Ashot Posted April 19, 2008 Report Share Posted April 19, 2008 ՄԱՅՐԸ Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Այս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրրիկունը։ Ծիծեռնակը բույն էր շինում մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը հետ գալի, ու նրա բույնը միշտ կպած էր, մեր սրահի օճորքին։ Եվ գարունն էր բացվում, և մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։ Եվ, ահա, նորից գարնան հետ վերադարձել էր իր բույնը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճիչով թռչում, կերակուր էր Բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց ճուտերի համար։ Ճուտերը ճվճվալով դեղին կտուցները դուրս հանեցին բնից։ Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մեկը, գուցե ամենից անզգույշը, կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։ Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի հետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ էր, դուրս պրծավ մեր կատուն, ճուտն առավ ու փախավ։ — Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով ու կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։ Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս՝, մի-մի փայտ առած, պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դունչը լիզելով։ Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։ Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը կատարվեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում ոչ այս դեպքը, ոչ այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։ Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.