A bit too long but worth it. Translations will be appreciated.
From AZG
=====
Եթե կարող ենք վիճարկել այն
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սեւրի պայմանագրով Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է կազմեր, ընդհանուր առմամբ, 162.000 քառակուսի կիլոմետր: Սակայն հետագայում կնքված Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի արդյունքում այդ տարածքը կրճատվեց մինչեւ 30 հազար քառ. կիլոմետրի: Մենք արդյոք պատրա՞ստ ենք հաշտվելու Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի հետ: Այս խնդրի, նշված պայմանագրերի վիճարկման հնարավորությունների եւ անհետաձգելի անհրաժեշտության շուրջ է մեր հարցազրույցը փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԻ հետ:
- Որքանո՞վ էին իրավական Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը, դրանց դրույթները համապատասխանո՞ւմ էին միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին: Ներկայումս արդյոք կա՞ն այդ պայմանագրերը վիճարկելու իրավական հիմքեր, վիճարկման մեխանիզմներ:
- Այս եւ ոչ միայն այս հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է ձեւավորել մի քանի պատմաբաններից եւ միջազգային իրավունքի ոլորտում մասնագիտացած ու մասնագիտացող իրավաբաններից բաղկացած աշխատանքային խումբ: Այսինքն` մի խումբ, որը կկարողանա խորապես ուսումնասիրել առկա բոլոր խնդիրները, ինչից հետո եզրակացությունները կներկայացնի ՀՀ իշխանություններին: Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը վիճարկելու համար, առանց ուշացնելու, պետք է ձեռնամուխ լինել այդպիսի մի միասնական աշխատանքի: Այն իր մեջ պետք է ներառի ոչ միայն հիշյալ պայմանագրերի բոլոր խոցելի կետերի վերհանումը եւ դրանց անվավերության հիմնավորումները, այլեւ այն դատավարական մեխանիզմների մշակումը, որոնց միջոցով հնարավոր կլինի միջազգային ատյաններում առավել արդյունավետ կերպով վիճարկել այդ պայմանագրերը: Այնուամենայնիվ, անդրադառնամ ձեր այն հարցին, թե որոնք են այդ պայմանագրերի վիճարկման հիմքերը: Նախ` Մոսկվայի պայմանագրի անվավերականության մասին:
1921-ի մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ կնքվեց պայմանագիր, որով իրավունքներ ու պարտականություններ էին սահմանվում ոչ միայն պայմանավորվող երկու պետությունների, այլեւ այդ պայմանագրի կողմ չհանդիսացող Հայաստանի եւ Անդրկովկասի մյուս երկու պետությունների համար: Մասնավորապես այդ պայմանագրով Թուրքիային եւ Ադրբեջանին էին բռնակցվում Հայաստանի մի շարք տարածքներ: Մինչդեռ, իրավունքի հանրաճանաչ սկզբունք է, որ պետությունների միջեւ կնքված որեւէ պայմանագիր չի կարող իրավունքներ եւ պարտականություններ ստեղծել այդ պայմանագրի կողմ չհանդիսացող պետության համար: Հետեւաբար Մոսկվայի պայմանագիրը չի կարող որեւէ իրավունք ստեղծել Թուրքիայի կամ Ադրբեջանի համար այն մասով, որը վերաբերում է հայկական հողերին, եւ, միաժամանակ, չի կարող պարտավորեցնել Հայաստանին` հաշտվելու այդ հողերի կորստի հետ:
Մոսկվայի պայմանագրի անվավերականությունը գիտակցում էին նաեւ պայմանավորվող կողմերը: Այդ իսկ պատճառով, Թուրքիայի պնդմամբ, Ռուսաստանը պայմանագրի 15-րդ հոդվածով իր վրա պարտավորություն է վերցրել «... Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ դիմել քայլերի, որպեսզի այդ հանրապետությունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրերում անպատճառ ճանաչվեն սույն պայմանագրի այն հոդվածները, որոնք վերաբերում են իրենց»:
Պայմանագրի մեջբերված այս դրույթը վկայում է երկու չափազանց կարեւոր հանգամանքի մասին: Նախ` Թուրքիան եւ Ռուսաստանը փաստորեն ընդունում էին, որ Մոսկվայի պայմանագիրն անվավեր է, քանի դեռ դրան չեն միացել այն պետությունները, ում այդ պայմանագիրն անմիջականորեն վերաբերում է, եւ երկրորդը, որ Ռուսաստանը պայմանագրի կնքման պահին ուներ բավարար լծակներ` ստիպելու Հայաստանին, որպեսզի վերջինս ընդունի Մոսկվայի պայմանագիրը: Երկրորդ հանգամանքը կարեւոր է հատկապես Կարսի պայմանագրի իրավական գնահատականի համար: Այսպիսով, Մոսկվայի պայմանագիրը, առանց Հայաստանի համաձայնության, անվավեր է բոլոր այն դրույթների առումով, որոնք վերաբերում են Հայաստանին:
- Ռուսաստանը մի՞թե չէր գիտակցում դա:
- Գիտակցում էր եւ դրա համար էլ կատարեց Մոսկվայի պայմանագրի 15-րդ հոդվածով իր պարտավորությունը` Հայաստանին ստիպեց կնքել Թուրքիայի հետ Կարսի պայմանագիրը, որով Հայաստանի իշխանությունները ճանաչեցին Մոսկվայի պայմանագրի` Հայաստանին վերաբերող հոդվածները:
- Անդրադառնանք Կարսի պայմանագրին. հնարավո՞ր է հիմնավորել դրա անվավերականությունը:
- 1921-ի հոկտեմբերի 13-ին Կարսում, Ռուսաստանի մասնակցությամբ կնքվեց այդ պայմանագիրը Անդրկովկասյան հանրապետությունների եւ Թուրքիայի միջեւ: Միջազգային իրավունքը վավերական է համարում այն պայմանագրերը, որոնք կնքվել են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, այսինքն` պահպանվել են պայմանագիրը կնքող կողմերին, նրանց կամքի արտահայտմանը, պայմանագրի առարկային եւ կնքման ձեւին վերաբերող իրավական պահանջները: Այլ պահանջների համաձայն, պայմանագիրն անվավեր է, եթե կնքվել է կողմերից մեկի կամ նրա ներկայացուցչի նկատմամբ հարկադրանքի ազդեցության տակ: Կարսի պայմանագրի 2-րդ հոդվածում հռչակված է հենց այդ սկզբունքը` «Պայմանավորվող կողմերը համաձայնվում են չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջազգային որեւէ այլ ակտ, եթե կողմերից մեկին ուժով են հարկադրել այն ընդունել... »:
- Արդյոք կարելի՞ է համարել, որ Կարսի պայմանագիրը Հայաստանի ժողովրդի ընտրած լեգիտիմ իշխանության կողմից, սեփական կամքով, առանց հարկադրանքի կնքված պայմանագիր է:
- Եթե Հայաստանի իշխանություններն ինքնուրույն լինեին իրենց որոշումներում, ապա Ռուսաստանը չէր կարող Մոսկվայի պայմանագրի 15-րդ հոդվածում պարտավորվել «...Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ դիմել քայլերի, որպեսզի այդ հանրապետությունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրերում անպատճառ ճանաչվեն սույն Պայմանագրի այն հոդվածները, որոնք վերաբերում են իրենց»: Այն, որ Ռուսաստանը նշված պարտավորությունն էր ստանձնել, վկայում է այն մասին, որ նա բավարար լծակներ ուներ` Հայաստանի իշխանություններին այդ պայմանագրերը թելադրելու համար: Թուրքիան, իր հերթին, համոզված էր, որ Ռուսաստանն ունի այդ լծակները եւ գործադրելու է դրանք, հակառակ դեպքում հիմք չէր ընդունի Ռուսաստանի այդ պարտավորությունը:
Կարսի պայմանագիրը Հայաստանի կողմից ստորագրել են Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Ասքանազ Մռավյանը եւ Ներքին գործերի ժողովրդական կոմիսար Պողոս Մակինցյանը: Հայաստանի ղեկավարներն էին Վ. Լենինի ցուցումով եւ ՌԿ(բ)Կ Կենտկոմի որոշմամբ Սովետական Հայաստան ուղարկված Ա. Մյասնիկյանը եւ Ս. Լուկաշինը: Հասկանալի է, որ Խորհրդային Հայաստանի քաղաքականությունը ամբողջությամբ կախված էր Մոսկվայից եւ Հայաստանի իշխանությունները չէին կարող չստորագրել Կարսի պայմանագիրը: Այսպիսով, Հայաստանը որպես պայմանագրի մասնակից, զուրկ է եղել իր իրական կամքն արտահայտելու հնարավորությունից եւ Կարսի պայմանագրի կողմերի միջեւ իրականում որեւէ համաձայնություն ձեռք չի բերվել: Միջազգային իրավունքի տեսանկյունից նման պայմանագիրն անվավեր է ի սկզբանե:
- Միջազգային իրավունքի ուրիշ ի՞նչ սկզբունքներ են խախտվել Կարսի պայմանագրի կնքմամբ:
- Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ Կարսի պայմանագիրը կնքվել է իրավահավասարության սկզբունքի խախտմամբ: Մրջազգային պայմանագիրը համարվում է իրավահավասար, եթե կնքվել է կողմերի ինքնիշխանության, կամավորության եւ նրանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների պահպանմամբ: Մինչդեռ վերը նշված փաստերը վկայում են, որ Կարսի պայմանագրի կնքման ժամանակ խոսք լինել չէր կարող իրավահավասարության մասին:
Խախտվել է նաեւ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի արդյունքում Թուրքիային եւ Ադրբեջանին են անցել մի շարք այնպիսի տարածքներ, որոնք ոչ միայն պատմականորեն հայկական են, այլեւ պայմանագրի կնքման պահին դեռ հայաբնակ էին: Այսպիսով, պայմանագրի կողմերը (իսկ այդ պայմանագրերի կողմեր, ինչպես արդեն հասկանալի է, պետք է համարել միայն Թուրքիային եւ Ռուսաստանին) բացահայտ կերպով խախտել են նաեւ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Մինչդեռ հենց Մոսկվայի պայմանագրի ներածական մասում կողմերը հռչակել են, որ հիմք են ընդունում, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը: Նույն սկզբունքը հռչակված է նաեւ Կարսի պայմանագրի ներածական մասում: Սա նշանակում է, որ նշված պայմանագրերը հակասում են միջազգային իրավունքի այն սկզբունքներին, որոնց վրա հիմնվել են պայմանավորվող կողմերը: Սա եւս մեկ անվիճելի հիմք է պնդելու, որ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերն անվավեր են:
- Հնարավո՞ր է հիշյալ պայմանագրերի վիճարկումը, երբ արդեն ավելի քան ութ տասնամյակ է անցել:
- Միջազգային պայմանագրի (հատկապես այնպիսի պայմանագրի, որով սահմանվում են պետությունների սահմանները) վիճարկումը ժամանակի ընթացքում անկասկած գնալով դժվարանում է: Իրավաբան-միջազգայնագետների շրջանում ընդունված է այն տեսակետը, որ պատմական իրավունքների վերականգնման հարցին պետք է վերաբերվել շատ զգույշ. խոսք կարող է գնալ այնպիսի խախտումների վերացման մասին, որոնք տեղի են ունեցել ոչ այնքան վաղուց` 1-2 սերնդի կյանքի ընթացքում:
- Իսկ կա՞ն հակաիրավական միջազգային պայմանագրերի հաջողված վիճարկման եւ իրավունքների վերականգնման օրինակներ:
- Բռնությամբ պարտադրված, անիրավահավասարության կամ այլ հիմքով հակաիրավական միջազգային պայմանագրերի վիճարկման շատ օրինակներ կան, ընդ որում, նաեւ ընդամենը մի քանի տարի առաջ, կարելի է ասել մեր օրերում արձանագրված օրինակներ: Մասնավորապես, Պանամայի կառավարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առջեւ 1973-ին հարց բարձրացրեց` Պանամայի ջրանցքի տարածքի նկատմամբ իր երկրի ինքնիշխանությունը վերականգնելու վերաբերյալ: Արդյունքում` ԱՄՆ-ի եւ Պանամայի միջեւ 1903-ին կնքված անիրավահավասար եւ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոտնահարող պայմանագիրը վերացվեց եւ 2000-ին Պանամայի ջրանցքի տարածքը վերադարձվեց նրա օրինական տիրոջը:
Նույն կերպ վերացվեց 1887-ին Չինաստանին պարտադրված պայմանագիրը, որով չինական Մակաու թերակղզին հայտնվել էր Պորտուգալիայի տիրապետման տակ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը հրաժարվեց ճանաչել այդ հակաիրավական պայմանագիրը: Երկարատեւ գործընթացի արդյունքում Չինաստանը 1999-ին կարողացավ վերականգնել իր ինքնիշխանությունը սեփական տարածքի նկատմամբ:
Վերջին տարիներին միջազգային ատյաններում օրակարգային խնդրի է վերածվել 1903-ին ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ կնքված անիրավահավասար պայմանագրի վերանայման հարցը: Այդ պայմանագրով կուբայական Գուանտանամո տարածքը հայտնվել է ԱՄՆ իշխանության ներքո: Կուբայի Հանրապետությունը ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Գուանտանամոյի տարածքի տիրապետումը ապօրինի է եւ ոտնահարում է Կուբայի ժողովրդի կամքը, իրավունքները եւ շահերը: Նշված խնդիրը մոտ ապագայում գուցե չի լուծվելու, սակայն միջազգային ասպարեզում Կուբայի համապատասխան քայլերը ԱՄՆ-ին զրկում են հետագայում տարածքի տիրապետման վաղեմությունը կամ Կուբայի լռելյայն համաձայնությունը իբրեւ պայմանագիրը վավերական համարելու վերաբերյալ սեփական պնդումների հիմնավորում օգտագործելու հնարավորությունից:
- Իրավունքի հանրաճանաչ սկզբունքների խախտմամբ Հայաստանից Թուրքիային օտարված տարածքների հարցը միջազգային բարձր մակարդակով երբեւէ քննարկման առարկա դարձե՞լ է:
- Չմոռանանք, որ ոչ այնքան վաղուց` 1945-ի հուլիս-օգոստոս ամիսներին, Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած երեք դաշնակից պետությունների ղեկավարները Բեռլինի (Պոտսդամի) կոնֆերանսի ընթացքում քննարկման առարկա էին դարձրել Հայաստանից բռնի կերպով Թուրքիային օտարված տարածքների հարցը: Հուլիսի 22-ին տեղի ունեցած նիստի ընթացքում անդրադառնալով նշված տարածքների հարցին, Ստալինը խոսքը փոխանցել է ԽՍՀՄ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Մոլոտովին, որը, մասնավորապես, ասել է. «Մենք համարում ենք, որ ԽՍՀՄ եւ Թուրքիայի միջեւ սահմանը որոշ տեղերում անարդար է: Իրոք, 1921-ին Խորհրդային Հայաստանից եւ Խորհրդային Վրաստանից տարածքներ են օտարվել` դա Կարսի, Արտվինի եւ Արդահանի հայտնի տարածքն է... »:
Հուլիսի 23-ի նիստում անդրադառնալով նույն հարցին, Ստալինը հայտարարել է. «... Մենք համարում ենք, որ Ղարսի եւ Արդահանի շրջանում սահմանը սխալ է եւ մենք հայտարարել ենք Թուրքիային, որ եթե նա ուզում է մեզ հետ դաշինք կնքել, պետք է «սահմանն ուղղվի»: Ի դեպ, վերը կատարված մեջբերումները ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կողմից հրատարակված «Берлинская (Потсдамская) конференция руководителей трех союзных держав-СССР, США и Великобритании, сборник документов, Москва, Издательство политической литературы, 1984 г.» աշխատությունից են:
- Արդյոք կա՞ն միջազգային ատյաններ, որոնք իրավասու են քննության առնելու նշված պայմանագրերի անվավերության խնդիրը:
- Նմանատիպ իրավիճակներում հայտնված երկրների օրինակից ելնելով, կարելի է հարցը բարձրացնել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում, որն, իր հերթին, անհրաժեշտության դեպքում, ՄԱԿ-ի կանոնադրության 96-րդ հոդվածով նախատեսված կարգով, կարող է բարձրացված խնդրի իրավական կողմի վերաբերյալ պահանջել եւ ստանալ Միջազգային դատարանի խորհրդակցական եզրակացությունը:
Անդրադառնանք խնդրին մեկ այլ տեսանկյունից: Պետք չէ մոռանալ, որ խախտելով Հայաստանի իրավունքները` վերը նշված անվավեր պայմանագրերի միջոցով տիրանալով հայկական տարածքներին, Թուրքիան խախտել է ոչ միայն Հայաստանի` միջազգային իրավունքի սուբյեկտի, իրավունքները, այլեւ, միաժամանակ, բազմաթիվ հայերի սեփականության իրավունքը, որոնք ստիպված են եղել Թուրքիայի տարածքում թողնել իրենց ողջ անշարժ գույքը: Ընդ որում, դա մի այնպիսի խախտում է, որը չի ավարտվել կատարման պահին, այլ շատ դեպքերում տեւում է մինչ օրս: Այժմ էլ կան մարդիկ, որոնք դեռ սեփականություն ունեն Թուրքիայում, սակայն վերը նշված իրադարձությունների պատճառով մինչ օրս չեն կարող տիրել իրենց սեփականությանը:
Վերը նշվածի առումով պետք է նկատի ունենալ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իրավասու է քննարկելու «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի խախտումների վերաբերյալ բոլոր այն գանգատները, որոնք, սահմանված չափանիշներին համապատասխան, անձինք ներկայացնում են այդ կոնվենցիան վավերացրած ցանկացած պետության դեմ: Ինչպես հայտնի է, Թուրքիան նույնպես վավերացրել է Եվրոպական կոնվենցիան, ուստի Եվրոպական դատարանն իրավասու է քննելու նաեւ Թուրքիայի դեմ տրված գանգատները:
Եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը վերաբերում է անձի սեփականության իրավունքի պաշտպանությանը: Այդ հոդվածը, մասնավորապես, նախատեսում է, որ Կոնվենցիային միացած յուրաքանչյուր պետություն պարտավոր է յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար ապահովել իր գույքից անարգել օգտվելու իրավունքը: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր ոք, ով ներկայումս Թուրքիայում անշարժ գույք ունի, կարող է իր գույքը հետ պահանջել, իսկ չվերադարձման դեպքում դիմել Եվրոպական դատարան ընդդեմ Թուրքիայի:
- Այն, որ Թուրքիան Եվրոպական կոնվենցիան վավերացրել է 1990-ին, մինչդեռ հայերը Թուրքիայի տարածքում գտնվող իրենց սեփականություններից զրկվել են շատ ավելի վաղ, չի՞ կարող առարկությունների պատրվակ ծառայեցվել:
- Այո, կարող է պատճառաբանվել, թե Եվրոպական դատարանի իրավասությունից դուրս է այնպիսի խախտումների քննարկումը, որոնք տեղի են ունեցել մինչեւ անդամ-պետության կողմից Կոնվենցիային միանալը: Սակայն Եվրոպական դատարանը համանման իրավիճակում քննության առնելով Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի գործը, իր 18.12.1996 թ.-ի վճռով մի նախադեպ է սահմանել, որը կարող է շատ կարեւոր լինել մեզ համար: Դիմողը` Լոիզիդուն, Կիպրոսի քաղաքացուհի էր: Եվրոպական դատարան ներկայացրած իր գանգատում նա նշել է, որ սկսած 1974-ից, Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի բռնազավթման պատճառով, զրկված է եղել այնտեղ գտնվող իր սեփականությանը տիրելու հնարավորությունից:
Թուրքիայի կառավարությունն, առարկելով Լոիզիդուի փաստարկների դեմ, պատճառաբանել էր, որ խախտումը, եթե այդպիսին եղել է, տեղի է ունեցել շատ ավելի վաղ, քան Թուրքիան միացել է Եվրոպական կոնվենցիային, հետեւաբար նշված հարցը Եվրոպական դատարանի քննարկման առարկա լինել չի կարող:
Թուրքիայի առարկության կապակցությամբ Եվրոպական դատարանը նշել է, որ սեփականության իրավունքի խախտումը տվյալ դեպքում տեւական բնույթ է կրում` տարածվելով նաեւ այն ժամանակաշրջանի վրա, երբ Թուրքիան արդեն միացել էր Եվրոպական կոնվենցիային: Նշվածից ելնելով, դատարանը գտել է, որ տվյալ գանգատը վերաբերում է իր լիազորություններին եւ ճանաչել է Թուրքիայի կողմից դիմողի նկատմամբ Եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտումը: Այսպիսով, Եվրոպական կոնվենցիայի ընձեռած հնարավորությունների օգտագործումը եւս մեկ ուղղություն է, որը կարող է արդյունավետ լինել մեր առջեւ դրված խնդիրների լուծման համար:
- Չժխտելով ձեր ասածի կարեւորությունը եւ այդ ուղղությամբ եւս քայլեր կատարելու անհրաժեշտությունը, այնուամենայնիվ, համազգային ու համապետական շահերի տեսանկյունից ավելի կարեւոր է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի վիճարկումը եւ այդ փաստաթղթերի ուժը կորցրած ճանաչելուն հասնելը: Եթե դա հաջողվի, ի վերջո, կա՞ն միջազգային հարկադրանքի միջոցներ, որոնցով հնարավոր կլիներ իրագործել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշումը կամ, եթե Հայաստանը խնդիրը միջազգային դատական այս կամ այն ատյանում բարձրացնի, այդ ատյանի համապատասխան որոշումը:
- Աշխարհը չափազանց արագ փոփոխվում է, միջազգային հարաբերություններում «ուժի իրավունքն» աստիճանաբար փոխարինվում է «իրավունքի ուժի» կարգախոսով: Զարգանում են ոչ միայն միջազգային վեճերի արդյունավետ լուծման, այլեւ, ինչն ավելի կարեւոր է, միջազգային հարկադրանքի մեխանիզմները: Համաշխարհային քաղաքակրթության եւ միջազգային իրավակարգի զարգացումը, վաղ թե ուշ, հանգեցնելու են արդարության վերականգնմանը:
- Իսկ խնդիրը մինչ օրս չբարձրացնելու առումով արդյոք չե՞նք ուշանում:
- Գործընթացը, ինչպես իրավացիորեն նշում է նաեւ քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Հովհաննես Ասրյանը, պետք է սկսել հնարավորին չափ շուտ: Այդ հարցին մասամբ արդեն անդրադարձա: Անվիճելի է, որ արդարությունը, վաղ թե ուշ, պետք է վերականգնվի, որի համար, սակայն, միջոցներ պետք է ձեռնարկվեն արդեն հիմա: Ձգձգումները կարող են հանգեցնել նրան, որ հետագայում Հայաստանի Հանրապետությունն արդեն զրկված լինի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը իրավական մեխանիզմների միջոցով վիճարկելու հնարավորությունից: Չէ՞ որ «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի 23.05.1969-ի կոնվենցիայի 45-րդ հոդվածին համապատասխան, պետությունն այլեւս չի կարող հղում կատարել պայմանագրի անվավերության կամ դադարեցման հիմքերի վրա... այն բանից հետո, երբ ինքը (պետությունը) իր վարվելակերպով պետք է համարվի լռությամբ համաձայնված, որպեսզի պայմանագիրը մնա ուժի մեջ... կամ համարվի վավեր: Այլ կերպ ասած, պետության լռությունը նրան զրկում է պայմանագիրը հետագայում վիճարկելու հնարավորությունից: Որպեսզի չհայտնվենք նման իրավիճակում, Հայաստանի Հանրապետությունը, առանց հետագա հապաղումների, պետք է պաշտոնապես հայտարարի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի անվավեր հիմքերի մասին, ինչպես նաեւ այն մասին, որ պատրաստվում է միջազգային ատյաններում վիճարկել այդ պայմանագրերը:
Edited by Arpa, 23 January 2008 - 12:30 PM.