Jump to content


Photo
* * * * * 1 votes

Hayastan


  • Please log in to reply
76 replies to this topic

#61 SAS

SAS

    -= Nobility =-

  • Members
  • PipPipPip
  • 656 posts
  • Gender:Male
  • Location:Moscow

Posted 21 July 2008 - 10:52 AM

Արագած՝ գուցե՞ Արա գնաց > Արա գաց >Արագաց > Արագած...

#62 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 21 July 2008 - 11:01 AM

Արմատականում կայ գատոյ բառ, որ նշանակում է՝ ցաւ: Չլինի՞ Արագատ, որ հնչիւնափոխմամբ դարձել է Արագած: Յիշենք՝ Տրդատ/ Ծրդատ, Տիրան/Ծիրան, որոնք բոլորն էլ հնուց աւանդուած եւ ճիշտ ձեւեր են:

#63 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 22 July 2008 - 02:36 AM

Յաղթանակի Այգի

Գիտէի. Երեւանի մեծագոյն այգին, Յաղթանակի այգին է: Առաջին երթը, փորձեցինք Կասկադով գնալ: Օպերայի ետեւ գտնւող, ու հետզհետէ դէպի այգիի տարածք բարձրացող Կասկադը, ակնդիրին սքանչելի տեսարաններ է պարգեւում: Տեւաբար վեր ելնող աստիճաններով, հնարաւոր է գնալ Կասկադի պատշգամբները, որտեղից Երեւանի մասնակի համայնապատկերը կարելի է տեսնել. ամպի քուլաներից իրեն բարձր պահած Մասիսի սպիտակ գագաթի հետ: Մեր կեցութեան առաջին շաբաթը, Մասիսը ընդհանրապէս չէր երեւում, ամպոտ էր երկինքը: Որդուս ուրախութեան չափ ու սահման չկար, թռչկոտում էր Կասկադի պատշգամբների շատրուանների ու ցայտող ջրերի հետ, տեւապէս զգօն պահելով ինձ: «Ուշադի'ր, վայր չընկնե'ս, չմօտենա'ս, չցատկե'ս»: Սովոր չէինք նրա. բառի լիակատար իմաստով, առողջ չարութեան: Հայաստանի օդը եւ տարածքի ընդձեռաց հնարաւորութիւնը, նրան չարուկ էր դարձրել: Եղանակը գարուն էր, տարածքում տեղադրուած արուեստի գործերին, արձանիկներին եւ խնամքով աճեցուած ծաղկի թփիկներին հսկող ոստիկաններ կային ամէն տեղ: Կասկադի վերեւ, Մայր Հայաստան կոթողն է, կանգնած՝ Հայաստանի համար յաղթանակ կերտողներին ձօնուած թանգարանի վրայ: Կոթողի (մանումենտ) դիմաց, ընդարձակ բակ կայ, որ Կասկադի պատշգամբների շարքում, Երեւանը Մասիսի հետ միասին դիտելու ամենաբարձր կէտն է տարածքում:

Բարձրացանք ինքնաշխատ աստիճաններով, մինչեւ ընդհատուի: Շարունակեցինք ընթացքը քայլելով: Մուտք գործեցինք այգի, որին հանդիպել էի տարիներ առաջ, բայց առանց նրան անուն տուող թանգարանն այցելելու: Ուղիներ կային, ո՞ր մէկով գնալ: Հարցրի պատահական մի մարդու, գուցէ խաղալիք վաճառողին, թէ՝ ո՞ւր է այգու լիճը: Գնալիք տեղս ես չէի որոշողը, այլ՝ տեղատարափ անձրեւը, որ դեռ եւս խնայում էր մեզ, եւ ամպի կարգավիճակում էր: Արդէն յոգնել էինք, պէտք էր փութով տուն գնալ: Յաղթանակի այգուց Կոմիտաս, ուղին, երեւանեան նեղ, դարդարձիկ, զարիվեր-զարիվար փողոցներով էր գնում: Այգու դարպասի փողոցը յոյժ ծանօթ էր ինձ, տարիներ առաջ, այդ փողոցով էի գնում, այդ ժամանակուայ «տունս», Զէթունի ճանապարհին, վայեն-կոմադի դիմաց: Միշտ փորձում էի, գնացածս վայրերի տեղանքը ու դրանց ուղիները մտքումս քարտէսագրել, ու ոչ միշտ յաջողում էի դրանում: Իւրաքանչիւր կառավար (աւտովարիչ), իր նախասիրած ճանապարհը ունէր: Մեկի համար, նախընտրելին կարճն էր, թէկուզ խորտուբորտ լինի, միւսի համար՝ մայրուղին: Ընթացքում՝ հարցնում էի վարիչներին, թէ այս ի՞նչ կառոյց է, եւայլն: Երեւանի կենտրոնից Կոմիտաս գնացող ճանապարհում, մի ճամփաբաժան կայ, մինը գնում է, կարծեմ Դաւթաշէն, միւսը՝ Կոմիտաս: Այդ ճամփաբաժանի դիմաց, բլուրի վրայ, Հայաստանի ամերիկեան հոյակերտ ու բերդանման համալսարանն է: Համալսարանի եւ ճանապարհի միջեւ կանգնած է ասպետի մի արձան, որ, երբեմնի ցարական բանակի զինւոր, Սարդարապատի ճակատամարտի մասնակից, ու Հայրենական Պատերազմի հերոս, մարաջախտ (մարշալ) Յովհաննէս Բաղրամեանի արձանն է: Տաքսու մէջ մտորում էի, Ամերիկան ինչքան էլ ներկայ լինի, դարձեալ տարածքի մարտական հսկողութիւնը, աւանդաբար, ռուսներին է պատկանում: Համալսարանը՝ կարծեմ, ՀԲԸՄ-ի նուիրատւութեամբ է կառուցուել, իսկ մարաջախտը՝ ազգութեամբ հայ է, այդուհանդերձ, գուցէ արհեստականօրէն, ուզեցի տեսնել ռուսամերիկեան մրցակցութեան բեմականացումը այդ ճամփաբաժանում: Ովքեր էլ պայքարեն, իրենց ռազմավարական շահերի համար, Յովհաննէս Բաղրամեանի ծննդավայրը, Մեծ Հայքի Արցախ կամ Ուտիք նահանգում գտնւող, հայրենի Չարդախ գիւղը պիտի մնար «Ատրպայճանի» կազմում:

Մի օր տնից դուրս թռայ, մարշռուդնի նստեցի, իբր նրա ցուցապաստառին նայեցի, որտեղ իբր գրուել էր «Հանրապետական հրապարակ»: Գնացինք ու գնացինք: Զգացի որ մի քիչ գեղական է տարածքը, բայց ոչինչ, Երեւանում շատ են այգիով տները: Խօսելու էլ տրամադիր չէի: «Վարպետ ջան, հրապարակ չէ՞ք գնում», «Չէ ապեր, Դաւթաշէն ենք գնում»: Բախտի բերմամբ վարիչը Հանրապետական հրապարակի մօտ էր գնալու, առաջարկեց ինձ մնալ մարշռուդնիում, որպէսզի միասին գնանք: Ենթարկուեցի: Հրապարակի մօտ կանգնեց, իջնելուց ետք հարցրի. «Վարպետ ջան, ըստեղ չի՞ գրուել Հանրապետական հրապարակ», «Չէ ապեր, Հանրապետական հիւանդանոց ա գրուել»:



#64 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 22 July 2008 - 07:48 AM

QUOTE (Johannes @ Jul 21 2008, 05:01 PM)
Արմատականում կայ գատոյ բառ, որ նշանակում է՝ ցաւ: Չլինի՞ Արագատ, որ հնչիւնափոխմամբ դարձել է Արագած: Յիշենք՝ Տրդատ/ Ծրդատ, Տիրան/Ծիրան, որոնք բոլորն էլ հնուց աւանդուած եւ ճիշտ ձեւեր են:

Այո, բայց առանց վկայի:
Սա կարող է լինել ԳԱՏԱՅ- ի մի գաւառական տարբերակը, ինչպէս շատ մը գաւառականներում Ա դառնայ Ո
Մեզմէ ոմանք ասեն “ղադա-դ տանեմ”, եւ այդ նոյն բառը գործ ածեն մի այլ ժողովպւրդ եւս:
Սուքիասեան բառարանը ասէ “ՂԱԴԱ= ցաւ, նեղութիւն”՛ եւ շարունակէ “ՂԱՂԵԴ ԱՌՆԵՄ , ՂԱԴԷԴ ՏԱՆԵՄ= ցաւդ տանեմ”:
Ինձ թուի թէ սա Արաբերէն ՂԱԶԱ/ՂԱԴՀԱ բառից է: (Տես Աճառեան- ՂԱԶԱ=արկած, պատուհաս++)



#65 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 22 July 2008 - 07:56 AM

QUOTE (SAS @ Jul 21 2008, 04:52 PM)
Արագած՝ գուցե՞ Արա գնաց > Արա գաց >Արագաց > Արագած...

Ոմանք ասեն Արա -գած Արա-(յի) Գահ- ի մի տարբերակ է: Իմա, Արագահ

Edited by Arpa, 22 July 2008 - 07:57 AM.


#66 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 22 July 2008 - 08:34 AM

QUOTE (Arpa @ Jul 22 2008, 04:48 PM)
Այո, բայց առանց վկայի:
Սա կարող է լինել ԳԱՏԱՅ- ի մի գաւառական տարբերակը, ինչպէս շատ մը գաւառականներում Ա դառնայ Ո
Մեզմէ ոմանք ասեն "ղադա-դ տանեմ", եւ այդ նոյն բառը գործ ածեն մի այլ ժողովպւրդ եւս:
Սուքիասեան բառարանը ասէ "ՂԱԴԱ= ցաւ, նեղութիւն"՛ եւ շարունակէ "ՂԱՂԵԴ ԱՌՆԵՄ , ՂԱԴԷԴ ՏԱՆԵՄ= ցաւդ տանեմ":
Ինձ թուի թէ սա Արաբերէն ՂԱԶԱ/ՂԱԴՀԱ բառից է: (Տես Աճառեան- ՂԱԶԱ=արկած, պատուհաս++)


Ականջ մի' կախեր գրածիս, ես ալ համոզուած չեմ այդ «ստուգաբանումին»:

#67 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 22 July 2008 - 09:30 AM

QUOTE (Johannes @ Jul 22 2008, 02:34 PM)
Ականջ մի' կախեր գրածիս, ես ալ համոզուած չեմ այդ «ստուգաբանումին»:

Շատ հետաքրքիր:
Գուցէ սա պատկանի Ասացուծքների շարանի?
Որտեղ են մեր երգիծանկարիչները?

Յովաննէս, դու ծանօթ ես Սարուխանի արժանաւոր հոգեզաւակ, ժառանգորդ, քո հայրենակից Հալէպցի երգիծագնկարիչ Մասիս Արարատեանին? Միաժամանակ Անդրանիկ Ծառււկեանի հոգեզաւակ:
Ցաւոք, իր գործն էլ վերցուել է համացանցից:
Այդ ասացուածքը յաճախ մեզ խնդրոյ արառկայ է եղել:
"ղուլաղ ասմա"?, "don't hang an ear"? tongue.gif smile.gif biggrin.gif
Միթէ "ղուլաղ "ը մեր "ԽՈՒԼ" բառին առնջում է?

Edited by Arpa, 22 July 2008 - 10:13 AM.


#68 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 22 July 2008 - 10:10 AM

Վրէժ Քասունիին ծանօթ եմ, հիմա Երեւանում է ապրում:

#69 SAS

SAS

    -= Nobility =-

  • Members
  • PipPipPip
  • 656 posts
  • Gender:Male
  • Location:Moscow

Posted 22 July 2008 - 11:32 AM

QUOTE (Arpa @ Jul 22 2008, 01:56 PM)
Ոմանք ասեն Արա -գած Արա-(յի) Գահ- ի մի տարբերակ է: Իմա, Արագահ

Այդպիսի մեկնաբանությունը իմ դուրը գալիս է: Մեկ ուրիշ տարբերակ.

Արա + Կայծ = Արա + Գայծ= Արագած

Ինձ թվում է, Հովհաննես Թումանյանի «Լուսավորիչի կանթեղը» բանաստեղծության մեջ կա այդ կրակ-կայծերի արձագանքը: smile.gif

Կեսգիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից։

Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հսկայական
Լույս է տալիս աշխարհին։


Լույս է տալիս երկար դարեր
Ու վառվում է միշտ անշեջ
Սուրբի մաքուր արցունքները
Յուղի տեղակ նըրա մեջ։

Ոչ մարդկային ձեռք կըհասնի
Էն ահավոր բարձունքին,
Եվ ոչ քամին կըհանգցընի`
Վիշապ-քամին ահագին։

Երբ պատում է մութ խավարը
Չընաշխարհիկ մեր երկրին,
Երբ տիրում է ահն ու վախը
Թույլ կասկածոտ սըրտերին,

Ով անմեղ է, լիքը սիրով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ հույսերով
Դեպի Հայոց ապագան, -

Նա կըտեսնի էն մըշտավառ
Ջահը կախված երկընքից,
Ասես` աստծո աչքը պայծառ
Հըսկում է ցած երկընքից։


#70 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 22 July 2008 - 12:58 PM

Այո, գիտենք թէ ինչպէս այդ բառախաղի վարպետ Յովաննէսը նաեւ բառախաղեց եւ Աղթամար Յաղթ(victorious, invincible, ամուր)** ամար բերդը վերածեց, բառախաղեց իրան դուսդր Թամար ի անուան եւ գրեց "Ախ Թամար" երկը:
** See also Մեծ-ամոր, “մեծ եւ ամուր”.


#71 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 23 July 2008 - 02:05 AM

Յարգելիս Արփա,

Աղթամար անուան սքանչելի ստուգաբանմանդ համամիտ եմ եղել միշտ, ու ամէն տեղ դրա քարոզչութիւնն եմ անում, սակայն, թոյլ տուէ'ք, չհամաձայնուել Ձեզ, Մեծամօրի առնչումով:

Խնդրեմ ընթերցէք Արմատականում Մօր բառը, որ բնիկ հնդեւրոպական է, ու նշանակում է ճահիճ, լիճ: Մեծամօրն էլ, ամէն ինչից առաջ գետի անուն է: Նոյնն է վկայում. «Աշխարհագրական անուների բացատրական բառարանս»:



‘‘Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հսկայական
Լոյս է տալիս աշխարհին:’’



Ինչպէս ասացի նախապէս, Յունիս ամսում Երեւանում տեղատարափ անձրեւ էր գալիս: Անձրեւին նախորդում էր, ու յետոյ նրան ընկերանում, անընդմէջ կրկնւող որոտումներ: Զարմանում էի՝ որոտումների յաճախականութիւնն ու երկնքի ալեկոծումն ի տես: Հալէպում այսքան որոտում, շանթ ու կայծ չի լինում. անձրեւի տեղացման ընթացքում: Երեկոյից մինչ առաւօտ, լսում էի այդ որոտումները, որոնք ոչ այլ ինչ էին, քան պայթիւններ ամպերի ոլորտում, ու պատուհանից երկինք դիտողին թւում էր, թէ հենց Արագածն է բարկացել, ու նրանից է այս բոմբիւնը: Ի դէպ՝ Երեւանում լոյս է մինչ երեկոյեան ժամը 10ը: Ու պատկերացրէ'ք, երբ Արագած լեռան հրաբուխը դեռ գործօն էր, Արարատեան հարթավայրի բնակիչները ինչե՜ր էին մտածում, հրաբուխին առընթեր յորդառատ տեղացող անձրեւն ու բարկ որոտումներն ի տես: Ոնց որ Երկինքն է փորձում մեղմացնել Արագածի բարկոյթը, իր թաց ամպերից ջուր քամելով նրա հրին: Երկինք երկիր մօտեցում, ահաւոր երկունքով:

Գուցէ Գրիգոր Լուսաւորիչը, ապառիկով, Արայից է վերցրել կանթեղն Արագածի:



#72 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 23 July 2008 - 08:34 AM

Սիրելի Օհաննէս, պարտիմ քեզ "ՄՕՐ" բառի համար:
Աճառեանը գուցէ չի տեսել որ Անգլիերէնով "mire" բառը նմանապէս նշանակի ցեխ:
Ինչ հայհոյանք որ այդ ապուշ աբեղսկին այսպէս աղաւաղեց մեր լեզուն, մշակոյթն ու պատումը՛ երբ մենք չենք կարող տեսնէլ Օ ի եւ Ո ի , Է ի եւ Ե ի տարբերանքը:
Բաւական հայհոյանք! huh.gif
Արի գնանք LANGUAGE եւ տեսնենք քանի բառ գիտենք օդային, մթնոլորտային եղանակի առնդեր:

Edited by Arpa, 23 July 2008 - 04:29 PM.


#73 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 19 August 2008 - 11:33 AM

Մարդասէր Թամանեան, Երեւանի յատակագիծը կազմած է այն ժամանակ, երբ դրամատիրական մոլուցքը չէր լափել տակաւին. քաղաքային բնականոն կեանք, հանգիստ ու զբօսանք որոնող քաղաքացու միջավայրը: Ֆրանսիացիների օրօք, Հալէպում, տնկուել է մի այգի, որին փոխարինող չկայ դեռեւս: Արձակուրդի օրերին, շուար ենք մնում. ո՞ւր գնալ, ի՞նչպէս անցկացնել հաճելի ժամանց: Երեւանը՝ գոնէ մեզ համար, զբօսանքի դրախտ էր: Լայն պողոտաներն ու իւրաքանչիւր օր մեզ համար նոր յայտնաբերուած մի նոր զբօսայգի. ձանձրանալու տեղիք չէր տալիս: Երկինքը դեռ ամպոտ էր, ու ապահովութիւն չէր ներշնչում. քաղաքից դուրս արշաւելու նկրտողիս:

Թիավարել

Յիշում եմ փոքրիկ այդ տղուն, որ լալիս էր ու բողոքում, խնդրելով աղերսում, որ առանձին թիավարի. դամասկեան Բարադա գետի կազմած մի ճահճուտում: Պարագան տարբեր էր:

Յաղթանակի այգին ունէր արհեստական լճակ: Ամեն ինչ նոյնն էր մնացել կարծես, ու 97 թուից ասդին, աւելացեր էր միայն հեծանիւային նաւակներ: Ինչքան էլ արհեստագիտութիւնը զարգանայ, ու նորանոր ձեւով ու թեքումով մակոյկներ ստեղծի, դարձեալ թիավարումով ընթացող մակոյկները ի պատուի են, ու մեզ նման, սակայն տեղաբնիկ զբօսնողները. նախընտրում էին այդ գունաթափ ու ծփացող տախտակամածները:

Երեւանի գլխաւոր զբօսայգու արհեստական լիճը աւելի շատ ճահիճ յիշեցնէր, քան լողաւազան, այնուհանդերձ լողացող երիտասարտներ կային մէջը: Պզտիկ բարոնս մեծ մարդու նման քշեց նաւակը, թէեւ ուժը չէր բաւում՝ երկու թին նոյնհետայն վարելու, բայց էլի քշում էր: Ինձ մնում էր հաւասարակշռել մակոյկի ընթացքը, մերթ-մերթ «բռնագրաւելով» նրա թին, իւր բողոքների տարափին ենթարկուելով հանդերձ: Յիշում եմ նրա եռանդը ու դրանով կարմրած դէմքը, ու ափսոսում, քանզի ողջ օրը խաղով ու առողջ զբաղմունքով էր անցկացնում, մինչ հիմայ, ողջ օրը հեռուստացոյցի դիմած նստած մուլտիկ ֆիլմ է դիտում:

Երանելի պահեր, տարածք, օդ, Արեւ եւ երկինք, ամեն քայլափոխին նոր բացայայտումներով լի զբօսանք: Գիտէի մայր Հայաստան կոթողը այնտեղ էր, բայց չէի գնացել մօտը: Շուտով պարզուեց. կոթողը բարձրացուել է թանգարանային հոյակերտի վերայ: Շուրջը ռազմական իրեր կային: Վառ երեւակայութեամբ ապրող տղուս համար, թանգարանը ընդհանրապէս, հրասայլը զրահամեքենան թնդանօթն ու ռազմական օդանաւը մասնաւորապէս, լաւ ապացոյց եղան, շօշափելու այն ինչ խօսքով փոխանցած էի իրեն, յօրինածս Քաջ Գէորգի սխրանքի մասին: Անտէր շներ կային. չհասկացայ՝ ինչո'ւ չէին հեռացւում: Երեւանը եւ Մասիսը դիտելու խնդրոյն, յանձնարարելի տեղանքից մինն էլ սոյն թանգարանի բակն է, որ պատշգամբի նման բացուել է Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաքի եւ Արարատեան տեսարանի հանդէպ: Թանգարանը պարունակում էր Արեւելեան Հայաստանի Ռուսական գրաւումից մինչեւ Արցախեան հերոսամարտը պարփակող արժէքաւոր հնանիւթեր: Հրովարտակներ, թուրեր, ատրճանակներ, դաշոյներ, լուսանկարներ, ինչե՜ր եւ ինչեր: Նշանաւոր ազատամարտիկներ՝ Աւոյի, Աշոտի, Վարդանի եւ այլոց անձնական իրերը ցուցադրուած էին: Մտքով տեղափոխուեցի այդ օրերը, երբ չկային նեցուկ եւ պետութիւն, ու այս արի հայորդիները, իրենք ստանձնեցին մատակարարի զինւորի ու հրամանատարի դերեր միաժամանակ: Առաջիններն էին, ռահվիրայք, ճանապարհ հարթողներ հետեւորդների համար: Թանգարանի դարպասի աջակողմեան եւ ձախակողմեան որմնախորշերում ներկայացուած է Երկրորդ Աշխարհամարտի՝ կամ ինչպէս Հայաստանում սովոր են ասել՝ Հայրենական մեծ պատերազմից դրուագներ, լուսային ու ձայնային մատուցումով: Թանգարանի աշխատակից տիկինները նկատել էին ուշադիր դիտելնիս, վառեցին դրուագների լոյսերը, ու պատերազմը ձայնով ու լոյսով ներկայացուեց:

Դուրս եկանք եւ ուղղուեցինք մանկական աշխարհ: Մթնեց տասին: Խաղավայրի լոյսեր, երեխաների հրճուանք եւ տարբեր աշխարհ պարզուեց այգում: Ծնողի համար աւելի ուրախալի պահ չկայ, հարազատ երեխայի անհուն ուրախութիւնն ու խանդավառութիւն ի տես: Յոգնեցինք խաղերից, ուզեցինք նստել: Փոշեշաքարի մէջ թաթախ, տապակած խմորի սկաւառակները ախորժաբեր էին:

-Ի՞նչ արժեն,

+Քանի կիլո ես ուզում,

-Չգիտեմ, համին պիտի նայեմ...

+Լաւ, ուրեմն տամ քառորդ կիլո:

5 րոպէ ետք դարձեալ.

- Մի քիչ էլ կտա՞ս,

+Որտեղի՞ց եք դուք,

-Հալեպից,

+Հալեպի ո՞ր թաղամասից, ...եաններին, ...եաններին ճանաչո՞ւմ էք,

-Լսել եմ այս ազգանուները, բայց անձամբ չեմ ճանաչում: Գետի թաղից եմ:

+Ծնողներս Հալեպից են եկել, դրա պատճառով, հարազատութիւն եմ զգում երբ այնտեղերից եկածների հանդիպեմ: Ես Նորաշխարհեան եմ:

Այստեղ, տողերիս հեղինակը Զէթունի եւ զէթունցիների վերաբերեալ իր գիտելիքը հակիրճ փոխանցեց:

+Ո՞րտեղից գիտես այսքան բան:

-Հայագէտ եմ...

Քիչ անց ամաչեցի ամպագոռ յայտարարութիւնիցս ու աւելացրի.

-Իրականում հայագէտ չեմ, պարզապէս ուրիշ բառ չգտայ այս պահին բնորոշելու ընթերցասիրութեամբ ձեռքբերուած գիտելիքս,

+Ես էլ իշխանական ընտանիքի դուստրս (ինքս իր ազգանունը կրողներին այդպէս էի յիշել), բարձր կրթութեան տէր, այստեղ քաղցրաւենիք եմ վաճառում:

Վերոյիշեալ խօսքը ցածր եւ համեստ ձայնով արտասանեց, այնպէս որ, երբէք մեծամտութիւն չկար: Նրան մխիթարելու պէս ասացի.

-Կարեւորը հոգու ազնւութիւնն է:

Ասել ուզեցի, եթէ հոգին ազնիւ ու հարուստ է, ապա մարդը երջանիկ է: Թէ որքա՜ն կարողացայ մխիթարել նրան՝ չգիտեմ: Զրոյցի նիւթը փոխելով.

+Ձեր մօտ սրան դոմատ են ասում:

-Չեմ հանդիպել: Եղաւ, շնորհակալ եմ, ցտեսութիւն:

Ես ուրախ էի, զբօսնում էի ու զուարճանում ընտանիքով: Ինձ համար անակնկալ չէր, Երեւանում հանդիպել ներգաղթողների զաւակներին: Նա տխուր էր եւ թախծոտ: Նրան յիշեցրել էի, գուցէ կեանքից բաժանուած, ու իրեն մենակ թողած ծնողներին: Ի'նք, իրեն աւելիին արժանի էր գտնում: Լունապարկում դոմատ էր վաճառում, Զէթունի երբեմնի իշխանների թոռնուհին: Ինչքան էլ զգացումները խառը լինէին, դարձեալ ուրախ էի այս հանդիպումով, ուրախ էի նրա ծագումը ճանաչելով ու իրեն տալով՝ հանրաճանաչ մարդկանց զաւակ լինելու զգացմունքը:

Լողացող փուչիկների պատասխանատուն, իր փիլիսոփայական պատասխաններով զարմացրեց ինձ: Նրա ամեն մի խօսքում դատողութիւն ու առակ կար: Զգացի, որ մեզ յարգեց իր վարուելակերպով (էթիկայով): Շնորհակալ եմ:

Հիմա, երբ այս տողերն եմ գրում, զգում եմ, որ օտարութեան մէջ եմ, իսկ երբ այնտեղ էի, ուր ամենը հայ են, իմ տանն եմ եղել, թէեւ հայերէնիս պատճառով շուտ էի զանազանւում մնացեալներից:



#74 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 09 October 2008 - 02:34 AM

Եկաւ մի պահ, ու կանգ առի, քանզի գիտէի, գիտեմ, ապրումները թղթին ու գրիչին վստահելով, յաճախ որքա՜ն պահածոյացւում են՝ վերածուելով մումիաների:

Մտածում եմ. ընթերցողի ի՞նչին է պէտք՝ ո'ւր եմ գնացել, ի'նչ եմ արել:

Այսպիսի մի ասացուած կայ. «Կերածդ խմածդ քեզի թո'ղ ըլլայ, պատմէ մեզի տեսածդ»: Եթէ պատմելիքս, մշակութային պատմական ու բացառիկ փորձառութիւն չի բովանդակում, ո՞ւմ ի՞նչ է պէտք:

Մի բան է միաւորում ինձ ընթերցողներիս... Հայրենիքի կարօտը:



Չգիտեմ, ո'ւմ, ի'նչ է պէտք, բայց ինձ պէտք է՝ գէթ մի թոյլ վերապրում, Հայրենիքում ապրած օրերիցս, օտարութեան մէջ հայ լինելու պարտադրուածիս:

Արդէն, որպէս երկրին ծանօթ, որոշեցի ու պնդեցի գնալ դէպի Հայաստանի հրաշք վայրերից մին՝ Գուգարք: Անքնութիւն, յոգնածութիւն չպատճառաբանել, օրերը սահմանափակ են, պիտի երթամ Հայրենիքիս մէկ գողտրիկ անկիւնը... մի ուրիշ հայրենիք:

Պիտի գնալ հեռո՜ւ, բայց ոչ շատ, դէպի անտառ բնակա՜ն: Թէեւ, Երեւանը «հետախուզելու» ընթացքին, հասկացայ, որ անտառ տեսնելու համար, երկու հարիւր կիլոմետր ուղի անցնելով Դիլիջան հասնելու կարիք չկայ, քանզի Երեւանի տարածքին կան անտառներ, կայ Բուսաբանական այգին, որի մասին հետագային գրելու եմ:

Նախապէս հասկացել էի, որ ես «դիլիջանցի» եմ էութեամբ, ու անպայման երկրորդ անգամ՝ մի ու տասնեակ տարի ետք, պէտք է կրկին տեսնեմ հայրենիքս: Ուզում էի գնալ Լոռի՝ Հաղպատ, Սանահին, բայց խնայեցի ճամփեկիցներս. դարձդարձիկ, ոլորուն ու զարիվեր ելքից: Հայաստանը հրաշք է ընդանրապէս, իսկ Գուգարքը, հրաշքում յայտնուած չքնաղ դիցուհի՜, հուրի, փերի: Այստեղ փարթամ է ամեն ինչ:

Ճանապարհը անցնում էր երբեմնի գործարանային քաղաքների կողքից: Այժմ ի՞նչ գործի վրայ էք, սիրելի եզերք հայրենի:

Գեղարքունեաց ծովում մկրտուելու ծրագիր չկար: Չէինք կարող չկանգնել, գոնէ ի պատիւ ծով արտասուքին, որ ծորել էր Արեգունի, Գեղամի ու Սեւանի լեռներից: Օդը կանուխ գարնանային էր: Փոքրիկ վարպետս հաղորդուեց Սեւանի ջուրին: Անցանք երբեմնի կղզիի կողքով:

Յիշում եմ քեզ, հայրենանուեր կղզեակ, քո ինքնապաշտպանութի՜ւնը, մղուած՝ նորայայտ պղնձալուր թշնամու դէմ, թէ ինչպէ՜ս վանականներդ, խունկ ու մագաղաթ թողած, ստիպուած էին առժամեայ մոռանալ երկնային օրէնքը, ու տուրք տալ երկրայինին՝ թակարդ լարելով անսանձ պղծողներին:

Մի օրուայ ընթացքում, պիտի հասցնէինք գնալ, տեսնել ու ետ դառնալ: Ուղեւորութեան ընթացքին, կտրուելով, ընդհանրապէս ամեն զբօսաշրջիկի ունեցած զգացական աշխարհից, յիշեցի որ ապրում ենք իրական աշխարհում, իրական մարդկանց մէջ:

Մարդիկ պիտի ապրէին, ընտանիքներ ունէին: Ապրելու համար պարտաւոր էին օրէնք խախտել: Ապօրինի որսացած ձուկը առանց բացայայտելու, անցնող ուղեւորին առաջարկելու ձեւ էին գտել՝ թեւերը լայն բանալով, խաչաձեւ տեսք ընդունելով:

Վասպուրականի հայոց Թամարը իր սիրոյն համար փարոսացել է Սեւանի ափին: Քնքուշ կեցուածքդ, բարակ մէջքդ, դէպի դէմ կիսաթեք իրանդ կերտող վարպետին վարձքը կատար: Սա Վանայ ծովակը չէ Թամար, ի զուր ես որոնում նրան: Սէրդ չի ապրել, դու չես ապրել, պատում ես դարձել, հասել բանաստեղծին, ու նրա բառերում կերպարանք ստանալով արձանացել՝ ուղեւորիս ճանապարհն ես լուսաւորում՝ դողդոջ ձեռիդ հոյլ ճրագով:

Հայրենիք՝ գաղթի տարեգիրք, ժողովրդիդ պատումներն էլ տեղում չեն մնացել, բայց դեռ ոչինչ, սա մեր Սեւանն է՝ երկինք հայող քո միւս ակդ:

Թամարը յուզեց ինձ, քանի՜ պատճառներով միանգամայն:

Վարորդին ասացի, թէ հիմա հասնելու ենք Սեմիոնովկա, ու ահա, ուր որ է, տեսնելու եմ Հայրենական պատերազմի զոհերի յուշարձանի հովանիում նստած թոշակառուներին: Գեղական, տաղտկալի, բայց մաքուր առօրեայով ապրող այս մարդկանց դէմքի խորշոմներում գծագրուած իմաստնութիւն կայ, որի անդորրը խանգարել համարձակում է միայն համրիչների հատիկների չխկոցը:

Այս անգամ պիտի չի անցնէինք այս գիւղի միջով, քանզի կառավարութիւնը, նախկին՝ լեռնանցքով գնալու փոխարէն, նոր ճանապարհ էր բացել՝ Սեւանի աւազանից Գուգարք գնալու համար, լեռան միջից, փապուղիով:



#75 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 10 October 2008 - 01:39 PM

Մտածում եմ. ընթերցողի ի՞նչին է պէտք՝ ո'ւր եմ գնացել, ի'նչ եմ արել:

petq a Johannes jan, petq a. 2 or a veradarcel em hayastanic xar@ tpavorutyunnerov. aprumner@ shat xorn en. teryevs qo gratsneri mijocov voroshaki parzutyun mtcnem ancats gnacatsneri mijev. maisin noric em hayastan gnalu u es angam shat avli yerkar jamanakov. qo grvatsneri mijocov yes u eli shater@ porcelu en aveli hstak dzevov kartsiq dzevavoren hayastanyan irakanutyan masin.

shnorhakalutyun kataratsd gortsi hamar

#76 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 02 December 2008 - 11:34 AM

Թէեւ ուշացումով Արատտա ջան,

Այնքան լրջութեամբ եմ նայում էս թեմային, որ, չեմ կարողանում հեզասահ գրել:

Բարի գալուստ քեզ, Եդուարդ ջան, ու բարի վերադարձ Մայիսին:



Փապուղին երկար էր: Յայտնուեցինք մի ուրիշ աշխարհ, որ հարուստ էր բուսականութեամբ: Սա իմ աշխարհն էր, լեռներ, զարեվեր, զարիվար, անվերջ թուացող անտառ: Այստեղ ծաղիկի թերթը եւ բոյսի տերեւը աւելի խոշոր էին, համեմատած փապուղիից ետեւ մնացած աշխարհի բուսականութեան հետ: Այստեղ Հայաստանը լալկան չէր, վիշտ չկար կարծես: Ամեն տեղ խինդ, լոյս, եւ ապրող-շնչող բնութիւնը կեանք էր ապրում ու բաշխում: Ափսոսում էի՝ տեսածս ակնթարթային էր ու պայմանաւոր, մեզ տանող կառքի ընթացքով, բայց յաջորդող բացուող տեսարանը. շուտով մոռացնել էր տալիս անցած-գնացածը:

Լեռները լերկ չէին, կանա՜չ, փարթա՜մ ծածկոյթ, ու ամէնուրէք կեանք:

Յիշում էի, ճամբեզրում, լեռան կողից ջուր էր բխղում, աղբիւր էր: Լիարժէք հրճւում եմ, երբ աղբիւր եմ տեսնում: Այս անգամ աղբիւրի չհանդիպեցի: Արդե՞օք ճանապարհի այդ հատուածը փոխուել է:

Հայաստանը տխուր ու յուզիչ չէր այստեղ: Ուրախ երգը տարբեր է հնչում: Ի՜նչ հակասանք, առաջին ուժեղ զգացումը որ ունեցայ կեանքի դրախտում, մահն էր: Մեռնի՜մ հողիդ: Արժէ մեռնիլ այս հողին համար, որ իմը մնայ:

Կանաչի վրայ փոշի չկար: Կենդանաբանական այգիում մեր որոնած հաւազգիները ազատ թռչկոտում էին ու սիրերգում: Վարիչը ցոյց տուեց աջակողմեան ճամբեզրի բարձունքի վրայ կերտուած արջի ընտանիքի յուշակոթող: -«Պապիկս նայի'ր՝ արջ»: Ու ողջ տիւը բացատրում եմ արջերի բնակութեան, կերի, բնաւորութեան մասին: Տղաս ուզում էր իրական արջ տեսնել:

Դիլիջանի պատկերները շատ եմ տեսել տարբեր գրքերում: Աջին՝ լեռան գագաթին, պալատի նման մի շէնք կար: Ուզում էի տեսնել Դիլիջանի հանրաճանաչ արհեստական լիճը: Չկար այդպիսին, կառավարս էլ չգիտէր: Ճանապարհը անցում էր քաղաքի միջից, բայց ոնց որ դրան դեռ չէինք հանդիպել: Քաղաքը աչքիս չերեւաց, տուները իրարից հեռու, ծառաստանների մէջ համարեա՛ կորած էին: Ուզում էի կանգնել գլխաւոր հարապարակում, մի շունչ առնել, ու խորհրդածել: Չկար:

Մայրական պապիս եղբայրը, Դիլիջանի հիւանդանոցի գլխաւոր վիրաբուժն է եղել երկար տարիներ: Չկարողանալով համոզուել Խորհրդային միապետական վարչակարգի ապրելաձեւին, ի վերջոյ հանգրուանել է ԱՄՆ-ի ոսկեայ նահանգում:

Ինչպէս որոշ էր՝ գնալու էինք Հաղարծին, անտառի մէջ սկորած այդ սրբավայրը, բայց նախ, ուզում էի մի տեղ հանգստանալ: Շատ չանցած, ճանապարհի կողքին, տեսանք գողտրիկ հիւղակներ՝ փայտաշէն, որոնք իրար նման չէին: Մի տեղ պատշգամով, այլ տեղ՝ բակով, սակայն ամէնքն էլ գետի ափին, անունն էլ Գետափ էր:

Դեբեդի մասին էի մտածում, բայց գետը Աղստեւն էր: Արարատեան թագաւորութեան ժամանակ յայտնի է եղել Ալիշտու տեղանունը, որ, հաւանաբար, տրուել է գետին: Տեղ-տեղ գետի ջուրը ներս էին առել, լճակ կազմելով բադ ու սագ էին դրել: Ջուրը տղմուտ էր: Պատճառն երեւի՝ հողի քարքարոտ չլինելուց է, զի գարնանային վարար հոսանքն իր հետ էր բերել հողի մակերեսը: Ինձ համար հրաշալի վայր էր, ու մի քիչ շուար մնալուց ետքը. որոշեցինք ուր պիտի նստենք: Սպասեակը՝ չգիտեմ ինչու ժպտերես չդիմաւորեց: Ընդհանրապէս դիմաւորող, ու բարի գալուստ մաղթող չկար: Ուտող՝ գրեթէ միայն ես էի: Հարցրի. «Ի՞նչ ճաշատեսակ ունէք»: Սովորական խորովածի տեսակներից բացի ուշքս գրաւեց տժվժիկի անունը: Կէս լիտր վոդկան մի բաժակ ջուրի պէս խում տուի: Ջուրը խաղաղ հոսում էր, բնաշխարհն ու նստավայրը չքնաղ էին, ու ամէնից հրաշալին՝ Հայաստանում էի, ինչ որ շատերի համար կարող է բան չնշել, բայց ինձ համար մեծ նշանակութիւն ունէր:

Ճանապարհը շարունակինք, ու որքան ընթացանք, այնքան «հեյ վա՜խ» ասի, քանզի շա՝տ աւելի չքնաղ գեղատեսիլներ էի գտնում, քան ինչ գտել էի մինչ այդմ: Աղստեւի շարունակւող հովտում, ժողովրդային հանգստարաններ կային, ուր մարդիկ ժողուած խորոված էին պատրաստում՝ վայելելով հայրենի երկրի աստուածային հրաշք գեղեցկութիւնը: Ուրախառիթ էր, երիտասարդ հայերի ներկայութիւնը բնութեան մէջ, երբ գնահատում են հայրենի եզերքը, ու գիտակցում արժէքը նրա: Այդպիսիք՝ երեւի քաղաքացի, ձիավարում էին: Աղջիկներից ոմանք, վախենում էին ընկել, իսկ տղաքն ու գեղացի ձիապանք քաջալերում էին:

Սաղարթախիտ անտառի միջից անցելով դիտում էի երկիրը: Առասպելական վայր էր: Կանգ առանք ու իջանք: Լռութիւնը խանգարողը՝ բնութեան երջանիկ արարածներ էին. զանազան ճնճղուկներ, միջատներ, ու տերեւների խշշոց: Կոյս բնութեան մէջ ամէն ինչ մաքուր է թւում: Շնչածդ թթուածինը սիրտդ կեանքով է լցնում, ու դու ուզում ես շաղախուել բնութեան: Պարեցի տղայիս հետ: Հրաշալի է՝ երբ զգում ես գողտրիկ այս անկիւնը քեզ համար ու քեզ հետ է ապրում վայրկեանը: Բնութեան գեղեցկութիւնն էր որ հարբեցրեց եւ ոչ սպիրտը:

Ճանապարհը՝ դէպի Հաղարծնի վանք, նորոգւում էր: Գարնանային հեղեղը քանդել էր ու հողակոյտով լցրել էր ամէն տեղ: Նախորդ անգամիս, Վանքն իր աստուածային դիրքով ու գեղեցկութեամբ հմայել էր ինձ: Այս անգամ նոյն հմայքը չունէր, քանզի նորոգւում էր: Երեւի Գուգարաց թեմը որոշել է Վանքը շէնացնել, հոգ չէ թէ մենք, այդ օր, ի զուր կտրեցինք այդքան ճանապարհ:

Ահա, հրաշալի ապրումներից ու օրից սա կարողացայ գրի վերածել:



#77 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 21 February 2009 - 09:47 AM

«Ծառ» անուն շարանի մի մէջբերման մէջ, յիշւում է «Բուսաբանական այգին»: Մանկուց լսել եմ այդ այգու փառքի վերաբերեալ՝ Երեւանին նուիրուած զբօսաշրջային ծանուցումներից, հրատարակութիւններից:

Հայաստան վերջին այցիս, ուզեցի անպայման գնալ հռչակաւոր այգին: Յուսախաբ եղայ:

Պիտի գրէի սրա մասին, երեւի այսօր էր պահը: Մարդկային ձեռքի խնամք չկար՝ ծառերի, թուփերի, մայթերի ու ընդհանրապէս այգու վրայ: Վայրի բնութիւն էր:

Ակնկնալում է տեսնել տարօրինակ ու ոչ բնիկ՝ չնաշխարհիկ բոյսեր, ծաղիկներ, ծառեր, ինչպէս նկարներում (հին բրոշիւրներում) տեսել եմ: Թերեւս կային այդպիսիք, սակայն ընդհանուր բուսականութեան մէջ կորած էին. իրար խառնուած, մէջ-մէջի մտած: Այնքան ընդարձակ էր, որ համարձակութիւն չունեցանք շատ առաջ երթալու, մանաւանդ, որ սիրելիս շատ քայլելու տրամադիր չէր:

Կային սիրուն տեսքով, երկար պոչով թռչուններ: Հետագայում, համացանցում, այգու մասին ընթերցելիս, իմացայ՝ սկիւռների ու անգտանելի թռչունների անօրինական որս է տեղի ունենում: Ի դէպ տեսել էի բաց շագանակագոյն անուշիկ մի սկիւռիկ, որը մագլցում էր այգու մուտքին, Ճամբեզրի ժայռի մէջ բացուած խոռոչի շուրջ շարուած քարերի վրայ: Ինչպէս բոլոր ընդարձակ այգիներում, այստեղ էլ սիրահար զոյգեր ազատութիւն էին գտել՝ համբուրւում էին սեղմօրէն: Սրանք որսորդների նման անօրինական չէին, կարծես թէ:

Անձրեւից փախչելով պատսպարուեցինք խոռոչի մէջ, սիրասուն ու մանկահասակ հայուհիների հարեւանութեամբ: Արդեօք պատմական Հայաստանի ո՞ր շրջանից է այս թուխ ու քաղցրատես աղջկնակի արմատները, իսկ այս շէկլիկինը՞: Նրանց ուզում էի ասել՝ աղջիկնե'ր, ես էլ հայ եմ, բնիկ հայաստանցի: Չասացի, բայց նրանք հասկացան ինձ:

Անձրեւը դադարելու միտում չունէր, ուզում էր ջրել, ցնցուղել անտիրական այգին: Դուրս եկանք ու անմիջապէս ձախին, հետաքրիր մի ճաշարան գտանք, որը պիտի հասկանալ՝ ռեստորան: Նոյն անձրեւը այստեղ էլ կար: Ջրում էր ապակէ ջրաւազանի մէջ (aquarium) լողացող գոյնզգոյն ձկնիկների տանիքը: Ձկնիկները չգիտէին սփիւռքահայ եմ, սակայն դիմացի սեղանի շուրջ նստած այրն եւ կինը գիտէին: Մարդը շարունակ, ու յարգալից, ժպտում էր: Հիմա ես ի՞նչ պիտի հասկանամ... շնորհքով մարդ է երեւում, ու նրա ժպիտի մէջ ոչինչ վատ բան: Վերջում՝ գնալուց առաջ, յարգանօք բարեւեց ու անցաւ: Պէտք է գուշակել կամ հետաքրքրասէր է՝ զբօսաշրջիկներով ու մանաւանդ սփիւռքահայերով, կամ էլ ինքը կամ իր հայրը, մի օր, ինձ նման են խօսել հայերէնը:

Գաւիթի վերջում, մի երկար սեղանների շարք էր տրամադրուած մարդկանց մի խումբի, որն իրեն երկրի տէրն ու պաշտպանն էր համարում: Պարբերաբար ոտքի էին կանգնում, իրար գովաբանում, կենացներ խմում ու նստում: Ուշադիր նայում էի այդ կողմ, չէի ուզում հաւատալ, թէ վատ մարդիկ են: Մարտի մեկի զոհերի արիւնը դեռ չէր չորացել: Որդիս գնում գալիս նրանց կողքով ու ցատկռտում աստիճանների վրայ: Անհանգիստ էի, աձնրեւից էինք փախչել, ու վերջին օրերի յոգնութիւնը մեր վրայ էր չոքել:

Ոստիկանապետերը գնացին, առանց մեր վրայ ուշադրութիւն դարձնելու:






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users