Jump to content

DEV - Davit Mesropyan -=- FREEDOM FIGHTER


MosJan

Recommended Posts

 

Դեւը

[ 2010/02/04 | 11:38 ] Հիմնական թողարկում, հասարակություն

Սոնա Ավագյանhttp://hetq.am/wp-content/uploads/2010/02/Dev_04.02.10.jpg«Դեւ. կյանքը, ստեղծագործությունը, պայքարը» գրքի հեղինակ Էվելինա Մելքումյանին ընթերցողները զանգահարում եւ շնորհակալություն են հայտնում, որ գրքի միջոցով ճանաչել են Դավիթ Սարապյանին` Արցախյան պատերազմի ազատամարտիկ Դեւին: Դավիթը հայտնի ճարտարապետ, 60-ականներին Երեւանի գլխավոր ճարտարապետ Էդուարդ Սարապյանի եւ Հայաստանի առաջին կին կիբեռնետիկոս-գիտնական Էմմա Սարապյանի միակ երեխան էր: Այսօր` փետրվարի 4-ին, Դավիթի ծննդյան օրն է` 44-ամյակը:

 

Գրքում ամփոփված են Դավիթի պատմվածքները, բանաստեղծությունները, իսկ գրքի առաջին մասում Էվելինա Մելքումյանն ինքն է պատմում Դավիթի մասին: Նա գրքի առաջին մասն անվանել է «Նուրբ հոգու տեր հերոսը», քանի որ Դեւի մեջ համատեղվում էին տարբեր, թվում է թե իրար հակասող բաներ:

 

«Զարմանալի ձեւով մի մարդու մեջ կարող էին պարունակվել եւ շատ նուրբը, եւ բարին, եւ ռոմանտիզմը: Իդեալիստ էր ինքը: Եթե իդեալիստ չլիներ, -9 կարճատեսությամբ կգնա՞ր բանակ: Երբեք չի եղել, որ նա տուն գա` առանց մոր համար թեկուզ դաշտային ծաղիկներ հավաքած: Նա պաշտում էր ծաղիկը: Եվ դրա հետ մեկտեղ թշնամու նկատմամբ կարողանալ այդպես ահեղ լինել, այդպիսի կարծր զինվոր լինել, այդպես դիմադրել, այդպիսի կամքի ուժ»,- ասաց էվելինա Մելքումյանը:

 

Նա ընդգծեց, որ երբեք չպետք է մոռանալ, որ Դավիթը շատ երիտասարդ էր` ընդամենը 26 տարեկան: Բայց նրա ընկերներին միշտ թվում էր, որ նա իրենցից անհամեմատ մեծ է: Էվելինա Մելքումյանը երկար տարիներ աշխատել է Դավիթի մոր հետ եւ Դավիթին ճանաչում է փոքր հասակից: Տիկին Մելքումյանն ասում է, որ Դավիթը դեռ փոքրուց առանձնացել է. երբ դպրոց ընդունվելիս ուսուցիչը հարցրել է, թե ինչ հեքիաթ գիտի, Դավիթն առաջարկել է պատմել Բեռլինի գրավման մասին:

 

«Ամբողջ դպրոցը ուղղակի պաշտում էր իրեն: Ընկերները շատ էին սիրում իրեն: Նա պաշտպան էր իր էությամբ, բնությամբ, իր աշխարհայացքով. պաշտպանում էր ընկերներին, թույլերին»,- ասաց տիկին Մելքումյանը:

 

Դավիթի ննջասենյակում կախված էր Պատմական Հայաստանի մեծ քարտեզը: Քարտեզին նայելիս նա միշտ ցավում էր, թե ինչու այդ Հայաստանից մնաց այսքան փոքր ու չնչին հողամաս: «Բայց չէ՞ որ կարելի էր ինչ-որ բան անել, պետք էր, չէ՞, ինչ-որ բան անել, չթողնել, որ այդպես լինի»,- ասում էր Դավիթը:

 

Դպրոցն ավարտելուց հետո Դավիթն ընդունվեց Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի բաժին: Նա ուսումը կիսատ թողեց եւ գնաց բանակ: Իսկ վերադառնալուց հետո չշարունակեց ուսումը: Զբաղվում էր արեւելյան մարտարվեստով. այս սպորտաձեւն էր ընտրել գրեթե բոլոր մարզաձեւերը, անգամ ալպինիզմ ու սուսերամարտ փորձելուց հետո, եւ ինքն էր մարզում երեխաներին:

 

Դավիթը ստեղծագործել սկսել է դեռ դպրոցից: Նա գրում էր ռուսերեն եւ շատ ափսոսում, որ հայկական կրթություն չի ստացել: «Վարազդատ Արքա» համակարգչային խաղի սցենարը, որը Դավիթը գրել էր մեկ գիշերվա ընթացքում, միջազգային մրցանակ ստացավ:

 

Դավիթի զոհվելուց 15 տարի անց հրատարկված գրքում Էվելինա Մելքումյանը ամփոփել է այն բոլոր ստեղծագործությունները, որոնք կարողացել է գտնել Դավիթենց տանը: Դեւի պատմվածքները գրված են չափազանց անկեղծ եւ հումորով, ինքնահեգնանքով: 18 տարեկանում նա խորիմաստ բանաստեղծություններ է գրել:

 

«Նա գրում էր ոչ երկար, շատ լակոնիկ, պարզ ոճ ուներ, բայց շատ գրավիչ, շատ տպավորիչ է, երբեք քեզ չի ձանձրացնում իր ոճը: Մինչեւ 24 տարեկանը նա ինչ գրեց, գրեց, բայց այդպես գրել, այդպիսի հասուն, գրական բարձր մակարդակով արձակ ստեղծել, ինչպես ինքը ստեղծեց. կարդացողը երբեք չի մտածի, որ այդ ամենը գրել է այդքան երիտասարդ մի տղա, կմտածի, որ կյանքի փորձ ունեցող մի մարդ է գրել»,- ասաց Էվելինա Մելքումյանը:

 

Դավիթը կինոսցենարի վերածեց իր «300 վայրկյան» վեպը: Սցենարն այնքան հաջող էր, որ Օդեսայի կինոստուդիան հաստատեց այն նկարահանման համար: Բացի իր կինոսցենարից` Դավիթը Օդեսայում մասնակցում էր մեկ այլ ֆիլմի նկարահանումներին` որպես երկրորդ ռեժիսոր:

 

«Նա ոչ միայն գրականության, այլեւ կինոյի ասպարեզում կկարողանար շատ մեծ բարձունքների հասնել եւ որպես ռեժիսոր, եւ որպես սցենարիստ: Իր մոտ ամեն ինչ լավ էր պատերազմից առաջ: Նա շրջագայում էր, գրում էր, հետաքրքիր մարդկանց` դերասանների, ռեժիսորների հետ էր շփվում, հոյակապ կյանքով էր ապրում եւ կարող էր շարունակել, եթե չլիներ Դավիթ»,- ասաց տիկին Էվելինան:

 

Ազատագրական պատերազմի սկսվելուն պես Դավիթը թողեց կինոսցենարը, իր վեպի հիման վրա ֆիլմ նկարահանելու երազանքը, տնից տարբեր իրեր վաճառեց, զենք գնեց: Սկզբում նա կռվում էր Լեոնիդ Ազգալդյանի ջոկատում, իսկ հետո` «Տիգրան Մեծում»:

 

Էվելինա Մելքումյանն ասում է, որ Դավիթի որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել Լեոնիդ Ազգալդյանը, ով աշխատում էր Դավիթի մոր հետ եւ ընտանիքի մտերիմ ընկերն էր: Գիտնական ֆիզիկոս Լեոնիդ Ազգալդյանը ստեղծեց «Անկախության բանակը», որը ոչ մի պարտություն չի կրել:

 

«Լեոնիդը 25 տարով Դավիթից մեծ էր, եւ ծնված օրվանից Դավիթին ճանաչում եւ շատ սիրում էր: Մանկուց ինքը Դավիթին սովորեցնում էր ամեն ինչ` եւ կրակել, եւ կռվել: Նույնիսկ մի պատմվածքում Դավիթը գրում է, որ Լեոնիդը իր ծնոտն էր ինձ առաջարկում` աջով հարվածը փորձելու համար: Եվ երբ մեծացավ Դավիթը, նրանք արդեն ընկերացան: Նրանք շատ նման էին իրար. երկու ահավոր բարձր թռիչքի մարդիկ էին: Նրանք նաեւ արտաքնապես էին նման իրար. երկուսն էլ շատ բարձրահասակ էին, օժտված էին առնական գեղեցկությամբ»,- ասաց Էվելինա Մելքումյանը:

 

«Տիգրան Մեծը» մասնակցում էր Շահումյանի, Գետաշենի, Հադրութի պաշտպանությանը: «Շահումյան գնալուց հետո Դավիթը ինչքան գալիս էր Երեւան, ասում էինք. «Դավիթ, էլ մի գնա, խնդրում ենք քեզ»: Ինքը մեզ ասում էր. «Դուք չեք պատկերացնում` Շահումյանում ինչ վիճակ է: Եթե դուք մի անգամ տեսնեք այդ մարդկանց աչքերը, ինձ կհասկանաք»: Մենք խնդրում էինք, ասում էինք. «Դավիթ ջան, դու արդեն պայքարեցիր: Մայրդ մենակ է մնալու. դու իր միակ տղան ես»: Չնայած նա մորը պաշտում էր, բայց ասում էր. «Չէ, հնարավոր բան չէ դա, ես մինչեւ վերջ պետք է պայքարեմ»»,- ասաց Էվելինա Մելքումյանը:

 

Դավիթը հատուկ նշանակության հետախուզական փոքր խումբ էր ղեկավարում: Նրան էին վստահում ամենաբարդ ու վտանգավոր առաջադրանքները: Նա 4-5 զինակիցների հետ կարողանում էր թշնամու վրա այնպիսի տպավորություն թողնել, թե մեծ ջոկատ է հարձակվել: Իսկ մարտերից մեկի ժամանակ Դեւը 4 ժամ շարունակ միայնակ է կռվել մեծաթիվ օմոնականների դեմ եւ կարողացել մարտի դաշտից դուրս բերել վիրավոր ընկերոջը: Ադրբեջանցիները Դավիթին Ահեղ Դեւ էին ասում:

 

Դավիթի ամենակարեւոր եւ հայտնի օպերացիան Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրումն է: Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը, բազմիցս նշել է. «Եթե ինձ պատմեին, որ դա հնարավոր է, ես չէի հավատա, բայց Դավիթը դա արեց: Դա ֆանտաստիկ տարբերակ էր, եւ հենց ինքը` օպերացիան, դարձավ ֆանտաստիկ իրականություն: Նա իմ լավագույն հրամանատարներից էր»:

 

Տողը Դավիթի մոր գյուղն էր. այնտեղ դարեր շարունակ ապրել էին նրա նախնիները` Պողոս-Բեկ եւ Դանիելբեկ Փիրումյանները: Դավիթի պապական տունը ադրբեջանցիները շտաբի էին վերածել: Դավիթը մեն-մենակ գիշերով մոտեցավ տանը, բարձր կանչեց օմոնի պետի անունը: Երբ վերջինը մոտեցավ լուսամուտին, Դավիթը նրա վրա նետեց նռնակները, եւ տունը պայթեց: Հետո նա մեկ այլ տուն էլ պայթեցրեց: Գյուղում իրարանցում սկսվեց, ինչից հետո ազատամարտիկները գրոհեցին եւ ազատագրեցին Տողը:

 

Էվելինա Մելքումյանն ասում է, որ Դավիթը երջանկությամբ էր պատմում Տողի ազատագրման մասին: Սա միակ անգամն է եղել, որ նա պատմել է պատերազմի դաշտում իր ունեցած հաջողության մասին. նա միշտ խուսափում էր այդ թեմայից:

 

«Վերջին անգամն էր, որ Տողից եկավ: Երջանիկ էր շատ: Եվ ասում էր. «Մայրիկ, քո գյուղն ազատագրված է, հիմա պետք է մտածեմ հայրիկի հարազատ հողը` Էրզրումը, ազատագրելու մասին»,- ասաց Էվելինա Մելքումյանը: Հայրական կողմից Դավիթի նախնիներն էին Պետրոս Ադամյանը, Կարո Հալաբյանը: Տողը ազատագրվել է 1991 թ. հոկտեմբերին, իսկ դեկտեմբերին Դավիթը զոհվել է Թոդանում:

 

Տիկին Էվելինային զարմացնում է այն, որ մինչեւ հիմա որեւէ հուշարձան չկա Տողում` Դավիթին նվիրված: Դավիթի հարազատ` Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում Դավիթ Սարապյանին նվիրված անկյուն, նրա անվան ռազմագիտության կաբինետ եւ դասարան կան: Առաջ դպրոցը Դեւի երկրորդ տունն էր, իսկ այժմ առաջինն է:

 

Նրա մայրը` Էմմա Սարապյանը, Դավիթի 6 մարտական ընկերներին էր կտակել իրենց տունը, որպեսզի այնտեղ լինի Դավիթ Սարապյանի եւ նրա հոր` Էդուարդ Սարապյանի տուն-թանգարան: Սակայն դեկտեմբերի 10-ին` Դավիթի զոհվելու օրը, «Արարատ» հեռուստաալիքով հեռարձակված «Ճառագայթ» հաղորդումից պարզ դարձավ, որ տիկին Էմմայի մահից հետո Դեւի 6 «ընկերները» վաճառել են տունը:

 

Դպրոցի ռազմագիտության կաբինետում պահվում են Դեւի որոշ անձնական իրեր, նրա ստեղծագործությունները` պատմվածքներն ու նկարները, հին Հայաստանի այն քարտեզը, որը միշտ կախված էր նրա ննջասենյակում:

 

 

Տես նաև՝

 

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...