Jump to content


Photo
- - - - -

Derenik Demirtchyan


  • Please log in to reply
7 replies to this topic

#1 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 28 April 2008 - 04:20 AM

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դերենիկ Դեմիրճյան
(1877-1956)


Դերենիկ Դեմիրճյանը հայ ականավոր գրող է, բազմաթիվ բանաստեղծությունների, պատմվածքների ու պիեսների հեղինակ։

Ծնվել է փետրվարի 18-ին , 1877 թ. Ախալքալաքում (այժմ Վրաստանում): 1897 թվականին ավարտեց վրացական Ներսիսյան ճեմարանը, այնուհետև 1909-ին Ժնևյան համալսարանի մանկավարժական ֆակուլտետը: Եղել է ուսուցիչ: Տպագրվել սկսել է 1983 թվականին: Բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որն լցված էր միայնակության զգացմունքով լույս տեսավ 1899-ին:

1905- 07 թվականների Ռուսաստանի հեղափոխությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց Դեմիրճյանի մոտ դեպի քաղաքականական պրոբլեմները:

1913 թվականին լույս է տեսնում նրա բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն: Այսպիսով իր “Լենկ Թեմուր” պատմա- հերոսական պոեմում, “Ջութակն ու սրինգը”, “Ավելորդը”, “Ժպիտ”, “Ստամոքս”, “Տերտերը” պատմվածքներում, “Դատաստան” ողբերգությունում և այլն Դեմիրճյանը ամբող սրտով պաշտպանում է հասարակ մարդկանց ինրավունքները:

1923 թվականին գրեց “Քաջ Նազար” կատակերգությունը , որը նույն թվականին հայտնվեց Երևանի բեմահարթակներում, 1924 թվականին Թիֆլիսում:

Դեմիրճյանի 30-ականներում գրված “Նապոլեոն Կորկոտյան”, “Կապուտան”, “Հայրենի երկիր” պիեսները մեծ ազդեցություն են թողել հայ դրամատուրգիաի վրա:

Նրա ամենանշանավոր երկն է “Վարդանանք” պատմավեպը։ Այս վեպում պատկերված է 5-րդ դարում հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ։

Մահացել է 1965 թվականի դեկտեմբերի 6-ին, Երևանում:


#2 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 28 April 2008 - 04:22 AM

ԵՐԳ

Լուսնակն ելավ ամպն ի վեր,
Գիշերն ամպշող, ի՜նչ անուշ.
Հովը եկավ տարուբեր,
Շնկշնկում է ի՜նչ անուշ:
Շվին հեռու հառաչեց,
Գանգատ արավ՝ ի՜նչ անուշ.
Հովը ծամերդ ինձ բերեց
Քչփչալով՝ ի՜նչ անուշ:


#3 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 28 April 2008 - 04:23 AM

ԲԱԲԻԿԸ ՈՒ ՆԵՐՍԻԿԸ

(հատված “Վարդանանք” վեպից)


Փառանձեմ տիկինը շարունակում էր ապրել միանձնուհու կյանքով։ Ի բնե խելացի և զարգացած կին՝ իր վիշտը թաղում էր ընթերցանության և զավակների կրթության հոգսերի մեջ։

Նրան մեծ վիշտ պատճառում նաև այն, որ իր զավակներին ևս Վասակը տանում էր դեպի այլասերված կյանք, պոկում հայրենի հողից, ստիպում ծառայել հայ ժողովրդի թշնամի Հագկերտին։ Կգա շուտով, կկանգնի իր գլխին, կպահանջի իր զավակներին, չի նայի մայրական զգացմունքներին և պոկելով նրանց իր սրտից՝ կտանի հեռավոր, օտար, թշնամի երկիր, կկորցնի նրանց այնտեղ։ Այլևս ե՞րբ կգան իր զավակները, նրանք ի՞նչ կերպարանքով կգան, պահպանած կլինե՞ն իր ավանդները, հավատարիմ կլինե՞ն իրենց հայրենիքին, լեզվին, իրենց հարազատ ժողովրդին։

Բաբիկն ու Ներսիկը դուրս ելան Վասակի մոտից սաստիկ վրդովված։ Նրանք անմիջապես գնացին Փառանձեմի մոտ։ Երբ հայտնեցին նրան լուրը, նա գունատվեց և ձեռքը տարավ դեպի սիրտը։ Դա զարհուրելի էր նրա համար։

Փառանձեմը հուզմունքից չգիւոեր ինչ անել։ Հարվածն սպառնում էր, բայց քանի չէր հասել, դեռ չէր զգացվում այդքան դաժան, բայց երբ հասավ, հիմա զգացվեց նրա ուժը։ Փառանձեմը մի շարժում արեց, որ վեր կենա և գնա Վասակի մոտ։

— Ի՞նչ անեմ, ինչպե՞ս առաջն առնեմ,— հոգեկան մեծ խռովքի մեջ դարձավ նայ Ձվիկին։

Ներսիկը փաթարվեց մորը.

— Գնա խնդրի՛ր, մայրին խնդրիր մեզ չտանի, ես չեմ կարող գնալ։

— Ա՜խ, ձագուկներս,— հառաչեց Փառանձեմը և կանգ առավ։

— Նրան խնդրել չարժի, ասաց Բաբիկը մռայլ,— նա իր

խոսքը կանի՝ կտանի, իզուր տեղը մայրիկը իրեն կգցի նրա առաջ։ — Իսկ դու կգնա՞ն,— հարցրեց Ներսիկը վախեցած։

— Չեմ գնա,— ասաց Բաբիկը վճռական։

— Ի՞նչ, պիտի հակառակե՞ս,— վախեցավ Փառանձեմը,— թող, ի սեր աստծո, բան չբանաս գլխիդ։

— Ինչ ուզում է անի՝ չեմ գնա...

Փառանձեմը ծնկները ծեծեց հուսահատ։

Նա չգիտեր ինչ վճիռ ընդունել. համաձայնե՞լ, որ իր զավակները գնան. դա մահ էր նրա համար։ Բայց նա սարսափում էր նաև նրանից, որ Բաբիկը հակառակի հորը, և կատաղի ծնողը մոլուցքի մեջ վնաս տա նրան։

Ամբողջ գիշերը Փառանձեմը անցկացրեց օթևանում շրջելով։ Բաբիկն ու Ներսիկը նստած էին անքուն և հետևում էին մոր շորորանքին։ Նրանք խոսք չէին գտնում մորը հանգստացնելու, քանի որ իրենք ևս անհանգիստ էին։

Լուսինը դուրս սողաց լեռների խորքից։ Նրա թախծալի լույսը կախվեց քարափներից ահագին ձորի մթության վրա։ Անդնդում՝ խավարի մեջ մռմռում էր գետը։ Տխուր ծկլթում էր գիշերահավը։

Փառանձեմի սիրտը փղձկաց։ Նա կուզենար լիասիրտ ու բարձր լաց լինել։ Բայց այդ տխուր սփոփանքից էլ նա զրկվեց։ Նրա վշտի ամեն մի նշանը պիտի տանջեր իր ճանապարհորդ զավակներին։ Նա չէր կամենում նրանց վիշտ պատճառել։ Ուստի և զսպեց իրեն և գնաց նստեց իր բարձին։

— Եկեք մոտս, — ասաց նա նրանց՝ մոտ քաշելով գրակալը, որի վրա հանգչում էր իր զավակների սիրած մատյանը՝ Մովսես Խորենացու պատմությունը։ — Եկեք, զավակներս։

Բաբիկն ու Ներսիկը գնացին նստեցին մոր կողքին։ Փառանձեմն սկսեց կարդալ։ Թե ինչո՞ւ սկսեց կարդալ և ինչո՞ւ ընթերցման այդ ձևն ընդունեց՝ մի փոքր տարօրինակ թվաց տղաներին։ Բայց նրանք ազդվեցին մոր ջերմեռանդ լրջությունից և ենթարկվեցին նրան։

Փառանձեմը կարդաց մեծ շնչով։ Հայրենաշունչ պատմահոր գիրքը կրակի պես այրել սկսեց, երբ խոսում էր այն մասին, որ մեր ազգը թեև փոքր ածու է, բայց նրա մեջ ևս գործվել են մեծ գործեր հիշատակության արժանի։ Նա խոսում էր հայկազյան թագավորների մասին, որոնք չգիտեին, թե ինչ է ստրկությունը։ Նա պատմում Տիգրան Մեծի մասին, որ Հռոմի դեմ հաղթական պատերազմներ վարեց։

— Ասել է՝ մեր նախնիները կռվել են, — մտորմունքով ասաց Բաբիկը։

— Մեր ազգի բախտն այդպես է սկսվել, հենց մեր նախահայրը կռվով է հիմք դրել մեր ազգին, — ասաց Փառանձեմը՝ ուրախ, որ Բաբիկի միտքը գնաց դեպի պատմությունը, և մոռանում է իր վիշտը։

— Հենց մի գլուխ բռնակալնե՛ր, բռնակալներ, — խոսեց դառնությամբ Բաբիկը, — գալիս են մեզ ստրկացնելու։ Բայց լավ է, մերոնք էլ ոչնչացնում են թշնամուն։

— Հազկերտին էլ պիտի ոչնչացնել հենց Հայկ Նահապետի թշնամի Բելի պես, — մեջ մտավ Ներսիկը։

— Նրան էլ կոչնչացնենք, — ասաց Բաբիկը։

Փառանձեմը շարունակեց ոգել։ Արա Գեղեցիկն ու Շամիրամը գրավեցին տղաների ուշադրությունը։ Փառանձեմը բացատրեց, որ թշնամին երբեմն էլ գեղեցիկ միջոցներով է ուզում ստրկացնել։ Պետք է արիություն և առաքինություն ունենալ։

— Ոչ մի գեղեցիկ կին հայրենիք չարժի, — ասաց Փառանձեմը, — ո՛չ մի հարստություն, փառահեղ կյանք, ոչ մի պատիվ ու փառք։ Հայրենիքը ամեն բանից բարձր է, և նրա գինը չի չափվի ոչ մի աշխարհային գանձով։

Ներսիկը հանկարծ հեկեկաց։

— Ինչո՞ւ ես լալիս, մատաղս, — հազիվ զսպելով իր արցունքները հարցրեց Փառանձեմը, — մի լար, սիրունի՜կս, այս ամենը կարդում եմ,— որ միտներդ պահեք, ինձ չմոռանաք, չմոռանաք մեր ազգը, մեր լեզուն։"

— Բայց մի՞թե պիտի գնանք, ես չե՛մ ուզում գնալ, չե՜մ ուզում, հասկանո՞ւմ ես, չե՜մ ուզում, — բարձրաձայն լացեց Ներսիկը։

— Մի՛ լաց լինի, մատա՛ղ, կգաս, հո այնտեղ չե՞ս մնա, — ասաց Փառանձեմը և գրկեց Ներսիկին։

— Այնտեղ կմնանք, էլ ետ չե՜նք գա, — մղկտալով ասաց Ներսիկը։ Փառանձեմը թաղեց նրա դեմքը իր կրծքի մեջ և սկսեց օրորել

նրան։ Ներսիկը հեկեկում էր և ցնցվում։ Փառանձեմի սիրտը ճմլվեց, հանկարծ հիշեց, թե ինչպես Ներսիկի երեխա ժամանակ նա այդպես գրկում էր նրան։ Այն ժամանակ նա չէր հասկանում, թե ինչու էր լալիս։ Բախտավոր լաց էր այն, իսկ հիմա՜...

Փառանձեմը նայեց Բաբիկին։ Սա մռայլ, հոնքերը կիտած նայում էր պատուհանից դուրս։

— Ի՞նչ է գլուխը մտցրել պարսկերեն հա պարսկերեն, պարսից զորական արվեստ, պարսից պաշտոնյա, — վրդովված խոսեց նա։ — Չգիտե՞ մեր նախնիների գործերը, անո՞ւն չունենք մենք, ա՞զգ չենք։ Ի՞նչ է մտածում...

— Նա ուզում է մեզ հայրենադավ դարձնել, — շարունակեց Բաբիկը, — կայրվեմ կրակի վրա՝ չեմ մոռանա հայրենիքս։

— Հա՜, մատա՜ղ, հավատարիմ եղիր հայրենիքիդ, — շեշտով խոսեց Փառանձեմը։

— Սպարապետի՛ն կգնամ ծառայեմ։ Նա մեր ազգի պաշտպանն է։

— Սպարապետը մե՜ծ հայրենասեր է, նրան ապավինեցեք, — ասաց Փառանձեմը, — նա իր որդուն բերել է տալիս պատերազմ։

— Երանի նրա որդուն, — ասաց Ներսիկը, — գնանք Պարսկաստան՝ կմտնեմ նրա զորագունդը։

— Չխոսեք այդ բաները ձեր հոր մոտ, ի սե՜ր աստծո, կսպանի ձեզ։

— Թող սպանի։ Թող ինձ Սպարապետը զինվոր ընդունի, նրա որդու հետ լինեմ՝ թող հայրս ինձ սպանի։

— Մայրիկ, — հանկարծ վեր կացավ տեղից Բաբիկը, — մայրիկ, ի՞նչ է սրա միտքը, ուրանա՞լ հայրենիքը...

— Ա՛խ, Բաբիկ, մատաղ, մի ասի, թող ես առաջ մեռնեմ, հետո այդ լինի, — ասաց Փառանձեմը։

— Ապա ինչո՞ւ է կատաղում, երբ Սպարապետի անունն ենք տալիս, ինչո՞ւ է նրան դեմ։

— Մարզպան է, վախենում է իր պաշտոնից, — բացատրեց Փառանձեմը։

— Իսկ Սպարապետին, Սպարապետի՜ն ինչու է ատում, — բարկացած շեշտեց Բաբիկը, — ի՞նչ է արել նրան Սպարապետը։

— Սպարապետը անձնազոհ մարդ է, նրան ո՞վ կարող է ատել, նա մեր հայրենիքի պաշտպանն է։ Եթե նրան ատում է ձեր հայրը, մեծ մեղք է գործում։ Ա՜խ, աստվա՛ծ հասնի ինձ ու ձեզ։ Խե՜ղճ զավակներս...

Փառանձեմը տխուր նայեց իր որդիներին և գլուխն օրորեց։ Բայց գիշերն անցնում էր, հետևյալ օրը Բաբիկն ու Ներսիկը ճանապարհ կընկնեին։ Հարկավոր էր, որ նրանք քնեն։ Հոգատար մայրը դրա մասին էր մտածում։

— Է՜, պառկեցե՛ք, քնեցե՛ք, զավակնե՛րս, — ասաց նա, թեև նա կկամենար, որ վերջին գիշերը երկարեր մինչև հավիտյան, չգար սևումութ առավոտը։ — Ո՜չ, ո՜չ, մայրիկ, մենք չենք քնի, — մերժեց Ներսիկը և փարվեց մոր կրծքին։

Նա այդ գիշեր բոլորովին երեխայացել էր։ Իսկ սա ավելի էր (խոցում խեղճ մոր սիրտը։ Իսկ Բաբիկը իր մտքերի հետ էր։ Նա ինչ-որ վճիռներ էր գծում իր հոգու մեջ, պայքարի վճիռներ, որով և հիմիկվանից պատրաստվում էր դիմագրավել հորը։

— Չե՛մ գնա, — հայտնեց նա վճռական շեշտով։

Փառանձեմը վախեցած նայեց համառ տղային և անհանգիստ վեր կացավ տեղից։ Ու մինչ Բաբիկը վրդովված ման էր գալիս, նա, հետևելով նրան, հորդորում էր, որ ետ կենա սուր վարմունքներից։ Բայց նա գիտեր, որ հենց այդ ետ կենալն էր մեծ աղետը իր համար, որից սարսափում էր նա՝ բաժանվելը իր զավակներից։

Տանջալի գիշերը մռայլ թռչնի պես կախվել էր ամրոցի վրա, այն օթևանի վրա, ուր Փառանձեմը անձկությամբ սպասում էր իր զավակների և հոր ընդհարմանը։

Տղաները թմրեցին վերջապես և ընկնելով բարձերին՝ հենց տեղնուտեղը քնեցին։ Ձվիկը ծածկեց նրանց, Փառանձեմի հետ միասին նստեցին նրանց գլխավերևը՝ հսկելու և վերջին անգամ դիտելու նրանց։

Edited by Ashot, 28 April 2008 - 04:23 AM.


#4 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 28 April 2008 - 04:24 AM

ՋՈՒԹԱԿ և ՍՐԻՆԳ


Ո՞վ հնարեց ջութակը…ո՞վ հնարեց սրինգը…

Թարմ գարուն էր, օրը պայծառ, կապուտակ, անգեսի մթին անտառի պուրակում ճախրում էին թռչունները, հովը գալիս, թել—թել տանում էր ծառերի թևերն ու քղանցքները, առուն քչփչում, և գեղեցիկ Լակըմեն սիրում էր երջանիկ Հայանթուն:

Հայանթին եղեգնուտի մոտ թեք ընկել, աննպատակ եղեգ էր տաշում ու քաղցր միտք անելով նայում Լակըմեին, իսկ Լակըմեն ծաղիկ էր քաղում ու երգում. և այնքան երջանիկ էր նա, որ չէր իմանում, թե ինչ էր երգում:

Խոսում էր հեքիաթական անտառը, բզզում հսկա փեթակի պես լի կյանքով ու երգով:

Նայում էր Հայանթին իր սիրած աղջկան և աննպատակ տաշում, տաշում էր եղեգը, դեն ձգում, նորը վերցնում, էլի տաշում: Հետո` ինչպես եղավ` տաշած եղեգը դրավ բերնին ու սկսեց փչել: Եղեգը մեղմ սուլեց: Հանկարծ մի չարաճճի միտք ծագեց նրա գլխում… Ժպտաց քթի տակ ու եղեգը առնելով գնաց մտավ թփերի մեջ: Ու մինչ Լակըմեն միամիտ, իր համար երգում էր առվակի ափին` Հայանթին սկսեց սուլել եղեգը ու նմանեցնել նրա երգին: Սկզբում սուլոցը դժվար ու կոպիտ էր, բայց շուտով այնպես վարժվեց, որ պատրանքը հաջողվեց: Ու սկսեց բարձր ու համարձակ կրկնել Լակըմեի անգիտակից երգն ու խաղերը:

— Հայանթի՛,— հանկարծ սթափվելով ձայն տվեց աղջիկը,— այդ ո՞վ է ինձ տնազ գալիս:

— Չգիտեմ,—ասավ Հայանթին թփերից դուրս գալով` չարաճճի ժպիտը հազիվ զսպելով:

Բայց Լակըմեն տեսնելով նրա ձեռքի եղեգը` գլխի ընկավ:

— Սատանա՛, էլի մի բան հնարեցիր, լավ էիր տնազ գալիս, էլ չանես:

Բայց Հայանթին ձեռք չվերցրեց իր հանաքներից: Այնքան նվագեց, այնքան սրան—նրան տնազ եկավ, որ թե՛ գործիքը կատարելագործեց և թե՛ լավ նվագող դառավ: Նվագում էր ու ամենքին զվարճացնում:

Մի տխուր տղա էլ կար, Նալը, որի սիրում էր Լակըմեին: Տխո՜ւր, հուսահատ կնայեր սրան, կարծես մայր մտնող լուսնյակ լինի գունատ, պղնձագույն: Լակըմեն գիտեր նրա սերը, բայց, էհ, երջանիկ էր, չէր մտածում նրա մասին: Ասում էին` ցնդած է այդ տղան, որովհետև մենակ շրջում է անտառներում և հորթի աղիքներ կախում ծառի ճյուղերից, չորացնում, ոլորում: Ծիծաղելով ասում էին, որ նա էլ ինչ-որ նվագարան է շինում…

Եվ ահա մի անգամ անտառում Հայանթին ու Լակըմեն ջահել տղաների հետ նստել մի ծառի տակ հանգստանում էին: Երգում, զվարճանում էին տղաները գարնան սեզի վրա, և նրանց քրքիջը անտառի լռության մեջ կարկաչում էր գետակի պես:

Այնտեղ էր և ծեր բանաստեղծ Խալդունը, որ եկել նստել պատանիների մեջ` զվարճացնում էր նրանց իր առակներով և ինքն էլ զվարճանում` լսելով նրանց անհոգ քրքիջը:

Այնտեղ էր և Նալը, որ հեռուն, խոտերի վրա նստած նայում էր պատանիներին անժպիտ ու տխուր:

— Հայանթի՛, — ասավ բանաստեղծ Խալդունը, — մի բան նվագի` լսենք: Այ, Նալն էլ, ասում են նվագել գիտե. նա էլ որևէ բան կնվագի, կզվարճանանք: Դե, ձեզ տեսնեմ, ջահելներս:

— Այո՛, նվագեցե՛ք, նվագեցե՛ք,— ձայն տվին բոլոր տղաները և զվարթացան:

— Նվագեցե՛ք, — կատակեց չարաճճիներից մեկը, — և ո՛վ հաղթի, թող նա՛ լինի Լակըմեի սիրուն արժանի:

Բոլորը ծիծաղեցին: Ճպտաց լուսածիծաղ Լակըմեն և ուրախացավ, որ Հայանթին պիտի իր շնորհքը ցույց տա: Ժպտաց նաև Հայանթին, բայց հեգնորեն, ինքնավստահ և աչքի տակով նայեց Նալին, որը անշարժ նստել էր` ծիծաղելի գործիքը թևի տակին: Հայանթին համաձայնեց:

Եվ որ ցույց տա, թե ինքը ահ չունի, հայտնեց, որ առաջ ինքը կնվագի. “Նվագեմ, թող ձայները կտրեն”, — մտածեց նա իր ուժը գիտակցելով:

Թեք ընկավ գեղեցիկ Լակըմեն փարթամ ծաղիկների վրա, պատանիների շրջանակի մեջ, կարծես ձյունափայլ լուսին լիներ` սև նոճիների միջից նայելիս:

Ամենքը ակամա նայեցին նրա լուսափթիթ դեմքին ու սկսեցին երազել:

Ժպտաց գեղեցիկ Հայանթին, ու այդ ժպիտի հետ ցոլաց նրա ձյունե ատամնաշարը:

Ժպտաց նաև գեղեցիկ Լակըմեն, և նրա վայրահակ սև թարթիչներից կախ ընկավ սիրուն, մանրիկ ժպիտը:

Ու Հայանթին սրինգը դնելով վարդիթերի շրթունքներին` սկսեց նվագել:

Դուրս թռավ նվագը ու գնաց, հովի պես շնկշնկաց ու սուրաց լռանիստ հովտի մեջ: Եվ սուլոցներն այնպես առատորեն շաղ տվեց, որ կարծես աղբրի մարգարտաշար ու կլկլան կաթիլներ լինեին քարեքար թափվելիս` անտառի հստակ լռության մեջ: Բյուրեղի պես մաքուր և արծաթի պես հնչուն էր այդ սուլոցը, առատ, զարմացնող, շոյիչ ու հարբեցնող:

Եվ ի՜նչ բազմազան խաղեր, ի՜նչ պատրանք… կարծես սոխակներ ու սարյակներ լինեին իրար ձայն տալիս, երջանիկ մայիսին; Եվ ինչ զվարճալի տնազ երկու երջանիկների, որ ծաղիկների մեջ կարծես թռվռալիս, խաղալիս լինեին և մի սիրած ու սիրված աղջիկ քրքջալիս լինի, երջանիկ մոռացության մեջ:

Ու այսպես ծլվլաց ու կլկլաց եղանակը, արա՜գ, ինչպես լճակի կայծկլտուք և մի վերջին ժխորով ունկնդիրներին շշմեցրեց ու նետի պես թռավ, կտրվեց:

— Ապրե՛ս, Հայանթի, ապրե՛ս,— ձայն տվին ամենքը հիացած:

— Ապրե՛ս, Հայանթի՛,— ասավ Լակըմեն` չկարողանալով ծածկել իր հիացումը և գուրգուրոտ աչքերով նայեց շառագունաց գեղեցիկ պատանուն:

— Ի՜նչ ճարպիկ ելևէջներ, չէի՜ր ասի, թե մարդ էր նվագողը, — խոսեց մինը հափշտակված:

— Հը՜մ, ճարտար նվագ էր, —ասավ բանաստեղծ Խալդունը:

— Ապրե՜ս, Հայանթի, ապրե՜ս,— կրկնեցին ամենքը միաբերան և ծաղիկներ քաղելով նետեցին նրա գիրկը:

Լուռ էր Նալը… անշա՜րժ` ինչպես գիշերվա լռանիստ ու մռայլ արձան: Ունքերը խոժոռ, զուսպ սաստը աչքերում, հիվանդ իր խորհրդավոր արվեստով` գետնին էր նայում, միշտ թևի տակ սեղմած տարօրինակ գործիքը:

Հերթը նրանն էր…

— Է՛հ, հիմի էլ թող Նալը նվագի, — կարգադրեց ծեր բանաստեղծը:

Ու մինչ Նալը կպատրաստվեր` մի շշուկ անցավ բոլորի մեջ, երբ նայեցին նրա ծիծաղելի, հողի գույն գործիքին:

— Շերեփ է,— փսփսաց մեկը ու քիչ մնաց փռթկար:

— Թիակ է, — ասավ մյուսը, — վերցնես, մարդու մեջքին թակես:

— Սպասեցե՛ք, գուցե մարդը ուզում է իր այն աղեղով բուրդ գզի,— ծիծաղեց երրորդը:

Ժպտաց մինչև անգամ Հայանթին, և չար էր այդ ժպիտը:

Միայն Լակըմեն չխոսեց: Երբ նայեց Նալի աչքերին, զգաց, որ այդ պատանու մեջ թաքնված է մի մռայլ ու աղետավոր հոգի: Եվ մի անորոշ ահ մտավ սիրտը:

Նայեց նրան և ծեր բանաստեղծը և գլուխը թեթևակի շարժեց:

Եվ նա, այդ խորհրդավոր Նալը, հանկարծ շուրջը նայեց ոգևորված, վճռական: Հանկարծ գունատվեց, կերպարանափոխվեց, և բոլորը սաստված շունչները պահեցին: Եվ նա գործիքը ծնկան, ինքը վրան կռացած ինչպես գետնահակ, լացող ուռենի` հանկարծ ջլուտ, նիհար ձեռքով քաշեց աղեղը լարերի վրայով ու սկսեց:

Տարօրինակ ձայն հանեց այդ գործիքը: Տխուր ու մաղձոտ մարդու ձայն: Ինչպես սիրտը լցված մարդ, որ հազիվ է զսպում հեկեկոցը` այնպես այդ խեղդված ձայնը ծանր ու տխուր սկսեց դողալ և հետզհետե լցվելով ուժեղացավ, ծավալվեց ու գանգատավոր շեշտով մի հարցմունք արեց, հետո զսպելով իր փղձուկը նորից սրտին ընկավ, մարեց:

Հետո — իբրև դրան պատասխան—մի ուրիշ ձայն, ավելի ուժեղ և հնչուն, սկսեց որբ ձայնով սրվել, արծարծել մի տխուր պատմություն, այնքան տխուր, որ կարծես տառապած մարդկության վեպը լիներ: Սկսեց այնպես հեծկլտալ, այնպես հոնգուր—հոնգուր լաց լինել, որ ծառերի բները լցրեց թախիծով, տրտմեցրեց ծաղիկները, սառեցրեց արևի լույսը, հորիզոնում ծավալվեց անապատների անհուն տրտմությամբ և աշխարհը դարձրեց տխո՜ւր—տխո՜ւր վշտերի հովիտ: Լուրջ էր այդ եղանակը, ինչպես մահը, և անկեղծ, ինչպես մարդուս մեջ թաքնված սիրտը: Սրտից էր,— ահա թե ինչու այնպես սաստեց ու հափշտակեց ամենքի սիրտը: Ճշմարիտ էր այդ երգը, և ամենքը տրտմած կախեցին գլուխներն ու այդպես գետնահակ մտածել սկսեցին այն մեծ տառապանքի վրա, որը գիտես, որ կա՛, ճշմարի՛տ է, ամենուրե՛ք, ամենքի՛ համար:

Ու այդպես գնա՜ց եղանակը, տաքացավ: Ու ոնց հուսահատ անապատի շուրթերից` ինչպես գերեզմանից` դուրս գար դալուկ լուսնյակը և անապատին նայեր իր մեռելի դեմքով, այնպես հանկարծ դուրս ելավ չորրորդ լարի տխուր ձայնը ու երգեց ծա՜նր, լիաձա՜յն ու տիրաբա՜ր: Ու երբ դրան խառնվեց նաև երրորդ լարը, լսվեցին այնպիսի ոռնոցներ, կարծես այդ անկենդան անապատում լցվել էին գոս տատասկներ, որ պառավ ձեռքերի պես օդում կարկամած գութ էին աղերսում: Բայց չկա՜ր գութ… Հանկարծ զայրացավ եղանակը, անցավ բարակ լարերի վրա ու սկսեց այնպես սողոսկել, հեծել, ինչպես խորշակը փչելիս լիներ, տարուբերելով այն տատասկները, որ խելացնոր շարժումներով կարծես կոծապար էին բռնել: Եվ երբեմն լսվում էին այնպիսի ճռոցներ ու լացեր, կարծես հուսահատ միայնությունը, նստած ավազների վրա, փետում էր իր գորշ մազերը:

Այնպես երգե՜ց, երգեց ու հետո մեղմելով հաշտվեց, հեռացավ ու տխո՜ւր թախիծով սրտին ընկնելով լռեց…կարծես նորից մտավ իր գերեզմանը:

Մի ծպտուն իսկ չլսվեց: Ունկնդիրները քարացած էին: Ամենքը ներշնչված այդ խոր նվագով` մռայլ հայացքները բարձրացրին դեպի Լակըմեն ու Հայանթին:

Ահա՜ թե որն է նվագը:

Ցած դրեց սրինգը պարտված Հայանթին ու նախանձախնդիր նայվածքը ահով ուղղեց Լակըմեին: Մռայլվել էր Լակըմեն: Բայց այդ մռայլը նման էր մի թեթև թուխպի, որ գալիս սքողում է գեղեցիկ մայիսյան օրը: Ճիշտ է, վախով էին լցված նրա որսորդ տեսած եղնիկի աչքերը, բայց նա բարձրացնելով այդ շողշողուն աչքերը` դեպի Հայանթին` ասավ կարծես նեղացած:

— Գնանք տուն, Հայանթի:

Տղայքը հարցական հայացքով նայեցին Լակըմեին ու չհասկացան նրա երկյուղը: Ու մինչ ամենքը շփոթված աչքերով նայում էին նրան, նա վեր կացավ ու Հայանթու հետ հեռացավ:

Երբ քիչ հեռու էին, փսփսաց.

— Ես քե՛զ եմ սիրում, Հայանթի, քե՛զ, նա այնպես տխո՜ւր է… նա ինձ վախեցնում է իր գործիքով: Նրա նվագը օձի պես մտավ սիրտս ու գալարվեց: նանք, նվագի՛ սրինգդ և նորից ուրախացրո՛ւ ինձ:

նաց նա, և մռայլ շիրմաքարի պես մնաց Նալը` հայացքը դեպի հեռացող անսիրտ ու գեղեցիկ Լակըմեն, դողդոջ ձեռքը գործիքին սեղմած:

Մնացին ունկնդիրները և ծեր բանաստեղծ Խալդունը:

— Ապրե՜ս, Նալ,— ասին նրանք, և այդ ասին մի ձայնով, որով մխիթարում են մեռելատերերին:

Տխրեց Նալը և գլուխը կախես: Հանկարծ բարձրացրեց իր գործիքը և ուզում էր քարին խփի կոտրի, բայց միայն դառնորեն օդում թափ տալով դրեց և գլուխը ափերի մեջ առած` լռեց:

Նայեց նրան ծեր բանաստեղծը` ժպտաց գորովալից աչքերով ու ծանր թափ տալով իր ալևոր գլուխն ասաց.

— Ինչո՞ւ ես ուզում կոտրել այն գործիքը, որ քեզ հետ է ծնվել և քեզ հետ պիտի մեռնի: Նա՜լ, դու այն մարդկանցից ես, որ մեծ տառապանքի համար են աշխարհ գալիս: Եվ քո նվագը երգն էր այն մեծ արվեստագետի, որի ներշնչողը մահն է եղել, և որը լացել է ստեղծելիս: Նա արդեն բաց է արել աշխարհիս բոլոր խնդությունների ու ցավերի դռները և նայել ներս: Է՜հ, Նա՛լ, քոնն է իսկական արվեստը, ու էլ ոչ մի գործիք չկա հնարելու: Ի՞նչ է սրինգը սրա մոտ — ականջի զվարճություն և ուրիշ ոչինչ:

նա՜, կյանքի մեջ թշվառ և արվեստի մեջ երջանիկ Նալ, գնա՜, կրիր ակնակուռ թագերի թագը, և թող աշխարհիս ստրուկներն ու արքաները գլուխ խոնարհեն քո արվեստի առջև:

Ու տանջվի՛ր… Այո, Լակըմեն սիրում է սրնգահարին, որը նրան տալիս է համեստներից համեստը, բայց մարդկանց համար թանկերից թանկը — այս կյանքը և նրա ուրախությունը: Նա քեզ չի սիրում և ինչո՞ւ սիրի… Դու կմաշես այդ թիթեռնիկի կյանքը քո անկշռելի տառապանքների մեջ` միշտ լսել տալով քո աշնան կոծերն ու մահվան ձայնը…

Եվ ի՞նչ, դու նրան չես էլ կարող սիրել, աղետավոր հոգի, որովհետեև քո արվեստը սիրողը ուրիշ բան չպիտի սիրի և արժի՞, և մի՞թե կարող է ուրիշ բան սիրել…


#5 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 28 April 2008 - 04:25 AM

* * *

Մի՛ լար, մի՛ թացիր աչքերդ, աչքիդ լույսն ափսո՜ս է, կանցնի՜.
Մի՛ տխրիր, նոր գարուն հասակդ մի օր է վառ մայիս՝ կանցնի՜,
Ջա՜ն, ի՞նչ ես էդ դարդին գերվել, գիշե՜ր է, վերջ կտա՝ կանցնի՜.
Աշխարհն էլ հեքիաթ է էսպես, մի՛ շտապիր, կհատնի՝ կանցնի...


#6 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 28 April 2008 - 04:25 AM

* * *

Ինչքան ծիլ ծաղիկնե՜ր ծնվեցին այս գիշեր,
Ինչքան վառ ծաղիկնե՜ր զարթնեցին այս գիշեր,
Ինչքան թարմ դռնակնե՜ր բացվեցին այս գիշեր,
Դուրս ելան շուշաննե՜ր, անուշնե՜ր, մեղույշնե՜ր,
Ինչքան զի՜լ որոտաց սիրո ձայնն այս գիշեր.-
Մի ձայն էլ ինձ հասավ... աչքս թա՜ց այս գիշեր...


#7 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 28 April 2008 - 04:26 AM

ՀԱՅԸ


Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք Հայից…Որքա՜ն տարօրինակ, հանելուկային արարած: Որքա՜ն խաբուսիկ: Երևույթը, ո՛չ ինքը: Բայց և ի՞նչ է ինքը, իր նկարագիրը: Զո՛ւտ աշխատանք. որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր: Անհանգիստ դեմք ունի, չի թողնում` նկարես: Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է: Թվով, գրեթե ամենափոքրն է, տառապանքով` ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով ամենից անփոփոխը: Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենից համառ կառչեց նրան: Որքա՜ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա՜ն հուսացող է նա: Ասենք` իր կյանքում երկու բան բնավ չտեսավ. մեկ` բախտ, մեկ էլ հուսահատություն: Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես: Իր չափը չափազանցն է. զարմանա՜լի հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է: < …>

Ահա՛ նայիր այս բեռնակրին. ի՞նչ է սա. իսկական գրաստ, մեջքին մի սար բեռ` ճկվում է, մեջքը կոտրում: Աշխատա՞նք է կատարում, թե՞ ինքնախորտակումն: Վրե՞ժ ունի, ի՞նչ է, իրենից հանելու: Ո՞ւմ դեմ է չարացել, որ իրեն է պատժում: Որքա՜ն ուժ, որքա՜ն աշխատասիրություն: Ապա՞ տար տունդ ծառա: < … > Ի՞նչ է միտքը, մի փոքրիկ գումար շինե, գնա, դուքան բաց անե: Մարդը իր հացի և իր գործի տերն է ուզում լինել և ո՛չ թե սրա-նրա ծառան: Եվ արդեն Հայ նշանակում է տեր… Բայց տեսե՞լ եք նրան, երբ գաղթական է. ի՜նչ ծույլ մուրացկան: Ամենաձեռնտու գործը տուր, չի ուզիլ: Ազգը տա, ինքը ուտի: Եվ սովից կմեռնի անխոս, անխնա, կասես` ջգրու: Եվ սա այն գյուղացին է, որ երեկ կատաղած, գազանացած` հողը քանդում էր, չարչարվում, մզվում, հոգին հանում: Ամենաչարքաշ անասունը` իր արտի մեջ: Այնպես է հավաքում բերքը, կարծես հավիտյան պիտի ապրի, կարծես ոչ ոքի բաժին չպիտի թողնե: Բայց գնա՛ իր խրճիթը, հազար գող, մարդ, շուն ու գել նրա հացի վրա է: Ուտում են նրա հացը, ինչպես Հայր Աբրահամի սեղանից:

Տեսե՞լ եք նրա բնակարանը. խլուրդի ծակուռ… բայց անցիր նրա երկիրը: Ի՜նչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր: Հավատալ կարելի՞ է, թե ինքն է շինել այդ բոլորը: Խոսակցությունն ես լսում` հայհոյանքների կեսը եկեղեցի ու Աստված է: Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մեկ անգամ չի մտնում մեջը` աղոթելու: Աղոթք էլ չի անում առօրյա կյանքում. իր կրոնը երբեք չէ քարոզել ուրիշներին: Եվ հավատալի՞ բան է, որ իր պատմությունը ամենամեծ կրոնական պատերազմների պատմություն է, և այս չաղոթող ցեղի Նարեկացու շուրթերից թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքը առ Աստված…

Տանել չի կարողանում ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն: Ռամիկ է գերազանցապես: Իր Խրիմյան Հայրիկը ամենից շատ կաթողիկոսությունը ատեց: Դիպլոմատիայի մեջ մի բանումն է շատ հոգածու` անկեղծ լինել: Այնքա՜ն անկեղծ է և միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպավորություն է անում: Մինչդեռ իր հարևանները` այս աշխարհի բեմի վրա դեր կատարելով միայն, ցույց են տալիս, թե կացնով հարվածում են դիմացինին, Հայը իսկապես կացինը իջեցնում է գլխին: “Ապա ճշմարտությո՞ւնը”,– մտահոգվում է նա:

Դանդալոշ է և խոնարհ` իր Սասունցի Դավթի նման և անսպասելի ըմբոստ, հարվածող` նրա պես <…> երբ վրա է հասնում գերագույն վտանգը, հերոսանում է հանկարծ և ծառանում վիշապի նման: Բարի է առհասարակ, շոյի՛ր, ր կկողոպտվի, բայց և, առհասարակ, ինքն է բարեկամ քեզ, իսկ քո բարեկամությունը վանում է: Այնտեղ ուր մի ուրիշ ցեղ ուրիշների միա՛յն սերը կարող է վաստակել, Հայը գտնում է հնարը ատելություն առաջ բերելու: Տաղանդ է` իր դեմ ատելություն ստեղծելու: Ուրիշի հաջողության մեջ նախանձոտ է, ինչպես վարդապետ: Եթե գժտվեց մեկի հետ, ոխակալ է, ինչպես ուղտ: Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ: Սա նրա անհրաժեշտությունն է: Անկարգ է և անիշխանական թե՛ հասարակության, թե՛ պետության և թե՛ գաղափարների մեջ: Իբրև ժողովրդական` անմիաբան է, անտանելի, խռովարար:

Ուր հեղափոխություն` այնտեղ Հայություն: Բայց իբրև “ական”` ծայրահեղական է: Իր կռիվը երեք ճակատի վրա էր միաժամանակ: Շահի դեմ, Սուլթանի դեմ, Ցարի դեմ: Ասենք` ամեն հայ մի փոքր Շիրակացի է Դոն Քիշոտի պես: Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ և ինքն էր, որ չխրատվեց: < … >

Ինչո՞ւ է այսպես, ինչի՞ց է դժգոհ, ի՞նչ է կամենում… Ինչո՞ւ է այսպես անհավասար, ներհակ, մաղձոտ, <…> անչափելի` իր վեհ թռիչքներում:

Երևի, վրեժ ունի նա, մի վատ բան սրտի մեջ, որի համար և մեկուսանում է, որ նյութե, դավե, վնասե: Ո՜չ. Հայի ամենամեծ առաքինությո՞ւնն ես ուզում. ամենաներողամիտ ցեղը աշխարհիս մեջ: Ի՞նչ եղավ իր պատմությունը. զարհուրելի ջարդեր, խոշտանգում, բնաջնջում… < … > “Ջարդի՛ր ինձ,– ասում է նա,– ահա՛ քո պատիժը և իմ վրեժը”: Ինձ թվում է, թե մի շատ մեծ վիրավորանք կա հայի սրտի խորքը, շատ խորը թաքնված… Ինձ թվում է, թե դրա համար է նա ջարդվում, յապոնացու պես, որ, երբ մեկից խորապես վիրավորվում է, կանչում է իր բարեկամներին, հայտնում է իր վիրավորանքը և վերցնելով դանակը` պատռում է իր որովայնը:

Այսպե՛ս է Հայը: Չի՛ ուզում, որ իրան դիչեն, մոտենան, սիրեն թեկուզ: Նա մեկուսի է, խստակյաց, բարի և ազատասեր:

Երբ նայում եմ Հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից: Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ, կեղտոտվում, թևերը կոտրում: Կերակուր ես մեկնում` չի՛ ուզում: Չի սիրում ո՛չ ստրկություն, ո՛չ երջանկություն, գերադասում է տառապանք և ազատություն: Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի մեկուսի ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է: Գերի արծվի խոր վիշտն է իր սրտի մեջ: Սա Հայկն է, որին զրկել են իր կյանքի միակ պայմանից` ազատությունից:

“Ոչինչ չեմ ուզում ձեզնից,– ասում է նա իր նեղիչներին,– ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացե՛ք, ապրեցե՛ք խաղաղ և երջանիկ: Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը` Ազատությունը…”:


#8 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 28 April 2008 - 04:27 AM

“ՎԱՐԴԱՆԱՆՔ”
(հատվածներ պատմավեպից)

* * *


Հայոց այրուձին հասավ ճակատ, ուր տեղավորված էին պարսից զորքերը` միշտ ենթակա քուշանների անակնկալ հարձակումներին և պատրաստ նույնը դարձնելու նրանց: Զորքերի ճամբարերը թաքնված էին ցրիվ, անապատի իջվածքներում և հովիտներում:

Գլխավոր ճամբարին մոտենալիս նկատեցին իրենց դիմավորող մի փոքրիկ զորամաս: Դա Նյուսալավուրտի տեղակալ Զորա զորավարն էր, որ գալիս էր ընդառաջ: Երբ մոտեցան, Զորա զորավարը զվարթադեմ ողջունեց այրուձիին, զինվորկան ողջագուրանքով գրկվեց Գարեգին իշխանի հետ և ապա բարձրաձայն հարցրեց այրուձիի ողջությունը: Գարեգինը պատասխանեց, որ այրուձին ողջ ու հաջող հասավ տեղ և պատրաստ է ընդունելու մարտական հրամանները: Գնացին ճամբար: Զորավարը հայ իշխաններին հրավիրեց իր տաղավարը:

Ընթրիք տվին: Զորա զորավարը` հիսունից անց, կորովի և շատ ախորժելի զորական, զվարճախոսությամբ զատվում էր հայ իշխաններից: Նա դուրս եկավ շատ մտերիմ և հաճելի զորական: Հիշեց Վարդան Մամիկոնյանին հատուկ հարգանքով:

– Մենք ունենք շատ մարտական զորավարներ, բայց Վարդան սպասալար չունենք: Չէր կարելի այդպիսի զորականի բանտարկել…– ցավեց Զորա զորավարը:

Ընթրիքը կարճ տևեց, որովհետև հյուրերը հոգնած էին: Զորավարը արձակեց նրանց և բարեմաղթեց խաղաղ քուն:

Գիշերը մի առժամ խաղաղ էր: Սակայն լուսադեմին պարսից գալարափողը տագնապ հնչեցրեց: Հարևան ճամբարներում պարսիկ զորքը ոտքի ելավ: Գարեգինը վազեց Զորա զորավարի մոտ:

– Քուշանները հարձակման են պատրաստվում,– ասաց Զորա զորավարը,– գնում ենք մարտի:

– Անշուշտ, նաև մե՞նք պիտի գանք,– հարցրեց Գարեգինը:

– Ո՛չ: Դուք հանգստանում եք մի քանի օր:

Պարսից զորքը, երկու թևի զատվելով, գնաց ճակատի գիծը: Ճամբարում մնաց միայն հայոց այրուձին:

– Կարգին մարդ է երևում այս Զորան,– նկատեց Արսենը,– թերևս ազնիվ պատերազմ տանի մեզ…

Առավոտյան ճեպագնաց եկավ Զորա զորավարից` շտապ արշավով ճակատ հասնել. տագնապ է: Գարեգին իշխանը կանչեց իշխան հրամանատարներին և կտակեց մահվան դեպքում այրուձին ղեկավարողների հաջորդությունը` Արսեն Ընծայնոց, Տաճատ Գնթունի, Ներսեհ Քաջբերունի, Արշամ հարյուրապետ: Այրուձին հասավ ճակատ: Անծայր անապատ, ոչ մի նշան թշնամու: Խաղաղություն, ինչպես նախաստեղծման օրերում: Ավազի մեռած ալիքներ և ամայի հորիզոն:

Հայոց այրուձիի դիրքը որոշվեց` պարսից զորագնդերի երկու թևերի միջև: Զորքերը շարժվեցին` պատրաստ մտնելու մարտ: Սակայն քուշանների և ոչ մի նշան: Հայոց այրուձին սովոր էր քուշանական պատերազմին: Քաջ գիտեր քուշանական անապատի խարդավանքները: Այնպես որ ճակատի ամայությունը չզարմացրեց Գարեգինին:

Զորա զորավարը եկավ ստուգատես, գոհունակ դիտեց այրուձին, հրամանատարներին, ապա հայացքը պտտեցրեց բոլորին մեկ-մեկ, և հանկարծ աչքերը լցվեցին: Նա խեղդված ձայնով ինչ-որ շշնջաց, որից միայն լսվեց որոշ “ափսո՜ս” բառը: Հետո հրամայեց:

– Կսպասեք, մինչև մեր երկու թևերը կգրոհեն, կմտնեն մարտ, ապա միայն կգրոհեք դուք: Գրոհեցե՛ք շեշտակի, քառասմբակ, խրվեցե՛ք թշնամու շարքերը:

– Հրամա՛նդ,– ասաց Գարեգինը:

Զորա զորավարը ողջագուրվեց Գարեգինի հետ, համբուրեց նրան ջերմագին: Հետո դարձավ բոլորին:

– Դե՛, զավակնե՛րս, քաջարի՛ զավակներս, Որմիզդը ձեզ օգնական:

– Ամե՛ն,– ասաց ողջ այրուձին հայկական կարգով: Զորա զորավարը հեռացավ:

Մինչ նա կհասներ իր գնդերին, անապատի տակից բուսան քուշանական գնդերը: Նրանք, փոթորկելով, արագ, մեջընդմեջ կտրելով իրար, արագ էլ կանգ առան կիսաբոլորակ. չէր հասկացվում` հարձակմա՞ն, թե՞ պաշտպանման պատրաստ:

Պարսից աջ թևը դանդաղ առաջացավ: Նրան հետևեց ձախը: Հայոց այրուձին մնաց կանգնած:

– Տարօրինակ ռազմակարգ է,– մռմռաց Գարեգինը:

Ըստ երևույթին` քուշաններն էլ այդ մտածեցին: Չշարժվեցին: Բավական առաջացան պարսից զորամասերը, բայց քուշանները մնացին անշարժ: Ճեպագնաց եկավ Զորա զորավարից. “շեշտակի գրոհե՛լ”:

– Գրո՜հ,– հրամայեց Գարեգինը և առաջ նետվեց:

Այրուձին սլացավ դեպի քուշանները:

Գարեգինը անհանգստացավ և սկսեց արագ լուծել հանելուկները` ինչ էր այս ռազմակարգը: Հավասարվելով պարսից զորամասերին` Գարեգինը նկատեց, որ նրանք հետզհետե դանդաղեցնում են ընթացքը: “Դա՜վ…”– կայծակեց հանկարծ Գարեգինի գլխում: Հասկացավ: Զորա զորավարը պատրաստվում էր նույնպես “շեշտակի” ետ շրջվել, ինչպես շեշտակի քուշանների բերանն էր տալիս հայկական այրուձին: Արդեն մոտենում էին քուշաններին, որ պարսիկները շեշտակի ետ շարժվեցին: Բարեբախտաբար քուշանները չէին շարժվում: Գարեգինը հրամայեց դանդաղել մի փոքր և կանչելով մյուս հրամանատարներին` ասաց.

– Դա՛վ է, իշխաննե՛ր…– և հրամայեց.– դանդա՜ա՜ա՜ղ:

Այրուձին կոտրեց թափը: Իշխանները զարմանալով հետևել սկսեցին: Արդեն այրուձին այնքան էր մոտենում քուշաններին, որ պարզ տեսնում-տեսնվում էր: Քուշաններից չորս-հինգ հեծյալ առաջ եկան և կանգ առան:

– Իմ հետևի՜ց,– հրամայեց Գարեգինը և առաջ թռչելով` այրուձին շրջեց տարավ պարսից վրա:

Պարսիկները գլխի ընկան իսկույն այդ շարժման նպատակը և հարձակվեցին հայերի վրա: Գարեգինը կոտրեց այդ հարձակումը ավելի վճռական գրոհով: Առաջին կարճ հարվածներով նա մի փոքր կասեցրեց պարսիկների թափը և իսկույն ետ շրջվեց և շեշտակի թռավ դեպի քուշանները` հանելով սաղավարտը և ճոճելով օդում: Նույնն արին և զինվորները: Քուշանները հասկացան և ծիծաղով ու վայրի գոչյուններով ընդունեցին այրուձին: Պարսիկները կանգ առան անվճռական: Ապա զգալով ուժերի գերազանցություն քուշանների կողմում` արագ տեղի տվին, քաշվեցին: Գարեգինն իսկույն բուժակներ ուղարկեց մարտադաշտը` վիրավորներին օգնության, և այրուձին տարավ դեպի քուշանների հրամանատարը: Քուշանները սեղմ օղակի մեջ առան այրուձին և լուռ սպասեցին իրենց հրամանատարի կարգադրության: Կարճոտն, շեղակն, սակավամորուս հեծյալներ` նժույգների հետ միամարմին, իրենց խորամանկ և միաժամ միամիտ հայացքներով չափեցին նորեկներին:

Քուշանների զորավարը` համարյա անմորուս, աներևակայելի քաջառողջ մի երիտասարդ. սուր ու զվարթ նայեց այրուձիին և պարսկերեն իմացող թարգմանի միջոցով ողջունեց.

– Խաղաղությո՜ւն և ողջություն քաջարի զինվորներին:

– Անապատի որդիներին խաղաղություն և ողջություն:

Ու սկսվեց հարձուփորձը:

– Ինչո՞ւ փախաք:

– Նրանք մեր թշնամիներն են,– ասաց Գարեգինը:

– Ո՞ր երկնքի տակից եք:

– Արևմտյան երկնքի,– թարգմանեց և հարմարեցրեց Արշամը, որ եղել էր Քուշանիայում և գիտեր նրանց ոճը:

– Ո՞վ է ցեղապետը:

– Զորավար Վարդան Մամիկոնեից տերը:

– Ավարթա՜նը հա՜, հա՜… Քաջարի զորավար է: Ո՞ւր է նա:

– Կռվում է պարսիկների դեմ:

– Ինչո՞ւ:

Գարեգինը բացատրեց: Քուշան զորավարը լսեց ուշադիր և լուրջ, բայց հետզհետե սուր ժպիտը շողաց փոքրիկ աչքերում, և նա բարձր քրքջաց.

– Բոլորիս երկիրը մեկ չէ՞… Հո՛, հո՛, հո՛, հո՛… Մի քիչ դո՛ւք շարժվեք, մի քիչ` նրանք, հարմարվեք. էլի՜:

Քուշանների զորագունդը հռհռաց մի ծայրից մյուսը:

Գարեգինը բացատրեց կրկին: Բայց քուշան զորավարը բան չհասկացավ: Ապա անցան բուն գործին:

– Բախտավո՞ր տեղ է,– հարցրեց զորավարը իր հետև կանգնած բրդոտ շամանին:

– Բախտավոր է, թող վառեն իրենց կրակը խաղաղությամբ,– ասաց շամանը:

– Է՛, մնացե՛ք մեր երկրում,– ասաց զորավարը:

Գարեգինը հայտնեց իր մտադրությունը` Վրկանա ծովի ափերով հայրենիք վերադառնալ և կռվել պարսիկների դեմ: Քուշան զորավարը կնճռոտվեց և լռեց:

– Քուշան իշխանը չի՞ վստահում մեզ…

– Ինչպե՞ս կարող եմ չվստահել,– ասաց քուշան զորավարը լուրջ,– ա՛յ,– մատը մեկնեց ռազմադաշտ, ուր ընկած էին հայ մարտիկները,– արյունը հավատարիմ է, բայց մեր անապատներով անցնում են միայն գայլերն ու մենք…

– Զորավա՛ր, հանձն ենք առել կրակ-ջուր, ահ-մահ,– վճռական խոսեց Գարեգինը,– միայն տո՛ւր մեզ մի ուղեցույց ու մի հավատարմախոսք:

– Կտամ: Դուք ու ձեր ճակատագիրը:

Քուշան զորավարը բացատրեց, որ Վրկանա ծովից արևելք որոշ տեղ իրենց աշխարհն է, և այրուձին կգնա իջևաններով, այնուհետև սկսվում է հեփթաղների աշխարհը, և այրուձին պետք է նոր դաշինք կռի նրանց հետ:

– Որտե՞ղ է վերջանում ձեր աշխարհի սահմանը,– հարցրեց Գարեգինը:

Զորավարը մինչև ականջները ժպտաց` փայլեցնելով իր սպիտակ ատամները և ապա անկարող զսպել իրեն` բարձր քրքջաց.

– Սահմա՞ն… հո՛, հո՛, հո՛… թռչող ավազի, նժույգի, սրի հետ ի՞նչ սահման: Թռցնում են, արոտներդ փոխում. ո՞րն է նրանը, ո՞րը` քոնը: Մեր աշխարհը թռչում է: Երևի ձեր աշխարհը կանգնած է, հո՛, հո՛, հո՛…

Գարեգինը ասաց, որ կմեկնի, երբ զորավարը թույլատրի:

– Հանգստացե՛ք դեռ,– պատասխանեց զորավարը,– սրբազան շամանը կնայի աստղերին, կիմանա գնալու ժամը:

Քուշան զորավարը հրամայեց իր գնդերին քաշվել մոտավոր թիկունք: Թողնելով հայոց այրուձիին մի ուղեցույց, որ հետո հասնեն` ինքն իր գնդերով սլացավ, քամու պես կորավ անապատի հորիզոնում:

Գարեգինը ճանապարհ ընկնելուց առաջ այրուձին ետ տարավ մարտադաշտը, ուր ընկած էին մի քանի զինվորներ: Նրանց մի մասը վիրավոր էր, որոնց վերցրին նժույգների վրա, իսկ սպանվածներին հավաքեցին թաղելու:

Մի խումբ զինվորներ անցան թաղման գործին: Նրանք մռայլադեմ հևալով սկսեցին փորել գերեզմանները: Այրուձին շրջապատել, տխուր դիտում էր գաջի պես դալկահար սպանվածներին, որ սառած աչքերով նայում էին օտար երկնքին: Մի աշխույժ, համարյա պատանի զինվոր, չարաճի աչքերը պսպղացնելով, պինդ գրկում էր դիակները, համբուրում, դնում էր գերեզմանի կողքին: Հասակավոր փորողը, քրտինքը սրբելով, խուլ մրթմրթում էր նրա վրա և ամեն անգամ սպանվածներին նայելիս ձեռքը խնամքով քսում էր սպանվածների դեմքին, սրբում արյունը կամ փոշին:

Գարեգինը նայում էր քարացած, ինքնամփոփ: Նա սաղավարտը հանեց և գնաց դեպի բաց գերեզմանները:

– Տղա՛յք,– հանկարծ բորբոքվեց նա,– տղա՛յք… ահա ձեզ հայրենիքի զինվորները. Մենք սրանց կթողնենք հիմա օտար աշխարհի հողի մեջ….– հուզմունքը խեղդում էր նրան,– եղբայրնե՛ր… Մենք կռվում ենք հայրենիքի ազատության համար: Մենք զինվոր ենք: Շատ անգամ եմ ես զինվորին ուղարկել մահվան: Ի՛նքս մահ շատ եմ տեսել: Զինվորը լաց չգիտե: Բայց ես ահա ձեր առջև լաց եմ լինում… Կնոջ պես… Սրանց մայրերի տեղ… Սիրտս է կտրատում, որ սրանց պետք է թողնենք օտար երկրում… որ արժանի չեղան տեսնելու հայրենիքը: Հանեցե՛ք հայրենի հողը, ցանեցե՛ք սրանց սրտին, թող հանգիստ քնեն, աչքերը չմնան մեր հետևից…

Չդիմացավ և այրուձին: Լսվեցին խուլ հեկեկոցներ: Հանեցին քսակները և սկսեցին հող ցանել զոհվածների կրծքին:

Զորագնդի քահանան, որ կեղծ ուրացման ժամանակ ծպտվել էր զինվորի զգեստում, կարճառոտ աղոթք ասաց զոհվածների վրա: Հետո արագ թաղեցին: Գարեգինը ետ քաշվեց, նստեց նժույգը և դարձավ կրկին զինվորներին.

– Տղա՛յք, եթե այդ էլ հրամայելը ձեռս լիներ, կհրամայեի ձեզ` չմեռնե՛ք, մինչև կհասնենք հայրենիք: Ամեն մեկդ թանկ եք ինձ համար: Լա՛վ խնամեցեք, օգնեցեք իրար, դուրս գանք այս ահավոր աշխարհներից:

– Պատվերդ կատա՛ր, զորավա՛ր իշխան,– ասաց ամենի փոխարեն Արշամ հարյուրապետը:

– Դե՛, աստված ձեզ պահապա՛ն, գնում ենք անցնելու կրակն ու ջուրը, ահն ու մահը: Առա՜ա՜ա՜ջ…

Այրուձին թեթև վարգով սուրաց անհետացած քուշանների ուղղությամբ: Երևաց նրանց ճամբարը:

– Ինչո՞ւ եք կռվում պարսիկների դեմ,– հարց տվեց Գարեգինը քուշանին:

– Ավազը դուրս է անում մեզ, իշխա՛ն,– պատասխանեց քուշանը:

Գարեգինը սկսեց մտածել ուղեցույցի և նրանց զորավարի ասածների մասին: Իսկ քուշանը ինքն իրեն շարունակեց բարձր.

– Ծածկում է շեները, քաղաքները, արոտները, գետերը… Մահի պես գալիս է հետևներիցս…

- Ամեն ժողովուրդ մի ցավ ունի,– ասաց ինքն իրեն Գարեգինը:

* * *

Երկար ու ձիգ գնում էր հայոց այրուձին Վրկանա ծովի արևելյան դժնի տափաստանով: Ձյունը նստել էր ծանր ու մահատիպ: Նժույգների շնչառության գոլորշին ծխում էր շարքերի վրա: Հեծյալները` կիսամերկ, պատառոտած, կմախքացած, օրորվում էին ծանր ու լուռ: Գարեգինը բոլոր հրամանատարներին շարել էր իրարից հավասար հեռավորության վրա, առջևից գնում էր Արսենը, իսկ ետևից ինքն էր Արշամ հարյուրապետի հետ:

Ծանր, անհնարին դառնությունների ու տանջանքների շարան եղավ այրուձիի կյանքը այն օրից հետո, երբ խորացավ Քուշանաց անապատների մեջ: Քուշան զորավարի քաղցր ընդունելությունը փոխվեց դառնաղի դաժանության և բռնության: Գերիվեր թանկ վճարեց այրուձին իր հյուրընկալվելու և սնվելու համար քուշան խաքանին: Այրուձին պարտավորվեց կռվել քուշանների ներքին թշնամական ցեղերի հետ չոր, ամայի անապատներում, Օքսոսից արևելք: Ճիշտ է, ո՛չ քուշան հրամանատարը և ո՛չ էլ խաքանը հատուկ ատելություն չնյութեցին ընդդեմ հայ այրուձիի: Նրանք միայն դրսևորեցին իրենց հեղհեղուկ, անհաստատ բնավորությունը` նման իրենց շրջապատող ցեղերի կամ հենց այն բնության, որի մեջ ապրում էին: Նրանք ուխտ չդրժեցին և դաշինք չխախտեցին, որովհետև և՛ ուխտը, և՛ դաշինքը, և՛ այլ որևէ պայմանը նրանց համար մի խոսք էր` ասված միայն մի ժամի համար, որը հետո մոռացվում, տեղի էր տալիս այլ վերաբերմունքի:

Հարավային Քուշանաց երկրում ծառայություններ մատուցելով և զորագնդի սնումը մի կերպ պահպանելով` Գարեգինը կարողանում էր “գործեր” հանձն առնելու պատրվակով շարժվել դեպի հյուսիս: Նա ձևացնում էր, թե այլևայլ ցեղերի դեմ մարտեր է մղում և շատ անգամ անցնելով “թշնամի” ցեղի կողմը` առաջ էր շարժվում:

Այս դառնադաժան թափառումներին, հոգեսպառ կռիվներին ուղեկցում էին սովահարություններն ու մարդկային կորուստները: Գիշակեր թռչուններն էին ճախրում զորագնդի գլխավերևում, և չախկալները, գայլերն ու բորենիները` սոսկում նրանց կողքերից ու հետևից: Իսկ սրանից ավելի անհանդուրժելի էր չարագութ օտարի ցեղի հացը, անսիրտ խորթությունը, անգթությունը:

Տոչորաշունչ ավազաբուքերի, դառանաղի հորաջրերի, անշունչ, անմարդ, ամայի անապատների բավիղ էր դա, որից դուրս գալու հնար չկար այլևս: Աշխարհը կարծես քաոսի մեջ էր, ուր բնությունը` սանձարձակ ու ինքնիշխան, բռնադատում էր, ավերում, ժխտում, խլում մարդու ամեն ապավեն, ամեն հանգրվան, կյանքի կարգ, կյանքի իրավունք, մի տեղ, մի անկյուն, մի ծածկ, մի որջ: Եվ այդ տարերային, օտար, թշնամի քաոսի մեջ մարդու աչքը որոնում էր այդ անկյունը, բունը, մի մտերիմ դուռ, կրակ, ժպիտ, կյանք, մի ջերմացած մարդկային շինվածքի, մարդկային գոյության ներկայությունը` այդ անծայրածիր, դժնի ամայության, մահի ահեղ թագավորության մեջ:

Եվ այստեղ էր զգացվում, թե ինչ գին ունի մի քողտիկ, մի վրան, մի տնակ, մի շեն, վերջապես մի քաղաք, մի մարդու կամ ողջ մարդկության սիրելի ճարտարագործ շինվածքը, նրա շնչի, հոգու ներկայությունը:

Կարիքը հաճախ ստիպեց կռվավարձ պահանջել “դաշնակից” ցեղից: Հետո սկսեց լքած պաշարներից վերցնելը: Վերջը սովն ու մահվան սպառնալիքը հարկադրեց մարտակից քուշանների հետ ավարը բաժանել, վերջը` ավար առնել… Սկսվեց հետզհետե վայրենացման մի ընթացք, որի դեմ սկզբում կռվում էր Գարեգինը, բայց վերջը ինքն էլ զիջեց և դաժանացավ:

Սրվանձտյա Գարեգինը շատ էր տանջվում այս փախուստի ձեռնարկման հետևանքից: Նա զգում էր, որ Հայոց աշխարհի առաջ արյամբ և հոգով պատասխանատու է: Հետի իշխանները ևս իրենց մեջ խոսում էին այդ մասին, բայց չկամենալով խռովել Գարեգինին` լռում էին նրա մոտ: Սակայն և բոլորը հասկանում էին նաև այն, որ բացի այս վտանգի խաղը` ուրիշ ոչ մի հնար չկար այրուձիի համար, և որ այս անհնարին տառապանքների միջով միայն կարող են նրանք հասնել հայրենիք…

Հոգնաբեկ զինվորների մեջ կային նաև բազմաթիվ վիրավորներ, որ նժույգների թամբերին կապված կամ իրենց բաշերից բռնած, բերանքսիվայր պառկած, տնքալով, երբեմն անտանելի ցավից ճչալով, քաշ էին գալիս շարքերի հետ:

Մեկը նրանցից` ծանր ու դժվարը, երկու ձեռքերով նժույգի բաշը բռնած, սեղմում էր ատամները, կրճտում և դեմքը կծկելով` զսպում, որ ձայն չլսվի: Վերքը բացվել էր, մրմռում էր, և հնար չկար երթի ժամին կապելու: Զինվորը վերք էր ստացել քուշանների կռիվներից մեկում, և անդադար թափառումներն ու երթը հնար չէին տալիս խնամել նրան:

Նա հեռու չէր Գարեգինից, որը դիտմամբ ընթանում էր վիրավորներին շատ մոտ` խստորեն հսկելու նրանց:

Զինվորները չէին խոսում, մրթմրթում էին միայն հատուկենտ ու մռայլ նայում տափաստանին:

Միայն ծանր վիրավորն էր քթի տակ մռմռում մի երգ, որ մերթ փոխվում էր տրտունջի, մերթ ըմբոստ անեծքի, երբեմն էլ իսկական մեղեդիի:

– Դիմացի՛ր, Արշա՛կ,– ասաց մի աշխույժ զինվոր` հոգնած ու մարած աչքերով,– դիմացի՛ր, որ տեղ հասցնենք: Հո չենք թողնելու քեզ գայլի ճաշ:

– Չեմ դիմանում` ի՞նչ եմ անում,– տնքաց Արշակը և հուսախառն վշտով նայեց ամայի ձյուներին:

Նա սկսեց մռմռալ քթի տակ: Լա՞ց էր դա, թե՞ անեծք: Ե՛վ այս, և՛ այն: Հետո անհնարին ճիգով շտկվեց թամբի վրա, նայեց չորս կողմ, ընկերներին և սկսեց երգել.

Հայրենի՜ք իմ, հա՜յր իմ, մա՜յր իմ,

Հայրենի՜ք իմ, հո՜ւյս իմ, լո՜ւյս իմ,

Ո՞ւր ես, ո՞ւր:

Անձկալի՜դ իմ, հո՜ւր իմ, ջո՜ւր իմ,

Սիրելի՜դ իմ, բո՜ւյն իմ, տո՜ւն իմ,

Ո՞ւր ես, ո՞ւր:

Երգեց Արշակը և խոշոր, սև աչքերը վառված ու կարոտալի նայեց զինվորներին: Նա հևում էր նկատելի ուժով և դժվարությամբ: Զինվորներն զգում էին` նա կընկնի: Հետևից արագացնելով նժույգի քայլերը` եկավ Գարեգինը: Նա անհանգիստ էր:

– Հա, ի՞նչ վիճակի են վիրավորները,– հարցրեց նա զինվորներին:

– Դեռ դիմանում են, իշխա՛ն,– պատասխանեցին նրանք:

– Դե՛, արի՛ կացեք, կհասնենք:

– Հրամա՛նդ, իշխա՛ն,– բոլորի տեղ թույլ ձայնով խոսեց մի վիրավոր:

Գարեգինը գաղտնի նայեց Արշակին: Վիրավորի աչքերում այրվում էր մի այնպիսի կարոտ, ապրելու տենչ, անհուսության մի թախիծ, որ Գարեգինը շրջեց երեսը:

Բայց Արշակը բարձր հառաչեց և ապա նվաղոտ աչքերը դարձրեց զինվորներին.

– Իջեցրե՛ք, չե՛մ կարող:

Զինվորները լռեցին, չմոտեցան:

Շարունակեցին գնալ: Ոչ ոք չէր նայում Արշակի կողմը: Վիրավորն ուզեց մռմռալ և աղաչական նայեց զինվորներին:

– Իջեցրե՛ք,– հրամայեց Գարեգինը:

Մի խումբ կանգ առավ. Արշակին իջեցրին: Մյուս շարքերը գնացին:

Արշակը խոշոր աչքերը բացեց նրանց վրա, հուզվեց և սկսեց մրմնջալ: Հետո ձեռը բարձրացրեց և սկսեց թափահարել թույլ ու մարող շարժումով:

– Գնացե՛ք, ձե՛զ մատաղ, ի՛նձ թողեք, աչե՛րս տարեք` տեսնեմ նրանց…

Շարքերն անցնում էին լուռ ու խստահայաց:

Արշակը լիովին աչքեր էր դառել, որ մղկտացնում էին նայողին: Արշակը պետք է մեռներ, Արշակը պիտի մնար այդ չարագութ, անսիրտ օտարության մեջ:

Բոլորն անցան: Գարեգինը հրամայեց մնացածներին ևս գնալ: Մնացին ինքը, Արշամը, թիկնապահը և մի բուժ զինվոր: Վերջինս գլուխը տարավ-բերեց և նայեց Գարեգինին, հասկացրեց, որ շուտ չի մեռնի: Գարեգինի մեջ խոսում էր տանջող ներքին ձայնը: Խստասիրտ զորականը այստեղ նրբազգաց մարդ էր դառել: Նրան տանջում էր ոչ զինվորի կյանքի կորուստը, այլ ազատության զինվորի դժբախտությունը, որի պատճառը ինքն էր կամ իրեն էր հաշվում: Այն օրից, երբ հռչակվեց հայրենիքի պաշտպանությունը, Գարեգինը այլ աչքով էր նայում զինվորին և գին տալիս նրա կյանքին:

Արշակին պառկեցրին ձյան վրա: Եվ լուռ կանգնեցին:

– Գնա՛, իշխա՛ն…– մրմնջաց Արշակը,– գնացե՛ք, եղբայրնե՛ր, ես մենակ է՛լ..

Չխոսեցին: Արշակը իր խոր աչքերը դարձրեց Գարեգինին և աղաչական նայեց նրան: Այլևս անհնար էր նայելը: Գարեգինը գլուխը կախեց: Ապա հանկարծ դարձավ թիկնապահին և բուժին:

– Մնացե՛ք, մինչև…

Եվ նշան անելով Արշամին, որ հետևի իրեն` մտրակեց նժույգը: Մի վայրկյան ևս ետ նայեց, և նրա աչքերում տպվեց Արշակի իրեն հառած հայացքը: Մենակի, լքվողի և ամեն տենչ ու կարոտ սրտում մեռնողի հայացքը: Մի սուր խայթ խրվեց Գարեգինի սիրտը խորը-խորը: Նրան նայեց մարդը, նա լքում էր մի մարդու:

Գարեգինը բարձրացավ մոտակա բարձունքը` դիտելու համար զորագունդը, որ ձգված էր չափազանց բարակ ու կտրտված: Հետո նայեց շուրջը: Անհույս հեռաստաններ, ձյունի անհուն ծով, ամայություն սրտամաշ: Նայեց դեպի արևելք և տեսավ մի բան, որ իր չարագույժ տեսքով նսեմացրեց տափաստանի անապատային տեսքի տխրությունը:

Հեռու հորիզոնից արագ բարձրացավ և մահվան սավանի նման վարագույրվեց մի ճերմակ ամպ: Արևը մայր մտավ արագ, երեկոն սողաց ամեն կողմից: Ամպը արագարշավ եկավ հասավ երկնքի մեջտեղ և փշրեց սառն ձնաթեփ դեպի երկիրը: Նայեց Գարեգինը բլրի լանջին և տեսավ, թե ինչպես այս ու այն տեղ փոքրիկ ձնափոշիներ սկսեցին գեղեցիկ պտույտներով չարաժպիտ պարել օձագալար: Քամին բարձրացավ, և նրա շարժումների մեջ արդեն սկսեց մահը վնգալ հեռավոր մանկան լացի ձայներով:

– Շեփո՜ր,– հրամայեց Գարեգինը

Թիկնապահի մոտ կանգնած զինվորը փչեց: Զորագունդը կանգ առավ:

– Սեղմվե՜ե՜ե՜լ,– հրամայեց Գարեգինը:

Հրամանը ձայնեձայն գնաց մինչև առաջապահ ջոկատը, և զորագունդը սեղմվեց: Գարեգինը հրամայեց օղապարաններով, սանձերով, նիզակներով կապվել իրար, նշան դառնալ, չկորցնել իրար: Օգնական իշխաններին հրամայեց շարունակ ստուգել շարքերը:

Մութն ընկավ:

Եվ ահա վե՜ր կացավ անդրվրկանյան տափաստանային խելագար բուքը, բարձրացրեց ձյուների շերտերը, թափահարեց հսկայական ջվալները, ժայթքեց գաջի ամպեր, սկսեց ձաղկել անծայրածիր տարածությունները: Երկինք-գետին դառավ միազանգված մի քաոս, որի մեջ սանձակոտոր քամին զարկում էր, ծեծկում, ցնցահարում, գզգզում: Դիվական սույլերով մի կոծապար, չարախինդ, չարասուգ, որ դառնում էր կատաղած, ոռնում էր, քրքջում, սպառնում, մռնչում: Եվ որը, իր մեջ առնելով ողջ զորագունդը, կաշկանդեց, փակեց ճանապարհը, դուրս քշեց ճանապարհից…

Ո՞ւր են գնում, առա՞ջ, թե՞ ետ, դեպի կյա՞նք, դեպի մա՞հ. ոչ ոք չգիտեր:

“Կհասնե՞նք, թե՞ ոչ,– մտածեց Արսենը` նայելով զինվորներին, որ լողորդների պես կրծքները դեմ արած բուքին` առաջ էին մղվում հարբած աչքերով:– Ի՞նչ է խորհում այս պահիս նա… Որքա՜ն գութ, սեր, խնամք պիտի լիներ նրա աչքերի մեջ, եթե հանդիպեր նա ինձ… Եվ ոչ միայն ինձ, այլևս սրանց…”: Սակայն ի՞նչ Խորիշա, ի՞նչ նրա սերը, ի՞նչ գութը, ի՞նչ խնամքը այս թշնամի բնությանը գերված վիճակում… Թող որևէ մարդ հանդիպեր, թշնամի մարդ, թող մի բորենի, մի գայլ նայեր ձյուներից, թեկուզ հետևեր դիակի հույսով… Շունչի մի նշան, մի էակի գոյության հետք:

Գարեգինը հրամայեց, որ զորագունդը ավելի խմբվի և կանգնի: Ո՛չ շեփորը լսվեց, ո՛չ էլ որևէ ձայն հասավ զորագնդին: Բայց սա կանգ առավ և խմբվեց հարկադարաբար: Գարեգինը հրամայեց, որ օղակապարաններով իրար կապված զինվորների մի շարք դուրս գա մի քանի ուղղություններով` գուշակելու մի հետք, մի ուղղություն, շնչելու մի որևէ ծխահոտ, լսելու մի մարդկային ձայն: Զուր ճիգ: Բոլորը վերադարձան ձեռնունայն: Կանգնեցին տեղում: Եվ զգացին, որ ոչնչացումը մոտ էր, մահը` ստույգ: Զորագունը չսառեցնելու միակ միջոցը շարժվելն էր: Դա կտաներ կա՛մ որևէ բնակավայր, կա՛մ մահվան գիրկը: Գարեգինը հրամայեց գնալ մի ուղղությամբ: Բուքը սաստկացավ, սկսեց իրոք խեղդել: Անօրինակ ճիգով հնար էր լինում որևէ կարգ պահպանել: Զինվորները միտում էին կանգնել, մնալ: Գարեգինը մտրակում էր, գոռում, սպառնում սրով: Եվ որպեսզի ոչ ոք ետ չմնա, կրկին Արսենին գցեց առաջ, և ինքը մնաց հետևում: Մի վիրավոր ընկավ: Գարեգինը հրամայեց վերցնել նժույգի վրա: Հետո կրկին ընկավ վիրավորը: Գարեգինը հրամայեց բուժին օգնել նրան: Եվ նրա մոտ պահելով նաև իր թիկնապահին` ինքը հետևեց զորագնդին, որ սկսել էր հեռանալ և համարյա չէր երևում: Մի փոքր անց թիկնապահի նժույգն ընկավ: Թիկնապահն սկսեց քայլերով գնալ Գարեգինի մոտով: Շուտով հոգնեց, բռնեց Գարեգինի նժույգի ասպանդակից:

Զորագուդը կորավ: Գարեգինը միայն ուղղությունն էր ճգնում պահել` նրան հասնելու: Իսկ թիկնապահը ուժասպառվում էր:: Բուժը արդեն մնացել էր հետևում, և Գարեգինը զգում էր, որ էլ չի հասնի հետևից: Միաժամ զգաց, որ թիկնապահը ևս կմնա: Հանկարծ նրա մեջ զարթնեց սթափ միտքը. ինչերո՞վ է զբաղված ինքը: Զորագունդը կորավ առաջից, իսկ ինքը մի զինվորի համար կորստյան մատնեց նաև իրեն: Զգաստացավ. մտածեց հստակորեն: Մտածեց, որ նա կորցրել էր զորականի հատկությունները, քնքշացել էր, և ահա՛ դրա հետևանքը: Զորագունդը կզոհվի իր հիմարության, ինչպես և ինքը` նույն հիմարության հետևանքով: Թիկնապահը թողեց ասպանդակը:

– Էլ չեմ կարող, իշխա՛ն…

– Քայլի՛ր…

Թիկնապահը ճիգ արեց: Գնաց միառժամ ևս: Բայց ուժերը լքեցին: Գարեգինը հրամայեց թռչել իր գավակը: Մի փոքր անց նժույգը կանգ առավ:

– Իջի՛ր:

Թիկնապահը իջավ: Պարզ էր. մահվան կերպարանքի նման պարզ էր, որ ոչնչանում էին: Գարեգինը մտածեց արդեն պարզ և կարճ: Կա՛մ ինքը զորավար է և պետ:

Թիկնապահը իջավ: Պարզ էր. մահվան կերպարանքի նման պարզ էր, որ ոչնչանում էին: Գարեգինը մտածեց արդեն պարզ և կարճ: Կա՛մ ինքը զորավար է և պետք է փրկի իրեն, հասնի զորագնդին, կա՛մ ինքը ևս մնում է և ոչնչանում:

– Ե՛կ իմ հետևից, որքան կարող ես,– հրամայեց նա և նժույգը նստելով` քշեց նրան դեպի զորագնդի հեռացած կողմը, որքան որ կարծում էր, թե ճիշտ է իր ուղղությունը:

Սակայն բուքը խեղդում էր նրան: Մահը մեկնեց իր ճիրանները դեպի նա: “Անմի՜տ, հիմա՜ր”` բացականչեց նա բուքի որոտների մեջ: Դա իրեն էր վերաբերում: Հիմար գտնվեց և ընկավ մահի վտանգը: Նա սկսեց անգթորեն մտրակել իր նժույգը, որ հոգնած էր: Նժույգը կանգ առավ: Նա սկսեց մտրակել ամենադաժան հարվածներով: Նա հանեց դաշույնը և սկսեց թեթև հարվածել նրա ծայրով: Նժույգը մի փոքր գնաց և ապա նստեց, մնաց: Մի փոքր հանգիստը կարող էր հնար տալ նժույգին շարժվել առաջ: Բայց այդ մի փոքր պահը կարող էր մահվան սպասում լինել երկուսի համար ևս: Գարեգինը դեռ բավական սեփական ուժ ուներ: Իջավ նժույգից և նրան ևս լքելով` գնաց առաջ: Նա սկսեց բարձրաձայն անիծել իշխաններին, որ լքեցին իրեն, թեև գիտեր, որ այս անհնարին բուքի մեջ հինգ-վեց քայլի վրա ևս մարդ մարդու կորցնում է: Թերևս իշխանները չգիտեն, որ նա ետ է մնացել, թերևս գիտեն և չեն կարողանում կապվել հետը, որոնել նրան: Թերևս անտարբեր են: Թերևս իրենք ոչնչանում են:

Մի՞թե չկա շրջակայքում ոչ մի կենդանի շունչ: Թերևս: Ահա ձիգ ու խուլ մի ձայն: Մարդկայի՞ն է արդյոք: Ո՛չ, դա գայլի ոռնոց է: Ո՜, երանի՜, երանի՜: Թող գա, հայտնվի: Քանի ինքը ուժ ունի, թույլ չի տա գայլին ատամ հասցնել իրեն, իսկ եթե կուժասպառվի, միևնույն է, բո՞ւքը, թե՞ գայլը: Գոնե մի շունչ կլինի մոտը վերջին պահին…

Գարեգինից, անհնարին էր իմանալ, հեռու թե մոտիկ ոգորում էր զորագունդը բքի դեմ: Դա գերմարդկային գրոհ էր նրա դեմ:

Առջև էր ընկել Արսենը և իրեն զուգընթաց պահելով մի հինօրյա զինվորի` տանում էր զորագունդը: Զինվորը` թավակոշտ, ոլորամորուս, առնադեմ և ժայռեղեն մի էակ, ճանապարհ էր որոնում և գրոհում առաջ: Նրա նժույգը դանդաղում, ուժերը հավաքում և ապա ալիք տալով` բարձրանում, գցում էր իրեն առաջ` չկորցնելով հույսը: Երբեմն հեծյալը շոյում էր նժույգի բաշը, ափով տպտպում վիզը և հայրաբար մրմնջում.

– Դե՜, գառնո՛ւկ, դե՜, մատա՛ղ, արի՛…

Արսենը նայում էր զինվորին և լցվում հույսով. նրան հուսադրում էր զինվորի հանգիստ հայացքը, որ բուքի մթության մեջ նշմարվում էր: Իսկապես այս պահին նա էր զորագնդի առաջնորդը և հրամանատարը: Այնպես որ, երբ մի փոքր գնալով` զինվորի նժույգը կանգնեց, նա հրամայական ձայնով կարգադրեց.

– Իջե՛ք, բռնե՛ք նժույգներից:

Արսենը իջավ, բոլորը հետևեցին նրան: Հիմա գնում էին նժույգներից բռնած. որը` բաշից, որը` ասպանդակից, որը` պոչից:

– Սարգի՜ս,– գոչեց Արսենը զինվորի կողմը,– ասում ես` կփրկվե՞նք…

– Կփրկվե՛նք, իշխա՛ն,– պատասխանեց Սարգիսը` ձեռքը նժույգի բաշին սեղմած:

Մի փոքր անց Սարգսի նժույգը հոտոտեց օդի մեջ:

– Հա՛, մատա՛ղ, գտա՜ր,– գոչեց Սարգիսը:

Նժույգը ուժ ու կող արեց և քայլերն արագացրեց: Զգաց կողմը: Դա ծխահոտ էր:

– Ի՞նչ է, Սարգի՛ս,– հարցրեց Արսենը;

– Ծուխ է, իշխա՛ն, պրծա՛նք,– ասաց Սարգիսը և գնաց արագ:

– Ծո՜ւխ, ծո՜ւխ,– ձայնեցին զինվորները դեպի ետ:

Զորագունգը ուժի եկավ: Գնաց արագ: Եվ Սարգսի նժույգը կանգ առավ հոնական ուրթի առաջ: Տագնապ ընկավ շենում: Գամփռները հաչեցին, ու հոները զենքով, գոչելով դուրս թափվեցին: Թարգմանը դիմեց հոներին, որ օգնեն զորագնդին կերով ու պաշարով: Հոները դիմադրեցին: Սկսվեց կռիվ, իրարանցում: Զորագունդը ստիպվեց ընդունել կռիվը: Կարճատև հարվածը խեղճացրեց հոներին. նրանք զիջեցին, և զորագունդը ընկավ ուտելիքի և խոտի պաշարի վրա: ”:





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users