Եվրոպական ինտեգրացիոն ուղղությունը այլեւս փակված թեմա է Հայաստանի համար, խոսքը բովանդակային ինտեգրացիայի մասին է: Մաքսային միության մեջ ընդգրկվելու որոշման մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո հայկական կողմը հուսահատ ճիգեր է գործադրում, սակայն դա արվում է ավելի շատ դեմքը փրկելու համար, քան թե բովանդակային արդյունքի հասնելու համար: Այս անգամ գործող իշխանությունը դիվանագիտական բլեֆի մատուցման համար ընտրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին: Վերջինս Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նշել էր, որ իշխանությունների քաղաքական օրակարգում մնում է Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախաստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։ «Իհարկե, հայտնի է այն կարծիքը և մոտեցումը, որ Մաքսային միությանը անդամակցությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի ձևավորելու մասին համաձայնագրին։ ՀՀ-ի դիրքորոշումը հայտնի է. մենք միշտ համարել ենք, որ պետք է փորձել համադրել այդ դրույթները։ Դրա անհնարինության պարագայում մենք վերցնում ենք այդ համագործակցությունից այն ամենակարևորը, որ կար եվրոպական ուղղության վրա, այն է՝ մեր քաղաքական երկխոսությունը, արժեհամակարգային այն փոխգործակցությունը, որը թույլ է տալիս արդիականացնել երկիրը, և մենք համարում ենք, որ այդ դրույթները հիմնականում ամրագրված են Ասոցացման մասին համաձայնագրում։ Հետևաբար մեր օրակարգում մնում է Վիլնյուսում նախաստորագրելու խնդիրը»,- ասել է Վիգեն Սարգսյանը։
Բնականաբար Վիգեն Սարգսյանը չէր կարող խոստովանել, որ ի սկզբանե բլեֆի վրա հիմնված Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը կատարյալ ֆիասկո է կրել: Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել ինչ-որ կերպ փրկել իրավիճակը եւ ներկայացնել այնպես, որ Սերժ Սարգսյանի «հմուտ» քաղաքականության հետեւաքով Հայաստանը տնտեսապես ինտեգրվում է Մաքսային միությանը, իսկ քաղաքական առումով մաս է կազմելու եվրաինտեգրացիոն գործընթացներին:
Սա միակ ճանապարհն է, որի դեպքում Սերժ Սարգսյանը որպես լիդեր գոնե մակերեսորեն կարող է փրկել դեմքը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում նվաստացուցիչ հայտարարություն անելուց հետո: Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիր նախաստորագրելու շեմին Սերժ Սարգսյանի նման կտրուկ շրջադարձը միջազգային ասպարեզում զրոյացրեց գործող նախագահի առանց այն էլ խիստ ցածր հեղինակությունը, եւ հատկապես Արեւմուտքի կողմից նա սկսում է ընկալվել առավել քան անվստահելի գործընկեր:
Վիգեն Սարգսյանի ներկայացրած այսպես ասած «ճանապարհային քարտեզը» նպատակ ունի Սերժ Սարգսյանին գոնե փրկել այդ դիվանագիտական խայտառակությունից: Բոլորի համար էլ հասկանալի է, որ նոյեմբերի 29-ին Վիլնյուսում նախատեսվում էր նախաստորագրել Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը, որոնք թեւ առանձին փաստաթղթեր են, սակայն բովանդակային առումով մեկ ամբողջություն են: Այս համատեքստում կարեւորը տնտեսական բաղադրիչն է, եւ առանց դրա քաղաքական մասը ընդամենը բուտաֆորիա է: Եթե անգամ Վիլնյուսում ստորագրվի Ասոցացման համաձայնագիրը առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի, ապա իրական կյանքում այն գրոշի արժեք չի ունենա ու կմնա թղթի վրա: Իշխանական քարոզչամեքենան դա կներկայացնի որպես Սերժ Սարգսյանի հաղթանակ, ով կարողացավ Մաքսային միությանը ինտեգրվելուն զուգահեռ ոտք դնել նաեւ Եվրաինտեգրացիայի պլատֆորմ: Եվրամիությունը դեռեւս դիմադրում է ՀՀ գործող իշխանությունների նախաձեռնած դիվանագիտական այդ բլեֆին:
Սեպտեմբերի 6-ին Բրյուսելում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել էր.
«Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման համատեքստում դժվար է պատկերացնել Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես որ քննարկվել է բանակցությունների ժամանակ: Հիմնվելով այն տեղեկությունների վրա, որը մենք այս պահին ունենք՝ ՄՄ-ում ստանձնած պարտավորությունների համատեղումը Ասոցացման համաձայնագրի հետ խնդրահարույց է»:
Սակայն չի բացառվում, որ Եվրամիությունը եւս մաս կազմի Վիգեն Սարգսյանի միջոցով բարձրաձայնված դիվանագիտական այդ աճպարարությանը: Եվրամիության չինովնիկները եւս դեմք փրկելու խնդիր ունեն, քանի որ տարիներ տեւած բանակցություններից հետո ընդամենը մի քանի օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը զրոյացրեց նրանց ջանքերը, եւ նրանք հայտվեցին հիմար իրավիճակում: Առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի, Ասոցացման պայմանագրի ստորագրումը նաեւ եվրաչինովնիկների համար կարող է լինել իրավիճակից մաքրված դուրս գալու գրեթե միակ փրկօղակը: Սակայն մինչեւ նոյեմբեր շատ հնարավոր է, որ Մոսկվան եւս մի անգամ տհաճ անակնկալ մատուցի Սերժ Սարգսյանին՝ նրան ստիպելով ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որը ի չիք կդարձնի նույնիսկ միայն Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Այդ դեպքում Սերժ Սարգսյանի իշխանությունը կդառնա Մոսկվայի վասալը:
Դերենիկ Մալխասյան