MosJan Posted August 30, 2011 Report Share Posted August 30, 2011 Լևոն Տեր-Պետրոսյան. 13 տարի առաջ 98թ. հունվարին, նախքան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հողի վրա տեղի ունեցած իշխանափոխությունը, գումարվել է Հայաստանի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Նիստում ելույթ է ունեցել նաև նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ամփոփել է ղարաբաղյան հակամարտությունն արագ չկարգավորելու կողմնակիցների փաստարկները և բացատրել, թե ինչ է սպասվելու Հայաստանին 5 կամ 10 տարի հետո, եթե ղարաբաղյան խնդրում Հայաստանը գնա «ստատուս-քվոյի» պահպանման ճանապարհով: Որոշ կրճատումներով ներկայացվող ելույթն այսօր էլ չափազանց արդիական է, քանի որ բանակցային դիրքերի մասով իրավիճակը, ըստ էության, անցած տարիների ընթացքում փոխվել է ի վնաս Հայաստանի, իսկ այսօրվա արագընթաց զարգացումներն այլևս խափս տալու ժամանակ չեն թողնում: Նախքան բուն ելույթին անցնելը, կարծում եմ, ավելորդ չէ ներկայացնել երկու օրվա ընթացքում այստեղ հնչած որոշ կարծիքներ, որոնք կարևոր են քննարկվող հարցի համակողմանի լուսաբանման տեսակետից: Եվ այսպես. «Շրջափակումները չեն ազդում Հայաստանի տնտեսական զարգացման վրա: Ամեն ինչ կախված է կառավարության աշխատանքի ճիշտ կազմակերպումից և ուժերի մոբիլիզացիայից» (Ռ. Քոչարյան, Վ. Սարգսյան). «Հայաստանի բյուջեն կարելի է երկու-երեք անգամ մեծացնել՝ պայքարելով ստվերային տնտեսության դեմ և խստացնելով հարկերի հավաքման պրոցեսը» (Ռ. Քոչարյան, Վ. Սարգսյան). «Սփյուռք-Հայաստան հարաբերությունների սերտացման դեպքում Սփյուռքից կարելի է ստանալ տարեկան 400-500 մլն դոլարի օգնություն» (Ռ. Քոչարյան, Վ. Սարգսյան). «Հնարավոր չէ Հայաստանը լրիվ մեկուսացնել: Մեզ կօգնեն Ռուսաստանը և Իրանը: Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումը, ապա մենք զենք կստանանք Իրանից» (Վ. Սարգսյան). «Ղարաբաղի հարցում հիմա կարիք չունենք փոխզիջման գնալու: Կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք» (Վ. Սարգսյան). «Փուլային տարբերակը կարող է մեծացնել պատերազմի վտանգը: Նոր դիրքերը մեզ համար դժվար կլինի ամրացնել» (Ս. Սարգսյան). Այժմ անցնենք բուն նյութին: Ինչպես իմ բացման խոսքում ասացի, գոյություն ունի Ղարաբաղի հարցի կարգավորման երեք հնարավորություն. 1. Փաթեթային տարբերակ. 2. Փուլային տարբերակ. 3. Ստատուս-քվոյի պահպանում։ Ես այսօր չեմ պատրաստվում խոսել առաջին երկու տարբերակների առավելությունների ու թերությունների մասին, քանի որ նախ՝ բոլորդ էլ դրանց ծանոթ եք, և ապա՝ մեր վերապահումներն այդ տարբերակների վերաբերյալ արտահայտված են Մինսկի խմբի համանախագհությանն ուղղված պաշտոնական պատասխաններում: Բացի այդ, նշված տարբերակների մասին խոսելն իմաստ կունենա միայն այն բանից հետո, երբ պարզենք՝ մենք պատրա՞ստ ենք, կամ համոզվա՞ծ ենք, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծել այսօր, թե՞ դեռ անհրաժեշտ է սպասել, այսինքն՝ առայժմ պահպանել ստեղծված ստատուս-քվոն, հույս ունենալով, թե ժամանակը մեր օգտին կաշխատի, և Ղարաբաղի հարցը կլուծվի ինքնըստինքյան՝ աշխարհը վաղ թե ուշ կհաշտվի կատարված փաստի հետ: Քանի որ ինձ մոտ տպավորություն է առաջանում, որ շատերը հակված են երրորդ տարբերակին, ուստի ես կկենտրոնանամ բացառապես դրա վրա: Տեսականորեն չեմ ժխտում, որ ստատուս-քվոյի պահպանումը թերևս կարող էր լինել լավագույն ելքը, քանի որ ի տարբերություն առաջին երկու տարբերակների, որոնց հիմքում ընկած է փոխզիջման գաղափարը, այն ենթադրում է բացառապես հաղթական լուծում: Սակայն դա միայն տեսականորեն: Գործնականում այդ ճանապարհն ընտրելուց առաջ մենք պարտավոր ենք պատասխանել այն հարցին, թե Հայաստանը, որ Ղարաբաղի գոյության միակ երաշխիքն է, ի վիճակի՞ է երկար ժամանակ պահպանել ստատուս-քվոն՝ ապահովելով իր նորմալ կենսագործունեությունը, տնտեսական բարգավաճումը, ռազմական հզորությունը, հաղթահարել շրջափակումների հարուցած դժվարություններն ու դիմագրավել միջազգային աճող ճնշումներին: Կարող եք ինձ հոռետես համարել, բայց ես չեմ հավատում նման հրաշքի:Վերջին տարիների մակրոտնտեսական ցուցանիշների ուսումնասիրությունն ինձ բերել է այն համոզման, որ Հայաստանն իր տնտեսական զարգացման մեջ արդեն բախվում է ֆիզիկական լիմիտների, որոնք կախված չեն կառավարության գործունեության արդյունավետությունից կամ այլ սուբյեկտիվ գործոններից: Թեև գրեթե բոլոր ցուցանիշների գծով աճը դեռևս շարունակվում է, բայց արդեն առկա է նրա տեմպի դանդաղեցման ակնհայտ միտում: Եվ ամբողջ դժբախտությունն այն է, որ այս պրոցեսը ոչ միայն շարունակվելու է, այլև մեկ-երկու տարուց մեր տնտեսության մեջ դրսևորվելու են նաև անկման միտումներ: Ի՞նչն է պատճառը: Արդյո՞ք մեր վատ աշխատանքը, արդյո՞ք տնտեսական բարեփոխումների ձախողումը կամ դանդաղեցումը: Չեմ ժխտում, որ այստեղ կան ռեզերվներ, և որ մեր աշխատանքի բարելավման ու վերափոխումների արագացման շնորհիվ կարելի է հասնել որոշ դրական տեղաշարժի: Բայց միևնույն է, դա չի կարող էապես ազդել Հայաստանի տնտեսական զարգացման վրա, քանի որ երևույթը կախված է շատ ավելի օբյեկտիվ ու խորքային գործոններից: Այդ գործոններն են, որ ես կոչում եմ Հայաստանի տնտեսական զարգացման ֆիզիկական լիմիտներ: Դրանք են՝ ղարաբաղյան հակամարտության պատճառով խորացող Հայաստանի քաղաքական մեկուսացումը, շրջափակումները և արտասահմանյան ներդրումների բացակայությունը: Քանի դեռ չեն վերացել այդ գործոնները, ինչպիսի իշխանություն էլ լինի Հայաստանում, ինչպիսի հանճարեղ մարդիկ էլ գտնվեն կառավարության ղեկին, միևնույն է, ոչ միայն չի հաջողվելու ապահովել երկրի տնտեսական զարգացման նորմալ ընթացքը, այլև հնարավոր չի լինելու լուծել առկա սոցիալական խնդիրները: Իմ կարծիքով, ղարաբաղյան հակամարտության չկարգավորված վիճակը բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսական զարգացման վրա մի շարք առումներով: Առաջին. Շրջափակումը շուրջ 30 տոկոսով թանկացնում է Հայաստանի արտաքին բեռնափոխանակությունը, որ ինքնին արդեն ահավոր բեռ է թե մեր արդյունաբերողների, թե գործարարների համար: Շրջափակումը հատկապես խոչընդոտում է մեծածավալ ապրանքների արտահանմանը… Իսկ առանց երկաթուղիների դժվար է պատկերացնել քիչ թե շատ կենսունակ տնտեսություն: Երկրորդ. Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե իբր արտասահմանյան ներդրումների հոսքը կախված չէ ղարաբաղյան հակամարտությունից, և դրանք կարելի է ապահովել, եթե Հայաստանի իշխանություններն ավելի ակտիվ ու լայնամասշտաբ մարկետինգային քաղաքականություն վարեն: Չմերժելով այդպիսի քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը` գտնում եմ, որ դրա արդյունքն այնուամենայնիվ չնչին է լինելու։ Նախ, ոչ ոք չի կարող առարկել, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը Հայաստանը, արտասահմանյան ներդրումների տեսակետից, դարձնում է ռիսկի գոտի: Օտար կապիտալը չի կարող հաշվի չառնել այդ հանգամանքը, և դա բազմիցս արտահայտվել է միջազգային տնտեսական կազմակերպությունների փորձագետների մակարդակում: Հակամարտությունների կարգավորման պարագայում Անդրկովկասում կարող էր ձևավորվել շուրջ 15 միլիոնանոց շուկա, որը անտարակուսելիորեն բարենպաստ հող կհանդիսանար օտարերկրյա ներդրումների համար: Մի գործարան կկառուցվեր Հայաստանում, մեկը՝ Վրաստանում, մի ուրիշն էլ Ադրբեջանում, որոնք հավասարապես կսպասարկեին այդ միացյալ շուկան: Բացի այդ, նման պայմաններում հնարավոր կլիներ իրականացնել նաև լայնածավալ տարածաշրջանային ծրագրեր, որոնք արտասահմանյան կապիտալի համար շատ ավելի գրավիչ են, քան կոնկրետ երկրներում կատարվող ներդրումները։ Մասնավորապես այն պատճառով, որ այդ տիպի ծրագրերը, կողմնակիորեն նպաստելով տարածաշրջանային կայունության ու անվտանգության ամրապնդմանը, տնտեսական նպատակահարմարությունից բացի ձեռք են բերում նաև քաղաքական նշանակություն։ Երրորդ. Հակամարտության առկայությունը Հայաստանին զրկում է իր ամենաբնական և շահավետ տնտեսական գործընկերներից՝ Ադրբեջանից, Թուրքիայից և մասամբ՝ Իրանից։ Բնական և շահավետ նախ և առաջ այն պարզ պատճառով, որ նրանք մեր անմիջական հարևաններն են։ Գաղտնիք չէ, որ աշխարհի բոլոր նորմալ պետությունների արտաքին տնտեսական կապերի առնվազն հիսուն տոկոսը բաժին է ընկնում նրանց անմիջական հարևաններին։ Մինչդեռ Հայաստանի դեպքում դա գործնականում հավասարվում է զրոյի։ Մեր Արդյունաբերողների միության կատարած հաշվարկների համաձայն՝ Հայաստանի ու Թուրքիայի հաղորդակցության ճանապարհների վերագործարկման դեպքում, երկու երկրների միջև շրջանառությունը մեկ տարվա ընթացքում կարելի է հասցնել մոտ 600 միլիոն դոլարի։ Եվ վերջապես չորրորդ, որն իմ կարծիքով ամենացավալին ու վտանգավորն է, ղարաբաղյան հակամարտության պատճառով Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային կազմակերպություններից՝ դատապարտվելով օրեցօր խորացող մեկուսացման։ Հայաստանն այժմ անդամակցում է ընդամենը երկու տարածաշրջանային կազմակերպության՝ ԱՊՀ-ին և Սևծովյան տնտեսական համագործակցությանը։ Իսկ այժմ դիտարկենք այստեղ հնչած մյուս պնդումները։ Այն, որ պետք է պայքարել ստվերային տնտեսության դեմ և խստացնել հարկային կարգապահությունը, դժվար թե առարկություն վերցնի։ Բայց որ դրանով հնարավոր է զգալիորեն մեծացնել բյուջեն, խիստ կասկածելի է թվում։ Այդպիսի միջոցներով լավագույն դեպքում կարելի է հասնել ժամանակավոր արդյունքների, քանի որ ինքնըստինքյան հասկանալի է, որ բյուջեի աճը կախված է ոչ այնքան վարչարարական մեթոդներից, որքան տնտեսության զարգացման ընդհանուր դրական միտումներից։ Հասկանալի չէ նաև, թե ինչի վրա է հիմնված Սփյուռքից ակնկալվող օգնության հսկայական չափը` տարեկան շուրջ 400-500 միլիոն դոլար։ Ասվում է, որ մինչև հիմա Սփյուռքի հետ լավ չենք աշխատել, նրա հետ հարաբերությունները ճիշտ չենք կառուցել, այդ պատճառով էլ առայժմ նրանից չնչին օգնություն ենք ստացել։ Եթե անգամ այս դիտողություններն արդարացի համարենք, չեմ կարծում, որ Սփյուռքին քիչ թե շատ ծանոթ որևէ մեկը կարող է պնդել, թե նա Հայաստանին տարեկան 400-500 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու կարողություն ունի։ Ինձ համար բաց է մնում նաև այն հարցը, թե ղարաբաղյան կարգավորման և Հայաստանի տնտեսական զարգացման գործում որքան հույսեր կարելի է կապել Ռուսաստանի և Իրանի հետ։ Ռուսաստանն, այո, մինչև այսօր կենսական օգնություն է ցուցաբերել Հայաստանին՝ մասնավորապես էներգետիկ համակարգի կենսագործունեության ապահովման, բանակի կազմավորման, զենքի ու զինամթերքի մատակարարման բնագավառներում։ Ստիպված եմ կրկնել, որ Ռուսաստանը երբեք չի ճանաչելու Ղարաբաղի անկախությունը, թեկուզ միայն այն պատճառով, որ իր կազմում ունի մոտ քսան Ղարաբաղ։ Ինչ վերաբերում է այն բանին, թե՝ եթե Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումները, մենք զենք կստանանք Իրանից, ապա կարծում եմ, դա էլ զուրկ է առարկայական հիմքից։ Ճիշտ է՝ իրանա-ադրբեջանական հակասությունների ֆոնի վրա Հայաստանի հզորացումն ու տնտեսական բարգավաճումը բխում են Իրանի պետական շահերից։ Ճիշտ է նաև, որ Հայաստանի ամենախիստ շրջափակման տարիներին Մեղրու ճանապարհը եղել է մեր գոյատևման ամենակարևոր պայմաններից մեկը։ Բայց դրա հետ մեկտեղ չպետք է մոռանալ երկու հանգամանք։ Առաջին՝ Մեղրու ճանապարհի սահմանափակ հնարավորությունները և լրացուցիչ ծախսատարությունը չեն կարող լուրջ տնտեսական համագործակցություն ապահովել մեր երկրների միջև։ Երկրորդ՝ Իրանում պետական շահերից բացի գոյություն ունի նաև իսլամական համերաշխության գիտակցություն։ Ամենաապշեցուցիչը, սակայն, այն պնդումն է, թե Ղարաբաղի հարցում մենք պետք է փոխզիջման գնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք։ Մի՞թե հասկանալի չէ, թե ինչ է նշանակում հարկադրված զիջում. հարկադրված զիջումը նշանակում է կապիտուլյացիա։ Իսկ կապիտուլյացիայի ժամանակ դու ոչինչ չես զիջում, կամ եթե զիջում էլ ես՝ դրա դիմաց ոչինչ չես ստանում, այլ հլու հնազանդ ընդունում ես այն, ինչ փաթաթում են քո վզին։ Քի՞չ է մեր անցյալի դառը փորձը։ Քի՞չ են Բաթումի ու Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրերը, երբ ավելի վաղ հնարավորություն կար շատ ավելի ձեռնտու լուծումներ գտնելու, բայց ժամանակի պատասխանատուները կորցրին այդ հնարավորությունները։ Ստիպված եմ կրկնել իմ վերջին հոդվածի տրիվիալ միտքը. փոխզիջման պետք է գնալ այն պահին, երբ ուժեղ ես։ Հայաստանը վաղն ավելի ուժեղ չի լինելու, քան այսօր։ Հետևաբար, վաղվա ցանկացած լուծում ավելի վատն է լինելու, քան այսօրվանը։ Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի հարցի հրատապ լուծման անհրաժեշտության դեմ բերված ոչ մի փաստարկ, իմ կարծիքով, քննադատության չի դիմանում։ Ավելին, այդ փաստարկների մեջ ես դիտում եմ հարցի էությունից շեղվելու և փաթեթային ու փուլային տարբերակների շուրջ ֆորմալ բանավեճ ծավալելու միտում։ Թեև խոստացել էի չանդրադառնալ այդ տարբերակներին, բայց, քանի որ այստեղ դրա մասին շատ խոսվեց, ստիպված եմ անել որոշ պարզաբանումներ։ Հարցն այնպես է ներկայացվում, թե իբր Հայաստանը պաշտպանում է փուլային, իսկ Ղարաբաղը՝ փաթեթային տարբերակը։ Մոռացության է տրվում այն փաստը, որ Հայաստանը (ճիշտ է՝ սկզբունքային վերապահումներով) ընդունել է փաթեթային տարբերակը, և Ղարաբաղն ինքն է կտրականապես մերժել այն։ Փաթեթայինը մերժվելուց հետո մեզ ներկայացվել է փուլային տարբերակը, և Հայաստանը (նորից սկզբունքային վերապահումներով) այն ընդունել է։ Ղարաբաղը սա նույնպես մերժել է և այժմ առաջարկում է կրկին վերադառնալ փաթեթային տարբերակին։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդ դեպքում Հայաստանը շարունակում պնդել փուլային տարբերակի վրա։ Պատասխանում եմ. առաջին՝ մենք գտնում ենք, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծել այսօր, իսկ այսօր ուրիշ լուծում չկա, քան փուլայինը, և երկրորդ՝ մենք համոզված ենք, որ երկար ժամանակ, գուցե թե երբևէ, փաթեթային տարբերակի շուրջ համաձայնություն չի կայացվելու Ղարաբաղի և Ադրբեջանի միջեւ։ Փաթեթային տարբերակին վերադառնալու առաջարկն, ուստի, հետապնդում է ոչ թե հարցը լուծելու, այլ ժամանակ շահելու նպատակ։ Կարծում եք՝ դժվա՞ր բան է ժամանակ շահելը, կարծում եք՝ ես չեմ կարող 3-4 տարի, մինչև իմ պաշտոնավարման ժամկետի ավարտը, պահպանել ղարաբաղյան ստատուս-քվոն։ Բայց ի՞նչ է լինելու դրանից հետո, ի՞նչ անելանելի վիճակի մեջ է հայտնվելու հաջորդ Նախագահը։ Երկու օրերի քննարկումն, այսպիսով, ինձ լուրջ հիմքեր է տալիս կասկածելու, թե փուլային տարբերակին ընդդիմացողներն ընդհանրապես Ղարաբաղի հարցը լուծելու մտադրություն ունեն։ Շատերն առանձնապես դա չեն էլ թաքցնում, ինչը պարզորոշ կերպով երեւում է ելույթիս սկզբում ամփոփված կարծիքներից։ Փաթեթային, փուլային կամ այլ տարբերակների շուրջ թվացյալ բանավեճը, վստահ եմ, սոսկ շղարշ է՝ կարգավորման պրոցեսը ձգձգելու, այսօրվա իրավիճակը, այսինքն ստատուս-քվոն որքան հնարավոր է երկար պահպանելու համար։ Ես ցավով նախազգում եմ, թե դա ինչ ահավոր վտանգ է ներկայացնում թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի գոյության համար։ Այսօր մենք, ինչպես Բաթումից ու Ալեքսանդրապոլից առաջ, թերևս Ղարաբաղի հարցի նպաստավոր լուծման և Հայաստանի բարգավաճման վերջին պատեհությունն ենք կորցնում։ Եւ դրա համար մենք բոլորս էլ պատասխան ենք տալու մեր ժողովրդին։ Հոդվածը տրամադրել է Պոլիտ Լայֆ ամսագիրը: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.