(1898-1953)
Կենսագրական
Ոստանիկը (Ոս. Հօվհաննիսեան) ծնւել է 1896 թւին Ոզմում, (Վան), Ծնողների գիւղից քաղաք տեղափոխւելու ժամանակ, Անգղ գետի եզերքին: Մանկութիւնը ինչպէս և ամբողջ կեանքը անցել է թափառումների մէջ: Նախնական կրթութիւնը ստանում է Վանի Նորաշէն դպրոցում: Մի որոշ ժամանակ կաթոլիկների մօտ, ապա Աղթամար ու կրկին Վան: Արամեան միջնակարգ դպրոցն աւարտելով մեկնում է Էջմիածին և այնտեղից էլ Երևան, թեմական դպրոցի աւարտական քննութիւն ներկայացնելու համար:
Վրայ է հասնում առաջին համաշխարհային պատերազմը. Ոստանիկը կամաւորական բանակի հետ անցնում է Վան, այդտեղից էլ Թիֆլիս, ուր վարում է «Զինւոր» թերթի օգնական խմբագրի պաշտօնը: Հայաստանի հանրապետութեան շրջանին ու դրանից յետոյ ուսուցչութեամբ է զբաղւում Երևանում և Ղարաբաղում (Իրան): 1923 թւին մեկնում է արտասահման և շուրջ տասը տարի Փարիզում մնալուց յետոյ, կրկին վերադառնում է Թեհրան և որպէս ուսուցիչ պաշտօնավարում է տեղի Դաւթեան դպրոցում:
Ակսել է գրել պատանի տարիքից: Իր առաջին բանաստեղծութիւնները լոյս են տեսել Երևանում «Հեկեկանքներ» վերնագրով գրկոյքում: Հետզհետէ հրատարակել է՝ «Զիւլֆի երգեր», «Ներաշխարհ» և այլն:
Ունի անտիպ գործեր արձակ և չափածոյ, ինչպէս նաև մանկական բանաստեղծութիւններ:
Վախճանւում է 1953-ին Թեհրանում:
ԱՐԵՒԵԼՔԷՆ ԱՐԵՒՄՈՒՏՔ
Գրեց՝ Ոստանիկ
ՈՐՊԷՍ ՍԿԻԶԲ
Երկրէ երկիր եւ ծովէ ծով , ուզիներով պատահական,
Ի՜նչ երազներ եմ ծւատել ու որոնել կրկին անգամ...:
Քանի՜ ազգի միջով անցել՝ սերտել եմ զուր նրանց լեզուն,
Կտոր հացով կուշտ խնդացել, յետոյ լացել մի այլ տեղում:
Ի՜նռ գոյնզգոյն հորիզոննե՜ր, երկինքներ գորշ ու լուսաւոր
Վրաս մթնել են, լուսացել ու հե՜տք թողել իմ սրտի խոր:
Ու դար ի վեր ու դար ի վար ականջս կախ սրտիս զարկին
Սիրտս դարձրած հազար պատառ, պարզած ամէն հանդիպողին,
Շնչելով մերթ հիւսիսի ցուրտ ու հարաւի խորշակը բարկ
Տեսել եմ ես որքան անդունդ ու պարտութիւն ու յաղթանակ:
Ո՜րքան անգամ մահւան հասել՝ անց եմ կացել մահէն անդին
Սատանայի մատը տեսել, մատի վրայ նրա հոգին.
Տեսել դժոխք, կպրէ կարաս ու դրախտի սիրտը թափուր,
Ուր չի հոսում էլ հեզանազ, ոչ մի վճիտ զուլալ աղբիւր...:
Օ՜, տեսել եմ ու գնացել տուտը բռնած ամէն ճամբի,
Ամէն ճամբի վախճան տեսել, տեսել մարդիկ չորս գլխանի.
Տեսել՝ որքան երկիր ու հող, այնքան կենցաղ ու մոլութիւն
Ու որքան մարդ՝ այնքան իշխող, նոյնքան աղէտ ու խնդութիւն.
Տեսել եմ ես ու գնացել, յետոյ դարձել՝ դարձել էլի
Քո դէմքումն եմ դէմքս գտել վերածնւող իմ Նայիրի:
*****
Թողի երկրիս կապոյտը ծով, հրակատար լեռները վեհ,
Ու լեռներէն վար խոյացող, ջրերու ջինջ երգը լուսէ;
Լուսատարափ դաշտը ծփուն, ծնծղաներով շող ու շաղի,
Արեւաթագ արտը հոսուն, փառքը հողի ու հոտաղի.
Թողի հովիտն ու իր շուշան շշուկները, հարսին, հասկին,
Աղջիկներու շուրթերն ալւան, բռնկւած բոց արեգակին
Դէմքերը նո´ւշ ու արեւխաշ, նայւածքները թէժ, խլրտուն
Ու նոր կաթնած, պտկած խաշխաշ, կրծքերն ամէն արբունքի հուն
Թողի մա´յրս կարօտակէզ, ու մօրս քով՝ իմ մանկութիւն...
Յուշը մանող իլիկի պէս երկու զմրո´ւխտ իր աչքերում.
Արեւաթոր միջորէում, ոսկեփոշում ճառագայթի,
Ջրվէժներու ճա´խրը խտղուն, փշրւող փայլ ադամանդի,
Կանչը, թաւիշ կանաչներուն, թաւ անտառի հրեղէն ձին՝ ևև
Ձորի բաշը, շա´չը փրփրուն -- Վրան թառած «Հիւրի Փէրի»ն:
Թողի Ձձում հեծնող Ջադուն եօթ գլխանի դեւի դրան
Ու մութէն լոյս տենչող մարդուն, Մմուռք հաւքի թեւի վրան:
Մի կցկտուր հեքեաթի հետք՝ հեռո´ւ, հեռու, Քարայրէն մութ,
Մինչեւ վանքին նախշուն լեգենդ ու մատուռի լաթապատ սուրբ
Մինչեւ հօտը՝ հովիւը յաղթ, աստւացածաց մի քարափում
Դէմը զոհի անշէջ կրակ ու մոգպետը՝ -- պահապան շուն.
Մինչեւ ծաղկած Աստղկան Բերդ, Նարեկայ Վանք ծովու դիմաց,
Ծովը իջած Աստղիկը մերկ --- Նարեկացո´ւ պատուհան բաց...
Մինչեւ Դաւիթ՝ որբ ու մինակ, Մոկաց Մերզէն թուղթը ձեռին,
Մհերի դուռ յաւիտեան փակ, մէջը թաղւած Թուր Կէծակին:
Թողի´, թողի Սիսէն Մասիս ու Միջագետք փռւած կապոյտ
Հնադարեան մի ովասիս, հրաշակերտ մի ժողովուրդ,
Հազարամեայ սերունդների երանգն ու ձեւ, ձայնն ու շարժում,
Բազմաբարբա´ռ իմ Նայիրի լեզուն անուշ ու իմաստուն...
*****
Ու պղտորւած հոգուս նման, հոգուս նման օձապտոյտ,
Ճամբաս կտրեց վերջին անգամ, Արազը յորդ ու յորձանուտ:
Կանգնեց դէմս որպէս պատւար, որ իմ անմիտ երթը կասի,
Կանգնեց դէմս հազա´ր հազար խոկումներով հին Նայիրի.
Բայց իր գունատ դէմքի վրայ, տեսա´յ արդէն, լեղապատառ
Լաստը չանգռող մի նախագահ, զինաթափւած մի նախարար...:
Մի ժողովուրդ խառնաշփոթ, Տաթեւէն դեռ ճիչը շուրթին,
Որ գազազածէ ե´ւ կարեկցոտ, ելք էր փնտռում ու «Ելքի ին»....
Ու... վարանած մի ակնթարթ, յետոյ ելած ինքս ինձմէ,
Դարձրած՝ նրան պատառ մի լաթ, որ իմ քրտնած ճակատ սրբէ,
Դրած գրպանս երկրէս մի մաս, խնձորի պէս Արտամետի,
Որ երբ հոգին իմ աներազ սովածանայ, նստի լափի:
Անցա´յ շտապ իր վրայով ՝ որ կարօտով թէ յետ նայեմ,
Իրանի վառ արեւն ու հող, իմ հոգու մէջ խաշխաշ մաղեն... .
Ու թողնելով խելակորոյս, դէմս թողած ծեր Արազն էլ,
Ինչպէս հողի՝ ձիւնի մի հիւս, հողմաթաւալ լերան մի թեւ՝
---Պայթած ահեղ մի փոթորկի՝ մրրիկի մի թա´փ ու թռիչք,
Հեղեղակոծ անտառների, ամբոխների տագնապն ու ճիչ... .
Ինչպէս ինքնին նիշւած վայրկեան ե´ւ անողոք, ե´ւ անխուսափ՝
Ելեքտրական մի կայանի մայր երակէն ելնող հոսանք.
Ինչպէս արդէն դուրս պրծած նետ, քաշւած լարովն իմ աղեղի,
Այնպէս անզուսպ ընթացքիս հետ, թռա´յ անդարձ ու գնացի... .
*****
եւ անխնա´յ եւ անզղջում՝ ինչ ունէի լաւ ու անգին,
Հրդեհելով այս խենթ երթում, տալով հողմին ու փոթորկին,
Փշրելով լոյս հոգու մի թեւ, խաժաչուի, կոյս մի հաւատամք,
Չպահելով էլ ոչ մի տեղ երջանկութեան ո´չ մի պատրանք:
Մրրկածուփ ու ծարաւի մտքերուս հետ հաշտ ու խռով,
Անցայ ամէն ահ ու մահի տառապակոծ ուղիներով... .
Անզսպանակ ու խելագար, կոխոտելով արմատախիլ,
Կեանքը պճնող ամէն համբաւ, փայլուն փառքի ամէ´ն մե ծիլ
Որ աճելով՝ անժամանակ, թարախակալ վէ´րք է դառնում
Ու այս պայծառ արեւի տակ, ոչ մի ոսկի հասկ չի ծնում... .
*****
Ու գնացի, ու գնացի, ետեւս աւեր, ինքս աւար.
Ցցւած հազա´ր պատահարի երկսայասրւ սւինի ծայր:
նացի նոր անկումներու՝ վերելքներու հզօ´ր թափով ---
Խելացնոր աղէտներու՝ ու խնդութեան փոշու միջով:
Դէպի ուրի´շ վատնումի դուռ, սպառումի ուրի´շ օամբայ,
Ուր որ հոգին քաղցած ու կոյր գալարւում է ինքն իր վրայ...
Ուր սպասում է ակնդէտ, նրբանցքի մօտ, մահէն հզօր՝
Մի այլ ահի սարսուռ ու տենդ, զարհուրանքի ուրիծ մի դող:
Որ ձեռքն ընկած ամէն մի շող, ամէն վճիտ երազ ու սէր
Դարձնի իր այնքան հսկող, խուլ ու համր ցանկութեան կեր... .
Ու գնացի´ ու գնացի չնայելով այլեւս ետեւ,
Թէ ծեր Արազ ներեց ինձի, ինձ կը ներեն գալիք օրեր... .
*****
Ուրի´շ, ուրի´շ օրերու պէս երբ օրս մթնեց ու լուսացաւ
Ու վեր ելայ ընկած տեղես, որ մի այլ տեղ ընկնեմ դարձեալ,
Գիւղիս ճաթող նռան նման, շողշողո´ւմ էր դէմս կախւած
Հորիզոնն իր թեւերով լայն ու լեռներէն գլորւում ցած.
Արեւն արեան շիթ էր կարծես, կաթած ձիւնոտ լերան վրայ՝
Որ կապել էր մէջքին բեհեզ, ոտքին արծաթ, գլխին չալմա.
Հեռո´ւ, հեռո´ւն, լեռան ետեւ, ուր հորիզոնն էր կորանում,
Աչքերուս մէջ երանգում էր ուրիշ մի լեռ ու համբարձւում:
Ոտքերո´ւս տակ՝ գարնանահոտ ու ձիւնախառն մածուցիկ հող,
Բռնել էին արդէն մի պար ու քաշկռտում ինձ ձորից ձոր:
Ու մինչ հոգումս թպրտալով՝ ինչպէս կարիճը կրակում,
Հրկիզւում էր ինքն իր թոյնով հնադարեան մի մտածում,
Իր մէկ ծայրը դեռ Արազում՝ գլուխ դրած լերան լանջին,
Ճանապարհս ուրիշ´ տրտում երգ էր ասում իմ ականջին... .
*****
Ուրիշ էր տունն ու օթեւան դէմս հիմա ամէն ճամբում,
Ուր թողել էր Աբու Լալան մի անսպառ հարստութիւն,
---Մեղկ մի կենցաղ ու մի ղուրան, վրան կքած մի ժողովուրդ
Կորցրած վաղուց իր սրբազան նամազի մէջ, հին մե խորհուրդ:
Ուրի´շ էին դէմքեր բոլոր, նայւածքները՝ ծո´յլ, հինայւած,
Քողերու տակ քիչ-քիչ մեռնող ժպիտները պարսիկ կանանց...:
Ուրի´շ էր ե´ւ, ընթացքը իմ, հէքիաթական այս աշխարհում,
Որ տւել էր Շահն-շահին այնքան հարեմ ու խնդութիւն:
Այնքան աֆիոն ու վարդի բոյր ու Շախսէի թափօրն արնոտ,
Ռամազանի ազան տխուր, ամէ´ն գիշեր եւ առաւօտ...:
Բայց աչքերումս նոյն մաղձն էր դեռ, սրտիս վրայ երկրիս փոշին
Ու բռնկւո´ղ, բոցակէզ սէրն Անահիտին ու Արփիկին...:
Նոյն խշրտւող խշշոմն էր ծով արտի հասկին, զանգին զնգուն,
Սրտէս ուղիղ, ուղեղս հոսող, պղտոր Արազն ու գիժ զանգուն:
Նո´յն էր թախիծն իմ մահադէմ, կսկի´ծս կոյր, հայրենի տան,
Որ դարձնում էր հոգիս գեհեն եւ ուղիներս անհանգրւան...:
*****
Ու նայելով՝ այս ուրիշ նոր, երկրի դիրքին, դէմքին մարդուն,
Ու նայելով նոյն մշտածոր աչքիս մաղձին սրտիս փոշուն,
Յոյսերո´ւն իմ բեկւած ու որբ, որոնումիս անյագ տենչին,
Անապաստան ու անամոք իմ կարօտի վերջին կանչին,
Մտրակեցի հոգիս նորէն դեռ չկցած մի «Զիւլֆայի»
Ու մտքիս հետ՝ Անուշ Բերդէն, խորշակատապ վար նետեցի...:
Ճեղքել էր միտքս արդէն մի դար---քա´ր մի չնչին ու մամրապատ
Պիսուդո´ւնն ա´յն, իր հնափառ արքաներով շղթայակապ...:
Արդէն մի մունջ, անշո´ւնչ գիշեր, տառապել էր միտքս արնոտ
Ու չէր գտել խնդուն մի թել, պատմութեան մէջ այդ անողոք:
Հիմա էլ՝ վար, հրածփուն Քիրմանշահի շա´լը ուսին,
Վրան՝ կիզիչ թոյն էր մաղում, անապատի դեղին փոշին.
Անապատի շունչը կարմիր, նայւածքը լուռ իր պարապի,
Որի առաջ ի´նքն իսկ չոքած՝ ինքն իսկ իրմէ կը զարհուրի...:
*****
Ու այս ճաղատ հողաշերտում, ուր ոչ մի կանչ, կանաչ չկար,
Պայթեց յանկարծ իմ աչքերում, մի առասպել դարձած Աշխարh
Յանկարծ՝ նորէն իրար ետեւ ելան ազգերն ու շարժւեցին
Իմ Նայիրեան երկրէն՝ մինչեւ Հինդ ու Արաբ ու հեռու Չին.
Դարձրին դարը՝ դարի նշան ու փշրեցին դարը դարում,
Իրար արեան մէջ յաղթական, պարտւած իրար արեան ծովում,
Դարձան աւար՝ գերի իրար, իրար ճամբայ՝ կայան փառքի
Ու նոյն ճամբով շիջան՝ դարձեալ վերածւեցին անապատի...:
---Զարմանքիս պէս, լո´ւռ, անայլայլ, զարմանքիս պէս մի անապատ
Որ սփռում էր դէմս՝ ծարաւ աւազներու ոսկի ձանձրախտ:
*****
Ու թւաց ինձ, ինձմէ առաջ, դարեր ամբողջ զուր են անցել,
Ու թւաց ինձ, զո´ւր, անիմաստ մի անցկաղող դա´ր եմ ես էլ,
Ու դեռ նրա´նք, որ չեն եկել, որ պիտի գան գոհ թէ դժգոհ,
Նրանք բոլոր արդէն եկել՝ անցել են զուր ինձմէ յետոյ,
Ու թւաց ինձ, թւաց նաեւ, երբ սթափւած շուրջս դարձայ,
Զուր էր ընկերս փռում առջեւս, Սայաթ Նովէն՝ մի մանանայ,
Քուչակը ծեր՝ մի ումպ գինե, ողթան երգչե տաղերը հին,
Մի տրտում տո´ղ Շարականի ու Նարեկի խորհուրդ խորին...:
Զո´ւր էր, անմի´տ հիմա բոլոր, հիմա խորշա´կ անապատի
Ու խորշակում՝ ահա Տէր-Զօր..............................................
Ընթերցող թող այս տողն անցնի:
*****
...Ու ծառացած ինքս իմ դէմ, --- աչքերուս մէջ սարսափահար
Այս մզկիթի մինարէթէն կախւած, ճօճւող Հայո՜ց աշխարհ...:
Յետ-յետ գացի, դարձա´յ կրկին հոգուս յետին ոտքի վրայ՝
Ինչպէս մեր այն յէքիաթի ձին--- Վրան կպած տէրը նրա:
Ու դեռ չեղած նորէն գիշեր՝ Արեւելքը թողած հեռո´ւն,
Արեւի հետ իջայ ես էլ, Արեւմտեան ճահիճներում...:
*****
Եւ ուղեղիս լաթի նման ծալւած քարտէղն անջրպետի
Փռեց դէմս իր բազմազան ուղիները հարցականի:
Կեանէի գիծը նրանց ցանցում, գո´րշ ու ճապաղ կէտ էր միայն,
Որ սկսւած ի´ր իսկ տեղում, վերջանում էր անպատասխան...:
Կանգնած կեանքի այս գո´րշ կէտում՝ ուրկէ անդին չկար ոչինչ,
Տեսայ կրկին իմ մանկութիւն ու նայիրեան երկինքը ջինջ...:
Երկիրը կոյս ու արգաւանդ, ուր ես կարծես ահա նորէ´ն
Գլխիս դրած արեւը, թագ --- մի խաշնարած թագաւոր եմ:
Վերը ինձմէ, ինձմէ հզօր, նախնիքներուս բարին Աստւած՝
Ու վարը ե´ս, Իմ տանը շող, հազար մի աչք վրաս գամւած...:
Գահս՝ ահա գիւղիս լեռներ ու ծիածանն իմ ծիրանին,
Ոտքիս՝ ոսկի մուճակի տեղ, մի զոյգ տրեխ մազոտ ու հին.
Գայիսոնս՝ կախարդական ինը տեղով դաղւած, նախշուն,
Մի սրինգ էր, որ լալաձայն սար ու ձորին երգ էր ասում...:
Ժողովո´ւրդն իմ, հօտն իմ ահա, որոճացող ու միամիտ,
Գիւղը տանող ճամբու վրայ, ազբիւրի մօտ ականակիտ:
Քովը՝ միակ հաւատարիմ ու մտերիմ շունս անբաժան,
Սեղանակից ընկերը իմ ե´ւ պահակն ու թիկնապահն...:
****
Օ՜, լուսաթեւ ու կապտաչւի իմ մանկութիւն, իմ պա´րզ աշխարհ,
Նախնական իմ մտածումի, երազներու պզտի´կ քնար,
--- Տա´ր, սիրտս տար նորէն, նորէն ու զա´րկ նրան ամէն քարի,
Թող ուղեղումս վէրքեր բացւեն ու կարօտդ հոգիս այրի
Տա´ր ինձ, կրկին նետիր մի ձոր տանող կածան՝ ու արահետ,
Ուր ամէ´ն ծիլ, ծաղիկ ու շող խաղ է արել իմ հոգու հետ:
Մի տեղ նորէն սրինգ ածեմ, օձն ու մողէս քովս սողան,
Մեղուները դա՜մս պահեն, ժայռի ճեղքում, մեղրի վրան:
Վերեն՝ արջը քար գլորի, արձագանգը փշրի ձորում,
Ձորէն՝ ապշած դէմս ելնի, խրտնած երամն եղնիկներուն...:
Գիշե´րը գայ, աստղերն հատ հատ ժողւեմ նորէն իմ աչքերում
Ու երազում՝ երազի´ս հետ շաղ բոլոր գիւղի կասում...---
--- Մէկը՝ իմ տան դրան վրայ, յետոյ գիւղի եկեղեցում,
Որ մոմի տեղ միշտ վառ մնայ քահանայի պատարագում.
Edited by vartahoor, 11 June 2007 - 04:18 PM.