-
Posts
5,065 -
Joined
-
Last visited
-
Days Won
5
Content Type
Profiles
Forums
Events
Gallery
Everything posted by Ashot
-
ՎԱՅՐԿՅԱՆՆԵՐ Ո՜վ սիրական խավարներ: Կենդանի՜ երազ դանդաղ գիշերներու, ուր կի՛րքը միայն նայվածքներ ունի: Ու մի՛շտ, մի՜շտ, անխոնջ կերպով, անպատում մելամաղձությունը Համբույրին:
-
ՍՈՆԱԴԻՆ Միջոցին մեջ կը թոշնի Լույսի ծաղիկը թրթռուն. Ըմպած մըռայլն ամպերուն, Տըխուր է ծովն աշունի: Ցորեկներուն կը հակին Գորշություններն հոգվույս մեջ` Ու գիշերվա երգը գեջ Լացավ թոնով մը մեկին: Ամայության մը տրտում Կու գա ինձ ցավն երբեմնի. Եվ երազանքս անպատում Կը կոծկոծի՜, կ’արյունի: Հովը կ’ոռնա խուլորեն, Ու գիշերը կ’երկարի՜. Ալիքներու ժըխորեն Ու սարսափեն խավարի: Դալուկ սիրո մ’աշնանային Կը կաթե դողն հոգվույս մեջ, Ուր հուրիներ կը նային Անրջածին, լուսամեջ: Բայց կը վախնամ որ նորեն Խուսափի՜ լույսն երազին, Ու մըշուշներ գաղտորեն Վայելքներուս շուրջ հածին: Աղաղակ մը, մեջն հոգվույս, Արագորեն կը ձայնե Մահվան պարը սրտահույզ, Մեռա՜ծ է կույսը ձյունե: Տարփատենչիկ, զաղփաղփուն, Աղջիկն է ան անուրջիս, Երազունակ ու փաղփուն Հոգին կանգնած է առջիս: Ու կը տեսնեմ դեռ շողուն Փայլը սրտին իր նըսեմ. Մոգութենեն աչքերուն Հափշտակված կ’երազեմ…
-
ՀՈՎԻՆ ԱՆՑՔԸ Անդնդագալար օվկիանի պես Կ’ուռի այս գիշեր հովն ալիք ալիք, Կը ծըծեմ լեղի սարսափն իր ճամբուն… Իր լալոնին մեջ սենյակս է ծըփո՜ւն, Հոգիս` իր ահեղ կոչին խաղալիք` Մինչ լույս շառավիղ մը կ’երկարի մտքես… Լեռներեն կ’իջնե հևքն իր մոլեկան, Իրար բերելով ձեռքերս` անձկագին Մինչ ես ծնրադիր` կ’ունկնդրեմ Երգի՜ն, Երգին խոլարձակ, Երգին թախծագին… Ե՞րբ պիտի հասնի իր հանգրվանին Արհավրոտ Ուխտին այս գոռ կարավան… Բուռն համեմունքով իր շունչն է լեցուն. Ու կ’առնե ծովուն գույներն աղտաղտուկ` Մինչ զայն կը տանին պայերն ամբարձիկ, Համբույրն իր կու գա մինչև իմ խցիկ. Եվ ես հըպումեն կը փախչիմ գաղտուկ, Հըպումեն` վայրի վիշտով ակաղձուն: Մարած է քրքում լույսը լամպարիս, Հորդող մութին մեջ հևալեն տրտում. Ես դեռ կըսպասեմ ալեկոծ Անցքի՜ն, Ա՜հ, քո՜ւկդ եմ արդեն, ո՜վ միստիք ցնցում, Ո՜վ ձայն, մինչ ուժգին հոգվույս կը փարիս…
-
ԳԱՐՈՒՆԸ Կ’ԱՊՐԵՑՆԵ Կը թանձրանան Տերևներուն Շեղջեր լըքուն, Մինչ կը դառնան Դեռ ծառերուն Մեջ համորեն Հովերն աշնան, Պարն ամեհի: Ու դեպ ի տուն Միշտ կը դիմեն Շեշտերն ամեն Ծիծառներուն. Միշտ դեպ ի տուն: Ու դեպ ի ներս Բոլոր իղձերս Ա՛լ տարիր դուն, Չքնա՜ղ աշուն: Դեպ ի տամուկ Պատուհանին Ա՜լ կը հառին Աչքերս հիամկ, Ու սե՜ր համակ, Երգըդ կ’իջնե Սրտիս` ուր նե Իղձ մը ճերմակ Պիտի գտնե: Չէ՜, հովերուդ Հետ ցավը չէ՛ Որ կը տանջե Սիրտըս հըրուտ. Այլ կը դառնան Իղձ, հուզմունքեդ Բողբոջ գարնան Արևաշող Հույսերն հավետ:
-
ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ Իրիկուններն ես կը խոկամ, Ամայության երգը կ’ացնի Պատուհանիս երբ առջևեն, Անկապ ձայներ զիս կը թովեն, Հոգվույս մեջեն մերթ Աշունի Կ’անցնի հանկարծ ուրուն տարտամ: Գիշերն համբուն ես կ’երազեմ Ցավը կյանքի Աշուններուն, Ու շամբուշ հովն` որ կը տանի Դեպ ի տամուկ խորշեր նըսեմ` Զորս տերևի տեսիլն աղփուն Որ օդին մեջ կը տատանի: Եվ ցուրտ այգուն միշտ կը դիտեմ Պարուտակը մըշուշներուն, Զոր գիշերվան անտես ձեռքեր Թույլ միջոցին մեջ են ձըգեր, Վըհատության պես մոլորուն` Զոր քաշած է սերն հոգվույն դեմ: Բայց թափառի՜լ կուզիմ ընդմիշտ, Մառախուղին ու հովին դեմ, Ու դաշտերուն մեջ ամայի, Ուր աչքն ահով միշտ կը նայի, Դիտել` տժգույն ու դալկադեմ Բարձունքներուն տամուկն ու վիշտ: Հոգիս հիմակ հափրանքն ունի Սիրո խանդ ու հըրայքներուն, Ու ծաղկալից եղկ ջերմության Վայելքեն վերջ բազմաբուրյան, Կ’ուզե մշուշն այս օրորուն, Ու ցրտագին զովքն Աշունի:
-
ՏԱՊԻ ՆՈՊԱՆԵՐ Ջըրաշոգին գետին վրայեն ամպանըման կը բարձրանա. Կը փողփողին լազվարթ գույներ ճամբան ի վեր Կապույտ-Դարին. Շինականներ արևահար ծերունի մը գյուղակ տարին. Արեգակի բորբ ընձյուղներ կ’այրեն ամեն ինչ անխընա: Դարուղիեն կ’անցնին դանդաղ ուղտերը գորշ կարավանին, Թաթավելով իրենց հոգին հըրայքին մեջ տոթական. Երազանքին կիսատ թողած, գինով գինով վարդեր ինկա՜ն, Առանց սյուքի ու պլպուլի կը հեծե ցավն իր վարդենին: Տիվագոլի երակներով բացավայրերն են բոցափայլ, Ծաղիկներու հոգեվա՜րն է, ժամն արևոտ տաղտապանքին. Բազմազեղուն բուրմունքներն են հեշտագրգիռ ու տապագին, Մենաբաղձիկ անտառին մեջ ո՛չ հեծություն կա, ո՛չ դայլայլ: Ժայռերն անփույթ դեռ կը տաքնան, հանդարտորեն, լուսափողփող, Գիրկն անդորրին այս կիզանուտ և երազին տակ բոցավառ, Հնձողներու ձեռքեն հոս հոն հանկարծ կ’իյնա գերանդին վար, Ամենուրեք կը խըլրտի նոպան տապին տախտապարող: Ըսպասումն է հեղգ ու ջերմին, կ’ուշանա դեռ հովն իրիկվան, Որ զովացիկ, պիտի մեղմե տենդն անպարփակ այս թալուկին. Ջերմակարոտ, փաղփուն օձեր լեռներեն վար կը սողոսկին, Եվ` հըրաշունչ արբշիռ ու բոցերազ` մերթ կը հևան: Դաշտերու մեջ ընկուզիներ կը քնանան հոս հոն ցանցիր, Ո՛չ ճամփորդ կա, ո՛չ ալ թռչուն իրենց շուքին տակ ապաստան. Հսկա խորխի պես կ’երկարի, լայնատարած, մենիկ ճամբա` Ուր սըլացքի ու քայլերու հետին մրմո՜ւնջն իսկ չի հածիր: Թուրինջ գույներ ջըրանըկար… ծիրանի հև՜ք արևմարին… Մըշակներ ու ձիավորներ պարտեզներեն կը դառնան տուն, Խարխուլ կամուրջն անոնց բեռին տակ կը հեծե խոնջ ու նըկուն, Ահա գիշերն ալ ծանր ու մեղկ կը գըլորի սարերեն վար, Ու տապահար դաշտավայրեր կը հագենան աղջամուղջով. Կենսանորոգ շունչ կը բերե ըսթափանքի կազդույրն այս զով, Բայց ցորեկին դեռ կը տևե բազմալեզու տենդն հըրավառ:
-
ՆՈՊԱՆԵՐԸ Մթության մեջ վըհուկի մը պես թախծադեմ, Ցավոտ Սիրո հարվածն է որ կ’իջնե կուրծքիս. Ու Տենչանքի ծիրանիեն հրաշեկ հոգիս Դեռ կ’ընդգրկե հիշատակներ` զորըս կ’ատեմ: Բոլոր լույսերն ալ մարեցան հետըզհետե. Ես կը սիրեմ այս խավարը տառապագին, Ուր վիշտ մը լայն` սիրտըս կուրծքես դուրս կը նետե, Եվ ես կ’ըմպեմ սև հեշտանքը ցավոտ Կյանքին: Խավարին մեջ չունիմ խարխափն Երազանքին, Ու կը դադրիմ սերերու շուրջ թափառելեն. Բոցեղ աչքերս ունին կայծակ մը թախծագին, Սիրտես ցավերն հեծքեր վայրագ լոկ կը խըլեն:
-
ԿԻՐԱԿՄՈՒՏՔ “…Եկե’ալքս ի մտանել արեգականն տեսանք զլույս երեկոյիս…” Հուշիկ փախչող իրիկվան ծիրանի լույսն է զըվարթ… Ոսկի թելեր` պլլըված խունկի թավիշ մըշուշին. Կապույտ ծոպեր, ծիածան, ծըփուն ձայներ, միստի՜ք վարդ, Լույսե արցունք մոմերու` որոնք հանդարտ կը մաշին: Խունկի ծարավ իմ հոգիս կը ծըծե պահն այս հանդարտ, Ոսկեկըրակ աչքերով բուրվառներն երբ կը ճոճին. Պակուցում մը հոգեգրավ հոն կը թողու զիս անթարթ, Կը զգամ համբույրն իմ հոգիս պարուրող բիլ մարմաշին: Մեղեսիկի երանգներ կ’օծեն պարույրը խունկին. Խորհուրդին եմ ծնրադիր բազուկներըս խաչանիշ` Ու կըսպասեմ որ ծագի հոգվույս պայծառ Կիրակին… Ջահերն հիմակ կ’երազե՜ն համակ զյումրյութ ու թարշիշ… Կամարներեն, խորանեն կը ծագին լույս ու ծիծաղ. Հոգիս քիչ քիչ կը թաղվի անուրջին մեջ այս չքնաղ: Հուշիկ փախչող իրիկվան ծիրանի լույսն է զըվարթ…
-
ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՐԳ Կսկիծ կա սրտիս մեջը վիրավոր` Զոր արևին լո՜ւյսն անգամ չի բուժեր. Խորունկ ու ցավոտ մորմոքում մը որ` Ա՜հ, պիտի լայննա՜ երբ իջնե գիշեր: Կը հյուծին ցոլքերն լույսին հեռավոր, Խարույկի մը պես` որ վաղ է մաշեր. Բայց դեռ կը հուզե զիս տեսիլք մ’աղվոր` Զոր ինձ կը բերեն անցյալին հուշեր: Ու պիտի ապրի՜մ, վիշտը նոր ուժեր Կը բերե հանկարծ հոգվույս սիրավեր, Կյանքին կը դառնամ դեռ չըրած գիշեր: Փուշեր նետվեցան օրե օր վերքիս, Ու հոն հեծեծանք մը բերին հովեր, Բայց սիրո հույս մը կ’արևե հոգիս:
-
ՑՆՈՐՈՏ ԱՆԴՈՐՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հեշտ, փալփըլուն գիշերներու անդորրություն մը ցնորական… Դոդոշներու մերթ կեղերջներ լուռին սրբույթը կը լլկեն. Ծովախորշին մեջ ընկղմած լույսե աչքեր` որ կը խոկան` Հոգնա՜ծ, մաշա՜ծ իրենց տարփոտ, իրենց բոցեղ տրտմութենեն: Ցայգն է ժայթքած իր շողակի շատըրվաններն անրջական, Հեռուներեն ուտի մը թավ հեծքը կու գա դողդըղալեն. Այս գիշեր ջերմ ու երազված կայծեր հոգվույս խորերն ինկան, Կը մարեմ լույսը լամպարիս, ու կ’երազեմ մըրափելեն: Շանթե աչքեր, բոցե թևեր մըտածումիս կ’անցնին քովեն Եվ հուրիներ` նոր հոլանած ալապաստրը իրենց կուրծքին` Որոնց համար շրթունքներըս անթիվ իղձեր կը թոթովեն: Որմին վըրա տրտմություն մը կը ցանե բիլ եղրևանին, Դաշտերուն մեջ հարսնուկներու բոսոր իղձերը կը ցամքին. Մինչ ես կ’ըմպեմ հաշիշն անհագ ցընորաբեր այս գիշերին:
-
ԱՔԱՍԻԱՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ Ծաղիկներեն հուշիկ թերթեր կը թափե Բուրումներով օծուն հովիկն իրիկվան, Հոգիներուն կ’իջնե երազ մը բուրյան, Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սատափե: Աքասիաներ, գինով լույսե ու տապե, Օրորվելով մաքուր շունչ մը կը հևան. Մինչ կը ձյունե ծաղիկն իրենց հոտևան` Զոր խոլաբար հովը գրկել կը շտապե: Ու լույսն անոնց, անխոս հուրի՜ դյութական, Հըմայագեղ ու վարսքերով արծաթե, Շատըրվանին կ’իջնե գուռին մեջ կաթե: Ջուրը ցայտքեն ծաղիկ ծաղիկ կը կաթե. Վըճիտ, ինչպես լույսե արցունքը մանկան, Նըվագն անոր կը հեծեծե հեշտական: Ծաղիկներեն հովը թերթեր կը թափե…
-
ԽՈՆՋ ԻՐԻԿՈՒՆՆ ԱՐԱԳՈՐԵՆ… Խոնջ իրիկունն արագորեն կը խոնարհի դեպ ի խավար Բուրմունքներու հաշիշն հոգվույս մեջ կը ցանե հեշտանք մը թույլ, Երգի խազեր կը կրքոտին տակավ տենդոտ հուզումնավար: Անօրինակ մըրափի մը մեջ կիսազգած կը թափառիմ, Ցնցված ձայնեն ճոկաններուն` որոնք կու լան դուրսը անդուլ. Պատուհանեն կը խրկե ինձ հովիկն համբույրն իր մտերիմ: Մութ սենյակիս մեջ կը շրջիմ առջի համբույրն անրջելեն, Ու շրթունքներս են բոցավառ` ջերմութենեն երազային. Փա¯կ են աչքերս, և կամ հանկարծ մերթ անհամբեր դուրս կը նային. Ա¯հ, լռությունն` որ կը տևե, և ըստվերներն ու կը քալե¯ն… Շուրջիս անփույթ իրեն համակ հարցումերուս հանդեպ խուլ են, Հանդիսատես կ’ըլլամ մտքիս պատկերներուն քայքայումին Դու չե՜ս գիտեր թե ի՛նչ կըզգամ գուրգուրանքես երբոր իմին` Քեզի համար տենդով հյուսած երազանքնե՛րս իսկ կը խըլեն…
-
ԳԵՏԱՓԻ ԵՐԱԶԱՆՔ Գյուղն համորեն կը մըրափե ծոցն արևոտ ժայռերուն. Տիվանդորրի պահն ըմպած է մեղկ հեշտություն մը սյուքի, Ու ջուրերուն վրա կը ցանե գինովի դողն իր թրթռուն, Գետն համբույրի մը երազով դեպ ի ափունք կը թեքի: Գետեզերյա ծառաստաններ, միջօրետքի այս պահուն, Ինձ անծանոթ թավուտքներե կը խրկեն բույրն հեշտանքի, Որ համրորեն կը ծավալի ծաղիկներեն այն լըքուն, Ասդին անդին տարտըղնըված` որոնց հոգին կը ցամքի: Եվ հընամի ծառեր զյումրյութ միայնությանց ընդմեջեն Կ’արտածորեն մուշկի բույրեր ու ժպիտներ ալ բոսոր. Կիսամըրափ կ’երազեմ, զիս աղաղակներ կը կանչե՜ն… Ձայներ` դյութիչ աշխարհներե, տարտա՜մ, անո՜ւյշ, հեռավո՜ր` Որոնք անդին զիս կը տանին երանաստան մը բաղձոտ Ու կը նիրհեմ արբշիռ` հովին դյութիչ նեկտարն ըմպած հոտ:
-
ԱՅԳԵՐԳ Սարերուն մեջ կը կոծկոծի այգուն` կոչնակը վանքին, Եղնիկները մըթնշաղին դեպ ի գետափ կը դիմեն. Աղջիկ մըն է կարծես հովը` գինով մուրտի բուրումեն` Որ ջուրերուն վըրա կը դառնա սարսուռի պարն հեշտագին: Վանքի քովի արահետեն կարավանները կանցնի՜ն, Բոժոժներուն երգը լալով գիշերին մեջ տրտմորեն. Մինչ կը սպասեմ ջինջ լույսերուն` որոնք ծագիլ կը համեն. Ու կը լսեմ շշուկներն` որ կը հծծեն մեջը ցանկին: Կիրճին խորը, ժայռին ծոցն է գյուղանըկարը փռված, Տարտամորեն, հսկայական, արծիվի մը ձևերով, Մագիլները խորասուզած խորշերու մեջ մըթամած: Արբշիռ բույրեն` զոր կը բերե ինծի առտուն անխըռով, Ես կերազեմ ծառերուն տակ ու կըսպասեմ խոլաբար, Լույս պարիկին` որ իղձերս պըսակելու պիտի գար:
-
ԱՔԱՍԻԱՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ Ծաղիկներեն հուշիկ թերթեր կը թափե Բուրումներով օծուն հովիկն իրիկվան, Հոգիներուն կ’իջնե երազ մը բուրյան, Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սատափե: Աքասիաներ, գինով լույսե ու տապե, Օրորվելով մաքուր շունչ մը կը հևան. Մինչ կը ձյունե ծաղիկն իրենց հոտևան` Զոր խոլաբար հովը գրկել կը շտապե: Ու լույսն անոնց, անխոս հուրի՜ դյութական, Հըմայագեղ ու վարսքերով արծաթե, Շատըրվանին կ’իջնե գուռին մեջ կաթե: Ջուրը ցայտքեն ծաղիկ ծաղիկ կը կաթե. Վըճիտ, ինչպես լույսե արցունքը մանկան, Նըվագն անոր կը հեծեծե հեշտական: Ծաղիկներեն հովը թերթեր կը թափե…
-
ՃԵՐՄԱԿ ՎԱՐԴԵՐ Ըսպիտա՜կ վարդեր, ըսպիտա՜կ վարդեր, Զոր հովն անտեսեց այս ճամբուն վըրա, Շամբուշ հովն աշնան` որ կը դղրդեր Մոլեգին` հողին ընդերքն համորեն: Ճերմակ գաղափա՜ր, ճերմակ գաղափա՜ր, Աշնան մոլուցքեն դողահար հիմակ, Համբու՜յր շուշանի, դյութանք ձյունեղեն, Փերթ փերթ լուսինկա, ապրշում համակ: Բե՜ր ինծի իղձիդ կաթը խանդաղատ: Մենավո՜ր վարդեր, որ մելամաղձիկ Մառախուղներուն մեջ դեռ կը ժպտիք, Ապրեցե՜ք հոգվույս մեջ հավերժորեն:
-
ՄՏԵՐՄԻԿ ՏԵՍԻԼՆԵՐ Ու կը դառնան ջըրանիվներ ծերունի, Կափկափելով համբարուի հեքիաթներ. Թախծապատում բարբառի հոծ կշռություն, Որ կ’ակոսե լուռն աշնանի գիշերին: Ու մարմանդին զյումրյութ` պայիկն օդանույշ Նոր կը հագնի լույսի մետաքս թելերով Շարամանված պատմուճանն իր մըշուշե` Ուր մերթ շողակն օդաքարին կը վառի: Ու բոժոժին ձայնեղ` գանգյունն արծաթե... Ու սայլորդին ըստվերն որ գո՜րշ` կ’երկարի՜, Ու սիկառին ծուխն` որ բիլ բիլ կ’ամպանա` Ու լազվարթե գիծը ճամբուն հեռացող…
-
ՇԵՐԱՄԻՆ ՆԻՆՋԸ Շերամատան մեջ կը հնչեն բոժոժները զիլ` դափին, Որուն հուշիկ կ’ընկերանա ձայնն երգեցիկ կիներու, Եվ կը մարի մերթ ճարճատուն ծիծաղներուն մեջ ծափին, Պատուհանեն լուսնի լույսի շափրակներ ներս կը թափին: Ըսթափանքի ժամն է պչրոտ, փափկամարմին շերասին` Խածումն որուն` կը քթքթա տերևուտքին մեջ դալար. Ու սատափներ, ու զյումրյութներ, ու շողակներ… միասին. Մեկ փաղփի մեջ կը նույնանան շերամ, տերև ու լուսին: Երազանուրբ անասնիկին օրհասն ու մահը ըսպիտակ, Վերջին քունն ալ դափ ու ծափով պիտի տոնեն վաղ գիշեր, Օդանույշի ձեռքով բանված զանակածոպ լույսին տակ Հինգ աղջիկներ հուսկ օրորը պիտի երգեն վաղ գիշեր…
-
ԵՐԱԶԻ ՊԱՀԵՐ Լույսը մարած սենյակիս մեջ, Ուր կը հոսին գալար գալար Հորդ ալիքները մութին, Ու կ’անհետին Արծաթ շողերն երազի. Ես կը փնտռեմ մըտամոլար Ըղձանույշի ձեռքն այն փափուկ, երկնային` Որ պիտի տար ինծի ծաղիկն ըսփոփանքին: Ես կը փնտռե՜մ, Ըսպասումեն հոգիս համակ պատրաստած, Ու տենչանքով մշտահած. Ես կը փնտռեմ, Հորիզոնին վըրա նսեմ, Լույսի շող մը` զոր կը մարեն անդուլ վարանքն ու կասկած: Ու տակավ, Կ’իջնե ձանձրույթն երազանքիս, Հանդիսավոր ու տրտում, Ու կը պատե իր մըշուշե պարուտակին մեջ հոգիս Անձկությունով անպատում: Մըտածումը, ինչպես ճամփորդ ուղեկորույս, Կ’անցնի փութով, անձկագին, Երկարաձիգ, մերթ լուսավոր ու մերթ անլույս, Ճամբաներեն իմ մտքին: Ա՜հ, կը շտապեն, կը փախչի՜ն Ճամբաներու լույսերն ամեն, Հանկարծական խուճապի մը մատնըված. Ճառագայթի հազիվ վերջին Բիծ ու խաղեր կը համեն Քովը ճամբուն մթամած` Ուր համագրավ կը տարածվի վեհունի ցայգն համորեն: Ես կը փնտռե՜մ, Պատըշգամբին վրա կանգուն, Զույգ մը աչքեր` մեղեսիկե, որոնց ճըրագը վառի Հոգվույս մեգ ու խավարի Անդոհության մեջ դժխեմ: Պատըշգամբին վրա կանգուն, Ձեռքս հոգնաբեկ ճակատիս, Մինչ կը հոսի գիշերն ինչպես ծով անհուն Դեպ ի ափունքն երազիս` Ես կը սպասեմ հորդ ու վըճիտ լույսերուն` Որոնց բոցը պիտի ցոլա անծիր ցայգուն մեջ հոգվույս:
-
ՑԱՅԳԱՆՎԱԳ Կու գա սիրերգն հեղեղատին Անտառներու մեջ մենիկ, Երբ ժըխորներ պահ մ’ընդհատին, Հասնի գիշերն երջանիկ: Արևելքի գիշեր մը ջինջ, Շափյուղազարդ երկինքով, Ուր հեշտություն է ամեն ինչ, Ամեն իր լի բուրմունքով: Ծառաստվերի տակ սխրալի, Բուներուն մոտ ու հեռու, Ջինջ հեղեղը կը թավալի Արծաթացող լույսերու: Ու կը շրջի անտես ոգին Հոն անտառի ծառերուն` Խարշափն որոնց, թույլ հեշտագին, Կը նվագե օրորուն: Պիշ կը դիտեմ սաղարթախիտ Արահետները նրբին, Ու երազներս ականակիտ Հետզհետե կը թափի՜ն… … Դեռ մինչև ե՞րբ, ըսե՜, հոգի՛ս, Դեռ մինչև ե՞րբ տառապիմ Պրպտելով անրջանքիս Թոշ ծաղիկը մտերիմ: Գուցե վաղը մթնե հոգիս, Գուցե դո՜ւն ալ թարշամիս, Մ’եղծեր հըմայքն անրջանքիս Ու ծաղիկը պաշտումիս…
-
ԾԻԱԾԱՆ 1903-1906 ԿԱՅԾԵՐ Հոգվույս դափ ու թմբուկի Կ’իջնե ծիծաղն այս գիշեր. Ծնծղաներու պես ցնծուն՝ Ծափ կը զարնեն իմ հուշեր: Բամբիռներու երգին հետ Քու շահենի աչքերուդ Ծիրանեծին բոցն հըրուտ Կ’այրի հոգվույս մեջ նորեն: Գինով՝ աննյութ նեկտարեն Համբույրներուն ծաղկանույշ՝ Հոն խոլաբար կը պարեն Շարժուձևեր բամբիշի: Ցայգն համրորեն կը մաշի՜, Ա՜հ, քի՜չ մըն ալ, քի՜չ մըն ալ, Կ’ուզե հոգիս գինովնալ Նայվածքիդ մեջ հրահոսան:
-
ԻՆՔՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ՄԸ "ԾԻԱԾԱՆ"-ԻՆ ԱՌԻԹՈՎ "Ծիածանի"-ի հեղինակը գավառացի երիտասարդ մըն է. Ակնեցի` Մերուժան Պարսամյանին պես, սա՛ տարբերությունով որ մինչ Պարսամյան թոթափած է իր ծննդավայրին ազդեցությունը, Մեծարենցի մեջ տեղ տեղ նշմարելի է անոր հետքը: Բինկյան` Մեծարենցին գյուղը` Արածանիի ափունքը ժեռուտ խորշի մը մեջ ամփոփված է. բայց քերթողին թողունք իր գյուղին նկարագրությունը. Կիրճին խորը, ժայռին ծոցն է գյուղանըկարը փռված, Տարտամորեն, հսկայական արծիվի մը ձևերով, Մագիլները խորասուզած խորշերու մեջ մըթամած: ("Ծիածան",– Այգերգ) Այս գյուղը` որ իր ծառաստանները ու իր արոտավայրերը իր դիմացը առած նստեր է, թեև ինքնին համակ բանաստեղծություն, զարմանալի է որ ժամանակին չէ ունեցած իր սիրերգակները, աշուղները. իր երգերը ամենն ալ Ակնա մտքին ծնունդներն են` կամ անոնց այլացումները (variante). ուրեմն Մեծարենցին մնացեր է անոնց առաջին "Մտքի գինով"-ը ըլլալու փառքը. սակայն, որքան ալ որ հպարտ զգա ինքզինքը այս մասին, մյուս կողմեն ալ չի կրնա չցավիլ, որ իր հաճույքը անխառն չէ. որովհետև "Ծիածան" իր ծննդավայրին հարազատ ցոլացուցիչը չէ, կամ չէ' կրցած ըլլալ` այքնա¯ն կանուխ բաժնված ըլլալով անկե. ինչ որ մնացած է իր քով անկե, խանդաղատելի մանկականությամբ մը հիշակերտված, անշուշտ չպիտի բավեր հզոր լիություններ արտահայտելու: Հիմակ որ "Ծիածան"-ին մեջ գյուղին դերը ճշդվեցավ, կարելի է ասել անմիջապես թե իրեն գլխավոր ազդակ եղած են Պոլսի միջավայրը, ֆրանսիական գրականությունը կամ քիչ մըն ալ անգլիականը. այս ազդեցությունները սակայն բացարձակ եղած չեն, քանի որ Մեծարենց անոնց մենամոլությունը ունեցած չէ: "Ծիածան"-ի հեղինակը կամ Շավասպ Ծիածան, մեր նոր բանաստեղծներուն մեջ նորագույններեն է. 1903-ին սկզբնավորված, ահավասիկ քիչ ատենի մեջ խուրձ մը երգեր կը բերե մեզի. պե՞տք է բարեդեպ նկատել նորագույներուն այդ փութկոտությունը. "Անրջանք"-ի բազմաբեղուն հեղինակը վաղը իր մտքին երկվորյա¯կը պիտի ծնի... մինչ անդին, ավա¯ղ, Գոլանջյան դեռ չէ տրցակած իր երկին նախհունձքը : Չ’ըլլա՞ որ օր մը այս աճապարկոտները զղջան իրենց եռանդին վրա, ինչպես ըրին երբեմն "Մրմունջք"-ին և "Հիշատակաց ծաղիկներ"-ուն հեղինակները . մեկը իր հատորին "ներողամիտ ընթերցողը ըլլալե ավելի անոր անխնա քննադատը" դարձրավ. իսկ մյուսը "մորուտի սեզեր" կոչեց իր երբեմնի ծաղիկները: Ի¯նչ լեղի հեգնություն ըլլալու է, իրա'վ, տարիներու ճշդացույց ապակիին մեջեն իր պզտիկությունը, իր ոչնչությունը դիտել. բայց այս դառնությունը միևնույն ատեն առողջ քաջալեր մը, զտված հպարտություն մը չէ՞ միթե. միշտ արհամարհել, նույն իսկ ատել կարենալ երկի գոյությունն ու արժանիքը դեպ ի բարեշրջում առնված երջանիկ քայլին մեջ, օ¯հ, ինչքա¯ն զգացված վայելք մը ըլլալու է ասիկա: "Ծիածան"-ի հեղինակն ալ կրած է անշուշտ այս տպավորությունները, որովհետև իր ընթացքը թվաբանական հառաջատվություն մը եղած է դեպ ի բարելավում, ինչ որ պիտի կրնանք տեսնել հետևելով իր հետզհետեական բարգավաճումներին: Երբ իր առաջին հրատարակությունները քննենք, կը տարվինք հարցնելու թե արդյոք կանուխ հրապարակ ելած չէ՞ Մեծարենց, և կամ պիտի չշահե՞ր սպասելով որ հակումները զարգանային իր մեջ. և ուժի կատարյալ գիտակցությունով սկսեր իր բանաստեղծական վերթևումներուն. այս հարցումին պատասխանը երևութապես դրական, կ’երկճղի սակայն երբ քիչ մը հոգեբանորեն քննվի խնդիրը. կամ այն է որ իրոք պիտի կրնար առանց հրապարակվելու աճեցնել իր ձգտումները, հակումները ճշդել, խորհրդածել, զարգանալ, լիանա°լ վերջապես. և կամ գուցե իր խարխափանքին մեջ չգտներ լուսավոր ճամբան, զուրկ ըլլալով լավագույնը արտադրելու փառասիրության օրըստօրեական մղումեն, այս մասին բացարձակապես խոսիլ անկարելի է: Իր առաջին հրատարակությունները, ուրեմն, որոնք իր առաջին արտադրությունները չեն սակայն, ունին իրենց մեջ անարժեքներ. հեղինակը արդեն խոհեմությունը ունեցած է անոնց մեկ մասը կապոցեն դուրս թողնելու, տակավին նետվելիքներ կային անշուշտ, բայց հոս վարանած է հեղինակը, որովհետև իր կարծիքով, ինչպես առիթ պիտի ունենանք տեսնելու, ի'ր կարծիքով այդ զանցառելի հասկերուն թիվը ա'յնքան շատ պիտի ըլլար, որ ... հազիվ քանի մը ատոքներ պիտի մնային: Բայց ասիկա զուտ անձնական կարծիք մըն է, ու սահմանը մը կա` ուրկե անդի անցնելու իրավունք չունի հեղինակը. այդ սահմանը` ոչնչությունները կը գծեն զայն, ուրեմն ինչ որ աչքառու, բացարձակ ոչնչություն մը չէ, հեղինակը արտաքսել չի կրնար. ի՞նչ է որ բանաստեղծին կոչումը. "Բանաստեղծը Սիրո կը նամանի. և իր պաշտոնն է ճամբաները լուսավորել: Անիկա կ’առնե կտանի յուրաքանչյուր հոգի իրեն ճակատագրված վայրերեն և ցույց կու տա անոր հրեշտակային գանձեր": Այսպես կը սահմանե բանաստեղծին դերը Սեն Ժորժ տը Պուելիե` բնութենապաշտներուն ռահվիրան : Որքան ալ որ գեղեցիկ դեր մը արժանավորապես կատարած ըլլալու հավակնությունը ունեցած չըլլար "Ծիածան"-ի հեղինակը, դարձյալ ի՞նչպես չխղճահարեր մտածելով թե իր անարժեք նկատած մեկ ոտանավորը, ո՞վ գիտե, իրմեն շատ ավելի պարզ հոգիի մը համար պզտիկ լուսավոր ճամբա մը պիտի բանար թերևս... * * * Տեսնենք հիմակ թե բանաստեղծին մտքին մեջեն ի՞նչպես ծիածանվեր են հավիտենական զգացումներն ու մտածումները: Կրնանք երկու շրջանի բաժանել իր ոտանավորներուն շարքը, սկզբնական շրջանը` որ խարխափանքի շրջանն է. և մյուսը` որ քիչ թե շատ գիտակից է ու ինքնավստահ: Իր կանխագույն ոտանավորներուն մեջ, որոնք առաջին շրջանը կը կազմեն, նշմարելի է սկսնակի վեհերոտ թոթափումը. հոն զգացումներն ու անոնց արտահայտությունները սաղմնային անստույգություններ ունին. տեսակ մը տպավորական-նմանողական ազդեցության տակ գրված են անոնք` որ բնավ չեն կրեր եսին ցոլքը, ինքնության դրոշմը. այս կարգեն են, օրինակի համար, այս հատորեն դուրս թողվածները և անոնց անմիջական հաջորդները, ինչպես "Ցայգերգ"ը (Դադրեցան ձայներն ամեն...)` որ սիրային հասարակ ոտանավոր մըն է. նույնիսկ "Եկուր"-ը, "Վայրկյանները", երկու "Աշնանայինն"-ները, "Սեռենատ"-ը և ուրիշ մեկ քանիներ. ասոնց մեջ երբեմն նույնիսկ զգացումը կեղծված է: Ո՞վ, արդյոք ո՞վ, Պիտի տանի սրտես հեռու Վայելքն աղու Գրգանքներու` Որոնց հոգիս հափրանքն ունի կըսե բանաստեղծը, որ վերջեն պիտի երգե հաճախ սպասումը: Չմոռնանք հիշատակել այս առաջին շրջանին հրատարակած ուրիշ երկու ոտանավորներ ալ. "Քուն"-ը և "Ան իմ սիրտս է..."-ն. քննադատ մը "Վեռլենյան վարնոց կեղծարարություն" պատվանունը տված էր ասոնցմե առաջինին, մինչև հոդ երթալու պետք կա՞ր, չեմ գիտեր, ըսելու համար պարզապես, թե այդ ոտանավորը մեծ բան մը չէր արժեր. ես որ Վեռլենը դեռ կարդացած չեմ, փոխանակ ուրախանալու այդ մերձեցումին վրա, պարզապես զարմացա որ ինքնին շա'տ քիչ նշանակություն ունեցող բանաստեղծություն մը Վեռլենին հետ բաղդատության եզր կազմելու կը ծառայեր: Ուրիշ քննադատ մը լալկանություն կը հռչակեր "Ա'ն իմ սիրտս է..."-ն. օ¯հ, աս լալկանություն բառը շա'տ չարչարված է, իրա'վ որ. մեկը որ մեր բանաստեղծները դատափետելու մարմաջեն կը բռնվի, երգիծանքը բանաստեղծութենեն զանազանել չկրցող օրիորդ մը ըլլա ան թե հարգելի եկեղեցական մը, նեցուկ մը ունի արդեն պատրաստ` "լալկանություն"-ը, չե'մ ջատագովեր երբեք, ու մանավանդ կ’ատեմ, անջիղ, հիվանդագին ու մանավանդ ուզված, բռնադատված տխրությունը. սակայն մյուս կողմեն չմոռնանք ալ հոգեկան տրամադրություններն ու պարագաները` որոնց տակ կ’արտադրվին էապես զգացված տխրությունները: Դառնալով հիշված ոտանավորներին, ըսեմ դարձյալ թե հեղինակին աչքին մեծ բան մը չ’երևար անիկա. ու հետո, պզտիկ մեջբերում մըն ալ, եթե չեք ձանձրանար. ... Թույլ խազերու մեղկություններ չունի ան, Այլ կը սահին հզոր կուրծքին բյուր ձայներ, Բամբ թառանչներ` հոծ ու մըռայլ, Հովն երբ պոնդեր կու տա նամետ գիշերին: (գիշերը` Եվոլյան տավիղի նմանեցված) Ակնածանքով դիտել կու տամ թե ասիկա լալկանություն չէ' երբեք: Այս հիշվածներուն հատուկ սովորականութենեն շեղված են "Սոնադին"-ը, "Նոպաներ"-ը, "Թրթռումներ"-ը. առաջին երկուքը զորեղ, իսկ երրորդը` վճիտ ու խորհրդավոր: Երկրորդ շրջանին մեջ բանաստեղծը կը ցնցվի, քիչ մը ու փոփոխություններ կը կրե, թեև դեռ չի կրնար ամբողջովին սկրթել նետել սովորականությունը, ու երբեմն բոլորովին կ’ենթարկվի անոր` ինչպես "Աղերսանք"-ին մեջ: Իր սիրերգությունները` այս շրջանին` կը դադրին ձուլված բաներ ըլլալե. և կ’սկսի իր սերը միշտ բնագեղ տեսարանով մը շրջանակել. զգացումին ընկերացող տեսարան մը կա, և կամ տեսարանեն վերջ զգացումը կու գա. Իրիկունը արագորեն կը խոնարհի դեպ ի խավար. Բուրմունքներու հաշիշն հոգվույս մեջ կը ցանե հեշտանք մը թույլ, Երգի խազեր կը կրքոտին տակավ տենդոտ, հուզումնավար. հետո. Մութ սենյակիս մեջ կը շրջիմ առջի համբույրն անրջելեն... ուրիշ օրինակ մը նախ. Սարերուն մեջ կը կոծկոծի այգուն` կոչնակը վանքին, Եղնիկները` մըթնշաղին` դեպ ի գետափ կը դիմեն. հետո. Ես կ’երազեմ ծառերուն տակ ու կըսպասեմ խոլաբար Լույս-պարիկին` որ իղձերս պսակելու պիտի գար: Եվ ուրիշ մըն ալ` որ սապես կը սկսի. Այգն է ծաղիկ երազով լի, ու բալաձիգ` թեթևորեն. Մշուշն անծալ ջրվեժի պես ամբարտակեն վար կը հոսի, Իր չըփույթին մեջ կը շիկնի ոսկի աղջիկն արշալույսի. և ապա. Քիչ մըն ալ դո'ւն ժպտեիր, ա¯հ, հոգվույս համար որ հիվանդ է. Նայվածքի խաղ` որով դառնա աշխարհն ինծի ծափ ու ծաղիկ: Ասոնցմե զատ ունի զուտ նկարագրական ոտանավորներ` որոնք զինքը կը բնորոշեն: Այսպես` "Ցնորոտ անդորրություններ"-ը. Հեշտ փալփլուն գիշերներու անդորրություն մը ցնորական... Ցայգն է ժայթքած իր շողակի շատըրվաններն անրջական. Շանթե աչքեր, բոցե թևեր մտածումիս կ’անցնեն քովեն. Դաշտերուն վրա հարսնուկներու բոսոր իղձերը կը ցամքին. "Աքասիաներու շուքին տակ"-ը` քնքույշ. Ծաղիկներեն հուշիկ թերթեր կը թափե Բուրումներով օծուն հովիկն իրիկվան, Հոգիներուն կ’իջնե երազ մը բուրյան. Ջուրը ցայտքեն ծաղիկ ծաղիկ կը կաթե, Վըճիտ` ինչպես լույսե արցունքը մանկան. "Գետափի երազանք"-ը` արևոտ ու բուրումնավետ. Գյուղն համորեն կը մըրափե ծոցն արևոտ ժայռերուն. Տիվանդորրի պահն ըմպած է մեղկ հեշտություն մը սյուքի. Գետեզերյա ծառաստաններ, միջօրետքի այս պահուն, Ինձ անծանոթ թավուտքներեն կը խրկեն բույրն հեշտանքի... "Երազի պահեր"-ը` գիշերով ու երազով լի. Մտածումը, ինչպես ճամբորդ ուղեկորույս, Կանցնի փութով, անձկագին, Մերթ լուսավետ ու մերթ անլույս Ճամբաներեն իմ մտքին: Ու կը հոսի գիշերն ինչպես ծով անհուն Դեպ ի ափունքն երազիս: "Տապի նոպաներ"-ը` տապագին ու բարբարիկ. Արեգակի բորբ ընձյուղներ կ’այրեն ամեն իր անխընա. Ամենուրեք կը խըլրտի նոպան տապին տախտապարող. Շինականներ արևահար ծերունի մը գյուղակ տարին. Բայց կը տևե դեռ ցորեկին բազմալեզու տենդն հրավառ: "Հովին անցք"-ը` միստիք ու երկյուղալի. Անդնդագալար օվկիանի պես Կ’ուռի այս գիշեր հովն ալիք ալիք, Կը ծծեմ լեղի սարսափն իր ճամբուն... Ե՞րբ պիտի հասնի իր հանգըրվանին Արհավրոտ Ուխտին այս գոռ կարավան. Մարած է քրքում լույսը լամպարիս Հորդող մութին մեջ հևալով տրտում. Ա¯հ քու'կդ եմ, ո'վ ձայն, ո¯վ միստիք ցնցում, Մինչ դու կաթոգին հոգվույս կը փարիս: "Սիրերգ"-ը, "Պետրոս Դուրյան"-ը, "Վերադարձի երգ"-ը, եթե ոչ հասարակ, գեթ հասարակ կերպով արտահայտված են: "Մթնշաղներ"-ը, "Այգերգ"-ը, հիվանդագին, ընկճող տխրություն մը ունին` որ քիչ մը կարդարանա թերևս սա' նկատումով, թե ճշմարիտ հիվանդ մըն է խոսողը, ասոնցմե տարբեր է անշուշտ "Արևին"-ը` սանձարձակ բանաստեղծություն մը` ուր հեշտագին, գրեթե այրող ջերմություն մը կա: Գիշերերգությունները, լուսավետ կամ մթաստվեր, երկար տողանցք մը կը գծեն ամբողջ հատորին մեջ: Գիշերը երկար ատեն իր ազդեցության, իր խանդաղատանքին մեջ պահած է բանաստեղծը. սկիզբները քաղցր ու զվարթ է անոր գրգանքը. Գիշերն անու¯յշ է, գիշերն հեշտագի¯ն. կամ. Քերթված մըն է ցայգն համորեն, ջի¯նջ գեղոն` Որ կ’երփներգե ծափ ու ծիծաղ ու ծաղիկ. և կամ. Ցայգն է պայծառ անհունորեն, Ցոլցլանքովն իր խոլապար. Օդանույշներ` որ մեղմաբար Կը մոտենան հոգվույս նորեն: Պարզկա ցայգուն անուրջին մեջ Լըվալ կ’ուզեմ հիմակ հոգիս. Եվ հըրահրիլ` երբեմնի շեջ Աշտանակներն իմ երազիս: ("Ցայգն է պայծառ...") Գիշերին մեջ չէ՞ ապաքեն, որ երազները ավելի վառ ու արագ վերթևումներ կ’ունենան. գիշերին մեջ, ուր շրջանկարը ա¯յնքան հմայիչ կ’ըլլա, և սպասումը` ա¯յնքան քաղցրորեն տաժանագին. Մութ սենյակիս մեջ կը շրջիմ առջի համբույրն անրջելեն, Ու շրթունքներս են բոցավառ` ջերմութենեն երազային. Փա~կ են : Գիշերին մեջ չէ՞ ապաքեն, որ երազները ավելի վառ ու արագ վերթևումներ կ’ունենան. գիշերին մեջ, ուր շրջանկարը ա՜յնքան հմայիչ կ’ըլլա, և սպասումը՝ ա՜յնքան քաղցրորեն տաժանագին. Մութ սենյակիս մեջ կը շրջիմ առջի համբույրն անրջելեն, Ու շրթունքներս են բոցավառ՝ ջերմութենեն երազային. Փա՜կ են աչքերս, և կամ հանկարծ մերթ անհամբեր դուրս կը նային. Ա՜հ, լռությունն՝ որ կը տևե, և ըստվերներն՝ որ կը քալե՜ն: ("Խոնջ իրիկունն արագորեն") Շրթունքս են ծարավ միակ համբույրին... Ցնծագին գիշերն է լույս ու լուսին, Բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կը մաշի՜: ("Սիրերգ") Բայց գիշերվան սերը միշտ կը վերածաղկի. Զգացում մը բյուրեղե, Ծիածանի երանգով, Ըսպասումի մութին քով Լույս ակոսներ կը պեղե: Ու այս սերը կ’երկարաձվի մինչև պաշտամունք. և այդ պաշտամունքը այնքան խանդոտ է, որ բանաստեղծը կ’ուզե նույնիսկ գիշերին հավիտենությունը, բացարձակ, անկապտելի Աստվածությունը. Կ’ուզեմ որ դադրին ձայներն այս պատիր, Ու նեկտարիդ դողն ըմպեմ ես անհագ. Կ’ուզեմ որ դադրին տիվ ու ժամանակ, Ու դաբիրներուդ իյնամ ծնրադիր: Հետո երկյուղած աղերսանք մըն ալ. Ցնորաբե՜ր գիշեր, ա՜հ, ընդունե՜ զիս. Ընդունե՜, միստիք ո՜վ անդորրություն, Իմ աղերսակոծ շունչիս սոսավյուն, Եվ համբույրն անանց՝ զոր կու տա հոգիս: Բայց վերջապես կու գան ատեն մը՝ որ գիշերներու այս տարփանքը ժամանակ մը տեղ կու տա արևին ու տիվին հրայրքին. Պիտի ըմպեմ բոցն արևին, ճառագայթի եմ ծարավի. ("Այգերգ") Ու թող նըշուլե բաղձիկ հոգվույս մեջ Ճառագայթը նախածին, Վաղորդայններու քրքում արևին: ("Դեպի մոռացում") Շողա, ով արև, շառափներովդ ոսկեծայր, Մառախլապատ երկունքիս մեջ՝ Ուր մըտածումը կը դեգերի ուղեմոլար. ("Արևին") Հոգիս ներս կը խուժե Քրքումն՝ ալիքի նման ("Առտվան արևին մեջ") Ամբողջ հատորը գրեթե սպասման երկարաձիգ գիշեր մըն է աղերսանքներով, հոգերով, ցավերով, ու երբեմն ալ կայծկլտուն հույսերով լեցուն. Անձուկին բոցը զիս պաշարեց, ըսպասման հիվա՜նդն եմ. Գիշերներ միշտ անքուն կըսպասեմ ծիրանի ես դարձին: Դարձուցե՜ք նավակներս հողմավար, ջըրանու՜յշ պայիկներ, Դարձուցե՜ք նավակներս դյութավար, իրիկվա՜ն հովիկներ: Փորձած է քանի մը ազատ ոտանավորներ՝ որոնցմե ոմանք չափին ավանդութենեն թեև զերծած՝ չեն կրցած սակայն տեղ տեղ վտարել արտահայտումի սովորական դարձած, մաշած, թելատած կերպերը: Օրինա՞կ կ’ուզեք՝ "Դաշտերու մեջ"-ը՝ որ խճողված թանձրություն մը ունի. Կյանքի թարմ կաթը ծծելու Հեշտին այգուն ստինքներեն քաղցրածոր. Այս կարգեն է նաև հետևյալ տողը "Ցնորոտ անդորրություններ"-ուն մեջ, որ մյուս տողերուն բնական խաղացքին մեջեն մարախի մը պես դուրս կը ցատկե. Եվ հուրիներ նոր հոլանած ալապաստրը իրենց կուրծքին: Ուրիշ տող մը "Գետափի երազանք"-են. Ու կը նիրհիմ արբշիռ՝ հովին դյութիչ նեկտարն ըմպած հոդ: Այս նեկտար բառին կրած չարչարա՞նքը հապա: Տափակ տուն մըն ալ Այգերգ-են. Սեր-Արևիդ բոցն երկարե խորերն հոգվույս իմ պատանի. Զերթ արևին լեզվակն ոսկի՝ որ կը ծծե մշուշն այգուն. Ո±ւր է ճաճանչն, հուրքը ջերմին՝ որ մառախուղն առնե տանի, Սեր-Արևիդ (ևն, ևն,) Անոնց թվում տաղտկալի հարկ մըն է. մինակ պետք է խոստովանիլ թե եթե ոչ շատ, գեթ բավական կարելի էր երկարել: Հորինվածի տեսակետին գալով, ըսենք թե Մեծարենց ընդհանրապես հնչուն ու ինքնեկ հանգեր ունի, եթե ասիկա արժանիք մըն է. "ը" ձայնին հաճախությունը շատ զգալի է. բայց նորերը ատիկա ներդաշնակության պայման չեն նկատեր. ճաշակի խնդիր, թերևս: Գալով հատածի կազմության միջոցին բառերու վանկատումին, նորերը կը կարծեն թե եթե վանկը նայ տառերով կազմված ըլլա, ներդաշնակության դեմ չըլլալե ավելի արտասանության նրբություն մը կու տա. օրինակով խոսի՞նք. Իր երանգնե/րը նրբին. "րը" ձայնը, հոս ըստ տաղաչափության, ներելի չէ, իբրև դիմորոշ հոդով ավարտվող. նորերը անճաշակ չեն գտներ այս բանը, ըսի': "Ծիածան"-ի բարբառը ունի երաժշտականություններ. իբրև օրինակ հիշենք "Շերամին նինջ"-ը և "Մտերմիկ տեսիլներ"-ը: Երկուքն էլ քերթության թանկ գեղորներ: Կրճատումի խորթ ձևեր բնավ չունի "Ծիածան"-ի հեղինակը, որչափ որ կը հիշեմ, ասիկա իմ աչքիս արժանիք չի թվիր. դար մը վերջի սերունդը ապահովաբար մեզ ամենս ալ մեկ ջրով պիտի լվա. մեջը ըլլալով այս մասին ամենեն խղճամիտները. և կամ, օրինակի համար, լեզվական խորթություններ, ոչինչ, բայց ոչի'նչ կը պակսեցնեն արժանիքեն. ինչպես որ անոնց չգոյությունը դրական արժանիք մը չենթադրեր: Իր ձայնյակները անստգյուտ հորինված մը ունին, կարծեմ ասիկա դրական արժանիք մը չէ անշուշտ, բայց մեկը որ ձայնյակներ (սոննետ) գրել կ’ուզե՝ հարգելու եղած կանոնները և կամ հրաժարվելու է ձայնյակ գրած ըլլալու հավակնութենեն՝ որ մազի չափ իսկ արժեք չունի: * * * Վերջակետեն առաջ կրնանք ըսել թե "Ծիածան"-ը ունի թերություններ՝ ինչպես արժանիքներ. մետը անշուշտ արժանիքին կողմը պետք է ծռի, այլապես գոյության իրավունք ձեռք բերելու չէր. սակայն այդ արժանիքը, հարաբերապես, այսինքն բանաստեղծության ընդհանրական ըմբռնումով՝ մեծ բա՞ն մըն է արդյոք. օ՜հ, ո'չ անշուշտ: Եթե "Ծիածան"-ը հասուն ու բազմակողմանի գործ մը չէ, տարակույս չկա, որ վիժած մըն ալ չէ: "Ծիածան" մութին մեջ խարխափանք մը չէ. նշմարված ճամբաներուն լույսը կը թրթռա հոն. ճամբորդը դեռ կը դեգերի սակայն, եթե չի վարանիր. ասիկա բնականու ներելի է դեռ շա'տ երիտասարդ հեղինակի մը համար՝ որ տակավին իր մտային զարգացումին լիությանը մեջ թևակոխած չէ: Ակներև է, որ համաշխարհիկ բաբախումներ չունի իր սիրտը. պզտիկ կամ մեծ, անձնականություններ միայն ունի դեռ. ամբողջովին բնությունով տոգորված չէ. բնությունը գխագիրով (ինչպես պիտի ուզեր ըսել Հարությունյան ճարտարամտորեն), լեռն ու դաշտը, հեղեղատն ու առուն չեն մինակ բնությունը, ըսելու հա±րկ կար: Փափաքելի էր ուրեմն, որ Մեծարենց ջանար իր էութենեն դուրս ելլել. չէ թե մինակ "Ծիածան"-ի հեղինակը այլ մեր բոլոր բանաստեղծներն ալ մերկանալու են այլևս եսին տաղտկալի ոչնչաբանություններեն. մեկդի թողունք քիչ մը անմարդկային անձնաբանությունները, բաբախելու համար Բնության սիրով. բանաստեղծը Բնության ցոլացումը պետք է ըլլա. թե ոչ բանաստեղծ չէ' իրապես. քերթվածները իբրև բառ պետք է ունենան տերևին թրթռումը, թռչունին դայլայլը, մարդերուն գորովը, դաշտին ու լերան մշտանույն զորությունը: Բանստեղծին ձայնը տիեզերական հարաբերականության մը լարը պետք է ըլլա, բոլոր գոյություններուն համադրական թրթռումովը տրոփուն: "Ծիածան"-ի գրախոսականներեն մեկը ըլլալու սահմանված այս գրությունը եթե այսքան ուշ կը հրատարակվի, իսկապես ժամանակավրեպ մը չէ սակայն, քանի որ այս "Ինքնադատություն"-ը (ինքնադատության փորձը) կրնա կերպով մը "Նոր տաղեր"-ուն հառաջաբանը նկատվիլ. վասնզի "Ծիածան"-ի հեղինակը գեթ մասամբ իր խոստումը հարգած ու հավատքը իրագործած ըլլալու գիտակցությունը ունի, իրեն և մանավանդ ուրիշներու ուրախության համար: < 1906, հոկտ. 9 > Այսօրվան "Ծիածանը" որչա՛փ ալ նախնական ու աղոտ գույներ ունենա իր վրա, առաքելությունն է այն հորդ արևին և բեղուն անձրևին, որ իր հետևը պահած կա: Հ. Տեր-Հակոբյան Ահա և “Ծիածանը”. թող ծիածանվեն բոլոր զգացումները. Նորից չեմ տեղադրի այն բանաստեղծությունները, որոնք արդեն կան այդ ժողովածուից:
-
ԲԱԲԱԽՈՒՄՆԵՐ < 1901-1903 > ԳԻՇԵՐԻՆ ԵՐԱԶԱՆՔԸ Աղջամուղջին մեջ գիշերը կ’երազե Պայծառ այգուն վառ շրթները կեռասե. Ու ցնծության լույս աստղերը կը ժպտին Հրաշափառ գոգն հրճվանքի կապույտին. Բայց երբեմն ալ մղձավանջի մը մեջ թունդ Գիշերն այգը կ’երազե զերթ անդունդ. Ու հևքեն վերջ ոռնումներու բիրտ հովին Անձրևի հորդ արցունքերը կը թորին: 1903, հունվար ՀԻՇԱՏԱԿԸ Կ. Մկրտիչյանի հիշատակին Ձմրան ցրտին հովերեն վերջ Զըվարթ գարունը ժպտեցավ. Ընձյուղեցան թուփերն ու պերճ Ծաղիկները ծլան կարգավ. Բայց հիշատակն անոր, ավա՜ղ, Հողին տակը թաղված մնաց. Լքված հոգվույն անունը վաղ Մոռացոնքի վիհին գնաց: 1902, հոկտեմբեր ՓՈՒՆՋԵՐԸ Գ. Շահինյանի հիշատակին Դեռ չողջունած երազներու ջինջ առտուն` Հովեն փչված մոմի մը պես շիջար դուն: Տերևին հետ հովերն ըզքեզ ալ տարին Միացընել մահվան ահեղ շրջպարին: Հիշատակի ծաղիկներու փունջեր թարմ Քու շիրիմիդ վըրա սփռել կ’ուղարկեմ. Փունջեր ցողված արցունքներուս շիթերեն, Զոր հեռավոր բարեկամեդ կը բերեն: <1903, հունվար> ՆՈՐ ՏԱՐԻՆ Այս գիշեր հագված, սգված նոր տարին Առտվան լույսին կըսպասե տենդոտ. Ոգիներ անդարձ կորզեցին տարի՜ն Մեր գիրկեն հինին ձայները ծանոթ: Նոր տարվա ընծա պայծառ լուսինկան Սազեր է գյուղին լեռները բոլոր. Երգերը ծերին, ճիչերը մանկան Կ’արձագանքեն թունդ խազերով մոլոր: Իղձերու շարք մը պլլված սրտին` Վառ հույզերու մեջ կ’օրրե զայն ուժգին. Բորբոքած հուրքովն հույզերու անշեջ Կը ծփան սիրտերը ըղձանքներու մեջ: Գիշերվա վերջին պահերուն լռին Ձայներն ու լույսեր հանկարծ կը մարին. Եվ բեհեզներովն կապույտ կամարին Պճնըված աշխարհ կու գա նոր տարին: 1902, դեկտեմբեր ԱՍՏՂԵՐԸ Լույսի բիծեր ծիրանի Կ’ասղնտեն քողքը մութին. Լուսնի ցոլքեր կ’անհետին Խորքը ծովուն հոլանի: Կապույտը կը ծածանի Կամարին ջինջ ու հանդարտ. Հրապույրն անոր գեղանի Կ’առինքնե աչքերն անթարթ: *** Աստղերը լուռ կը հալին Մութին մեջ մինչև առտու. Նման ցավոտ սրտերու, Որ թաղված են առանձին: Անշեջ հուրքով մը վառած Կայրին անոնք հավիտյան. Իրենց վիշտը միշտ կու լան Լույս արցունքով տխրամած: 1902, դեկտեմբեր ԱՐԵՎԱԳԱԼԸ Հորիզոնեն վար լույսի պար մը կ’իջնե, Ընդելուզված` ճաճանչներով ոսկեհյուս. Շուտ կ’անհետի մութն ու խավար կու տա խույս, Աշխարհ արփվույն հուր գալուստը կ’ողջունե: Կենդանություն կը հագնին դաշտ ու լեռներ, Զվարթ երգերը միշտ կը լսվին գեղջուկին. Ու զմրուխտի, ադամանդի երանգներ Կը փողփողին մեջը լույսի վառ գըրկին: Խորհուրդներու մռայլը շուտ կը մարի, Բնության այս հըրատ զարթոնքին հանդեպ, Ու կը հրճվի հուսահատ սիրտը կարի՜: Կը սրբըվին թոնուտ աչքերը տխուր, Ուրախության ժպիտներուն տակ անհուն. Ցնծուն երգով կը լեցվի սիրտը թափուր: < 1901, հունիս > ԿՅԱՆՔԻ ԵՐԳԸ Ահաբեկիչ կնճիռներուն մեջ կյանքին Լալահառաչ, սուր հծծյուններ ինձ ըսին. “Ամեն հույսեր մեծ պարապին կը հանգին, Ունայնություն մը կը պրկե կյանքը սին: Ամեն ծաղիկ խամրում մ’ունի իրեն մոտ. Ու ամեն կյանք` մութ ստվեր մը իր ետին. Ծաղիկներու բուրումին պես խնկահոտ Ամեն հույսեր դեռ չըծլած կ’անհետին”: Բայց մխացող խոհերուս մեջ ծիրանի Լույս մը հանկարծ սըպրդեցավ շողալով, Կյանքի փարփառ երգն ոսկեսար, գեղանի, Որուն ցվերջ ունկնդրեցի դողալով: “Տխուր ողբեր թող չքանդեն քեզ,– ըսավ,– Թող չցնդին ոսկի հույսերդ ցիրուցան. Իր վերջն ունի ամեն կնճիռ, ամեն ցավ` Զինք մոռցնող ժպիտները լուսացան: Ահա ի՛նչպես, տես, կապույտն ալ կամարին Մերթ ամպերու գորշությունով կ’աղարտի, Անձրևին տակ իր ժպիտներն կը մարին, Անձրևն,– այդ լաց,– սակայն երգն է ավարտի: Ամեն անձրև արև մ’ունի իրմեն վերջ, Ինչպես ամեն լաց իր ժպիտն արփենի. Ու տևական ուրախություն մը միշտ պերճ Պիտ’ հաջորդե ժպիտներուն երբեմնի”: 1903, հունվար ՀԻՎԱՆԴԻ ՀԵՎՔԵՐ (Ցայգերգ) I Վանդակին մեջ փակված հեք Թռչնիկին պես մենավոր, Բանտըվեցան սրտիս սեգ, Վարդ բաղձանքները բոլոր: Դուրսն ամեն բան կը խայտա, Ծառ ու ծաղիկ կամ դալար. Սրտիս մեջ սև պար մը կա Նվագներու տրտմալար: Թռչնոց ճիչին պես հիմար Եվ նվաղկոտ կ’երկերին, Թույլ խաղերու մեջ տկար` Մութ երգերս կ’երկարին: II Լուռ քերթված մը կապույտի Կ’երգե ցայգը լուսավոր. Լույս երգերով կը ժպտի Ցերեկներուն հոծ ժըխոր: Մայթին վրա մոտավոր Քայլերը միշտ կը շտապեն. Արձագանգ մը հեռավոր Թողլով իրենց ըշտապեն. Կապված անոնց շշուկին Կու լա սիրտս սըգավոր, Խուլ թափի մը մեջ ուժգին: Պատուհանեն հեռավոր, Երգեհոնի ձայնը մը ցունց Կը հանե սիրտըս տխուր. Իր շեշտերուն թափն ու ցունց Կը խռովեն զիս անլուր: III Անշարժ կեցած մեկուսի Կը հեծեծեմ սգավոր. “Վայելքն ինձմե կը խուսի, Կը հատնի կյանքն օրե օր: Պիտի ըլլա՞ օր մ’արդյոք, Որ դառնամ հին օրերուս. Պիտի շնչե՞մ լիաթոք Զվարթությունն անոնց կույս…”: Բայց բնության հըրճվանքեն Հույս ու ժպիտ կը քաղեմ. Լույսեր հանկարծ կը ճեղքեն Մտածումներս դժխեմ: Եվ անուրջներ ոսկեզօծ` Լուռ` մտքիս մեջ կը պարեն, Դուրս վանելով անոնց հոծ Թուխպը լույսի փապարեն: 1903, հունվար 29, 30, 31 ԴԵՂԻՆ ՎԱՐԴԵՐ Փթթեցե´ք միշտ, դեղին վարդեր, լքվա՜ծ վարդեր, Խորհրդանիշն առանձնացած հոգիներու. Միշտ կը հուզեք դուք իմ հոգիս խռովքով մ’աղու, Անհուսության դալուկն հագած տժգույն վարդեր: Անհուսության դալուկն հագած տժգո՜ւյն վարդեր, Զձեզ հավետ պիտի սիրեմ ես սրտագին. Ու միշտ սիրել պիտի չուզե իմ դառն հոգին, Կարմիր ու ձյուն ճերմակ վարդերն ուրախաբեր: Կարմիր ու ձյուն ճերմակ վարդերն ուրախաբեր – Սուր հեգնանք մը ցավով ճմլած հոգիներու, Ինծի երբեք անույշ հրապույր մը չեն ազդեր… – Կույս ու զվարթ երանությամբ օծված վարդեր, Երգեցե´ք միշտ ընկճվածի երգերն աղու, Լքված հոգվոց դուք մըտերիմ, տժգո՜ւյն վարդեր: 1902, մայիս ՀԻՇԱՏԱԿ Գիշեր է լուռ, մութը պատած է չորս դին, Մըտածում մը կը սավառնի վեր, ետին, Ստվերամած ու մթասքող ամպերուն. Եվ կիսատված խուրհուրդներս թև կառնուն. Մըտածում մը կը սավառնի վեր, հեռո՜ւն, Խորհրդավոր քողարկումի մութին տակ. Ու աչքերս խորհրդամած, սևեռուն, Բյուր խորհուրդներ կը բերեն ինձ անհատակ. Խորհրդավոր քողարկումի մութին տակ Լուռ անձկություն մը կը պրկե զիս հանկարծ. Կ’արթըննա մեջըս բյուրավոր հիշատակ: Լուռ անձկություն մը կը պրկե զիս հանկարծ. Մութը խորին, ու բույլ մ’անշեջ հիշատակ Սարսուռներով կը համակեն զիս հանկարծ: 1902, հունիս ՏԵՂԱՏԱՐԱՓ Մութ մը թանձր ու հոծ պատեր է չորս դին. Ամեհի հևքը կը լսվի ծովուն. Տենդեր, բյուրավոր խորհուրդներ մթին Կը ցնցեն հանկարծ միտքըս վրդովուն: Օձաձև լույսի երիզներ ճերմակ Կը փայլատակեն շողյունով արագ. Եվ որոտումներ, ահավոր համակ, Գոռ դըղրդումներ կը տեղան վայրագ: Հորդ անձրևներու տարափներ թոնուտ Խոլ ջրվեժներով մայթը կը ծեծեն Խառնակ շողյուն մը երկարելով բութ` Իրենց մոլոգին ու վայրագ ծեծեն: Իմ սիրտս ալ տրոփուն կը փղձկի հանկարծ, Եվ զայն կը ծեծեն հույզեր անհամար. Անհաս տենչերու ճիգեր մշտարծարծ Կը լուսավորեն իր մռայլ կամար: 1903, փետրվար. 12 ԱՆԴԱՐՁ Գյուղին արևը կը հատնի լռին. Նեղ արահետեն, մոտեն բլուրին, Կապույտ-Դարն ի վեր դագաղ կը տանին. Հոն կը նիրհե խոր, դժբախտ պատանին, Ճերմակով հագված անդա՜րձ ուղևոր: Ճերմակով հագված անդարձ ուղևոր, Կը թողու հայր մ’ու մայր մը սըգավոր Սև օճախի մը մեկ հատիկ բոցն ալ` Ցուրտ հովեն փչված պիտ’ չըշողա ալ. Խրճիթն ալ պիտի մխա օրե օր: Խրճիթն ալ պիտի մխա օրե օր, Ինչպես գիշերն որ կը խոկա տխուր, Արագ խուսափումն արևին փարփառ` Զոր ուրվականներ տարին անբարբառ, Բոց դրոշներով, ցնցումով կարմիր: Բոց դրոշներով, ցնցումով կարմիր, Այգուն կը տոնեն սեգ վերադարձն իր, Ու սև պրկումներ զայն շուտ կը թողուն: Բայց կսկիծը սուր, սուգը վրդովուն, Ճերմակ պատանքն ա՜լ չեն քակվիր տղուն: 1903, փետրվար 15
-
ԱՇՆԵՐԳ Ե. Պ.-ին Սա՜րն ի վեր, թռա՛վ գնաց հոգիիս սպիտակ աղավնին. անու՛յշ հոգյակ. բայց իր թռիչքին ճերմակ աղոթքը, բայց իր նայվածքին մեղրիկ կաթիլքը, հոգվույս մեջ է դեռ. հոգվույս մեջ է դեռ: Ամրան տաք երազիս, այս ճերմակ թռչունը, սահեցավ անցավ աշնահար ծառերուն սրսփուն հեծեծանքին մեջեն ու ծովուն ալեդող փրփուրներուն վրայեն. մինչև հորիզոնին ծայրը, ավելի անդին՝ հոգվույս հուսաբեկ դառնանույշ գալարումին վրա. ավելի՜ անդին՝ կորսված հորիզոնի մը ոսկեջինջ արշալույսին մեջ, օ՜հ, իմ երազիս ճերմակ աղավնի՜ն: Հո՛վը, հովը՝ որ ահա պատուհանս փակեց. հովը, գիսախռիվ, մոլեկա°ն Սեպտեմբերին հովը՝ որ ահա՛ կ'իջնե մինչև հոգվույս ալ լոսոռոգ պատուհանները, մինչև ծիրանի ճրագները իղձիս, իր անձրևոտ, ցուրտ ու փրփրոտ շունչը նետելու համար հոն. հո՜վը, որքա՜ն մսեցուց արդյոք հոգյակդ, ա՜հ, որքա՜ն, որքա՜ն, երազանքիս սպիտակ աղավնին: Ամպամած գաղջ իրիկուն մըն է հիմակ, հոգվույս համար, հոգվու՛յդ համար. լուսինը՝ տիրամոր քաղցր, թախծագին, լացող նայվածքի մը պես ժպտեցավ այս իրիկուն ամպերուն շեկ շղարշին մեջեն. ու մանրահատ անձրև մը ուրախության արցունքի քաղցրությամբ իջավ մինչև հոգվույս հուշքերուն մեջ, ուր սիրացոլ նայվածքներուդ ողկույզն է կախվեր՝ անշիջանելի՜: Այս իրիկուն, օ՜հ այս իրիկուն, ի՜նչ անբացատրելի քաղցրություն է որ կը ծորի լուսնին փախստյա նայվածքներեն, ի՜նչ երանություն, ինծի համար, որ լուսնին ուխտավորն եմ, երբ ան մթագին գիշերներու ապաշխարանքին մեջեն հանկարծ կը բացվի լիարծաթ, լիաբակ, վազքի մը պես՝ որ հորիզոնին ծայրը կը բարձրանա՝ աղոթավոր, քմայական, միստիք շրջագծով. օ՜հ, ի՜նչ քաղցրություն է այս՝ զոր անտես ցայտք մը սրտիս մեջ կը հոսեցնե. ա՜հ, այն ոսկի արշալույսին կուսությանը մեջ թառած, դու՛ն ալ, սպիտա՜կ աղավնիս, դու՛ն ալ լուսնին նայեցար...
-
ՎԱՅՐԿՅԱՆ Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի. Եվ համրագին գիրքը ձեռքես կ'իյնա վար. Երազներու պերճուհին է որ կ'անցնի, Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար: Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար, Եվ ալիք մը թևը բացած կը վազե Գկրել ափունքն իղձիս ոսկի ավազե: Ո՛վ քաղցրությունը նայվածքին իր ծաղիկ. Ո՛վ պերճությունը գընացքին իր հըպարտ. Ճամբուն վըրա՝ իր քայլերուն հետքը վարդ՝ Ուր հեշտորեն կը հածի դեռ իմ մենիկ Սիրտըս՝ բո՛ց մը՝ մըթնշաղի՛ն մեջ անհետ...
