Posted 04 June 2010 - 03:24 AM
ՊԷՏՔ Է
Պէտք է պիտանին: Պիտանին բայց նաեւ յարմարը: Յարմարը եւ նպատակին ծառայողը՝ նպատակայարմարը:
Մարտահրաւէրները շատ են: Ջաւախքի մասին...ցաւօք այդ թեման համազգային հետաքրքրութեան կիզակէտում չէ: Վրաստանը վատաբար կը շահագործէ Հայաստանի բազմամարտահրաւիրուած լինելու հանգամանքը, եւ ի գործ կը դնէ ի՛ր համար եւ վրացական ազգի համար որդեգրած «ժողովրդավարական» կարգերը: «Միւսները թող ծովը թափին»:
Թուրքիան իսլամական, ի գործ կը դնէ մարդասիրական միջոցառումներ, իր հաւատակիցները շրջափակումէ եւ նուաստացումէ ազատելու համար, ի՜նչ փոյթ, թէ մարդկութեամբ եղբայր հայ, պոնտացի, ասորի եւ քուրդ ժողովուրդներու գերեզմանները ամբիոն դարձուցած է մարդասէրի շապիկ հագածը:
Մենք յաղթած ենք: Սա՝ ոչ որէսզի անհոգ լինենք: Մենք յաղթած ենք եւ լիուլի պէտք է վայելենք մեր յաղթանակի բերկրանքը: Ինքներս մեզ չզրկենք դրանից:
Յաղթական արշաւանքը Հայկական Ազատամարտի, կասեցուեց մայրաքաղաքով:
Դաշնակցային դրութիւն հաստատելը չէ, սակայն որոշ չափով պէտք զօրացնել ռազմավարական կարեւորութիւն ունեցող Լեռնահայաստանը՝ իր իսկ հանքերից ստացուած եկամուտներով: Սիւնիքն ու Արցախը այն Ծաղիկն է, որ միշտ օտարին տուած է իր մեղրը, նաեւ Հայաստանի տարբեր աշխարհներին:
Անցեալ շաբաթ մի հալեպահայ, -արդէն քսան տարուայ հայաստանցի,- ասաց թէ Երեւանը «փակ քաղաք» յայտարարելու միտում կայ:
Շատ ճիշտ է, շատ դիպուկ է: Երեւանը շէնանում է, ընդունելով իր մէջ մարզերից եւ Սփիւռքի գաղութներից եկածները: Հայաստանի մնացեալ տարածքը նոյնչափ չի զարգանում: Ի՛նչն է Երեւանի հմայքը եթէ ոչ Մասիսը (գլխաւորապէս):
Հայոց արքաները Մասիսը արեւելքից են ուզեցել հայել, ինչի պատճառով մենք տեսնում ենք մայրաքաղաքները, ըստ մեծի մասին, Երասխից արեւելք են:
Պետութիւն կերտելու ունակութեան մէջ մեր ունեցած յաջողութիւնը միայն կարող է վանել պատերազմի վտանգը: Պետութիւնը պետութիւն է ժողովրդով:
Հայերի հայրենասիրութիւնը ե՞րբ պիտի բաժակաճառերից այն կողմ անցնի ու լինի կազմակերպուած հայրենադարձութիւն:
Թշնամին, երկու պետութիւն մեկ ազգը, կը տեսնէ հայրենի հողին կապուածութիւնը, նուիրուածութիւնը ու թշնամական յարձակումից առաջ մի քանի անգամ աւելի մտածելու պատճառ կունենայ:
Եկէ՛ք քուէարկենք սրա օգտին, փոխանակ քուէարկելու տեսիլին Եւրոպայի: Ձեւական, ցուցական, ջոջասիրական, քարոզչական, հրապարակայնական հայրենասիրութիւնից դէպի համակարգուած, լուռ, անձայն հայրենադարձութիւն:
Հայոց Ցեղասպանութեան մասին խօսող չկայ: Խօսող չասեմ, ասեմ դատող դատապարտող չկայ: Այն իրականացնողները, իրականացնողների ժառանգները եւ նրանից օգտուողները այսօր մարդասիրութեան պատմուճան են հագել, ագանել, զզուեցնելով մարդկութիւնից ու նրա ատեաններից արդարութիւն հայցող շրջափակուած ու ցեղասպանուած արեւմտահայութեան ՁԱՅՆԸ:
Փաստ է, իրականութիւն եւ օրէնք, ճշմարտութիւն աստուածային, որ արդարութիւն պահանջելը, այլեւ արդարութիւն հասկացութիւնը մաղդանոզի, կամ ազատքեղի գին ունեն:
Ուժ ունեցի՛ր եւ ա՛ռ ուզածդ:
Բայց խնդիրն այս է, թէ ինչի՛ շուրջ է միակամ հայ ժողովուրդը: Խորովածի, ցուցամոլութեան ու Սուրբ Սարգիս տօնելու մէջ է միակամ Հայ ժողովուրդը:
Յուսախաբ եմ, որ մինչեւ այսօր չէ բնակեցուած ազատագրուած Հայաստանը: Յուսախաբ եմ, որ երկիրը ունի քաղաքական բանտարկեալ: Յուսախաբ եմ, որ ազատ տնտեսական յարաբերութեամբ փոքր եւ սնանկ Երկիր մուտք գործեց կազինոյական մշակոյթ: Կազինոներ, գիշերային ակումբներ ծաղկեցին: սրանց տեղ հայ գիւղեր պիտի ծաղկէին Հայաստանի լեռնալանջերում:
Խաղատուները նոյնքան անբարոյական են, որքան թմրադեղերը: Ի՜նչ երիտասարդներ են սնանկանում, ի՜նչ տուներ են քանդուել ու քանդւում, ղումար կոչուածի սեղանից:
Մի տեղ ասել եմ արդէն, բիզնես բառը ինքնին անբարոյական է: Վերադարձնել հայեցի, մաքուր, անապակ «գործ» բառը, որը ժառանգել ենք Հնդեւրոպական մայր լեզուից:
Ուրեմն Հայաստանում «բիզնես» են անում, գործ չեն անում: Բիզնեսի մէջ է մտնում «փող աշխատելը»: Իսկ գործը արարելն է, շինելը, կառուցելը, ստեղծելը, եկամուտի մնայուն աղբիւր հաստատելը:
Երբոր բիզնես բառը փոխարինուի գործ (work) բառով, այնժամ կը հաւատամ, որ Հայաստանում հայերէնը պաշտպանուած է: Նկատո՞ւմ էք, ընդհանրապէս ամենագործածական բառը, «գործ»-ը, չի գործածւում Հայասատանում:
Շատ բաներ պէտք է փոխարինուի. «գործ»ը օրինակ էր: Վերադառնանք մեր հարցադրմանը: Ինչի՞ շուրջ է միակամ հայ ժողովուրդը: Միակամ է, որ Հայոց Ցեղասպանութիւնը ճշմարտութիւն է:
Սա բաւարար չէ: Բաներ կան, որ կարելի է անել առանց դիմելու «Արդարութեան Ձմեռ պապիներին»:
Ասացի, կարելԻ է երկիրը շէնացնել, բնակեցնել, գործ անել, գործատեղի ստեղծել, գործաւոր բանեցնել, գործատու եւ գործատէր լինել:
Ուզում ես Ցեղասպանութիւնդ ճանաչուի, շէնացրու երկիրդ: 43 հազար քառ. կիլոմետրանոց Հայաստանի հզօրացմամբ Ցեղասպանութիւնն էլ ճանաչուած է լինում, Արեւմտահայաստան էլ ազատագրուած է լինում՝ անշուշտ նախապատրաստուելով դրանց:
Իսկ բողոքելով ոչ միայն մեր իրաւունքները չեն վերականգնւում, այլեւ եղածներն էլ չեն պահպանւում:
Ահա օրինակ, ափսոս չէ՞, որ բաներ կան, որ մինչեւ հիմա լուծուած պէտք է լինէին: Դեռ մինչեւ ե՞րբ պիտի խօսուի բնապահպանական հարցերի մասին: Պէտք չէ՞ր թեւակոխած լինէինք այդ խնդիրները ու անցնելով առաջ խօսէինք ուրիշ խնդիրների մասին:
Ապօրինի ձկնորսութեան, Կարմիր գրքում գրանցուած վայրի կենդանիների որսի մասին արդէն տասը տարի լսում եմ: Ափսոս չէ՞, որ մինչեւ հիմա այդ խնդիրները լուծուած չեն:
Երբ ամէնափոքր համարուած, տեղական ու հեշտ լուծելի խնդիրները չեն լուծւում, էլ ինչի՜ մասին է խօսքը: