Jump to content


Photo

Bibliakan Part 1


  • Please log in to reply
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 14 June 2007 - 06:33 PM

«ԲԻԲԼԻԱԿԱՆ»
(Դասական Ուղղագրութեամբ)


Ցաւը տւեց սարերին
Սարերը չտարան
Ցաւը տւեց մարդուն
Մարդը տարաւ...
Մօրս խօսքերից


Երբ անյայտ ոգին աշխարհն արարող,
Որ աստւած կոչւեց դարեր ու դարեր,
Ստեղծեց երկինք, արև, ծով ու հող,
Ստեղծեց համայն տիեզերքը մեր,
Եւ աշխարհ բերեց բիրտ հողից մարդուն,
Բաժանեց բոլոր իր բարիքն անհուն:-
Լոյսի հրճւանքը տւեց երկնքին,
Կապոյտ ծիծաղը ծովին ծաւալեց...
Ճերմակ ժպիտը սփռեց ձիւներին,
Վեհութեան խինդը լեռներին տւեց:
Դաշտերին՝ կանաչ ժպիտը գարնան,
Դայլայլը տւեց հավք ու հաւերին:
Հողին՝ բերկրանքը տւեց մայրութեան
Սիրոj խայտանքը տւեց ամէնքին,
Ու բոլոր վարդերն իր ուրախութեան
Շաղ տւեց այսպէս նորաստեղծ երկրին:
Բայց վշտի փուշը իրեն մօտ թողեց՝
Ու չէր իմանում ո՞ւմ բաժին հանէր,
Ո՞վ ունէր մի սիրտ՝ այնքան լայն ու մեծ,
Որ վշտի խայթը անխռով տանէր:
Ու խորհեց խորին արարողը մեծ
Եւ անտեսօրէն երկրում թափառեց.
Տեսաւ ցնծում է սիրտը հաւքերի,
Խենթ համբուրում են գազաններն իրար,
Ու նրանց տւեց խայթը ցաւերի՝
Ցրելով նրանց խինդը խելագար:
Եւ իսկոյն աշնան տերևների պէս
Ցաւից սգացին հավք ու ծաղիկներ,
Եւ կակաչների սիրտը սևացաւ,
Այն օրից իրենց լեզուն կորցրին
Ու դեռ նետում են կաղկանձով անբառ
ազաններն իրենց անեծքը լուսնին:
Եւ գթաց նրանց արարողն, ասես
Նայելով երկրի խրոխտ լեռներին,
Լեռները, ասաց հզօր են ու վէս,
Գոռոզ է նրանց կեծւացքն իմ աչքին.-
Թող քիչ խոնարհւեն ու խորհեն ինձ պէս:
Ասաց ու վիշտը տւեց լեռներին
Եւ հառաչեցին լեռները ցաւից.
Անէծք ժայթքեցին հրաբուխներով,
Ցաւից լանջերին խոցեր բացւեցին՝
Դարձան անդունդներ ու խորանալով
Այն սէգ լեռների տանջանքը լացին:
Եւ արցունքները գետերի փոխւած՝
Իբրև լեռների լեզուն փրփրած՝
Խոցւած լեռների անէծքն են լալիս.
Իսկ գագաթներին՝ ձիւնն յաւերժացած
Սառած արցունքն է, որ ցած չի գալիս:
Գթաց լեռներին արարողն ու մեծ
Ցաւն առաւ՝ անհոգ դաշտերին տւեց,
Վէրքեր բացւեցին դաշտերի կրծքին
Եւ հառաչեցին դաշտերը դարեր
Ու դեռ մնում են նրանց վէրքերից
Անապատները, որպէս սպիներ:
Գթաց դաշտերին արարողը մեծ՝
Մռայլ նայելով ծովի ծիծաղին,
Առաւ վշտի շանթն ու ծովը նետեց,
Ու ծովն անդնդից ելաւ կատաղի,
Մինչև աստղերը ծառս եղաւ ցաւից,
Այնպէս ծառս եղաւ, որ կոհակների
Մատները կարծես աստղերն հանեցին
Որպէս երկնքի աչքերը անգութ,
Որ նոյնպէս լացին...
Այնպէս ծառս եղաւ,որ յատակներից
Քարացած արցունք՝ աւազն երևաց,
Դարեր մոլեգնեց ու հետքը ցաւի
Ալիքների մառ կնճիռը մնաց
Եղծելով չքնաղ երեսը ծովի:
Ծովին էլ գթաց արարողը լուռ,
Ցաւն առաւ ծովից երկնքին տւեց,
Ամպերով գոռաց երկինքը զարհուր,
Ցաւից անձրևը կարկուտի փսխւեց,
Անէծք կայծակեց ու լացեց անյոյս,
Ու մնաց լուսինն աչքում երկնքի,
Որպէս մի շիթը սառած արցունքի:
Իսկ յաւերժական ցաւից հալածւած
Աստղերն այն որից ասուպներ դարձած
Թռան ու մեռան իրար գրկի մէջ,
Եւ դարեր ցաւը երկնքում մնաց՝
Ցրեց աստղերի դաշնութիւնը պերճ:
Ու ցաւն առնելով արարողն էլի
Խորհում էր՝ ում տար, որ գէթ մի գիշեր
Անխռով տանէր պարգևն ահալի,
Որ, աւա¯ղ ինքն էլ չէր կարող տանել:
Սոսկաց, թէ ցաւը կմնայ իրեն...
Ո՞ւմ տար այս անգամ՝ խորհում էր, նայում,
Երբ տեսաւ մօտիկ հովտում տարօրէն
Ժպտում էր մարդը՝ վագրի ճանկերում,
Մարդ, որ դեռ վագր էր վայրի քարայրում...
Տեսաւ, խաղաղւեց խռովյալ ոգին,
Եւ ասաց՝ լոկ սա կարող է տանել,
Ու մարդուն տւեց վիշտը երկրային
Եւ ինքը թեթև սլացաւ եթեր...
Եւ ծնւեց մարդու դեռ վայրի սրտին
Ցաւի զգացումն ու ահը մահւան.
Եւ մարդն այսույետ խեթ նայեց վագրին
Սրելով աչքը ժանիքի նման:
Այդ ցաւն էր մարդու աչքերը բացեց,
Եւ մերկ ուղեղը զգեցած ահով՝
Զգաց, որ մահն է վիշտն ամէնամեծ
Եւ կռւի ելաւ մահւան դէմ մահով,
երեզմանի դէմ դնելով մանկան
Ոսկի օրոցքը՝ իր յոյսն օրօրեց,
Իր մահը դարձրեց գոյի հոլովում
Ու սերնդաշար ապրեց վերստին՝
Տանելով դժնի վիշտը մօր մահւան,
Դիմացաւ որդոց անհետ կորստին,
Տարաւ դառնանուշ տանջանքը սիրոյ,
Տոկաց բնութեան խօլ աղէտներին,
Ու լցւած կեանքի ծարաւոտ սիրով՝
Դիմացաւ այրող վէրքերի ցաւին:
Բայց իր թոյնի հետ վիշտն էլ մեղր ունի՝
Եւ առագաստը բացեց մտածման
Վիշտը՝ մեծ դայակն իր մանուկ մտքի,
Վիշտը, որ դարձաւ յոյսի օթևան...
Ու երբ նորախոհ մարդը մի վայրկեան
Առաջին վշտերն յոյսի մէջ խեղդեց,
Ոգին հիացքով յայտնւեց անձայն՝
ոյութեան կռւի ցաւերն էլ տւեց:
Բայց մարդը կրա¯կ պոկեց ժայռերից
Լոյսի ծնունդով ցաւերը մեռցրեց.
Ու կենաց պտուղն հանապազօրեայ
Իր տառապանքի անտառում գտաւ,
Ու ոգորումով յաղթեց այն վշտին,
Որից խօլական մամոնտը կորաւ...
Եւ դարեր ծխաց սիրտը մարդկային,
Լցրեց տիեզերքն իր վշտի ծխով,
Բայց չկորցրեց իր յոյսն աստղային
Եւ իմաստութեամբ իր նորաբողբոջ
Դարեր գուպարեց ին նմանի դէմ,
Որ լուծ էր դարձել իր բիւր ուսերին,
Մարդը մարդուն գայլ ոսկորով դժխեմ...
Բայց անագորոյն ոգին նորից նոր
Մարդու մէջ քամեց գետերով պղտոր
Իր տիեզերքի ցաւերը բոլոր,
Եւ հրամայեց ապա մայր հողին,
Որ մարդու առջև բարիք չփռէ,
Եւ անապատի փոխւեց տխրագին
Մարդու աչքի դէմ՝ դաշտը զմրուխտէ,
Այնպէս տոչորւեց և հողն աշխարհի,
Որ անապատում օձն էլ իր ձագի
Աչքի արցունքը ծարաւից խմեց...
Այնպէս, որ ծովն էլ շոգից կարկամեց:
Բայց ինչքան շատ է մարդն իմաստանում՝
Իր ցաւերն այնքան հեշտ է դարմանում:
Ու մարդը խորհեց և մառ դաշտերից
Փախած գետերը ձորերից հանեց
Եւ անապատւած դաշտերում սփռեց՝
Եւ գինի քամեց դաժան դաշտերից...
Եւ մեղրագետեր քրտինքով քամեց:
Եւ դժնետեսիլ հոգսերով ելաւ
Պեղեց ծովերը, լեռները պեղեց,
Աստծոյ թաքցրած գանձերը գտաւ
Ու մտքի ձեռքը աստղերին մեկնեց
Եւ լուսնի վրայ մահեր նշմարեց...
Եւ կեանք նշմարեց աստղերի վրայ,
Եւ մահւան ահից իմաստնանալով՝
Գտաւ հիւլէի հոլովումն անմահ,
Շարժմունքն անընդմէջ ու նորից խորհեց,
Զգաց, որ երկու անգամ չի կարող
Անցնել նոյն ջրով նոյն գետի՝ անցնող:
Զգաց, որ մահը և կայ և չկայ,
Որ նիւթն, ինքնագոյ, շարժւում է նորէն,
Որ ոչ թէ Աստւած ստեղծեց մարդուն,
Այլ մարդն իր ահից ստեղծեց Աստծուն,
Դարերի մթնում իր խարխափանքի,
Նիւթին անգիտակ՝ նա երկնեց ոգի
Եւ կոյր խնկարկեց պատրանքն իր ունայն,
Մարդը, որ ծնւեց ծովափնեայ տիղմից
Ու դարձաւ միակ խոհը բնութեան,
Կռահեց, որ հողն է աճիւնն արևի
Եւ եղել է, կայ, անստեղծելի,
Ու անեղծելի, ու դարեր խորհեց,
Եւ իմաստութեամբ իր լուսաբողբոջ՝
Իր արցունքի պէս սրբելով ընկճեց
Իր ցաւերի հետ ցաւերն ընկերոջ.
Եւ կործանելով իր մէջ գազանին՝
Նա իր մէջ զգաց երազներ վսեմ,
Լոյսը դարձնելով իր սպեղանին՝
Անցաւ ցաւերի ճամփէքը դժխեմ,-
Նոյն ծաղկից թէ´՝ թսյն, թէ´ մեղր քամեց,
Եւ աստծուց հզօր՝ ինքն էլ արարեց
Չեղած հրաշքներ աշխարհի վրայ,-
Իր արաչութեան խնդութեամբ խեղդեց
Մարդը բիւր դարեր բիւր ցաւերն իրա:-
Մարեց կրակով իր ստեղծագործ՝
Ցաւերի ծովը իր մի բուռ սրտում,
Եւ տիեզերքում լոկ մարդը՝ անեղծ
Վշտին յաղթելով՝ դարձաւ իմաստուն:-
Այդ աշխատանքն էր, որ ինչպէս դարբին
Կռեց ու կոփեց հոգսերի սալին
Բիրտ անբանից մարդ ու մարդուց Աստւած...
Եւ վերջին անգամ ոգին յայտնւեց՝
-Դու, ասաց մարդուն, վշտին յաղթեցիր,
Ժառանգիր ահա տիեզերքն իմ մեծ,-
Քո մտքի թագով իր արքան դարձիր:
Վշտին յաղթողը՝ իշխանն է խինդի,
Իշխիր գաղտնալից տիեզերքն համայն,
Ինքդ ստեզծիր հողը դրախտի
Եւ սնիր որ յար վայելես նրան,
Որ վշտիդ գետերն էլ չծովանան:
Իշխիր ծովերի մռայլ յատակում,
Իշխիր ինքդ քեզ ու վագրին իշխիր,
Իշխիր դու երկրում, իշխիր երկնքում,
Մրջիւնեց մինչև աստղերին իշխիր:
Եւ ինչ որ քո դէմ գաղտնիք թողեցի՝
Պեղիր տիեզերքն՝ յայտնութիւն դարձրու,
Դու՝ հրաշքներիս հրաշքն իմաստուն,
Թող վիշտ ու խինդդ անբաժան լինեն՝
Ինչպէս կակաչի կարմիրն ու սևը,-
Եւ թող յաւիտեան ախոյան՝ բախւեն
Վիշտն ու խինդը քո՝ քո մահն ու սէրը...
Եւ թող յոյսերս քեզ ապաւինեն,
Եւ թէ արտասւես՝ թող քո արցունքից
Գոհար խաղողի ողկոյզներ ծնւեն,
Թող նոր հրաշքներ ծնւեն քո ձեռքից...
Եւ իմաստնացած կգնաս այդպէս,
Դարերի անտես սանդուղքով կելնես
Դէպի կատարը կատարելութեան,
Որ միջօրէի արևի նման
Փարատես մութը ոգուդ չարութեան,
Եւ աղաւնանաս քո նմանի դէմ,-
Որ քո նմանի վիշտն էլ ճաշակես
Ու նոր լինես մարդ ու ծաղկես որպէս
Ազնիւ խտածւացքն ահեղ բնութեան՝
Հասնելով ոգու ներդաշնակութեան:
Իսկ ծաղիկներից՝ շունչն անմահութեան,
Որպէս նոր գինի, ի ցիւ դու գտնես,
Ըմպես, որ չիջնես ձորը ծերութեան,
Որ կեանքով լցւես ու նորից ելնես
Կանաչ սարերը քո պարմանութեան.
Որ տիեզերքում լոկ ինքդ լինես
Յաւերժ տիրական յավերժ բնութեան...»:
Եւ լռեց յաւէտ ու մարդու սրտի
Հովիտներն իջաւ, ընկնող աստղի պէս,
Մարդուն թողնելով սանդուղքն աստղերի,
Որ մարդն հասկացաւ անբարբառ լեզուն
Մեծ իմաստութեան ու տիեզերքի:
Ու ողջ բնութիւնն ապշեց մարդու դէմ.
Ծովերն աչք դարձան մարդու դէմ ապշած,
Եւ դարեր ահա մնացել են բաց...
Երկնակամարն էլ յոնքն է՝ վեր քաշւած՝
Յաւիտեան ապշած մայր տիեզերքի
Արեգակնաբիբ կապուտակ աչքի...
Բայց իմաստնացած մի պարմանի պէս՝
Մարդն էլ իրենով հիացաւ կարծես,
Ու մեծ տենչանքի ու կրքի ճամբով
Ելաւ փնտռելու իր ստեղծողին,
Տիեզերախոյզ մտքով թափառեց,
Հիւլէից հարցրեց, հասաւ աստղերին,
Հազար մի չեղած հրաշքներ երկնեց
Ու ձգտեց հասնել իր ստեղծողին,-
Չափւել նրա հետ,
Գտնել աստծուն՝
Պեղելով նրա առեղծւածը մեծ...
Կասկածեց, յուսաց ու դարեր փնտռեց,
Ու աչքն աստղերից ուղղեց արևին՝
(Իր վայրի քարայրն յավիտեան թողած
Այն վաղնջական խաւարի հովտում
Անբան գազանին՝ լեզուն կորցրած)...
Իսկ բարձունքներում լոյսերով լցւեց
Դեռ վշտի սափոր սիրտը մարդկային
Արևի ճամբին, ուր դարեր փնտռեց,
Ու երբ չգտաւ՝
Այն բիբլիական
Յարդագողն արած իր մտքի ճամբան,-
Ու երբ չգտաւ՝ ելաւ նորախոհ՝
Էլ չապաւինեց նա ոչ մի աստծոյ
Ու ոչ մի ոգու, որ իբր ահի
Տեսիլն էր անգոյ՝ այս տիեզերքում.-
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Այնինչ նիրհում է աստւած իր հոգում:



«ԲԻԲԼԻԱԿԱՆ»-Ի ՎԵՐՋԱԲԱՆԸ


1

Ոչ թէ աղջկա բախտն ես գուշակում,
Որպէս մի գնչու՝ ցնորք ափիդ մէջ,
Դու գիտես, թէ ծովն ինչ Է մտորում՝
Ծովն իր կաթիլի՝ իր պատկերի մէջ:


2

Դու, որ դուրս ելար ցաւերի ծովից,
Կանչես՝ վար կիչնե գարունն արևից,
Եւ թէ գետերի վրայ որոտաս,
Գետերն հինաւուրց հունը կփոխեն,
Բաւ Է ճակատիդ ադամանդը տաս՝
Անապատները մեղր կբխեն:
Կանչես՝ ժայռերի կրծքերից յանկարծ
Անտառներ կելնեն՝ գարուններ գրկած:
Մինչև կոկոններն աչքերը բանան՝
Կանչես՝ ծովերը պիտի միանան:
Լեռներին մինչև դայակ չդառնաս՝
Յղի լեռները չեն ծնի գանձեր,
Քանի պատւաստն է ձեռքդ բնութեան՝
Կջահելանան անտառները ծեր:
Քեզ դարեր սաստած կայծակները քեն՝
Մի փունջ երկաթի մէջ կբանտարկես:
Կկտրի, կանցնի օվկիաններն անվերջ
Քո շշուկն ահա՝ մի վայրկեանի մէջ:
Եւ ցած բերելով թևաւորներին՝
Դու երկնքումն էլ բացիր քո ճամփան,
Հրամայեցիր՝ քեզ առաւ թևին՝
Երկինք սլացաւ բրոնզն անկենդան:
Այն չես՝ ում սիրտը աչք էր վագրենի,
Սիրտդ՝ չար ծովեր ծածկող գթութիւն:
Քնքշանքդ բացեց լեզուն գազանի,
Եւ հաւքերն ահա երգերդ են կրկնում:
Եւ միակ խինդդ է՝ ոչ թէ նմանիդ՝
Այլ խօլ հողմերին գրաստդ կանես,
Եւ օրօր կասես քեզ ծնած հողիդ,
Դու հող, բայց հողից դրախտ կծնես:
Ձեռքդ կնիքն է կախարդանքներիդ
Եւ մարդուց բացի՝ ամէն գոյ՝ գերիդ,
Դու երկրէ-երկիր պճնողն աստղերի,
Դու դեռ խորտակողն անարգ թագերի:
Խօսքդ -բնութեան ճակատագիրը,
Գործդ -երազիդ գալոց երկիրը,-
Դու մարդը՝ խորհող հիւլէն բնութեան,
Հիւլէն՝ տիրակալն անսահմանութեան,
Տիեզերանիւթ շաղախից մի բուռ՝
Բայց մի տիեզերք՝ քանզի բիւրաղբիւր
էակների մէջ քո հին զուգընկեր՝
Լոյս ծնելն հողից քեզ է վիճակւել,
Եւ կգա դարը՝ կհրամայես՝
Գիշերն արևն էլ կզարթնի քնից
Եւ քեզ կնայէ նա էլ ապշադէմ,
Եւ կշշնջա՝ «Այս դու ես, որդի¯ս,
Ո´վ մարդ, բայց հազիվ քեզ ճանաչեցի,
Այնքան լուսաւոր թւացիր աչքիս
Թւաց թէ աչքս ես իմ դէմ բացի...
Բայց Ի՞նչ ես փնտրում անգամ գիշերով,
Երբ բաց աչքերով աստղերն են քնել,
Ինչո՞ւ ես մինչև աստղերը հանել
Մտքիդ գլուխը, ի՞նչ վիշտ կայ նորից,
Երբ մի բուռ հողից վայրի բնութեան
Դու քեզ հասցրիր կատարելութեան,-
Ինչո՞ւ չես ննջում»:
-Չեմ ննջի երբեք,
Քանի գաղտնալից տիեզերքն այս սեգ՝
Չի բացել իմ դէմ ծալքերն իր բոլոր,
Քանի դեռ մութն է ու խորհրդաւոր.
Քանի դեռ անդուռ առեղծւած մնան
ոյութեան գաղտնիքն ու քէնը մահւան.
Չե´մ ննջի երբէք՝ մահը կա քանի,
Քանի չեն դարձրել յաւերժ պատանի
Ինձ յայտնութիւններն իմ իմաստութեան.
Քանի գործս՝ յաւերժ, կեանքս է մի վայրկեան.
Քանի լուսնին էլ ծաղիկ չեմ ցանել,
Քանի լուսնից էլ մահը չեմ վանել,
Քանի չի դիպել դեռ ոտքս Մարսին,
Քանի չեմ հասել լոյսերիս լոյսին՝
Անմահութեանը մարդկային կենաց,
Որին արժան է մարդը տառապած...
Քանի մի ձեռքս միւսիս համար
Կոթող է յղկում, կամ թէ շիրմաքար,
Քանի ագռաւն իսկ մարդուց շատ կապրի,
Կամ բաոբաբը՝ եօթն հաղար տարի,-
Մինչ մարդս... պիտի գերեզման իջնեմ՝
Չապրած փետրի չափ հաւքի մի նսեմ,
Մարդը՝ խոհերի մի նոր աստղածով,
ճանապարհորդը ծիր կաթինների,
Մարդն էլ հողածին, բայց մարդն իր գլխով՝
նժարն անհամար մոլորակների,
Մարդն՝ յաւերժօրէն չարի դեմ հաստւած,
Մարդն՝ արարչությամբ՝ -Աստծոյ աստւած,
Բայց այս իր խոհն է՝ գործն յաւերժական,-
Իր կեանքով սակայն
Մարդն յաւերժի դէմ ի¯նչ է՝ մի վայրկեան,
Թիթէռի մի կեանք, մի բառ՝ մահւան դէմ՝
Որ չարտասանած գերին է մահւան...
Մինչդեռ մարդկային ծարաւն առաջին՝
Տիեզերասոյզ տենչն է իմ վերջին.
Յաւիտեան ըմպել երկինքն աստղալից,
Յաւերժ վայելել գգւանքը կնոջ,
Չհանգչի երբեք կիրքս մրրկալից,
Ոտքիս տակ բացւի լուսինը բողբոջ,
Նմանս ծնել - աստղերի մէջ,
Անմահ վայելել տիեզերքն այս պերճ,
Եւ սիրտս դառնայ բերդն անմահութեան,
Վայրկեանի սիրտս՝ դարեր տառապած...
Ու թէև ինչպէս կեանքը սխրալի՝
Մահն Էլ Է շարժմանց պատճառն անհեղլի՝
Առանցքը շարժմանը ներդաշնակութեան,
Բայց կեանքն Էլ ինչքան շատ գեղեցկանայ՝
Մահն աչքիս այնքան կըտգեղանայ,-
Կդառնայ վերջ(ին ոսոխս ամեհի...
Բայց ելնում ընդդէմ զառամեալ մահի՝
Եւ կռւելու եմ այնքան ժամանակ,
Մինչև՝ ինչպէս գահն իմ աստւածների՝
Թափուր գահ դառնայ մահն Էլ ոտքիս տակ...

(Շարունակելի)


http://hyeforum.com/...showtopic=16178




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users