Ashot Posted May 7, 2008 Report Share Posted May 7, 2008 ԳՅՈՒԼՆԱՐԱ (Նոր Ուղղագրութեամբ) Գրեց՝ Գեղամ Սարյան Է՜հ, խանի´ երկիր, թաջիրի երկիր, Գյուլնարի պես վարդ Շիրազում չկար, Գյուլնարի պես վարդ, հարեմի´ երկիր, Իրանի ոչ մի հարեմում չկար: Ղեյլանի ծուխը թե երկինք ելներ, Աստղերին հասներ՝ այնպես լույս չկար, Գյուլնարի սիրտը ոնց արեւ լիներ, Արեւը վկա՝ Իրանում չկար: Մայիսին բացվող նշենին անգամ Գյուլնարի քաղցր թովչանքը չուներ: Անձրեւից հետո յասամանն անգամ Գյուլնարի բույրն ու հմայքը չուներ, Է՜հ, խանի´ երկիր, թաջիրի երկիր, Գյուլնարի պես վարդ Շիրազում չկար, Գյուլնարի պես վարդ, հարեմի´ երկիր, Իրանի ոչ մի հարեմում չկար: 1 Մի աղջիկ էր, ապրում էր Իրանում, Գորգագործ մի աղջիկ էր նա, Նա մի ծեր հայր էր խնամում, Գյուլնարա էր անունը նրա: Սիրուն էր Գյուլնարան շատ սիրուն, Թիթեռից թռվռուն էր նա, Աչքերին սյուրմա չեր քաշում, Չեր դնում մազերին հինա: Նա խանի խանումների համար Հյուսում էր համամի խալիչա, Շիրազի վարդանոցից էլ վառ, Բայց խանի խանումների համար: Խփում էր դանակը հյուսվածքին, Կտրում էր թելերը գունգեղ, Գյուլնարի հինած դազգահին Շիրազը կարող էր նախանձել: Գյուլնարի հյուսած վարդերից Կխաբվեր բյուլբյուլը անգամ, Նա կարող էր մետաքսի թելերից Պարտեզներ հյուսել անթառամ: Մի աղջիկ էր, ապրում էր Իրանում, Գորգագործ մի աղջիկ էր նա, Նա մի ծեր հայր էր խնամում, Գյուլնարա էր անունը նրա: 2 Գյուլնարա´, սիրուն Գյուլնարա, Ղալամքար հոնքերիդ տակին Թախիծ կա աչքերիդ վրա, Գյուլնարա, սիրուն Գյուլնարա: Ծաղկազարդ չթով սքողված Սրտիդ մեջ ու հոգուդ վրա Տրտունջ կա, բողոք կա պահված, Գյուլնարա´, վշտո´տ Գյուլնարա: Գյուլնարա´, գորգագործ աղջիկ, Քո երկրի բորբ արեւի տակ Հասնում է բադամ ու նարինջ, Բուրում են դաշտերը թովիչ: Սակայն դու արեւի կարոտ, Արեւից ժպիտ չես քաղել, Տրտնջոտ քո հոգու համար՝ Նարինջը կարիճ է դառել: 3 Լսվում է մրմունջը թառի Նվում է սեգահը վերից, Ճմլվում է սիրտը Գյուլնարի, Շիծաղներ են լսվում հարեմից: “Շարյաթին դեմ գնալ չի լինի, Ուրացում է առանց չադրայի”, Կարծես թե լսվում է խանի Խոսքերը ականջին Գյուլնարի: Կարծես թե տեսնում է նրան, Զգում է սարսափն ահարկու, Բայց հյուսում է հինվածքի վրա Կուտակված տրտունջն իր հոգու: Խալիչա է հյուսում Գյուլնարան, Հույզերից է հյուսում կարծես նա, Ահա նա հինվածքի վրա Նկատում է պատկերը իրա: Ահա նա կանգնած է այնտեղ, Մետաքսե թելերից հյուսած, Աչքերը վառվում են կարծես, Չարսավը նետել է նա ցած: ... Լսվում է մրմունջը թառի Նվում է սեգահը վերից, Հուզված է սիրտը Գյուլնարի Հարեմի թառից ավելի: 4 Ու մի օր երբ արեւն ելավ Ու ժպտած Իրանի վրա, Դուրս եկավ Գյուլնարան տնից՝ Խալիչան ձախ ուսի վրա: Հասավ նա պալատը խանի, որգազարդ օթախը նրա, Կլկլում էր ջուրը ղեյլանի՝ Խանի դեմ սանդալի վրա: Ղեյլանի հուզված ջրի պես Թպրտում էր սիրտը Գյուլնարի, Ամոթով խոնարհվեց նա կարծես, Ու դժկամ բարեւեց խանին: - Գյուլնարան նվեր է բերել, Գյուլնարան տրտունջ ունի, խա´ն, Թույլ տուր, որ բոլոի հետ մեկտեղ, Գյուլնարան դեն գցի չադըրան: Եվ փռեց նրա դեմուդեմ Խալիչան՝ բողոքը իրա, Գյուլնարան կանգնած էր այնտեղ, Համարձակ, առանց չադըրա: - Ջնդա, շո´ւն, - խանը որոտաց, Դղրդաց պալատը աղմուկից, Գյուլնարան ճչած ընկավ ցած՝ Երեսին իջած ապտակիծ: Ներս ընկան ծառաները խանի, Եվ կանայք խանի հարեմից, Փռվել էր մարմինը Գյուլնարի, Գյուլնարան տնքում էր ցավից, - Դուրս տարեք, թո´ղ մորթեն դրան, Թո´ղ փրթեն առաջը շների, Իմ հողում առանց չադըրա Ոչ մի կին չպետք է ապրի: Գյուլնարա´, գորգագործ աղջիկ, Քո երկրի բորբ արեւի տակ Հասնում է բադամ ու նարինջ, Բուրում են դաշտերը թովիչ: Սակայն դու արեւի կարոտ, Արեւից ժպիտ չես քաղել, Տրտնջոտ քո հոգու համար՝ Նարինջը կարիճ է դառել: 5 Այդ օրը իրի կնային պահին Արյունը հոսեց Գյուլնարի, Մեռավ նա արեւի կարոտ, Իրանի գյուլը սաբահին: Է՜ յ, խանի´ երկիր, թաջիրի´ երկիր, Գյուլնարի պես վարդ Շիրզում չկար, Գյուլնարի պես վարդ, հարեմի´ երկիր, Իրանի ոչ մի հարեմում չկար: Ղեյլանի ծուխը թե երկինք ելներ, Աստղերին հասներ՝ այնպես լույս չկար, Գյուլնարի սիրտը ոնց արեւ լիներ, Արյեւը վկա՝ Իրանում չկար: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.