Search the Community
Showing results for tags 'jean chardin'.
-
Ruben Shukhyan ⚜️ 1672 թվականի Երևանն ու Էջմիածինը՝ Ժան Շարդենի գրքում. 17-18-րդ դարերում, այն ժամանակ պարսկական տիրապետության տակ գտնվող Արևելյան Հայաստան՝ Էջմիածին, Երևան, Նախիջևան այցելեցին մի շարք եվրոպացի ճանապարհորդներ: Ֆրանսիացի ճանապարհորդ և վաճառական Ժան Շարդենը 1672-1673 թթ. ուղևորվեց Կ.Պոլսից` Սև ծովով հասավ Մինգրելիա (Արևմտյան Վրաստան), այնուհետև Հայաստանով անցավ Պարսկաստան: Նրա հետ էր նաև նկարիչ ժոզեֆ Գրելոն, ով ուղևորության ընթացքում կատարեց արժեքավոր նկարներ, որոնք հետագայում արտատպվեցին որպես փորագրանկարներ` գրավյուրներ, այդ թվում նաև ներկայացվող Երևանի և Էջմիածնի հայտնի համայնապատկերները: Ժան Շարդենն իր այդ ճանապարհորդության նկարագրությունը՝ ուշագրավ տեղեկություններով և ժոզեֆ Գրելոյի պատմական մեծ արժեք ներկայացնող պատկերներով տպագրեց ֆրանսերեն լեզվով 1680-ականներին Փարիզում և Լոնդոնում, այնուհետև լրացված և ամբողջական տարբերակով` 1711-ին Ամստերդամում, որից հետո գիրքը մի քանի անգամ վերահրատարակվեց: Ռուսերեն թարգմանությամբ Շարդենի աշխատությունը առաջին անգամ լույս է տեսել 1902 թվականին Թիֆլիսում` Մաթևոս Մարտիրոսյանցի տպարանում: Իր գրքում Շարդենը Արևելյան Հայաստանը ներկայացնում է բացառապես «Armenia» տեղանունով, նշելով, որ Երևանը, որն այն ժամանակ լայն ինքավարություն ունեցող համանուն կուսակալության վարչական կենտրոնն էր` «շատ բարեբեր բնակլիմայական պայմաններով խոշոր քաղաք է»: Ցավոք, Շարդենի այցելությունից հետո 1679-ին տեղի ունեցավ հզոր երկրաշարժ, որը մեծ ավերածություններ առաջացրեց Երևանում և նրա մերձակայքում: Այստեղ, Երևանում, ըստ Շարդենի, քաղաքամեջի թաղամասերում ապրում են հայ-քրիստոնյաներ, իսկ Զանգվի (Հրազդան) ձորի բարձրունքին կանգնած Երևանի բերդում տեղակայված է պարսկական կայազորը, և այստեղ է գտնվում նաև Երևանի կուսակալի նստավայրը: Շարդենը հիացական կերպով պատմում է նաև Հրազդանի կիրճին հարակից Երևանի Դալմայի հանրահայտ այգիների մասին: Դվինից դեպի Նախիջևան ճանապարհը Շարդենը նկարագրում է այսպես. «Մենք անցանք Արփա գետը, որի ջրերով ոռոգվում են այստեղի հողատարածքները: Այդ գետը բաժանում է Հայաստանը երկու մասի. Հայաստանի վերին հատվածի մայրաքաղաքն է Երևանը, իսկ ներքին մասինը՝ արդեն Նախիջևանը»: Մեջբերենք նաև այսպիսի մի հետաքրքիր հատված Շարդենի գրքից. «Այդ պետության (Երևանի կուսակալություն) մեծահարուստները սիրում են անցկացնել իրենց ամառային հանգիստը քաղաքից (Երևանից) դուրս` գյուղական վայրերում, գեղատեսիլ լեռնային շրջաններում: Այստեղ նրանք հանգստանում են քաղաքային կյանքից, զբաղվում են որսորդությամբ, ձուկ են բռնում, ձի են քշում կամ ուղղակի զբոսնում են, մի խոսքով` վայելում են բնության զովությունն ու գեղեցկությունը: Եվ այս ամենն իրենք անվանում են «ելակ», որը նշանակում է` քաղաքից դուրս գնալ»:
