Johannes Posted March 26, 2008 Report Share Posted March 26, 2008 (edited) Մէջբերմունք, Վալերի Միրզոյեանի «Ճարտասանութիւն» գրքից. Բառախաղ Բառախաղը (ֆրանսերէն՝ «calembour», կալամաբուր), գոյանում է շնորհիւ այն բանի, որ ճարտասանը սրամտօրէն վերաիմաստաւորում է գործածւող բառը կամ արտայայտութիւնը, խաղարկում է նախկին՝ ուղիղ իմաստի եւ փոփոխւած՝ փոխաբանական գործածութեան միջեւ տարբերութիւնները: Բառախաղի միջոցները տարբեր են. երբեմն էլ՝ ողջ շարադասութիւնն է շրջւում: Ամեն ինչ կախուած է խօսողի լեզուական ճաշակից, ճարտասանական հնտութիւնից, գիտելիքից, սրամտելու շնորհքից, ասելիքի բնոյթից, ինչպէս նաեւ ունկնդիրների ու իրավիճակի իւրայատկութիւններից (այնպէս որ՝ դժուար է դասել բառախաղի տեսակները): Հայ մտքի պատմութեան մէջ բառախաղը աւանդաբար ծառայել է խորիմաստ եւ տպաւորիչ ասոյթներ ստեղծելուն. «Լաւ է կոյր աչօք քան կոյր մտօք» (Եղիշէ):«Ազգին պակասութիւնը պարտկել՝ խելացութիւն է, բայց պակսութիւնը չճանչնալ՝ մեծ անխելքութիւն» (Ղեւոնդ Ալիշան):«Անկրթութիւն լաւագոյն է, քան թերի կրթութիւն» (Եղիայ Տ.):«Օղին կռուի մէջ հաշտութիւն կը ձգէ եւ հաշտութեան մէջ ալ՝ կռիւ» (Յակոբ Պարոնեան):Յատկապէս տպաւորիչ են նուազագոյն հնչիւնափոխութեամբ գոյացող տարասութիւնները. դրանք սովորաբար վերածւում են թեւաւոր խօսքի: Դասական օրինակը, անտարակոյս, Յուլիոս Կեսարի «Եկայ, տեսայ, յաղթեցի» («Veni, vidi, vici») արտայայտութիւնն է (ըստ Պլուտարքոսի): Դրան չի զիջում Ռուբէն Սեւակի չքնաղ ձեւակերպումը՝ «Առողջ սէր, առողջ սեռ»: Ժամանակակից քաղաքական-խորհրդարանական խօսքը նոյնպէս ծնունդ է տուել տագնապայարոյց երեւոյթների մի ամփոփ գնահատականի. «Այդ բարեփոխումները դարձել են մեր ժողովրդի համար չարեփոխումներ»: Բառախաղը կարող է միջոց դառնալ խօսուն ակնարկութեան, ինչպէս հետեւակ յօդուածի վերնագրում. «Հայ-ռուսական գազայի՞ն, թէ՞ գազանային յարաբերութիւնները» («Փակագիծ», 16.01.2006): Զաւեշտի դրսեւորման հնարաւորութիւնը՝ կատակից մինչեւ սուր երգիծանք, բառախաղային տարբեր հնարքով բազմապատկւում են. «Մամլոյ ազատութիւնը անկարելի է, որովհետեւ ուր որ մամուլ կայ, հարկաւ հոն ճնշում կայ» (Յակոբ Պարոնեան),«Մարդիկ ըստ էութեան բաժանւում են երկու խմբի. քչերը երկնողներ, մնացածը՝ կրկնողներ» (Պարոյր Սեւակ),«Մենք շատ ենք քարացել չկամութեան ու չարակամութեան մէջ» (Յովհաննէս Թումանեան),«Կան մարդիկ, որոնք մեզ թւում են հաստատամիտ, մինչդեռ նրանք հաստամիտ են» (Ղազարոս Աղայեան),«Յորձա՞նք, թէ՞ փորձանք» (Ակսել Բակունց):Բառախաղային քննադատութեան յաջողուած ձեւակերպումներ հանդիպում են նաեւ խորհրդարանական ճարտասանութեան ասպարէզում. - «Քաղաքականութիւն չէ, քաղաքականութեան բացակայութիւն է», - «Հրատարակչութիւնները պահպանում են իրենց գոյութիւնը՝ աւելի չգոյութեան նման», - «Անհասկանալի խնդիրները ընդամենը պէտք է հասկանալ», - «Այդ անկախ յանյաժողովը իրականում չանկախ յանձաժողով է»: Վերոբերեալի գրեթէ բոլոր օրինակներում բառախաղը ոչ միայն աւելի պատկերաւոր է դարձնում ասուածը, այլեւ ծառայում է բուն մտքի հիմնաւորմանը, այսինքն՝ կատարում է փաստարկման գործառոյթ: Եւս մէկ օրինակ Պ. Սեւակից. «Մենք քամիներ շատ ենք տեսել եւ եթէ ցայսօր գոյատեւում ենք, ապա շնորհիւ այն բանի, որ քամիները թռցրել են մեր գլխարկը, բայց ոչ գլուխը»: Բառախաղը պէտք չէ վերածուի ինքնանպատակ, բռնազբօսիկ, անպատշաճ տափակութեանց շարանի: Վերջինիս շքահանդէսը հայաստանեան հեռուստաեթերը հեղեղած է վիճակախաղերում գուցէ անխուսափելի, սակայն ինքնանպատակ բառախաղը հակացուցւած է ճարտասանական խօսքի համարեայ բոլոր տեսակներին: Եւ ընդհակառակը, չզլանանք կրկնել՝ Տեղին, սրամիտ, յատկապէս յընթացս արւող բառախաղը շատ աւելի տպաւորիչ ու համոզիչ է լինում, քան ուղիղ ձեւով ասւածը: Ծանօթ. Յովհաննէսի., Պարոնեանի յիշխատակած մամուլը թերթի հրատարակման համար գործածւող եւ գալարող գելիչն է: Գելիչը, գլանաձեւ եւ իրար զուգահեռ թաւալող այն երկու զանգուածներն են, որոնց միջոցէն կ'անցնի պահանջուած՝ որոշ հաստութեան կամ բարակութեան մետաղեայ թելը կամ թիթեղը: Ճանապարհի խիճերը եւ ասֆալտը պատող ու յարդարող գելիչները մէկ գլան ունին: Edited March 26, 2008 by Johannes Quote Link to comment Share on other sites More sharing options...
SAS Posted March 27, 2008 Report Share Posted March 27, 2008 ԱրքԵպիսկոպոս - ՉարքԵպիսկոպոս Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted March 27, 2008 Author Report Share Posted March 27, 2008 (edited) Մէջբերմունք, Վալերի Միրզոյեանի «Ճարտասանութիւն» գրքից. Շղթայակցում Շղթայակցումը այն բանադարձումն է, երբ որեւէ բառ հնչերանգով առանձնացւում է եւ դառնում ելակէտ յաջորդ մտքի արտայայտման՝ այդ կերպ շղթայական կապ ստեղծելով: Շղթայակցումի օրինակ Վարդան Մամիկոնեանի ճառից. «Երկիւղ՝ թերահաւատութեան է նշանակ, զթերահաւատութիւն մեք ի մէնջ մերժեցաք, ընդ նմին եւ երկիւղն փախիցէ ի մտաց եւ ի խորհրդոց մերոց»: Զօրավարի միտքը տրամաբանօրէն կուռ է ու համոզիչ յատկապէս շղթայակցման շնորհիւ: Առաջին ասոյթի «թերահաւատութիւնը» բացուել է երկրորդ, իսկ «երկիւղը»՝ երրորդ ասոյթի մէջ: Կարելի է այլ կերպ ձեւակերպել (նոյն տրամաբանութիւնը տարբեր լեզուական կաղապարներով արտայայտել), սակայն դա հնարաւոր չէ ասել աւելի պատկերաւոր, աւելի աւարտուն, աւելի սլացիկ, ուստի եւ՝ աւելի ազդեցիկ, քան արդէն ասուել է: Բանաստեղծական խօսքում այս հնարքը ապահովում է պատումի սահուն ծաւալումը, հնչեցմանը՝ հաղորդում երգեցիկութիւն, ինչպէս Յովհաննէս Թումանեանի «Չարի վերջը» հեքիաթում: Լինում է մի սար,Էն սարում մի ծառ,Էն ծառում փըչակ,Փըչակում մի բուն,Բընում երեք ձագ... Շղթայակցման օրինակ ժամանակակից հայ քնարերգութիւնից (Յասմիկ Յովհաննէսեան), որտեղ այդ հնարքով խորացել է դատողութեան խոհականութիւնը. Շղթաները մեզ կապող ծաղիկներն են լինելու,Ծաղիկները շղթայի անթառամ են դառնալու: Մեր սրտերը բաբախող հեքիաթներ են հիւսելու,Հեքիաթները մեր հիւսած երազանք են դառնալու: Մեր աչքերը զարմացած նոր աշխարհ են գտնելու,Այդ աշխարհը նոր գտած միայն մերն է դառնալու: Ծանօթ. Յովհաննէսի., թարգմանեմ Վարդան զօրավարի խօսքը. «Վախը թերահաւատութեան (անհաւատ լինել) նշան է, թերահաւատութիւնը մենք մեզանից վտարեցինք, նրա համար եւ վախն էլ փախչեց մեր մտքերից ու խորհուրդներից» Edited March 27, 2008 by Johannes Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted April 2, 2008 Author Report Share Posted April 2, 2008 Լեզուատրամաբանական սխալներ «հարազատութիւն ընդ իմաստաբանութեանց» (Մ. Սալլաթեանց) Ինչպէս առանձին բառերի, այնպէս էլ բառակապակցութիւնների գործածութեան ասպարէզում ճարտասանին վնասում են լեզուատրամաբանական բնոյթի սխալները: Դրանք առաւելապէս հետեւանք են բառակապակցութեան բաղադրիչների իմաստային համապատասխանութեան պահանջի այն խախտումների, որ ճարտասանն ակամայ է կատարում (կամովին՝ միտումնաւոր խախտումների պարագայում, գործ ունենք սոփեստական հնարքի հետ): Ճարտասանական խօսքի շարադրանքին (առասութեանը) ներկայացւող այդ կարեւոր պահանջը Միքայէլ Սալաթեանցը ձեւակերպել է այսպէս՝ «հարազատութիւն ընդ իմաստաբանութեանց. այն է՝ զի արտաքին խօսքն պատկերացուսցէ եւ արտայայտեսցէ զներքին իմաստս»: Այնինչ՝ շատ ճառասացներ կամ իրենք են անտեսում տուեալ պահանջը, կամ անքննադատ կերպով կրկնում, իւրացնում են այլոց սխալները: Համոզուենք դրանում հետեւեալ օրինակները վերլուծելով: Մերօրեայ ամենատարածուած սխալներից է «գինը՝ պայմանագրային» բառակապացութիւնը, որ հանդիպում է յատկապէս զանազան յայտարարութիւններում (այսինքն՝ բազմապատկման «բարենպաստ» հնարաւորութիւններ ունի): Իմաստը հասկանալի է՝ ուզում են ասել, թէ գինը նախապէս չի յայտնւում, անփոփոխելի չէ, հարկաւոր է պայմանաւորուել («խօսելու վրայ»՝ կասէին ժողովրդախօսակցական ոճով հաղորդակցւողները) եւ այլն: Ուրեմն՝ հայերէն այդպէս էլ ասենք. «գինը՝ ըստ պայմանաւորուածութեան», «գինը՝ պայմանական» եւ այլն: Իսկ այս պարզ իմաստն ստացել է աղարտական ձեւակերպում, քանի որ անտեսուել է ռուսերէն համապատասխան բառի բազմիմաստութեան հանգամանքը («договорная» նշանակում է ոչ միայն «պայմանագրային», այլեւ «պայմանաւորուածութեամբ»):Ոչ միայն առտնին, այլեւ պաշտօնական խօսքում եւ նոյնիսկ բառարաններում հանդիպում են «էժան գներ», «թանկ գներ», «գներն էժանացել են», «սակագների թանկացում» եւ նմանօրինակ արտայայտութիւններ: Մինչդեռ գինը կարող է լինել ցածր կամ բարձր, իսկ «էժան» բառն ինքնին նշանակում է «ցածր գին», ուստի եւ՝ «էժանացել» նշանակում է գինն իջեցնել: Սխալ բառակապակցութիւն է գոյանում, քանի որ բաղադրիչների իմաստային ոլորտները մասամբ համընկնում են, ծնում կրկնաբանութիւն (լեզուատրամաբանական այդ կարգի սխալներին ստորեւ կանդրադառնանք), մթագնում բառակապակցութեան ամբողջական իմաստը:Իմաստով միմիանց անյարիր երկու բառ է միացրել այն քաղաքական գործիչը, ով յորդորում է ընտրողներին, թէ «աջակցէք մեզ՝ վերականգնելու այսօրուայ անարդարութիւնը»: Բայց չէ՞ որ վերականգնում են արդարութիւնը (իսկ անարդարութիւնը, ընդհակառակը, կապակցւում է «վերացնել» բայական լրացման հետ), եւ ճարտասանը հենց դա էլ ուզել է ասել, սակայն խախտելով բաղադրիչների իմաստային համապատասխանութեան պահանջը՝ իր ցանկացածին հակադիր միտք էձեւակերպել:«Անհնարինը՝ ակնյայտ» բառակապակցութիւնը հայաստանցի լրագրողների նախասիրած վերնագրերից է. չկայ մի շաբաթ, որ դա չզարդարի որեւէ յօդուած: Կա՞յ արդեօք իմաստային որեւէ հարազատութիւն այս երկու բառերի միջեւ, որ կողք կողքի են դրուել: Այս բառակապակցութիւնը գործածողը ինչո՞ւ չի նկատում, որ չի կարող լինել, այն էլ ակնյայտ լինել այն բանը, որն առհասարակ չի կարող լինել՝ ան-հնար-ին է: Պատճառը վերստին համապատասխան ռուսերէն բառակապակցութեան (յայտնի հեռուստահաղորդաշարի անուանման՝ «очевидное невероятное» արտայայտութեան սխալ պատճէնումն է: Ճիշտ ձեւն է՝ «Անհաւանականը՝ (կամ՝ անհաւատալին) ակնյայտ», քանի որ անհաւանականը, այնումենայնիւ, անհնարին չէ: Հայերէն մտածելիս խօսողը կամ գրողը նման սխալ թերեւս չէր անի, բայց կուրօրէն պատճէնելիս այդօրինակ անհեթեթ բառակապակցութիւնը, անհաւանականից, իրօք դարձել է միանգամայն ակնյայտ:«Ուզում եմ երեւանցիներին շնորհաւորել այս օրով». Եթէ այս բանն ասող նախարարին փորձենք բացատրել, որ ինքը ռուսերէն լեզուակաղապար է գործածում, նա անկեղծօրէն կը զարմանայ: Իրօք, սխալ բառակապակցութիւններն այնքան են տարածուել, որ արդէն սխալն է ընկալւում որպէս ճիշտ, իսկ ճըշտը՝ սխալ: Բերուած արտայայտութիւնը հայերէնով պիտի լինէր՝ «ուզում եմ շնորհաւորել երեւանցիներին՝ այս օրուայ առթիւ»:Մէկ լեզուական համակարգին բնորոշ բառակապակցութիւնների անյաջող տեղափոխումը (իսկ յաջող, պատշաճ տեղափոխումը ոճական տպաւորիչ հնար է՝ «բանաշրջում») մէկ այլ համակարգ անխուսափելիօրէն յանգեցնում է լեզուատրամաբանական խաթարումների: Եւ մեր ազգակիցներից շատերը փաստօրէն շարունակում են ռուսերէն խօսել, երբ գործածում են հետեւեալ կաղապարները՝ · յանձնաժողովներում օրինագծերը նայւում են (ճիշտն է՝ «քննարկւում են»), · նա ծանօթ է գործարար շրջաններում (գործարար շրջաններին), · թեկնածուն անհրաժեշտ թուով ձայներ չհաւաքեց (չստացաւ), · զգում է, որ մենամարտը կորցրել է (տանուլ է տուել), · համերգը տեղափոխուել է մէկ շաբաթով (յետաձգուել է), · ինչպիսի՞ միջոցներ էք առաջարկում կաշառակերութիւնը վերացնելու համար (ի՞նջ միջոցներ), · որոշեցի ձեռքս վրաս բարձրացնել (ինքնասպան լինել), · ձեր դատին եմ դնում (յանձնում), · Բերէք ձեզ պատմեմ (եկէք ձեզ պատմեմ), · Ձգում են իրենց պատժաչափը (կրում են), · Ձեզ ինչպէ՞ս դուր եկաւ այս պատմութիւնը (ձեզ դուր եկա՞ւ), · Աշխատանք տանել (աշխատանք կատարել), · Ներկայանալի արտաքին (պատկառելի, պատկառազդու), · Ֆրանսիական գրող (ֆրանսիացի գրող), · Ինչպէ՞ս է ձեզ մօտ ստացւում (ինչպէ՞ս է ձեզ յաջողւում), · Մոլորութեան մէջ մտցնել (մոլորութեան մէջ գցել), · Չեմ ուզում կրկնուել (չեմ ուզում կրկնել), · Հարցերից հարցը (հարցերի հարցը), · Մօտակայ նիստը (առաջիկայ նիստը), · Առաջին տիկին (տիկնանց տիկին), · Դուստրային ձեռնարկութիւն (դուստր ձեռնարկութիւն), · Ինչպէ՞ս է անունդ (ի՞նչ է անունդ), · Ինչպէ՞ս էք գտնում (ի՞նչ էք կարծում), Նոյն կերպ՝ այսօր հայ մարդը գրեթէ չի զգում, որ ինքը յոգնակի ձեւ է գործածում հայերէնին բնորոշ եզակիի փոխարէն՝ «ակնոցներ է հագնում» (փոխանակ՝ ակնոց դնելու),«փողեր» հաշւում (փող հաշուելու փոխարէն),«մտավախութիւններ» ունենում (մտավախութեան փոխարէն),Մասնակցում Ազգային ժողովի «ընտրութիւններին» (փոխանակ՝ ընտրութեանը) եւ նոյնիսկ «նախագահական» եւ «կաթողիկոսական ընտրութիւններին»:Հայախօս հայ մարդը՝ - իր բռնած գործը դնում է «բարձր հիմքերի վրայ» (փոխանակ՝ ամուր հիմքերի), - գործիքի վրայ է նուագում (գործիք նուագելու փոխարէն), - տուժում է վթարի արդիւնքում (այլ ոչ թէ՝ վթարի հետեւանքով), - տիրապետում որոշակի ինֆորմացիայի (որոշակի տեղեկութիւններ ունենալու փոխարէն), - իր ասպարէզում «առաջատար դեր գրաւում» (փոխանակ՝ կատարելու դեր, կամ գրաւելու տեղ), - խորհրդակցութիւնների ժամանակ նա կարող է «գալ որոշակի որոշման» (փոխանակ որոշակի եզրակացութեան յանգելու կամ վճիռ, որոշում կայացնելու), - իր սէրն արտայայտում է «երկու-երեք խօսքով» («բառի» փոխարէն): Բառակապակցութիւնների գործածութեան առնչւող տրամաբանական սխալներից է առարկային (երեւոյթին) անհիմն կերպով անձնական յատկանիշներ վերագրելը: Օրինակ՝ տարածուած սխալ է «իրաւացի է ձեր ասածը» արտայայտութիւնը: Ճիշտ ձեւն է «իրաւացի էք» (կամ՝ «արդարացի է ձեր ասածը»), քանի որ իրաւացի կարող է լինել անձը (ենթական), այլ ոչ թէ առարկան: Այստեղ սխալն ինքնին անձնաւորումը չէ, որն արդիւնաւետ ճարտասանական հնար է՝ դարձոյթի տեսակ, երբ անշունչ առարկան օժտւում է մարդկային յատկանիշներով, եւ խօսքը դրանով դառնում է աւելի պատկերաւոր ու արտայայտիչ (ասենք՝ «բնութիւնը զայրացել է», «անտառը սպասում է», «Սեւանը կանչում է» եւ այլն): Սխալը անհամատեղելի իմաստների արհեստական կապակցումն է, որը միայն ու միայն աղաւաղում է ճարտասանի ասելիքը եւ թուլացնում համոզկերութիւնը: Դրանցից են նաեւ՝ v գնալ վաստակաւոր հանգստի (պիտի լինի՝ վաստակած հանգստի), v այդ քանդակներից ոմանք մինչեւ օրս պահպանուել են (որոշ կամ մի քանի քանդակ), v միջադէպի հետեւութիւնները (հետեւանքները), v բարձր վճառւող աշխատանք (բարձր վարձատրւող աշխատանք), v յանցագործ անփութութիւն (յանցաւոր անփութութիւն), v ընդդիմադիր փաստարկ (հակառակ փաստարկ, հակափաստարկ): (շար.1) Ծանօթ. Յովհաննէսի. -Նկատած եմ արեւելահայերէնի եւ արեմտահայերէնի մէջ հետեւեալ արտայայտչաձեւը. «մեր ազգակիցներից շատերը» (կամ՝ մեր ազգակիցներէն շատերը), որտեղ «շատ» բառը ինքնին քանակի չափ կը նշէ, ուստի, ի՞նչ պէտք կայ յոգնակի դարձնելու այն որ եզակի չի կրնար ըլլալ: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted August 5, 2008 Author Report Share Posted August 5, 2008 Լեզուատրամաբանական սխալներ (շար.2) Սխալը սխալ է, երբ միտումնաւոր չի արւում, այսինքն՝ ոչ այն դէպքում, երբ ճարտասանը գիտակցաբար գործադրում է անսովոր բառակապակցութիւն յանուն խօսքի պատկերաւորութեան, յուզականութեան ուժեղացման: Արդ՝ դժուար է ենթադրել, թէ «արժանապատիւ ապագայ» բառակապակցութիւնը լոյս աշխարհ բերողները միտք են ունեցել ոճականօրէն նոր բան ասելու: Պարզապէս դրսեւորուել է դրա հեղինակների ոչ հայեցի կրթութիւնը: Ռուսերէնում «արժանիք» (достоинство) բառը համատեղելի է թէ՛ անձանց եւ թէ՛ առարկաների հետ, այնպէս որ՝ ռուսը կարող է քննարկել առարկայի (երեւոյթի) այս կամ այն արժանիքը: Հայ մարդու համար «արժանապատիւ» ածականը միայն ու միայն զուգորդւում է անձի (եւ անձանց հանրոյթի) հետ, ուստի՝ ներդաշնակօրէն համատեղւում է անձնային յատկանիշ նշող բառակապակցութիւններում՝ «արժանապատիւ արարք», «արժանապատիւ կեցուածք», «արժանապատիւ պատասխան» եւ այլն: Այնպէս որ՝ բերուած խոտելի բառակապակցութեան ճիշտ ձեւը կլինի «արժանավայել ապագայ»-ն, որտեղ լրացումը վերաբերում է արդէն ոչ թէ ապագային, իբրեւ երեւոյթի, այլ այդ ապագային ձգտող հանրոյթին: Չի կարող լինել, ասենք՝ «արժանապատիւ հագուստ», քանի որ այդ կերպ արժանիքը կվերագրուի հագուստին, մինչդեռ կարող է լինել «արժանավայել հագուստ», քանի որ լրացումն արդէն վերաբերում է հագուստը հագնողին: Քանի որ բառակապակցութիւնը բաղկացած է երկու եւ աւելի բառերից. ապա այստեղ գոյանում է մի նոր տեսակի սխալ, որը հազուադէպ է առանձին բառերի գործածութեան ժամանակ: Դա կրկնաբանութիւնն է, երբ լրացումը կրկնում է լրացեալ բառային իմաստը՝ ոչինչ աւելացնելով, այլ ստեղծելով անհարկի յաւելադրութիւն, ոճական անպատշաճութիւն, թուլացնելով խօսքի ամբողջական տպաւորութիւնը: Պատահական չէ, որ առասութեանը ներկայացւող պահանջներից մեկը Մ. Սալլաթեանցը հենց այդպէս է ձեւակերպել՝ «այնչափ միայն բառք ’ի մէջ բերցին, որչափ հարկաւոր են առ լիուլի բացայայտելոյ զգաղափարս եւ զիմաստս, ոստ որոյ հարկ է արտաքսել զանալի կրկնաբանութիւնս»: Ժամանակակից հրապարակային խօսքի վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ այդ՝ իսկապէս անհամ ու տաղտկալի կրկնաբանութիւնների արտաքսման խնդիրը ոչ միայն չի վերացել, այլեւ շատ աւելի է բարդացել: Ապացոյցը՝ դրանց երկար շղթան (ամբողջական նախադասութիւնները չենք մէջբերում՝ շարադրանքը չծանրաբեռնելու նպատակով)՝ «հին հնոտի», «գիւղացիական տնտեսութեամբ զբաղւող տնտեսութիւններ», «ուժեղ ներուժ», «քուէարկութիւնը վերաքուէարկել», «փորձեցին փորձ անել», «ծառահատուել են բազմաթիւ ծառեր», «շիկահեր վարսեր», «ժողովուրդը իրաւամբ իրաւունք ունի», «սերտ կապերի մերձեցում», «երկկողմանի երկխօսութիւն», «ակնյայտ բացայայտում», «շատ կարեւորագոյն խնդիր», «ժամանակը երկար կտեւի», «ապագայ անելիքը», «պատահական դիպուած», «բանաւոր լսել», «միառժամանակ առաջ»: Քողարկուած կրկնաբանութեան տեսակ է ենթակայի կրկնումը դերանունի ձեւով. «Այս պահին ամենաառաջային ծրագիրը՝ դա արցախեան հիմնախնդիրն է»: «Ճգնաժամի ծրագիրը՝ դա փրկութեան ծրագիր է»: «Ինձ համար ամենակարեւորը՝ դա ինքնակատարելագործումն է»: «Հարբեցողութիւնը դա հիւանդութի՞ւն է, թէ՞ ուղղակի վատ սովորոյթ է»: «Խորհրդարանը դա քաղաքական մարմին է»: «Սկզբունքային լինելը դա բնաւորութեան հարց է»: Այս լեզուակաղապարը՝ նախադասութեան ենթակայի անմիջաբար կրկնութիւնը «դա» ցուցական դերանունի տեսքով, որը դարձեալ ենթակայի դեր է կատարում, բնորոշ է ռուսերէնին, սովորաբար լինում է անջատման գծով (дeфис). օրինակ՝ վերջին նախադասութիւնը («Принцириальность – это вопрос характера): Հայերէնում բնաւ կարիք չկայ այդօրինակ կրկնութեան, այնպէս որ շտկենք՝ «Այս պահին ամենաառաջնայինը (միգուցէ պարզապէս՝ առաջնայինը) Արցախի հիմնախնդիրն է» («հարցն» ու «խնդիրը» հոմանիշներ են, ուստի տուեալ խօսքաշարում դրանց համատեղ գործածութիւնը հիմնաւորուած չէ, իսկ «արցախեան» ածականն էլ մեկ այլ ռուսաբանութիւն է): Նմանապէս՝ բոլոր օրինակներում էլ դիւրին կարող ենք ազատուել աւելորդ «դա»-ից: Առհասարակ՝ տարօրինակն այն է, որ ցուցական դերանունները (դա, սա, նա, այդ, այս, այն, այդքան, այնքան եւ այլն) գործածւում են յատկապէս կրկնութիւնից խուսափելու նպատակով: «Դա»-ն, մասնաւորապէս, թոյլ է տալիս խուսափելու կրկնութիւնից, երբ հարկաւոր է լինում նշել մեր կամ զրուցակիցի հենց նոր ասածը («Այդ գիրքը չեմ ուզում վերցնել, դա կարդացել եմ»), ինչպէս նաեւ դիմացինին մօտ գտնւող իրը (մեզ մօտ գտնւողի համար «սա», իսկ երկուսիցս էլ հեռու գտնւողի համար համար՝ «այն»)՝ «Դա» փոխանցէք ինձ, խնդրում եմ»: Դերանունի անհարկի կրկնութեան մի արտառոց օրինակ մամուլից. «ում եւ ում միջեւ է գնում երկխօսութիւնը»: Այս նախադասութեան մէջ երկու դերանուններից մեկը նոյնպէս աւելորդ է, եւ ճիշտ ձեւն է՝ «ում միջեւ է երկխօսութիւնը»: Կրկնաբանութեան սխալներ են գոյանում թուականների գործածութեան ընթացքում: Դրանցից է դասական թուականի համատեղումը «համար» բառի հետ, երբ ասւում է՝ «համար առաջին», «համար երկրորդ» եւ այլն, մինչդեռ ճիշտ ձեւն է «համար մեկ» կամ պարզապէս՝ «առաջին»: Այնպէս որ՝ չի կարելի ասել, թէ «նորոգուել է Մարալիկի համար առաջին դպրոցի մասնաշէնքը» («Հ1 հ/ը, «Հայլուր», 2.05.2005, հաղորդավարի խօսքից»): Շատ է ասւում «կրկին անգամ», «նորից եմ կրկնում», «մեկ անգամ էլ եմ կրկնում», այնինչ «կրկին» արդէն նշանակում է եւս մեկ անգամ, ուրեմն՝ ճիշտ ձեւերն են՝ «մեկ անգամ էլ», «կրկին», «դարձեալ», «նորից», «վերստին» եւ այլն: Իսկ «երկու անգամ աւելի շատ» կապակցութեան մէջ աւելորդ է «աւելի» բաղադրիչը, քանի որ «երկու անգամ... շատ» բառակապակցութիւնն արդէն աւելին լինելու հանգամանքն է արտայայտում: Թուականների գործածութեանն առնչւող կրկնաբանութեան տեսակ է «թիւ» բառի անհարկի յաւելումը, ինչպէս ասենք՝ «թւով 12 ներկայացուցիչ» արտայայտութեան մէջ, քանի որ «12»-ը ինքնին թիւ է նշում: Կրկնաբանութեան սխալ է «ամիս» եւ «օր» բառերի գործածութիւնը այն բառակապակցութիւններում, որտեղ ինքնին հասկանալի է ամսուայ կամ օրուայ նշանակութիւնը՝ «յուլիս ամիս», «դեկտեմբեր ամիս», «ուրբաթ օրը», «երկուշաբթի օրը» եւ այլն: Նոյն կերպ սխալ է «գոյն» բառի գործածութիւնը արդէն իսկ գոյն նշող գոյականների կողքին՝ «կանաչ գոյն», «դեղին գոյն» եւ այլն: Իր հիմքում տրամաբանական սխալի հետեւանք է ստոյգ թուականի հետ մօտաւորութիւն նշող լրացումների անպատեհ գործածումը՝ «միջոցառմանը մասնակցեց շուրջ 252 բեռնատար»,«զոհուել է մօտ 18 զինւոր»,«նկարւել է շուրջ 16 ֆիլմում»,«հրատարակել է մօտ 22 գիրք»,«ստորագրուելու են շուրջ 12 նախագծեր»: Աւարտելով վերլուծութիւնը՝ նշենք կրկնաբանութեան եւս մի տեսակ՝ մակաբոյծ բառակապակցութիւնների առկայութիւնը ճարտասանի խօսքում: Ինչպէս առանձին բառերի գործածութեան պարագայում, այստեղ նոյնպէս անիմաստ միջարկութիւնները ծանրացնում են խօսքը եւ թուլացնում դրա ներազդեցութիւնը: Ահաւասիկ՝ կարդում ենք հայ լեզուաբանի մի աշխատութեան մէջ. «Մայրենիի դպրոցական (ինչ-որ տեղ՝ անգամ նախադպրոցական) ծրագրերը... » եւ այլն: Ի՞նչ գործ ունի «ինչ որ տեղ» բառակապակցութիւնը, ի՞նչ լրացուցիչ իմաստ է հաղորդում ասուածին, մանաւանդ եթէ կայ «անգամ» վերաբերականը: Մակաբոյծ բառերն ու բառակապակցութիւնները բաւական տարածուած են. ամեն ոք ուշադիր լսելով դիմացինին՝ կարող է յայտնաբերել անհարկի գործածուող «ուրեմն»-եր, «այսպէս ասած»-ներ, «ըստ էութեան»-ներ, «ասենք»-ներ, «խօսքի օրինակ»-ներ, «անկեղծ ասած»-ներ եւ այլն: Նոյնքան վնասակար են այն լեզուակաղապարները, որ մենք յաճախ անմտօրէն գործածում ենք՝ ընդօրինակելով սխալ խօսողներին: Դրանցից է, օրինակ՝ «ի դէպ ասենք, որ... » կառոյցը. դրանում միանգամայն աւելորդ են վերջին երկու բառերը: Նկատենք, որ բուն այդ երկուքը՝ նոյնիմաստ կամ մերձիմաստ բառերի անհարկի գործածութիւնը նաեւ վկայութիւնն է խօսողի բառապաշարի աղքատութեան: Ի հարկ է, երբեմն մի եւ նոյն բառի կամ արտայայտութեան կրկնութիւնը ընդամենը խօսակցական խոտելի սովորութիւն է, երբեմն էլ առնչւում է խօսողի մասնագիտական զբաղմունքին (ուսուցիչ, դասախօս): Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted November 6, 2008 Author Report Share Posted November 6, 2008 Նոյն գիրքէն մէջբերմունքը շարունակեմ Ճիշտ բառը՝ ճիշտ տեղում «Ինչո՞ւ ոմանք շատ բառեր կը գործածեն» (Դ. Վարուժան) Դանիէլ Վարուժանը իր հարցին ինքն էլ պատասխանում է. «Վասնզի կը դժուարանան իրենց գաղափարը յայտնելու եւ կ’ստիպուին անոր շուրջը թափառիլ» [Յորդորներ սկսնակներուն, էջ 205]: Ճարտասանը նոյնպէս, եթէ ստոյգ բառը չի գտնում, հարկադրուած է թափառելու՝ նկարագրելու իր միտքը այլ բառերով (սա՝ լաւագոյն դէպքում, երբ յաջողւում է չիմացածը իմացածով փոխարինել), արդէն ասուածն անհարկի կրկնելու, խօսքը ձգձգելու, տեղապտոյտ տալու: Որքա՜ն աւելորդ բառ է ասւում, ուրեմն եւ՝ ասելիքի տպաւորութիւնը փճանում ու ներազդեցութեան ուժը թուլանում այն պատճառով, որ խօսողը խախտում է պարզ, սակայն անբեկանելի մի կանոն՝ ճիշտ բառը՝ ճիշտ տեղում: Բառընտրութեան հանգամանքը, որքան էլ տարօրինակ թուայ, աւելի կարեւոր է ընդհանուր առմամբ կիրթ, գրագէտ խօսողի համար, քան թէ՝ անկիրթ: Անյաջող բառը, գռեհկաբանութիւնը, սխալ արտասանութիւնը, նաեւ՝ ինքնին չեզոք, սակայն միալար կրկնութեամբ մակաբոյծ դարձած բառը կիրթ խօսքի պարագայում առաւել աչքի են զարնում. չէ՞ որ նոր հագուստի վրայի բիծն աւելի շուտ է նկատւում, քան հնի: Ճիշտ այդպէս է, երբ փոքրիշատէ սահուն խօսքի մէջ լսւում են՝ «ուրեմս», «ուրեմ» («ուրեմն»-ի փոխարէն), «այսինք» («այսինքն»-ի փոխարէն), «հըլը», «պըտի», «խի», «այսպէս ասած» (եւ դրա ժողովրդախօսակցական համարժէքը՝ «ոնց ասած»), «խօսքի», «օրինակի համար», «հասկանո՞ւմ ես», «բանը» եւ այլ բառեր ու արտայայտութիւններ, «ըըը» ձայնարկութիւնը կամ դրա ռուսերէն «նու» համարժէքը: Որպէս կանոն, «ըստ էութեան» բառակապակցութիւնը այնքան յաճախ է գործածւում, որ գրեթէ երբէք չի լինում ըստ էութեան: Նոյնը վերաբերում է «ասեմ որ» մակաբոյծ արտայայտութեանը. բովանդակ խօսքի ընթացքում թերեւս թոյլատրելի է մեկ-երկու անգամ (թէեւ՝ միանգամայն աւելորդ է ասել, թէ ասելու ես այն, ինչ արդէն ասում ես), մինչդեռ յաճախադէպ գործածութիւնը միայն ու միայն վնասում է ճարտասանին: Երբ խօսողն անվերջ կրկնում է՝ «անկեղծ ասած», ակամայ սկսում ես կասկածել նրա անկեղծութեանը: Մակաբոյծ բառերով ու արտայայտութիւններով, աւելորդաբանութեամբ, կրկնութիւններով, շեղումներով ճարտասանը փորձում է լցնել իր խօսքի այն դադարները, որ առաջանում են միտքը ձեւակերպելու, գաղափարն արտայայտելու դժուարութիւններից, ճիշտ բառը ճիշտ տեղում եւ ճիշտ պահին գործածելու անկարողութիւնից: Այդ կերպ խօսելը շատերի համար վերածւում է յոռի սովորութեան, եւ փորձուած ունկնդիրներին իսկոյն մատնում է խօսողի ճարտասանական հմտութիւնների պակասը: Այնպէս որ՝ ամէն մի ճարտասան պարտաւոր է եւ լիովին կարող է (իհարկէ, ոչ առանց դժուարութեան) ազատուել անտեղի բառագործածութիւնից, դրանով իսկ՝ զտել ու կատարելագործել իր բառապաշարը, հնարաւորինս նուազեցնել բառագործածութեան սխալներից գոյացող թիւրիմացութիւնները: Աւելորդ չէ ճշտելը, որ յիշեալ պահանջը վերաբերում է յատկապէս անհարկի բառագործածութեանը, ճարտասանի ճոխաբանական խնդիրների լուծմանը խոչընդոտող աւելորդաբանութիւններին, այլ ոչ՝ հոգեբանօրէն միանգամայն արդարացուած եղանակաւորող բառերի գործածութեանը, զգացմունքային այլեւայլ դրսեւորումներին, տրամաբանօրէն պատճառաբանուած կրկնութիւններին, յաւելադրութիւններին, լոկ արտաքուստ անտեղի թուացող ճարտասանական հնարքներին: Ճարտասանի բառագործածութեանն առնչուող հիմնական սխալները, որոնք խօսքային հաղորդակցման ընթացքում բազմատեսակ թիւրըմբռնումներ են յարուցում, կարելի է դիտարկել չորս մակարդակով (բառի գոյութեան եւ գործառութեան չորս իրողութիւններին համապատասխան)՝ հնչիւնական, շարահիւսական, ոճական եւ տրամաբանական: Առաջինը՝ սխալ արտասանութիւնն է, որով աղաւաղւում է տուեալ բառի հնչիւնային ձեւը եւ աղճատւում բառի նշանակած երեւոյթի համարժէք ըմբռնումը կամ առհասարակ իմաստազրկւում բառը, կորցնում նոյնիսկ բառի կեցութեան գլխաւոր յատկանիշը՝ որպէս ինքնորոյն գործածւող եւ ընկալւող նուազագոյն իմաստակիր հնչիւնախումբ: Շարահիւսական սխալ է կատարւում, երբ խախտւում են բառերի կապակցման, բառաբարդման, խօսքամասային յարաբերութիւնների կարգաւորման, ինչպէս նաեւ նախադասութեան կազմում բառի գործառութեան՝ խնդրառութեան, համաձայնեցման, ստորոգումի եւ միւս քերականական օրինաչափութիւնները, եւ գործածւող բառը վերստին համարժէքօրէն չի ընկալւում: Նոյնը վերաբերում է ոճական բնոյթի սխալներին, երբ ճարտասանի արտասանած այս կամ այն բառը չի համապատասխանում ընդհանուր ոճին, այլ կերպ ասած՝ բառը ճիշտ տեղում չի յայտնւում եւ դարձեալ լիիմաստ կերպով չի ընկալւում: Վերջապէս՝ բառագործածութեան տրամաբանական սխալն այն է, որ խօսողն ինքն է թիւր ըմբռնում իր գործածած բառի իմաստը: (Շար. 1) Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted November 6, 2008 Author Report Share Posted November 6, 2008 (edited) Արեւմտահայերի գործածած «հելէ» բառը, կարող է բնիկ հայերէն հեղ («անգամ») բառի ժողովրդախօսակցական մի տարբերակը լինել, քանզի գրեթէ նոյն իմաստով է գործածւում, ի տարբերութիւն, արեւելահայ բարբառի, ուր՝ հըլը, նշանակում է. «դեռ, տակաւին»: Օրինակ՝ -Հելէ տո'ւր «անգամ մը տուր», -Հըլը չեմ ամուսնացել «դեռեւս չեմ ամուսնացել», Սիրիայի ժողովրդական արաբերէնում հալլա, նշանակում է «հիմա»: Արփա՛, գիտեմ թուրքերն էլ ունեն, բայց ի'նչ գիտենք՝ իրե՞նք մեզնից, թէ՝ մենք իրենցից ենք վերցրել, մանաւանդ երբ բնիկ հայկեան հեղ-հաղ գոյ է: «Ղ» հնչիւնը բովանդակող բառերը, հին հայերէնախօսներն արտասանում էին «լ»-ի նման (հմմտ. այլայլել եւ աղաւաղել): Յովհաննէս Edited November 6, 2008 by Johannes Quote Link to comment Share on other sites More sharing options...
SAS Posted November 6, 2008 Report Share Posted November 6, 2008 Հըլը լըսը, թե մարդիկ ինչ կը զըրցին քու մասին = Հիմա(դե) լսիր, թե մարդիկ ինչ են խոսում քո մասին: Վա՜յ, անամոթներ, հըլը տես, թե ինչ ին գրած թերթի մեջ = Վա՜յ, անամոթներ, մի տես, թե ինչ են գրել թերթում: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted November 6, 2008 Author Report Share Posted November 6, 2008 Ճիշտ ես Սաս. «դեռ» իմաստով չի գալիս, այլ՝ անգամ, մի անգամ, հիմա: Quote Link to comment Share on other sites More sharing options...
SAS Posted November 6, 2008 Report Share Posted November 6, 2008 Ճիշտ ես Սաս. «դեռ» իմաստով չի գալիս, այլ՝ անգամ, մի անգամ, հիմա: Johannes, ինչո՞ւ: Քո բերած օրինակի մեջ ունի «դեռ» իմաստը: Հըլը չեմ ամուսնացել = Դեռ չեմ ամուսնացել: Հըլը = 1.Դեռ 2. Հիմա 3.Դե 4. Մի Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted November 6, 2008 Author Report Share Posted November 6, 2008 Ճիշտ բառը՝ ճիշտ տեղում Ճոխաբանութեան տեսանկիւնով՝ հնչիւնական (արտասանական) սխալները մեծ բարդութիւն չեն ներկայացնում, քանի որ ունկնդիրները սովորաբար (ճարտասանի հետ միեւնոյն լեզուական հանրութեան պատկանելու շնորհիւ) գլխի են ընկնում, թէ աղճատուած հնչիւնապատկերը ինչ բառ է ներկայացնում: Օրինակ՝ երբ կառավարութեան անդաﬓ արտասանում է «կավարթիւն», ունկնդիրները հասկանում են, որ խօսքը կառավարութեան մասին է:Երբ լսւում է, թէ «հասարակութիւնը շատ քաղաքանացուած է», «մեր գրողները շատ քաղաքանացուած են», առանց դժուարութեան հասկանալի է, որ խօսքը ոչ թէ մի նոր հիւանդութեան մասին է, այլ քաղաքականացուած լինելու:Ունկնդիրները լիովին հասկանում են այն պատգամաւորին, ով արդիւնաբերութեան հոգսերից խօսելիս շարունակ արտասանում է «արդնաբերական քաղաք», «արդնաբերական զարգացում» եւ այլն:Երբ մեկ այլ պատգամաւոր կրկնում է, թէ «հիւանդանոցը գտնւում է ֆինանսական ծանդր վիճակում», բոլորը նրան հասկանում են (սակայն քանի՞սն են մտածում հայոց լեզուի ծանր վիճակի մասին): Խօսքաշարը, խօսողի անձը եւ նպատակադրումը, արտալեզուական մի շարք հանգամանք օգնում են ունկնդիրներին հասկանալու ոչ միայն ճարտասանի ամբողջական ասելիքը, այլեւ առանձին աղաւաղուած բառեր: Մասնաւորապէս՝ «շնաւորում եմ» ասողը ընդամէնը նկատի ունի «շնորհաւորելը»: Նմանապէս՝ աղաւաղումների շարանը՝ որտեւ (որովհետեւ), յարկէ (իհարկէ), նախագա (նախագահ), իշքամ (ինչքան), աշք (աչք), եփոր (երբ որ), կըլնի (կլինի), համպատասխան (համապատասխան), գնհատել (գնահատել), լռիւ (լրիւ), գործնէութիւն (գործունէութիւն), առհամարհել (արհամարհել), յաղթհարել (յաղթահարել), մածեմածիկա (մաթեմատիկա), հույրասիրել (հիւրասիրել), հարուր (հարիւր), խորդարան (խորհրդարան), եկրորդ (երկրորդ): Բառագործածութեան արտասանական սխալները թէպետ անհատական արտաբերութեան դրսեւորումներ են, սակայն բնաւ էլ ոչ պատահական, այլ առնչւում են հնչիւնափոխութեան որոշակի օրինաչափութիւններին (առնմանութիւն, համաբանութիւն, ամփոփում, արտակարգ հնչիւնափոխութիւն եւ այլն): Այստեղ կարեւորն այն հանգամանքի արձանագրումն է, որ, հնչիւնական աղաւաղումներով հանդերձ, հաղորդակցուողները միմիանց, իրօք, կարողանում են հասկանալ: Չմոռանանք, սակայն, որ ճարտասանը ոչ միայն հասկանալի լինելու, այլեւ համոզելու խնդիր ունի, այնինչ աղաւաղուած բառագործածութիւնը ոչ մի կերպ չի նպաստում ճարտասանի խօսքի համոզկերութեանը: Անգամ բնական (բնախօսական) արտասանական թերութիւնը հիմք է դառնում ճարտասանին զաւեշտաբար ընկալելու, էլ ուր մնաց ակնյայտօրէն նրա անկրթութիւնը բացայայտող սխալը: Լսարանն անգթօրէն որսում է սխալները, անխուսափելիօրէն գնահատում է դրանք՝ ի վնաս խօսողի հեղինակութեան եւ նրա խօսքի ներազդեցութեան ուժի: Մի՞թէ իսկապէս զաւեշտ չէ այն լեզուաբան տիկնոջ ելոյթը, որը, խօսելով հայերէնի աղաւաղումների մասին (եւ չմոռանալով ամէն մի ելոյթի ընթացքում պահանջել «ականջալուր լինել» իր խօսքին), գրեթէ բոլոր բառերի «ր» ձայնորդը «ռ» է հնչեցնում: Ոչ միայն զաւեշտական է ու հեղինակազրկող, այլեւ վնասակար (սխալ արտասանութեան տարածման առումով) հեռուստահաղորդավարի ամէնօրեայ այն արտայայտութիւնը, թէ տեսնենք ինչպէս են ձայները «բախշուել» (փոխանակ՝ «բաշխուել»): (Շար. 2) Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted November 6, 2008 Author Report Share Posted November 6, 2008 - Արդիւնք՝ ինքնին նշանակէ բերք, յետեւաբար, արդիւնաբերութիւն՝ կրկնաբանում է: Ըստ մեր «բարի» սովորոյթին, կարճ բառերը անբովանդակ համարելով. երկարեցրել ենք, որպէսզի հանգամանալից լինի: Արդիւնքի նախարարութիւն... Բերքի նախարարութիւն...Արդիւնաբերութեան նախարարութիւն: - Բաշխիշ> բախշիշ Johannes Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted November 7, 2008 Report Share Posted November 7, 2008 Տես տատանսում եւ բառափոխանք, բառափնտրտուք, երբ մեր մօտ ատենին նախկին Նախագահ լինելիքի, ծնեալ 400 տարուայ անգլիախօս Ամերիկացի գերդաստանում մանկապարտիզական Անգլիեէրէնը , եւ մեր նորընտրեալ Նախագահ, ծնեալ Ափրիկեցի հօրմէն, եւ նրայ Անգլիերէն լեզուի տիրապետանքին: Որոշ անձինք չը պիտի լինեն հանրային ճարտախօսներ եթէ չգիտեն իրանց Մայրենի Լեզուն: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted November 8, 2008 Author Report Share Posted November 8, 2008 Ճիշտ բառը՝ ճիշտ տեղում Աւելի հեղինակազրկող են, բնականաբար, բառագործածութեան տրամաբանական սխալները: v Ահաւասիկ՝ Ազգային ժողովի պատգամաւորը ցասումնալից խօսում է քաղաքական հակառակորդների մասին, թէ նրանց ժողովուրդը գուցէ ների, «եթէ մեկ օր առաջ քաւութիւն խնդրեն, մեղանչեն ժողովուրդի առաջ»: Պարզ է, որ ուզում է ասել՝ զղջան, թողութիւն խնդրեն, ապաշխարեն, այնինչ սխալ գործածելով «մեղանչել» բառը (մեղք, յանցանք գործել ստոյգ իմաստով)՝ ցանկացածի հակառակն է ասել: Ի դէպ, եւս մեկ նուրբ սխալ կայ. «օր առաջ» բառակապակցութիւնը նշանակում է «որքան վաղ, այնքան լաւ», մինչդեռ թուականի անհարկի զուգակցմամբ արդէն կորցրել է դարձուածքային բնոյթը եւ աւելի շատ ընկալւում է ուղղակի ձեւով՝ որպէս հենց «մեկ օր առաջ», այսինքն՝ նախորդ օրը, նախօրեակին: v «Իսկ ինչ վերաբերում է ՀՀՇ-ին, շարժումից ես հեռացել եմ շատ վաղ, չեմ ընդունել նրանց որոշ քայլեր, որոշ տեսակէտներ եւ քննադատել եմ դրանք: Ինձ վշտացնում է ՀՀՇ-ի յետիշխանական գործունէութիւնը: Որովհետեւ այնպիսի տպաւորութիւն ունեմ, թէ ՀՀՇ լիդերները հետեւութիւն չարեցին իրենց սխալներից եւ անգամ յանցաւոր քայլերից: Նրանք չմեղանչեցին. ինչը շատ անհրաժեշտ էր, քանի որ կնպաստեր հետագայ զարգացումներին. ինձ մօտ այն տպաւորութիւնն էր, թէ ՀՀՇ-ն անվէրջ խօսում է ռեւանշից եւ սպասում հարմար պահի, որպէսզի նորից կոնկրետ քայլեր անի իշխանութիւնը վերադարձնելու նպատակով» («Իրաւունք», 9-15.07. 2004): ՀՀՇ-ին ռեւանշիզմի համար մեղադրանք ներկայացնող ակադեմիկոսը իր խոտոր հայերէնով... ռեւանշիզմի կոչ է անում: Իսկապէս, նա յորդորում է ՀՀՇ-ականներին մեղանչելու, այսինքն՝ ... մեղք գործելու: Մտքինը պարզ է. նախկին իշխանութեան ներկայացուցիչները պէտք է ապաշխարեն, քաւութիւն խնդրեն, մեղայ գան եւ այլն: Բայց՝ գործածում է «մեղանչել»-ը, որի բառարանային իմաստն է՝ «1. Մեղք (յանցանք) գործել: 2. Մեղաւոր (անիրաւ) լինել մեկի կամ մի բանի դէմ: 3. Անտեսել, անտես առնել, ոտնահարել, հաշուի չառնել»: Հեղինակն ասում է. «Նրանք չմեղանչեցին»: Վերոբերեալ բացատրութիւնների լոյսով՝ ՀՀՇ-ականները մեղք, յանցանք չեն գործել, մեղաւոր չեն որեւէ մեկի առջեւ: Սակայն հիմնական մտքից եւ մնացած շարադրանքից բխում է, որ ՀՀՇ-ականները, այնումենայնիւ, մեղանչել են: Ակամայ յարակարծութիւն (պարադոքս) է գոյացել. «մեղանչել» հանգուցային բառը սխալ է գործածուել, ուստի եւ՝ մենք յայտնուել ենք արատաւոր շրջանի մէջ: Մի կողմից՝ «նրանք չմեղանչեցին», ուրեմն եւ՝ թողութիւն հայցելու կարիք չկայ, միւս կողմից՝ յորդոր է արւում «մեղանչել», քանի որ նախկինում չեն մեղանչել: v Հեռուստահաղորդումը վարող օրիորդը սիրալիր ժպտում է պատկառազդու զրուցակցին եւ քնքշօրէն ասում, թէ բարոն Այսինչեան, «շատ վերամբարձ բաներից խօսեցիք»: Միտքն այն է, թէ վեհ, բարձր թեմաներ են շօշափել, սակայն հաճոյախօսութեան փոխարէն ակամայ կշտամբանք է արուել, քանի որ «վերամբարձ» բառի ճանաչուած ըմբռնումն այլ է՝ «փքուն», «ճոռոմ», «վերացական»: v Մարզական մեկնաբանը, փորձելով կանխագուշակել հայ մարզիկների հնարաւոր յաղթանակը, ենթադրութիւն է յայտնում, թէ նրանցից յատկապէս ով հնարաւորութիւն ունի «ոսկին գրպանելու». հաստատ մտադիր չէր ասել «գողանալու», այնինչ փաստօրէն ակամայ ակնարկում է ոսկէ մեդալը գողանալու հեռանկարի մասին: v «Նարե'կ, դուք նախանձախնդիր չէ՞ք, չէ՞ք նախանձում ձեր խմբի անդամներին» («Հ1» հ/ը, 2.06.2004): Հաղորդավարի այս հարցադրմանն ի պատասխան հաղորդման հիւրը հանգամանօրէն խօսում է իրենց երաժշտական խմբում իշխող համերաշխութեան, փոխօգնութեան ոգուց, հարց տուող օրիորդն էլ գլխով հաւանութեան նշան է անում ու մեղմօրէն ժպտում: Թէպետ այս երկխօսութիւնը հայերէն է, սակայն զրուցակիցներն ակնյայտօրէն չգիտեն «նախանձախնդիր» բառի իմաստը: Մեղաւորը հաղորդավարն էր, որ իր տարօրինակ ձեւակերպմամբ (նախանձելու խնդիր) շփոթեցրեց դիմացինին: Նարեկը նախանձախնդի՞ր է, թէ՞ ոչ՝ մենք այդպէս էլ չիմացանք, քանի որ նրա ոչ այնքան գիտուն զրուցակիցը ստիպեց Նարեկին հիմնաւորելու իր եւ խմբի միւս անդամների մէջ նախանձի՝ ուրիշի յաջողութիւններից ծագող այդ չար զգացումի բացակայութիւնը: Արդ՝ ցանկանք, որ Նարեկն ու ընկերները, ինչպէս նաեւ «Հ1»-ի հաղորդավարներն ու լրագրողները լինեն նախանձախնդիր իրենց մասնագիտութեան մէջ, այսինքն՝ իրենց գործի ջերմեռանդ պաշտպան, նուիրեալ, կողմնակից: (Շար. 3) Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted November 10, 2008 Report Share Posted November 10, 2008 (edited) Զարմանք? Ինչու? Երբ մեր Մայրենի Լեզուն, Մեսրոպի, Նարեկացու, Շնորհալու… եւ Աճառեանի Լէզուն դառնայ երկրորդական, երրորդական, ..տասներորդ , ի դէմ Պարսկերէնի, Արաբերէնի, Լատիներէնի, Ռուսերէնի… չի մոռանալ թուրքերէնը, երբ մենք փորձենք տաս մղոն նոր բառեր “երկայնագլորախմորածակ” փոխանակ “պաստէղ” ի, տես թէ ինչպէս հեգեցի Է ով, ոչ Ե ով, քանի Է ն դառնայ Ի, Լատիներէն I as in “pastille/pasta” Հետեւեալը գրել էի, բայց չի արծարծել մի ատեն առաջ --- Սա տեղ, մեր տղաները ծաղրեն Արաբա- թուրքա- ֆրանսա փողոցային/ slang ը, բայց ով պիտի ծաղրէ մեր փողոցային Ռուսեէրէնը? Այո: Մենք ինչու ծաղրում եւ քննադատում ենք Երեւանեան Հայերէնը(?) մինչ մեզմէ շատերը խօսէն այսպէս: Ով է մեզ սովորերցնել Հայերէն:? Իտալա լատինները, կամ թուրքերը որ մեզ ասեն թէ Հայեէրէն “պաստէղ”նէ առաջաւոր թէ Իտալո Լատիներէն պաստա/pasta ն? ** ** Չի մռռանալ : Աւաղ! Երանի! Մեբք կրկին գտնենք մեր Մայրենի լեզունեւ մեր համդամներըկոչենք իրանց բուն անունով “պաստէղմա“, ոչ”basturma”: “http://www.youtube.com/watch?v=IV0t8BlY0wM&mode=user&search= “Պաստեղ pastegh , not the turkified պաստըխ bast@kh. ՊԱՍՏԵՂ/pastegh is a native Armenian word. Հայերէն հնդեւրոպական բառ է որի Լատինա-Յունական կապը pastille է. The latter is mainly used in the sense of medicated sugary disk that is usually let dissolve in the mouth, lozenge/cough drop. Also remember “pastel”(colors). I have also heard some Marashtsis say “Բեստիլ/պէստիլ/bestil/pestil”. Here is what surprised me most, that the Italian “pasta” is also based on the root word of “pastille” , i.e. kneaded, flattened dough/շաղուած եւ տափակցած/ձեւավորուած խմոր. Although often “pastegh” is assigned to the flattened and rolled apricot paste, it is also used for flattened and rolled grape juice/paste. “. Աւաղ!Alas! Եթէ միայն մենք կարենայինք մեր երեխաներին իրանց Առաջին եւ Հոյակապ Մեսրոպատար Մայրենի Լեզուն ուսուցանել, եւ յետոյ թողել որ նրանք թարգմանաբար սովորեն այլ եւ այլազգի, երկրորդական…. տասներորդ լեզուները:!!!! Յիշենք նաեւ որ ես երկար ատեն քարոզէլ եմ կրճատել եյ մաքրել մեր լեզուն , առանց “ութիւն” աւելացննելու , եւ լէզուագիտՈՒԹԻՒՆՆերիվարպետ ցեւանալ: Ինչու մենք չենք կարող բանալ ա մեն լսարանի սկիզբին ՈՒՇԱԴԻՐ, ՈՒՇԱԴԻՐ, ՈՒՇ ԴԻՐ այլ պարտինք կոչել ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ/attenSION/ attenTION? Միթէ սա տգիտ- ու- ԹԻՒՆ/SION/TION ուծացում չէ? Հապայ ինչ ասենք որ ամեն լսարան պիտի սկսի ՈՒՐԵՄՆ բառով!!! http://hyeforum.com/index.php?showtopic=15878 Միթէ այդ ճարտասանները գիտեն թէ իրենք ՈՒՐ են? “Ուրեմն, սա Ապարանցին եւ Գաւառեցին, Մարաշցին եւ Զեյթունցին…”.! :tongue: ՅԳ. Ինչու մեր զրոյցակիցներէն ոմանք ոըթիւնը տառափոխեն ուՑիւնի “outiun/outsiun/uCiun” , Ռուսա -Սլավական C = Ց. Միթէ նրանք նմանապէս չարեփոխեն Րուսաստանի անմիջական նախագահPutin ի անունը “պուցին” ի?!! Edited November 10, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted November 10, 2008 Author Report Share Posted November 10, 2008 Ուշ դի'ր Պուտինին, նա խօսում է հրթիռների մասին: «Եթէ նա հրթիռ զետեղի միջցամաքային , ես էլ կտամ նրանց գլխին»: Ասպարէզ ելաւ. Աբու Հըսէն Ոբաման, Արար Աշխարհ ցնծաց միաբան, Դեհ, ձեզ տեսնենք. Դիմիտր եւ Բարակ, Խելքի եկէ'ք, մի՛ որոշէք արագ: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted November 11, 2008 Report Share Posted November 11, 2008 Սիրելի Օհաննէս, վստահ եմ դու արդեն տեսել ես սա Ազդակ Ամսաթերթի Հոգտ, թիւը: http://www.aztagdaily.com/pdf/ams_oct.pdf PDF Format է, ոչ արտատպելի: Տես երկու յօդուածներ, մին “Հայ Մատենագիրների Նպաստը“, իսկ միւսը “Հայկական Հաղորդակցական Միչջոցները”: Մին խօսէր Հայ մատենագրմանմասին, ի դէմ Պարսկերէն Պահլաւերէն ի որ ասեր թէ ինչպէս Միջին Պարսկերէնը կորել է, եւ միայն մնայ Հայ մատենագրման մէջ (Մենք արդեն խօսել ենք այդ մասին), թէ ինչպէս մի շատ բնագիրներ (նոյնիսկ ՅունարենեւԵգիպտերէն) կորել են , եւ միայն պահպանուել Հայերէն թարգմանմանքում: Միւս յօդուածը առնջեր այսօրուայ խայտարակ Հայ? լեզուի վիճակը որտեղ գործ ածենք “ինֆորմացիա” քան “տեղեկանք” եւ բազում այլ Լատին բառեր: Միթէ մենք հետեւինք աթաթուրքի օրիանկին, ձերբազատել մեր “նախնական” լեզուն իր “վայրենի եւ անտաշ արմատներից” եւ լատինացնել նա? Կարող ես այդ յօդուածները գտնել? Զաւեշտ? Ծիծաղ? ՈՉ!!! Թէ մենք ինչու այսօր հնարենք տաս հազար մղոն բառեր նման “երկայնախմորակլորածակ” երբ մենք արդեն ունենք “ՊԱՍՏԷՂ” բառը ի դէմ pasta/pastille ի? Տես թէ ինչպէս Իտալերէն Pizza բառը աղաւաղումն է Յունարեն “pita/հաց” բառի: Գուցէշրջուած,visa versa? Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted November 12, 2008 Author Report Share Posted November 12, 2008 (edited) «Սահմանք»- այսպէս կը կոչուի դասական եգիպտերէնէ յունարէն կատարուած թարգմանութեանց ամբողջ շարք մը, որ նուիրուած է Եգիպտոսի դիցարանէն Թոթ աստուծոյ: Վերոյիշեալ մէջբերումը «Հայ մատենագիրներու նպաստը համաշխարհային մշակոյթին» յօդուածէն է: Զարմացայ երբ տեսայ: Չէ՞ որ հայ մատենագրութիւնը հայ քրիստոնեայ մատենագիրներու մենաշնորհն է եղած, իսկ գիր գրականութեան հիմնական նպատակը՝ աստուածաշունչի թարգմանութիւնը եւ Քրիստոսի վարդապետութեան քարոզումը: Ինչո՞ւ հայ մատենագիրը պիտի թարգմաներ Եգիպտ դիցերու մասին գիրք մը: Արդեօ՞ք թարգմանական փորձ մըն է, վարժանք, մարզում: Ո'վ ի՞նչ գիտէ այս մատեանի մասին: «Կարգ մը ազգեր ծանօթ են իրենց նուաճումներով եւ աւերածութեամբ, Հայաստանի փառքը, շնորհիւ Մաշտոցի այբուբենին, կը կայանայ մարդկութեան յիշողութեան փրկութեան մէջ» Jean-Pierre Mahé: Ինչ վերաբերի օտար բառերուն, որոնք անհամեմատ աւելի շատ խուժած են հայերէնի արեւելեան գրական տարբերակին: Խորհրդային Հայաստանի մէջ,- թերեւս առ այսօր,- Համարում ունին ռուս մեծ ժողովուրդի լեզուին հանդէպ: Երբ քննենք ռուսերէնէ հայերէն փոխառնուած բառերը, կը նկատենք որ ռուսերը չեն կերտած այդ բառերը, այլ՝ փոխ առած են արեւմտեան ուրիշ լեզուէ մը: Ռուսերէնը չէ ունեցած բառակերտման այդ ճկունութիւնը, կամ՝ հասարակական պահանջք չէ եղած: Ուստի, երբ հզօր ռուսը, -որուն հանդէպ համարում ունի շարքային հայը,- հանգիստ փոխ կ'առնէ օտար բառը, ինք ո'վ է որ նախանձախնդիր ըլլայ իր լեզուին հանդէպ: Ահա այս հոգեբանութիւնն է որ անգիտակցաբար կը գործէ: Edited November 12, 2008 by Johannes Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted November 12, 2008 Author Report Share Posted November 12, 2008 Ճիշտ բառը՝ ճիշտ տեղում · «Իսկ կոմպլիմենտար քաղաքականութիւն նշանակում է երկու լարի վրայ խաղալ, երկու լարի վրայ խաղացողն ընկնելու է լարից եւ դառնալու է ծաղրածու» («Իրաւունք», 3-9.09.2004): Սա ԱԺ նախկին պատգամաւորի խօսքն է, որի վերջին հատուածը «Իրաւունք» շաբաթաթերթը նոյնիսկ առաջին էջի վերնամասում է վերատպել: Առաւել եւս տարօրինակ պիտի լինի դա առաջին էջը աչքէ անցկացնողի համար, այդ ինչո՞ւ ենք լարից ընկնելով դառնում... ծաղրածու: Ակնյայտ է, որ խօսողն ուզում է ասել, թէ այդ կործանարար քաղաքականութիւնը հայաստանեան իշխանութեանը դարձնելու է ծաղրուծանակի առարկայ: Իհարկէ, զուտ բառարանային իմաստով «ծաղրածուն» նաեւ ուրիշների ծաղրի առարկան կարող է լինել: Այդուհանդերձ, այդ բառի առաւել տարածուած նշանակութիւնը զբաղմունքն է՝ ծաղրածուն կատակերգակ դերասանն է: Ծաղրածու-դերասանը լարից (միտումնաւոր) ընկնում է մեզ ծիծաղեցնելու համար, մեզանից ամէն մեկն էլ, բնաւ չլինելով արհեստավարժ, կարող է որեւէ զուարճալի արարք կատարել նոյն նպատակով, մինչդեռ ապաշնորհ իշխանաւորները հազար անգամ էլ լարից ընկնեն՝ անգամ միջին կարողութեան ծաղրածու չեն դառնայ, այլ ծաղրուծանակի՝ ծաղրի ու ծանակման առարկայ: · «Մենք մեր թիրախը դարձրել ենք հակակոռուպցիոն պայքարը» («Արմենիա» հ/ը, «Իրականում» հաղորդաշար, 20.11.2004, ԱԺ պատգամաւոր Ա. Ռուստամեանի հարցազրոյցից): «Թիրախ» (գրաբարում՝ նաեւ «թիւրախ») բառը արդի հայերէնի բացատրական բառարաններում ունի հետեւեալ նշանակութիւնները՝ «հրաձգութեան նշանակէտ», «կրակային հարուածի օբյեկտ», «քննադատութեան առարկայ»: Մէջբերուած խօսքից, հետեւաբար, պիտի հասկանանք երկու բան: Կա'մ Դաշնակցութիւնը նշանառութեան տակ է առել շահածախուածութեան (կոռուպցիայի) երեւոյթի դէմ պայքարը, այլ կերպ ասած՝ ինքը կողմ է բուն այդ երեւոյթին՝ շահածախուածութեանը եւ այդ պատճառով էլ դէմ՝ դրա դէմ պայքարողներին: Կա'մ էլ դաշնակցականները քննադատում են այդ պայքարն ու պայքարողներին, քանի որ համարում են նմանօրինակ պայքարը անսկզբունքային, անհետեւողական, շիտակ պայքարի նմանակում եւ այլն: Այդ դէպքում, իսկապէս, ՀՅԴ-ն արդարացիօրէն նշաւակում է (ստոյգ հայերէնով՝ թիրախ է դարձրել) այս կոալիցիոն անիմաստ աղմուկ-աղաղակը: Իսկ եթէ ասուեր այն, ինչ կար խօսողի մտքին, այն է՝ «Մենք մեր թիրախը դարձրել ենք կոռուպցիան», ապա կարելի էր յուսալ, որ ՀՅԴ-ն իրեն բնորոշ մարտունակութեամբ շահածախուածութեան երեւոյթի հախիցը կգայ: Մնանք լեզուատրամաբանական ճշգրտմանը սպասող: Պայքարում ենք երեւոյթի՞ դէմ, թէ՞ պայքարի դէմ: Առաւել պարզ ասած՝ ձեր պայքարը հրդեհի դէ՞մ է, թէ՞ հրշէջների: · «Օգոստոսի 18-ին նրան յուղարկաւորեցին մօր կողքին» («TV-մոլ», թ. 3, 2005, էջ 5): Էլվիս Փրեսլիի մասին թարգմանական այս նիւթը (ի դէպ, պատշաճ կլիներ նաեւ բնագրի աղբիւրը յիշատակել) հրապարակելիս թերթի խմբագրութիւնը միտք չի ունեցել, անտարակոյս, ընդլայնելու «յուղարկաւորութիւն» բառի իմաստը: Թարգմանիչ-հեղինակների մտքում եղել է «թաղումը», սակայն «յուղարկաւորումն» աւելի պատկերաւոր է թուացել, ու դա էլ գերադասել են: Այնինչ «յուղարկաւորելը», թէպետ առնչւում է այդ տխուր արարողութեանը, սակայն ճիշտ չի արտայայտում ասոյթի միտքը: Աւելի անկեղծ ու շիտակ ասենք՝ խմբագրութիւնում չգիտեն իրենց գործածած բառի իմաստը: Դրա հետեւանքն այն է, որ հայերէն իմացող ընթերցողների համար բառիմացութեան այդ սխալը վերածուել է կատակերգա-ողբերգական զաւեշտի. ընկալուﬓ այն է, որ Էլվիսին եւ մօրը նոյն պահին են յուղարկաւորել, միեւնոյն ժամանակ (թէպետ մայրը վաղուց էր մահացել): Պակաս ﬖասակար չէ սխալը հայերէն վատ իմացող ընթերցողների համար, քանի որ նրանք, հաւատ ընծայելով այդքան շքեղ հրատարակուող պարբերականին, կարծելու են, թէ «յուղարկաւորելը» «թաղել» բառի հոմանիշն է: Մինչդեռ՝ ցանկացած բառարանում կարող ենք կարդալ, որ «յուղարկաւորել» (յուղարկաւորել, բառացի՝ ճանապարհ դնել, ուղի դնել՝ յուղի արկանել) նշանակում է հանգուցեալին տանել գերեզմանոց: Համապատասխանաբար՝ «յուղարկաւորութիւնը» այդ արարողութիւնն է, այսինքն՝ թաղման հանդէսը, սգերթը, մինչեւ գերեզմանոց տանելը, բայց ոչ նաեւ ննջեցեալին հողին յանձնելը: Այսպիսով՝ «Օգոստոսի 18-ին նրան թաղեցին մօր կողքին»: (Շար. 4) Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted January 28, 2009 Author Report Share Posted January 28, 2009 Ճիշտ բառը՝ ճիշտ տեղում ◊ «Լաւ, քանի որ դուք, ինչպէս ասում են, արդէն անցել էք հրի, ջրի եւ պղնձեայ փողերի միջով, այսինքն՝ բաւականաչափ փորձ ունէք, ինքներդ չէ՞ք պատրաստւում այդպիսի դասագիրք հեղինակել...» («Կանչ», 13.10.2004, էջ 5, թղթակցի խօսքից): Պատասխանելով հարցին՝ զրուցակիցն ընդամէնը յայտնում է թէ, իսկապէս, արդէն պատրաստել է նման դասագիրք: Այդպէս էլ պարզ չէ. նա արդեօք անցե՞լ է... պղնձեայ փողերի միջով: Ի հարկ է, առ երեւոյթ՝ թղթակիցն ինքն է բացատրում, թէ իր այդ ամբողջ արտայայտութիւնը («անցնել հրի, ջրի եւ պղնձեայ փողերի միջով») նշանակում է բաւականաչափ փորձ ունենալ: Բայց մի՞թէ «բաւականաչափ փորձ ունենալ» նշանակում է անցած լինել հրի, ջրի եւ պղնձեայ փողերի միջով. օրինակ՝ մի քանի հարցազրոյց վերցնողը իրաւունք ունի՞ նման բան հաստատագրելու ինքն իր մասին: Նախ՝ սեփական ասելիքը պատկերաւոր դարձնելու համար թղթակիցը գործածել է ռուսերէնից պատճէնուած դարձուածքային արտայայտութիւն («пройти сквозь огонь и воду и медные трубы»), սակայն, միեւնոյն ժամանակ, թուլացրել է խօսքի պատկերաւորութիւնը, յուզաարտայայտչականութիւնը, քանի որ անմիջապէս էլ բացատրել է դրա իմաստը: Նոյնն է՝ թէ մենք զրուցակցին ասենք՝ «Գլխի ընկա՞ր, այսինքն՝ հասկացա՞ր», «Աչքդ լոյս, այսինքն՝ շնորհաւոր», «Մեծ էշը ախոռում ենք թողել, այսինքն՝ մոռացել ենք» եւ այլն: Մենք այդպէս չենք վարւում, քանի որ, առաջին՝ ինքներս գիտենք մեր գործածած դարձուածքների իմաստը եւ, երկրորդ՝ գիտենք նաեւ, որ դրանց իմաստը լաւ յայտնի է մեր զրուցակցին: Բերուած օրինակում, սակայն, թղթակիցը բնաւ չգիտէ գործածած արտայայտութեան ստոյգ իմաստը, եւ մանաւանդ՝ զուր է կասկածի տակ առել դիմացինի իմացութիւնը (թղթակիցը պարտաւոր է իմանալ, որ հարցազրոյցի է հրաւիրել դարձուածքների եւ ասացուածքների հմուտ գիտակ, հայ-ռուսերէն դարձուածաբանական պատկերազարդ բառարանի հեղինակի): Իսկ եթէ «այսինքն» շաղկապի բացատրական դերն ուղղուած է թերթի ընթերցողին, ապա նա «արջի ծառայութիւն» է մատուցել (միգուցէ յաւելե՞նք «այսինքն՝ վնաս է տուել»): Ռուսաբանութեանը (ակամայ) տուրք տալու փոխարէն հարկաւոր էր բացել «Ռուս-հայերէն դարձուածաբանական բառարանը» եւ ընտրել դարձուածքի՝ տուեալ խօսքաշարին պատշաճ համարժէքները: Այսպիսով՝ շտկենք՝ «Լաւ, քանի Դուք դասագրքաստեղծման մեծ փորձ ունէք, չէ՞ք պատրաստւում այդպիսի դասագիրք հեղինակել...»: Պարզ ու անպաճոյճ: Եթէ շատ ենք ուզում պատկերաւոր հնչի, ապա՝ «Լաւ, քանի Դուք դասագրքաստեղծման բովով էք անցել, չէ՞ք պատրաստւում այդպիսի դասագիրք հեղինակել...»: Առաւել պատկերաւոր «Լաւ, քանի որ, ինչպէս ասում են՝ Ձեր մազերն այս գործում են սպիտակել, չէ՞ք պատրաստւում այդպիսի դասագիրք հեղինակել...»: Յաւարտ՝ պարզենք բուն այդ արտայայտութեան փոխաբանական իմաստը: «Հուրը» եւ «ջուրը» կեանքի փորձութիւններն են՝ պատերազմի արհաւիրքը («հուր») եւ ճանապարհորդութեանց փորձութիւնները («ջուր», քանի որ ակնարկութիւն է պարունակում փոթորիկների, նաւաբեկութիւնների, այլ փորձանքների մասին): Իսկ մարդուն բաժին ընկնող միւս փորձութիւնը իշխանութիւնն ու փառքն են, եւ այդ չարաբաստիկ «պղնձեայ փողերը» ակնարկում են իշխանական դիրքին ու փառաբանութեանը («ծնծղաներին») կուլ գնալու վտանգը: Եւ երբ ասում ենք, թէ այսինչը անցել է դրանք, ապա նշանակում է, որ տեսել է այդ ամէնը, անցել է կեանքի բովով: ◊ «Բացի այդ, Էլվիսն ունէր յատուկ պատճառներ, որպէսզի փորձեր «յատակին պառկել»» («TV-մոլ», թ. 3, 2005, էջ 5): Անորակ թարգմանութեան ծնունդ այս անճոռնի շարահիւսութիւնը դիւրին չէ շտկելը: Իսկ շտկելու համար փորձենք գուշակել բնագրի իմաստը. խօսքն այն մասին է, որ Էլվիսը հիմք ունէր զգուշանալու եւ թաքնուելու: Եթէ չենք ցանկանում այդպէս էլ պարզ ու անպաճոյճ ասել, թէ «Էլվիսը թաքնուելու պատճառ ունէր» եւ ձգտում ենք բնագրի դարձուածքային արտայայտութիւնը (ըստ ամէնայնի՝ դա ռուսերէն «лечь на дно» դարձուածքն է) նոյն կերպ թարգմանել, ապա պէտք է որոնենք հայերէն համարժէքը: Յիշենք «Բկլիկ-ձկնիկ»-ին տրուող խորհուրդը՝ «Իջիր ջրի յատակը՝ մինչեւ անցնի վտանգը»: Ուրեմն՝ վերջնական շտկումն է՝ «Բացի դա՝ Էլվիսը «յատակն իջնելու» իր պատճառներն ունէր»: ◊ «...Իրենք հրաւէրքն ուղարկել են ժամանակին եւ նախնական համաձայնութիւն ստացել» («Հայկական ժամանակ», 10,02,2004): «Եւրախորհրդի հրաւէրքով Ստրասբուրգում ընթացող վեհաժողովում աշխատանքներին մասնակցեց նաեւ քաղաքագէտ Վարդան Պօղոսեանը...» («Իրաւունք», թ. 51, 2-8 յուլիսի 2004թ.): «Հրաւէր» եւ «հրաւէրք» հասկացութիւնների նոյնական գործածութեան առնչուող խառնաշփոթը վերջին շրջանի բանաւոր եւ գրաւոր խօսքում բաւական տարածում է գտել: Մինչդեռ դրանք, թէպետ մերձիմաստ են եւ զուտ բառարանային նշանակութեամբ՝ անգամ փոխարկելի, սակայն տարբեր բան են նշանակում: Համենայն դէպս՝ «հրաւէրք»-ը հնարաւոր չէ ո'չ ուղարկել, ո'չ էլ ստանալ: «Հրաւէրք»-ը բուն միջոցառումն է՝ հանդէսը, հարսանիքը, հանդիպումը, ցերեկոյթը, երեկոյթը, ճաշկերոյթը, հացկերոյթը, ընդունելութիւնը, մեծարանքը, խնջոյքը, տօնախմբութիւնը, անուանակոչութիւնը եւ այլն: «Հրաւէր»-ը տուեալ միջոցառմանը ներկայ լինելու վերաբերեալ ծանուցումն է, առաջարկը, խնդրանքը, յորդորը, կոչը, տեղեկացումը: Թէ որքան է խորացել խառնաշփոթը՝ ցայտուն է հետեւեալ օրինակից. ի պատասխան հեռուստահաղորդավարի շնորհակալութեան «հրաւէրն» ընդունելու եւ հաղորդմանը մասնակցելու համար, նրա հիւրը՝ բանասիրութեանը դոկտոր, պրոֆեսոր լեզուաբանն ասում է. «Շնորհակալութիւն հրաւէրքի համար» («Հ2» հ/ը, «Սեկտոր-PRO», 2.04.2005): Այսպիսով՝ մենք հրաւիրում ենք միմիանց մասնակցելու այս կամ այն հրաւէրքին: Ուստի եւ՝ այդ նպատակով ուղարկում ենք հրաւէր (նոյնն է՝ հրաւիրատոմս, հրաւիրաթուղթ, հրաւիրագիր): Ուղարկողը (հրաւիրողը) հրաւիրակն է, ստացողը՝ հրաւիրեալը: Վերջինս, ծանօթանալով հրաւիրական խօսքին, այս կամ այն կերպ արձագանքում է հրաւիրականչին, մասնակցում կամ չի մասնակցում հրաւէրքին: Բառարանից վերցուած այս բառերի մեծ մասը առհասարակ դուրս է մնացել գործածութիւնից (եւ շատ ի զուր), սակայն գոնէ քննարկուած երկու բառը այսուհետեւ ճիշտ գործածենք՝ ամէն մեկը իր տեղում: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.