անգորայի նահանգի Կեսարիա գաւառում) աւարտել է տեղի
հայկական թեմական դպրոցը: Սարգիսը զինուոր դառնալու մեծ ցանկութիւն ունէր: Սակայն Օսմանեան կայսրութիւնում մինչեւ 1908թ. սահմանադրութիւնը քրիստոնեաների համար զինուորական գործը խստիւ արգելուած էր: Դպրոցն աւարտելուց յետոյ Սարգիս Թորոսեանն ընդունւում է Ադրիանապոլսի Պետական Քոլէջը, որտեղ ընկերանում է Մուհարրէմ անունով արաբ մի ուսանողի հետ, ով օսմանեան բանակի փաշայի որդի էր: Սարգիսի եւ Մուհարրէմի ընկերութիւնը շուտով վերաճում է բարեկամութեան, որի արդիւնքում վերջինիս հայրը` ազդեցիկ փաշան, կազմակերպում է երկու տղաների ընդունելութիւնը ռազմական քոլէջ: Փաշայի պալատ մի քանի այցերից յետոյ` Սարգսի եւ Մուհարրէմի քրոջ` Ջամիլէի միջեւ սիրավէպ է սկսւում:


 

 

http://www.ramgavar.org/images/stories/certificate_from_ottoman_government_tocaptain_torossian_t.jpg

Օսմանեան կայսրութիւնից Սարգիս Թորոսեանին տրուած վկայագիր

 

Աւարտելով քոլէջը` 1914թ. Սարգիսն ստանում է հրետանային լէյտենանտ-ի կոչում եւ երեք ամսով գործուղւում Գերմանիա: Թուրքիայի` պատերազմի մէջ մտնելուց առաջ Սարգիսը նշանակւում է Էրթուղրուլ ֆորտ-ի հրամանատար, որը պաշտպանում էր Դարդանէլի մուտքը, իսկ Մուհարրէմը` Դարդանէլի պաշտպանական ամրութիւնների հրամանատար, գեներալ Ջեւադ փաշայի քարտուղար:
 

http://www.ramgavar.org/images/stories/captain_torossian_military_service_t.jpg

Գնդապետ Թորոսեանի զինուորական ծառայութեան ժամանակագրութիւնը

Կապիտան Սարգիս Թորոսեանն առաջինն էր, ով 1915 թ. սկզբին ոչնչացրեց բրիտանական ռազմանաւը Դարդանէլի (Չանաքկալէի) ճակատամարտում: Սարգիս Թորոսեանի հաւատարմութեամբ ու խիզախութեամբ հիացած Ջեւադ փաշան` վերջինիս ներկայացնում է Պատերազմի նախարար Էնվէր փաշային` ընդգծելով, որ կապիտան Թորոսեանի ղեկավարած ֆորտ-երը միակն էին, որոնց յաջողուեց ջրասոյզ անել հակառակորդի նաւերը:

Ընդունելութեան ընթացքում նախարար Էնվէր փաշան Սարգիս Թորոսեանին ներկայացնում է գերմանացի բարձրաստիճան սպաներ մարշալ Լիման ֆոն Սանդերսին եւ գեներալ Ֆոն դեր Գոլցին` որպէս «Դարդանէլի հայ հերոսի»: Հանդիպման ընթացքում Էնվէրն ու գերմանացի զինուորականները խորհրդակցում են Սարգիս Թորոսեանի հետ Չանաքկալէի ռազմաճակատում ստեղծուած ռազմական իրադրութեան եւ պաշարուած Կ.Պոլսում բրիտանացիների յաջողութեան հասնելու հնարաւարութիւնների մասին:

1915թ. Սեպտեմբերի 29-ի առաւօտեան Թորոսեանը հեռագիր է ստանում, որ Մուհարրէմը ծանր վիրաւորուել է Դարդանէլի համար մղած թէժ մարտերից մէկում եւ շտապում է տեսնել նրան: Մահից առաջ Մուհարրէմն ուշագրաւ բացայայտում է անում իր քրոջ` Ջամիլէի ինքնութեան մասին, որի վերաբերեալ Ս. Թորոսեանի գրքում գրուած են Մուհարրէմի հետեւեալ խօսքերը. «1896 թ. հայկական կոտորածի ժամանակ հայրս Մուշի մօտ տեղակայուած բանակային ստորաբաժանման հրամանատարն էր: Նոյնիսկ այդ ժամանակ նա շատ մտահոգ էր քրիստոնեաների նկատմամբ թուրքերի ունեցած վերաբերմունքից: Մի օր, անցնելով հայկական գիւղերից մէկի մօտով, հայրս տեսնում է հազիւ երկու տարեկան փոքրիկ մի աղջնակի, ով մոլորուած քայլում էր ամայացած փողոցներում: Նրա ծնողների մասին ոչ մի տեղեկութիւն չկարողանալով գտնել` խղճահարութիւնից դրդուած, հայրս իր հետ վերցրեց աղջկան ու տուն տարաւ: Ի վերջոյ, նա ընդունուեց մեր ընտանիքում: Մայրս, ընդդիմանալով աղջկայ ձախ ձեռքին արուած խաչի պատկերով դաջուածքին, թթուային լուծոյթով վերացրեց քրիստոնէական խորհրդանիշը` սպի թողնելով աղջկայ ձեռքին»:



http://www.ramgavar.org/images/stories/torossian_when_in_charge_of_6000_arabian_horsemen_in_damascus_t.jpg

Սարգիս Թորոսեանը, 6000-անոց արաբ հեծելազօրքի հրամանատար, Դամասկոս

1915թ. Յունիսից, երբ սկսուեց կայսրութեան հայ բնակչութեան տեղահանութիւնն ու կոտորածը, Սարգիս Թորոսեանի ծնողներն ու քոյրը եւս տեղահանուեցին ու տարուեցին Դէր Զօր: Էվերէկի կայմակամ (շրջանի ղեկավար) Զեքին, նախքան տեղահանելն, առաջարկել էր Թորոսեանի ծնողներին իսլամ ընդունել եւ իրենց փոքր դստերը կնութեան տալ իր զարմիկին: Սակայն առաջարկը մերժուել է: Թորոսեանը փորձում է իր ընտանիքի փրկութեան համար միջնորդութիւն հայցել թուրք բարձրաստիճան զինուորականներից, սակայն, փոխարէնը վերջիններս Թորոսեանին սպաննելու փորձ կատարեցին: Աւելի ուշ, թուրք սպաներից նա տեղեկանում է, որ Թալեաթ փաշան իր սիրուհիներից մէկի` Ֆահրիէ Հումանի օգնութեամբ ծրագրել էր թոյնել իրեն, իսկ մարմինը` ծովը նետել:

Որոշ ժամանակ անց` Թորոսեանը Պաղեստինում ենթարկւում է երկրորդ մահափորձին: Երիտթուրքերի հանդէպ ունեցած ատելութիւնը եւ ծնողների սպաննութիւնը ստիպում են Թորոսեանին միանալ արաբներին, որոնք Նուրի Եուսուֆի ղեկավարութեամբ գործում էին Դաշնակիցների հովանու ներքոյ: Իր խիզախութեան, ղեկավարելու բացառիկ ունակութեան եւ հմուտ հրամանատարութեան համար Թորոսեանն Անգլիայի ու Ֆրանսիայի կողմից արժանացել է բարձր պարգեւների: Թորոսեանն արժանացել է նաեւ Օսմանեան կայսրութեան եւ Գերմանիայի, Աւստրիայի, Բուլղարիայի ռազմական պարգեւներին:

Արաբական անապատներից մէկում Թորոսեանը գտնում է իր քրոջը` Պայծառին, ով իր ընտանիքի անդամներից միակ վերապրողն էր: Սակայն, շուտով ե՛ւ քոյրը, ե՛ւ Ջամիլէն մահանում են հիւանդութիւններից: Կիլիկիահայերի վերադարձից յետոյ Թորոսեանը մասնակցել է քեմալականների դէմ կազմակերպուած տեղական ինքնապաշտպանական մարտերին, որի անյաջող աւարտից յետոյ տեղափոխւում է ԱՄՆ` Փենսիլվանիա: 1927 թ. Բոստոնում Սարգիս Թորոսեանը հրատարակել է իր յուշերը` «Դարդանէլից Պաղեստին» վերնագրով: Հինգ ռազմաճակատներում ձեռք բերած փորձն ու իրազեկութիւնը հիմք են հանդիսանում կապիտան Թորոսեանի համար շարադրելու բացառիկ նշանակութեան ընդարձակ օրագիր:

Աղբյուրը՝ http://animargaryan.blogspot.com


 

  • Like 1
Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...