Jump to content


Photo

Amboxner' Xelagarvats


  • This topic is locked This topic is locked
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 10 June 2007 - 11:38 PM

ԱՄԲՈԽՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ
Եղիշե Չարենց


I.

Հեռո՜ւ, մոտիկ ընկերներին, աշխարհներին, արևներին,-
Հրանման հոգիներին:-
Բոլո՜ր նրանց, ում որ հոգին վառվում է վառ,-
Բոլո՜ր նրանց հոգիներին արևավառ,-
Կյանքի՜, մահի՜ այս ամեհի աղջամուղջում`
Ողջակիզվող հոգիներին – ողջո՜ւյն, ողջո՜ւյն:-

II.

Իրիկուն էր, հրակարմիր մի իրիկուն:
Արևը բորբ` մայր էր մտնում արևմուտքում:
Դաշտի վրա փռովել էր մուժ արյունամած`
Թույն էր կարծես` բորբ արևի սրտից քամած:
Արևը, թէժ` մայր էր մտնում արևմուտքում-
Ու արյուն էր դաշտի վրա, թո՛ւյն էր թքում:
Հորիզոնում վառել էր մի կարմիր քուրա-
Ու արնավառ փայլ էր փռում դաշտի վրա:
Ու արտերը, ալեծածան, վառովել էին
Արեգակի կարմիր փայլով իրիկնային:-
Դաշտը, անծայր ու անսահման, լայնատարած`
Հրակարմիր տարածվել էր նրանց առաջ:-
Ծով էր կարծես, որ սկիզբ ու սահման չունի-
Ծով էր կարծես` մշուշի մէջ իրիկունի:

III.

Արևի տակ իրիկնային, իրկնային հրով վառված`
Այդ հին դաշտում կռւում էին ամբոխները խելագարվա’ծ:
Քաղաքներից ու գյուղերից, ստեպներից հեռու ու մոտ`
Եկել էին նրանք նորից` լուսավառված ու կրակոտ:
Ով քաղաքից էր հեռացել – նա թողել էր մշուշը ծեր,-
Մշուշը, որ կյանքի վրա մխաշաղախ ամպ էր դարձել:
Ով եկել էր գյուղից հեռու – նա թողել էր հողը խոնավ,
Որի վրա կյանքը հլու ո՛չ մի ոսկի հասկ չծնավ:
Ով եկել էր ստեպներից, նա թողել էր անծայրածիր
Լայնությունը հորիզոնի, որ իր համար բանտ էր դարձել:
Ով քաղաքից էր հեռավոր, ուր մառախուղ էր անորոշ`
Նա բերել էր թոքախտավոր սիրտը, որպես կարմիր դրօշ:
Ով եկել էր թողած հեռուն անծայրածիր մութը գյուղի`
Բերել էր իր մկաններում բեղմնաւորված ույժը հողի:
Ով եկել էր ստեպներից, ուր ապրում էր որպես գերի-
Բերել էր իր լուրթ աչքերում լայնությունը ստեպների…
Ըմբոստացած, խելագարված, չտանելով հին կյանքը էլ`
Անծիր դաշտում այդ հավաքված` նրակք կռվի էին ելել:

IV.

Մայր էր մտնում իրիկնային արևը` թեժ լույսով վառված-
Ու երգելով կռվում էին ամբոխները խելագարված:
Դաշտն էր դեմը, փռված էր նա` շառագունած ու արևուն,-
Ու հետևում, ճամբի վրա հսկա քաղաքն էր երևում:
Ծո՜յլ նազանքով, իրիկնային արևի տակ անփույթ փռված`
Պսպղում էր քաղաքը հին` հազարերանք մի զանգըված:
Հեռո՜ւ, հեռո՜ւ, անծայր ու լայն, տարածվել էր քաղաքը հին-
Լողանում էր կարծես մարմանդ մշուշի մէջ իրիկնային:
Հաղթ շենքերը, բարձր ցցված, կարծես կախված կարմիր օդում`
Հետըզհետե մթնում էին, անգունանում ու աղոտում:
Հեռու հրով միայն վառված պատուհանները ապակի
Փայլում էին արյունամած վերջին հրին արեգակի.
Արևի դեմ փայլում էին հրաբոսոր`
Բռընկվել էր նրանց սրտում տագնապը սուր…
Եւ երկընքի սիրտը մխված բևեռների պես արնաքամ`
Փայլում էին արյունամած ծխնելույզներն հսկայական:
Ծուխ չէր ելնում նրանց փողից` չէին փնչում երկինքն ի վեր.
Չէր կարծրանում նրանց ծուխից իրիկնային երկինքը էլ:-
Լոկ մշուշը իրիկնային թանձրանում էր հետզհետե-
Ու մշուշում կորչում էին ծխնելույզները երկաթե:

V.

Իսկ քաղաքից դէպի հարաւ` ահատեսիլ ու յաղթական`
Երևում էր երկաթուղու կայարանը հսկայական:
Լսւում էր մերթ շոքեկառքի սուլոցը սուր հեռու մուժում-
Մորթում էին կարծես այնտեղ խելագարված մի անասուն…
Ճչում էր սուր, յուսակտուր, ու յուսահատ ձայնը նրա,
Որպես անդարձ մահի մի լուր տարածւում էր դաշտի վրա:-
Ցրված էր նա, կայարանը, հսկայ ու յաղթ, նրանց առաջ-
Ու հանգույցից կայարանի, դաշտովը մէկ լայնատարած`
Դէպի հիւսիս, դէպի հարաւ, ւ արևմուտք ու արևելք-
Ուղիները երկաթաձիգ ձգուել էին ամէնուրեք:-
Երակների պես երկաթէ քաղաքամոտ կայարանից`
Հեռո՜ւ, հեռո՜ւ ձգուել էին ուղիները երկաթաձիգ:
Երակների պես երկաթէ` ամուր գրկած կուրծքը հողի`
Սեղմըւելով հետզհետէ` փախչում էին գաղտնագողի…
Ու ցցված էր ուղիների խաչակնքման սեղմ հանգույցում-
Կայարանը, որպես մի հարց, որպես հսկայ մի քարացում:
Ուղիների ճամբամիջում հանգույց էր նա կարծես կապված-
Ու անզիջում կռւում էին ամբոխները խելագարված:
Կարծես նետված մի յաղթ ձեռքով` աշխարհային կամքին հլու`
Գնո՜ւմ էին կռուո՜վ, երգո՜վ կայարանը գրաւելո՛ւ:

VI.

Կռւում էին: Սուրում էր մի իրիկնային մարմանդ քամի:
Դէմը քաղաքն էր տարածուել` հազարամեայ մի թշնամի:
Սֆինքսի պես հսկայական, շէկ ծծերը դրած հողին`
Նա կտրել էր արևակամ ամբոխների կարմիր ուղին:
Ու կայարանը` յաղթանդամ, իրիկնային կարմիր մուժում,
Յաղթ նստել էր նրա առաջ, որպես նրան հսկող մի շուն:
Յաղթ նստել էր նրա առաջ ու տիրուհու կամքին գերի`
Երթն էր հսկում գետնատարած, երկաթագիծ ուղիների:
Ու գծերի մոտ երկաթէ, դէպի հիւսիս. դեպի առաջ`
Ձգուել էին ալիքաձև խրամատներ գետնատարած:
Թշնամին էր պահուել նրանց ալիքաձև գետնափորում
Ու մատներով արիունոտված դէմը փռված դաշտն էր փորում:
Մտել էր ջերմ կուրծքը հողի՜, հողի սրտում դարան մտած`
Կրակում էր գաղտնագողի, նենգ ձեռքերով արյունոտած:
Կռւում էին` մոտենալով, մոտենալով հետզհետէ:
Պայթում էին զրընգալով հրանօթները երկաթէ:-
Ե՜րգ էր կարծես կռիւը այդ, որ զրնգում էր մայրամուտում.
Նայես` թռաւ մի հրանօթ ու թունդ պայթեց խրամատում…

VII.

Կռւում էին, ու կռուելով անցնում էին նրանք առաջ:
Ու դաշտերում իրիկնային մա՜հն էր քրքջում համատարած:
Երգում էր նա` երգը խառնած հրանօթի զրնգունին,-
Անցնում էին նրանք առաջ ու կրակված կռւում էին:
Ե՜րգ էր սիրտը ամէն մէկի, երգ էր հայեացքը կրակոտ.
Վառւում էր սիրտը ամէնքի, որպես կարմիր մի առաւօտ:
Ե՜րգ էր կարծես արևը հին` իրիկնային լույսով վառված-
Եւ երգելով կռւում էին ամբոխները խելագարված...

VIII.

Եւ երգում էր մէկը` հզօր, հուժկու ձայնով ահեղագոչ,
Գո՜վքն էր երգում կռուի ելած, արիացած իր ընկերոջ:-
Որպես բազէ` երգը նրա սլանում էր հեռո՜ւ, հեռո՜ւ-
Եւ երգելով կռւում էր նա` լուսաժպիտ ու ահարկու:
Երգում էր նա: Մայր էր մտնում արևը հին` կարմիր քուրայ:
Եւ դաշտերում իրիկնային – զանգ էր կարծես ձայնը նրա:
Զա՜նգ էր կարծես, զնգում էր զիլ, որ ողջ աշխարհը իմանայ-
Բորբ կարօտով անծայրածիր, կրակելով երգում էր նա:

IX.

“Ստեպներից, անտառներից, քաղաքներից հեռու ու մոտ,
Մենք մեր սիրտն ենք բերել նորից` յուսավառված ու կրակոտ.
Այնտեղ հիմայ կռիւ է, մահ, ու աղջամուղջ է անորոշ,-
Մենք մեր սիրտն ենք պարզել հիմա – մահի հանդէպ` կարմիր դրօշ:
Արյունաքամ մա՜յր է մտնում հազարամեայ արևը հին.
Արյունավառ ժպտում էմ եզ այս աշխարհը իրիկնային…
Ու խնդասիրտ կռւում ենք մենք, ե՜րգ ենք ասում, կռւում հիմի.
Կուրծք է տուել աշխարհը ողջ` հազարամեայ մի թշնամի…
Բայց անվհատ կռւում ենք մենք, ու մահը` սէգ, ժպտում է մեզ-
Շատերս, ախ, պիտի զոհենք սրտերը մեր կարօտակէզ,-
Անողոք է երթը այս սէգ, ինչպես կարմիր կարօտը մեր-
Կրակեցէ՛ք, կրակեցե՛ք, խելագարված իմ ընկերներ…”

X.

…Մայր էր մտնում իրիկնային արևը` թէժ լույսով վառված:
Ու անվհատ կռւում էին ամբոխները խելագարված:
Աչքերի մէջ` կարմիր մի հուր, ու սրտերում – կարմիր կրակ`
Վերջին թափով մի ամրակուռ` անգայթ կռւում էին նրանք:
Խենթ երգելով, կրակելով նրանք անցնում էին առաջ-
Ու թշնամին փախուստ տուեց` ահաբեկված ու վտարված:-
Մութ էր արդէն, մայր էր մտել արեգակի շողը վերջին,
Երբ գրոհով մի անվեհեր կայարանը գրաւեցին…

XI.

Մութ է հիմա: Գիշերը, խոր, իջել է վար:
Մութ է հիմա, թանձր խավար:
Երկաթուղու կայարանում, ուր ո՛չ մի լույս չկա վառված,
Խռնուել են հազարանուն ամբոխները խելագարված:
Գիշերնի մէջ չեն երևում յաղթ կամարները երկաթէ`
Լույս չեն վառել կայարանում, որ թշնամին չնկատէ:
Սպասում են` աչքներն յառած խավարամած հեռուներին`
Մութը իջաւ համատարած, մինչ կայարանը վերցրին:-
Սպասում են, որ մինչև լույս գոնէ մի քիչ հանգստանան
Ու առաւօտ դուրս գան նորից ու քաղաքի վրա գնան:
Աչքերն յառած թանձր մութին, սրտատրոփ, անապաքէն`
Սպասում են առաւօտին, որ կռիւը շարունակեն:
Մի քիչ առաջ, արյունաքամ, երբ դեռ դաշտում կռւում էին
Մօ՜տ էր թւում քաղաքն այնքան երկաթուղու կայարանին...
Եկան իրենք, կռուով, երգով գրաւեցին կայանը մեծ-
Իսկ թշնամին փախուստ տուեց ու քաղաքում պատսպարուեց:
Սպասում են իրենք հիմա, որ մինչև լույս հանգստանան-
Ու առաւօտ դուրս գան նորից և քաղաքի վրա գնան:

XII.

Ու մթի մէջ հազարամեայ, գիշերի մէջ խորը, անհուն`
Խռնուել են նրանք ահա երկաթուղու կայարանում:
Դաշտն է դէմը, խավարակուռ ձգված է նա:
Չկայ մի ձայն, չկայ քամի, մութ է հիմա:
Դաշտն է դէմը` անծիր, անծայր մի զանգված խավարամութ,
Ուր նստել է անաչք, անլույս խորհրդաւոր կասկածը մութ:
Շնթռկել է որպես մի շուն, որ խավարն է հսկում հիմի,-
Շնթռկել է թանձր մուժում, որպես անտես մի թշնամի:
Մութն է նստել կասկածը հին ու աչքերով խավարամած
Նայում է նա կայարանին, որ կանգնած է նրա դիմած:
Շարժըւում է մութը կարծես ու խավարով իր աչքերի-
Նայում է նա լուրթ աչքերին խելագարված ամբոխների:
Ու տագնապով անլռելի, հայեացքներով անթարթ լարված`
Նայում են մութ հեռուներին ամբոխները խելագարված:
Լուրթ աչքերով խորը, տխուր-մո՜ւթն են դիտում նրանք անհուն-
Ու դժժում է աղմուկը խուլ գիշերային կայարանում…


XIII.

Հոծ բանակով, հսկայական կայարանի դէմ խռնված`
Լուրթ աչքերով արևակամ – դաշտն են դիտում խավարամած:
Մո՛ւթ է դէմը, ու խավարում, որ բացուել է, որպես անդունդ`
Երևում է հեռո՜ւ – հեռո՜ւն կարմիր լույսով վառուող մի գունդ:
Աչքերի դէմ մթնակալած, հայեացքների դէմ ակընդէտ -
Հեռու մթում լույսն այդ վառված գո՛ւնդ է թւում, կարմիր մի կէտ:
Գիշերի մէջ – կարմի՜ր, կարմի՜ր, տագնապալից վառւում է նա`
Գիշերի մէջ վառել են, որ զօրքը պատրաստ արթուն մնայ:
Անծայրածիր մթում հեռուի կարծես կարմիր գլուխ է շան-
Վառել են այն, որպես կռուի ու տագնապի ազդանշան:
-Քաղաքն է այն հազարամեայ, ուր տագնապ ու տենդ կայ հիմի
Պահուել է նա, որպես վախից խելագարված մի թշնամի,
Ու կրակը այդ կարմրակէզ – ահանշան ու վիթխարի –
Մի արնագույն կէտ է կարծես ուղեղի մէջ խելագարի:
Բռընկուել է յույսով յետին, հոգեվարքի տենդով վառված –
Ու նայում են կարմիր կէտին ամբոխները խելագարված…

XIV.

Գիշերի դէմ խավարամած, աչքերն յառած կարմիր կէտին`
Ամբոխները խելագարված սպասում էին առաւօտին:
Ու վառւում է խավարակուռ հոգիներում նրանց անգայթ
Կէտը այդ մուգ, որպես հեռու, հրաբոսոր մի ճառագայթ:
Սուր մխուել է նրանց սրտում, որպես մի թէժ, կարմիր բևեռ-
Թույն է լցնում, ու բորբոքում, ու երազներ աշխարհաւեր…
Աղմկում է նրանց սրտում մորմոքը հին, հազարամեայ-
Տենդ է սփռում ու խլրտում նրանց անգայթ սրտում հիմա:
Լուրթ աչքերում փայլում է վառ արյունամած մի ցանկություն-
Ու աչքերը միլիոնաւոր թո՛ւյն են թքում, արյուն ու թույն:
Բարձրանում է նրանց սրտից տարիների մաղձը աղի-
Ու վառւում է լուրթ աչքերում` արյունալից ու կատաղի:
Ու աչքերը արյունամած անթարթ յառած կարմիր կէտին`
Ամբոխները խելագարված սպասում էին առաւօտին:

XV.

...Գիշերի՛ դէմ գիշեր է մութ խավարամած նրանգ հոգին,
Որ կարօտով մի կրակոտ սպասում է առաւօտին:
Խավար է մեծ սիրտը նոցա, բայց խավարում անծայրածիր-
Երկինքնե՜ր կան կապուտաչեայ, հորիզոննե՜ր` անծա՛յր, անծի՜ր:
Ու աչքերում նրանց կապույտ, ուր իջել է գիշերը մութ-
Հազա՜ր բողբոջ կայ կրակոտ, ու արշալույս, ու առաւօտ:
Նրանց ձգված մկաներում ո՛յժն է նստել խոնաւ հողի-
Եթէ ուզեն` արևներին նոր տե՛մպ կը տան ու նոր ուղի…
Եթէ ուզեն` արեգակնե՜ր կը շպրտեն երկինքն ի վեր.
Եթէ ուզեն` վա՛ր կը բերեն երկինքներից արեգակներ…
Եթէ ուզեն` կամքով արի ու աշխարհի հրով վառված…
Ինչե՜ր միայն չեն կատարի ամբոխները խելագարված...

XVI.
Ու հոսում է գիշերը մութ, մոտենում է առաւոտին:
Հոսում է պաղ ու անօգուտ սպասումի ժամը յետին:
Դաշտից ահա սուրում է զով, մարմանդ քամին առաւոտի-
Ու վառւոմ է վերջին լույսով կրակը այն կարմիր կէտի:
Նօսրանում է խավարն ահա, գունատւում է հետզհետէ-
Ճեղքում է մութն արևելքում հսկայական, հրէ մի թև:
Ու սուրում է հեռուներից առաւօտովայ կիսամթում-
Մարմա՜նդ, մարմա՜նդ, բուրումնալից, գարնանային մի թարմություն:
Շարժըւում է խավարը թէն ու հեռևում խավարամած
Երևում է քաղաքն արդէն` մութ, անորոշ մի զանգըված:
Յաղթ շէնքերի պատերը յաղթ որոշւում են հետզհետէ,
Երևում են ահա հպարտ ծխնելույզները երկաթէ…
Ու բորբ սրտում ամբոխների թո՛ւնդ է առնում կարօտը վառ,
Երկինքներում լուրթ աչքերի վառւում է տենդը հոգեվար...
Բո՛րբ աչքերով նայում են մեծ, խավարակուռ զանգըվածին-
Ու վառւում է սիրտը նրանց, որպես հրդեհ արեգնածին…
-Պիտի երթան առա՜ջ հիմա, պիտի առնեն քաղաքը մեծ,
Պիտի թափե՜ն նրա վրա հազարամեայ մաղձը իրենց:
Քանդե՜ն պիտի ու աւերեն, տեղը փոշի՜ պիտի փռեն-
Հազարամեայ քաղաքը այդ քանդե՜ն պիտի ու աւերեն:
Այրե՜ն պիտի, խելագարված պիտի պարե՜ն հրդեհներում,
Ու կարմրավառ կրակ ու կայծ պիտի փռեն երկրի հեռուն:
Ու մնացած մոխիրը ձիգ պիտի այրե՜ն նրանք նորից,
Որ կյանքը հին, որպես փյունիկ, չբարձրանա՜յ մոխիրներից…
Քամո՜ւն տալով մոխիրը այն, որ տանի ու ետ չբերի
Դէպի հեռո՜ւն պիտի երթան դեռ չծնված արևների…

XVII.

…Լուսաբացին, երբ կարմրածուփ հորիզոնում հրաշուշան
Կարմիր վառուեց արևը բորբ, որպես կռուի ազդանշան,
Երբ բռնկուեց արևելքում արևը` նոր լույսով վառված-
Դո՜ւրս նետուեցին կայարանից ամբոխները խելագարված...
Դէմը դաշտն էր անծայրածիր, ուր մշուշ էր արևագույն,
Ու մշուշում շոգիացող, առաւօտի մարմանդ միգում,
Կրկէսի պես մի վիթխարի, խայտաբղէտ, խայտանկար-
Եզերքի մոտ ճանապարհի երևում էր քաղաքը քար...
Աչքերն յառած հեռո՛ւ-հեռո՜ւն կարմիր վառուող արեգակին`
Արևավառ հեռուներում նրանք կռւում էին կրկին.
Հոծ խմբերով հազարանուն, արեգակի հրով վառված`
Դէպի Արե՛ւն էին գնում ամբոխները խելագարված...




1 user(s) are reading this topic

0 members, 1 guests, 0 anonymous users