Ashot Posted April 28, 2008 Report Share Posted April 28, 2008 ԱՓ ՄԸ ՄՈԽԻՐ, ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ... Ա Ավա՜ղ, սպարանքի մը պես մեծ էիր և շքեղ, ՈՒ ես` երդիքներուդ սպիտակ կատարեն, Աստղածորան գիշերներու լույսին հետ, Վարեն, ահեղավազ Եփրատին կ'ունկնդրեի...: Բ Արցունքո՜վ, արցունքո՜վ լսեցի որ ավերակ առ ավերակ Քու լայնանիստ պատերդ իրարու վրա կործանեցին, Սարսափի օր մը, կոտորածի օր մը, օր մը արյունի... Զքեզ եզերող պարտեզիդ ծաղկըներուն վրա: Գ ՈՒ մոխրացա՜վ այն սենյակը կապույտ, Որուն որմերուն ետև և գորգերուն վրա Իմ երջանիկ մանկությունս կը հրճվեր, Եվ կյանքս կ'աճեր և հոգիս իր տևերը կ'առներ... Դ Փշրեցա՞վ, ուրեմն, այն հայելին ոսկեծիր, Որուն եթերային խորությանը մեջ, Երազներս, հույսերս, սերերս և կամքս կարմիր, Տարիներով, մտածումիս հետ, ցոլացին...: Ե ՈՒ բակին մեջ երգող աղբյուրը մեռա՞վ, ՈՒ կոտրտեցա՞ն պարտեզիս ուռին և թթենին. Եվ այն առվակը որ ծառերուն մեջեն կը հոսեր, Ցամքեցա՞վ, ըսե', ո՞ւր է, ցամքեցա՞վ, ցամքեցա՞վ... Զ Օ', այն վանդակին կ'երազեմ հաճախ, Որուն մեջ գորշագույն կաքավս, առավոտուն, Արևածագին հետ և վարդի թուփերուն դիմաց, Զարթնումի ժամուս` հստակորեն կը կարգճեր...: Է Հայրենի՜ տուն, հավատա' որ մահես հետո, Քու ավերակներուդ սևին վրա իմ հոգիս Պիտի գա, որպես տատրակ մը տարագիր, Իր դժբախտի երգն և արցունքը լալու...: Ը Բայց ո՜վ պիտի բերե, ո՜վ պիտի բերե, ըսե, Քու սրբազան մոխիրեդ ափ մը մոխիր, Մահվանս օրը, իմ տրտում դագաղիս մեջ, Հայրենիքս երգողի իմ աճյունին խառնելու... Թ Ափ մը մոխի՜ր աճյունիս հետ, Հայրենի տուն, Ափ մը մոխի՜ր քու մոխիրեդ, ո՜վ պիտի բերե, Քու հիշատակե'դ, քու ցավե'դ, քու անցյալե'դ, Ափ մը մոխիր... իմ սրտիս վրան ցանելու...: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.