Jump to content

Henrik Hovanisyan -=- FREEDOM FIGHTER


MosJan

Recommended Posts

 

Զոհված ազատամարտիկի հայրը չհամաձայնեց, որ գյուղը որդու անունով կոչվի

[ 2010/02/24 | 13:53 ] Հիմնական թողարկում, հասարակություն, մարզեր

Սոնա Ավագյանhttp://hetq.am/wp-content/uploads/2010/02/henrik-hovhannisyan_24.02.1.jpgՓետրվարի 20-ին Արագածոտնի մարզի Ուջան եւ Սասնաշեն գյուղերում նշվեց ազատամարտիկ Հենրիկ Հովհաննիսյանի ծննդյան 57-ամյակը: Հենրիկի մարտական ընկերները, համագյուղացիները, ընտանիքի անդամները ծաղիկներ դրեցին Ուջանում նրա հիշատակին կանգնեցված հուշարձանին: Ուջանում իրար կողքի 4 հուշարձան կա` կանգնեցված Արցախյան պատերազմին մասնակցած ուջանցի զոհված ազատամարտիկներ Հարություն Հարությունյանի (Բժիշկ Հարութ), Հենրիկ Հովհաննիսյանի ու Նորայր Հարությունյանի, ինչպես նաեւ Ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Հենրիկի կինը` տիկին Սվետան, հիշում է, թե ինչպես ամուսինը որոշեց մասնակցել ազատագրական պատերազմին. «88 թվի փետրվարի 20-ին նստած էինք հարսանիքի, հարսանիքի տեղը լսեց, որ հանրահավաք է Արցախյան հարցի շուրջ, լավ եմ հիշում այդ օրը: Ես նստած էի, իսկ ինքը հարսանիքի ժամանակ թողեց գնաց հանրահավաքի: Ու էդտեղից սկսվեց իր շարժումը: Անընդհատ կռիվների մեջ, տանը չէր ուզում մնար: Երբ ասում էինք` մնա, ասում էր` չէ, հանգիստ կյանքով ապրում եք, չգիտեք` էնտեղ ինչ է կատարվում»:

 

http://hetq.am/wp-content/uploads/2010/02/t-hovhannisyan_24.02.10.jpgՀենրիկ Հովհաննիսյանը մասնակցել է Մեղրիի, Գորիսի, Երասխավանի, Նոյեմբերյանի սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական կռիվներին, Շուշիի ազատագրմանը: «Տեսաերիզները երբ ցույց են տալիս Շուշիի ազատագրումը, առաջինը, որ ԲՄՊ-ի վրա նստած ձեռքով անելով գնում է, ինքն է: Ես իրեն հիշում եմ, 6 տարեկան էի: Հիշում եմ` որ նստեցնում էր իր գրկին, բեղերի հետ խաղում էի»,- ասաց Տարոնը: Հենրիկ Հովհաննիսյանը նրա հորեղբայրն է:

 

1992 թ. դեկտեմբերին ազատամարտիկը զինվորագրվել է նոր ձեւավորված ՀՀ առաջին պետական բանակին: Եղել է վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատարի առաջին տեղակալ: Հենրիկը մասնակցել է Մարտակերտի շրջանի Սարսանգի ջրամբարի, Կուսապատ, Մեծ շեն եւ այլ գյուղերի, Ֆիզուլիի, Հորադիզի ազատագրմանը:

 

«Սարսանգի ջրամբարի մասին պատմում էր, որ ընկել են ահավոր շրջապատման մեջ: Ինքը մութ գիշերով շրջապատումից հանել է զինվորներին: Բայց ոչ մի անգամ Սարսանգի ջրամբարի շրջապատման մասին չեն էլ պատմում, ոչ մի անգամ»,- ասաց տիկին Սվետան: Նա ապրում է Ուջանում իր միջնեկ որդու, նրա ընտանիքի եւ փոքր որդու հետ: Ասաց, որ աշխատանք լինելու դեպքում հաճույքով կաշխատեր:

 

http://hetq.am/wp-content/uploads/2010/02/hovhannisyanner_24.02.10.jpg

 

Տիկին Սվետան նշեց, որ 3 որդիներից կրտսերը` Դավիթը, ընդամենը 3,5 տարեկան էր, երբ հայրը զոհվեց. «Փոքր տղաս (էստեղ չի Դավիթը` բանակում է, բայց հոր կապակցությամբ Սասնաշեն է եկել) 3 տարեկան էր, կռվի ժամանակ Հենրիկը մոռացել էր դեմքը, ասում էր. «Ինչ անում եմ, չեմ կարողանում էդ երեխու դեմքը բերեմ հիշողությանս մեջ»: Վերջը, էդ վերջին կռվին իր նկարը դրեց անձնագրի մեջ, հետը տարավ»:

 

http://hetq.am/wp-content/uploads/2010/02/g-azatyan_24.02.10.jpgՈւջանցի ազատամարտիկ Գրիգոր Ազատյանը մինչ Շուշիի, Լաչինի, Քարվաճառի ազատագրման մարտերին մասնակցելը, Հենրիկի հետ մասնակցել է Նոյեմբերյանի, Իջեւանի, Դիլիջանի, Գորիսի, Մեղրիի շրջանների ինքնապաշտպանությանը: Նա նշեց, որ դեռ հանրահավաքների ժամանակ Ուջանից մոտ 60-70 հոգի է հերթափոխով մասնակցել Հայաստանի սահմանամերձ վայրերի ինքնապաշտպանությանը:

 

«Այսօր որ ասում են` սրան տվին հերոսի կոչում, բայց դա մի հատ «ջիպավոր» է կամ եսիմ ով է, դրան չարժի տալ: Իսկ Հենրիկի նման մարդկանց կարելի է հերոսացնել եւ մեր փոքր երեխեքին դաստիարակել Հենրիկի ոգով: Մինչեւ Արեւմտյան Հայաստան նպատակն էր տեսնել»,- ասաց Գրիգոր Ազատյանը:

 

Նա հավելեց, որ Ցեղասպանության կամ ազատագրված հայկական տարածքների հարցում թշնամուն որեւէ զիջում անելը անընդունելի է համարում: «Եթե մեկը կա, որ հող պիտի տա կամ Ցեղասպանություն ուրանա, նա էս ազգի դավաճան է, համար առաջին դավաճանն է: Եթե թուրքին մենք համարում ենք թշնամի, ուրեմն էդ մարդը, էդ հայը, որը կտա էդ տարածքը, ինչ-որ մի բան կանի, թշնամիների թշնամին է, թուրքից առավել է ինձ համար»,- ասաց Գրիգոր Ազատյանը:

 

http://hetq.am/wp-content/uploads/2010/02/azatamartikner_24.02.10.jpg

 

Հենրիկ Հովհաննիսյանը զոհվել է 1994 թ. հունվարի 3-ին Մարտակերտի տարածքում` Հակոբ կամարի բարձունքի ստորոտում մարտը ղեկավարելիս:

 

Նրա ավագ տղան` Արթուր Հովհաննիսյանը, ով 2000 թ.-ից զինվորական է, ասաց, որ եւ ուջանցիները, եւ սասնաշենցիները, ցանկացել են, որ ազատամարտիկը հենց իրենց գյուղում հուղարկավորվի:

 

«Սկզբից ասեցին` բերենք պապայի դին Ուջանում դնենք, հետո ասեցին` չէ, տանենք Սասնաշեն` ծննդավայրը, մի օր մնա էնտեղ: Պապայի ծննդավայրը Սասնաշենն է: Տարանք էնտեղ, ճանապահը փակեցին գյուղացիները, չթողեցին, ասեցին, որ մեր գյուղի ծնունդն է, մեզ մոտ էլ պիտի հուղարկավորությունը կատարվի: Երեք օր երկու գյուղ իրար հետ բանավիճում էին, թե որտեղ պիտի թաղումը անեն: Պապիի առաջ խնդիր էին դրել սասնաշենցիները` «որ հանկարծ Հենդոյի դին էստեղից տարան, ազգդ կհավաքես, էս գյուղից կգնաս»: Դրա համար ուջանցիները, արդեն այդ պայմանը իմանալով, հետ կանգնեցին: Ու հուղարկավորությունն էլ Սասնաշենում եղավ»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:

 

http://hetq.am/wp-content/uploads/2010/02/h-hovhannisyan_monument_24..jpgՓետրվարի 20-ին ազատամարտիկի հարազատները, մարտական ընկերներն ու համագյուղացիները ծաղիկներ դրեցին նաեւ Սասնաշենում նրա հուշարձանի մոտ: Ազատամարտիկի հայրն ու եղբայրը այժմ էլ Սասնաշենում են ապրում: Տարոնը կարծում է, որ հորեղբոր իսկական վեհությունը Սասնաշենի հուշարձանում է երեւում: Սասնաշենում եւս իրար կողքի մի քանի հուշարձան կա. Հենրիկի հուշարձանի կողքին կանգնեցված են Ցեղասպանության զոհերի, Հայրենական պատերազմում զոհված սասնաշենցիների եւ սասնաշենցի ազատամարտիկ Ստեփան Մելքոնյանի հուշարձանները: Ստեփանը տեղափոխվել էր Քարվաճառ եւ մահացել է պատերազմից հետո` 2002 թ.:

 

Հուշարձանի տեղում նախկինում Հովհաննիսյանների տունն է եղել: «Ես Սասնաշենում եմ ծնվել: Ու հենց սա հորս տան տեղն է: Էստեղ մեր հին տունը քանդեցին, հուշարձանի համար տեղ արին, ինձ տարածք տվեցին գյուղի էն կողմը»,- ասաց Հենրիկի հայրը` 81-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը:

 

Նա նույնպես մասնակցել է Արցախյան պատերազմին, սակայն Հենրիկից առանձին, եւ հայր ու տղա իրար չեն հանդիպել ռազմադաշտում: Իսկ մյուս որդին` Նվերը, պատերազմի ժամանակ կազմակերպել է գյուղից սննդամթերքի տեղափոխումը Արցախ: «Ես սկզբից չեմ գնացել ռազմաճակատ, որ սկսվավ, Հենդոյի նման միշտ չեմ եղել, գնացել-եկել եմ: Հենդոն որ գնում էր, երեխաները փոքր էին, ասում էի. «Հենդո, դու մի գնա, ես գնամ. ես արդեն թոռ ունեմ»: «Չէ,- ասում էր,- դու մի գնա, ես գնամ, դու երեխեքին կպահես»: Դաշնակցության ջոկատում եմ եղել ես: Ես առաջին անգամ գնացել եմ ֆրոնտ, որսորդական հրացաններ էին, էն էլ ոչ բոլորը ունեին: Ու 89 թվի նոյեմբերին գիշերով գնացել ենք Նախիջեւանի սահմանի վրա` Վայքի ռայոնը»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

 

Նա համոզված է, որ եթե Ադրբեջանը կարողանա օկուպացնել Արցախը, ապա հաջորդը արդեն կգրավի Գորիսն ու Հայաստանի մյուս շրջանները: Չնայած մեծ տարիքին` նա անգամ անդամագրվել է Մահապարտների ջոկատին: «Մտա, ընդունվա, մի հատ երեւանցի Կարո կար, ինքն էլ էնտեղ էր: Էդ ժամանակ որ գնացի արդեն մահապարտ գրվա, չէին ընդունում: Կարոն ասեց. «Այ մարդ, 2 հատ ջահել արժի»: Վերջը ընդունեցին: Հետո Հենդոն եկել էր, իմացել, որ ես էստեղ եմ գրվել, էդ Կարոյին էլ համոզել էր, ինձ միջից հանել էին, որ «ես էլ գնամ, պապան էլ գնա` մեր երեխեքին ո՞վ կպահի»»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

 

http://hetq.am/wp-content/uploads/2010/02/sasnashenciner_24.02.10.jpg

 

Հենրիկի զոհվելուց հետո սասնաշենցիները ցանկացել են գյուղը Հենրիկավան վերանվանել, սակայն հայրը չի համաձայնել: «Էստեղ եղավ էդպիսի խոսք, բայց ոչ մեկը համաձայնություն չտվեցին, ես չհամաձայնվեցի: Հենդոն իմ տղան էր, բայց Սասունը մեր բոլորիս հայրենիքն է, մենք սասունցի ենք: Սասնաշեն նշանակում է, որ Սասուն կա, պիտի գնանք Սասուն: Դրա համար չհամաձայնվեցի: Ինչքան խելք մարդ կար, չհամաձայնվեց: Իսկ ով չէր հասկանում էդ խորությունը, համաձայնվեց: Բայց ես ու Հենդոյի փոքր եղբայրը չհամաձայնվեցինք»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

 

Փոխարենը գյուղի դպրոցն է 1994 թ.-ից կրում Հենրիկ Հովհաննիսյանի անունը: Տարոնը, ով այժմ ասպիրանտ է, դպրոց է ընդունվել հենց հորեղբոր զոհվելու տարուն: «Հորեղբորս դպրոցը ռեգիոնի ամենալավ դպրոցն է: Թանգարան, ամեն ինչ կա դպրոցի ներսում` իր նկարով, գործերով: Շրջանում ամենաշատ դիմորդներ մեր գյուղն է տալիս: Լավ, զարգացած գյուղ է: Game zone նույնիսկ ունի երեխեքի համար: Մշակութային բոլոր միջոցառումներին մասնակցում են. էնպես չի, որ հեռու է քաղաքից, ուրեմն բան չկա»,- ասաց Տարոնը:

 

http://hetq.am/wp-content/uploads/2010/02/h-hovhannisyan_24.02.10.jpgՓետրվարի 20-ին դպրոցում Հենրիկ Հովհաննիսյանին ԵԿՄ վարչության նախագահի հրամանով հետմահու հանձնվեցին պատվոգիր ու հուշամեդալ: Պատվոգրով պարգեւատրվեց նաեւ Հենրիկի հայրը` Հովհաննես Հովհաննիսյանը: Այնուհետեւ դպրոցի աշակերտները ազատամարտիկին նվիրված ցերեկույթ ներկայացրին:

 

Լուսանկարները` Հակոբ Պողոսյանի

 

 

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...