Search the Community
Showing results for tags 'komitas film'.
-
Կոմիտասը` համաշխարհային էկրանին Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմեր նկարահանվում են մոլորակի տարբեր անկյուններում՝ թե՛ հայ, թե՛ օտարազգի ռեժիսորների կողմից: Յուրաքանչյուրն իր մոտեցումով ու շեշտադրումով է փորձում ներկայացնել XX դարի առաջին ցեղասպանության փաստը: Ոմանք խնդրին մոտենում են սեփական պետության շահերի տեսանկյունից՝ թեմայի արծարծումը զուտ պատրվակ դարձնելով: Ոմանք էլ մի գերդաստանի ողբերգական պատմությունն են նկարագրում՝ առանց խտացումներ ու հավաքական կերպարներ ստեղծելու: Իսկ մենք, մանավանդ 100-ամյակի շեմին, սպասում ենք մեծածավալ ու հզոր կինոկտավի, որը լիովին կպարպի մեր հույզերն ու ցավը, ցասումն ու արդարության պահանջը: Ռուսաստանաբնակ պրոդյուսեր Վալերի Սահարյանը դեռ 2013-ին տեղեկացրել էր, որ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նախագիծ է մշակվում` լիամետրաժ խաղարկային ֆիլմ Կոմիտասի մասին, որի նկարահանումները պետք է այս տարի արդեն սկսված լինեին: Վալերին սեպտեմբերի վերջին Երևանում էր և «Կինոաշխարհին» մանրամասնեց կինոնախագծի մասին: - Ինչո՞ւ հետաձգվեցին ֆիլմի նկարահանումները: Կինոնախագիծը ո՞ր փուլում է հիմա: - Որոշ հանգամանքներ թույլ չտվեցին այս տարի սկսել նկարահանումները: Իսկ պետք էր լիարժեք պատրաստվել: Ես՝ որպես պրոդյուսեր, և մեր ստեղծագործական խումբը մտածեցինք՝ իսկ ինչո՞ւ շտապել, ինչ է թե ֆիլմը հասցնենք 100-ամյակին: Ի վերջո, սա այն թեման է, որ 88, 95, թե 100-ամյակ՝ էական չէ: Կարևորը որակյալ, ուժեղ ֆիլմ ստեղծելն է, այն էլ XX դարի հանճարի՝ Կոմիտասի մասին: Սցենարը շուտով վերջնականապես կմշակվի. նախապատրաստական աշխատանքները կավարտենք 2015-ի գարնանը, իսկ աշնանը կսկսենք նկարահանումները: 2016-ի գարնանը ֆիլմը պատրաստ կլինի: - Դեռ անցյալ տարի տեղեկացրել եք, որ Ֆիլմում խաղալու են աշխարհահռչակ դերասաններ, հոլիվուդյան աստղեր: Կոմիտասի կերպարին մոտենալը մեծ պատասխանատվություն ու ռիսկ է: Ո՞վ է մարմնավորելու Վարդապետին: - Մեր գերնպատակն է ստեղծել Կոմիտասի հավաքական կերպարը: Աշխարհը պետք է տեսնի ու համոզվի, որ այդ համաշխարհային հանճարի ողբերգական վախճանը հետևանքն է Հայոց ցեղասպանության: Կոմիտասին մարմնավորելու է օսկարակիր արտիստ Էդրիան Բրոուդին: Ոչ ոք չի կասկածում, որ նա տաղանդավոր դերասան է. համոզված ենք, որ Բրոուդին կմտնի Կոմիտասի կերպարի մեջ ու հրաշալի կխաղա: Նա կարդացել է սցենարը, շատ է հավանել ու համաձայնությունը տվել է արդեն: Եթե այլ՝ չնախատեսված հանգամանքներ չխանգարեն, Էդրիան Բրոուդին կնկարահանվի Կոմիտասի դերում: Երկու տարի է՝ հոլիվուդյան աստղերի հետ ենք համագործակցում: Նրանց աշխատաոճը հետևյալն է. պայմանագիր կնքելուց, կանխավճար փոխանցելուց, նկարահանման օրը նշանակելուց հետո միայն հաստատ կարող ենք հայտարարել, որ այսինչ դերասանը խաղալու է այսինչ ֆիլմում: Ի դեպ, աշխարհահռչակ մի քանի դերասաններ դառը փորձ ունեն: Չէի ուզենա իմ գործընկերների մասին վատն ասել, բայց շատ տգեղ է, երբ հայտարարում են, թե օրինակ՝ Նատալի Պորտմանը գալու է Երևան ու նկարահանվելու կամ Ռոբերտ Դենիրոն է խաղալու Հայոց ցեղասպանության մասին իրենց ֆիլմում: Ավելին՝ ի լուր աշխարհի ասում են՝ իբր ֆիլմի մեծ մասն արդեն նկարահանված է: Այս անլուրջ մոտեցումը հեղինակազրկում է հայերիս, իսկ Ցեղասպանության փաստը շահարկվում մեր իսկ հայրենակիցների կողմից: Ամոթ է:
