Jump to content

Pochat Aghves


Ashot

Recommended Posts

ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍ

 

Լինում է, չի լինում մի պառավ։ Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի։

 

Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթի ամանը, ուտում։ Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։

 

Պոչատ աղվեսը փախչում է, գնում մի քարի վրա կանգնում ու էսպես խնդրում.

 

— Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

 

Պառավն ասում է.

 

Դե գնա իմ կաթը բեր։

 

Աղվեսը գնում է կովի մոտ.

 

— Կովիկ, կովիկ, կաթ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

 

Կովն ասում է.

 

— Դե գնա ինձ համար խոտ բեր։

 

Աղվեսը գնում է արտի մոտ.

 

— Արտիկ, արտիկ, խոտ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ Արտն ասում է.

 

Դե գնա ինձ համար ջուր բեր։

 

Աղվեսը գնում է աղբյուրի մոտ.

 

— Աղբյուր, աղբյուր, ջուր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

 

Աղբյուրն ասում է.

 

Դե գնա կուժ բեր։

 

Աղվեսը գնում է աղջկա մոտ.

 

— Աղջիկ, աղջիկ, կուժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

 

Աղջիկն ասում է.

 

Դե գնա ուլունք բեր ինձ համար։

 

Աղվեսը գնում է չարչու մոտ.

 

— Չարչի, չարչի, ուլունք տուր, ուլունքը I տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

 

Չարչին ասում է.

 

Դե գնա ինձ համար ձու բեր։

 

Աղվեսը գնում է հավի մոտ.

 

— Հավի՛կ, հավի՛կ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

 

Հավն ասում է.

 

Դե գնա ինձ համար կուտ բեր։

 

Աղվեսը գնում է կալվորի մոտ.

 

— Կալվո՛ր, կալվո՛ր, կո՛ւտ տուր, կուտը տանեմ հավին տամ, հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

 

Կալվորի մեղքը գալիս է. մի բուռ կուտ է տալիս։

 

Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալիս, ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալիս, ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալիս, կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալիս, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալիս, խոտը տանում է կովին, կովը կաթ է տալիս, կաթը տանում է տալիս պառավին, պառավը պոչը տալիս է իրեն, կցում է, կցմցում, վազում է գնում, ընկերներին հասնում։

 

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...