Jump to content


Photo

Yerevan


  • Please log in to reply
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 17 June 2007 - 10:48 AM

ԵՐԵՎԱՆ
Եղիշե Չարենց

I
Ինչ որ չի, չի երազել
Դեռ ո´չ մի պոետ -աստղաբիբ,
Ուզո՞ւմ եքª որպես գնդասեղ
Արեւ´ը խրեմ փողկապիս:
Առնեմ, որպես սինի,
Երկինքը աստղերի խաղով -
Ու տանե՜մ այն հարսանիք,
Որպես միրգª մի ճութ խաղող:
Ինձ համար ի՞նչ կա, որ չկա.
Կանե´մ, ինչ որ կամքս ջոկի:
Ուզո՞ւմ եքª դարձնեմ «Չեկա»
Թաղանթի պես քնքուշ հոգիս...

II
Ես ոչի´նչ, ոչի´նչ չգիտեմ:
Բայց կարող եմ ես, պոետ,
Երգերիս մատներով երկաթե
Ձեր կակուղ սրտերը շոյել:
Կարող եմ, եթե սիրտս ուզե,
Կտրելով վերստեր անթիվ,
Երկարել դեպի սիրտը ձեր
Տողերիս լուսե գերանդին:
Ես կարող եմ, որպես նետաղեղ,
Թե կուզեքª ե´րգս թեքել
Եվ թողնել, որ նա, հոտավետ,
Ձեր դեմքին երազներ թքե...

Բայց ի՞նչ,
Ի՞նչ դրանից...
Միեւնույն էª սրտիս կիջնի
Ձանձրույթը, որպես գրանիտ,
Ու թախիծըª պաղ ու դժնի:

Օ, գիտեմ, որ սիրտս հետո,
Որպես հին մի, բեկված Թերսիդես -
Իր թունոտ բողոքի նետով
Զարկելու է թե´ ինձ, թե´ ձեզ...

III
Բայց էլ ի՞նչ, էլ ի՞նչ ես ուզում,
Անհատնում սի՜րտ իմ երգահան...
Գրաստի նման անլեզու
Քնել է Երեւանն ահա:
Գլուխը դրած Քանաքեռª
Ոտքերը Մասիս է երկարել:

Երեւա´ն, ես սիրում եմ քեզ,
Գորշավազ շենքերդ քարե:

Սիրում եմ տեսքդ գրաստ,
Ինչպես ճորտը սիրում է խանին,
Ինչպես սեգ պարսիկը բարեպաշտ
Սիրում է մտնել բաղանիք...

Կարո՞ղ է արդյոք նեգրը սեւ
Հրաշքով սպիտակել հանկարծ:-

Երեւա´ն, ես էլ ի՞նչ ասեմ,
Որ դու ավելին չցանկաս...

IV
Բայց էլի´, բայց էլի´, բայց էլի´,
Հայացքը մշուշին գամած,
Կախվում է ուղեղիս թելից
Երեւանը, որպես խեղդամահ:
Կախվում է:
Կախվել է ուզում:
Ձանձրացել եմ, ասում է, կյանքից:

Դու գիտե՞ս, ասում է,- բազում
Քաղաքներ կանª եռուն, անհանգիստ...
Փայլում են, կոշիկի պես սրբած,
Նրանք լամպերի լույսից.
Ավտո´ է այնտեղ արաբան,
Փողոցի լապտերըª լուսին:
Շարել են իրենց զիստերին
Կամուրջները, որպես օղեր...
Ախ, նրանք -պայծառ, ոսկերիզ,
Իսկ ես -գաղթական Շողեր...

Հասկանո՞ւմ ես, ասում է, Չարե´նց,
Ես ուզում եմ նրանց պե´ս լինեմ...

Եթե դու պետքակա´ն ես, պոե´տ,
Երգերի տեղ երկրնե՜ր շինե:
Տողերդ կամուրջներ թող լինեն,
Օղակեն գետերը զնգուն,
Որ անցնեն հազա՜ր տարիներ
Եվ հազա´րն էլ թափվեն Զանգուն:
Թե կարող ես -այնպե´ս արա դու,
Որ այստեղ... նոր քաղաք բուսնի...

Բայց դու... դեռ նստել ես արթուն
Եվ նայում ես այդ լիրբ լուսնին...

-Ախ, լուսինն ահա վերեւում,
Արախչինն արծաթ մազերին,
Նրբալույս աստղերի քեֆում
Հեզանազ պարում է «Էնզելի»...
Իսկ Մասիսըª քնում թմրածª
Երազում տեսնում է ինձ:
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Ես սիրում եմ քեզ, Երեւա´ն,
Ինչպես մեր այն հին հեքիաթում
Դավիթին սիրում էր իրա ձին:





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users