Jump to content

Մարտի 8-ից ապ�


MosJan

Recommended Posts

ԱՊՐԻԼԻ 7-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ ԸՍՏ ԿԱՆԱՆՑ

 

Մարտի 8-ից ապրիլի 7-ը կանանց տոնին նվիրված միամսյակի առիթով, թե ինչպիսի բնորոշում ունեն եւ ինչպես են բացահայտում կնոջ հմայքի գաղտնիքը, արտահայտվում են մամուլը եւ ռադիոն ներկայացնող գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:

 

«Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյան- Իսկապես համոզված եմ, որ ամեն օր մի տոն է յուրաքանչյուր մարդու համար: Բայց լավ է, որ կան ընդգծված տոնական օրեր, այդ տոնական օրերը սիրում եմ: Ամեն մի տոնական օր ներգրավում է ամենալավ ցանկություններ, մաղթանքներ, ժպիտներ, բարի բառեր: Բոլորն էլ սիրում են բարի բառեր ասել եւ լսել բարեմաղթանքներ: Այդ տոնական օրերը ներթափանցում են քո կյանքի մեջ որպես փափուկ եւ կոկիկ դադար: Երբեք մի հրաժարվեք ձեր նպատակներից, ձեր ուղուց եւ հայացքներից:

 

Անահիտ Ամիրյան, «Նե» ամսագրի գլխավոր խմբագիր- Սիրելի կանայք, քնքուշ օրիորդներ: Շնորհավորում եմ ձեզ գարնանային այս չքնաղ տոնի՝ Գեղեցկության եւ մայրության օրվա առթիվ:

 

Ուզում եմ, որ լինենք կանացի, գեղեցիկ, անսահման քնքուշ ու համբերատար:

 

Այսօր խուճապի չմատնվենք, պահե՛նք մեր ազգային դեմքը, բարոյական կերպը, սիրելու ունակությունը, անմնացորդ հավատարմությունն ու նվիրումը՝ հայրենիքին, զավակին, սիրուն, ընտանիքին ու վաղվա օրվան: Մեր հոգսը Եվայից սկսած նույնն է եւ դարեր շարունակ քայլում է մեզ հետ՝ դարձնելով մեզ ուժեղ, հպարտ ու անկախ:

 

Հիշե՛նք, որ հայ օջախի սյունը կինն է:

 

Հիշե՛նք, որ տունը ջերմանում է ներսից, օջախը ներսից է մեծանում, իսկ ներսում մենք ենք:

 

Հիշե՛նք, որ մենք քրիստոնյա ենք:

 

Հիշե՛նք, վերջապես, եւ ամենակարեւորը, որ մենք կին ենք՝ գեղեցիկ, թույլ ու շատ ուժեղ, բարոյական, կանացի ու հմայիչ, բարի ու անխռով, վայելուչ, առեղծված, մուսա, սեր, բնության հրաշք, կյանքի ընկերուհի, երազների թագուհի, մայր՝ երկրորդ արարիչը երկրի վրա: Հիշե՛նք ու առտնին հոգսերից չկոտրվենք, գալիք օրը լուսավոր է լինելու:

 

Նելլի Գեւորգյան, «Էֆիր» շաբաթաթերթի պատասխանատու խմբագիր- Ապրիլի 7-ն ամենագլխավոր տոնն է յուրաքանչյուր կնոջ համար, քանի որ խորհրդանշում է կնոջ գլխավոր կոչումը՝ մայրությունը: Որքան էլ հաջողակ լինի կինը, ունենա լավ աշխատանք, միեւնույն է, նրա գլխավոր առաքելությունը մայրանալն է, զավակներ ունենալն ու դաստիարակելը:

 

Գլխավորն այն է, որ կինը լինի բնական, անմիջական, ինչպիսին իր էությունն է եւ կարողանա զարգացնել իր մեջ եղած դրականն ու գեղեցիկը, մանավանդ որ ժամանակակից միջոցները թույլ են տալիս ընդգծել, առավել արտահայտիչ դարձնել բնական գեղեցկությունը:

 

Թող յուրաքանչյուր կին գիտակցի, կարեւորի իր ունեցած լավը: Չընկնի սուտ երազների հետեւից: Ըստ իս, երջանկությունը հեռու պետք չէ փնտրել: Կինը, ինչպես եւ տղամարդը, լիովին երջանիկ կարող է զգալ նույնիսկ իր տնից դուրս չգալով: Հավատացեք, երջանկության կապույտ թռչունն ապրում է մեզ հետ նույն կտուրի տակ:

 

Շուշան Արեւշատյան, «Ռադիովան» ռադիոալիքի տնօրեն- Ամենամեծ հրաշքն, իմ կարծիքով, երեխա ծնող կինն է: Նրան անհրաժեշտ է պահպանել եւ սիրել ոչ միայն տոներին, այլեւ յուրաքանչյուր րոպե: Կինը գեղեցկություն է ու ներդաշնակություն:

 

Եվ այսօր՝ Սուրբ Ավետիսի օրը, ուզում եմ ասել.

 

«Մենք շրջապատված ենք հրաշքներով, բայց հաճախ չենք տեսնում դրանք:

 

Մենք նայում ենք, բայց չենք տեսնում, մենք լսում ենք, բայց չենք ընկալում մեկմեկու»:

 

Եվ թող կատարվի այն, ինչ ցանկանում է կինը, քանի որ նա ունի յուրահատուկ ուժ, եւ նրա առջեւ բացված են բոլոր ճանապարհները: Ի՞նչ է անհրաժեշտ կնոջը՝ լինել սիրելի, երջանիկ եւ ցանկալի:

 

Գայանե Ենգոյան, «Եթեր» շաբաթաթերթի պատասխանատու խմբագիր- Մեծ ու լուսավոր խորհուրդ ունի ապրիլի 7-ը: Մարիամ Աստվածածնի՝ Գաբրիել հրեշտակապետից ավետիս ստանալու օրը հռչակվեց Մայրության եւ գեղեցկության տոն: Ասելն ավելորդ է, որ մայրության ավետիսն ամենաբաղձալի ու նվիրականն է յուրաքանչյուր կնոջ համար, ամեն ընտանիքում: Եվ լավ է, որ ապրիլի 7-ը դուրս չմղեց մարտի 8-ը, այլ եկավ հաստատելու, թե որքան կնամեծար է հայ տղամարդը, որ կարող է կնոջը տարվա մեջ նվիրել երկու տոնական օր եւ նույնիսկ մի ամբողջ ամիս:

 

Կինը պետք է լինի հմայիչ ու ինչ-որ գաղտնիքով պարուրված, իսկ տղամարդը պիտի շարունակ փորձի, ձգտի բացահայտել այդ գաղտնիքը եւ խճճվի կնոջ լարած հմայիչ որոգայթներում:

 

Թե՛ կնոջ, թե՛ տղամարդու համար ամենասարսափելին մենության զգացումն է: Թող ոչ մի կին իրեն միայնակ ու լքված չզգա: Ըստ իս, հոգու խաղաղության, աշխարհի ներդաշնակության համար չափազանց կարեւոր է, որ հանդիպեն միմյանց համար ստեղծված տղամարդն ու կինը: Թող յուրաքանչյուր հայ կնոջ կողքին լինի նրան գնահատող, սիրող, պահպանող ու փայփայող տղամարդ:

 

Ներկայացրեց ՆՈՒՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...