Ashot Posted April 14, 2008 Report Share Posted April 14, 2008 ԸԼԼԱՅԻ՜, ԸԼԼԱՅԻ՜ < 1 > ԻՐԻԿՈՒՆԸ Սա իրիկունն ըլլայի ես Եվ հըպեի ճակտին ամեն անցորդի. Չքնաղագեղ ու նըվաղուն համուրդի Սա իրիկո՜ւնն ըլլայի ես: Սա իրիկունն ըլլայի ես Լի երգովը թռչուններուն, մարդերուն, Ու տարրերուն աղաղակովը տրոփուն` Սա իրիկո՜ւնն ըլլայի ես: Սա իրիկո՜ւնն ես ըլլայի, Թույլ, նազենի, շըղարշային, վարդաբույր, Ու ծըփայի զերթ ոսկեսար վարագույր Վըրան ամեն հոգիի: Սա իրիկունն ըլլայի ես, Լի զանգակին ղողանջներովն երկնաճեմ. Խնկապատար, օծուն, ջահված ժամի պես Սա իրիկո՜ւնն ըլլայի ես: Սա իրիկունն ըլլայի ես, Իմ անդորրիս մեջ ոգևար աղջըկան Մարող ճըրագին բոցեր տալու իմ ցոլքես. Սա իրիկո՜ւնն ըլլայի ես: Սա իրիկունն ըլլայի ես, Լի գոռ ծափովն օվկիանի ջուրերուն. Սյուքին ծաղիկ մեղեդիքովն ակաղձուն, Սա իրիկո՜ւնն ըլլայի ես: Սա իրիկունն ըլլայի ես, Որ կը մարի սատափ բարձին վրա ցայոգւն. Թոթափող վարսքը գունագեղ ու ծըփուն, Սա իրիկո՜ւնն ըլլայի ես: Սա իրիկո՜ւնն ըլլայի ես, Համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագես, Եվ ամենուն տայի հուրքես, ոսկիես: Սա իրիկո՜ւնն ըլլայի ես: < 2 > ՀՈՎԸ Ալիքներուն վրա ոստոստող հովն ըլլայի, Ու ջուրերուն խուլ մըռունջին մեջ ամայի` Ձկնորսներու ականջն ի վար փսփըսայի Սիրված երգեր, քաղցրությունով օծուն բառեր: Հովն ըլլայի կատարներուն վրա պարանցկ, Եվ ձյունին մեջ սառող մարդուն համար լայի. Հովն ըլլայի` հողվրտիքին մեջ երգեցիկ` Ու ծըծեի տակավ գաղտնիքն ես Անդիի: Ձմեռներուն ես ամպավար հովն ըլլայի, Եվ անճըրագ խուղերու ճիչն հորձքիս ձուլած, Անցորդներու հոգվույն վըրա փշրվեի Իբրև ալիք: Ու տանեի հոն կոծն ու լաց Տըղաբերին, ո հողին վրա կը գալարի Եվ անսըվաղ մանուկներուն, ու գրկաբաց Մատաղատի, որդեկորույս մորն ալ` որուն Տարիքին բոցն հոգվույն մոխիրին մեջ կը մարի… < 3 > ՀՅՈՒՂԸ Դաշտի ճամբու մը վըրան, Կամ ըստորոտը լերան, Ուղևորին ժամանման Ըսպասող հյուղն ըլլայի: Ու գգվանքիս կանչեի Ես ճամբորդներն անժաման, Ու ճամբուն վրա մենավոր, Ու ճամբուն վրա ոսկեման, Եկվորներին դիմավոր` Ծըխանիս ծուխն ամպեի: Ու գգվանքիս կանչեի Ուղևորներ պարտասուն, Ու բարևի մը փոխան Հազար բարիք ես տայի: Հազար բարիք ես տայի. Գոլը կրակին ճարճատուն, Կութքը բերրի դաշտերուն, Բոլոր միրգերն աշունի, Ու մեղր, ու կաթ, ու գինի… Ու լըսեի ես ցայգուն, Քովը կրակի ճարճատուն, Երգն իրիկվան եկվորին. Ու ճամբեի ես ցայգուն Երազներով պատարուն Նինջ` իրիկվան եկվոին: Ու լսեի ես այգուն, Սրտապատար ու տրոփուն Գովքն իրիկվան եկվորին. Ու դիտեի ես այգուն, Ու խոկայի օրն ի բուն Երթն իրիկվան եկվորին… Ու ձմեռներն ալ համբուն, Հըրավիրակ զըվարթուն, Կանգնեի քովը ճամբուն. Ու ձյունապատ հեք մարդուն Ես հայրորեն, լայնաբաց Երկու թևս պարզեի. Մի՜շտ քաղցրագին, նյութացած Հըրավերն ես ըլլայի: Ա՜հ, ըլլայի՜, ըլլայի՜ Դաշտի ճամբու մը վըրան, Կա՛մ ըստորոտը լերան, Ուղևորին ժամանման Ըսպասող հյո՜ւղն ըլլայի: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted April 14, 2008 Report Share Posted April 14, 2008 ԲԱՂՁԱՆՔ Արտաշես Հարությունյան բանաստեղծին Բաղձանքներու լայնշի ճամբան ըլլայի, Որ ծաղկահյուս կողերե վեր կը մագլի, Ու գագաթին հասած` նոր ու հեշտալի Հորիզոնին սնդուս գիծին կը նայի: Ու տանեի հոն հոգիներն ըսպառած, Ձանձրույթն` որոնց ոլորտին վրա կը փլչի, Ու ցույց տայի` լայն հորիզոն անուրջի` Բերրի դաշտերն ու ճամբաներն անմոռաց` Ուր քաղցրությունն հոգվույն կ’ըլլա հակուրջի: Կատարներուն հագած երանգ հինայի, Մրգաստանին այգինեուն, դաշտերուն Մեջ պարագնաց հովին խմբերգն ըլլայի: Եվ ըլլայի ձայներիզը թրթըռուն, Աղբյուրներուն, կապուտաչվի ակերուն, Լիճին խաղաղ, ծալծալ մրմունջն երերուն, Շառարն հըզոր` օվկիանին, գետերուն, Համայնական Ձայնն ըլլայի, Ձայնն անհուն Ու խնծիղովս անպարագիծ կայտառուն Քերթողներուն լեցվեր հոգին ամայի: Անտառներու մենության մեջ սխրալի, Ամբարձուղեշ ծառերու մորճ թևերուն Վըրա թառող լըռությունն ես ըլլայի. Կամ ըլլայի արահետը խնկագույն, Ծառաստվերի մութ ձորձին մեջ պլլըվող. Կամ ըլլայի կոհակուռույց ալելուն Հարևանի հեղեղատին լուսաշող, Ու քերթողին տաղես վանկեր ես տայի: Երգն ըլլայի թռչուններուն ծնծղաձայն, Ու դառնայի ուրախության ճիչ մը լայն, Բանաստեղծի հոգիներուն մեջ նըկուն, Ուր կը թախծի խոհանքն ամպոտ, անանուն` Ինչպես որի` թառած շիրմի մը գլխուն: Եվ ըլլայի Լույս, Ձև, Երանգ, Թրթըռում, Կյանքի փաղփուն պատմուճանը ծիրանի, Կենսաբաղձիկ հոգվույն երազն անպատում. Եվ անձրևեն վերջ անարև ու տրտում, Հառաչաձայն անձրևեն վերջ երբեմնի, Նըշուլեի ես վայրկյաններ երջանիկ, Արևաշող ժըպիտ, ծափեր ու խնդում` Բանաստեղծի հոգիներուն մեջ մենիկ: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted April 14, 2008 Report Share Posted April 14, 2008 ՀՈՎԸ Պատուհանըս մատնահարեց ու անցավ, Հովն հերաձակ աշունին. Չարաճըճի ինչպես աղջիկ մը, ինչպես Խաղընկեր մը` դրան ետին մոռցըված` Պատուհանըս մատնահարեց ու անցավ, Հովն հերաձակ աշունին: Իր ետևեն ես կը վազեմ շնչահատ, Ու շվարուն ու հոգնած. Ինք խույս կու տա իմ գրգանքես, թևերուս Պարապնդումն է դատարկ. Բայց ա՜նառակ` երկու ձեռքես կը փախչի, Մինչ ետևեն կը վազեմ ես շնչահատ, Ու շվարուն ու հոգնած: Մինչև դաշտերը կը վազեմ հետապինդ, Մինչև անտա՛ռն իսկ կ’երթամ. Բայց ամենուն կրնա ընել ինք դարպաս. Թուփին, ջուրին, տերևին. Ու լըճակին գիրկը կ’իյնա, կամ տեսնես Ծառին կատարն է թառած: Մանուկի պես կը պլլըվի երբեմն ալ Մայր թուփերու քըղանցքին. Եվ երբ զինքը կը կանչեմ ես սրդողած` Կը քրքըջա զինք անդին: Շա՛չ, ապտակ մը կը զարնե մերթ երեսիս, Նույն վայրկյանին կը փախչի, Եվ ես ի զո՜ւր կ’իյնամ նորեն ետևեն, Մինչև դաշտերը կը վազեմ հետապինդ, Մինչև անտա՛ռն իսկ կ’երթամ… Եվ երբ հուսատ կը հեռանամ թիկնադարձ, Կըռնակես վե՜ր կը մագլի, Կամ մազերս կ’ուզե համրել, կամ հանկարծ Ուժգին մեջքիս կը փարի: Եվ երբ ցասկոտ նորեն ետիս ես դառնամ` Վաղո՜ւց փախեր է արդեն, Ու չորս կողմըս կ’ավրըշտըկե ու վարդեն Կ’առնե անոր սակավարյուն շափրակներ. Ու, դաևձյալ` երբ կը հեռանամ թիկնադարձ` Կըռնակես վե՜ր կը մագլի… Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted April 14, 2008 Report Share Posted April 14, 2008 ՏԵՐԵՎՆԵՐԸ Կ’ԸՍԵԻՆ… Ոսկի շաղով օծեցիր Կապույտ ծաղիկն ակերուն, Լիճերու պորտը սարսռուն, Ու գետակներն ափնածիր: Արև՜, մե՜զ ալ ոսկեզօծե, արև՜, մե՜զ ալ, ա՜հ, մե՜զ ալ… Ոսկի թույրեր սրսկեցիր Բըլուրներու կողն ի վար. Փայփայեցիր հողմավար Դաշտերուն վարսքը ցանցիր: Արև՜, մե՜զ ալ գգվե մոտեն, արև՜, մե՜զ ալ, ա՜հ, մե՜զ ալ… Ոսկի մատիկդ հըպեցիր Եվ համբույրիդ դըրիր բոց, Իրիկվան մեջ այս հեշտին, Մարիներուն ու մարդոց, Աղջիներուն կաթնաձիր Ու վարդ մըշուշ ճակատին: Արև՜, մե՜զ ալ ողջագուրե, արև՜, մե՜զ ալ, ա՜հ, մե՜զ ալ… Ոսկի կյա՜նը մեզ տըվիր. Եվ առանցքը դուն եղար Մեր ավիշին հոծ տենչին. Տակավին մի՛ բաժնըվիր Եվ հնչեցուր ոսկելար Անհուն քընարդ` հե՜ղ մըն ալ. Ուզե քիչ մը համենալ, Համբուրե՛լ մեզ վերըստին: Ու չը ծագած դեռ ջնջին, Բայց անգորով ու ցրտին Լույսն անհունեն մոլորած Լուսավորին առաջին Կենսավետե մեզ ամենս ալ, արև՜, ամե՜նս, ամե՜նս ալ… Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted April 15, 2008 Report Share Posted April 15, 2008 Կ’ԵՐԹԱ ԱՐԵՎՆ ԻՐ ԶԱՏԿԻՆ… Կարմիր, նախշուն հավկիթի պես Կ’երթա արևն իր Զատկին. Ահա՛ կ’առնեմ, կրկին կրկին, Մեղույշ բարևն` իր ծառերեն Ներս երկարող հուր թաթիկին: Անցա՜վ ծովեն մեծ կույսն հրավարս, Ու կապույտին եղավ ինք հարս: Ու ջրծաղիկ մը զերթ` լայնշի Լըճակին մեջ. ամպ-մըշուշի Լըճակին մեջ հոիզոնին` Դեղին թերթերն իր կ’ընդունին Զենիթին երգը վարդագին: Եվ երկինքի նոր տարփանքին Եվ հիացքին զերթ նըշավակ` Կ’ընծայվի թանկ ու փառունակ Շողակն առջի լուսավորին: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted April 15, 2008 Report Share Posted April 15, 2008 ԻՐԻԿՎԱՆ ՄԵՋ ԽՈՐԻՆ… Իրիկվան մեջ խորին, Երբ օդահած կը թռչի, Ծիրանեծաղիկ փետուր անուրջի` Հիր ճառագայթն արևին` Հեծքն է աղբյուրին մեջն ամեն ճիչի: Իրիկվան մեջ խորին, Երանգներ երբ ջուրին Մեջը մարմըրին, Ու թանձրամած ժըխորին Իյնան թևերը մեկեն. Իրիկվան մեջ խորին` Կարկաջն աղբյուրին կը կանչե հստակ` Հովիկ նաժիշտն` իր ջուրին Խաժ հանդերձը փոթելու: Եվ իրիկվան մեջ խորին, Ծանըր ինչպես ալելու, Կարկաջն աղբյուրին կը կանչե հստակ, Դեռ համեցող հոտն ըսպիտակ Գառնուկներուն` Որոնք հեռո՜ւն` Մըթնշաղին մեջ կ’իյնան Բադիլներուն պես ձյունին: Եվ իրիկվան մեջ խորին, Իրիկվան մեջ ծավալական ու բուրյան, Կարկաջն աղբյուրին, Իր շրջակայքի Հովանոցներուն մեջ կը պըտուտքի, Հոն ծաղիկներուն ու տերևին հետ, Ըսպասելու որ ծագի Լույսն առաջին լուսավորին: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted April 15, 2008 Report Share Posted April 15, 2008 ԻՐԻԿՎԱՆ ԻՂՁ Օրիորդ Նարդիկին Իրիկվան մեջ անհետելու հույսն ունենալ, Եվ հանձնըվիլ նուրբ կածանի մը քըմայքին. Խորխի մը պես թողո՜ւլ ձանձրույթն ու հափրա՜նքն ալ, Եվ անդորրով պատմուճանե՜լ հիվանդ հոգին: Ու լույսերո՜վ պարածածկել հիվանդ հոգին. Քույր ունենալ ջուրին կարկաջն ու կապույտ բալ, Եվ ունկնդրել ճամբուն քովերն երգող սյուքին, Մեծ քաղցրությա՛ն մը խառնըվիլ, ու մենանա՜լ: Ընկե՜րն ըլլալ ցորեներուն, մրգաստանին Դուռը բանալ զավկի մը պես, մըտերմորեն, Ու թողուլ որ շահարիկներ ըզքեզ տանին Թևապարփակ` լայն լըռության մը համորեն: Հոն շրջասփյուռ ծառերուն հետ եղբայրանա՜լ. Տարփո՜ղն ըլլալ ծաղիկներուն. ծովածավալ Իրիկվան մեջ` անհետելու հո՜ւյսն ունենալ… Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted April 15, 2008 Report Share Posted April 15, 2008 ԻՐԻԿՈՒՆՍ Բանաստեղծ Վահրամ Թաթուլին Իրիկունս է բարի՜, բարի՜, ու լիաձեռ ու հոտևան, Ոսկի ուղ մը` կամուրջ եղած ընդմեջ տիվին ու գիշերվան: Վարսադիտակ ծառերուն տակ կը կղկաթիմ լույսին համար. Արևին պերճ լույսին համար` որ կը փաղփի քրքմանըկար Մեջն հոտևան ծայրիներու ծայրածավալ ծաղիկներուն` Ուր դիցանվեր բաժակներու քամեց ամբրոսն անհագ մեղուն: Ծառոց ետին ճաճանչավուխտ պաստառ մըն է արևն ոսկի, Ուր ծաղկածին ուղեշներու ճամուկ հյուսքը կը սողոսկի: Ու զեփյուռն ալ, կայտռուն համբույր, մանկություն մ’է վերադարձած, Ու ջրցայտքն ալ` փսփսուքն է բարեկամիս` մըտերմասաց: Սյուքն աղջընակ` որ հյուսիսեն կը քնքշանա հոգվույս վըրան. Ու ջըրցայտքն` որ լաջակ կըլլա նարկիսներու գլխուն դեղձան, Կամ արտասուք` աչքերուն մեջ շահպրակներու հույլին ցիրցան Ու քաղցրությամբ կ’օծե մենիկ ծաղիկներու այդ լըռարան: Ու թերթիկներ` շահարիկի շընորհք` կ’իյան ափերուս մեջ, Բաց ափերուս` որ կ’երկարին լույսի խուրձին փողփողենէջ: Ահա՜ կ’անցնի, մըշուշված բիլ կազով տեսիլ մ’ալ զերթ ալիք. Զարմանուհի մ’է վարսագեղ, կաթ ու վարդի՜ հըրաշալիք… Հավերժահարս կաթ ու վարդե, ծաղիկ, ճաճանչ, ջուր ու զեփյուռ… Շա՜տ էր լեցուն հոգվույս, ո՜վ Տեր, բազմազեղումն այս շրջասփյուռ… 88;… Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted April 15, 2008 Report Share Posted April 15, 2008 ԼՈՒՍՆԱԿ ՔՈՒՐԻԿԻՍ Ա Երեկ գիշեր մոռցեր էիր, Լուսնա՜կ, գիտե՞ս, Երեկ գիշեր մոռցեր էիր պատուհանիկս իմ համեստ. Պատուհանիկս իմ անտես` Ուր մութ մը գորշ վիժակի պես էր կախվեր: Հոգ չէ՜ր, այդ մութն ըրի խորան հսկումի` Որ պաշտանքի ո՛չ մեկ ծաղիկ կը թոռմի, Ուր մութի տակ լոկ նինջ մը կա լուսանվեր: Երեկ գիշեր անցար քովես, Անցար, գո՜ւցե անգիտակ, Անցար` և ես` Քու հեռավոր պերճանքներուդ շլացքին տակ` Ջուրի ցայտքի մը պես զըվարթ հծծեցի: Օ՜հ, պարտեզը չէ՜ մեռցեր, Եվ արիշն ու սարբինան Իր լույսերովն է օծեր: Ու նայեցա հանդիպակաց ծաղկաստանին ալ վըրան, Լելակներուն վրա կապույտ, Չքնաղ, պչրոտ ու անփույթ` Դաստակդ էիր երկարեր: Ու դիտեցի, Չէիր մոռցեր սա ծըխանն ալ դըրացի, Չէի՛ր մոռցեր և ճամբաներն ամայի, Չէի՜ր մոռցեր… Չէ՛, այսօր ալ զիս մոռնայիր, Եթե այդպես պետք էր ըլլար, որպեսզի Արծաթեիր շուրջս անխըտիր Ամեն դալար ու ծաղիկ: Որովհետև ես քեզի Մտքիս թևո՜վն ալ կը հասնեմ երջանիկ. Քանզի նույն իսկ եթե ըլլաս Ամպին ետին ալ պահված` Ես կը հասնիմ անկասկած, Քու պերճ կայքիդ` հեք իրերուն համար անհաս: Ես կը հասնիմ անկասկած, Քեզի՜, քեզի՜, քո՜ւյր աստված, Եթե երբեք իմ հոգվույս Լուսախորշին մեջ պահված Վերջին նըշույլն ալ` անլույս Խոռոչի մը ծոցն իյնա. Վերջին նըշույլն այն ցոլքերեն` զոր գիշերներն եմ ժողված. Լիալուսնի արծաթաշող գիշերնե՜ր… Բ Մահի՜կ ոսկեսար, այս գիշեր նորեն Սարսռացի լույսիդ մեջ երանական. Եվ հոգիիս մեջ ինկան Խայտանքի նոր թիթեռներ. Ծիածանի սանդուխեն վեր` Նոր երանգներ տարորեն: Մահի՜կ ոսկեսար, այս գիշեր նորեն, Մոռցըված երգի ծըվեն, Կամ անուն, Անհուշություն ոլորտներուն Միգամածին մեջ կորսըված` Դուն` ծաղիկներ ցնծության Նըշուլեցիր հեղակարծ, Հոգվույս մեկ փըլուզակին վերև, Հինավուրց որմի մը բացատքեն: Մահի՜կ ոսկեսար, այս գիշեր նորեն, Մեկ լուսեղեն վայրկյանով, Տարագրեցիր հոգվույս մըռայլն համորեն: Օ՜հ, աս ի՜նչ ճախրանք, օ՜հ, աս ի՜նչ գորով, Այս գիշեր, նորեն, Պատուհանես ներս սահեցար հուլորեն. Շոշափեցիր վարագույրներն ըսպիտակ, Եվ աշտանակն արույրե, Եվ հայլիին մեջ վառեցիր նոր ճըրագ: Եվ ամեն մեկ հըպումիդ Հոգի՜ս է որ ինկավ լազվարթ ձեռքիդ տակ: Ներե՛, ա՜հ, ներե՜, Որ վայրկյան մը վերջ, հիմակ, Սեղանին վրա նյութե լամպարս եմ վառեր, Ըսելու համար թե քեզ չե՛մ մոռնար, թե չե՜մ մոռցեր… Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted April 15, 2008 Report Share Posted April 15, 2008 Ի՜ՆՉ ԱՐԲԵՑՈՒԹՅԱՄԲ… Գեղամ Բարսեղյան բարեկամիս Ի՜նչ արբեցությամբ, ծառեր, լույսին մեջ, Ծառեր հովին մեջ և անձրևներուն, Վարսավոր ծառեր, ծառեր երկնուղեշ, Ու ծառեր մատաղ` ծովածուփ կանանչ Ցորենի ցանքին գոգն ինկած շվարուն` Ամենն ալ կյանքին կ’ըմպեն հորդ ճաճանչ: Ի՜նչ արբեցությամբ խոտն` որ հողեն վեր Կ’ելլե, ըզմայլո՜ւն` կը բանա լույսին` Վայրկյան մը ապրող իր ցողե աչքեր: Ի՜նչ արբեցությամբ ծաղիկներ շաղին, Ծաղիկներ լույսին, մտերիմ ձեռքին, Ըսպասումներուն մեջ կը նըվաղին: Ի՜նչ արբեցությամբ ամենմեկ արոտ, Ամենմեկ բլրակ` իր կանանչ ճակտին Կը կապե երփնած ծաղկե նարոտ: Ի՜նչ արբեցությամբ դաշտերեն խորոտ, Եվ հարս հովիտեն` կարմըրոտանի Կ’առնե արագիլն իր դարձին կարոտ: Ի՜նչ արբեցությամբ սարյակներն, արթուն, Լո՜ւյսը կը ծըծեն, լո՜ւյսը կը հծծեն, Մրգաստաններու մեջեն սաղարթուն: Ի՜նչ արբեցությկամբ ձյուն ճայեր, ծըփին, Բարձրեն` օդաճեմ լյուղ կու գան. արփին Մեջ կ’ոսկեզօծին ու կը թևանան: Ի՜նչ արբեցությամբ տատրակն հարսենի, Առագաստ ըրած ծառի հովանին` Կըսպասե տարփոտ իր վարուժանին: Ի՜նչ արբեցությամբ թիթեռն է բացեր, Լելակի մանրիկ լիճին վրա փրփրուն` Առագաստաշեն իր կաթ թևիկներ: Ի՜նչ արբեցությամբ ծիրանի դաշտին Շեկ ծաղիկներուն մը վազե մեղուն, Ծըծել իգայի պտկունքներն հեշտին: Ի՜նչ արբեցությամբ ծովերն են կապույտ, Գետերն` հորդաջուր, աղբյուրներ` զեղուն, Լիճեր` խաժագույն, առուն` շուտափույթ, Լոռածամ առուն` որ կ’անցնի քովեն Ուռեստաններու գեջ լսնակապույտ: Ի՜նչ արբեցությամբ ամպեր կը թոթվեն Հրաշալի հեղուկն իրենց ըստինքին` Որ զերթ ասղանի վար կը սողոսկի` Մարելու երկրին պասուքը ոսկի: Ի՜նչ արբեցությամբ զայն կո՜ւշտ կը խըմե Համագրավ տապեն սարսատած հողին Ծընունդներն ամեն, ծակտիքներն ամեն: Ի՜նչ արբեցությամբ հոգին կ’ընդգրկե Ալյակն հորդահոս` ծայրիի բույրին, Ծաթրին, անանուխ, վայրի ռեհանի Բազմաբուրումներն ըստաշխ ու խունկե: Ի՜նչ արբեցությամբ կ’ընդգրկե անի. Բոլոր ձևերն ու երանգներն ամեն, Բոլոր գոյությանց, բոլոր տարրերուն Իր մեջ անդրադարձ ծիածանում են` Աստվա՜ծն` որ եղավ` չե՜ս գիտե ուրկե՜… Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted April 15, 2008 Report Share Posted April 15, 2008 ԵՐԳԸ Լուսինն հայլվույն մեջ առվակին հեզասահ Ձույլ արծաթի դեմքն իր անույշ պատկերե, Լուռ ու պարզկա գիշերին մեջ կ’ազդեն ահ Գունդեր հըսկա` կազմակերպված ծառերե: Հեռո՜ւն, հեռո՜ւն ձայն մը հուզիչ, տխրաշեշտ, Գունդերուն մեջ հըսկա ւ’ահեղ ծառերուն, Կը մարմըրի, տըխուր սըրտի սփոփ հեշտ, Փրփրոտ ծփանք ցավի հորդ ալիքներուն: Հեռու քաղքի ժըխորներեն տաղտկալի, Խորհրդավոր լռության մեջ գիշերին, Երգով մ’անշեժ, սիրով, հույզով, խանդով լի Թաղել կ’ուզե կարծես սերերն իր սիրտին: Լուսնակն աղու դալկության մեջ նվաղի, Առվակին ձայնն ալ կորսվի, կ’անհետի, Բլրույն կատարն սուրբ ալ քունի մեջ թաղվի Մասնակցելով մարդուն երգի սև սուգի: 1901, օգոստոս, Սվազ, Ս. Հակոբ Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted April 15, 2008 Report Share Posted April 15, 2008 ՄՈՒԹԻՆ ՏԱԿ (Սոսկում) Կիսալուսինն հազիվ թե շող մը արձակած, Թաղվիլ կ’երթա մութ-գույն ամպերուն ետին, Տարտամություն մը կը պատե խորհրդազդած, Լուսավորներն և հուսկ իրերն ալ հետին: Այդ անորոշ, տարտամագին մութին մեջ Գորշ ցցունք մը կողին վրա սեգ սարերուն Կը ներարկե երակներուս դող մ’անշեջ, Մութ սոսկում մը արհավիրքով պատատուն: Ու կ’ունենամ անդրադարձում մը կյանքիս, Լույսերն երկնի կ’ըսեմ հույսերս էին վառ, Որոնք սիրտիդ բաղխելով քու համակ սառ, Անհետացան` թողլով միայն մո՜ւթ` սիրտիս: Սարին ցցունքն ալ այդ մթին, ըստվերոտ, Մտաբերել կու տա լքումդ ինձ անգութ, Բաժնվեցանք մենք իրարմե, օ՜հ, շատ փույթ Ըսկսած դեռ, հազիվ, սիրույն մեր կյանքոտ: 1901, Սվազ 1902 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted April 15, 2008 Report Share Posted April 15, 2008 (edited) ԻՐԻԿՎԱՆ ԴԵՄ Հեշտ այգուն մոտ երազեցի, մըրափիս մեջ, Վառ գույներով դրասանգված երգը կյանքին. Եվ դողդոջուն ծիածաններ մետաքսառէջ Ու փաղփածոպ, կ’երկարեին աշխարհ մ’անգին: Օրվան կյանքի տըվայտանքներ` իմ հորձանուտ Երազներուս հըմայքն ի սպառ փարատեցին. Ու դիտեցի կյանքը մոտեն, զերծէ օատրանուտ Խոլ խաղերե,– կոտտանքներով դաժան խոցին: Իրիկվան դե՜մ… Ըստվերները կ’իյնան արագ: Զուր առտըվան երազանքներս ես կ’որոնեմ. Ըմպեց անոնց լույս շիթերը սեր մը վայրագ. Հեծեծանքիս հետ մընացած մինակ, հո՛ն եմ… 1902 Edited April 15, 2008 by Ashot Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted April 15, 2008 Report Share Posted April 15, 2008 ՀՈՒՇԱՊՍԱԿ Թուղթին վրա ճերմակ Էջ մը սարսըռուն, Կամ գանկերուն տակ Հույլերն հուշերուն, Կը ձուլեն հըստակ` Հիշատակն անհուն… Եվ թող անապակ` Նկարն այս սիրուն, Ձոն ըլլա` շիտակ Թարգման սիրտերուն. Ձոնը` հիշատակ` Անձայն, բայց խոսուն: 1902, Սվազ Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted April 15, 2008 Report Share Posted April 15, 2008 (edited) ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔ Ռուբեն Զարդարյանին < 1 > ՓՈՇԻՆ Շարքովն եզերված բարտիներու հոծ Լայն ճամբուն վրա, քաղաքին մոտիկ, Իրիկնամուտին, պայծառ խորոտիկ, Փոշիի պար մը կ’ելլե հողմակոծ: Կ’ոլորվի թախծոտ, կը շրջի տխուր Ուռեցած շունչովն բիրտ հովին հըսկա. Սիրտըս հուզված է, միտքըս կը խոկա Նենգություններուդ, դավերուդ անլուր: Եվ ինչպես հովը կը քալե արագ, Փոշիի անթիվ ամպերուն բոլոր Ցրվելով խառնակ տարրերը մոլոր, Տիրապետումի հույզերով վայրագ: Արհամարհանքիս հովն ալ անխընա Պիտի ընոտնե փոշին կեղծ սիրույդ, Եվ ժըպիտներուդ մեջեն պատրանուդ Սիրտըս միշտ կանգուն պիտի բարձրանա: < 2 > ԾԱՂԿԵ ՔԱՌՅԱԿ Քերթողի վառ խանդով գրված Քառյակներեն ավելի, Ես կը սիրեմ նրբակազմած, Գունեղ քառյակը ծաղկի: Նկարագեղ ոճով գծված Պատկերն հուզիչ է նվազ, Քան դաշտերե լայնատարած Քաղված ծաղիկն հեշտանազ: Հո՛ն, բաժակին մեջ ծաղիկին Ոսկեփոշի թևով գեջ, Սիրով պատած սիրտի մ’անգին Կ’առնե պատկերն ելևէջ: Այդ պատկերը շատ ավելի Հուզիչ է` քան քերթողին Հույզով մ’անհուն, անպատմելի Գրած տողերն քառյակին: < 3 > ՄԵՐԺՈՒՄ Մեկ համբույրըդ զիս պիտ’ ըներ երջանիկ, Դուն զլացար ինծի շնորհն այդ գողտրիկ, Դժնե “ոչ”ըդ թքիր ինծի անտարբեր. Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր: Դուն զլացար ինծի շնորհն այդ գողտրիկ Ու սևերու մեջ թաթխեցիր իմ մեղմիկ Ժպտիս ցոլքը, մերթ վառվռուն, մերթ հանդարտ. Ես այն օրեն եղա թշվառ մը անբախտ: Դժնե “ոչ”ըդ թքիր ինծի անտարբեր, Այդ “ոչ”ըդ սուր սիրտես սորեց արյուններ. Մերժումի այդ սառ լախտն, ավա՜ղ, վշտածին Գալարեցուց սևերու մեջ իմ հոգին: Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր. Վիշտը սիրտըս իմ ըրավ քանդ ու ավեր. Այն օրեն երբ սև բաժակըն այդ թույնի Ըմպեցի ես, սիրտըս բյուր բյուր կ’արյունի: 1902, Սվազ 1903 Edited April 15, 2008 by Ashot Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted April 15, 2008 Report Share Posted April 15, 2008 ԴԵՂԻՆ ՎԱՐԴԵՐ Դեղին վարդեր մայիսի, Բուրումներով խնկավետ, Թալկության մը մեջ հավետ Կը տժգունին մեկուսի: Հեք սիրտերու մըտերիմ, Տժգո՜ւյն վարդե՜ր մայիսի, Հեշտ նազանքով մը կույսի, Ու, հատնումեն ոխերիմ, Կու լան: Հևքով նըվաղկոտ Եղկ բուրում մը կը խուսի Տժգույն վարդեն մայիսի. Ու կանգ կ’առնե իսկույն հոտ: Լըքված հոգին մեկուսի Որ կը մըխա անտերունջ, Մինչև խամրի ալ անշունչ Վարդերուն պես մայիսի: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted April 15, 2008 Report Share Posted April 15, 2008 ՀԻՇԱՏԱԿ (Սիրերգ) Մութ ըստվերներ, ծավի լույսեր ցիրուցան` Ցուրտ սարսուռով, լույս-հույզերով պարուրված, Հըպումով մը ազդու` եկան ու անցան, Հուրքոտ բոցեր միայն թողլով շըրջահած: Այդ բոցերը փայլեցան հոս մըշտարծարծ, Մեր վառ սիրույն հընոցին մեջ ոսկեծին, Անէացած, խելահեղած հեղակարծ` Պըլլվեցա հիշատակիդ առանցքին: * * * Անցար, գացիր, բայց թողուցիր արյունող Ասղընտունքը տագնապահույզ լըքումիդ. Բոց սերեն վերջ` լըքումի վիշտը մրրկող: Չէ՛, մի՛ ըլլար, անգո՜ւթ, այդչափ եսասեր` Սըրտիս` որ դեռ չէ՛ վարժըված աներկմիտ Մոռացոնքին: Ան չի կըրնար սառիլ դեռ: 1902 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted April 15, 2008 Report Share Posted April 15, 2008 (edited) ՏՂՈՒ ՄԸ ՄԱՀԸ Գարուն է, ծիլ առին ծաղիկն ու դալար, Կը շողա լույսն եթերին մեջ կապուտակ. Ձըմրան խոժոռ երկինքը որ միշտ կու լար` Բիլ հըրճվանքով մը կ’ողողվի ա՛լ հիմակ: Կյանքի գարնան մեջ դուն ծաղի՜կ նորածիլ. Աղետաբեր խորշակով մը խամրեցար. Մանուկ հոգիդ ալ – հեշտ բուրում մը – հածիլ Գընաց կապույտ անհունին մեջ լայնատարր: Անվերադարձ մեկնումդ, ավա՜ղ, մենք կու լանք Խուլ հեծքերով ու արցունքով դառնագին, Եվ կը մարի մեր սըրտին խինդն ու տենչանք Քու արևիդ շիջումին հոծ շուքին տակ ` Չըխորհելով թե անըստվեր քու հոգին Զըվարթումի վերացում մ’է ա՜լ հիմակ: Edited April 15, 2008 by Ashot Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted April 15, 2008 Report Share Posted April 15, 2008 ԲԱԺՆՎԱԾ ՍԻՐՏԵՐ Հևքոտ շունչեր կու գան ման, Ու հըրճվանքով կը ժըպտինք. Կ’երկնեն կապույտ մ’աննըման Բիլ ծովն անհուն ու երկինք: Եվ բուրումներ կու գան ման, Ոգևորում մը հեշտին Արբշըռանքվ մը հուզման Կ’ամոքե վերը վըշտին: Հոգիս ունի խինդն այգուն, Ու դայլայլը թըռչունին. Սիրտըս քընար մ’է անքուն Որուն երգեր ցավ չունին: * * * Երազի մը պես գացին, Տարիներըս սահեցան Այն օրեն` երբ ըզգացին Սիրտեր ցունցը բաժանման: Երբեմն արցունք մը ցավի, Զիս վըրդովեց խըռովքով. Երբեմն ալ հույս մը ծավի Շողաց հոգվույս մութին քով: Բաժանումեն վերջ, իրա՛վ, Ի՜նչ գորովով, ի՜նչ խանդով Կը փարին սիրտեր, ծարավ` Միացումին հեշտանքով: * * * Երազանքներ զիս կ’օրրեն Օրորումով մը հանդարտ. Հեռուն լոռնեն, ձորերեն, Միշտ կը հառիմ ես անթարթ, Ծածանումիդ մոտալուտ Հույսերովը մոլորուն, Տենդով կըսպասեմ գալուդ, Ցընծումին մեջ երգերուն: Ալ սիրտս ունի խինդն այգուն, Ու դայլայլը թըռչունին. Հոգիս քընար մ’է անքուն Որուն երգեր ցավ չունին: Կ. Պոլիս Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted April 15, 2008 Report Share Posted April 15, 2008 ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆ Լուռ, մարմարակերտ դամբանին խորեն, Հանճարի աչքերն անքույթ կը նային, Լույս հոգիներուն կյանքովն երկնային, Ա՛լ մեկուսացած ունայն ժըխորեն: Մեռա՜վ, խանդավառ սերերն երգելեն` Ու պիտի հավետ միտքերն հըմային Իր թունդ քընարեն, ու երգերն ալ հին Պաշտումով ըզմեզ միշտ պիտի գերեն: Հույզով մեռա՛վ ան, հուշքով` կ’ապրի դեռ, Ծառերուն նըման` որ թարմ ու դալար, Իր գերեզմանին կ’ելլեն քովն ի վեր: Հիացքներ կ’երթան իրեն ետևեն… Եվ իր հուշքերն ալ, հավետ անմոլար Ու միշտ ոգևոր` դեռ պիտի տևե՜ն: < 8 հուլիսի, 1903 > Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted April 15, 2008 Report Share Posted April 15, 2008 ՍԻՐՈ ՈՒՂԻՆ Ուղի մ’ունիմ ես նրբանույշ, – Սիրույս ուղին մետաքսավետ,– Որուն հըմայքն երջանկահուշ` Կ’ոգևորե զիս առ հավետ: Քընքույշ հյութեր կը փթթին հոն, Ու հարսնուկներ հըրահոսան. Հոն կը հյուսեմ երգ ու գեղոն, Ե՛ս, սիրավառ, խանդո՜տ գուսան: Իսկ երբ օր մը խըլեն աչքես Իմ պաշտելի ուղիս` անհետ, Մութ գիշերներն` ու ոսկեգես Չըցոլա ա՛լ արևն հավետ, Նորեն գըտնեմ պիտի ես հար Սիրույս ճամբան, մի՜շտ անմոլոր. Բավ է անոր ես անդադար Հըրայրքն ունիմ, պաշտո՜ւմ բոլոր: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted April 15, 2008 Report Share Posted April 15, 2008 ԱՇՆԱՆ ԾՈՎ Տառապագին, աշնան հըզոր ծովը լըքուն, Երազողն է, միշտ այլայլված, ու միշտ դաժան. Իր տենդահար ալքերուն մեջ կա վիշտ մ’անհուն, Զոր ալիքներ մերթ հուզումով դուրս կը պոռթկան: Դեպ ի բարձունքն ամպերու գորշ գուլաներուն, Իր դողահար նայվածքները կը հառե ան. Լըքվա՜ծ, սիրող, տենչանքներով, հույզով եռուն, Որ կ’երազե միշտ դալուկ մը ճակտին վրան: Ու իր ցավը կըտանի լուռ խարակներուն, Որոնք ընդմիշտ կ’արհամարհեն զայն անտարբեր, Փափաքելով կարծես անկե խոսիլ հեռուն: Ծովեզերքեն մարդիկ կ’անցնին միշտ անգիտակ. Անկարեկիր` լայն ցավին որ զինքն է լափեր. Մեծ տառապողն ա՜լ երազուն է միս մինակ… < 1903, հունիս > Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted April 15, 2008 Report Share Posted April 15, 2008 ՀԻՇԱՏԱԿԴ Փըրփուրները քարափին Կ’երկնեն երազն հեշտավետ Իմ խոնջ հոգվույս մըրափին. Հույսի շող մը զիս հավետ Կը կապե նուրբ կապույտին. Կը պոստանա ծովն անհուն. Ու ալյակներ կը ժըպտին Հոգվույս տենդոտ իղձերուն: Անույշ արցունք մը սըրտիս Քուն կը բերե զովասուն, Ու դուն ինծի՛ կը մոտիս Ջինջ նըկարով մը խոսուն: Ու սիրավառ, ես հանկարծ Աննյութ տեսքեդ խելահեղ, Կը պըլլըվիմ մըշտարծարծ Հիշատակիդ, ամեն հեղ: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted April 15, 2008 Report Share Posted April 15, 2008 ԱՉՔԵՐԴ Փոքրիկ Արշալույսին Սընդուսե գըգվոտ եթերն աչքերուդ Ձյունափայլ ճակտիդ պարփակումին տակ, Գոհարատուփն է հըմայքով ջերուտ, Մետաքսառէջ, նուրբ կողքով ըսպիտակ: Բայց ադամանդի զերթ ցոլք փալփըլուն, Արցունքի երբոր շիթն հոն չի՛ դողար, Թովանքը կապույտ այդ երկինքներուն Կը խուսափի, զերթ անծաղիկ թաղար: Եվ կամ գոհարի տուփին պես փայլուն, Բյուրեղ արցունքն, ուր երբեք չի ցոլար, Արևակին կամ թոշ սուտակներուն, Զըրկըված շողեն, ցոլքեն դողահար: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ashot Posted April 15, 2008 Report Share Posted April 15, 2008 ԱՇՆԱՆ ԾԱՂԻԿՆԵՐ Կը խամրին աշնան ծաղիկներ տըժգույն. Լըքված, անտերունջ հոգիներուն պես. Կը ցընդի անոնց բույրն անույշ ու վես, Հոգեվարք սիրտի հուսկ շունչին հանգույն: Գոս տերևներուն հետ, արագ արագ, Կը խամրին աշնան ծաղիկներ տըժգույն. Սիրազեղ բույրն ու թովքն իրեն հոգվույն, Կը մեռնին, հովուն հեծքերեն վայրագ: Արևուն վերջին ցոլքերն աննըշույլ Կը մարին գոգը ամպին մըթագույն. Կը խամրին աշնան ծաղիկներ տըժգույն, Օր մըն ալ ձյունեն սառելով բույլ-բույլ: Եվ հուզված սիրտն ալ սիրատանջ մարդուն Անըզգայության ձյունին տակ, ավա՜ղ, Կը սառի օր մ’ալ, ինչպես որ դեռ վաղ Կը մեռնի՜ն աշնան ծաղիկներ տըժգույն… < Բերա, 1903 > Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.