Jump to content

Մուշեղ Գալ&#1388


Ani

Recommended Posts

Մուշեղ Գալշոյան

(1933 – 1980)

 

 

 

Մուշեղ Գալշոյանը ծնվել է ու մեծացել Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։ Գալշոյանը կարծես ներծծել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, և հետագայում,

 

 

երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր, թե նա ինքը եղել էր նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։

 

Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ “Ավանգարդ” թերթում և “Գարուն” ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ “Ձորի Միրոն”, որը նրան բերեց հասուն գրողի համարում։ Ձորի Միրոն սասունցի փախստական է, որը կորցրել է ընտանիքը, բոլորի հետ հասել Թալին և տուն կառուցել։ Բայց նրա կառուցած տունը նայում է գյուղի հակառակ կողմը։ Միրոն խռոված է աշխարհից այն ամենի համար, որ կատարվեց իրենց հետ։ Աշխարհը չուզեց նրանց պաշտպանել, իսկ իրենք չկարողացան պաշտպանվել։ եվ արժանապատվություն ունեցող, նահապետական բարձր ավանդույթներով դաստիարակված մարդն այլևս չի ներում իրեն և ուրիշներին իրենց հետ պատահածի համար։ Փախստականի կերպարի այսպիսի մեկնաբանությունը նորություն էր մեր արձակում։ Դրանից առաջ Հրաչյա Քոչարը գրել էր իր “Նահապետ” հայտնի վիպակը. նրա գլխավոր հերոսի ճակատագիրը շատ բանով է նման Միրոյի ճակատագրին, բայց նրա կերպարի մեջ ուրիշ բան է ընդգծում՝ կյանքը շարունակելու կարողությունը նույնիսկ եղեռնից հետո։ Իսկ Գալշոյանի հերոսի մեջ անցյալը շարունակում էր մխալ և ծնել դառնագույն հարցեր։ Միրոյի խռովելը նշանակում էր չհաշտվել իր ճակատագրի հետ։

 

Առհասարակ, այս անհաշտությունը դարձավ Գալշոյանի հերոսների ամենաբնորոշ գիծը։ Նրա ստեղծած կերպարները իսկական Սասնա եռեր են, որոնք չեն համակերպվում մարդկային պայմանականությունների հետ, միշտ ձգտում են դեպի ակունքները, դեպի բնականը, մարդկային անխաթար, բնական հարաբերությունները և միշտ մտածում են այն մասին, թե ինչու չկարողացան պահել իրենց հայրենիքը, իրենց դրախտային Սասունը։

 

Գալշոյանը լավ պատմող էր, հետպատերազմյան հայ արձակի լավագույն պատմողներից մեկը։ Սուր դիտողականությամբ, չափի նուրբ զգացումով, նա պատմում էր իր հերոսների մասին, առանց պաթոսի, առանց մանրամասն նկարագրությունների, բայց ստեղծում էր գունեղ, տեսանելի կերպարներ։ Նրա պատմվածքները կարդացողներն անմիջապես պատկերացնում էին այդ համառ, “կող ունեցող” գեղջուկներին, որոնք, օրինակ, կարող էին “հերսոտել” ու քանդել նոր խփված փայտե հատակը, որովհետև սովոր էին ապրել հողի հև անընդհատ ու անմիջական շփման մեջ, իսկ տախտակը կտրում էր նրանց հողից։ Մեկ ուրիշը կարող էր գիշերվա կեսին, քեֆից հետո, հետ գնալ հրավիրողի տունը և իր կենացը, որ ասել էր գինովցած վիճակում, ետ առնել, որովհետև մարդը արժանի չէր այդ կենացին։ Եվ այլն։ Բոլորն իրենց մեջ պահել են սասունցիական այս գծերը, որոնք փոխված, բնականությունից հեռացած աշխարհում նաև ծիծաղելի ու անտեղի են թվում։ Բայց նրա հերոսներին այդ չի շփոթեցնում։ Նրանք երբեք ծնկի չեն գալիս։ Իրենց կյանքի ցանկացած պահին նրաք կարող են ընդվզել կյանքի ու նրա այն օրենքների դեմ, որոնք աղավաղում են մարդու կյանքն ու կերպարը։ Նրա հերոսներից մեկը, արդեն ծերության հասած մարդ, բոլորովին պատահաբար գտնում է մանկական տարիների իր ընկերուհուն, որը ևս մեծ ընտանիքի, որդիների ու թոռների տեր է։ Երկրռւմ Ավեն սիրահարված է եղել իր ընկերուհուն։ Եվ հիմա նա ուզում է ի կատար ածել իր մանկական երազանքը, որ ավերվեց ջարդով ու գաղթով, և... ծեր կնոջը առաջարկում է բաժանվել ամուսնուց ու ամուսնանալ իր հետ։ Այսպիսի արարքները կարող էին անբնական ու ծիծաղելի թվալ, բայց Գալշոյանը շատ լավ գիտի իր հերոսների հոգեբանությունը, նրանց խոսքն ու կենցաղը, և նրա պատմվածքներում նման արարքները ձեռք են բերում իմաստ և գեղեցկություն, երբեմն և էպիկակն վեհություն։ Այն կրակը, որ վառվում էր Գալշոյանի հերոսների մեջ, վառվում էր իր՝ Գալշոյանի մեջ, և այս ներքին հոգեհարազատությունը շատ էր օգնում նրան իր կերպարներն ստեղծելիս։

 

Հիշատակված պատմվածքները մտնում են “Մարութա սարի ամպերը” շարքի մեջ, որը Գալշոյանի լավագույն գործը եղավ։ Եվ դրանց մեջ լավագույններից մեկը, թերևս լավագույնը, “Դավոն” պատմվածքն է։ Դավոն ևս սասունցի փախստական է։ Եղել է զորավար Անդրանիկի բանակում, նրա լավագույն զինվորներից մեկը։ Բայց երբեմն չի հնազանդվել նաև Զորավարին։ ՈՒ մի անգամ Անդրանիկը նրան նույնիսկ մահվան է դատապարտել, բայց Դավոն մնացել է նույն համառ, իր սկզբունքներին հավատարիմ սասունցին։ ՈՒ մեռնելու պահին նա հիշում է իր ամբողջ կյանքը, իր ընկերներին, և շարունակում է իր վեճը աշխարհի ու մարդկանց հետ։

 

Այս պատմվածքում Գալշոյանի խոսքը ճշգրիտ է, բայց հագեցած ներքին քնարականությամբ, հուզականությամբ։ Պատմվածքին յուրահատուկ գրավչություն է տալիս սասունցիների բարբառը, որ Գալշոյանը հրաշալի գիտեր և վարպետորեն վերստեղծում է այս պատմվածքում։

 

Մուշեղ Գալշոյանը մահացավ 1980–ին, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։ Այդ կրակոցը շատ նման էր այն կրակոցին, որից սպանվեց իր հերոսներից մեկը՝ հովիվ Առաքելը։ Ինչպես Առաքելին, այնպես էլ Գալշոյանին հանգիստ չէր տալիս ֆիդայիների՝ իր այնքան սիրած ազատամարտիկների հիշատակը, և հրացանի այդ պատահական կրակոցների մեջ անպայման կյանքն ինքը խորհրդանշական իմաստ է դնում՝ ընդգծելով Գալշոյանի ու հերոսի հավատարմությունը, կապը ֆիդայական ավանդներին։

 

 

 

Link to comment
Share on other sites

ԴԱՎՈՆ

1

 

Հողե հատակին բացված անկողնում պառկած է Դավոն։ խնամքով սափրված է, հագել է բոլորովին նոր սպիտակեղեն– դեռ անցյալ տարվանից էր գնել՝ հատուկ այսօրվա համար— և, օրն է՝ հագել է ու մաքուր անկողնում մեկնվել թիկունքն ի վար։ Աչքերը կիսախուփ են, թևերը՝ ծաղկավոր վերմակին ձգած, շապիկի փողպատը բաց է, և կրծքի ճերմակ մազերը խճճված եղյամի պես գլխահակ խորհում են։

 

Պատուհանից ներս փրթած լուսե մի թել եկել է Դավոյին երկինք տանելու։ Արևի փունջը շուլալվել է նրան, խաղում է կրծքի ճերմակ մազերի, կոտրված ճերմակ բեղի հետ, կարմիր ու կապույտ կայծկլտում կիսախուփ աչքերի դիմաց, խուտուտ տալիս կոպերը։

 

Դավոն լուռ է։ Միայն կոպերն են շողիկի հետ հարց ու փորձի մեջ։ Ճակատն ու աչքերը խուտուտ տվող լույսի շողը, կոպերի վրա պարս բռնած կարմիր ու կանաչ պեծերը ինչ–որ բան են հուշում՝ անցած մի օր, մի դեպք, ցանկալի մի բան... Եվ Դավոյի խլվլացող կոպերը, ճակատի առնական կնճիռները լարված որոնում են...

 

Համերկրացի ծերունիները շրջապատել են նրան։

 

Առավոտյան, երբ Ղավոն պատվիրեց, որ նոր սպիտակեղենը հագցնեն, ապա և՝ անկողինը թախտից վար առնեն-բացեն գետնին և որդուն ուղարկեց Պչուկին կանչելու՝ իր համերկրացուն, անցած կռիվների զենքի իր ընկերոջը, բոլորը հասկացան, որ Դավոն ճամփորդ է... Եվ համերկրացի ծերունիները եկան — հավաքվեցին։ Առաջինը եկավ երկաթագործ Համզե Պչուկը, եկավ Գ՛ևորգ Չաուշի արնակից մքթենցի Գրիգորը, եկավ Բջե Ավեն, եկավ խըբլջոզա Մանուկը, եկավ խութա Միրոն, եկավ Տիգրանը, հիթենքցի Մոսեն... Բոլորը եկան. Դավոն էր գնում։ Մարութա վանքում խաչի փոխարեն սուրը համբուրած տալվորցի Դավոն գնում էր։ Արևմարքի հետ Դավոյի շունչը խառնվելու էր Մարութա սարի ամպերին, և Կաբլորաքարի կատարին ճախրող ծեր արծիվը կրծքից մի փետուր էր պոկելու, ու իրիկնապահի բոցերով այրվող փետուրը թփրտալու էր Տալվոոիկի երկնքում։

 

 

Դավոն

Edited by Ani
Link to comment
Share on other sites

Մամփրե Արքան

 

 

Ահա Գալշոյանի հերոսներից մեկը` Մամփրե արքան. որքան պարզությամբ, հստակությամբ է նա թոռնուհուն բացատրում Ա տառի գրությունը. “Չէ, ձգուկ, չէ, մոռանալու բան չէ. ջուխտակ առվակ կողք-կողքի սարից կիջվարեն-կթափվեն պստիկ առվակի մեջ, ու առվակներ ավելի կլցվեն ու ավելի կբարձրանան ու աջակողմյան առվակից պստիկ մեկ առվակ ճոթ կտա դեպի աջ ու քչիկ կերթա ու էլի կդառնա իջվար: Էս քեզ մեծատառ Ա”/ՄՍԱ 275/:

 

Մայրենի լեզուն, մայրենի բարբառը սասունցու արյան մեջ է, և համառ է նա, համառ իր լեզուն, իր սովորությունները պահպանելու հարցում: Մայրենի բարբառը պահպանելու անկոտրում կամքն էլ հենց Մամփրեինստիպեց մինչև օր ծերություն մանլ Մաշտոցի “քաջ զինվորներին” անծանաչ.

 

- Մեգ, էրգու, երեք…

 

- Երկու… երեք, - ուղղեց լիկկայանի վարժապետը:

 

- Երկու… եր… երեք, չուրս…

 

- Չորս, - ուղղեց վարժապետը:

 

- Չուրս… չուր… չորս, - քրտնած տակից դուրս եկավ, -չորս, հինգ, վից…

 

- Վեց, - ուղղեց վարժապետը:

 

- Վից:

 

- Վեց:

 

- Վի…վից…- և փորձեց, վարժապետն էլ ստիպում, ու նա անարդյունք և վիրավորված ու խռով թողեց-հեռացավլիկկայանից /ՄՍԱ 273/:

 

Գալշոյանի բարբառը

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...