Jump to content


Photo

Ghoghgotai Tsaghikner #25


  • This topic is locked This topic is locked
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 14 June 2007 - 02:14 AM

25. ՎԱՐՈՒԺՆԱԿԻՍ

Աղվո՜ր, աղվո՜ր, աղվո՜ր վարդն իմ Գարունիս`
Որ սըրտիս վրա բացվեցար,
Եվ քեզի հետ բացիր հոգիս վըշտահեղձ
Նոր երազի մը պայծառ:

Հին օրորանն, որ թաղարի պես լըքված,
Կըլլար խըշտյակը սարդին,
Կենդանացա՜վ ճըռվողյունով, բույնի պես
Պաճուճվեցավ վերըստին:

Արև մը նոր, շողերուն հետ աչքերուդ,
Շեմիս վըրա ցաթեցավ.
Եվ վանդակին մեջ կաքավս վիրավոր
Կարկաջեց երգ մը անձկավ:

Դուն սենյակե սենյակ թըռար դեդևուն
Բույնեն ինկած ծիտի պես.
Ձայնեդ դյութված` այցելեցին տընակիս
Սերոբեներ լուսագես:

Աղվո՜ր, աղվո՜ր, աղվո՜ր վարդն իմ Գարունիս,
Եկուր նըստե` ծունկերուս.
Թող լուսնակի պես` մըռայլ ծոցս ողողեն
Ոսկի վարսերըդ սընդուս:

Շըղթայե վիզըս այդ թևերովըդ քընքույշ
Նըման ծաղկե մանյակի.
Ժըպտե՛ ինծի, որ ցուրտ անդունդը սըրտիս
Արշալույսո՛վ բըռընկի:

Խոսե՛ ինծի, անծանոթ խոսքը, զոր դուն
Երկինքեն հետըդ բերիր,
Կը բան շողը` վարդն, իսկ շուրթը մանկան
Աստուծո մատը կարմիր:

Նայե՛ ինծի, լուսնակն ինչպես կը նայի
Դամբանին խորը խավար.
Սերըս մեռած` պիտի առնե հարություն
Ու պիտ ապրի քեզ համար:

Քեզի՜ համար, որուն միսն է գոյացած
Շուշաններու թերթերեն,
Մյուռանաբույր շապիկն հյուսված է թևով
Թիթեռներու նըկարեն:

Քեզի՜ համար, ո՛վ իմ քերթվածըս անմահ`
Զոր արյունովս հըղացա,
Զոր երգեցի` հպելով սըրտիս լարերուն
Լարն ամենե՛ն դյուրազգա:

Քու ձեռքըդ լոկ դեռ կը բըռնե զիս կանգուն
Ավազներուն վրա փառքիս.
Եվ մազիդ մեկ թելը բա՛վ է կապելու
Տիեզերքին հետ` հոգիս:

Վարուժնա՛կդ իմ, իմ փափկասո՛ւն Դիցուհիս,
Ո՛վ քընարե դու հոգյակ,
Թող որ արցունքս, որ այտերուդ վրա կիյնա,
Ըլլա ծիծաղ կամ սուտակ.

Բիբերուդ թող սըրսկեն աստղե՛րն երկընքին
Իմ խորշոմած ճակատիս`
Որ իր վըրա, թագի պես, բա՛րձըր բըռնեց
Խոր ըսպիները սըրտիս:

Զի ես անդո՛ւնդն եմ` որ կըլլա երջանիկ
Փոսուռայի մը լույսով.
Անապա՛տն եմ, որ երկինքին կը ժըպտի
Իր ծըլարձակ մե՛կ բույսով:

26. ԱՆԻՇԽԱՆՈՒՀԻՆ

Պիտի մեկնիս: Սև պարեգո՛տդ ես հագած.
Ներքև քու այդ բաղեղնազարդ փեղույրին
Դուն կը թըվիս զոհ մը ինծի` բարձրացած
Մարմարակերտ բագինին:

Զո՜ւր հուսացի օծումն հոգվույդ սիրահալ
Դուն փափկությունը չունեցար կիներուն.
Մատերդ հինա չըներկեցիր, և ոչ ալ
Հավերուն կուտ տըվիր դուն:

Միշտ սերտեցիր Մարգարեներն ռահվիրա
Քու կուսական գիշերներուդ մեջ արդար.
Եվ Բրյուտոմի եղեռնաբույր գանկին վրա
Գարուններով թուխս նըստար:

Դուն կըկեցիր դավեր և ռումբ շաղվեցիր.
Գաղափարի հուրե՛րն աչքերդ բըղխեցան.
Սև գանգուրներդ, ուսերուդ վրա ցանուցիր,
Եղան դրոշակը Մահվան:

Ռունգրըդ արդ կը բաբախեն բոցանուտ
Հորիզոնին դեպի հովերը անհուն.
Կը փըրփըրի մարմինիդ մեջ կենեղուտ
Հըրդեհն հըզոր գահերուն:

Բո՞ց կը տանիս պալատներուն` թե ժանտախտ
Ծըրարվեր են շանթեր սըրտիդ մեջ խորով.
Օրենքներուն, թագերուն վրա ձեռքդ է լա՛խտ,
Գիրգ ձեռքըդ` լի վարդերով:

Հակառակ իմ տարփանքներուս կերթաս դու:
Զո՜ւր տեղ ըզքեզ խընդրեցի հարսն իմ հյուղին.
Սիրտդ է պըտուղ մը նըռնագեղ` որ կհեղու
Թո՜ւյն` ափին մեջ բացողին:

Գընա՜, և ես թող միամիտ հավատամ
Թե պիտ դընեմ օր մը գըլուխիդ պըսակներ,
Եվ ռումբը սա` զոր հիշատակ քեզ կու տամ`
Օր մը Աշխա՜րհն է ջահեր:

27. ԵՓՐԵՄ

Դագաղն արդեն փակվեցավ. վըրան վարդեր Շիրազի,
Սուր մը հըսկա, դեռ ջերմիկ, ուրկե արյո՛ւն կը հոսի:
Կափարիչին տակ կը նիրհե, անմահությամբ սըրարբած,
Շանթն Աստուծո` խորտակված:

Զինվորներ լուռ կարտասվեն. թնդանոթները կողբան
Ահեղ անունը անոր, բարձունքներուն վրա լերան,
Եվ ձորերուն մեջ` իրենց պողպատակուռ երախեն
Կհեղուն արցունք հըրեղեն:

Եփրե՜մ անունդ ավասիկ քանդակվեցավ խորասույզ
Արծիվներուն կուրծքին վրա, և ճակատին վրա դարուս,
Անուն մոր միշտ կայծակո՛վ փորագըրված պիտի մնա
Ազատության սուրին վրա:

Երիվարիդ վրա անցար` ինչպես ամպրոպը կանցնի`
Տանելով կրակն երկնային իր ծոցին մեջ հոլանի.
Դուն լոկ պատանք ըզգեցար, սըփռեցիր քու ծիրանին
Ժողվուրդներու քամակին:

Կարիպալտին` Հռովմինն է, և Բոնաբարդ` Ոճիրին.
Կը պատկանիս դո՛ւն միայն Ազատության Ոգիին:
Ըզքեզ խրճիթ մը ծընավ, հայ վիշտը քեզ օրորեց.
Այդ վիշտին չափ եղար մեծ:

Հայրենիքն այն, զոր քու մեծ ըստվերովդ իսկ լեցուցիր,
Ի՛նչ փույթ թե օր մը հյուղիդ քարերն ըրավ ցանուցիր,
Գերիներու շըղթան ա՛յժմ էր քավությունը ինքնին
Հազկերտներու ոճիրին:

Պատառ պատառ կը հոշվեր ձեռքերուն մեջ Բըռնության
Հաֆըզներու երկիրն հեգ, սոխակներու Վարդաստանն:
Հարկ էր փըրկել Գեղեցիկն ու Գաղափարը ցանված.
Կապեց սուսերըդ` Աստված:

Նըժույգդ հեծար, հեծար այդ կայծակնավազ կենդանին`
Որուն չհասան քամիներն ու ետևեն հևացին.
Մռունչը փողիդ թավալեց գոռոզ վաշտերն հըրեղեն`
Եվ Ահրիմանն` երկինքեն:

Քաղաքներուն ապըստամբ դըռներն ի փուլ բացվեցան
Հրանոթներուդ կատաղիշունչին առջև հրահոսան:
Խըլեցիր թագն Իպլիսին, ու զայն դըրիր վերըստին
Մանուկի մհեզ գըլուխին:

Փախան Շահե՛րն առջևեդ. Պատմուճաննին պատառտուն
Հազիվ բավեց ըլլալու պատանքն իրենց զորքերուն:
Սիրեց նըժույգդ հաղթական դընել անոնց գահին վրա
Լուսաբուղխ պայտն արյունլվա:

Դուն սիրեցիր ողջունել ծագող Արևն Իրանին
Աստվածորեն միշտ կանգնած թընդանոթիդ կատարին,
Կառքիդ ետև շըղթայած` բերիր գերի բանակներ
Ժողովուրդիդ զերդ նըվեր

Բայց ակոսն այն, զոր սուրովդ հողին լանջքին վրա բացիր
Պետք ուներ քու արյունիդ` որ բողբոջեր լուսալիր.
Եվ մարմարյա՛ ճակատեդ պոռթկաց Արյունդ հըրաշող
Արշալույսին պես ծագող:

Ինկա՜ր նըման արծիվին որ կիյնա վա՛ր ամպերեն`
Ճանկին մեջ շանթը շոպած, հոգվույնմեջ մաս մարևեն.
Անհունին մեջ քու անկումդ` ինչպես նաև սըրտերու`
Բացավ ակոս մահարկու:

Ով որ զարկիր թուրիդ տակ` դյուցա՛զ մըրիր զանիկա:
Դյուցազնացար մավելի դուն քու մահովըդ հըսկա:
Ա՜յս է վըճիռն, երբ Աստված կարկառե պսակը փառքի`
Հանճարն հարկ է խոնարհի:

Խոնարհեցար արյունլվա` խորության մեջ անոհւնին
Ինչպես Արևն հըրավառ կընկըղմի ծոցն օվկիանին.
Մարմինս` Անդունդը առավ, սուրըդ առավ` Եհովան,
Անունդ առավ` Ապագան:

Կերգե Իրանն հաղթանակ, արդեն կու գա նոր Գարուն,
Եվ կը հյուսվի դափնիի ճյուղ մը` քնարիս լարերուն:
Իսպահանի լիճերուն մեջ կարապներն աղվական
Մարգրիտներով կը լոգնան:

Զո՜ւր է, Եփրե՛մ. Մինչ ազատ Ժողովուրդները արդեն
Պըղընձախյուսն արձանիդ Արշալույսով կը շաղվեն,
Հո՛ն, շիրմիդ վրա, հերարձակ Մայր մը կա միշտ ցավագին
Լըքվա՜ծ Վիշտին մեջ կըրկին:

28. ՄԱՏՅԱՆՆ ԱՀԱ

Մատյանն ահա` զոր խոստացա Երբ գըտնես
Հոն դարերու կյանքին Երազն ահատակ,
Եվ Բագոսի քըրմուհիներ վարդերես
Որ կը պարեն բըլուրին վրա, լուսնին տակ,

Եվ աստվածներ` որ կուզեն սիրտն Հոմերին
Դե ողջակեզ, կամ Մեսալին մհըրաչյա`
Որ պատանքի տեղ կը սըփռե ծիրանին
Սերեն մեռած ասպետներուն մարմնին վրա,

Երբ հոն գըտնես Պոմպեյի գիշերներ,
Նո՛ւռն` հրաբխին բերանին վրա հասունցած,
Հետո այն Դարն` Հիսուսի պես կարեվեր`
Արշալույսի մը երկունքեն բըռնըված:

Երբ հոն գըտնես սիրտեր ճրագի պես մարող,
Մաքառումներն երկաթներուն ու մարդուն,
Ցեխեն կանգնող Ոճիրը խենթ, անսըքող,
Որ կը խըմե արյունն անմեղ վարդերուն,

Ո՛վ բարեկամ, խորհե թե Երգս է պատմեր
Ցավն հաճույքին և հաճույքները ցավին.
Սիրտն ըսկիհ մէ` ուր երբ լեցվին գինիներ
Աստվածներու սուրբ արյունին կը փոխվին.

Խորհե թե սանձն արևաբիբ Բեգասիս
Ոչ ոք կըրցավ իր ափին մեջ ամփոփել.
Ագռավներուն կըռընչյուններն ամախեզ
Խըրտչեցընել չըկըրցան վազն անարգել.

Խորհե թե միշտ քըննադատն է միաչյա,
Եվ ներքինի` բարոյագետը խոհեմ.
Տառապած Սիրտն ո՞վ պիտի կշռել կարենա
Նըժարին մեջ Տիեզերքին դեմ առ դեմ:

Ա՛ն լոկ կըրնա ճանչնալ Երազը սրարբած`
Ո՞վ կարբենա կյանքի դիրտովն ու խունկով,
Ա՛ն որ Մարդն է` լույսով ցեխով թըրծըված,
Ա՛ն որ Մարդն է` սըրբագործված արցունքով:


Վ Ե Ր Ջ


ԳՈՂԳՈԹԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐ_ՑՈՒՑԱԿ
ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ

1. Աստուծո լացը
2. Ճանապարհ խաչի
3. Լույսը
4. Տրտունջք
5. Առկայծ ճրագ
6. Խեղդված միջատը
7. Բանվորուհին
8. Մենավոր
9. Միջոն
10. Դաշտերու տղան
11. Սպասում
12. Ընկեցիկը
13. Պատգամավորներս
14. Մեռնող բանվոր
15. Խաբված կույսեր
16. Մեքենաները
17. Մամուս աղոթքը
18. Ճիվաղը կ'անցնի
19. Գիրքերուն մեջ
20. Դադար
21. Մայիս մեկ
22. Հրաշքին աղբյուրը
23. Լքում
24. Սիրտըս է հոգնած
25. Վարուժնակիս
26. Անիշխանուհին
27. Եփրեմ
28. Մատյանն ահա

Edited by vartahoor, 14 June 2007 - 02:17 AM.





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users