Jump to content


Photo

ԵՒ ԱՅՐ ՄԻ ՄԱ


  • Please log in to reply
5 replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 02 June 2007 - 02:42 PM

ԵՒ ԱՅՐ ՄԻ ՄԱՇՏՈՑ
Դասական Ուղղագրութեամբ

Ա

Մենք կայինք նաեւ նրանից առաջ,
Եւ դարեր առաջ:

Մենք բռնութիւնից խոյս էինք տալիս՝
Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ,
Իսկ մեզ ոտնկոխ հետապնդողին դիտապաստ անում
Եւ դրանով իսկ անուն ստանում՝
Կոչելով մեզ Հայք...

Մենք անշունչ քարը դարձնում էինք ձուկ,
Ձո՜ւկ,
Որ անջրդի լեռնալանջերի շիկացած հողից
Իր փորը վառած՝
Կիսաբաց բերնով
Երկնքից անջուր
Գոնէ անձրեւի շիթ էր պահանջում:

Լեռը ծակելով՝
Մենք նրա միջով ջուր էինք տանում
Ու շռայլ բանում
Մեր այգիների այրի արգանդին:

Իսկ ամուլ կաւին տալիս էինք մենք
Ձեւը վարսանդի
Եւ կոչում կարաս,
Որի մէջ յետոյ լողացնում էինք գարին մեր մաքուր,
Եւ մկրտութեան այդ ջուրը դեղին
Հարբածութիւնից նոյնիսկ առաւել
Զարմանք էր ազդում այն գոռոզներին,
Որ մեզ այնուհետ
Չէին հանդգնում կոչել «բարբարոս»:

Մենք յամառ ոսկուն ստիպում էինք նաեւ մայրանալ՝
Դառնալ դիցուհու արձան անթերի,
Եւ այդ հլութիւնն անձնատուր ոսկու
Անւանում էինք Մայր զգաստութեանց՝ Մեծն Անահիտ:

Մենք տալիս էինք անյատակ վիհին մի նոր խորութիւն,
Երկնամուխ կիրճին՝ բարձրութիւն մի նոր
Եւ... կոչում առնի...

Մենք կայինք նաեւ նրանի՛ց առաջ:
Մեր արքաների եւ իշխանների արածի վրայ չարածը դրած՝
Նրանց գործն էինք դեռ շարունակում
Լարերի վրայ բամբ բամբիռների
Եւ... դա անւանում Երգ Վիպասանաց...

Արշակները մեր՝
Հայրենի հողին ոտքով շփւելով,
Լոկ հպարտութեան խօսքերով էին շուրթերը բանում
Եւ ըմբերանում տիրակալներին:

Մուշեղները մեր՝
Օտար զօրութեանն ընդդիմանալիս
Նրանց հարեմը գերի առնելով
Ու ձեռք չտալով եւ ոչ մի կնոջ՝
Առնականութեան եւ վեհանձնութեան դաս էին տալիս,
Այնպիսի մի դաս,
Որ ոսոխն անգամ անգիր էր անում...

Մենք կայինք նաեւ նրանի՛ց առաջ:
Մենք աստղերն էինք մեր աչքով զննում,
Արփալոյս էինք թելերով հինում.
Տաճարից ելնում ու թատրոն գնում,
Վայելում նաեւ հաճոյքը վսեմ
Մեր այն պարուհի-կաքաւողների,
Որոնց մարմինը նւագ էր լռած
Եւ որոնք նաեւ «երգեին ձեռամբ»...

Բ

Այո՛, մենք կայինք նրանի՛ց առաջ:

Սակայն աշխարհի լայնքի վրայով
Մի չտեսնւած մրրիկ էր անցել:

Հրեա մի գունատ՝
Քշւած իր երկրից,
Օտարականի ու հիւրի տեսքով,
Ինքն իրեն տարաւ աշխարհից-աշխարհ:

Զորաւոր էին աստւածները հին,
Այնքան զօրաւոր,
Որ անկեղծ էին ու չէին ստում:

Իսկ խեղճ ու աղքատ այդ եբրայեցին
Եկաւ շաղ տալու խօստումներ օդում,
Եկաւ զինավառ գեղեցիկ ստով...

Միամիտ էին աստւածները հին,
Միամիտ այնքան,
Որ ծարաւն իրենց յագեցնում էին լոկ արեամբ զոհի
Եւ իրենց քաղցը նոյն զոհի մսով:

Իսկ եբրայեցին եկաւ ասելու,
«Այս է մարմինն իմ, առէք ու կերէք:
Այս է արիւնն իմ ըմպեցէք սիրով»...

Ուղղամիտ էին աստւածները հին.
Ուղղամիտ էին՝
Պարզ դերձակի պէս.
Իրենց հաւատի հանդերձը նրանք
Միշտ ձեւում էին ճիշտ կեանքի վրայ:

Իսկ եբրայեցին եկաւ կարելու,
Մի համընդհանուր կախարդիչ հանդերձ,
Որով որ պիտի հաւասարւէին
Ե՛ւ վտիտ ու գէր,
Ե՛ւ հաստ ու բարակ...

Ճշտախօս էին աստւածները հին,
Ճշտախօս էին՝
Երեխայի պէս.
Մարդկանց մարդ էին նրանք անւանում,
Իսկ իրենց՝ աստւած:

Իսկ եբրայեցին ասաց, «Մարդ եմ ես»,
Եւ... դարձաւ աստւած՝
«Մարդ եմ» ասելով...

Զօրաւոր էին աստւածները հին,
Այնքա՛ն զորաւոր,
Որ անկեղծ էին ու չէին ստում:
Իսկ պատմութեան մէջ կան ժամանակներ,
Երբ ով չի ստում՝ պիտի կործանւի՜...

Գ

Եւ կործանւեցին աստւածները հին:

Մարդիկ,
Որ երեկ ունէին տարբեր աստւածներ բազում,
Պարտաւոր էին հիմա ունենալ
Միայն մի աստւած,
Բոլո՛րը լոկ մի՛, միայն մի՛ աստւած:
Եւ չգիտէին,
Թէ ո՞վ է այդ Մին
Եւ ի՞նչ է ուզում...

Արամազդների, Միհրերի տեղակ,
Բոցբեղ-բոցմօրուք շէկ Վահագներին փոխարինելու
Եկաւ մի հրեա սեւմօրւք-սեւբեղ,
Եւ Աստղիկների, Անահիտների ու Նանեների
Երեկւայ տեղում այսօր հաստատեց
Իր մօրը դալո՜ւկ, թէ՞ ամօթահար:
Եւ խօսում էին նրանք մի լեզւով,
Որ չէ՜ր հասկացւում:

Մեհեանների տեղ ու բագինների,
Նրանց դեռ տաք-տաք մոխիրի վրայ,
Հասակ նետեցին
Դեռեւս անծեփ եւ փայտակտուր աղօթատեղիք՝
Իրենց խաչերը սուր մխրճելով
Նախ՝ սրտերի՜ մէջ,
Ապա՝ երկնքի՛...
Ատրուշանների խուրձ-խուրձ բոցերի առատութեան տեղ
Կենտ-կենտ հասկերի չար աղքատութեամբ
Պաղ-պաղ մոմերն են ուզում դառնալ հաց մի նոր հաւատի,
Որ իրեն կոչում կամաւորութիւն,
Բայց տարածւում է պչնութեամբ տքնող...

... Առանց հաւատի կեանքում դիւրին չէ նոյնիսկ մեռնելը,
Իսկ ապրելն... արդէն անկարելի է:

Մարդուց խլեցին իր հաւատը հին,
Իսկ հաւատը նոր հաստատւեց խօսքո՜վ,
Մի՛միայն խօսքով,
-Դեռ նորը չկա՜ր:

Աւերւեց հինը ու փլատակւեց,
Իսկ նորը միայն կառուցւեց խօսքո՜վ,
Մի՛միայն խօսքով
- Դեռ նորը չկա՜ր:

Եւ այսպէս՝
Յանկարծ Ու դանդաղօրէն
Ամէ՜ն ինչ շրջւեց,
Տակն ի վեր եղաւ,
Եւ կարգի բերել չէր կարող ոչ ոք.
- Ինքը շրջողն իսկ չէ՜ր կարող էլ, չէ՜:

Եւ այսպէս՝
Կեանքից մնաց մի «մեղայ»,
Որ պիտի նաեւ... բարձր չհնչէր:
Եւ այսպէս՝
Անցաւ ողջ հարի՜ւր տարի,
Որ կարճ է թւում. երբ գիրք ես կարդում,
Իսկ երբ ապրում ես եւ ամէն րոպէ
Զգում ես մաշկի՜դ, զգում ես սրտո՛վ,
Ուղեղիդ բոլո՜ր ծալքերով՝
այնժամ...

Դ

Հէնց այսպէս էինք մենք ապրում այնժամ:

Հայաստան կոչւած աշխարհն էլ արդէն
Լոկ անունով էր Հայաստան կոչւում:

Զոհւած արջառի տաքուկ սրտի պէս
Մեր հողն էր կիսւած
Ու բռնի քաշւած
Երկու շիկացած ու սուր շամփուրի,
Որոնցից մէկը պարսիկն էր բռնել կրակի վրայ,
Միւսը բռնել էր մոմերի վրայ նենգ բիւզանդացին:

Խորովւում էինք,
Արցունքի տեղակ
Մեր ճենճերն էին կաթում կաթկթում,
Ասես կամենում իրենց խորովող կրակը մարել:
Աակայն ճենճերից -այդ ո՞վ չգիտի- չի՜ մարում կրակ,
Այլ բորբոքւում է մոլութեամբ մի նոր:

Մե՛ր հողի վրայ,
Մե՜ր երկնքի տակ
Մենք դարձել էինք օտարի գաղութ,
Նոյնիսկ մեր հօրը երկրպագելու,
Եւ կամ թէ որդուն պագելու համար
Այլ արքունիքից պիտի խնդրեինք մի թոյլտւութիւն,
Որ եթէ հասնէր՝
Պարտաւոր էինք համարել շնորհ
Եւ շնորհակալ մնալ յաւիտեան:

Հայաստան կոչւած աշխարհը կիսւած
Նստել էր արդէն
Իրար չկպած ծայրերի վրայ ա՛յն աթոռների,
Որոնց տակ անտակ անդունդն էր բացւում,
Իսկ մեր մարմնաւոր տէրերը բոլոր
Ունէին լոկ մի մտահոգութիւն,
Լոկ մի խոհ բարձր՝
Իրենց աթո՛ռը,
Գահո՞յքը իրենց
Եւ իրենց բա՜րձը:

Միա՛յն չզրկւել իրենց վերադաս տիրոջ շնորհից,-
Զսպանակի պէս
Այս միտքն էր նրանց վեր ու վար ճօճում:
Միա՛յն թէ կառչել ու նստած մնալ
Իրար չկպած ծայրերի վրայ ա՛յն աթոռների,
Որոնց տակ անտակ վիհն էր որոճում...

Աւերակւել էր երկիրը հայոց,
Ու եթէ նրա տէրերը տանու
էթ ունենային ազնւութիւնը իրենց նախորդի՝
Նրա պէս պիտի մռռային նորեն,
«Աւերակացս ո՞ւմ թագաւորեմ»...

Ե

Քաջերի սահմանն իրենց զէնքն է հէնց,
Քաջեր մի՛շտ էլ կան,
Զէ՜նք է հարկաւոր:

Քաջեր մի՛շտ էլ կան,
Պէտք է ասպարէ՜զ,
Որ նո՜յնպէս չկար:

Կար միայն պարի՜սպ,
Որ տարածւում էր աշխարհից աշխարհ,
Եւ կային նաեւ ազնիւ ճակատներ,
Որոնցով երբէք պարիսպ չե՜ս քանդի...
Աշխարհի վրայ արդէն իշխում էր մի ճշմարտութիւն,
Որ հարիւո՜ւր տարի,
Հարիւր ձի՛գ տարի
Չէր կարողանում իր ճշտութիւնը կարգին հաստատել.
Մի ճշմարտութիւն,
Որ ամէն վայրկեան
Կամայ-ակամայ հերքում էր իրեն՝
Անվերջ բացելով իր մերկութիւնը
Եւ իսկութիւնը:

Յիսուսը,
Որ մի հրեա էր ազնիւ,
Արդէն շա՜տ վաղուց դարձել էր իրօք
Մի բիւզանդացի խորամանկ ու նենգ,
Եւ նոր հաւատի եդեմ դրախտի պաճուճանքի տակ
Հին բիւզանդիոնը նոր հնարներով
Իր օտարակուլ դժոխքն էր տանում ուրիշ երկրներ,
Իր կայսերական մականն էր զարկում աշխարհի մէջքին,
Այն խեղճ աշխարհի,
Որ զարկի ցաւից նոյնպէս տնքալու իրաւունք չունէր,
Եւ տնքոցի տեղ
Դեռ «ալէլո՜ւ ա» պիտի որոտար:

Իսկ իսկութի՜ւնը...

Հաւասարութեան ու եղբայրութեան ազնիւ քարոզով
Ուրիշի տուն ու երկիր էր մտնում
Օտար վարք ու բարք
Օտար ծէս ու կարգ:

Իսկ իսկութինը չէ՞,
Որ զօրքից յետոյ
Միշտ էլ լեզուն են մարտադաշտ հանում,
Եւ ինչ չի կարող ո՛չ մի զօրք անել՝
Լեզուն է անում:

Իսկ իսկութի՜ւնը...

Նոր գաղափարը էլ գաղափար չէր,
Այլ մի կաղապար,
Մի նե՜ղ կաղապար,
Որ արդէն հարիւր տարի էր տեւում,
Ո՛չ թէ գաղափար
Այլ մի կաղապար,
Որ երազն անգամ իր մէջ էր ձեւում.
Ո՛չ թէ գաղափար,
Այլ մի կաղապար՝
Ե՛ւ մարմնի համար,
Որ շնչակտուր հեւում էր, հեւում,
Ե՛ւ հոգու համար:
Որ վաղուց արդէն ազատ չէր թեւում.
Ե՛ւ լեզւի համար...

Գէթ լեզո՛ւն գործէր,
Մինչդեռ մեր լեզո՜ւն...

Զ

Իրաւունք չկար երգել երգը մեր,
Որ դարեր ի վեր
Հնչել էր լեզւով մեր ոսկեղենիկ,
Ե՛ւ մեն ու մենիկ՝
Սիրոյ խօսքերով,
Ե՛ւ որւախութեան տաճարների մէջ՝
Գինու հոսքերով,
Ե՛ւ մեր եօթնօրեայ հարսանիքներին՝
Մեր փակ բակերում,
Բաց տանիքներին:
Իրաւունք չկար նաեւ նւագել՝
Ո՛չ վինի վրայ,
Ո՛չ էլ բամբիռի:
Այս կեանքի համար հոգացի՞ր՝
Պիղծ ես,
Ե՛ւ անօրէն ես,
Ե՛ւ բանագրւած:
«Ամէ՜ն ինչ արա յանուն ա՛յն կեանքի,
Որ քեզնից յետոյ, յետոյ է գալու»...

Թատրո՞ն ես գնում՝
Ուրեմն պիղծ ես.
Կեր ու խո՞ւմ անում՝
Ուրեմն պիղծ ես:

Պարի՞ նայեցիր
Եւ կամ պարեցի՞ր՝
Ուրեմն պիղծ ես:
Սիրասթա՞փ եղար,
Նոր սէ՞ր արեցիր՝
Ուրեմն պիղծ ես:
Այս կիանքի համար գէթ մի՞տք արեցիր՝
Ուրեմն պիղծ ես:
«Ամէ՛ն ինչ արա ա՛յն կեանքի համար,
Որ քեզնից յետոյ, յետոյ է գալու»...

Եւ այս ամէնի՛ց, այդքանի՛ց յետոյ
Իրաւունք չկար մինչեւիսկ լալու:
Որդո՛ւդ ես սգում՝
Ուրեմն պիղծ ես:
Ողբում ես մօ՞րդ՝
Ուրեմն պիղծ ես:
Իրենց իսկ տւած ցաւի՞ց ես լալիս՝
Անօրէն ես դու,
Արժանի մահւան:
Դաւանանք կոչւած դաւի՞ց ես լալիս
Անօրէն ես դու,
Արժանի մահւան:
«Մտածիր միայն ա՛յն կեանքի մասին
Որ քեզնից յետոյ, յետոյ է գալու»...

Եւ այս ամէնի՛ց, այդքանի՛ց յետոյ
Իրաւունք չկար մինչեւիսկ լալու:

Է

Իրաւունք չկար
Արեան փոխարէն գէթ արցունք ոթիլ:

Եւ ի՞նչ էր մնում:
Այլ բան չէր մնում,
Քան թէ աղօթել:
Աղօթել նրան՝
Այն նոր աստծուն,
Որ խոստումներից աչք իսկ չէր բացում,
Բայց ողջը՝ այնտե՞ղ,
Բայց ողջը՝ յետո՞յ,
Եւ ոչի՜նչ հիմա,
Եւ ոչի՜նչ ցածում:

Այլ բան չէր մնում,
Քան թէ աղօթել:

Բայց նրանք նոյնիսկ իրենց աստծուն
Աղօթում էին օտար խօսքերով,
Խօսքեր ոչ պակաս անհասկանալի
Քան ինքն այդ աստւած:

-Եւ մարդկանց յոգնած սրտերի վրայ,
Որ երեկ այնպէ՜ս յուզառատ էին,
Այնպէ՛ս զգալի,
Իջել էր արդէն անտարբերութիւն մի կործանարար
Ե՛ւ վաղվայ հանդէպ,
Ե՛ւ ապագայի:

Ոչ ոք չգիտէր վաղն ի՞նչ կբերի:
Եւ ապագայի երաշխիք չկա՜ր:
Բերք չէին տալիս արտերը բերրի:
Նոյնիսկ խոստացեալ երկինքը վերին
Դարձել էր մի կեղծ - անկենդան նկար:
Անդնդանում էր մի անյայտութիւն,
Անորոշութիւն մի ամենաքամ,
Որ վատ է անգամ որոշեալ մահից:
Մի անյայտութի՛ւն որ ինքն էր դարձել
Երկրի իրական տիրակալը չար:
Եւ կործանումի սուր հոտ էր փչում
Ո՛չ միայն հացից, ջրից ու հողից,
Այլ նաեւ օդի՛ց ու քամո՜ւց անգամ:
Պէտք էր, շա՜տ էր պէտք ինչ-որ բան անել.
Սակայն ի՞նչ անել եւ ինչպէ՞ս, ինչպէ՞ս:

Ու բոլորն էին այդ հարցը տալիս,
Իսկ պատասխանող չկա՛ր ու չկա՜ր...

Ը

Եւ այդ պահին էր, որ աշխարհ եկաւ
Նա՝
Այր մի՝
Մեսրոպ Մաշտոց անունով:

Որտեղի՞ց եկաւ,
Ի՞նչ ակից բխեց:
Եւ ինչպէ՞ս եկաւ,
Հոսեց ի՞նչ հունով:

Այդպէս՝ արցունքն է ծնւում աչքի մէջ,
Երբ որ աչքի մէջ ընկնում է աւազ:
Այդպէս դառնում է աւազն ապակի,
Եւ ապակին է հայելի դառնում:

Այդպէս՝ արեւը ամէնից առաջ
Լուսաւորում է բարձրաբերձ ծառի
Կատարին թառած թռչունի բոյնը:

Այդպէս՝ գոյութեան ահեղ պայքարում
Անփոփոխ պահած իր ներքինն էլի՝
Գազանն է փոխում իր մաշկի գոյնը,
Եւ դա թւում է անսպասելի...

Նրանց ծնունդը միշտ էլ թւում է անսպասելի
Եւ յետոյ մարդկանց դարեր շարունակ զարմանք
պատճառում,
Բայք նրանք կեանքում միշտ էլ ծնւում են լոկ այն
պատճառով,
Որ անչափ շատ են սպասել նրանց:

Ժողովրդի մէջ ննջում են նրանք,
Ինչպէս ջրի մէջ՝ ահեղ գոլորշին,
Ինչպէս ընտանի աքաղաղի մէջ՝
Իր իսկ երբեմնի թռչունութիւնը,
Ինչպէս մանուկի պարապ բերանում՝
Ակռայ- ատամը:

Նրանք ծնւում են իրենց ծնողի անօգնութիւնից,
Որպէսզի դառնան նոր զօրեղութիւն:
Նրանք ծնւում են ինչ-որ հանճարեղ մի հոգնութիւնից,
Որպէսզի դառնան հանճարեղութիւն:
Նրանք ծնւում են, որ ապացուցեն
Թէ վերջը մի տեղ դառնում է սկիզբ:

Նրանք ծնւում են որ ապացուցեն,
Թէ հրաշք չկա՜յ,
Կայ միայն կարի՜ք:
Նրանք ծնւում են, որ ապացուցեն,
Թէ այնտեղ է լոկ սխրանքն սկսւում,
Ուր վերջանում է ամէն մի հնար...

թ

Այդպէս էլ ծնւեց մէկը նրանցից,
Ծնւեց նա՝
Այր մի՝
Մեսրոպ Մաշտոց անունով:
Եւ նա չծնւեց, որ աւելացնի
Հարց տւողների բանակն անպակաս,
Նա եկաւ աշխարհ՝ պատասխանելու,
Եւ պատասխանը գտաւ իսկապէս...

Քաջերի սահմանն իրենց զէնքն է հէնց:

Քաջեր մի՛շտ էլ կան,
Զէնք է հարկաւոր:
Քաջեր մի՛շտ էլ կան,
Պէտք է ասպարէ՛զ:

Եւ նա էր ահա, որ ձեւաւորեց
Մի զէնք ժանգախոյս,
Եւ ծովաւորեց
Ասպարէզ մի նոր:
Որ թոյլ-ուժեղի,
Շատ ու սակաւի,
Քիչ ու բազումի
Մրցութիւն չկայ՜:
Քանզի նորատիպ այդ մաքառման մէջ
Այրուձիի տեղ մտքերն են կռւում,
Թանաք են յեղում արեան փոխարէն,
Եւ յաղթանակը կոչւում է մատեան...

Մենք կայինք այո՛, նրանից առաջ:
Սակայն նա ծնւեց,
Որ գայ ու դառնայ ինչ-որ մի Սկիզբ:

... Նրանից առաջ կային աստւածներ՝
Երկնքի, սիրոյ, պտղաւորումի.
Ինչպէս փոթորկի, նաեւ... դպրութեան:

Եթէ բոլորը՝ մինչեւիսկ ստոյգ,
Վերջինս սուտ էր, սուտ ստուգապէս,
-Աստւած կար, սակայն դպրութիւն չկա՜ր:
Նա՝ հաւատաւորն իր նոր հաւատի,
Դպրութեան մեր սուտ աստծուն վըռնդեց
Եւ ինքը մնաց նրա փոխանակ:
Բայց մինչ դպրութեան հին աստւածը մեր
Շարունակ միայն մի գործ էր անում՝
Մարդկանց հոգին էր առնում ու տանում:
Նա եկաւ, որ մեզ հոգի պարգեւի...

Այո՛, մենք կայինք նրանից առաջ.
Հզօր թէ տկար՝
Մարմին էինք մենք:

Սակայն նա եկաւ, որ Հոգի՛ դառնայ.
Շոշափւո՜ղ հոգի,
Եւ անմե՜ռ հոգի:

Այո՛, մենք կայինք նրանից առաջ
Քիչ թէ շատ կար հաց,
Եւ ունէինք ջուր:

Սակայն նա ծնւեց, որ Սնո՜ւնդ դառնայ:

Ծնւե՛ց, որ ծնե՜նք,
Եղա՛ւ, որ լինե՛նք,
Եւ անմահացա՛ւ,
Որ անմահանա՛նք...

Ժ

Կիսւած էր արդէն հայրենիքը մեր,
Եւ յետոյ պիտի այդպէս էլ մնար.
Դարերով հեղւած մեր արիւնը սուրբ
Պիտի ապարդիւն կորչէր ու գնար:
Դեռ պիտի գային օրեր ահաւոր.
Մեր հողը պիտի մեզ կարօտելուց
Պատւէր եղինջով ու փշով խայթիչ.
Իսկ մեր երկինքը՝
Մեր աչքից զրկւած,
Պիտի որ ինքն էլ իր զուքսից զրկւէր.
Յետոյ մեզ պիտի խաբէին այնպէ՛ս,
Որ հին խաբեբան՝
Նոր բիւզանդացին,
Զարմանար ինքը:
Յետոյ պիտի մեզ...
Միջահատւած էր մեր հողը բնիկ,
Ճեղքւած էր արդէն հայրենիէը մեր:

Եւ նա չծնւեց ինչ-որ մի մօրից:
Նա հէնց այդ ճեղքից ծառացաւ յանկարծ,
Որ ճեղքը լցնի գէթ ինքն իրենով,
Եւ այդ ճեղքը նա լցրեց իսկապէս,
Մեր բաժան-բաժան հողերը նորից
Այդ նա էր միայն, որ բերեց իրար
Եւ միաւորեց... արդէն մեր մտքո՜ւմ:
Եւ այդ օրից վեր
Ու մինչեւ այսօր
Այդ միացումը մնում է անխախտ՝
Ընդդէմ ճչացող այն խախտումների,
Որ բախտն է անում սուսոփո՜ւս այնպէս,
Եւ անում անձայն մի քմծիծաղով,
Որի տակ պիտի ամօթն իր ծածկի,
Բայց իզո՜ւր.
Ծածկել չի՛ կարողանում,
Ինչպէս չի ծածկում ծածկոյթը խոտի
Ճահճի գոլորշին՝ քրտինքն ամօթի...

ԺԱ

Չունէինք արդէն պետ ու պետութիւն.
Ծաղրանկար էր եղածը արդէն՝
Գծւած ձեռքերով երկու նկարչի,
Որ ատում էին իրար ոչ պակաս,
Քան թէ մենք իրենց:

Յետոյ մենք պիտի գաղութ դառնայինք՝
Գաղութի մարզպան-կառավարիչով:
Յետոյ մեզ պիտի դարեր շարունակ
Տանեին անվերջ անկումից-անկում,
Մեր մէջքի վրայ երկանք աղային
Եւ ստիպեին, որ ժպտանք նաեւ:

Յետոյ մենք պիտի մեր շէնից զրկւած՝
Քաղաք շինէինք աւերն ուրիշի:
Յետոյ մենք պիտի մեր հերկից զրկւած
Հերկեինք օտար կորդ ու առապար:
Յետոյ մենք պիտի մեր ոտնահետքի
Դրոշմը դարձրած իւրովի դրօշ՝
Մխեինք բոլոր լայնքերի վրայ
Երկիր կոչեցեալ այն կլոր գնդի,
Որտեղ որ պիտի ամէն ճանապարհ
Վերստին բերի իր տեղը նախկին,
Բայց մեզ... հայրենիք չբերե՜ց երբէք...

Չունէինք արդէն պետ ու պետութիւն,
Հայրենեաց գահը փլւածք էր տւել:

Եւ այն չծնւեց ինչ-որ մի մօրից.
Նա այդ փլւածքից բուսնեց սխրանքով,
Որ այդ փլւածքը ողջանայ նորից:
Եւ այդ փլւածքը իրօք ողջացաւ:
Այն ինչ որ անել չկարողացան
Արշակև-Վաղարշակ,
Մուշեղ ու Մուշէ,
Սա՛ արեց միայն՝ անզէն ու անզօրք.
Մեզանից խլած մեր պետութեան տեղ
Ստեղծեց մի նոր՝
Չեղեա՜լ պետութիւն,
Թագաւորութիւն մի հզօրազօր՝
Ո՛չ թէ մեզանից խլւած հողերի,
Մեր բաժան-բաժան հայրենու վրայ,
Այլ մի անբաժա՛ն,
Մեր անկիսելի՛
Երբէ՜ք չխլւող հոգիների մէջ:

Եւ այնուհետեւ անվախճան եղաւ
Թագաւորական նրա տունը մեծ,
Եւ մեր հոգեւոր թագաւորութեան
Գահին բարձացող ամէ՜ն թագաւոր
Ծնւե՛ց նոյն տնից,
Նո՛յն ցեղից սերեց
Եւ պատւով-փառքով-վեհութեամբ կրեց
Նո՜յն տոհմանունը՝
Մեսրոպ Մաշտոցեանք...

ԺԲ

Այսպէ՛ս ծնւեց նա:
Բախտի հակառա՞կ,
Թէ՞ վայրկենական նրա զղջումով,
Նա եկաւ, որ մեզ վերադարձընի
Այն, ինչ խլել էր նոյն բախտը երեկ:

Առանց հաւատի հեշտ չէ մեռնելը,
Իսկ ապրելն... արդէն անտանելի է:

Եւ մեր կործանւած հին հաւատի տեղ
Մեզ նո՜ր հաւատով զինեց վերստին:
Էժան-ծախուի, անցնող-վատի տեղ
Բերեց չքերւող-անջինջ-հաւատքին:
Սուտ ու կեղծիքի ծծակի տեղակ
Մեր մանկանց տւեց անցամաք ստինք,
Որով եւ նրանք կրկնամայր եղան.
Ով օրով՝
Նրանք մեծացան տարով,
Ով տարով՝
Նրանք մեծացան դարով,-
Եւ բիրտութդան տեղ փռւեց կրթութիւն,
Պարապմունքներով պարապը լցւեց,
Ու մէկ օր անգամ չորեքթաթ չարած՝
Մի արագոտն կայտառ քերթութիւն
Ընդոստնեց մէկէն ու վազքի լծւեց:

Մեր փլատակւած--փլուզւածի տեղ
Նա նորը կերտեց, նորը կառուցեց.
Նաւաբեկւածի ու սուզւածի տեղ
Անտակ յատակից նորը յարուցեց
Արգելւած երգի զւարթ գոյնի տեղ
Խորունկի վրայ տրտումը հինեց.
Անմիտ միտումով քանդւած բոյնի տեղ
Հոգեբնակման մեր տունը շինեց.
Օտարի զէնքի ու զօրութեան դէմ
Նո՛ր հզօրութեա՜մբ-նորութեամբ զինեց՝
Զէնքով մի նորոգ եւ սքանչելի,
Որի դէմ պիտի դառնային անզօր
Նետ ու եաթաղան,
Փղեր ու տանկեր,
Եւ որ մեր ոգու անբան կանչերին
Պիտի որոտով միշտ արձագանգէր:

Դա զէ՞նք էր արդեօք,
Թէ՞ լոյս էր, մի լո՜յս,
Որ օտար հողմից երբէք չհանգաւ,
Այլ քանի գնաց՝ պիտի որ յանգէր
Անծուխ-զտաբոց անշէջ կրակի
Եւ տառապալից մեր օրերի մէջ
Լինէր կենարար զւարթ կիրակի:

Մեզ սպառնացող վտանգի չափ մեծ
Եւ այդ վտանգից նաեւ ահագին՝
Նա օտար հրի ճարակի դիմաց
Մեր ինքնութիւնը կոփեց ու կռեց.
Օտար եկամուտ վարակի դիմաց
Մահ համտես արած մեր ամէնիմաց
Առողջութիւնը որմի պէս դրեց.
Դրեց խարդախւած կաթի դէմ՝ մերան,
Քանակի դէմ՝ թիւ,
Թւի դէմ՝ թռիչք,
Արեան դէմ՝ թանաք,
Սրի դէմ՝ գրիչ,
Եւ դարանի դէմ՝ Մատենադարան...

Եւ մենք նրանով միշտ զինավառւած,
Միասին եղանք՝ ցիր ու ցան արւած,
Անվերջ կրելով զարկեր ու հարւած
Նաեւ յաղթւելով ժանտ բանակներից՝
Ժանտերից ժանտին յաղթեցինք կեանքում-
Յաղթեցինք դաժան ժամանակներին.
Կանգուն առ կանգուն թաղւելով հողում՝
Յառնեցինք դարձեալ,
Մնացինք կանգուն.
Անվերջ ընկնելով՝
Վերաթեւեցինք.
Մեռնելով անվերջ՝
Գոյատեւեցինք...
Եւ հիմա արդէն այդ մե՛զ չեն պեղում.
Այլ մենք ենք պեղում.
Այդ մե՜զ չեն յիշում.
Այլ մենք ենք յիշում.
Մե՛զ չեն վկայում,
Մենք ենք վկայում՝
Հասնելով ուրիշ ժամանակների,
Երբ մենք՝ տառապած միշտ քանակներից,
Հպարտ ենք արդէն մեր նոր որակով.
Մենք՝ բռնադատւած արբանեակութեան,
Հպարտ ենք հիմա այս արբանեակով,
Որի ծիրի մէջ կայ եւ վաղը մեր.
Եւ հպարտ՝ նաեւ հրթիռով այն նոր,
Որի թիռի մէջ կայ հրաշքը մեր...

Այսպէ՛ս ապրեցինք
Եւ այստե՛ղ հասանք:
Այսպէս շիթւելով՝
Դարձանք գոռ հոսանք:

Մենք՝ հինը հնից,
Նորացա՜նք նորից.
Եւ այս ամէնը՝
Նրա՛ շնորհիվ...

ԺԳ

Այսքանից յետոյ ի՞նռ կոչել նրան.
Մեր կեռմանաշատ երթուղու վրայ
Մի նշանացի՞ց,
Մի սի՞ւն,
Կամ թէ ձո՞ղ,
Ինչ-որ գրերի ինչ-որ ստեղծո՞ղ:

Ու եթէ պիտի գիր ու տառ յիշւի,
Ապա նա ինքն է այն մեծատառը,
Որով հասարակ ու պարզուկ բառը
Աճում է- հասնում խորհրդանիշի,
Եւ... մարդը ձգւում ու դառնում է Մարդ.
Անցողիկ մարտը՝ յաւերժական Մարտ,
Խեղճ տքնութիւնը՝ զօրեղ Տքնութիւն,
Ինքնութիւնն անուժ՝ հուժկու Ինքնութիւն,
պաշտողը՝ Պաշտող,
Իսկ հայը՝... Մաշտոց:

Մաշտո՜ց...
Այսինքն՝ Ա՛յր մի, որ եկաւ ապացուցելու,
Թէ մի տեղ վերջը դառնում է սկիզբ:

Այսինքն՝ Ա՛յր մի, որ ապացուցեց,
Թէ հրաշք չկա՜յ,
Այլ կայ լոկ կարի՛ք:

Այսինքն՝ Ա՛յր մի, որ ապացուցեց
Եւ կոչ է անում ապացուցելո՜ւ,
Որ այնտեղ է լոկ սխրանքն սկսւում,
Ուր վերջանում է ամէն մի հնար...

1962, փետրւար
Երեւան


#2 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 04 June 2007 - 04:52 AM

Հիանալի, սքանչելի խտացած միտքն է շատ հայերի, որ կառուցուել է շքեղ կերպով:

Ո՞վ է հեղինակը: Թոյլ տուէ՛ք խորհելու մի նկատողութեան մասին. Քրիստոնէութիւնը սկզբում որեւէ պետութեան արտաքին քաղաքականութեան մաս չէր կազմում, այլ՝ տարածւում էր տարերայնօրէն: Բիւզանդիոյ թշնամի Իրանի տարածքում կազմւում էին քրիստոնեայ եկեղեցիներ, ասորիներից, մարերից եւ պարսիկներից: Իսկ երբ քրիստոնէութիւնը Հռոմում պետական կրօն դարձաւ, Իրանի քրիստոնեաները հալածուեցին, վերացան մարական եւ պարսկական եկեղեցիները, ասորիներն ու հայերը դաւանօրէն եւ կազմակերպօրէն անջատուեցին բիւզանդական եկեղեցուց:

Պատմագէտ չլինելով. չեմ պնդում ասածիս վրայ, բայց եւ այնպէս, ընթերցածս պատմական գիրքերից ներկայացնում եմ իրավիճակի պատկերացումս:



#3 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 04 June 2007 - 08:41 AM

QUOTE(Johannes @ Jun 4 2007, 10:52 AM) View Post
Հիանալի, սքանչելի խտացած միտքն է շատ հայերի, որ կառուցուել է շքեղ կերպով:

Ո՞վ է հեղինակը: Թոյլ տուէ՛ք խորհելու մի նկատողութեան մասին. Քրիստոնէութիւնը սկզբում որեւէ պետութեան արտաքին քաղաքականութեան մաս չէր կազմում, այլ՝ տարածւում էր տարերայնօրէն: Բիւզանդիոյ թշնամի Իրանի տարածքում կազմւում էին քրիստոնեայ եկեղեցիներ, ասորիներից, մարերից եւ պարսիկներից: Իսկ երբ քրիստոնէութիւնը Հռոմում պետական կրօն դարձաւ, Իրանի քրիստոնեաները հալածուեցին, վերացան մարական եւ պարսկական եկեղեցիները, ասորիներն ու հայերը դաւանօրէն եւ կազմակերպօրէն անջատուեցին բիւզանդական եկեղեցուց:

Պատմագէտ չլինելով. չեմ պնդում ասածիս վրայ, բայց եւ այնպէս, ընթերցածս պատմական գիրքերից ներկայացնում եմ իրավիճակի պատկերացումս:

Այո սիրելի Յովաննէս. Քո ակնարկքը շատ տեղին են. Բայց քանի սա շարանը կապ ունի գրականաութեան/literature-i հետ, պատշաճ չէ Սեւակի հոգին խուզարկել եւ վերլուծելու, արի գնանք այս տեղ;
http://hyeforum.com/...amp;hl=mashtots
Եւ տեսնենք թէ Սեւակը ինչ կասէ.

Edited by Arpa, 04 June 2007 - 09:26 AM.


#4 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 04 June 2007 - 09:06 AM

Never mind.

Edited by Arpa, 04 June 2007 - 09:10 AM.


#5 SAS

SAS

    -= Nobility =-

  • Members
  • PipPipPip
  • 656 posts
  • Gender:Male
  • Location:Moscow

Posted 04 June 2007 - 09:50 AM

Հովհաննես,

այստեղ կարող ես կարդալ Պ. Սևակի «Թրի դեմ՝ գրիչ» հոդվածը(հայերեն)՝ նվիրված գրերի գյուտին:

http://hyeforum.com/...showtopic=12999

Ապրի Արփան, որ թարգմանել է անգլերեն:Ես էլ մի կես տարի առաջ սկսեցի ռուսերեն թարգմանել, բայց դեռ չեմ վերջացրել: mad.gif


Հ.Գ. Վարդահուր, լավ գործ եք անում, բայց շատ փնթի: Հարկավոր է ինչ-որ կերպ դասել-դասավորել, որպեսզի կարելի լինի հեշտությամբ գտնել ձեր տեղադրած գործերը: Երկրորդ, շատ բաներ արդեն կան տեղադրած, ինչո՞ւ եք իզուր ժամանակ ծախսում նույնը տպելու: Չէ՞ որ այդ ժամանակը կարելի է օգտագործել նոր բաներ տպելու համար:

Ես առաջարկում եմ կազմել ձեր տեղադրած բոլոր հեղինակների ցանկը այբբենական կարգով և հետևյալ սկզբունքով.


-----------Ս-------------

Սևակ Պարույր

1. Անլռելի զանգակատուն + հղումը(link)
2. Եվ այր մի՝ Մաշտոց անուն + հղումը(link)
...

------------Չ----------------

Չարենց Եղիշե

1. Ես իմ անուշ Հայաստանի + հղումը(link)
2. Խմբապետ Շավարշը + հղումը(link)
...

Իսկ Մովսեսին կխնդրենք, որպեսզի նա այդ ցանկ-ցուցակը մշտական փակցնի «Գրականություն» բաժնի ամենատեսանելի տեղում: smile.gif

Edited by SAS, 04 June 2007 - 10:06 AM.


#6 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 07 June 2007 - 11:36 AM

QUOTE(SAS @ Jun 4 2007, 08:50 AM)

Սիրելի Սաս,
Շնորհակասություն նկատողությանդ համար որի հետ լրիվ համամիտ եմ: Բուն պատճառը այդ թափթփվածության այն է որ սկզբում ծանոթ չէի թե ինչպես պիտի տեղադրել բանաստեղծությւնները այս կայքէջում: Հիմա սր նայում եմ այդ թափթփվածությունը լրիվ ակնհայտ է դառնում: Ես արդեն Մովսեսից խնդրել էի որ ինձ թույատրի իմ ներդրումները խմբագրել, բայս նա այդ իրավունքը ինձ չտվեց որովհետև ինչոր պետք է մոդերատոր լինել որպեսզի դա կարելի լինի: Իմ բոլոր ներդրումները պետք է կարգավորվեն և կրկնակի եղածները ջնջվեն:
Մի լուրջ հիվանդության դեմ կանգնած լինելով առայժմ չեմ կարող քո վերոհիշյալ առաջարկը ի կատար ածել: Հուսամ երբ բժիշկս ինձ համակարգչի առջև երկար նստելու իրավունքը տա, կարողանամ այդ անել:
Վարդահուր
,

Edited by vartahoor, 08 June 2007 - 02:55 AM.





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users