Jump to content

Hrant Matevosyan


Nané

Recommended Posts

Ծառեր (հատված)

 

«...Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա: Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն պուճուր մի ձի ուներ, էնքան պուճուր, որ բանակ չէին տարել - ասում է, չարությունից պայթում էր, որ մի ձի իրենից առաջ էր ընկնում: Հևում էր, թոքերը շխկշխկում էին, քթերից կրակ էր թռչում - իր պուճուր տեղով տրաքում էր չարությունից: Քո պապի պահած շունն էլ պիտի էդպես լիներ: Դու լավը չես: Ինչ իմացողի հարցնում եմ` գովում ու ծիծաղում է` իբր թե լավն ես, խղճով ես, և էդ ծիծաղն իմ սրտին դանակ է դառնում, զավակս, զավակս: Իմ հեր ու քո պապ Իշխան խելոք բաներ ոչ ասում էր, ոչ էլ մտածելու ժամանակ ուներ, նա գործի մարդ էր, գետինը նրա ոտի տակ վառվում էր... բայց մի անգամ կիսաբերան ասել է ուսի վրայով իմ մերացվին հացի փող շպրտելու պես, ու ես ասում եմ. մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն: Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս... Ասում են խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ - երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է...»

Link to comment
Share on other sites

  • 1 year later...

Գիտե՞ս ինչ, կյանք է՝ և մի ակնկալիր անփոթորիկ ծով. և եթե խորտակվում ես՝ մեղքը քոնն է և ոչ թե փոթորկինը, քանի որ փոթորիկը ծովն է: Ո՞ւր է խարիսխդ: Խարի՛սխդ...

 

http://hrantmatevosyan.org/hy/page/bio

Link to comment
Share on other sites

 

Գրողն ու մարդը նրա մեջ համահունչ էին

[ 2010/12/03 | 11:22 ]Հիմնական թողարկում, մշակույթ

Ադրինե Թորոսյանhttp://hetq.am/wp-content/uploads/2010/12/03_12-H_Matevosyan.jpgՀրանտ Մաթևոսյանի ծննդավայր Ահնիձորում ամփոփվեց գրողի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը: Հրանտ Մաթևոսյանի ժամանակակիցները խոսում են Մաթևոսյան գրողի և մարդու մասին:

 

Համլետ Մաթևոսյան` Հրանտ Մաթևոսյանի եղբայրը

 

Գրողն ու մարդը նրա մեջ համահունչ էին, նույնն էին: Գրականության մեջ էն ա, ինչ որ իրական կյանքում:

 

***

Մաթևոսյանի գրականության մեջ բազմաթիվ հակասություններ ես գիտեմ, եթե խոր ընթերցեք, դուք էլ կտեսնեք: Դա ոչ թե թուլություն ա, այլ մեծ գրողի արժեքն ա: Հակասություն ամեն մարդու մեջ կա, և հակասությունը գրականության մեջ կա, ինչպես կյանքն ա հակասություն:

 

Հակասականությունը նրա էությունն ա, բնավորությո՞ւնը… Բնավորությունը շատ փոքր մասն ա նրա մեծ էության: Նա նախ և առաջ մեծ էություն ա, ոչ թե զուտ խառնվածք: Բոլորս էլ խառնվածք ենք վերջին հաշվով` պարզունակ խառնվածք կամ խոր խառնվածք: Նրանը էություն ա` մեծ և անընդգրկելի էություն:

 

***

Քաղաքում ինքը իր տեղում չէր…

 

Իրեն տրված հարցին` որտեղ կուզենայիք ապրել, տվել ա առաջին պահ շատ տարօրինակ, բայց ճշգրիտ պատասխան` եթե Հայաստանը չլիներ, կուզեի ապրել Սկանդինավյան կղզիներում: Դա ոչ թե լավ կյանքի մղումն ա, այլ էն երանելի կյանքը, որ նա կուզեր հենց բուն հայրենիքում, իսկ Մաթևոսյանի և նրա պես մտածող յուրաքանչյուրի տեղը պետք ա իր «փոքր հայրենիքը» լինի: «Փոքր հայրենիքի» գյուտը հենց Մաթևոսյանինն ա: Մինչ այդ մեր գրականության մեջ չկա. ուզում եք Ակսել ասեք, ուզում եք, այսպես կոչված` գյուղագիրներ ասեք. առաջինը Մաթևոսյանն ա:

 

***

Ես քաղաք չգնացի. ես «փոքր աշխարհի» բնակիչն եմ: Դա ինձ համար տիեզերքի ամենամեծ տարածքն ա` անընդգրկելի, պետք ա պարզապես տեսնել կարողանալ: Նույնը արել ա նաև Սահյանը` «այս փոքրիկ տունն ու այս մեծ երկիրը». դրանք համահունչ են: Ով չունի այդ փոքրիկ հայրենիքը, նա մեծ հայրենիքի զգացողություն ամենևին չունի:

 

***

Մաթևոսյանի կերպարները իրական մարդիկ են: Նա ոչ այնքան կերպար ա ստեղծել, որքան իրական մարդկանցով բնակեցրել ա գրականության իր մեծ կալվածքը: Ես բախտավորություն եմ ունեցել էդ կերպարների կամ մարդոց մեջ լինել նրա ամենաերիտասարդ տարիքի ձեռագրերից մինչև վերջին հարցազրույցները: Բայց Մաթևոսյանն ինձ արարելով` ինձնով արարել և կրկնել ա իր մանկությունը: Իսկ ամենամեծ կերպարը ինքն ա, և յուրաքանչյուր կերպար Մաթևոսյան ա` ավագ եղբայրն ա, թե Համո Մաթևոսյանը, մեր մյուս եղբայրը կամ քույրը, Աղունը, Սիմոնը, մեծ ու փոքր հորեղբայրները, Ռոստոմը. ում ուզում եք թվարկեք, ամենքի մեջ ինքը կա` անօտարելի, անհեռացնելի: Եթե ինքը չկա, նշանակում ա` էդ կերպարը առ ի չգոյ ա հաստատ:

 

***

Ինքնագովության պես մի բան ասեմ` շուտ եմ հասկացել, որ նա գրող ա, ու ինձ թվում էր` միայն ես եմ հասկանում: Էդպես էլ հասուն տարիքում յուրաքանչյուր խոր ընթերցողի թվում ա, թե միայն ինքն ա հասկանում, կողքինը չի հասկանում, կարծում ա` միակ բախտավորը ինքն ա: Իսկ էդ բախտավորները էսօր տեսնում եմ, որ շատ են: Դա լավ ա:

 

***

Շատ տարօրինակություններ ուներ: Բայց Բեռնարդ Շոուի պես էքսցենտրիկ չէր, ոչ էլ ցուցադրական տարօրինակություն էր. ինքնեղ, ինքնաբուխ, ինքն իր ներսից: Տարօրինակություններն էլ շատ օրինակելի, շատ բնական էին, իրեն շատ էին սազում:

 

***

Անճար համեստներից չէր: Շատ հանճարներ կան, որ ասում են` մենք համեստ ենք, բայց գիտեն իրենց տեղը. համեստ չըլնեն, ինչ են անելու: Մաթևոսյանը իր մեծությունը լավ գիտեր: Եթե հանդուգն մարդիկ համարձակվում էին գնահատել նրան, կարողանում էր նրանց բերանը փակել և պատասխանել ոնց որ պետքն էր, ոչ թե կոպտությամբ, այլ գրականության էջով:

 

***

Ինքը միշտ դժգոհում ա խոսքի ավելորդաբանությունից: Կոչ ա անում լինել պատմող:

Ու ինքն էլ տարակուսում ա` ես հանդարտ էպիկ չեղա: Սխալվում ա էդ մի հարցում` անկրկնելի պատմող ա` ինքնասույզ և միևնույն ժամանակ բաց զրուցող:

 

***

Դժգոհեցի մի անգամ. կարդացել էի «Մխիթար սպարապետը», ասեցի` ինչի չես Խանզադյանի նման մեծ վեպ գրում: Ծիծաղեց ու անունս դրեց Սերո: Նույն տարի տպվեց, անունս էլ մնաց Սերո: Լավ կերպար ա ստեղծել:

 

***

Մաթևոսյանը գյուղագիր չի: Գյուղագրությունը քաղաքագիրների, ուրբանիստների հորինած բանն ա: Մաթևոսյանը գյուղագիր չի, ուրբանիստ չի. մեծ գրող ա. նայում ա աշխարհին, մարդուն. դա իր խոսքերն են:

 

***

Ով որ չի հասկանում նրան, թող չսիրի: Ովքեր ծուլամիտ են, ում գլուխը ցավում ա մտածելուց, նրանք չեն կարող հասկանալ: Մեղմ ասած` նաղլաբանությո՞ւն են ուզում, աշխարհը լիքը գիրք ա, թող դրանք կարդան, հասկանան:

 

***

Մինչև ինքը կբարեհաճեր ուսուցչություն անել, ես աշակերտել եմ իրեն հենց իր պատմվածքներով: Իր փոքր եղբորը կշտացնում էր գրքերով և սիրելով: Հետո տեսավ, որ ես լավ ընթերցող եմ:

 

Շատախոս չէր, չէր կարողանում քարոզ անել: Ինձ համար օրինակելի էր նրա ապրած կյանքը: Գուցե ոմանց համար էլ անընդունելի էր. ոմանք չէին կարող էդ կենցաղով ապրել, բայց ես առել եմ էդ օրինակը, որ պետք ա ապրել Մաթևոսյանի պես, նրա պես մտածել, նրա պես լինել:

 

***

Մաթևոսյանական գենը հանճարեղ գեն ա: Իմ մերը անգրագետ էր, իմ հերը անգրագետ էր, բայց գրագիտությունը կարծեմ գիրք կարդալով չէր նրանց, ինքնաբուխ կար: Համալսարանական կրթություն չունեն, դպրոց չեն գնացել, կողքից ոչ մեկը չի սովորեցրել. իրենցից ա: Մեծ հորեղբայրս էլ չի դպրոց գնացել, բայց գրքի պաշտամունք ուներ, իմ երեխաներին Պուշկին էր կարդում:

 

Գենը իրա մեջ դրսևորվեց: Բա ինքը պետք ա լիներ, ով պետք ա լիներ…

Թումանյանի հետ ազգակցական կապ կա: Բայց ասացեք խնդրեմ, իմ տղան էլ կապ ունի Մաթևոսյանի հետ, դա նշանակում ա` պետք ա գրո՞ղ դառնա: Ազգակցական կապը խաբուսիկ ա, ի վերջո տրված ա մեկին կամ երկուսին. Հրանտին, Հրաչիկին ա տրված, ես էլ ընթերցող եմ. էդքանով ազգակցական կապ ունեմ մորս հետ, գրականության գծով:

 

Վանիկ Քառյան` Ահնիձորի գյուղապետ

 

«Ահնիձորը» որ տպվել էր, էս մարդուն նեղել էին մի քիչ, որովհետև իշխանությանը ճանկռտելու պես մի բան էր: Հիշում եմ, որ ահնիձորցիք խոսում էին, մի տեսակ տարակուսանք կար` ոնց թե իշխանություններին դեմ ա… Դժվարհասանելի էր: Հիմա հասկանում եմ արդեն` ինչը ոնց ա: Ինքը ներկայացրել էր ճիշտը, որը էն վախտվա իշխանությունների կողմից ընդունելի չէր: Իսկ նա իրականությունն էր ներկայացրել` ոնց որ կար: Ներկայացրել էր Ահնիձորը` իրա մեծով, փոքրով, իրա լավ ու վատով, բարքերով, բնությամբ:

 

Ինքը չէր ուզում, որ ճանապարհները ասֆալտ ըլնեն: Սոճուտ ունենք, էն ժամանակ ուզում էին տուրիստական բազա ստեղծեն, էս մարդը դեմ էր: Ասում էր` թող անաղարտ մնա մեր անկյունը, մաքուր մնա, թող ճամփեքը թենց դժվարանցանելի մնան, որպեսզի «ուրիշ տիպի» մարդիկ չլցվեն ըստեղ: Թող մաքուր մնա` էս էն մարդու տեսակետն էր:

 

Հըմի ներկայիս իշխանությունները դրան են գնըմ, որ մաքուր մնա Ահնիձո՞րը, որ էս ճամփեքը չեն շինըմ, թե՞ պարզապես… Ամեն տարի խոսվում ա, որ ճամփեքը բարվոք տեսքի բերվեն, միշտ խաբում են. հավատ չունենք:

 

Շահիլ Դանիելյան` Մաթևոսյանի ժամանակակիցն ու համագյուղացին

 

Մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր: Բարի հոգով, բնություն սիրող, ժողովուրդ սիրող մարդ էր: Մաթևոսյանի գրականության հըմար նըշվում ա` Մաթևոսյանի բնությունը, նրա մանկությունը, ապրումները: Երբ ընթերցըմ ես, չես տեսնըմ` ներկայիս մեքենան կամ տրանսպորտը. հին գյուղական կյանքն ա: Մաթևոսյանը իրա ուղեղը ծանրաբեռնըմ ա և հավերժացնըմ Ահնիձոր գյուղը:

 

Սիրըմ էր մեր սարերը, մեր գեղեցիկ Կալքարը, ասէր` ըստեղ մի բաժակ բան խմեմ, մի կտոր հաց ուտեմ: Ինքը որ գալիս էր գյուղ, հանգստանըմ էր:

Անհատական բոլոր գյուղացիներին իրանց անուններով ներկայացրել ա` Ավագը, Իշխանը, Վանիչկեն: Չափազանցություն չկա, բոլորը իրական մարդիկ են, իրականությանը համապատասխան ա: Մեկն էլ իմ հերն ա, նույն իմ հոր բառերն ա գրել` «հայ կրակ, հայ կնիկ, հայ աշխարհ»:

 

Հերոսներն էլ, դերասաններն էլ ոնց որ նույն էդ մարդիկն ըլեն. Ավագը դեմքով նույն Ազատ Շերենցն ա, Իշխանը` Մհեր Մկրտչյանը, Պավլեն` Խորեն Աբրահամյանը:

 

Քառյան Զավեն` Մաթևոսյանի մանկության ընկերը

 

Մեր պարգևն ա էդ տղեն: Մեր գյուղումը աչքի լույս տղա ա էլել, ամեն ինչով գերազանց` թե խասիաթով, թե սովորելու տեսակետից, թե ազնվությամբ: Ինքը խաթրից շատ մաքուր տղա էր:

 

Սարըմն էի. հովիվ էի, ավտոյով էկավ սարը: Իրա հայրը` Իգնատը, ձեն տվուց, գնացի մի լավ գառը մորթեցի: Մաշկեցի, կախ արի, ուզեի կըտորեմ: Հրանտն ասավ կացնով չկպչես, թողեց ոչ, որ կացնով ողնաշարը կես անեմ, նոր կըտորեմ: Ինքը դանակը վերցրուց, խաղեխաղ միսը կըտորեց, կտորնին դրեց պղնձի տակին, մի 3-4 հատ պամիդոր դրուց, մի բաժակ պիվա լցուց, ղփուլը դրուց վրին: Վերցուց, տեհանք` միսը ոսկրահան ա էլել, եփել:

 

…Ես տոչով խմող էի, ինքը` կում անող:

 

 

Link to comment
Share on other sites

  • 8 months later...
  • 3 months later...

Հրանտ Մաթևոսյան

http://hetq.am/arm/opinion/8277/mahakhosakan.html

 

Մահախոսական

 

18:54, 21 դեկտեմբերի, 2011

Մի հին լուսանկար կա, որում երևի կռվի տարիներին Հրանտ Մաթևոսյանը հանդիպում է կռիվ գնացող զինվորների հետ:

 

Ինձ թվում է` մտավորականների հանդիպում է, քանի որ էնտեղ Հրանտից բացի էլի մտավորականներ կան և, եթե չեմ սխալվում, նրանցից մեկը Մերուժան Տեր-Գուլանյանն է:

 

Շատ լավ փաստ է, հայ մտավորականները ոգևորում են կռիվ գնացող զինվորներին:

Մի քանի օր առաջ Քաջարանում էինք:

 

Իմացանք, որ Սյունիքի «հերոս» մարզպետը գալիս է գյուղ` հանդիպելու գյուղացիների հետ: Երբ եկավ մարզպետի սև մեքենաների շքախումբը, մեզ համար մի փոքր անակնկալ էր, որ մարզպետի մեքենաներից առաջինը իջած «շլյապայով» և շարֆով տղամարդը ներկայացավ որպես գրող, հպարապակախոս, մտավորական Մերուժան Տեր-Գուլանյան:

 

Մեզ համար անհասկանալի էր, թե ինչու էր Սյունիքի մարզպետը` իր շքախմբով և իրեն մտավորական անվանող Մերուժան Տեր-Գուլանյանը ոտքից մինչև մազերի ծայրը սև շորեր հագած եկել հանդիպման: Սկզբում մտածեցինք` գուցե համաշխարհային նորաձևություն թելադրողները Ձմեռ 2011-12-ը հայտարարել են սև գույների ՁՄԵՌ, որպեսզի մարդը լավ երևա համատարած սպիտակ ձյան ֆոնի վրա: Գուցե, չգիտեմ:

 

Բայց շատ շուտով մենք համոզվեցինք, որ դա ուներ բոլորովին այլ բացատրություն, որը ընդհանրապես կապ չունի համաշխարհային նորաձևության հետ:

 

Մարզպետը իր աշխատակազմով եկել էր Քաջարան` գյուղի թաղմանը և իր հետ բերել էր հայտնի մտավորականին, որպեսզի վերջինս մի ճոխ մահախոսական կարդար «հանգուցյալ» գյուղի համար:

 

Բայց...բայց ի զարմանս իրենց, նրանք հանդիպեցին դեռևս ապրող, շնչող և ավելին` հողի համար կռիվ տվող գյուղին ու գյուղացուն:

 

Ցավոք սրտի, մեր մտավորականը չկարողացավ կարդալ նախօրոք պատրաստած մահախոսականը, ընդհակառակը` նրա գալու նախորդ օրը գյուղում հարսանիք էր եղել:

 

Էնպես, որ «սիրելի´» Մերուժան, կներեք, որ առանց Ձեր կարծիքը հաշվի առնելու և Ձեզ տեղյակ պահելու շարունակում են ապրել, հարսանիքներ անել, երեխաներ ունենալ և հողը պահել թե´ թուրքերից և թե´ «հայերից»:

 

Հա´, չմոռանամ, մի կարևոր բան էլ, չնայած Դուք շատ ջանք էիք գործադրել Ձեր արտաքին տեսքը մտավորականին նմանեցնելու համար, բայց ցավում եմ` մի տեսակ չէր ստացվել:

 

Ախր ոնց ասեմ, մտավորականը «շլյապայով» ու վզին շարֆ փաթաթելով չի էլի:

 

Մի ուրիշ, շա՜տ փոքրիկ, բայց կարևոր բան էր պակասում, չգիտեմ` ինչ, բայց հաստատ պակասում էր, ու էդ պակասը արտաքինի հետ ոչ մի կապ չունի:

 

Պարո´ն մտավորական, երկու ժամից ավել ջուր ծեծելու փոխարեն, բարի լինեիք մտնել գյուղացիներից մեկի տուն ու սեփական աչքով տեսնեիք, թե ինչպես է ապրում գյուղացին, հետաքրքրվեիք նրա առողջությամբ, գոնե իմացա՞ք չորս հերթափոխով աշխատող գյուղացու աշխատավարձի իրական չափը, նեղություն տայիք Ձեր ոտքերին և մտնեիք Քաջարանի հիվանդանոց և մտածեիք, թե Դուք քանի վայրկյան կպարկեիք այդ հիվանդանոցում: Դե իհարկե, Դուք իրավունք չունեք Ձեր «պայծառ» և «ստեղծագործ» ուղեղը ծանրաբեռնել նման մանրուքներով, ու՞մ է հետաքրքիր գյուղացու ապրուստը կամ առողջությունը:

 

Ձեր գրիչը պետք է գովերգի միայն մեր «հերոս» մարզպետներին և «բարերար» օլիգարխներին (հետաքրքիր է` ինչ արժե մարզպետ կամ օլիգարխ գովերգելու մեկ տառը):

 

Պարոն Տեր-Գուլանյան, Ձեր խոսքերի մեջ անընդհատ շեշտում էիք, թե կառավարությունը որոշել է, որ հողերը հանքին տալը հանրային գերակա շահ է:

 

Ա´յ պարոն մտավորական, Ձեր գալուց առաջ մի քարտեզ վերցնեիք ու քարտեզի վրա գտնեիք Քաջարան գյուղը և եթե դպրոցում Ձեզ բացատրել են, թե ինչ բան է մասշտաբը, հաշվեիք, թե Քաջարան գյուղը ինքան է հեռու Նախիջևանի սահմանից: Մի փոքր մտածեիք էլի, սահման պահող գյուղացուն տնից զրկելը, ո՞նց կարող է լինել գերակա շահ, սահման պահող զինվորի թիկունքին կանգնած գյուղը վերացնելը ո՞նց կարող է լինել գերակա շահ: Եվ այն էլ այն դեպքում, որ այդ գերակա շահ կոչվածը բարձում են վագոններ և նավերը ու տանում Գերմանիա:

 

«Հեռատես» և «ազգասեր» է մեր մտավորականը, խոսք չունեմ:

«Տո´ խելոք,- կասեր Հրանտ Մաթևոսյանի հերոսներից մեկը,- որ գյուղացին զինվորի մեջքին չլինի, որ գյուղը զինվորի թիկունքում կանգնած չլինի, էդ զինվորը ի՞նչը պիտի պահի»:

Մի քիչ մտածեք, ա´յ մտավորական, գրող, հրապարակախոս:

 

Չէ´, պարոն Մերուժան, դուք մեր մտավորականը չեք, հաստա´տ:

Մեր սերունդը չի ուզում Ձեզ նման «վա՜յ մտավորական»:

Մեր պատկերացրած մտավորականը պետք է գար Քաջարան գյուղ, և եթե նույնիսկ Քաջարանը սահմանամերձ չլիներ և այնտեղ բնակվեր թեկուզ և մի ծերունի, մեր մտավորականը պետք է կանգներ այդ ծերունու կողքին և չթողներ, որ որևէ օլիգարխ կամ կառավարություն վերացնի այդ ծերունու տունն ու գյուղը:

Էլ ի՞նչ ասենք սահմանամերձ ու բնակեցված գյուղի մասին, թեկուզ և 60-70 հոգանոց (ինչպես Դուք եք ասում, որը ճիշտ չէ):

 

Մեր պատկերացրած մտավորականը կառավարությունից և հանքատերերից պետք է պահանջի, որ հայ գյուղացին ոչ մի խնդիր չունենա, որ հանքում աշխատող բանվորը վճարվի իր աշխատանքին համապատասխան, որ ստանա իսկական բուժօգնություն, որ ապրի մարդուն վայել, որ չորս հերթափոխով չաշխատի, որ մթերային խանութներից պարտք չանի ու էսպիսի շատ ու շա՜տ խնդիրների մասին պետք է բարձրաձայնի մեր մտավորականը:

 

Մեր պատկերացրած մտավորականը պարտավոր է ճշմարտությունը ջրի երես հանել, պարտավոր է ճշմարտությունը ասել ամենքին ու ամենուրեք` լինի երկրի նախագահը, կառավարությունը կամ օլիգարխը:

 

Մեր պատկերացրած մտավորականը պարտավոր է պաշտպանել գյուղը, բնությունը, ամեն մի ծառը, ծաղիկն ու քարը:

Չէ´, պարոն Մերուժան Տեր-Գուլանյան, դուք մեր սերնդի մտավորականը չեք, մենք ուրիշ սերունդ եք: Դուք մնացել եք անցած դարի 60-70-ական թվականներում ու դեռ շարունակում եք գովերգել բնության ու գյուղացու հաշվին հանքարդյունաբերություն զարգացնելը, մեր սերնդի մտավորականը պահանջատեր է և ոչ թե խնդրող:

 

Մեր սերունդը հոգնել է խնդրելուց, լացելուց, աղաչելուց, ողբալուց ու վախենալուց:

 

Էլ չկան նման բաներ, ժամանակները փոխվել են, Ձեր հոգնած ոտքերը այլևս չեն հասցնում ժամանակի հետևից (չնայած չեմ կարծում, որ երիտասարդ տարիներին քայլել եք ժամանակին համընթաց):

 

Թեկուզ և ման գաք մարզպետների ու օլիգարխների թանկարժեք ու սև մեքենաներով, մեկ է, չեք հասնելու ժամանակի ետևից, մի պարզ պատճառով, Դուք գնում եք հակառակ ուղղությամբ:

 

http://hetq.am/static/content/67-1.jpgԻսկ հիմա այն հին լուսանկարի ու Հրանտ Մաթևոսյանի մասին:

Ամաչե´ք այդ լուսանկարի համար:

Հրանտ Մաթևոսյանի ամեն մի տողը, ամեն մի բառը գյուղացու, ծառի ու կենդանու գովերգությունն է:

Հրանտը իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրել է գյուղացուն ու գյուղին, իսկ ստեղծագործություններում պատկերել է գյուղացու և բնության հանճարեղ ներդաշնակությունը:

 

Ամեն ինչ արել է , որ քաղաքաբնակներին և առավել ևս աթոռներից կառչած պաշտոնյաներին հասկացնի, որ գյուղացուն չի կարելի պոկել իր հողից ու արմատներից, որ էս երկրի իրական տերը գյուղացին է:

Իսկ դուք ի՞նչ եք անում...ասում եք` գյուղը կիսավեր է, 60-70 հոգի է բնակվում, թքած նրանց վրա, վերջնականապես ավիրեք, ոչնչացրեք, ջնջեք երկրի երեսից:

 

Գյուղացուն պոկեք իր արմատներից ու տարեք բանտարկեք բետոնի, պանելի մեջ:

Է՜հ, ինչ իմանար Հրանտ Մաթևոսյանը, թե իրականում ով է քայլում իր կողքով: ԱՄՈ´Թ: Եվ մի ապտակ Ձեզ Հրանտի կողմից, որը չի ջնջվելու Ձեր երեսից հազարամյակների ընթացքում:

 

Եվ վերջում մի շատ կարևոր բան էլ.

վերևում` երկնքում, մեր ՄԵԾԵՐԸ` ԹՈՒՄԱՆՅԱՆԸ , ՉԱՐԵՆՑԸ, ՀՐԱՆՏԸ, ՍԱՀՅԱՆԸ, ԿՈՄԻՏԱՍԸ, ՆԱՐԵԿԱՑԻՆ, մի խոսքով մեր ազգի մեծերը` մեր Աստվածները, նստած են մի մեծ, ընդհանուր սեղանի շուրջ աշխարհի ՄԵԾԵՐԻ հետ ու վերևից արթուն աչքով հսկում են, թե ինչ է կատարվում երկրի երեսին: Ու ամեն անգամ, երբ դուք Ձեզ մտավորական եք անվանում, մեր Աստվածները ամոթից գլուխները կախում ու կարմրում են:

 

Եվ որպեսզի մեր Աստվածներն էլ երբեք նման ամոթալի վիճակի մեջ չհայտնվեն, մենք` երիտասարդներս, Ձեզ մտավորական կոչվելու իրավունքից հետայսու զրկում ենք:

 

Դուք արդեն ոչինչ եք, դուք չկաք, սև «շլյապայով» ու շարֆով մահացած ստվեր եք մեզ համար:

 

Հարություն Կարապետյան

 

Քաջարանց այցելած բնապահպաններ

 

 

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...