MosJan Posted March 18, 2005 Report Share Posted March 18, 2005 ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՈՐԾԻՉՆԵՐ. ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ Հ. Սասունյանի գործունեության արդյունքները դեռեւս ոչ բոլորին են հայտնի: Քանի որ, դժբախտաբար, ոչ բոլոր հայերն են այսօր Հայաստանում ապրում: Սակայն բավական է նշել Սասունյանի գործունեությունը հետեւյալ երեք բնագավառներում, որպեսզի նա գրանցվի հանրահայտ հայերի ցուցակում. 1. Միացյալ հայկական ֆոնդի հիմնադիր եւ նախագահ 2. Հանրահայտ եւ մեր սիրելի Քըրք Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ: 3.«Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի տնօրեն - խմբագիր: Միացյալ հայկական ֆոնդի օգնությունը Հայաստանին 2005 թ. փետրվարին անցավ 400 մլն դոլարի սահմանագիծը: Միացյալ հայկական ֆոնդը անտարակույս շարունակելու է իր առաքելությունը հիմնադիր անդամների՝ Ամերիկայի հայկական համագումարի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերության, Հայ օգնության միության, Հայաստանյայց առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի թեմերի եւ «Լինսի» հիմնադրամի օժանդակությամբ: Միացյալ Հայկական ֆոնդը ազգային համագործակցության խորհրդանիշ է ի շահ հայրենիքի բարգավաճման: Վերջին 15 տարում Հայաստանը ապրել է ծանր տարիներ՝ ղարաբաղյան պատերազմ, երկրաշարժ, շրջափակումներ, արտագաղթ, տնտեսական, քաղաքական ճգնաժամեր: Այս եւ նման բոլոր վիճակներից Հայաստանը եւ հայ ժողովուրդը դուրս են եկել հաղթանակով եւ արժանապատվության պահպանմամբ: Կարեւոր նշանակություն է ունեցել Հայաստանին տրամադրած «Լինսի» հիմնադրամի 170 մլն դոլարի օգնությունը: Այս գումարից 150 մլն դոլարը ծախսվեց վերակառուցման աշխատանքների, իսկ 20 մլն դոլարը՝ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման վրա: Անշուշտ, ազգային մեծ բարերար Քըրք Քըրքորյանի առատաձեռն նվիրատվությամբ իրականություն դարձած բոլոր աշխատանքները կատարվեցին «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հ. Սասունյանի անընդմեջ մասնակցությամբ եւ հսկողությամբ: Նա վերջում գոհունակությամբ ներկայացրեց կատարված արդյունքները՝ 73 մլն դոլարի ճանապարհաշինարարություն, կամուրջների եւ թունելների կառուցում, 45 մլն դոլարի բնակարանային շինարարություն աղետի գոտում, 18 մլն դոլարի աշխատանքներ մշակույթի բնագավառում, 14 մլն դոլարի վերակառուցումներ Երեւան քաղաքում: Կարճ ժամանակահատվածում կատարված այս աշխատանքները վկայում են, որ ճշգրիտ պլանավորման եւ հսկողության պայմաններում Հայաստանում կարող են կատարվել նմանօրինակ բազմատիպ աշխատանքներ: Հ. Սասունյանի գործունեության մյուս կարեւոր բնագավառը «Կալիֆոռնիա կուրիեր» անկախ շաբաթաթերթն է, որը հրատարակվում է բոլոր հայերի համար, ինչպես նշվում է թերթի գլխագրում: Համարյա բոլոր համարներում Սասունյանը հրատարակում է խմբագրական հոդված նվիրված Հայոց ցեղասպանությանը: Մաթեմատիկական ճշգրտությամբ վերլուծվում են փաստերը, իրադարձությունները, բանակցությունները՝ ելնելով ժամանակի քաղաքական իրադարձություններից եւ վիճակից: Այդ մաթեմատիկական ճշգրտությունը ճնշող ուժ է, որը կարող է ազդեցիկ նշանակություն ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Փոխկապակցված նշումները ժամանակի ընթացքում փոփոխվում են, այնպես, որ ինչքան շուտ ճանաչվի Հայոց ցեղասպանությունը եւ նրանից բխող հետեւանքները, այնքան ավելի լավ բոլորի, բոլոր ազգերի եւ պետությունների համար: Հայոց ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտ պայման է տարածաշրջանում համապատասխան կարգավորվածության համար: Շուրջ 90 տարի էապես խախտվել է կարգավորվածության աստիճանը, ինչը տանում է քաոսի: Սասունյանի հոդվածները օգնում են պարզելու եւ հասկանալու, որ ցեղասպանության ճանաչման հակազդեցությունը ավելի է ուժեղացնում այդ ճանաչման անհրաժեշտությունը: Ամբողջ աշխարհով ցրված, բայց իրենց մշակույթը, քրիստոնեական ավանդույթները պահպանած հայերն ավելի արդյունավետ ներդրում կունենան մարդկության դեմ ծառացած գլոբալ պրոբլեմների լուծման համար, եթե բավարարվի նրանց ազգային պահանջը՝ նպաստել արդարության հաղթանակին, վերացնելով Հայոց ցեղասպանության եւ նրա հետեւանքների ճանաչմանը եւ ընդունմանը խանգարող երեւույթները: Բազմաթիվ հոդվածներում, որոնք նվիրված են այս գաղափարին, Սասունյանը վստահորեն ապացուցում է, որ Հայոց ցեղասպանության համամարդկային գնահատականը կարեւոր նշանակություն կունենա բոլոր ազգերի համար: Հարութ Սասունյանը դեռ շատ անելիքներ ունի, որպեսզի օգտագործի իր հասարակական եւ քաղաքական աշխատանքների կուտակած բազմամյա փորձը եւ իր կազմակերպչական հնարավորությունները: Հարութ Սասունյանը արժանիորեն կարող է զբաղեցնել իր նիշը հանրահայտ հայերի շարքում: ԳԱԳԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.