ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԻ ՄԱՍԸ
Ինչո՞ւ չենք պահանջում
Հունիսի 13-ին լրացավ Ադրբեջանի կողմից Շահումյանի բռնազավթման 15 տարին։ Այս կապակցությամբ «Փաստարկ» ակումբում երեկ մամուլի ասուլիսով հանդես եկավ «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միության նախագահ ԷԴԻԿ ԲԱԼԱՅԱՆԸ։
-Ուղիղ 15 տարի առաջ Ադրբեջանի հրոսակների կողմից բռնի տեղահանվեցին Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի բնակիչները,- ասաց Է.Բալայանը եւ հավելեց, որ 16 տարի առաջ Գետաշենի ենթաշրջանը 18 հայկական բնակավայր էր։
Այնուհետեւ ադրբեջանցիների կողմից զավթվեցին նաեւ այլ տարածքներ՝ Մարտակերտի գյուղերից 6-ը, Մարտունու շրջանի մի մասը, որոնք բոլորն էլ մինչ օրս բռնազավթված են մնում Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Ադրբեջանի հրոսակների կողմից բռնությամբ տեղահանված միայն Շահումյանի շրջանի բնակչության թիվը հասնում է 21000-ի։ Միության նախագահն իր խոսքում ընդգծեց, որ Մարտակերտի եւ Մարտունու շրջանների բռնազավթված տարածքները Լեռնային Ղարաբաղի տարածքի մի մասն են, մինչդեռ.
-Մենք չգիտենք, թե ինչու այդ մասին համարյա չի խոսվում կամ ընդհանրապես լռում են։
Շահումյանի շրջանից եւ Գետաշենի ենթաշրջանից բռնագաղթվածներն ունեն բազմաթիվ չլուծված խնդիրներ իրենց ներկայիս բնակության վայրերում, շատ շատերը չունեն բնակարաններ, գտնվում են սոցիալապես ծանր պայմաններում, երիտասարդությունը չի կարողանում աշխատանք գտնել, ֆինանսական պատճառով ուսումն անմատչելի է։ Գրեթե չի խոսվում անհայտ կորածների եւ ռազմագերիների մասին։
Այսուհանդերձ, միության նախագահը հատկապես կարեւորեց առկա խնդիրներից երկուսը։ Առաջինն այն է, որ հայրենիքի վերը նշված տարածքների բռնազավթված լինելու հանգամանքը մենք (Հայաստանի եւ ԼՂՀ-ի իշխանությունները) պետք է դարձնենք օրակարգային հարց։ Այդ տարածքները Լեռնային Ղարաբաղին վերադարձնելու հարցը պետք է ներառված լինի հիմնախնդրի կարգավորման գործընթացում։
-Գաղտնիք չէ, որ ադրբեջանցիները անընդհատ նստելով բանակցությունների` առաջին հերթին ընդունում են զոհի կարգավիճակ եւ պահանջում, որ մենք վերադարձնենք ազատագրված տարածքները,- հիշեցրեց Է.Բալայանը։
Երկրորդ խնդիրն այն է, որ եթե Ադրբեջանի բռնազավթած տարածքների վերադարձման հարցը չի քննարկվելու ու չի լուծվելու, դրանից, որպես ածանցյալ, չի լուծվելու բռնագաղթվածների վերադառնալու խնդիրը։
Մի պահ պատկերացնենք, թե բանակցություններն ավարտվել են, կայացել են ինչ-ինչ պայմանավորվածություններ, սակայն մենք Ադրբեջանի բռնազավթած տարածքները չենք ստացել։ Այդ դեպքում բռնագաղթած հայ բնակչությունը, որը, ըստ Է.Բալայանի, 500 000-ի է հասնում, ո՞ւր պետք է գնա, որտե՞ղ պետք է վերաբնակեցվի։ Այս խնդրի լուծման համար հիմք պետք է ստեղծել այսօրվանից, քանի դեռ բանակցություններն ընթանում են ու վերջնական փուլում չեն։
Ըստ հայրենակցական միության դիրքորոշման, Ադրբեջանի այլ վայրերից բռնագաղթած մեր հայրենակիցներին վերաբնակեցնելու համար պետք է հատկացնել ազատագրված տարածքների մի մասը եւ նրանց հնարավորություն տալ այնտեղ մշտական բնակություն հաստատել։ Այդ տարածքը պարտադիր պետք է ներառված լինի ԼՂՀ կազմում, որպեսզի ապահովվի բնակչության անվտանգության հարցը։
Արտահայտելով Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի բռնագաղթվածների կամքը` միության նախագահը պահանջեց, որպեսզի Ադրբեջանի կողմից զավթված Ղարաբաղի տարածքները վերադարձնելու հարցը ներառվի Մինսկի խմբի բանակցային գործընթացի օրակարգում։ Միաժամանակ պետք է պահանջել, որպեսզի 500 000 մեր հայրենակիցներին բռնի ուժով իրենց պատմական բնօրրաններից վտարելու համար Ադրբեջանը կատարի քաղաքական, բարոյական եւ նյութական հատուցումներ։
Է.Բալայանը մեկ անգամ եւս հիշեցրեց, որ ադրբեջանցիների կողմից բռնազավթված տարածքներում հիմնահատակ ոչնչացվում են հայկական բնակավայրերը, գերեզմանները, պատմամշակութային հուշարձանները, փորձ է արվում վերացնել հայկական էթնիկ պատկանելության բոլոր հետքերը։
Միաժամանակ Ադրբեջանը մեծ թափով, պետական մակարդակով վերաբնակեցնում է իր բռնազավթած հայկական տարածքները։ Նույնիսկ Ադրբեջանի 2006թ. պաշտոնական տվյալների համաձայն, միայն Շահումյանի շրջանում կա 3237 ընտրող, բնականաբար, բնակչության թիվն ավելի մեծ է։
Եթե ադրբեջանցիներով հայկական բնակավայրերի վերաբնակեցումը շարունակվի, ոչ հեռավոր ապագայում նրանց թիվը Շահումյանում կհասնի 50-70 հազարի։ Դրանից հետո Ադրբեջանն այդ տարածքները կարող է տալ ԼՂՀ-ին եւ պահանջել, որ նրանց ադրբեջանական բնակչությունը նույնպես մասնակցի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշող հանրաքվեին։ Այս վտանգն այսօրվանից պետք է հաշվի առնել։
Միաժամանակ շատ քիչ բան է արվում ազատագրված տարածքների վերաբնակեցման համար։ Այսօր այնտեղ բնակվող հայերի թիվը շատ քիչ է եւ անհամեմատելի է Ադրբեջանի բռնազավթած հայկական բնակավայրերում վերաբնակեցված ադրբեջանցիների թվի հետ։
* Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ