vartahoor Posted June 14, 2007 Report Share Posted June 14, 2007 12. ԸՆԿԵՑԻԿԸ Բուքը կը մռընչե: Շըքեղ տան մառջև. Կես գիշերին, հո՛ն, մայրը առավ կանգ: Հույզեն կը դողա սիրտը, զերդ տերև. Մարմինը ձյունեն հագեր է պատանք: Կը նիրհե գըրկին մեջ դեռ երեխան. Գուցե անոթի, գուցե նըվաղած Կթեն կաթիլ մը, մարգարտի նըման, Բերանին վըրա ցուրտեն է պաղած: Պետք է լըքե՛լ հոս: Ի՞նչ նըկուղի մեջ Ծընավ ծաղիկն այդ զարնված եղյամեն Ունեցա՞վ շապիկ, կամ օրոցք մը գեջ Հրեշտակ միջավ վար` ժըպտելու իրեն: Հայր մհավատարիմ ունեցա՞վ արդյոք` Որ խառներ քըրտինքն իր արտասուքին. Թե կույս մը խաբված սիրով մը բորբոք Անոր մայր եղավ` նախ չեղած դեռ կին: Չըգիտեմ. միայն այդ մայրն է տըժգույն` Խոնավ քարին տակ բուսնող սեզին պես: Ոտքերն են բոպիկ, հասակը նըկուն` Զոր պիտի փըշրե ցուրտ քամին կարծես: Թոշնած են ծիծերն` ուրկե բըղխեցուց Սերը` կաթի տեղ` շիթ մը շարավի: Մերթ թափը հովին կուրծքը կու տա ցույց, Ուր վիշտն է պառկեր, ձյունը կը մաղվի: Պետք է լըքե՛լ հոս. կը դընե տըղան Ծածքին տակ քիվին, տանը շեմին վրա Իր կանեփ շալով կը սքողե վըրան. Ինք երընքին տակ, մերկ, կը դողդըղա: Զայն կը համբուրե և կուզե փախչի՜լ Բայց սիրտը քայլին չի՛ հըպատակիր. Ո՜հ, ինչպե՛ս բաժնել, փետե՜լ հոգեխիլ Իր աղիքն որդվույն աղիքեն կարմիր: Եվ հոն կը սպասե մինչև արշալույս. Խելահեղ ուրուն կըլլա գիշերվան. Ու երբոր տըղան կու լա սըրտահույզ` Մարմար շեմին վրա մերթ կօրորե զայն: Կը խորհի. գուցե ունենա որդին Վաղը այս կյանքեն կյանք մը լավագույն. Դըրվի օրորան. ծիծերն ըստընուին Իրեն ավելի՛ առատ կաթ մհեղուն: Ունենա գուցե նույնիսկ խաղալիք. Պուպրիկ միրեն պես բեհեզներ հագած. Մարդիկ զայն կարծեն իշխան մը փոքրիկ. Եվ զայն իր հրեշտակն ընդունի Աստված: Ա՛յսպես կը խորհի մայրը դողդոջուն, Մայրը` հոն հագած պատանքը ձյունին Այգը կը ծագի. փողոցներն համբուն Կյանքի շըշուկով տակավ կը լեցվին: Կերգե աքաղաղն, որդին կը ճըչա, Զի կոպերն անոնց շո՛ղն է համբուրած: Մայրը խելացնոր, մայրը ակամա, Ըշտապ կը փախչի՜ սիրտը հոն թողած: 13. ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՍ Ա. Ահարոնյանին Ֆերրա՜րա երբ քու ամայի պալատներդ քար քարի վրա չմնան`քերթողի մը բանտը փառքիդ մեծագույն տիտղոսը պիտի ըլլա: ԼՈՐՏ ՊԱՅՐԸՆ «Ըսե՛, ծիծեռնա՛կ, Ճանճ մը կըտուցիդ կերթաս ծաղկավետ ո՞ր այգեստաներ. Ո՞ր աշտարակն է` որ գաղջ արևու մեջ է ընկըղմեր. Ըսե՛, ծիծեռնա՛կ»: Մետեխի բանտին պատին նորոգել կերթամ բույնս ամա` Որուն մեջ ձյո՛ւն է տեղացեր ձմեռն, ու այնտեղ հիմա Օձ մը ծըվարած, գլուխը պոչին տակ, լուռ կը մըրափե: Օձի շապիկով կերթամ կարկըտել բույնըս կանեփե: «Ա՜խ, գընա՛, ծիծա՛ռ, երգը կըտուցիդ: Միայնության մեջ մեծ եղբայր մունինք մենք հոն կալանված. Թեզաններն ի վար կը հոսեն թոքերն արյուն մանձնուրաց, Հաց մեն դրեր իր քով, մոխիրո՜րով թըրուն, դառնահամ բըլիթ, Եվ կուժ մորուն մեջ ծըռած կարտասվեն մողեզներ դեղին: Ծիծա՛ռ, շող մը տար լուսնեն` որ օծե բիբերն անժըպիտ, Երգ մոր ըսփոփե հոգին` ուր տրոփեց հողը մայր Երկրին: Ա՜խ, գընա՛, ծիծա՛ռ, համբույրըս կտուցիդ»: «Ըսե՛, իմ կըռո՛ւնկ, Դեպի հորիզոն նետի պես սլաքած վիզըդ բոցեղեն` Այսպես ո՞ւր կերթաս ուրախ կրկռոցով երդիքիս վրայեն. Ըսե՛, իմ կըռո՛ւնկ»: Կովկասը լիճեր ունի` որոնց մեջ եղեգներ ջով ջով Բարձըր ուռճացած արև կը շնչեն փրփրուն կատարով: Ու լըքվածներու տընակներ կան հոն` որոնք կը բաղձան` Որ իրենց շեմին երգեմ, իրիկունն, երգերս ըսփոփման: Ա՜խ, գընա՜, կըռո՜ւնկ, հույսը կըտուցիդ: Բայց բանտի մերդին պահ մը ամփոփե թևեըդ հոգնած: Հոն Արվեստի քուրմ մը կա` որ նվագեց Վիշտն համատարած Ըստեղնաշարին վըրա աստղերուն` մատերով վըճիտ: Արդ իր գանկին ջահն արյուն կը ծեփե պատերն Ոճրի Տան: Կըռո՛ւնկ, պըսակ տար ի ջախջախ քնարին սա ճյուղը փըթիթ Զոր մենք ամենքնիս օծանեցինք մեր ողբովն հավիտյան: Ա՜խ, գընա՛, կըռո՛ւնկ, արցունքըս կտուցիդ: Ըսե՛, արագի՛լ, Գորտ մը, զմրուխտի նըման, բերնիդ մեջ ո՞ւր կու տաս խույս. Ո՞ւրտեղ օգոստոսն իրենց փոսերեն իժերն հանեց դուրս, Ըսե՛, արագի՛լ: Հեռո՜ւն, կը տեսնեմ գլուխներն ադամանդ լեռներուն Կավկաս` Որոնց կողերեն ձորերը կհոսի արևն հըրամազ: Գարունն է պճներ հոն հարսի նըման բարտի մը վըսեմ. Իր սոսափյունին մեջ բույնս ուռիով ես պիտի հյուսեմ: Ա՜խ, գնա՛, արագի՛լ, կարոտը կըտուցիդ: Հոն կապանքի տակ Հայրենիքն ունի հանճար մողջակեզ: Գրիչը մատերուն մեջ խորտակեցին ճառագայթի պես: Արագի՛լ, վրայեդ փետուր մը ձգե, բանտն իր մահառիթ` Ուր ան օրե օր իր գերեզմանին համար կհասուննա: Ի՜նչ փույթ թե խլված փետուրեն` թևադ այդ արյունի շիթ շիթ. Անով հաղթանակն ան պիտի գըրե իր Ուխտին հըսկա: Ա՜խ, գնա, արագի՛լ, սիրտըս կըտուցիդ: Ըսե՛, խրոխտ բազե՛. Ճեղքելով անտառը կայծակներուն, ամպերուն խորեն, Ինչ կատարի վրա կերթաս քըթվըտել պորտըդ լուսեղեն. Ըսե՛, խրոխտ բազե՛: Ռուս հորիզոնեն գաղթող մրրիկներն ինձ հոտը բերին, Հոտ դիակներու, հունտերը կարմիր բեղուն ժանտախտին: Հըզոր թըռիչներես վար գաղջ արյուններ ես անձրևելով` Կերթամ արածիլ մարդկային բիբերն ու սիրտերն համով: Ա՜խ, գընա՛, բազե՛, կայծակը կտուցիդ Բայց մեռելներն այդ` զոհերն են լույսի. անոնց մի՛ դըպչիր. Սիրտեր` որ վրեժեն չեն գիտեր պաղիլ. անոնց մի՛ դըպչիր: Այլ այնտեղ Պայքարն Առաքյալ մունի բանտին մեջ կրանիթ. Թևերովդ հուժկու զա՛րկ, փըշրե՛ խախամն իր լուսամուտին, Եվ շանթը կտուցիդ` Հույսն երգե՛` թառած իր ուսին վըճիտ: Ըսե՛ թե շուտով մենք պիտի կանգնենք արձանն իր փառքին: Ա՜խ, գընա՛, բազե՛, դափնի՜ մը կտուցիդ: 14. ՄԵՌՆՈՂ ԲԱՆՎՈՐ Քամին կոռնա ու տընակն իր հիմերեն կը ցընցե Իբրև ահեղ դամբարան: Ծյուրախտավոր բանվոր մհոն կը վախճանի մազկըռինչ` Խարին վրա հոտևան: Հանո՜ւն պատառ մը հացի` գործատան մեջ թաղեց ան Ճառագայթներն հոգիին. Տըվավ փերթ փերթ որ ուտեն մեքենաները վիշապ Միսերն հուժկու կըռնակին: Անիվներուն ակռաներն ողնածուծո՛վն օծանեց, Եվ սըրբեց իր մազերով. Հընոցին դեմ` մերկալանջ, ժահրոտ օդին մեջ` մըղձկուկ Ապրեցավ միշտ մեռնելով: Արդ տապալող նոճիի հանգույն բան մէ այդ տըղան, Այդ հա՛ղթ ռամիկն երբեմնի: Երկաթներու հետ պայքար մեղավ իր կյանքն հարատև. Արդ կը փըշրի զերդ վանի: Գերեզմանին դեղին հո՛ղն իր աչքերուն վրա կապույտ Սըփռեր է Մահն անժըպիտ. Մեղրամոմի պես մարմինն ահավասիկ կը հալի Մատերն ի վար շիթ առ շիթ: Ի զո՜ւր գարունն երազեց, և հովերուն մեջ ազատ Կաղնիացումն հասակին. Ի զո՜ւր տենչաց երգով լի շրթունքներն իր երկարել Աղբյուրներու ջինջ ակին: Արևուն տեղ` դալկություն, շուշաններու տեղ` մըրուր Պըսակեցին ճակատն իր: Սիրո երգին փոխարեն` եկավ փըրփրիլ շըրթունքին Հըրատապ հազ մը կարմիր: Արդ կը հազա՜, կը հազա՜ իր զոհի գլուխը դրած Ծոցին մեջ մո՛րն աղեկե՜զ` Որուն կուրցա՛ծ աչքերն իսկ արտասուք կը բըղխին` Հողեն պըտղող ջուրին պես: Վար կը կախվի սընարեն Հիսուսի խաչը կարմիր, Բայց ճակատին վրա չինկած Շիթ մԱրյունեն փրկության-որ սառե՜ր է խաչին վրա Ինք կը մեռնի, վաստակած: Քամին կոռնա ու տընակն իր հիմերեն կը ցընցե Իբրև ահեղ դամբարան Ու սև կատուն տընակին կը մըլավե՜ խելահեղ Ճանկըռթելով շեմքը դրան: (ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ) Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts