ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՉՈՒՆԻ՞
ԱԶԱՏԱԳՐՈՒԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՅԱՆՁՆՈ՞ՒՄ ԵՆՔQUOTE
Ես ուզում եմ մի քանի հարց տալ: Բայց նախքան այդ հարցերը, պէտք է յիշեցնեմ ընդամէնը 10-15 տարուայ մի քանի իրադարձութիւններ: Յիշո՞ւմ էք՝ երբ նախկին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը անընդհատ խօսում էր Թուրքիայի հետ յարաբերութիւններ կարգաւորելու, հարեւանութիւն անելու մասին, ինչպիսի ընդվզում կար: Գոնէ ընդվզում կար Հայաստանի քաղաքական ու մտաւորական մի լայն շրջանակի մօտ: Այսօր Հայաստանի առաջին նախագահը իշխանութիւն չէ, իսկ գործող նախագահ Սերժ Սարգսեանը, ով Տէր Պետրոսեանի տարիներին եղել է նրա հաւատարիմ զինակիցը, ամէն յարմար առիթով յայտարարում է, որ Հայաստանը հողային պահանջ չունի Թուրքիայից, իսկ հայ քաղաքական եւ մտաւորական միտքը չի ալեկոծւում ու չի ընդվզում:
Կարելի է ասել, որ Սերժ Սարգսեանի թուրքական քաղաքականութիւնը գրեթէ չի տարբերւում Լեւոն Տէր Պետրոսեանի թուրքական քաղաքականութիւնից: Ընթերցողը կարող է ինձ հետ վիճաբանութեան մէջ մտնել, բայց ես՝ հայ-թուրքական յարաբերութիւններին անցնող տարիներին ուշադրութեամբ հետեւած լրագրողս, համարձակւում եմ պնդել. ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ 1990-1998 թթ. հայ պետականութիւնը, քաղաքական միտքը այդքան ոչ անարժանապատուօրէն իրեն պահէր Թուրքիայի հետ յարաբերութիւններում:
Օրինակ, չեմ պատկերացնում, որ ոեւէ մէկը այնքան կորցնէր ինքնասիրութիւնն ու արժանապատուութիւնը, որ ֆութպոլի հաւաքականի զինանշանի վրայից ջնջէր Արարատ սարը: Հիմա արդէն ուշ է եւ անիմաստ է մեղայ գալ: Ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ ՀՀՇ-ական իշխանութեան տարիներին հայկական մամուլը այդքան ճկուէր եւ Թուրքիայի նախագահին ասէր. «Բարով ես եկել, պարոն Ապտիւլլա Կիւլ»: Բացի «Երկիր»ը, մնացած թերթերը, ընդ որում նաեւ այն թերթերը, որոնք տարիներ շարունակ քննադատել են հայ-թուրքական յարաբերութիւնների ջատագով անգամ երկրորդական գործիչներին, սեպտեմբերի 6-ին 500 տոլար գումարի դիմաց մի ամբողջ էջ էին տրամադրել Ապտիւլլա Կիւլին ողջունելու համար:
Ես դեռ կը շարունակեմ իմ հարցերը, բայց մի պահ փոխում եմ դրանց բնոյթը եւ կրկին հարցնում. իսկ եթէ մեր օրաթերթերին որպէս մի էջի գովազդ առաջարկեն ոչ թէ 500, այլ 5.000 տոլար, նրանք կարո՞ղ են տպագրել այսպիսի բովանդակութեամբ գովազդ. «Մենք սգում ենք 1915 թ. սպաննուած բոլոր անմեղ հայերի եւ թուրքերի համար»: Իսկ եթէ առաջարկեն 50.000 տոլար մէկ էջ գովազդի համար եւ այսպիսի բովանդակութեամբ պատուէր տան. «Ցաւօք, ցարական զօրքերի կողմից հրահրուած 1915 թ. հայ-թուրքական բախումների հետեւանքով հարիւր հազարաւոր անմեղ հայեր եւ թուրքեր սպաննուեցին»:
Ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ Տէր Պետրոսեանի օրօք անջատուէին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանութեան յուշահամալիրի լոյսերը: «Երկիր մետիա»ն նկարահանել է եւ պնդում է, որ 2008 թ. սեպտեմբերի 6-ին, երբ Սերժ Սարգսեանն ու Ապտիւլլա Կիւլը ֆութպոլ էին դիտում, յուշահամալիրի լոյսերը անջատուած էին:
Այսօր, երբ արդէն պարզւում է, որ հայ-թուրքական յարաբերութիւններում առաջընթաց դժուար թէ գրանցուի, Հայաստանի իշխանութիւնները Թուրքիայի նկատմամբ փոքր-ինչ կոշտացնում են արտայայտութիւնների երանգը: Կիւլին բարի գալուստ մաղթող օրաթերթերը նորից սկսել են կոշտ արտայայտուել, Ֆութպոլի ֆետերասիոնի ղեկավարութիւնը երդւում է, թէ յետին նպատակով չեն Արարատը ջնջել ու նրա փոխարէն գնդակ նկարել, Հայոց ցեղասպանութեան հիմնարկ-թանգարանի տնօրէնութիւնը անհասկանալի յոխորտանքներ է հնչեցնում:
Ի հարկէ, դժուար է պնդել, որ Հայաստանի ղեկավարութիւնը՝ նախագահ Սերժ Սարգսեանը, վարչապետ Տիգրան Սարգսեանը կամ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանն են պատուէր իջեցրել, որ Հայոց ցեղասպանութեան յուշահամալիրի լոյսերը անջատուեն, Արարատը ջնջեն եւ միւս թուրքահաճոյ ու Հայաստանին պատիւ չբերող քայլերը արուեն: Միւս կողմից, սակայն, պէտք է նկատել, որ անցնող մի քանի ամիսներին Հայաստանի իշխանութիւնները Թուրքիայի հետ յարաբերութիւնների հարցում այնպիսի մթնոլորտ էին ձեւաւորել, որ իշխանութեան աւելի ցածր օղակներից սպասելի էր ցանկացած ստորագոյն քայլ:
Անկախութիւնից յետոյ Հայաստանն ունեցել է երեք նախագահ: Լեւոն Տէր Պետրոսեանի օրօք Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցը չէր դրուել արտաքին քաղաքականութեան օրակարգում, իսկ Հայաստանը չէր յայտարարում, որ Թուրքիայից ունի տարածքային պահանջներ: Այդ մասին ուղղակի նախընտրում էին լռել: Նախագահ Ռոպերթ Քոչարեանի օրօք Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցը բերուեց արտաքին քաղաքականութեան օրակարգ: Ինչ վերաբերում է Թուրքիայից տարածքային պահանջներին, ապա երկրորդ նախագահը եւ արտաքին քաղաքականութիւն իրականացնող նրա խմբակը, Վարդան Օսկանեանի ղեկավարութեամբ, ճիշդ է, եւս չէր ներկայացնում տարածքային պահանջներ, սակայն բացայայտ չէր ասում, որ Հայաստանը չունի պահանջներ:
Իսկ ահա Սերժ Սարգսեանը բացայայտօրէն, ընդ որում՝ ամէն պատեհ առիթով, լինի դա թուրք լրագրողի հետ զրոյց, թէ սփիւռքահայ համայնքի հետ հանդիպում, հարկ է համարում ընդգծել, որ Հայաստանը տարածքային պահանջ չունի Թուրքիայից, որ Հայաստանը պատրաստ է ձեւաւորել հայ եւ թուրք պատմաբաններից կազմուած յանձնաժողով եւ ընդհանրապէս Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ քննարկել ցանկացած հարց:
Մտահոգիչ է նաեւ Հայաստանի գործող իշխանութիւնների ղարաբաղեան քաղաքականութիւնը: Վերջերս ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահներից Մեթիու Պրայզան «Պի. Պի. Սի.» ռատիոկայանի հետ զրոյցում յայտարարեց. «Ղարաբաղեան հակամարտութեան լուծումը պէտք է սկսել Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան սկզբունքից, իսկ հետագայում ներգրաւել այլ լրացուցիչ սկզբունքներ, որպէսզի բանակցութիւնները հասցուեն մինչեւ փոխզիջում, մինչեւ շրջանակային պայմանագիր»:
Ամերիկացի համանախագահը նաեւ ասաց. «Մենք պիտի ասենք՝ այո, իրաւաբանական տեսանկիւնից, օրէնքով Լեռնային Ղարաբաղը Ազրպէյճանի մասն է: Բայց, վերջիվերջոյ, որպէսզի բանակցութիւնները յանգեցնեն համաձայնագրի, Հայաստանը եւս պիտի համաձայնուի դրա հետ: Մենք գիտենք, որ Հայաստանն այլ դիրքորոշում ունի, եւ մենք պիտի օգտագործենք շատ ստեղծագործական, կառուցողական մօտեցումներ, որպէսզի Հայաստանն ու Ազրպէյճանը ընդհանուր լեզու գտնեն: Դա հնարաւոր է, որովհետեւ մինչեւ ինչ-որ աստիճան այդ մօտեցումները համընկնում են»:
Պրայզան այս յայտարարութիւնն արել է արդէն աւելի քան մէկ շաբաթ առաջ, սակայն Հայաստանի իշխանութիւնները խնամքով անուշադրութեան են մատնում ամերիկացի դիւանագէտի մեկնաբանութիւնները:
Հոկտեմբերի 7-ին մոսկովեան «Ռոսսիյսքայա կազեթա» պաշտօնաթերթում տպագրուեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովի հարցազրոյցը, որում, ըստ էութեան, ռուս թիւ մէկ դիւանագէտը հասկացնել էր տալիս, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնուող շրջանները, բացի Լաչինի միջանցքից (ուշադրութիւն դարձրէք՝ ոչ թէ Լաչինի շրջանից, այլ միջանցքից), պէտք է վերադարձուեն Ազրպէյճանին:
Լաւրովի խօսքերով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորումը միանգամայն իրական է: «Դեռ մինչեւ կովկասեան ճգնաժամը (օգոստոսեան պատերազմը Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ - Թ. Յ.) ի յայտ եկաւ շատ լաւ հնարաւորութիւն՝ առաջ շարժուելու ղարաբաղեան կարգաւորման գործընթացում միջնորդների, այսպէս կոչուած ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսայի եւ Միացեալ Նահանգների աջակցութեամբ Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների ուղղակի հանդիպումների միջոցով: Մշակուեց բովանդակային փաստաթուղթ, որը նկարագրում է կարգաւորման գործնականում բոլոր սկզբունքները եւ մեքանիզմները: Չլուծուած է մնում երկու-երեք հարց, որոնք ենթակայ են համաձայնեցման Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների հերթական հանդիպումների ժամանակ: Նախ եւ առաջ, խօսքը Լաչինի միջանցքի մասին է: Եւ մեր զգացողութիւնը՝ որպէս երեք միջնորդներից մէկի, այնպիսին է, որ հանգուցալուծումը միանգամայն իրական է: Այն, անշուշտ, ուղղակի բանակցութիւնների միջոցով լուծելու են Հայաստանը եւ Ազրպէյճանը, սակայն միջնորդները, որոնք հրաշալի հասկանում են այդ գործընթացի ամբողջ նրբութիւնը, տեսնում են հանգուցալուծման հնարաւորութիւնը», ասել էր Լաւրովը:
Եւ ահա նմանօրինակ մտահոգիչ յայտարարութիւնների խորապատկերին հայ պաշտօնեաները կա՛մ լռում են, կա՛մ տալիս ոչ այնքան դիւանագիտական եւ անհասկանալի մեկնաբանութիւններ: Պիշքեքում հոկտեմբերի 10-ին կայացած Էդուարդ Նալբանդեան-Էլմար Մամետեարով-Սերգէյ Լաւրով հանդիպումից յետոյ հայ լրագրողների հետ զրոյցում Հայաստանի արտաքին գործերի նախարարը «հիւանդ երեւակայութիւններ» է որակել վերլուծաբանների այն կարծիքները, թէ ղարաբաղեան հարցում հայկական դիրքերը անբարենպաստ են: Փոխարէն իր ռուս գործընկեր Լաւրովի կամ ամերիկացի Պրայզայի մտահոգիչ յայտարարութիւններին անդրադառնալու՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարը վիրաւորական պատասխաններ է տալիս վերլուծաբաններին:
Ի դէպ, հոկտեմբերի 13-ին Մեթիու Պրայզան մէկ անգամ եւս յայտարարել է. «Մենք յուսով ենք, որ Պիշքեքում կայացած Մամետեարով-Նալբանդեան հանդիպումից յետոյ յաջորդ քայլը կը լինի Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների հանդիպումը առաջիկայ մի քանի շաբաթուայ ընթացքում: Ես կարող եմ կրկնել Միացեալ Նահանգների փոխնախագահ Տիք Չէյնիի խօսքերն այն մասին, որ մենք փնտռում ենք խնդրի լուծման փոխըմբռնելի սկզբունքներ, որոնք սկսւում են Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան սկզբունքից եւ ներառում են յաւելեալ սկզբունքներ»:
Ինչպէս Պրայզան, այնպէս էլ Լաւրովը ասել են, որ ղարաբաղեան կարգաւորման գործընթացը կ՚աշխուժանայ Ազրպէյճանի նախագահական ընտրութիւններից յետոյ: Դրանք, ինչպէս յայտնի է, կայացել են հոկտեմբերի 15-ին եւ աւարտուել առանց անակնկալների. Իլհամ Ալիեւը վերընտրուել է քուէների մօտ 90 տոկոսով:
Ընտրութիւններից մի քանի օր առաջ Ալիեւը յայտարարել էր. «Քանի դեռ Հայաստանը չի ազատել մեր տարածքները, Ազրպէյճանը կը շարունակի Հայաստանի ամբողջական մեկուսացման քաղաքականութիւնը: Մենք կը շարունակենք մեր ճնշումը դիւանագիտական, փոխադրամիջոցների, ռազմական, տեղեկատուական եւ այլ ոլորտներում: Միանշանակ է, որ մինչեւ խնդրի կարգաւորումը հնարաւոր չէ Հայաստանի հետ համագործակցութիւնը որեւէ տարածաշրջանային ծրագրում»: Ազրպէյճանի նախագահը եւս մէկ անգամ ընդգծել է, թէ ղարաբաղեան խնդրի կարգաւորումը հնարաւոր է միայն իր երկրի տարածքային ամբողջականութեան սկզբունքի համաձայն:
Վերոնշեալ յայտարարութիւնները Հայաստանում անուշադրութեան են մատնւում: Անհանգստացնող է, երբ անուշադրութեան են մատնւում ռուս եւ ամերիկացի բարձրաստիճան դիւանագէտների յայտարարութիւնները: Իսկ միգուցէ իրօք Հայաստանի ղեկավարութիւնը դէմ չէ՞ Լեռնային Ղարաբաղի յարակից շրջանները, բացի Լաչինի միջանցքի, վերադարձնել Ազրպէյճանին: Նախագահ Սերժ Սարգսեանը մի քանի անգամ հրապարակաւ յայտարարել է, որ «Աղդամը մեր հայրենիքը չէ», ինչպէս նաեւ հայ ազատամարտիկների անունից պնդել, որ երբ ղարաբաղեան ուժերը տարածքներ էին վերահսկողութեան տակ առնում, դա արւում էր ետ վերադարձնելու նպատակով:
Դուք պատկերացնո՞ւմ էք՝ հայ ազատամարտիկը կռուով առաջ է գնում՝ իմանալով, որ այդ հողերը յետ են տալու: Ես չեմ պատկերացնում:
Edited by Johannes, 21 October 2008 - 12:15 AM.