Jump to content

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ


Arpa

Recommended Posts

Հովհաննես Շիրազ (1914-1984)

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ

Մի հայրենադարձ պատանու

Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս,

Էլ ինչո՞վ ես հույսը բերդիս.

Էլ հայրենիք ինչո՞ւ եկար,

Թե պիտ խոսես օտար լեզվով,

Խմես հայոց գինին նեկտար՝

Կենաց կանչես օտար լեզվով,

Քաղես հայոց վարդերն ու հեզ՝

Աղջիկ կանչես օտար լեզվով։

Իրավ, քանի լեզու գիտես,

Այնքան մարդ ես, իրավն ասին,

Բայց որ քո հայ լեզուն չունես,

Էլ ի՞նչ հույս ես քո Մասիսին,

Որ թողել ես քո մայրենին՝

Հարամ է քեզ հայոց գինին,

Հարամ է քեզ աղջիկն հայոց,

Հայոց սիրտը՝ Մասիսն հայոց։

Մայր հայրենին էլ ի՞նչ սրտով

Քո ոտքերն էլ գրկե վարդով...

...Ա՜խ, չէ, Մասիսը հալալ է քեզ,

Հայոց վշտում դու մեղք չունես,

Հալալ է քեզ հողն հայրենի,

Թող քեզ ջուրն էլ դառնա գինի։

Քանզի հայոց վայ սփյուռքում

Պանդխտությունն է դեռ պոկում

Հայ բերանից հայոց լեզուն,

Օտարն հայոց մահն է ուզում,

Բայց նա հայ է, ով հովազի

Արնախում երախումն էլ

Իր մայրենի լեզվով խոսի,

Մոր կաթի հետ ծծած լեզվով,

Որ հայ գետը ծով ծնի, ծով,

Ժխորում էլ Բաբելոնի —

Խոսի լեզվով իր մայրենի,

Հայոց լեզվով, որ միշտ ջահել,

Մեզ բյուր դարեր հայ է պահել։

=======

ՇԱՐԱԿԱՆՆԵՐ

Հովհաննես Պլուզ Երզնկայի (~1230—1293)

 

Լեզուն է գործիք բանի 'ւ արդարոյն զերդ խալաս ոսկի,

զՄարդոյն է մէկ փերթ արել և օձին է երկու ճըղի,

Էնց մարդն որ երկու խօսի` զմէկըն քաղցր ու մէկըն լեղի,

Եղբայր է օձին եղել ու զնորա անէծքն ընդունի

====

ՏԱՂ ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈԻԻ

Վահան Թէքէեան

Քեզ, Հայ Լեզո՛ւ, կը սիրեմ մըրգաստանի մը նըման...

Մեր անցեալին թանձրախիտ ստուերներուն մէջ կարծես

Մէյ մէկ պըտուղ՝ քու բոլոր բառերդ ինծի կ՚երեւան,

Որոնց մեջէն կը քալեմ ու կը քաղե՜մ զանոնք ես...։

Մրգաստանի՛ մը նըման կը սիրեմ քեզ, Հայ Լեզո՛ւ...

Մեր հայրենի պալատէն, պարտէզներէն մընացորդ՝

Դալարագեղ դուն պուրա՜կ, որ դիմացար դարերու

Եվ կը մընաս միշտ առոյգ, հին ավիշով կենսայորդ...։

Ծառերուդ մէջ հովանուտ կ՚երթամ խինդով մ՚անսահման,

Արմատներուդ, ճիվղերուդ վրայ նայելով հիացիկ,

Զարմանալով թէ ի՞նչպէս դուն մընացիր՝ երբ սաստիկ

Քամին քու շուրջըդ փըչեց եւ տապալեց ամէն բան...։

Մէյ մէկ պըտուղ գոյնըզգոյն՝ բոլոր բառե՛րըդ ահա,

Հիվթե՜ղ բառերըդ՝ զոր որքա՜ն հասունցուցին արեւներ,

Բառե՛րըդ որքան այս պահուս շըրթանցս վրայ եմ բռներ,

Բառերըդ որ քիմքըս կ՚օծեն եւ կ՚սփոփե՜ն սիրտս հիմա...։

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Even if, strictly speaking this one may not belong here, yet enjoy Abovian's LEZOU. Note the many "foreign words". :)

ՎԱԹԱՆ

Խաչատուր Աբովյան (1805-1948)

 

Ա՜խ վաթան , վաթան՝ քո հողին ղուրբան,

Քո ծխին ղուրբան , քո ջրին ղուրբան ,

Է՞ս փառքն ունէիր, է՞ս պատիւն առաջ,

Որ հիմիկ աւրւել, մնացել ես անջան:

 

Ե՞րբ միտք կանէի՝ թէ էս հողերը ,

Էս դաշտն ու սարերն , էս սուրբ ձորերը ,

Էնպէս մեծութիւն, էնպէս լաւ օրեր

Քաշել են , մնացել , ա՜խ հիմիկ անտէր :

 

Հող ունենք՝ խլած, կեանք ունենք՝ մեռած,

Ա՜խ, ջրի , կրակի մենք եսիր դառած,

Ոչ երկինքն տեսնի մեր սուգն ու լացը,

Ոչ երկիրը պատռւի մեզ տանի ցածը :

 

Ա՜խ , մեր սիրտն էնպէս ընչի՞ հովացել,

Արինը ցամքել , մեր կուռը թուլացել ,

Եարաբ , կը տեսնե՞մ, ա՜խ , ես մէկ օր էլ

Մեր սուրբ երկիրը թշնամուց ազատել :

 

Էն ի՞նչ շունչ կըլի , որ էս նոր հոգին

Փըչի վեր կացնի քնից մեր ազգին.

Էն ի՞նչ ձեռք կըլի, որ մեր աշխարքին

Էլ ետ սիրտ տայ ու կանգնեցի կրկին:

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Abovian could use those words… Recall that just a few years ago in soviet times we used the words “телевизор”, “холодельник” . Almost nobidy used their Armenian translations…

Սիրելի Ջաւախ, այդ ռուսերէն բառերը ինչ են?

Յիշում եմ երբ մի ժամանակ երգէինք "Կոլխոզի չոպան արեւիդ ղուրբան" եւ "Եբայր դարձան Հայաստան ազէբայճան"

 

Link to comment
Share on other sites

«ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ՎՏԱՆԳՎԱԾ ԵՎ ԱՆՏԵՍՎԱԾ Է ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ»

===

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ[/size]

Այո, սիրելի Աշոտ, քո վերեվի յղումը մեզ յիշեցնէ սա վէճը;

http://hyeforum.com/index.php?showtopic=15243&hl=docent

Որտեղ, ինչպէս, այսպէս կոչեցեալ դոցենդը (docent) արհամարհում եւ անարգում է մեր արտասահմանի Մեսրոպեան ուղղագրումը , եւ թէ ինչպէս այդ տնտեսագէտ (economist) կոչեցեալը խօսի լեզուի մասին:

Link to comment
Share on other sites

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

1909-1974

Խաչիկ Դաշտենց (Խաչիկ Տոնոյի Տոնոյան)՝ հայտնի հայ արձակագիր, բանաստեղծ եւ թարգմանիչ: Ծնվել է 1909 թ. ապրիլի 15-ին Սասնա Դաշտայան գյուղում՝ հովիվի ընտանիքում: Հարազատ գյուղի անունով էլ հետագայում ընտրել է իր գրական կեղծանունը:

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

“ՌԱՆՉՊԱՐՆԵՐԻ ԿԱՆՉԸ”

Մուշ քաղաքի ս. Մարինե թաղում հայոց լեզվի դաս էր:

— Ապա արտասանիր “Ռանչպարների կանչը”, — մատնացույց արեց Մելքոն վարժապետը վերջին շարքում նստած մի թխադեմ աշակերտի, որ լուսամուտին կպած մտազբաղ նայում էր Ձորաթաղի այգիներին:

Աշակերտը կանգնեց:

Բոլորը զույգ-զույգ էին նստած, իսկ սա մենակ էր: Կողքի դասընկերը մի տարի առաջ լքել էր դպրոցը՝ իրեն մենակ թողնելով վերջին նստարանին:

Շաբաթը մեկ անդամ Մելքոն վարժապետը աշակերտներին կրկնել էր տալիս հայոց այբուբենը: Աշակերտները պարտավոր էին անգիր ասել բոլոր տառերը, դրանք զուգակցելով հայ շինականների առավոտյան կանչերի հետ: Այբուբենը սերտելու այս եղանակը Մելքոն վարժապետն էր մշակել ոտանավորի ձևով, նպատակ ունենալով հայոց գրերի պատկերը և հաջորդական կարգը ամուր դրոշմել իր սաների հիշողության մեջ: Այնպես պետք է արտասանեին, որ թվար, թե առավոտ է, և ռանչպարները իրար ձայն տալով շտապում են դաշտային աշխատանքի:

— Ա՛յբ, նե՛ն, գե՛մ,

Բրդեմ ուտեմ.

— Ի՞նչ ուտես, — ընգմիչեց Մելքոն վարժապետը հոնքերը խոժոռելով:

— Թփով կլուլիկ կարմիր տաքտեղով:

Դասարանը փռթկաց:

— Լավ բան է Մշո թփով կլուլիկ ուտելը, այն էլ կարմիր տաքտեղով, բայց դասը լավ սերտելուց հետո, — սաստեց վարժապետը: — Այլապես տեսնու՞մ ես վարոցների խուրձը:

— Առաջ ուտել, հետո սերտել, — պատասխանեց թխադեմ աշակերտը, դժկամությամբ նայելով բարակ վարոցների կապոցին, որ դրված էր անկյունում, կարգապահությունը խախտող և դասը չսովորող աշակերտներին պատժելու համար:

— Դու ասա “Ռանչպարների կանչը”, — դիմեց պարոն Մելքոնը մի ուրիշ աշակերտի, որ առջևում էր նստած և թըվաբանությունից ու մայրենի լեզվից միշտ հինգ ու խաչ էր ստանում:

Խաժաչք, սուր քթով և մազերի խոպոպները ճակատին թափած սասունցի մանուկ էր Սանասարը: Դասը պատասխանելուց առաջ սա միշտ դիմում էր Մարութա սարին, կարծես ուժ առնելու համր: “Յա Մարաթուկ”, ասում էր ու դասը պատասխանում: Ուստի դասարանում նա հայտնի էր նաև “Յա Մարաթուկ” մականունով:

Սանասարը համարձակ վեր կացավ, և “Յա Մարաթուկ” դոչելով, ճակատը բարձր պահած սկսեց.

 

— Ա՛յբ, բե՛ն, գի՛մ,

Ե՛լ, Հովակիմ,

Դա՛, ե՛ջ, զա՛,

Լծիր եզան:

է՛, ը՛թ, թո՛,

Վերկաց, Թաթո,

ժե՛, ինի՛, լյո՛ւն,

Կապիր քո շուն:

Խե՛, ծա՛, կե՛ն,

Ու՞ր է Հակեն:

Հո՛, ձա՛, ղա՛տ,

Միհրա՜ն, Մրհրդա՜տ,

Ճե՛ն, մե՛ն, հի՛,

Կգանք հիմի:

Նո՚ւ, շա', ո՜,

Պրծիր, Շավո,

Չա', պե', ջե',

Ուշ է, Վաչե:

Ռա', սե', վե՛վ,

Ծագեց արև:

Տյո՛ւն, րե', ցո',

Մարդ աստծո:

Վյո՚ւն, փյո՛ւր, քե',

Քելե, Սրքե,

Ե՛վ, օ', ֆե',

0, ի՜նչ զով է:

 

— Ապրե՛ս, Սանասար: Դու Սասնա ո՞ր գյուղից ես:

— Բսանաց գավառի Ջրտնիք գյուղից:

— Շատ ապրես, որդիս: Ա՜յ, այդպես կսերտեն “Ռանչպարների կանչը” և ոչ թե կլուլիկ ուտելու մասին կմտածեն, — նկատեց Մելքոն վարժապետը և դասամատյանը բաց անելով Սանասարի անվան դիմաց ավելացրեց մի նոր հինգ ու խաչ:

Թեպետ խոսքը վերջին նստարանի աշակերտի մասին էր, բայց նա դարձյալ դրսի աշխարհով այնպես էր կլանված, որ բոլորովին չլսեց իր ուսուցչի ձայնը: Ներքևում ձորի մեջ ինչ-որ բան էր կատարվում, որ նրան գամել էր լուսամուտին:

— Ուշադրությունդ ուրիշ տեղ է, Մամիկո՛ն:

— Ա՛յբ, բե՛ն, գի՛մ,

Ել, Հովակիմ,

Դա՜, ե՚ջ, զա՛,

Լծիր եզան, — բարձրաձայն կրկնեց թխադեմ աշակերտը և լուսամուտը արագությամբ բաց անելով, իրեն վայր նետեց այնտեղից: — Վարժապետ, ես գնացի, — հնչեց Մամիկոնի ձայնը լուսամուտի տակից: Նա թռավ առաջին տանիքը, այնտեղից երկրորդ տանիքը և, մի կտուրից մյուսը անցնելով, սլացավ դեպի Զորաթաղի այգիները:

Տարիների ընթացքում մի քանի աշակերտներ զանազան պատճառներով լքել էին ուսումը: Բայց նրանցից ոչ մեկը այդպես չէր բաժանվել դպրոցից, այդքան հանդուգն և անթույլատրելի ձևով:

Զորի մեջ կանացի ճիչեր լսվեցին, և դպրոցում պարապմունքը ընդհատվեց:

Հետևյալ օրը շաբաթ էր:

Վարժապետ Մելքոնը վաղ լուսաբացին շտապեց դեպի ս. Մարինե թաղը՝ իր աշակերտի ծնողներին տեսնելու:

Նրանց տունը շինված էր գետափին:

Հասավ այն ժամանակ, երբ Մամիկոնը, մի կապոց թևի տակ, քայլում էր դեպի այն կամուրջը, որ ս. Մարինե թաղը միացնում էր Կողու թաղին:

— Մամիկո՛ն:

Պատանին կանգ առավ:

— Զավակս, երեկվա դեպքը ցնցեց մեր քաղաքը: Բայց խոհեմություն չէր այդքան անթույլատրելի ձևով հեռանալ դպրոցից՝ “Ռանչպարների դասը” թողնելով կիսատ:

— Իմ դասը վերջացավ, վարժապետ: Ներիր ինձ և թողություն արա ձեռքդ համբուրեմ:

— Քահանայի ձեռքն են համբուրում, ես քահանա չեմ:

— Ոչ թույլ տուր համբուրեմ ձեռքը այն մարդու, որ հայոց այբուբենի մշակն է եղել երեսուն տարի: Օրհնյալ լինես դու, Մեսրոպ Մաշտոց: Օրհնյալ լինես և դու, Մելքոն վարժապետ:

— Որոշել ես գնա՞լ:

— Իմ պես պատանին իրավունք չունի այժմ հանգիստ նստել դասի:

Մելքոն վարժապետի աչքում արտասուք երևաց:

— Գնա՛, տղաս, ես քեզ արգելք լինել չեմ կարող: ճիշտ է, իմ դասարանը մեկով կպակասի, բայց ժողովրդի համար գործող արաբոների թիվը մեկով կավելանա: Անցյալ տարի կոփեցի Շեկ Լևոնը գնաց Ամերիկա, այժմ դու ես գնում: էլ ո՞վ պիտի լսի ս. Կարապետի Ժառանգավորաց վարժարանի շրջանավարտ Մելքոն վարժապետի դասը: Ո՞վ պիտի անգիր անի “Ռանչպարների կանչը”: Գոնե այնքան սովորեիր, որ կարողանայիր “Նարեկը” և Րաֆֆու “Խենթը” կարդալ:

— Իմ սովորածը ինձ բավ է, Մելքոն վարժապետ: Շարժում է ինձ պետք, լեռների կյանք եմ փնտրում: Ես մեկ էլ քեզ մոտ կգամ այն ժամանակ, երբ ռանչպարների կանչը իրական դառնա և հայ շինականներն առանց երկյուղի գնան գործի: Տա աստված, որ քեզ ողջության մեջ տեսնեմ վերադարձիս:

— Գնա՛, որդիս, և աստված քեզ հետ: Մինչև ցորյանի հատիկ չմեռնի՝ հունձք չկա: Եվ եթե քո մեջ հավատք ունես մանանեխի հատիկի չափ՝ լեռը կշարժես:

Մելքոն վարժապետը հնամաշ վերարկուն թիկունքին ուղղելով, թանձր ծխելով ետ դարձավ, իսկ Մամիկոնը առաջ ընթացավ քթի տակ դանդաղ երգելով.

 

Թե հայրենյաց պսակադիր

Գողթնի քնարք լռել են,

Երկնուց թող գան անմահ հոգիք

Հայոց քաջեր պսակել:

 

Փրե կամուրջով անցնելիս Մամիկոնը տեսավ իր դաստիարակներից մեկին, որ գետափին կռացած լվացվում էր պաղ ջրով: Հայոց պատմության ուսուցիչ պարոն Սենեքերիմն էր, որ ամեն առավոտ իջնում էր ձորը գետակի ջրով թարմանալու:

Նրա տեսքը մռայլ էր:

Պարոն Սենեքերիմը իր աշակերտին չնկատեց, այլապես կարող էր կանգնեցնել նրան և հարցնել, թե որո՛նք են Հայաստանի գավառները:

Մամիկոնը գնում էր ոտքով չափելու այդ գավառների լայնքը և նրանց լեռների վրա սերտելու ռանչպարների կանչը:

(Աղբյուր՝ Խաչիկ Դաշտենց “Ռանչպարների կանչը”: Երևան:

Տրամադրել է՝ Արևիկ Գառամովա

Scanned: Արևիկ Գառամովա

OCR: Աննա Վրթանեսյան

Ուղղագրում՝ Աննա Վրթանեսյան

Տրամադրել է՝ armenianhouse.org)

 

 

 

maxluto.jpg

Link to comment
Share on other sites

Քու Լեզուդ

 

Ե՞րբ բխեցաւ աղբիւրն առատ իր ակէն.-

Խօսքիդ առուն կը թաւալի օրն ի բուն,

Լեզուիդ անկապ վանկերը բառ են արդէն,

Բառերը պերճ՝ յաղթանակի ղօղանջիւն:

 

Քու շուրթներով՝ մերթ անսայթաք, մերթ թոթով,

Կը բարբառի մեծախորհուրդ հայ ոգին.-

Ո՛չ մէկ նուագ եւ ո՛չ մէկ տաղ հոգեթով

Ունի արուեստն արեւաշող քու խօսքին:

 

Քեզմէ առաջ հնչա՞ծ է մէկն այսքա'ն ջինջ,

Այսքա'ն քնքուշ՝ մեսրոպաշունչ հայ լեզուն…

Մեր գանձերուն, մեր դարերուն խռովիչ

Դուն նորաստեղծ քնարահարն ես բեղուն:

 

Երբ հայերէն կը ճռուողես դուն անփոյթ,

Ես կը փակեմ իմաստութեան ամէն գիրք,

Կ'ուզէ Հանին ուտել անո՜ւշ այդ լեզուդ

Ու կը յորդի՜ լոյսերով տունըս փոքրիկ:

 

Ո՞վ է վարպետն ու ո՞վ աշկերտը խոնարհ

Պապենական մեր մեծասքանչ բարբառին.

Բառերն ամէն զոր դուն ինձմէ սորվեցար՝

Քու շուրթներէդ են կարծես նո՛ր կ'ուսանիմ:

 

Խօսէ՛, տղա՛ս, խօսէ՜ անվերջ մեր լեզուն,

Այսպէս հպարտ եւ երկիւղով սրբազան,

Եթէ յանկարծ զիս չգտնես օր մը դուն

Եւ մինչեւ իսկ շուրջդ ո՛չ ոք խօսի զայն...

Մուշեղ Իշխան
Հանի-մեծ մայր, տատ: Edited by Johannes
Link to comment
Share on other sites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ

 

Ընդունվել է 00.00.1993

 

Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, կարգավորվում են լեզվավիճակը, պետական իշխանության եւ կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների լեզվահարաբերությունները:

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականությունը

 

Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է:

Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը:

Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը:

Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը:

 

Հոդված 2. Կրթության լեզուն

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական եւ ուսումնական համակարգերում դասավանդման եւ դաստիարակության լեզուն գրական հայերենն է:

Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը եւ դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով՝ պետական ծրագրով եւ հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ:

Հայաստանի Հանրապետության տարածքում օտարալեզու ոչ հանրակրթական ուսումնական հաստատություն կարող է հիմնել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ երագույն խորհրդի կրթության եւ գիտության, լեզվի եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ:

Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական , մասնագիտական-տեխնիկական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը եւ հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են: Հայրենադարձների, փախստականների, Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող այլազգի քաղաքացիների ու օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քննությունները եւ ուսուցումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

Հոդված 3. Քաղաքացիների լեզվական պարտականությունները

 

Պաշտոնատար անձաինք եւ սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել հայերենին:

Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային մատյանում ընդունված կարգին:

Պաշտոնական խոսքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են ապահովել լեզվի անաղարտությունը:

 

Հոդված 4. Հաստատությունների լեզվական իրավունքները եւ պարտականությունները

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները այլ երկրների պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ քաղաքացիների հետ հաղորդակցվում են փոխադարձաբար ընդունելի լեզվով:

Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են.

 

ա) գործավարությունը կատարել հայերեն,

 

բ) համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների եւ պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը,

 

գ) ցուցանակները, ձեւաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները ձեւավորել հայերեն՝ անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով:

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը զուգակցել հայերենով:

Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն իրենց փաստաթղթերը, ձեւաթղթերը, կնիքները ձեւավորում են հայերեն՝ իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ:

 

Հոդված 5. Պետական լեզվաքաղաքականության իրականացումը

 

Պետական լեզվաքաղաքականությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իշխանության եւ կառավարման տեղական մարմինները, ինչպես նաեւ դրա համար լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան:

Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է հայերեն լեզվով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաեւ հայերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գիտամեթոդական, տեղեկատու, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի պահանջները խախտելու համար:

 

 

Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

17 ապրիլի 1993թ.

Հ.Ն.-0772-1-ՀՕ-52

Link to comment
Share on other sites

ՊԱՏԳԱՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ

Յովհաննէս Շիրազ

 

Հայոց յոյս ու բաղցանքով շուրջս գարուն է կրկին,

Ու ես մի լոյս աղաւնու փայփայում եմ իմ կրծքին,---

---Իմ կարօտի թեւաւոր, առ բիւրածալ սիրտս տար՝

Որտեղ մի հայ կը գտնես՝ տուր իմ սրտից մի պատառ,

Որպէս նամակն իմաստուն հայոց երկրի նորակերտ:

Հասիր պանդուխտ հայերին, յոյսն օջախիր երդէ-երդ,

Ասա ձեզ ենք կարօտում եւ հողերին դեռ գերի,---

Բալասանն ենք որոնում հայոց վերջին վէրքերի:

Քանզի ազգի կէս կաղնին՝ ուռենու պէս կռանում՝

Օտար անտառ դեռ մտած՝ մայր լեզուն է մոռանում,

Իր հայ որդոցն հայուհին հայոց դպրոց չե տալիս

Եւ Մաշտոցն է հայ վշտից այստեղ շիրմում շուռ գալիս,

Ծունկի չոքում շիրմում էլ, աղօթում է, իմացիր,

Որ սփիւռքը կուլ չերթայ, աղգ իմ քիչ էլ դիմացիր.

Քիչ էլ տոկայ, ա՜խ, քիչ էլ, -- մինչեւ չքւի չարն անբան՝

Մինչեւ բացւի սրտիս պէս, դէպի Մասիս մեր ճամբան.

Հասի´ր, ասա´ հայերին՝ կուլ չգնայ վայերին, --

Անմահութեան նման տուր հայոց լեզուն հայերին.

Ամերիկա սլացիր, հասիր այնտեղ իմ ճիչով,

Ուր հայ լեզուն է խեղդում Նիագարան իր գոչով...

Հասի´ր, ասա, ո´վ հայեր, Մայր Արաքսը դեռ լացով

Ձեր գալուն է սպասում , որ ինքն էլ գայ, դառնայ ծով,

Իր Մասիսն էլ տուն բերէ, բերէ ծովն էլ իր Վանա՝

Սրբէ արցունքն աչքերի ծովացումով Սեւանա:

Իմ արծւաթեւ աղաւնի, թեւաւորիր իմ մուսան՝

Ա´ռ իմ սիրտը կտուցիդ՝ տար հայ վէրքին բալասան,

Թռի´ր երկիրն իմ հայոց, հասիր մինչեւ Վանա ծով,

Ասա՝ Սեւան քոյրիկդ քեզ է կանչում մօր լացով,

Քո կարօտից մի աչքը ցամաքել է, չորացել...

Այն որ ճամբայ էր նաւի՝ ոտքի ճամբայ է դարձել...

Սեւանն այստեղ է լալիս, այնտեղ՝ ծովակն իր Վանա,

Թէ ե՞րբ պիտի իր քոյրը իր քրոջը միանայ...

 

Հասի´ր, իմ սուրբ սուրհանդակ,

Հայ կայ համայն լուսնի տակ, --

Հասի´ր, ասա՝ ո´վ հայեր, այցիս խորհուրդն հասկացէք,

Լեզւաժխոր սփիւռքում, հայեր քիչ էլ հայ կացէք,

Հայոց ազգի սուրբ անունն արեւ պահէք լուսնի տակ, --

Երիտասարդ հայութիւն, դու ես յոյսը մեր միակ:

Չհարսանաք օտարին, տուն չբերէք օտար կին...

Ձեր կեանքը՝ վար, վեր պահէք հայոց լեզուն մեր անգին...

Օրօրեցէք օրոցքներն հայոց լեզւով մեր անշէջ,

Մեծասքանչ մեր լեզւով, որ անզոյգ է աստղաց մէջ:

Մեզ Աստւած է հայ ծնել, թէ չլինենք մենք ցրւած,

Հայոց ազգի ճակատին անմահութիւն է գրւած, --

Քիչ ենք, իրաւ, բայց հայ ենք, ջուր չխառնենք մեր կաթին...

Որ չմթնի մեր աստղը Արագածի գագաթին...

Չհարսանաք դուք այլոց, լաւ իմացէք, որ բարի

Հայրենիքի փուշն՝ անուշ, դառն է վարդն էլ օտարի,

Երիտասարդ հայութիւն այս մէկը լաւ իմանաս,

Թէ կին բերես օտարին, կնոջ կինը կը դառնաս.

Կաթ չի դառնայ հայ լեզուն, օտար կնոջ ստինքին,

Օտար ստինքն օձ է կոյր, Հայոց մանկանց շրթունքին

...Երիտասարդ հայութիւն, դու կը կորչես յաւիտեան՝

Թէ մոռանաս հայ լեզուն, թէ չմտնես Հայաստան...

Թէ օտարի հողը հերկես, օտարի կոյսը գրկես,

Թէ քո հրաշք ձեռքերից Վանա հողը դեռ զրկես,

Թէ միշտ օտար երգ երգես, թէ հայ լեզուն չփրկես՝

Ազգիդ սրտին կը զարկես, ա՜խ, թէ զարկես մահս՝ քեզ...

Անտառւեցէք բազուկներ, Արարատի կուրծքն ի վեր,

Մինչեւ բացւեն Մասիսի ճամբաները կենսաբեր,

Մինչեւ երկու քոյրերը՝ Սեւանա ծով -- Վանա ծով,

Մեզնով իրար գիրկ ընկնեն երջանկութեան մեր լացով. --

 

Յուլիս 1962

Երեւան,

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԻ ԻՄԱՍՏԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

(Ս. Բաբայան)

 

ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱՇԽԱՐՀ

 

Աշխարհում գոյություն ունեցող գրերի թիվը հասնում է տասնյակների (եթե ոչ հարյուրների): Դրանցից մի մասը տարբեր պատճառներով դուրս է եկել օգտագործման ոլորտից, իսկ մյուս մասը շարունակում է մշտապես ծառայել մարդկանց` նրանց գործունեության տարբեր ոլորտներում: Չնայած մարդիկ գրերն օգտագործում են շատ հաճախ (համարյա թե ամեն օր), սակայն երբեք չեն մտածում այն մասին, թե ի՞նչ են իրենցից ներկայացնում տառանշանները, զարգացման ի՞նչ ճանապարհ են անցել նրանք, մինչեւ ժամանակակից տեսքն ընդունելը, ի՞նչ իմաստ է դրված եղել սկզբնապես նրանց հիմքում եւ ինչու՞ են նրանք դասավորված այբուբենում այսպիսի հերթականությամբ դեւ ոչ մեկ ուրիշ: Թվում է, թե այս հարցերի պատասխանները երբեք չեն գտնվի, քանի որ այբուբենները ստեղծվել են հեռավոր` մոռացված անցյալում: Սակայն, մարդկային միտքը` թափանցելով բնության, տիեզերքի եւ միկրոաշխարհի գաղտնիքների մեջ, ստեղծելով ժամանակակից օդային եւ ջրային նավեր, արբանյակներ, հաշվիչ մեքենաներ, ռոբոտներ եւ գիտության ու տեխնիկայի այլ սարքավորումներ, չի կարող աչքաթող անել անցյալից մնացած գրավոր հուշարձանները: Չբացահայտված որեւէ բան ժամանակի ընթացքում բացահայտվում է: Ճիշտ է, դրա համար հաճախ պահանջվում են գիտնականների բազմաթիվ սերունդների ջանքեր, իսկ ամեն հարյուր տարի, իսկ որոշ դեպքերում ավելի երկար ժամանակահատված: Դա պայմանավորված է ոչ միայն հիմնահարցերի բարդությամբ, այլեւ նրանց արդիականությամբ: Չէ՞ որ, նույնիսկ, միայն ֆիզիկայի հայտնագործություններից շատերը պահանջեցին ամբողջ աշխարհի գիտնականներից ստեղծագործական ջանքերի միասնական առավելագույն լարում:

 

Գիտության ամեն մի բնագավառ` կախված արդիականությունից, անցել է իր յուրահատուկ զարգացումը` մշտապես փոխազդեցության մեջ լինելով այլ բնագավառների հետ: Սակայն գրավոր մշակույթի պատմությամբ զբաղվող գիտնականների թիվը շատ չնչին է, քանի որ այդ բնագավառը գտնվում է հնեաբանության, պատմության եւ լեզվաբանության հատման տեղում: Այս պատճառով էլ այն երբեք չի եղել արդիական, եւ այս բնագավառում դեռեւս պահպանվել են շատ ու շատ չբացահայտված գաղտնիքներ:

 

Այս տողերի հեղինակին բախտ է վիճակվել թափանցել Մեծ Մեսրոպ Մաշտոցի կողմից ստեղծված հայոց այբուբենի գաղտնիքների մեջ: Նրա առաջ բացվել են այն աշխարհը, աշխարհայացքը եւ փիլիսոփայությունը, որոնք ընկած են մեսրոպյան այբուբենի հիմքում: Մաշտոցի կողմից տառանշանների ստեղծման մեխանիզմը եւ ալգորիթմը այնքան էլ բարդ չեն, ինչը մեկ անգամ եւս հաստատում է հայտնի ճշմարտությունն այն մասին, որ ամեն մի հանճարեղ միաժամանակ պարզ է, սակայն աշխարհընկալումը, իմաստը, որոնք դրված են նշանների հիմքում, ինչպես առանձին-առանձին, այնպես էլ ընդհանրության մեջ վերցրած` չափազանց բարդ են: Առաջարկված վարկածի ճշմարտության մասին է խոսում այն հանգամանքը, որ, հեղինակին հաջողվել է` կիրառելով այդ վարկածը, բացահայտել մյուս հնագույն այբուբենների գաղտնիքները, ինչն, ընդհանրապես, ուրվագծում է հնագույն այբուբենների առաջացման ապագա տեսության եզրերը: Մեսրոպյան տառերի կառուցման այս սկզբունքը` լինելով բավականաչափ պատկերավոր, հնարավորություն կտա այբուբենը սովորող մարդկանց շատ արագ հիշել այն: Հենց այս հանգամանքն է, որ ստիպեց հեղինակին ձեռնարկել գրքի գրելը:

 

Գալիս է պահը եւ երեխան իր փոքրիկ ձեռքերով վերցնում է այբբենարանը, որպեսզի, մոլորվելով տառերի անտառում, ճանաչի մայրենի լեզվի հնչյունները: Ամեն տարի հազարավոր հայ երեխաներ, որոնք սփռված են աշխարհի չորս կողմերում, սովորում են մեսրոպյան հրապուրիչ եւ բարեկազմ այբուբենը, որպեսզի դրա միջոցով ճանաչեն ինչպես հնչեղ եւ հարուստ հայոց լեզուն, այնպես էլ շրջակա աշխարհը, գիտության ու մշակույթի արժեքները: Այբուբենին ծանոթանում են նաեւ այն բազմաթիվ մեր հայրենակիցները, որոնք դաժան ճակատագրի բերումով զրկված են եղել մայրենի լեզվով սովորելու հնարավորությունից: Հայոց լեզուն ուսումնասիրվում է նաեւ տարբեր երկրների հայագիտության ամբիոններում: Սովորում են նաեւ լեզվաբանները եւ դիվանագետները, որոնց հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ առաջացել է վերջին տարիներին: Եթե քաղաքագետների եւ դիվանագետների հետաքրքրությունն առաջացել է Արցախյան հիմնահարցի հետ կապված ազգային հզոր վերելքի պատճառով, ապա պատմաբանների եւ լեզվաբանների հետաքրքրության պատճառն այլ է, բայց նույնպես շատ նշանակալից: Դա Իվանովի եւ Գամկրելիձեի առաջարկած` հնդեվրոպացիների ծագման նոր տեսությունն է: Համաձայն այդ տեսության, հնդեվրոպական ժողովուրդների նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, այն տարածքը, որն ընկած է Վանա եւ ՈՒրմիա լճերի միջեւ, որտեղից մի քանի հազար տարի առաջ հնդեվրոպացիները սփռվել են դեպի Արեւմուտք` Եվրոպա, եւ դեպի Արեւելք` Պարսկաստան եւ Հնդկաստան: Այս տեսությունը, որը հայտնի լեզվաբանների կողմից շարադրված է երկու մեծածավալ հատորներում` հագեցված լեզվաբանությունից, պատմությունից եւ այլ բնագավառներից վերցրած բազմաթիվ փաստերով, գիտնականներին ստիպում է նոր տեսանկյունից դիտարկել պատմական եւ մշակութային բազմաթիվ գործընթացները: Համապատասխանաբար, հայ ժողովրդի եւ Հայաստանի ծագման հիմնահարցը գիտնականներից պահանջում է հրաժարվել անցյալում ընդունված շատ ու շատ դոգմաներից: Ամեն դեպքում Հայաստանի հնագույն պատմությունը եւ հայոց լեզուն դեռ երկար կմնան այն լեզվաբանների, պատմաբանների, ազգագրագետների ուշադրության կենտրոնում, որոնք զբաղվում են հնդեվրոպացիների ծագման հիմնահարցերով, իՆչից մեր ազգային գիտությունը կարող է միայն ու միայն շահել:

 

Սակայն վերադառնանք մեզ հետաքրքրող բուն թեմային` այբուբենին եւ նրա կառուցման սկզբունքին: Այս գրքում մենք համառոտակի եւ մատչելի կշարադրենք այդ սկզբունքը, որը, լինելով ինքնին հետաքրքիր եւ պարունակելով մեծ ծավալի գիտական տեղեկություններ, թույլ է տալիս նկատել բոլոր տառանշանների կառուցվածքը, նրանց նմանությունները եւ տարբերությունները, կարգավորվածությունը եւ անվանումները: Այս ամենը, ընդհանուր առմամբ, օգնում է հեշտ հիշել հայոց տառերը, ինչը պետք է հետաքրքրի բոլոր նրանց, ով պատրաստվում է ուսումնասիրել լեզուն, ու նաեւ նրանց, ում հետաքրքրում է Հայաստանի պատմությունը եւ մշակույթը: Դա առավել եւս կարեւոր է դառնում, եթե հաշվի առնենք, որ երբեմն մամուլում, հայտագրերում (աֆիշներ) եւ հայտարարություններում օգտագործում են այնպիսի տառատեսակներ, որոնք ոչ թե հեշտացնում, այլ դժվարացնում են ընթերցումը: Լույս են տեսնում նաեւ հատուկ նկարազարդ այբբենարաններ, որոնք հեղինակների մտայնությամբ պետք է դյուրացնեն այբուբենի հիշելը, սակայն իրականում բերում են հակառակ արդյունքի, որովհետեւ օգտագործած տառատեսակը եւ նկարազարդումները շատ անհաջող են ընտրված: Այս փաստերը նույնպես դրդեցին հեղինակին շարադրել իր կողմից բացահայտած հայոց այբուբենի կառուցման սկզբունքը, որը կհետաքրքրի նաեւ պլակատի եւ տառատեսակների նկարիչներին: Այս նպատակին հասնելու համար երբեմն ստիպված ենք լինելու ընկղմվել այդ հեռավոր ժամանակաշրջանի պատմական մթնոլորտի մեջ, որպեսզի ընթերցողը որոշ պատկերացում ստանա հայոց այբուբենի ստեղծման շարժառիթների եւ նպատակի մասին եւ ընդհանուր գաղափար կազմի գրավոր մշակույթի պատմության մասին:

Edited by Ashot
Link to comment
Share on other sites

ԳՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

 

Մարդկության զարգացման պատմության մեջ գրերը խաղացել են չափազանց մեծ դեր: Նրանք իրենցից ներկայացնում են մի հզոր շարժիչ ուժ գիտության եւ մշակույթի զարգացման գործում: Գրերի շնորհիվ է, որ հնարավորություն ունենք օգտագործելու գիտելիքների այն մեծ պաշարը, որը մարդկությունը կուտակել է իր գործունեության բոլոր ոլորտներում:

 

Գիրն ի հայտ է եկել մարդկության զարգացման որոշակի փուլում եւ ունի մի քանի հազար տարվա պատմություն: Հեռավոր տարածությունների վրա հաղորդակցվելու, գիտելիքները պահպանելու եւ հաջորդ սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունն էր, որ կյանքի կոչեց գիրը: Ձայնային լեզվի նկատմամբ այն լրացուցիչ հաղորդակցման միջոց է հանդիսանում: Գրի հայտնվելը ինքնին մտածելակերպի որակական փոփոխության վկայություն է, քանի որ պահանջում էր գիտակցության եւ ուշադրության որոշակի լարում: Գիրը, փաստորեն, մարդու ստեղծագործական գործունեություն է: Գրերի պատմությունը սերտորեն կապված է լեզվի զարգացման, ժողովրդի պատմության եւ մշակույթի հետ: ՈՒստի գրերի ուսումնասիրությունը տեղեկությունների աղբյուր է ինչպես լեզվի, պատմության, մշակույթի, այնպես էլ մշակույթների փոխադարձ կապերի եւ ազդեցությունների մասին:

 

Իրենց զարգացման ճանապարհին գրերն անցել են մի քանի փուլեր: Այդ փուլերը որոշվում են գրերի տեսակներով, որոնք իրենց հերթին պայմանավորվում են այն հանգամանքով, թե ձայնային լեզվի որ տարրերն են (ամբողջական նախադասություններ, բառեր, վանկեր, հնչյուններ) ծառայել որպես միավոր: Գիտնականները սովորաբար տարբերում են գրերի չորս տեսակները. պատկերագրային, գաղափարագրային, վանկային եւ հնչյունա-տառային, չնայած նրանց միջեւ միշտ չէ, որ եղել են հատուկ սահմաններ եւ, հետեւաբար, գոյություն են ունեցել նաեւ անցումային տեսակներ:

 

Խոսելով գրերի տեսակների մասին, պետք չէ պատկերացնել, թե անցումը մեկից` մյուսը, թեկուզ եւ նույն ժողովրդի մոտ, եղել է հարթ եւ անընդհատ: Ավելի հաճախ անցումները բարդ բնույթ են կրել եւ երբեմն նույնիսկ ընդհատվել երկար ժամանակով: Որոշ ժողովուրդների մոտ գրի տեսակը պահպանվել է երկար ժամանակ, չվերափոխվելով մեկ ուրիշ տեսակի (օրինակ, չինացիների հիերոգլիֆները), իսկ մեկ ուրիշ ժողովուրդ էլ գրի տեսակը ընդօրինակել է ավելի առաջավոր ու կատարյալ տեսակից եւ հարմարեցրել սեփական լեզվին: Այդպես են վարվել հույները, որոնք, վերցնելով փյունիկյան այբուբենը, ձեւափոխել եւ կատարելագործել են այն (աշխարհում առաջին անգամ տառանշաններ օգտագործելով ձայնավորների համար): Բայց դա չի նշանակում, թե մինչ այդ հույները գրեր չեն ունեցել: Նույն ձեւով են վարվել Եվրոպայի ժողովուրդները` լատինական այբուբենը հարմարեցնելով իրենց մայրենի լեզուներին: Այդպես են վարվել նաեւ աշխարհի շատ ու շատ ժողովուրդներ: Գրի տեսակը կարող էր նաեւ բռնի պարտադրվել կախյալ ժողովրդին իշխող ժողովրդի կողմից: Խոսելով գրի այս կամ այն տեսակի առաջացման մասին, պետք է հաշվի առնել նաեւ նրա անհրաժեշտությունը տվյալ դարաշրջանում: Չէ՞ որ հին պետություններում գրերը գտնվում էին քրմերի եւ հոգեւորականների ձեռքում եւ ժողովրդի մեջ դրանք լայնորեն տարածելու անհրաժեշտություն չկար:

 

Հայաստանը` գտնվելով միշտ հնագույն քաղաքակիրթ աշխարհի խաչմերուկում, ունեցել է գրերի բոլոր տեսակները` պատկերագրեր, հիերոգլիֆներ, սեպագրեր եւ, վերջապես, այբուբեն, չնայած դրանց միջեւ հարթ, անընդհատ անցում չի եղել: Սեպագիրն, օրինակ, վերցվել է ասորիներից, ձեւափոխվել եւ կատարելագործվել: Դա Հայաստանի պատմության, այսպես կոչված, ուրարտական շրջանն է: Դրանից հետո, սկսած Մեծ Ալեքսանդրի արշավանքներից, գալիս է հելլենիզմի դարաշրջանը, երբ ամենուրեք, այդ թվում եւ Հայաստանում, օգտագործվում էր հունական այբուբենը: Մինչեւ այժմ էլ գիտնականները վիճում են` եղե՞լ են արդյոք նախամաշտոցյան գրեր, նկատի ունենալով գրի այբբենական տեսակը: Այս բնագավառում չպարզված շատ հարցեր կան: Ամեն դեպքում Մաշտոցի գործունեությանն անմիջապես նախորդող ժամանակաշրջանում Հայաստանում գոյություն չի ունեցել ազգային այբուբեն: Հայկական դպրոցներում օգտվել են հունական եւ սիրիական լեզուներից:

Link to comment
Share on other sites

ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայոց այբուբենի ստեղծման մասին պատմում են մեզ, նախ եւ առաջ, Մաշտոցի սիրված աշակերտներից Կորյունը` իր "Վարք Մաշտոցի" գրքում, եւ Մովսես Խորենացին` իր "Հայոց պատմություն" գրքում: Մյուս պատմիչներն օգտվել են նրանց կողմից բերված տեղեկություններից: Նրանցից մենք իմանում ենք, որ Մաշտոցը ծնվել է Տարոն աշխարհի Հացեկաց գյուղում` Վարդան անունով բարեհամբավ եւ առաքինի մարդու ընտանիքում: Մանուկ հասակում սովորել է հունարենը: Հետագայում` գալով հայոց Արշակունիների արքունիք, գործի է անցնում որպես գրագիր եւ թագավորական հրամանների կատարածու: "Մաշտոց" անունը հնագույն ձեւով հիշատակվում է որպես "Մաժդոց": Հայտնի պատմաբան Ղ. Ալիշանը այն բխեցնում է "Մազդ" արմատից, որն, ըստ նրա, պետք է ունենար "սուրբ" իմաստը: "Մաժդ", "Մազդ" արմատը կարելի է նկատել "Արամազդ" եւ "Մաժան" (Մաժ(դ)ան-ը դ-ի հետագա զեղչմամբ) անուններում: Խորենացու մոտ վերջինս հիշատակվում է որպես բարձրագույն քրմի անուն: Մեր կարծիքով ճիշտ է Ա. Մարտիրոսյանի ենթադրությունն այն մասին, որ "Մաշտոց" անունը կապված է հեթանոսական-քրմական ժամանակաշրջանի նրա տոհմանունի հետ: Հայտնի է, որ հայերի կողմից քրիստոնեությունն ընդունելուց հետո, քրմերի զավակները ծառայության տրվեցին քրիստոնեական եկեղեցիներում: Ալբիանների նշանավոր տոհմն ուներ քրմական ծագում (հայկական եկեղեցական դինաստիա): Նույն ծագումը կարող էր ունենալ Վարդանի տոհմը, իսկ "Մաշտոց" անվանումը, համապատասխանաբար, կարող էր լինել տոհմի հին անվան հիշատակը: Անվիճելի է, որ Մաշտոցի տոհմը պատկանում էր բարձր դասին, որի վկայությունն են նրա կրթությունն ու գործունեությունն արքունիքում: Կորյունը գրում է. "Նա տեղյակ ու հմուտ էր աշխարհական կարգերին, իր զինվորական արվեստով սիրելի էր դարձել իր զորականներին":

 

Այսպես է սկսվում նրա հիմնական գործունեությունը, այսպես է նա մտել եկեղեցու պատմություն որպես երկրորդ լուսավորիչ: Նրա լուսավորչական գործունեության, իսկ հետագայում էլ այբուբենի ստեղծման շարժառիթները հասկանալու համար պետք է պատկերացնել այն իրավիճակը, որում հայտնվել էր Հայաստանը իր պատմության այդ շրջանում, եւ նրա ներսում ու նրա շուրջ տիրող մթնոլորտը:

 

Հայաստանը գտնվում էր երկու հզոր տերությունների` Արեւելահռոմեական կայսրության եւ Պարսկաստանի միջեւ: III դարում Պարսկաստանում Արշակունիների փոխարեն իշխանության եկավ Սասանյանների դինաստիան, որը մտադրություն ուներ կատարել կրոնական վերափոխում: Շապուհ I-ի օրոք Պարսկաստանում պետական կրոն է դառնում զրադաշտությունը: Պարսկաստանը միտք ուներ այդ կրոնը պարտադրել Հայաստանին, թեկուզ եւ բռնի ուժով: Որպես պատասխան քայլ 3Օ1 թ. Հայոց Տրդատ թագավորը քրիստոնեություն ընդունեց: Այդ առիթով, Մարտիրոսյանը դիպուկ նկատում է. "Հայաստանի քրիստոնեացումը III դարի վերջում - IV-ի սկզբում պատասխան էր Պարսկաստանում կատարված կրոնական վերափոխման: Թե' Պարսկաստանում, եւ թե' Հայաստանում այդ կրոնները մտցվել են թագավորական հատուկ հրամանով, որպես քաղաքական կամքի դրսեւորում: Առաջին դեպքում կրոնը քարոզում էր բռնություն, իսկ երկրորդ դեպքում` պաշտպանություն:

 

387թ. Բյուզանդիան եւ Պարսկաստանը միմյանց մեջ են բաժանում Հայաստանը: Հայ ժողովուրդը չի ուզում հաշտվել իր այդ վիճակի հետ: Հայոց Արշակունիների դինաստիան ձգտում էր վերականգնել իր թագավորության ամբողջականությունը: Նրա միակ դաշնակիցն այդ գործում Հայոց եկեղեցին էր, քանի որ նախարարները զբաղված էին իրար դեմ մղվող պառակտիչ պատերազմներով: Այսպիսով, եկեղեցին այն հաշտարար ուժն էր, որ` կանգնելով միմյանց դեմ պայքարող նախարարների միջեւ, կարող էր ոտքի հանել ժողովրդին: Այս պահին է ծնվում քրիստոնեությունն ազգայնացնելու գաղափարը: Չէ՞ որ քրիստոնեությունը` Միջագետքից Հայաստան մուտք գործելով, հելլենիզմի պայմաններում քարոզվում էր օտար լեզվով եւ այդ պատճառով հասկանալի չէր ժողովրդին: Առաջացավ հայոց լեզվով ազգային-քրիստոնեական գրականություն ստեղծելու անհրաժեշտություն: Եթե մի ամբողջ դար քրիստոնեության ընդունումից հետո եկեղեցին, համաձայն իր աշխարհաքաղաքական ուղղվածության, ազգային գրերի կարիքը չուներ, ապա այժմ, երկրի բաժանումից հետո, ամեն ինչ փոխվում էր` եկեղեցին ձգտում էր ազգայնացվել, որպեսզի դառնա հասարակությունը միավորող միջուկ: Հենց այս ժամանակ է առաջանում ազգային գրերի անհրաժեշտությունը:

 

Այսպիսով, Հայաստանի քաղաքական վիճակն է ստիպում Մաշտոցին թողնել ծառայությունն արքունիքում եւ դառնալ անապատական (отшельник): Նա զրադաշտության դեմ ուղղված ստեղծագործություններ է պատվիրում ժամանակի ամենահայտնի մարդկանցից մեկին` Թեոդորոս Մոմսուեթացուն: Միաժամանակ նա ուղեւորվում է Գողթն գավառ, որը գտնվում էր Պարսկաստանի սահմանների անմիջական հարեւանությամբ եւ, հետեւաբար, պարսկական առավել ուժեղ ազդեցության տակ էր: Այս առիթով Ա. Մարտիրոսյանն իր գրքում հանգում է հետեւյալ մտքին. "Մաշտոցը թողնում է արքունիքը ոչ թե հիասթափության պատճառով, այլ որոշակի մտադրությամբ, այն է. պայքար կազմակերպել պարսկական ազդեցության եւ զրադաշտության ուժեղացման դեմ Հայաստանի այն մասում, որն անցել էր Պարսից տիրապետության տակ" եւ եզրակացնում. "այսպիսով, չնայած իր քարոզչական գործունեությունը սկսեց քրիստոնեության տարածման նպատակով, սակայն նաեւ զրադաշտության դեմ պայքարելու ակնհայտ մտադրությամբ` քրիստոնեությունն արդեն արմատավորվել էր Հայաստանում եւ մի ամբողջ դար գոյություն ուներ որպես պետական կրոն, այնպես որ այն քարոզելու առանձնապես մեծ անհրաժեշտություն չկար, եթե չլիներ այդ հարցը: Քրիստոնեությանը պետք էր տալ հատուկ ուղղվածություն` գրգռելով զրադաշտության դեմ, մի ուսմունքի, որի կրողը թշնամական պարսկական պետությունն էր: Կրոնական ուսմունքը վերածվում էր զենքի": Մաշտոցը տեսնում էր, որ քարոզչական գործունեությանն ուղղված իր մեծագույն ջանքերը շոշափելի արդյունքներ չեն բերում, եւ, հետեւաբար, անհրաժեշտ էր գտնել պայքարի նոր` լրացուցիչ միջոց: Որպես այդպիսին կարող էր հանդես գալ ազգային գրականությունը: Ըստ Կորյունի, Գողթնում տարած իր գործունեությունից հետո Մաշտոցը "մտքում դրեց ավելի հոգալ նույնպես համայն աշխարհի (հայոց - Ս.Բ.) ժողովրդին մխիթարելու մասին, ուստի եւ ավելացրեց մշտամռունչ աղոթքն ու բազկատարած պաղատանք առ Աստված եւ անդադար արտասուքը, մտաբերելով առաքյալի խոսքը. եւ ասում էր հոգալով. "Տրտմություն է ինձ համար, եւ անպակաս են իմ սրտի ցավերն իմ եղբայրների եւ ազգակիցների համար":

 

Եվ այսպես` պաշարված տխուր հոգսերով, կարծես թե մտորումների ցանցով պարուրված, նա ընկել էր դժվարագույն, օրհասական դրությունից ելք գտնելու մասին մտածմունքների հորձանուտը: Երեւի թե, այս պահին նրա մոտ առաջացավ ազգային այբուբենի ստեղծման մասին փրկարար միտքը: Նա կիսեց այդ մտորումները Սահակ Պարթեւի հետ, որը բարեմաղթեց դրանք եւ օգնելու պատրաստակամություն հայտնեց:

 

Որոշվեց հրավիրել եկեղեցական ժողով, բարձրագույն հոգեւորականության համաձայնությունը ստանալու նպատակով: Կորյունը վկայում է. "Շատ հարցուփորձով ու որոնումով պարապեցին եւ շատ նեղություններ կրեցին. հետո եւ իրենց առաջուց ուզած բանի մասին իմաց տվեց Հայոց թագավորին, որի անունը Վռամշապուհ էր կոչվում": Թագավորը, որը գտնվում էր երկրի սահմաններից դուրս, վերադառնալով` Մաշտոցին, Սահակին եւ մյուս հոգեւոր հայրերին գտավ այբուբենի ստեղծման հոգսերով տարված: Այստեղ թագավորը պատմեց, որ Միջագետքում գտնվելու ժամանակ հոգեւորական Աբելից իմացել է սիրիական եպիսկոպոս Դանիելի մոտ պահվող գրերի մասին, որոնք Դանիելը գտել է պատահականորեն, եւ իբր թե դրանք հայկական հին, մոռացված գրեր են: Իմանալով այս մասին, ժողովը խնդրեց թագավորին սուրհանդակ ուղարկել այդ գրերը բերելու համար: Այդպես էլ արվեց: Թագավորը, Մեսրոպը եւ Սահակը` ստանալով ցանկալի գրերը, շատ ուրախացան: Բոլոր գավառներից մանուկներ հավաքեցին գրերը սովորեցնելու համար: Սովորեցնելուց հետո թագավորը հրամայեց, նրանք գնան եւ բոլոր գավառներում սովորեցնեն այդ գրերը: Կորյունը պատմում է. "...եւ մոտ երկու տարի իր ուսուցչությունն արեց ու նույն նշանագրերով տարավ: Իսկ երբ հասկացան, որ այդ նշանագրերը բավական չեն հայերեն լեզվի սիղոբաներ-կապերն ամբողջությամբ արտահայտելու համար,... ապա դարձյալ երկրորդ անգամ նույն հոգսի մեջ ընկան...": Դրա պատճառով գրերն այլեւս չօգտագործվեցին: Այսպիսին է, այսպես կոչված, Դանիելյան գրերի պատմությունը, որը, ցավոք սրտի, տեղ չի գտել պատմագրության մեջ, եւ այդ պատճառով գիտնականների շրջանում մինչեւ այժմ էլ բազմաթիվ ավելորդ վիճահարույց հարցեր են քննարկվում: Առաջին` ինչ իմաստ պետք է տալ "գտավ" արտահայտությանը: Նա գրերը գտավ հին մատյաններում, թե՞ ինքը ստեղծեց: Երկրորդ` եթե նա դրանք գտավ մատյաններում, ապա արդյո՞ք դրանք հին հայկական, մոռացված գրեր էին, թե՞ դրանք արամեական գրեր էին, որոնց նա սխալմամբ հայկականի տեղ դրեց (սիրիական լեզվում "արամեական" եւ "հայկական" խոսքերը համարյա թե նույն ձեւով են գրվում): Հր. Աճառյանը գտնում է, որ դրանք կարող էին լինել հայկական հին գրեր, որոնք IV-V դարերում արդեն չէին գործածվում: Այս բոլորը ենթադրություններ են, որոնք չեն պարզում իրական պատկերը: Չպարզվեց այն նաեւ Ս. Մուրավյովի կողմից առաջադրված այն վարկածից հետո, որը մենք դեռ կբերենք ստորեւ:

 

Թողնենք Դանիելյան գրերը, որոնց մասին մենք դեռ կխոսենք եւ հետեւենք Մաշտոցի հետագա քայլերին: Մովսես Խորենացին պատմում է. "Սրանից հետո ինքը` Մեսրոպը, աշակերտներով իջնում է Միջագետք նույն Դանիելի մոտ, եւ նախկինից ավելի բան չգտնելով` անցնում է Եդեսիա": Գտնվելով մշակութային կենտրոններից մեկում` Եդեսիայում, այցելում է տեղի գրադարանը, որտեղ, հավանաբար, գրերի եւ նրանց կառուցման սկզբունքների մասին հին աղբյուրներ կային (այս միտքը թվում է համոզիչ, քանի որ ընթերցողների դատին ներկայացվող սկզբունքում պարունակվում է գրերի մասին գոյություն ունեցող հնագույն հայեցակետը): Անհրաժեշտ սկզբունքը եւ կառուցման գրաֆիկան որոշ ժամանակ փնտրելուց հետո Մաշտոցը վերջապես հասնում է իր նպատակին` ստեղծում է հայոց այբուբենը: Նա ոչ միայն հետեւեց այբուբենների կառուցման հնագույն, գաղտնի սկզբունքներին, այլեւ կատարելագործեց դրանք: Արդյունքում ստեղծվեց թե' գրաֆիկայի եւ թե' հնչունաբանության տեսակետից յուրահատուկ եւ կատարյալ այբուբեն, ինչը ընդունվում է բազմաթիվ հայտնի գիտնականների կողմից: Նույնիսկ ժամանակը չկարողացավ շոշափելի ազդեցություն թողնել նրա վրա:

 

Խորենացին իր "Հայոց պատմության" մեջ այսպես է նկարագրում Մաշտոցի կողմից այբուբենի ստեղծման բուն գործողությունը. "Եվ տեսնում է ո'չ երազ քնի մեջ, ո'չ տեսիլք արթնության մեջ, այլ սրտի գործարանում նրա հոգու աչքերին երեւում է աջ ձեռքի թաթ` քարի վրա": Այստեղ բերված է Մաշտոցի պայծառատեսության պահի զարմանալի նկարագիրը (հայտնի է, որ պայծառատեսությունը աջակցում է ստեղծագործական հայտնագործության, որը կատարվում է ուղեղի ամենաբարձր լարման պահին): Դա նման է գիտության պատմության մեջ հայտնի դեպքերին: Համեմատելու համար վառ օրինակ է հանդիսանում էլեմենտների պարբերական համակարգի Մենդելեեւի հայտնագործությունը: Այս օրինակից մեզ պարզ է դառնում Խորենացու մոտ "աման" բառի իմաստը` դա համակարգ է, որի մեջ հավաքված են մեսրոպյան այբուբենի բոլոր տառերը: Այս կապակցությամբ անհրաժեշտ է ընդգծել մի կարեւոր միտք. եթե Մաշտոցը հայտնագործություն է արել (իսկ դա ոչ ոք չի կասկածում), եւ իր առջեւ երեւաց այբուբենի ամբողջ աղյուսակը` տառերով, ապա անհրաժեշտ է բոլոր տառանշանները տրամաբանական համակարգում կապող սկզբունքի գոյություն: Չէ՞ որ անկապ նշանների հավաքածու, առաջին` անհնար է բացահայտել, իսկ երկրորդ` երկար որոնում չի պահանջում: Եվս մեկ հանգամանք: Որքան էլ անձնական, սուբյեկտիվ լինի այդ սկզբունքը, այն պետք է համապատասխանի հնագույն այբուբենների կառուցման սկզբունքներին, եւ, հետեւաբար, արտացոլի ընդհանրապես գրի, եւ մասնավորապես այբուբենների օբյեկտիվ էվոլյուցիան: Հենց դա հաշվի չեն առել որոշ հետազոտողներ, երբ պնդում էին, թե Մաշտոցի գլխավոր վաստակն այն է, որ նա բացահայտեց հայոց լեզվի բոլոր հնչյունները, իսկ գրաֆիկան, նշանները, նշանակություն չունեն: Իսկ Ա. Մարտիրոսյանը նույնիսկ մի դեպք է բերում, երբ հոլանդացի գիտնական Գրոտը մի ինն տարեկան աղջկա առաջարկել է նոր գիր հնարել, եւ նա դա արել է երեք րոպեի ընթացքում: Պարզ է, որ այս դեպքում եղել է պատահական նշանների հավաքածու: Այս խնդիրը շատերը կարող են լուծել ավելի արագ: Եթե լեզվաբանների տեսակետից այդպիսի պնդումը ճիշտ է, ապա գրավոր մշակույթի պատմության տեսակետից այն սխալ է:

 

Այսպիսով, ըստ Կորյունի, Մաշտոցը Եդեսիայում ստեղծեց հայոց այբուբենը, կարգավորեց եւ անվանումներ տվեց տառերին: Ավարտելով իր առաքելությունն Եդեսիայում, նա ուղեւորվեց սիրիական մեկ այլ քաղաք` Սամոսատ, ուր մինչ այդ ուղարկել էր իր աշակերտների մի մասին` հունարեն սովորելու նպատակով: Այդ ուղեւորության մասին Կորյունը պատմում է. "Եվ ապա իջան Սամոսատ քաղաք, ուր մեծապատիվ կերպով մեծարվեց եպիսկոպոսից եւ եկեղեցուց: Եվ հենց այնտեղ, նույն քաղաքում գտան հելլենական դպրության մի գրագիր, Հռոպանոց անունով, որի ձեռով նշանագրերի բոլոր զանազանությունները` բարակ ու հաստ, կարճ ու երկար, առանձին ու կրկնավորը ամբողջապես հորինելուց ու վերջացնելուց հետո` ձեռնարկեց թարգմանություն անելու երկու մարդու, իր աշակերտների հետ...

 

Եվ սկսեց թարգմանել [սուրբ] գիրքը` նախ Սողոմոնի առակներից, որ սկզբում հենց հանձնարարում է ծանոթ լինել իմաստության":

 

Այդ պատմությունից պարզ է դառնում Սամոսատ մեկնելու նպատակը` նորաստեղծ տառերին անհրաժեշտ էր տալ գեղեցիկ տեսք գեղագրության բոլոր օրենքներին համաձայն: Այսպիսով, նորաստեղծ տառերով գրված անդրանիկ նախադասությունն եղավ առակների գրքի առաջին նախադասությունը. "Ճանաչել իմաստությունը եւ խրատը, իմանալ հանճարի խոսքերը": Ավարտելով իր գործունեությունը Սամոսատում, Մաշտոցն իր աշակերտների հետ բռնում է տունդարձի ճանապարհը: Նրա վերադարձը հայրենիքում առաջացրեց մեծագույն ուրախություն ու ոգեւորություն: Համաձայն Կորյունի, երբ թագավորին ու կաթողիկոսին լուր հասավ, որ Մաշտոցը վերադառնում է հայրենիք` իր հետ բերելով նոր գրերը, մայրաքաղաք Վաղարշապատում մեծ հանդիսավորությամբ նշվեց այդ ուրախալի իրողությունը:

 

Վերադառնալուց անմիջապես հետո Մաշտոցը բուռն գործունեություն ծավալեց: Հիմնադրվեցին հայերեն լեզվով դասավանդող դպրոցներ, ուր ընդունեցին Հայաստանի տարբեր գավառներից եկած երիտասարդների: Մաշտոցը եւ Սահակ Մեծը թարգմանչական գործունեություն սկսեցին, ինչը պահանջում էր վիթխարի ջանքեր, քանի որ թարգմանում էին աստվածաբանության ու փիլիսոփայության հիմնարար գրքերը: Դրան զուգահեռ Մաշտոցը շարունակում է իր քարոզչական գործը երկրի տարբեր գավառներում: Եվ այսպես մինչեւ իր կյանքի վերջը Մաշտոցը մեծագույն կորովով շարունակում է իր գործունեությունը երեք ուղղություններով: Այսպիսին է հայոց այբուբենի ստեղծման համառոտ պատմությունը:

Link to comment
Share on other sites

ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԽԱԼԸ

 

Հայոց այբուբենի հիմնահարցով զբաղվել են շատ հայագետներ: Բազմաթիվ ուսումնասիրողներ մինչեւ վերջերս համարում էին, որ Մաշտոցը ոչ թե ստեղծել է հայոց այբուբենը, այլ ձեւափոխել հունականը (հնարավոր է եւ սիրիականը), ինչի մասին, կարծես թե եզրափակելով այս տեսակետը, ասում է այժմ հանգուցյալ ակադեմիկոս Է.Աղայանը իր "Մեսրոպ Մաշտոց" գրքում.

 

"Համարյա բոլոր հայագետներին, որոնք երբեւէ զբաղվել են մեսրոպյան այբուբենի ստեղծման հիմնահարցով, հետաքրքրել է այն հարցը, թե որ այբուբենի տառերի ձեւափոխման միջոցով է կառուցել Մաշտոցն իր տառերը": Մեր կարծիքով, հենց այստեղ է թաքնված այն սխալը, որը` վերափոխվելով դոգմայի, թույլ չի տվել ուսումնասիրողներին մոտենալ ճշմարտությանը: Հանուն արդարության պետք է ասել, որ Է.Աղայանի հիշյալ գրքում ճիշտ է ասված, թե "մեսրոպյան այբուբենի տառերի գծագրական ձեւերը որոշակի համակարգ են ներկայացնում, իսկ այդ համակարգն էլ` գծագրական որոշակի սկզբունքներ", չնայած հետո, անհասկանալի պատճառով, պնդում է "ըստ որում այդ սկզբունքներից առավել ընդհանուր բնույթ ունեցողները գտնում ենք հենց Ա տառի ձեւում": Բերված պնդումը մեծ կասկած է առաջացնում: Պարզ չէ, թե ինչպե՞ս է հնարավոր` ձեւափոխելով որեւէ այբուբենի տառերը, ստանալ նոր, յուրահատուկ այբուբեն (այստեղ նկատի ունենք տառերի գրաֆիկան) եւ որը միաժամանակ իրենից ներկայացնի որոշակի գրաֆիկական սկզբունքներ արտացոլող համակարգ: Կարծում ենք, ուսումնասիրողներին մոլորության մեջ է գցել հայոց եւ հունական այբուբենների որոշ համարժեք տառերի աննշան նմանությունը: Իսկ այն, որ հայոց տառանշանները որոշակի գրաֆիկական սկզբունքներ արտացոլող համակարգ են ներկայացնում, ապա դա համապատասխանում է իրականությանը, եւ տվյալ աշխատանքը նպատակ ունի ցույց տալ հեղինակի կողմից բացահայտված տառակառուցման սկզբունքները: Դրանք ենթարկվում են որոշակի խիստ օրինաչափությունների, որոնց պատահականությունը բացառված է, եւ, հետեւաբար, այն պետք է համապատասխանի Մաշտոցի ստեղծագործական մտայնությանը: Ընդ որում այդ սկզբունքները եւ օրինաչափությունները ոչ միայն գրաֆիկական են, այլ նաեւ` փիլիսոփայական: Նախօրոք կարող ենք ասել, որ գրաֆիկական սկզբունքները կանխորոշված են փիլիսոփայական սկզբունքներով: Մինչեւ տվյալ սկզբունքի շարադրմանն անցնելը հիշեցնենք մի վարկածի մասին, որն առիթ հանդիսացավ այդ սկզբունքի բացահայտման համար: "Литературная Армения" ամսագրի 1985թ. երկրորդ համարում տպագրվեց Մոսկվացի լեզվաբան Ս. Մուրավյովի "Մեսրոպ Մաշտոցի գաղտնիքը" աշխատանքը, որտեղ բերվում են հայոց այբուբենի տառերի մի մասին վերաբերող` նրա կողմից հայտնաբերված օրինաչափությունները: Դա հենց այն մասն է, որն ընդգրկում է միայն հունական այբուբենում իրենց համարժեքն ունեցող տառերը (հայտնի է, որ այդ տառերի եւ նրանց հունական համարժեքների դասավորությունը համընկնում են): Դա հնարավորություն տվեց Ս. Մուրավյովին առաջարկել "դանիելյան գրերի" ենթադրյալ աղյուսակը: Մեսրոպյան այբուբենի ավելացած տառերը նա դուրս է բերում այդ աղյուսակի նշաններից փոփոխությունների եւ ձեւափոխությունների միջոցով` ակամա դառնալով "ձեւափոխությունների տեսության" կողմնակից: Փաստորեն, Ս. Մուրավյովը առաջարկեց երկու վարկած` դանիելյան եւ մեսրոպյան գրերի մասին, ընդ որում, դանիելյան գրերի ենթադրյալ աղյուսակը նրան թվաց այնքան արհեստական, որ նա որոշեց, թե այն կարող է գաղտնագիր լինել: Ս. Մուրավյովի քննադատները համարում են, որ նրա դատողությունները մտացածին են, քանի որ պատմագրության մեջ դանիելյան գրերի մասին ոչ մի հետք չի մնացել: Մտացածին լինելու վերաբերյալ կարելի է ասել, որ Ս. Մուրավյովն այդ նշանները օդից չի վերցրել, այլ դուրս է բերել մեր այբուբենից, ընդ որում ոչ կամայական ձեւով, այլ այն տառերից, որոնք ունեն հունական համարժեք եւ ենթարկվում են որոշակի օրինաչափությունների: Մենք չենք կարող այս փաստի հետ հաշվի չնստել:

Link to comment
Share on other sites

ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

 

Հայկական տառերը ուշադիր դիտելիս աչքի է զարնում նրանց նմանությունը եւ միաժամանակ յուրահատուկ տարբերությունը: Օրինակ, Ա, Մ եւ Ս տառերն ունեն ընդհանուր Ս նշանը, իսկ միմյանցից տարբերվում են առաջին երկուսում եղած գծիկներով: Նույն կերպ նմանվում եւ տարբերվում են Բ, Ը, Ր տառերը: Ամեն ոք, ով ծանոթանում է մեր այբուբենին, նկատում է այդ հանգամանքը: Ակնհայտ է, որ բերված տառերը կառուցված են երկու տարրերից` առաջին եռյակում ընդհանուր է Ս նշանը, իսկ երկրորդում` Ր-ն, եւ որպես երկրորդ տարր երկու դեպքում էլ հանդես է գալիս գծիկը: Առաջին տարրերը կանվանենք հիմնական, իսկ երկրորդը` երկրորդական տարրեր: Ուշադիր մարդու մոտ պետք է առաջանան հետեւյալ հարցերը` ինչո՞ւ են որոշ տառեր կառուցված նշված ձեւով, իսկ մյուսները` ոչ, ի՞նչ ձեւով են կառուցված այդ մյուսները, գոյություն ունի՞ արդյոք որեւէ կապ, օրինաչափություն բոլոր տառանշանների միջեւ: Եվ ընդհանրապես, հետեւե՞լ է արդյոք Մաշտոցը որեւէ սկզբունքի, բանաձեւի այբուբենը ստեղծելիս: Վերեւում մենք նշեցինք, որ պետք է գոյություն ունենա որեւէ սկզբունք, որը պարփակում է բոլոր տառերը մեկ ընդհանուր տրամաբանական համակարգի մեջ: Մնում է անցնել դրա ցուցադրմանը:

 

Որպեսզի ընթերցողի համար հետաքրքիր լինի շարադրվող նյութի հետ հետագա ծանոթությունը, նա պետք է ժամանակավորապես ընդհատի ընթերցումը եւ փորձ անի, հնարավորության սահմաններում, ինքնուրույն մոտենալ իրողությանը: Դրա համար տանք կոնկրետ առաջադրանք` թող նա փորձի խմբավորել այբուբենի բոլոր տառերը ըստ հիմնական տարրերի եւ հաշվի դրանց քանակը: Ինչպես ցույց է տալիս մանրամասն քննությունը, Մեսրոպյան 36 տառերն էլ բաղկացած են երկու տիպի տարրերից` հիմնական եւ երկրորդական, այսինքն, ամբողջ այբուբենը կառուցված է մի սկզբունքով, որի մասին կխոսենք մի քիչ ուշ:

 

Եվ այսպես, անցնենք տառերի խմբավորմանը ըստ հիմնական տարրերի: Ստացվում է հետեւյալ պատկերը`

 

Ի (հիմնական տարրը I),

Լ, Վ (հիմնական տարրը Լ),

Ե, Կ, Ն (հիմնական տարրը Ն),

Բ, Ը, Ր, մ (հիմնական տարրը Ր),

Գ, Դ, Ղ, Պ (հիմնական տարրը Ղ),

Ժ (հիմնական տարրը J),

Ա, Մ, Ս (հիմնական տարրը U),

Թ, Ռ, Ո (հիմնական տարրը Ո),

t, Ք, Խ, Ի, Հ, Ճ, Ջ (հիմնական տարրը +),

Զ, Ծ, Փ, Չ, Շ, Ց, Ձ, Ֆ (հիմնական տարրը Օ):

 

Այստեղ պետք է շեշտել, որ մենք բերել ենք հայկական գրերի ամենահին ձեւը, որը նշված է հայտնի լեզվաբան Հր. Աճառյանի "Հայոց գրերը" աշխատությունում: Այս ձեւը հայտնի է "երկաթագիր" անվանմամբ: Պատկերավոր լինելու նպատակով հիմնական տարրերի խմբերը գրենք միմյանց տակ` ըստ նրանց քանակների աճման.

 

http://i99.photobucket.com/albums/l290/fantasyautosales/234.jpg

 

Հինգերորդ խմբում (վերեւից հաշված) առկա են տարրեր, որոնք տարբերվում են մյուսներից, իսկ վեցերորդ խումբը կազմված է նույնական զույգերից: Այս խմբերի շեղումները հիմնական օրինաչափությունից պատահական չեն` դրանք ունեն իրենց բացատրությունը, որը մենք կբերենք, երբ կխոսենք այս բոլոր խմբերի հիմքում դրված խոր իմաստի մասին: Հաշվի առնելով երկրորդական տարրերը, մեր եռանկյունին կբերենք հետեւյալ տեսքի`

 

http://i99.photobucket.com/albums/l290/fantasyautosales/345.jpg

 

Այստեղ ընթերցողի մոտ կարող է օրինական հարց ծագել: Եթե Մեսրոպ Մաշտոցը մտածված է վերցրել հիմնական տարրերի միջեւ քանակական այս հարաբերությունները (1:2:3:4:5:6:7:8), ապա ինչո՞ւ է կատարվել ձեւախախտում հինգերորդ եւ վեցերորդ խմբերում: Միանգամից նշենք, որ այս եռանկյունին կառուցելիս հաշվի է առնվել հարցի ոչ միայն մաթեմատիկական, այլեւ փիլիսոփայական կողմը (ինչի մասին ասվել է սկզբում): Ավելին, առաջ անցնելով, կարող ենք ասել, որ մաթեմատիկական եւ գրաֆիկական սկզբունքները կանխորոշվում են փիլիսոփայական սկզբունքով: Տրված եռանկյունու մեջ ամեն մի խումբ խորհրդանշում է անտիկ փիլիսոփայության որեւէ կատեգորիա, որն առաջին անգամ մտցրել է հանճարեղ Արիստոտելը: Հիշեցնենք, որ փիլիսոփայության մեջ կատեգորիա են անվանում հիմնական հասկացությունները, որոնք հնարավորություն են տալիս ավելի խոր ճանաչել շրջապատի աշխարհը: Մաշտոցի ժամանակ, ինչպես եւ Արիստոտելի ժամանակ, փիլիսոփայական կատեգորիա էին համարվում. տեղը, դիրքը, քանակը, տիրելը, որակը, հարաբերությունը, էությունը, ժամանակը հաշված վերեւից): Այս դեպքում պարզ է դառնում հինգերորդ եւ վեցերորդ խմբերում տարրերի տեղաբաշխումը` այն արտացոլում է համապատասխանաբար որակ եւ հարաբերություն կատեգորիաների յուրահատկությունները: Խոսելով "որակ" կատեգորիայի մասին, Արիստոտելը նշում է, որ "որակի հիմնական հատկություններից մեկն այն է, որ նա ունի իր հակառակը եւ եթե կողմերից մեկը որակ է, ապա նրա հակառակը նույնպես որակ է": Մեր դեպքում J տարրը Ղ տարրի հակառակն է: Առաջինից առաջացել է ժ տառը (թվային արժեքը հավասար է տասի): Նրանից են սկսում տասնյակները եւ նա հանդիսանում է տասական հաշվարկման համակարգի հիմքը: Հետեւաբար, որակի տվյալ սահմանման համաձայն, հիմնական Ղ տարրը նույնպես ունի որակի հատկություն: Ինչ վերաբերում է հարաբերության կատեգորիային, ապա այն դիտարկելիս հասկանալի է դառնում Ս եւ Ո զույգի իմաստը: Դրա բացատրությունը երեւում է նաեւ մաթեմատիկական տեսակետից. տեղադրելով տվյալ տողի համապատասխան տառերի թվային արժեքները ստանում ենք կարգի հարաբերություն (1,9) (200,600) (1000,2000) (միավորներ, հարյուրավորներ, հազարավորներ): Մեկ անգամ եւս ընդգծենք, որ տվյալ եռանկյունին առաջին հերթին ցույց է տալիս օգտագործված հիմնական տարրերի քանակական հարաբերությունները եւ ոչ մի կապ չունի տառերի խմբավորման հետ: Այբուբենի խմբավորման մասին կխոսվի առանձին:

 

Երկրորդական տարրերը հինգն են` http://i99.photobucket.com/albums/l290/fantasyautosales/123-1.jpg, որոնք խորհրդանշում են փիլիսոփայական տարրերը` հողը, ջուրը, օդը, կրակը եւ եթերը: Առաջին չորս գծիկը վերցրած է http://i99.photobucket.com/albums/l290/fantasyautosales/234-1.jpgհնագույն գաղափարագրից (հիերոգլիֆ), որը նշանակում է Տիեզերական ծառ` հնագույն տիեզերաշինական մոդել, ըստ որի Տիեզերքը բաղկացած է երեք շերտից` օդի, հողի, եւ ջրի, որոնք պահվում են հրե սյունով: Այս Տիեզերաշինական հայեցակետն իր արմատներով հասնում է մինչեւ հնագույն, նախնադարյան մշակույթ: Այն ձեւավորվել է թե' կրոնական ուսմունքներում, եւ թե' փիլիսոփայության մեջ: Օրինակ, Աստվածաշնչում Տիեզերքը պատկերվում է երեք մասից բաղկացած: "Ելք" գրքում (գլ. 20, էջ 4) ասվում է` "երկնքի մասին, որ վերեւում է, երկրի` որ ներքեւում է, ջրի` որ հողից ներքեւ է": Անտիկ փիլիսոփայության մեջ նախատարրեր էին համարվում հողը, ջուրը, օդը, կրակը: Ավելի ուշ ավելացվեց հինգերորդ նախատարրը` եթերը: Եթերը համարվում էր առաջնային տարր: Ըստ Արիստոտելի, "հող, ջուր, օդ, կրակ" տարրերը կարող են ստացվել մեկը մյուսից, բայց բերված հաջորդականությունը վերափոխությունների ամենակարճ ճանապարհն էր համարվում:

 

Հետաքրքիր է, որ Դանիելյան գրերի ենթադրյալ աղյուսակում տողերը համապատասխանում են այս հաջորդականությանը: Իսկ մատենադարանի ձեռագրերից մեկում, ինչպես նշում է Պ. Պողոսյանը, Հայոց այբուբենի չորս սյունակները, սկսած ձախից, անվանում են "կրակային", "օդային", "ջրային" եւ "հողային", այսինքն` հակառակ հաջորդականությամբ: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ նախատարրերի հաջորդականությունը ժամացույցի սլաքի ուղղությամբ 9Օ աստիճանով շրջելիս, այն փոխվում է հակառակի: Այս փաստերը ոչ միայն խոսում են հօգուտ հեղինակի առաջադրած տեսության եւ Ս. Մուրավյովի առաջին վարկածի, այլեւ վկայում են այն մասին, որ դրանց միջեւ գոյություն ունի օրգանական կապ: Այս կապը երեւակվում է այբուբենի կարգավորվածությունը դիտարկելիս, եւ կցուցադրվի այդ հարցի անմիջական քննարկման ընթացքում:

 

Հինգերորդ տարրի նշանը վերցրած է http://i99.photobucket.com/albums/l290/fantasyautosales/345-1.jpgհայկական գաղափարագրից, որն, ըստ Հր. Աճառյանի, նշանակում է "նշխար": Տառերում այն ընդունում է տարբեր դիրքեր, ինչը հաստատում է նրա անվանումը ("եթեր"-ը հունարեն նշանակում է "հավերժ վազող"):

 

Այս հինգ տարրերից առաջնային է համարվում եթերը: Որոշ տառերում, ավելի ստույգ` յոթ տառերում, "կրակ" երկրորդական տարրը միաձուլվում է հիմնականի հետ, եւ երկուսում չի միաձուլվում (Ս, Փ): (Լ, Ի) տառերում "հող" տարրը միաձուլվել է հիմնականի հետ: Ընդգծենք, որ Մեսրոպյան այբուբենի կառուցման սկզբունքն այն է, որ տառանշանները բաղկացած են երկու տեսակի տարրերից: Ընդ որում, տառերը կազմված են. 1) այդ տարրերի հասարակ միակցմամբ (մեր եռանկյունու առաջին վեց խմբերում), 2) այնպիսի միակցմամբ, երբ տարրերից մեկը կամ երկուսն էլ շրջված են պ տտման առանցքի շուրջ, 3) վերջին երկու խմբերում որոշ հիմնական տարրեր մի թեթեւ հատած են: Տարրերի միակցման այս բոլոր ձեւերն էլ կապված են փիլիսոփայական բարդ աշխարհայացքի հետ, որը մենք այստեղ չենք բերում, որպեսզի չդժվարացնենք շարադրվող նյութի ընկալումը: Սակայն դա չի խանգարի ընթերցողներին հասկանալ առաջարկվող սկզբունքը:

 

Այսպիսով, առաջադրվող սկզբունքը պետք է որ արդեն պարզ լինի: Առաջին վեց խմբերում տառերը կազմված են հասարակ միակցմամբ եւ այստեղ բարդություններ չկան, բացի Ա եւ Թ տառերի կառուցվածքից: Առաջինում երկրորդական տարրը թեք է, իսկ երկրորդում` ոլորված, ընդ որում այնպես, որ. 1) երկրորդական եւ հիմնական տարրերի հպման կետը մնա անփոփոխ, 2) երկրորդական տարրի ազատ ծայրի ուղղությունը մնա անփոփոխ եւ 3) պահպանվեն երկարությունները.

 

http://i99.photobucket.com/albums/l290/fantasyautosales/456.jpg

 

Այժմ անցնենք յոթերորդ խմբին, որը խորհրդանշում է էություն կատեգորիան: Այս խմբում, ինչպես տեսնում ենք, կա յոթ տառ: Է տառը այբուբենում յոթերորդն է, եւ նրա թվային արժեքը հավասար է յոթի: Այս թիվը հնում համարվում էր կախարդական` այն իրենից ներկայացնում էր ողջ կենդանի եւ անկենդան էությունը: Ք (քրիսմա) տառը Քրիստոսի նշանն է եւ այդ պատճառով Մաշտոցը նրանով է ավարտում այբուբենը: Խ տառը ձեւավորվում է Ք տառը ժամացույցի սլաքի ուղղությամբ 9Օ աստիճանով պտտելով եւ օղակը բացելով (ինչը նշել է Ս.Մուրավյովը): Ընդհանրապես այս խմբի տառերից չորսն առաջացել են պտույտների միջոցով, ընդ որում պտույտների գումարը հավասար է զրոյի.

 

http://i99.photobucket.com/albums/l290/fantasyautosales/567.jpg

 

Ամենաբարդ տառն այստեղ Ջ-ն է: Այն ստացվում է, երբ տառը ժամացույցի սլաքին հակառակ պտտում ենք 135 -ով եւ եռանկյունին փոխարինում շեղանկյունով: Հետո այս նշաններին միակցվել է "եթեր" տարրը: Այսպիսով տառում երկու երկրորդական տարր կա. "ջուր" եւ "եթեր", բայց քանի որ "եթերը" համարվում է առաջնային, ապա այն, թվում է, թե ծածկում է մյուս տարրը եւ պատկանում "եթեր"-ի խմբին:

 

ՈՒթերորդ խմբի Ձ, Չ, Շ տառերում երկրորդական տարրերը թեթեւակի շրջված են, իսկ Ց տառում վերեւից ավելացրած է փոքր շրջանակ, որի ավելացման պատճառը հասկանալի չէ: Հնարավոր է, դա որոշակի հատուցում է այդ տառերի հատած լինելու համար (եւ Յ տառում նույնպես): Շ տառում օգտագործված է երկու "եթերի" տարր: Ինչո՞ւ: Որովհետեւ, ըստ հին փիլիսոփաների, բնության մեջ ամեն բան ստեղծված է համաձայն ներդաշնակության օրինաչափությունների: Բոլոր հարաբերակցությունները պետք է լինեն ներդաշնակ եւ համապատասխանեն որոշակի առնչությունների: Հիմնական տարրերի քանակների միջեւ գոյություն ունեցող ներդաշնակությունը մենք արդեն ցույց ենք տվել: Այժմ տեսնենք, թե ինչպիսի առնչություններ կան երկրորդական տարրերի միջեւ` նախօրոք լսելով Պղատոնի խոսքերն այդ մասին: Համաձայն Պղատոնի, Արարիչը նախատարրերի միջեւ կարգել է ճշգրիտ հարաբերակցություններ, որպեսզի "օդը հարաբերի ջրին, ինչպես կրակը` օդին" եւ "ջուրը հարաբերի հողին, ինչպես օդը` ջրին": Այսպես են ստեղծվել Տիեզերքի մարմինը եւ հոգին: Մարդն, ինչպես ողջ կենդանի աշխարհը, եւ նրա հոգին ստեղծվել են Տիեզերքի մարմնի եւ նրա հոգու նմանությամբ եւ, հետեւաբար, ունեն նույն գեղեցիկ հարաբերությունները իրենց մասերի միջեւ, ինչպես նրանց նախապատկերը: Մեր դեպքում Պղատոնյան հարաբերակցությունները ստուգելու համար խմբավորենք տառերը ըստ փիլիսոփայական տարրերի: "Օդ, ջուր, հող, կրակ, եթեր" տարրերի համար ստացվում է հետեւյալ հաջորդականությունը. 2, 4, 8, 9, 14: Երկրորդ առնչությունը կգրվի 4:8=2:4, այսինքն` ճիշտ է: Առաջին առնչությունը, թվում է ճիշտ չի ստացվում: Սակայն ուշադրություն դարձնենք, որ "կրակի" 9-ը տարրերից երկուսը երեւացող են, իսկ յոթը` միաձուլված, չերեւացող: Սա պատահական չէ: Կրակի յոթ չերեւացող տարրերի հարաբերությունը տասնչորս "չերեւացող" տարրերին (եթերներին) նույն արժեքն ունի, ինչ երկրորդ հարաբերությունը: Այս փաստը հանգեցնում է այն մտքին, որ Մաշտոցը` ունենալով հինգ երկրորդական տարր, պետք է եթերի տարրը կապեր մնացած չորսի հետ նույն հարաբերակցությամբ: Այսինքն` նա ավելացրեց երրորդ հարաբերությունը ("եթեր"-ի համար). "կրակ"-ի չերեւացող տարրերի հարաբերությունը "եթերայիններին" հավասար է մեկ երեւացողի հարաբերությանը "օդայիններին"` 7:14=1:2: Այս դեպքում "կրակ"-ի մնացած երեւացող մեկ տարրը զբաղեցնում է առաջին հարաբերակցության ազատ տեղը` 2:4=1:2:

 

Այսպիսով, մենք տեսնում ենք, որ թե' հիմնական եւ թե' երկրորդական տարրերի քանակները պատահական չեն, այլ հաշված են մաթեմատիկական խստությամբ եւ փիլիսոփայական խոր իմաստ են պարունակում, իսկ նրանցից կազմած ամբողջությունը` այբուբենը, համապատասխանում է հին մարդկանց բարդ աշխարհայացքին:

Edited by Ashot
Link to comment
Share on other sites

ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Գիտնականները վաղուց են նկատել, որ հայոց այբուբենը դասավորված է հունականին համապատասխան, այսինքն` հայոց այբուբենի այն քսաներկու տառերը, որոնք ունեն հունական համարժեք, կարգավորված են նույն կերպ, ինչ նրանց համարժեքները հունականում: Մնացած տասնչորս տառերը Մաշտոցը տեղադրել է առաջինների միջեւ: Բայց ինչպե՞ս: Այս հարցին ոչ ոք չի կարողացել պատասխանել մինչեւ Ս. Մուրավյովը:

 

Վերեւում արդեն ասվել է ընթերցողների դատին ներկայացրած` հայոց այբուբենի առաջացման սկզբունքի եւ դանիելյան գրերի վերաբերյալ Ս. Մուրավյովի վարկածի միջեւ եղած կապի մասին: Այդ կապը ներկայանում է հետեւյալ կերպ. տառերը ստեղծելուց հետո Մաշտոցը վերցրել է դանիելյան նշանների աղյուսակը, լրացրել եւ ձեւափոխել այն իր եռանկյանը համապատասխան, համաձայնցրել հունականի հետ եւ հետո միայն տեղադրել մնացած տառերը: Ս. Մուրավյովը առաջարկում է հայոց այբուբենի կարգավորման հետեւյալ աղյուսակը.

 

http://i99.photobucket.com/albums/l290/fantasyautosales/678.jpg

 

Այն տառերը, որոնք բացակայում են հունական այբուբենում (յուրահատուկները) տեղադրված են տառերի (կամ, որը նույնն է` սյուների) միջեւ, այնպես, որ նրանց հաջորդականությունը համապատասխանի աղյուսակի` մոտ հնչեղություն ունեցող տառերի հաջորդականությանը: Ահա թե ինչ է գրում Ս. Մուրավյովը այս առիթով. "Այբուբենային կարգի ստեղծման հիմք է ծառայում դանիելյան գրերի 24-վանդականի մատրիցան, որի տառերի տեղադրվում են մնացած 12 նոր տառերը. սկզբում ē եւ Խ ձայնավորները, հետո շփականները b, m, h, x (ե'ւ առաջինները, ե'ւ երկրորդները նույն հաջորդականությամբ, ինչ նրանց սկզբնական գրույթները` e, Ֆ եւ Թ, Յ , k, kh) եւ, վերջապես, աֆրիկատները (աղյուսակային դասավորություն)":

 

Գեղեցիկի զգացողությունը չի լքում Մաշտոցին նաեւ այստեղ. ձախից հորիզոնականների եւ ուղղաձիգների հատման տեղերում տեղադրված է երեք տառ, իսկ մնացածները դասավորված են 3x3 քառակուսու մեջ: Ընդհանրապես, այստեղ եւս առկա են բազմաթիվ ներդաշնակ հարաբերություններ, որոնք մենք բաց ենք թողնում` շարադրանքը թվային արտահայտություններով չծանրաբեռնելու համար:

 

Ձայնավոր Ը-ն, որպես յուրահատուկ, պետք է տեղադրվեր շարքերի միջեւ, սակայն այդ դեպքում Էլ ձայնավորը կգրավեր 8-րդ տեղը, ինչը չէր բավարարում Մաշտոցին` այն պետք է լինի մոգական 7-րդ տեղում եւ խորհրդանշի էությունը: Այդ պատճառով, հին աղյուսակի նշանին նա տալիս է նոր ձայնավոր` ը-ն, իսկ է ձայնավորի համար նշանը վերցնում իր եռանկյունից:

 

Չնայած սկզբում Մաշտոցը հետեւում էր հունական տառերի դասավորությանը, սակայն յուրահատուկ տառերի առկայությունը թույլ տվեց նրան ստանալ հայկական այբուբենային կարգավորվածությունը:

 

http://i99.photobucket.com/albums/l290/fantasyautosales/789.jpg

Edited by Ashot
Link to comment
Share on other sites

ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՌԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ

 

Ընդունված է համարել, որ այբուբենների տառերի անվանումները գալիս են Փյունիկյանից: Հույները` փոխառնելով այբուբենը, փյունիկացիներից վերցրել են նաեւ տառերի անունները եւ` ձեւափոխելով դրանք, դարձրել երկվանկանի: Այդ ժամանակից ի վեր այբուբեններ ստեղծելիս ընդունված է եղել տառերին տալ նաեւ անուններ, որոնք օգնում են այբուբենի կարգը հիշելուն:

 

Մաշտոցը, այբուբենը ստեղծելիս, նույնպես հաշվի է առել այս հանգամանքը: Հայկական տառերի անունների մեծամասնությունը նա բաժանել է հինգ խմբերի: Այս հարցին էլ է նա ստեղծագործաբար մատեցել, տառերին տալով պարզ եւ լակոնիկ անուններ: Եթե տառերը այբուբենի մեջ դասավորելիս Մաշտոցը հետեւել է հունական կարգին, ապա այս հարցը նա լուծել է այլ կերպ: Հունական տառերի անունները հիմնականում երկվանկանի են, իսկ Մաշտոցը որոշեց իր ստեղծած տառերին տալ կարճ, միավանկ անուններ (բացառություն է կազմում "ի" տառի "ինի" անունը, որի պատճառը կբացատրենք): Բայց ինչպե՞ս: Մինչեւ այժմ ոչ ոք չի կարողացել պատասխանել այդ հարցին: Ընթերցողների դատին հանձնվող տառակառուցման սկզբունքը օգնեց լուծել նաեւ այդ հարցը:

 

Վերլուծելով հայկական տառերի անունները, Հ. Աճառյանը դրանց որոշ մասը նմանեցրել է հունականին եւ սեմիթականին: Այնուհետեւ նա խմբավորել է տառերի մեծամասնությունը հետեւյալ կերպ.

 

դա, զա, ծա, ձա, շա, չա, ռա

 

է, ժէ, խէ, ճէ, պէ, ջէ, սէ, րէ, քէ

 

ո, թո, հո, ցո

 

բեն, կեն, մեն

 

լիւն, տիւն, հիւն

 

Այս խմբերում ընգրկված են 26 տառ եւ բացակայում են ընդամենը 1Օ-ը: Այդպիսի խմբավորումը հանգեցնում է այն մտքին, որ Մաշտոցը` տառերին անուններ տալիս, խմբավորել է դրանք ըստ ձայնավորների: Հետեւաբար, եթե մենք այդ խմբերը լրացնենք մնացած տառերով, (իսկ դրա համար անհրաժեշտ կլինի մտցնել եւս երկու խումբ` "ի" եւ "ը" ձայնավորների համար), ապա կգանք տառերի անունների լրիվ խմբավորմանը: Այստեղից երեւում է, որ Մաշտոցը անուններ տալու ժամանակ տառերը բաժանել է յոթ խմբի` ըստ ձայնավորների քանակի: Ա եւ Է ձայնավորները ստացան իննական տառ, Ո-ն եւ ՈՒ-ն միասին ստացան նույնպես ինը տառ (համապատասխանաբար հինգ եւ չորս): Նույնը պետք է լինի նաեւ Ե եւ Ի ձայնավորների համար (հինգ եւ չորս), սակայն քանի որ կար նաեւ վերջինը` թույլ ձայնավոր ը-ն, ապա, ընդհանուր սկզբունքը չխախտելու նպատակով, Մաշտոցը "ի" խմբի մեջ թողել է չորս վանկ` երեք տառերի համար: Այդպես ի տառը ստացել է երկվանկանի "ին" անունը: Այստեղ մենք նշեցինք տառերի անունների խմբերը: Բայց ինչպե՞ս են ստացվել խմբերը, այսինքն ի՞նչ սկզբունքի հիման վրա են տառերը տեղադրվել այս կամ այն խմբում: Մաշտոցը դարձյալ օգտագործել է այբուբենի կառուցման իր սկզբունքը: Հարցին վերաբերվող բացատրություններով տեքստը չծանրաբեռնելու համար մենք չենք բերում դրանց վերաբերող մասը: Նշենք միայն, որ ներդաշնակության, համեմատության եւ թվերի միստիկայի գաղափարները որոշիչ դեր են խաղացել նաեւ այս հարցում:

 

Link to comment
Share on other sites

ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՌԱՁԵՎԵՐՈՒՄ

 

Հիշելու եւ կարդալու տեսակետից տառերի ձեւը մեծ դեր է խաղում: Տառերի պատկերը կարող է ինչպես հեշտացնել, այնպես էլ դժվարացնել կարդալը: Այդ պատճառով տպագրության մեջ տառաձեւը ստեղծելիս հաշվի է առնվում ամեն ինչ` ե'ւ տառերի բարձրությունը, ե'ւ լայնության հարաբերությունը, ե'ւ հաստությունը, ե'ւ չափսը, ե'ւ տառերի տպագրական ձեւավորիչ տարրերը: Դա կարեւոր է ոչ միայն գեղագրության, այլեւ տեսողական հիշողության տեսակետից, չնայած, ինչպես բացահայտեց գիտությունը, այդ երկու տեսակետները պետք է համընկնեն: Չէ՞ որ ակնհայտ է` գեղեցիկ գրվածը հեշտ է կարդացվում եւ հակառակը` տգեղ, անփույթ գրվածը (ձեռագիրը) դժվարությամբ է կարդացվում:

 

Բազում դարերի ընթացքում որոնել են, թե ինչ ձեւ տան տառերին, որ դրանք գեղեցիկ տեսք ունենան: Լեոնարդո դա Վինչին առաջարկում էր տառերն այնպես պատկերել, որ հնարավոր լինի դրանք ներգծել քառակուսու մեջ: Գերմանական վերածննդի նկարիչ Ա. Դյուրերը առաջ քաշեց իր տեսությունը, համաձայն որի բոլոր ուղղաձիգ գծերը տառերում պետք է առավելագույնս ընդգծված լինեն: Ֆրանսիացի նկարիչ Ֆ. Տորին առաջարկեց տառերի կառուցման յուրահատուկ տեսություն, ըստ որի հիմնական գծի լայնությունը պետք է հավասար լինի այն քառակուսու 1/10 մասին, որի մեջ ընդգծվում է տառը: Գոյություն ունեին եւ ուրիշ տեսություններ: Բոլոր այդ եւ ուրիշ տվյալները բերված են Խարիտոնովայի "Նկարիչ եւ տառերը" հոդվածից (“Наука и жизнь”):

 

Նեյրոֆիզիոլոգիայի տեսակետից, ուղղանկյան գեղագիտական ձեւում երկարության եւ լայնության հարաբերությունը պետք է հավասար լինի "ոսկե հատույթի" արժեքին: Բայց, քանի որ շատ տառեր ներգծվում են ուղղանկյան մեջ, ապա այդ ուղղանկյան կողմերի հարաբերությունը պետք է հավասար լինի նույն արժեքին: Ընթերցողներին հիշեցնենք ոսկե հատման մասին: Կամայական AB հատվածի համար գոյություն ունի միակ C կետը, որը բաժանում է հատվածը այնպես, որ մեծ մասի հարաբերությունը փոքրին հավասար է ամբողջ հատվածի հարաբերությունը մեծին: Այս հարաբերության թվային արժեքը հավասար է.

 

http://i99.photobucket.com/albums/l290/fantasyautosales/890.jpg

 

Այս հարաբերությունը կապված է Ֆիբոնաչիի թվեր կոչվող հայտնի թվային հաջորդականության հետ` 1, 1, 2, 3, 5, 8, 13..., որտեղ յուրաքանչյուր անդամ` սկսած երրորդից, հավասար է նախորդ երկուսի գումարին` 3=2+1, 5=3+2, 8=5+3, 13=8+5 եւ այլն, կամ ընդհանուր տեսքով.

 

an = an-1 + an-2

 

Ոսկե հատման մոտավոր արժեքը ստացվում է, երբ հաջորդականության կամայական անդամ բաժանում ենք նախորդի վրա, իսկ արժեքը` երբ n-ը ձգտում է անվերջության: Բացի այդ, պետք է հաշվի առնել նաեւ աչքի ֆիզիոլոգիական հատկությունները, այսինքն` "օպտիկական խաբկանքի" գոյությունը. որոշ պատկերներ, այդ թվում եւ տառերը, աչքը ընկալում է խեղաթյուրված: Այս ամենը հաշվի է առնվում տպագրության մեջ: Կատարվում են հատուկ ուսումնասիրություններ` նվիրված դյուրընթերնելիության կանոններին բավարարող տպատառերի նախագծման օրենքներին: Դրանցից մեկի արդյունքները բերում է Խարիտոնովան. "Այսպես, կլորավուն եզրագծեր ունեցող տառերը, պարզվում է, ավելի լավ են ընթերցվում, քան ուղղանկյունաձեւերը` կտրուկ տարբերվելով շրջապատող ֆոնից: Որքան մեծ է ներտառային բացվածքը, այնքան ավելի լավ է երեւում նշանը: Տառերի ձեւավորիչ տարրերը օգնում են կարդալիս, լրացուցիչ հենք են ծառայում աչքի համար: Այս եզրակացություններից մեզ համար առավել հետաքրքիր է առաջինը. չէ՞ որ հայկական տառերի մեծ մասն ունի կլորավուն ձեւ, չնայած պետք է հաշվի առնել, որ բերված եզրակացությունները ստացվել են ռուսական այբուբենի օրինակով, որտեղ ուղղագիծ տառերն ավելի շատ են, քան կլորավունները: Հավանաբար, նմանատիպությունը (ուղղագծությունը կամ կլորավունությունը) հոգնեցնում է աչքերը:

 

Խոսելով հայկական տառաձեւերի մասին, պետք է նկատել, որ այնքան էլ ճիշտ չէ վերեւում բերված միտքը, թե հայկական տառերի մեծամասնությունը ունի կլորավուն ձեւ. դա թվացյալ տպավորություն է: Եթե հաշվենք կլորավուն եւ ուղղանկյունաձեւ հիմնական տարրեր ունեցող տառերի քանակը, ապա կստանանք 8 եւ 1Օ: Այժմ, եթե 1Օ ուղղանկյունաձեւերից հանենք Ք-ն եւ Խ-ն, որոնցում առկա են նաեւ կլորավուն մասեր, ապա կստացվի 8-ական տառ ե'ւ առաջինների, ե'ւ երկրորդների խմբում (դա այն դեպքում, եթե Ջ տառը վերցնենք իր նախաստեղծ ձեւով): Մնացած տառերի հիմնական տարրերը ունեն թե' ուղղանկյունաձեւ, եւ թե' կլորավուն մասեր: Այսպիսով, ստացվում է կլորավուն եւ ուղղանկյունաձեւ մասերի քանակների հավասարություն մեսրոպյան ամբողջ այբուբենում: ՈՒրեմն, այս տեսակետից եւս մեր այբուբենը սքանչելի է: Տառաձեւերի միջեւ եղած այս հավասարությունն է, որ հայկական այբուբենին տալիս է յուրահատուկ համաչափություն:

 

Ժամանակի ընթացքում բոլոր այբուբենների տառերի ձեւերը փոփոխության են ենթարկվել: Չնայած, որոշ գիտնականների պնդմամբ, հայոց տառերի ձեւերը համարյա չեն փոփոխվել Մաշտոցի ժամանակից ի վեր, բայց եւ այնպես ժամանակը իր դրոշմն է դրել նաեւ հայոց տառաձեւերի վրա: Օրինակ, Պ, Տ, Ջ տառերը փոփոխություններ են կրել իրենց երկաթագիր ձեւերի համեմատ: Սակայն, եթե առաջին երկուսը, փոփոխվելով, ստացել են գեղեցիկ եւ հարմար տեսք, ապա երրորդը տարբեր տպագրերում գրվում է տարբեր տեսքերով, հաճախ շատ քիչ տարբերվելով Զ տառից: Ընդհանրապես, տարբեր տպագիր նյութերում կարելի է հանդիպել այնպիսի տառաձեւեր, որոնք, մի կողմից` խեղաթյուրում են իսկական ձեւը, իսկ մյուս կողմից` տարբեր տառերը դարձնում միմյանց նման: Բերենք այդպիսի խեղաթյուրումների օրինակներ, որոնցում տառերը երբեմն ստացել են պարզապես այլանդակ տեսք (աջից բերված են այն տառերը, որոնց նմանվել են խեղաթյուրվածները):

 

http://i99.photobucket.com/albums/l290/fantasyautosales/901.jpg

 

Այս ամենից հետեւում է, որ, առաջին` հայոց այբուբենի հետ ծանոթանալիս լավ է սկսել երկաթագիր ձեւից: Իսկ այբուբենի առաջացման նոր մեկնաբանության հետ ծանոթանալը կմեծացնի հիշելու արդյունավետությունը, քանի որ կօգնի սեւեռել ուշադրությունը տառերի բաղադրիչների վրա: Բացի այդ, տառերի միջեւ եղած տրամաբանական կապերը եւ օրինաչափությունները միավորում են դրանց մեկ միասնական համակարգի մեջ, ինչը նույնպես նպաստում է այբուբենը հիշելուն (համաձայն հոգեբանության եւ կիբեռնետիկայի նվաճումներին մարդը մտածում է ոչ միայն պատկերներով, այլ նաեւ մոդելներով):

 

Երկրորդ` տպատառի կառուցման ժամանակ, մի կողմից, պետք է հաշվի առնել տպագրության բոլոր նվաճումները, մյուս կողմից` միշտ աչքի առաջ ունենալ երկաթագիրը` նրանից շատ չշեղվելու համար: Իսկ ծանոթությունը հայկական այբուբենի կառուցման սկզբունքին կօգնի նկարիչներին ավելի լավ պատկերացնել երկաթագիրը:

Link to comment
Share on other sites

The following passage is from here. Thank you Ashot;;

http://hyeforum.com/index.php?showtopic=18...mp;#entry240615

For those who cannot see or understand the Armenian below, the story is .When Shirvanzade asks this young man if knows Armenian, the young man answers in the positive. Alexander talks to him in very simple Armenian but the young man does not seem to understand and he responds that that language is the language of the church and he responds in furkish .not so surpsing to Shrvanzade who says “Armenians of Besarabia thought ‘furkish’ was Armenian”.

If you think this a matter of the past….

Once I called a colleague of mine who happened to be an American bornArmenian, it was a business call ,and to break the ice I greeted him with “inch pes es”. After a period of silence he came back and asked who I was. I told him who I was, then he asked what was it that I said. I said I asked in Armenian -”how are you?”. He said Huh? You mean “nas@l s@n?

Yeah, yeah!

Whatever!

How sad that they thought a silly language their parents spoke was in fact “ermenije/Armenian!!!

Those were the dark ages when even the priests and pastors would speak furkish to their flocks.

How much better is it now?

“Լևոնը վեր կացավ, գլուխ տվեց, շնորհակալություն հայտնեց մեզ մեր այցելության համար և շտապեց դեպի դռները: Այլևս նա այնքան գրավել էր ինձ, որ կամեցա անպատճառ հետը խոսել:

—Հայերեն գիտե՞ք,— հարցրի ես, երևի, հայրենասիրական զգացումից դրդված:

—Գիտեմ:

Նա, ինչպես և յուր մայրը, խոսում էր ռուսերեն լեզվով` տաճկական արտասանությամբ: Իտալացիներից միայն տանտիրուհիս և նրա աղջիկը գիտեին ռուսերեն, նաև Կավալլարոն: Մյուսների հետ Լևոնը խոսում էր իտալերեն:

Մի քանի հարցեր տվեցի նրան պարզ հայերեն լեզվով: Նա ապշած նայեց երեսիս և ժպտաց:

—Չե՞ս հասկանում,— դարձա ես ռուսերեն լեզվի օգնությանը:

—Այդ լեզուն եկեղեցական է,— խոսեց նա տաճկերեն լեզվով,— իմ իմացած հայերենը այա այս լեզուն է:

Ինձ համար նորություն չէր Բեսարաբիայի հայերի` մայրենի լեզուն չիմանալը: Բայց առաջին անգամ էի պատահում մեկին, որ տաճկերենը հայերեն էր համարում:”

Link to comment
Share on other sites

  • 4 weeks later...
Ծո՛ ՄիԳ, դո՞ւն ես: :) Չէ, ջանըմ, փառք Աստծու, բան մա չի էղե, պարզապես ժամանակ ու հավաս չունիմ շուտ-շուտ էրեվալու: Հոս ա կմտնիմ Արփայի ու Հովաննեսի պատճառով, տղաքը ինձի հետաքրքրող հարցեր կը քննարկեն: Դու ի՞նչղ ես, մեր կողմերը ե՞րբ ես վերջին անգամ էղե:

Թէ, ՄԻԳը չեմ, բայց քարթոլ իրենեն վատ չեմ փորէ…

 

Մեր կողմերը վերջին անգամ մե քանի’մ ամիս առաջ էի: Հոն շելլոց տրամադրութուննին դուրս չի քա:

 

Փորձենք կը ադանք բաներու առաջը մեր կռցածի պես առնել: Ինտերնեթը կսես տը ահագին պոտենցիալ ունի ինֆորմացիայի տարածման համար... Ինտերնեթը վիրտուալ քարթոլ է…

Edited by Javakhk
Link to comment
Share on other sites

The first poem my duaghter learned...:)

 

Սիրում եմ Քեզ հայոց Լեզու

Մայրիկիս պես անուշ ես դու,

Քեզնով եմ ես հպարտանում

Կարդում, գրում, արտասանում...

I like this little 4 liner.

Ur el Lines, vor lusni tak

Mort angam mtqits hanes

Qo Mayr lezun chmoranas!

By Sylva Kaputikyan

 

I think she was influenced by Raffi's Samvel, where hi kills his mother and adoptive father for nationalistic ideals.

Edited by hetanos
Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...