Jump to content


Photo

Mtorumner Janaparhi Kesin


  • This topic is locked This topic is locked
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 14 December 2006 - 11:35 PM

1970-ական թւականներին երբ Սիլւա Կապուտիկեանը Դիթրօյթ էր գտնւում,Պոլսահայ Մշակութային
Միութiիւնը (ՊՀՄՄ) , ի պատիւ նրան, մի երեկոյթ կազմակերպեց, եւ ինձ պատիւը տրւեց
բանաստեղծուհուն ներկայացնելու եւ նրա գրրւծքներից մի քանիսը արտասանելու։ Այդ թւում էին,
Խօսք իմ որդուն, Հող հայրինի եւ Մտորումներ Ճանապարհի Կէսին ոգեշունչ պօէմը։
Սլւա Կապուտիկեանի սյս ոգեշունչ պօէմի ներշնչման աղբիւրներն էին եղել, ամենայն հայոց
բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի Հայրենիքիս հետ եւ Սիամանթօ-ի Պարը ինչպէս
կտեսնէք վերնագրից յետոյ այդ երկու գրւածքներից առած տողերը զետեղւել են սկզբում։
Բայց աւա՜ղ, Սիլւան պղծել էր իր շուրթերը, դնելով յետեւեալը իր բանաստեղծութեան մէջ՝


Եւ միթ՞է հիմա ե՛ս էլ յիրաւի
Շուրթերս պիտի անէծքով պղծեմ,
Արաքսից այն կողմ կանգնած հովիվին
Սեւ ատելութեամբ հայացքս գցեմ.
Թողնեմ որ հտպիտ մի ենիչերի
Տասնըհինգ թւին բարձրացրած սրով
Ինձ նոյնպէս յաղթի՝ թունաւորելով
Ոխո՛վ, նղովքո՛վ, մոլուցքով վայրի.
Եւ ես՝ կորցրած լոյսը իմ հոգու՝
Մոլեգնած կոչեմ մահ ու վրէժի,---
Էլ ինչո՞ւ համար յանուն այդ լոյսի,
Մեր Շահումեանը գնաց մեռնելու.
Էլ ինչո՞ւ աչքը կարմիր դրօշին՝
Հանգչող Տէրեանը շշնջաց յարեա՜ւ


Այս մասին արդէն նրան յանդիմանել էին Սեւակն ու Էմինը, Հայ րողների Տան մէջ՝ Երեւանում, այդ
ինձ ասաց Էմինը՝որին նոյնպէս յետագային ներկաեացրի ՊՀՄՄ-ում։
Այս բոլորը Սիլւաի ուշադրութիանն յանձնեցի ասելով՝ թէ սիրելի Սիլւա, Շահումեանը չգնաց մեռնելու
եւ Տէրեանը չշշնջաց յարեա՜ւ, որ դու Թուրքին բարեկամ կոչես, եւ ինչպէս Ղարաբաղեան
խլրտումները ցոյց տւին այդ յանդիմանումը ճիշտ դուրս եկաւ։
Այնուամէնայնիւ Կապուտիկեանը մեր գրականութեան մէջ իր իւրայատուկ տեղն է գրաւում, իր
ոգեշուն գրւածքներով եւ իր հարուստ ոճով, եւ ահաւասիկ կարդացէք այդ գեղեցիկ պօէմը
ամբողջութեամբ։

Բժ. Հրաչ Վ. Վարդանեան



ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԷՍԻՆ
Գրեց՝ Սիլւա Կապուտիկեան


Ով մարդկային արդարութիւն,
Թող ես թքեմ քո ճակատին:
Սիամանթօ


Ու պօէտներ որ չեն պղծել
Իրենց շուրթերն անէծքով,
Պիտի գովեն քո նոր կեանքը
Նոր երգերով , նոր խօսքով:
Յ. Թումանեան


Ինչքան տարիքս առաջ է գնում,
Ինչքան անցնում են օրերս անփոյթ,
Այնքան հոգուս մէջ ամէն ճեղք լցնում,
Դո՜ւ ես թանձրանում , իմ հայ ժողովուրդ...
Այնքան աւելի արմատակալում,
խորքե՜րն է գնում սէրս դէպի քեզ,
Այնքան աւելի խորքից են այրւում
Քո չար ու բարով եւ բախտո՜վ քո թէժ:
Այն ո՞ր ջահելն է՝ կեանքով տարւելիս
Հասկանում մօրը, թափանցում հոգին.
Մօրդ, այդպէս էլ քո ժողովրդին
Զգում ես խորունկ տարիքդ առնելիս:

...Երբ ես աչք բացի, իմ գլխի վերեւ
Մի կարմիր, կարմիր դրօ՜շ էր բոցւում.
Շողում էր վրաս մի նորոգ արեւ,
Որ Հոկտեմբերեան արեւ էր կոչւում:
Որբ էի թէեւ ու Ամերկոմից
Մայրս բերում էր տականք ալիւրի,
Բայց հօր փոխարէն գուրգուրում էր ինձ
Ջահել մի երկիր՝ աղքատ ու բարի:
Լցւած էր շուրջս մի մեծ աղմուկով,
Նորի ստեղծման տենդով սխրալի,
Մեծանում էի օրերի երգով,
Պիօներական խօսք ու թմբուկով,
Պա՜րզ էր ամէն ինչ ու հասկանալի:
Ինձ համար կեանքը սկիզբ էր առնում
Իմ ծնւած օրով, իմ ծնւած օրից,
Ինձ համար կար լոկ երկու սահմանում,
Բանւոր ու բուրժույ եւ ուրիշ ոչինչ.
Բոլոր հին ու փակ դռների համար
Ինձ այնքան հեշտ էր գտնել բանալի,
Չկար ազգ ու ցեղ, փոքր ու մեծ չկար,
Հաշտ էր իմ հոգին, ու հիացքով լի:
...
Մեր անցեալ բախտի, դարաւո՜ր մորմոք
Այդ ե՞րբ զարթնեցիր իմ երակներում
Մագաղաթների փոշու հե՞տ արդեօք
Դու թափանցեցիր իմ հոգու հեռուն.
Պոկւած վիրաւոր մի աւերակի՜ց,
Դու՝խեղւած խոյակ՝ սրտի՜ս ծանրացար,
Թէ՝ քամւելով մեր արցունքոտ երգից՝
Կաթ կաթ ծորացիր, մէջս ծո՜վ դարձար.
Իմ խորքերի մէջ կայի՜ր երեւի,
Դւինում թաղւած մի սափորի պէս.
Եւ տարեցտարի նոր պեղումներից
Բացւեցի՜ր ելա՜ր դու արեւերես...

Ինձ համար կեանքը սկիքբ էր առնում
Իմ ծնւած օրից, իմ ծնւած օրով,
Եւ ես իմացայ, իմացայ խռով,
Դրանից առաջ եղել աշխարհում
Դարեր են եղել անցել աշխարհով...

...Եղել է մի հին, մի հաշտ ժողովուրդ,
Ծւարած հողում իր բիբլիական
Քարից է քամել իր հացը աւուր
Քարին է տւել ձիրքերը իր բիւր
Մեղմե՜լ մռայլը ժայռեղեն իր տան
Եւ նւիրումով այրւող իր սրտի
Կանգնել է վէմեր,սիւներ, խոյակներ,
Իր քաղաղաքներն ու շէնե՜րն է հիմնել,
Իր Մեսրոպատառ գրերն է երկնել,
Տաղերգել վասն սիրոյ ու վարդի,
Հիւսել իր արդար վիպե՜րգը Դաւթի
Եւ միշտ՝ իր հոգով, իր հին վիպերգով,
Հանապազօրեայ խօսք ու աղօթքով՝
Ապաւինելով ճերմակ իր աստծուն՝
Խաղաղութի՜ւն է երազել անսուտ
Աշխարհին, իրեն եւ ամենեցո՜ւն...

Եղել է մի հին, մե հաշտ ժողովուրդ,
Սակայն եղել է աշխարհը անհաշտ՝
Բախւել են կռւի ճամփաները մութ
Նրա հեգ հողում ու ձեռքով անգութ
Խաչի՜ են հանել հողը խաչապաշտ...
Եղել է աւեր, աւար, Աւարա՜յր.
Ու Բիւզանդիոն ու Պարսի՜կ են եղել,
Խորշակի նման փրծել են ցեղեր,
Տրորել, տիրել, այրե՜լ վայրաբար,
Ու երկտակ բեռը դրսի ու ներսի
Հայ շինականին երկտակ է բեկել
Թէ բարակեկ է հաստը երեսից,
Բարակի հոգին, ա՜խ դուրս է եկել...

Վերջին եղեռնի դու անվե՜րջ կսկիծ,
Այդ ե՜բբ զարթնեցիր իմ երակներում,
Վանեցի տատիս կարօտ աչքերի՞ց
Եկար փռւեցիր դու իմ աչքերում:
Ձգւելով մեր որբ հողերի՞ց արդեօք
Ինձ փաթաթւեցիր, դու՝ փո՜ւշ ու մացառ,
Թէ Կոմիտասըև զմռսւած մորմոք,
Քեզ իր հետ բերեց, երբ որ տո՜ւն դարձաւ.
Ինձ բաժի՞ն հանեց բեռիցն իր սուգի
Հեգ Թէքէեանը՝ հոգնած մահերգու.
Թէ տարուբերւող հայոց սփիւռքի
Տե՜նդը խաթարեց խաղաղն իմ հոգու.
Լեզուն, մեր լեզո՜ն, իր վերջին շնչում,
Պանդուխտի շուրթից կախւած հազիւհազ,
Օգնութեան կանչով ինձ նա՞ է կանչում
Այդպէս տագնապոտ այդպէս սրտամաշ...

Ինձ համար կեանքը սկիզբ էր առնոռմ
իմ ծնւած օրից, իմ ծնւած օրով,
Եւ ես իմացայ, իմացա՜յ խռով,
Դրանից առաջ եղե՜լ աշխարհում,
Տասնըհինգ թի՜ւ է անցել աշխարհով...

Օ՜, կիսալուսնով զմռած ու կնքած
Վեցհարիւրամեայ գիշե՜ր օսմնեան,
Խարխափում էր իմ ծողովուրդն անկար՝
Իր հայրենիքում՝ ինքն օտարական,
Եւ փորփրում էր իր հողն ու այգին
Սեւը՝ ներս արած, սպիտակը՝ դուրս.
Եւ իր սրտի մէջ, ինչպէս երդիկից
Թոնիրին ընկած բարալիկ մի լոյս,
Պահում էր յոյսը ու, թէև վախով,
Բայց ստէպ-ստէպ Հիւսիս էր նայում.
Եւ դրանից չէ՞ր, որ Ստանբոլում
Թալկեաթն առաւել խոժոռւեց ոխով,
Եւ համբուրելով այտը Զոհրապի՝
Համբոյրով տւեց մահւան ահազանգ...

Օ՜, գարնան ամիս ապրելու ապրիլ,
Դու որ բերում ես ծաղիկներ ու կեանք,
Ինչո՞ւ դու դարձար մահւան տարելից,
Մահով մնացիր մեր պատմութիւնում...
Ապրելու ապրիլ, ահա քո բոյրից
Անթաղ դիերի գա՜ղջն է բարձրանում.
Ձիւն -սառոյցները գարնան Եփրատի
Մեր տաք արիւնի ջերմից են հալչում.
Սրահար մանկան սեղմած իր կրծքին՝
Խելագար մի մայր, փախչո՜ւմ է փախչո՜ւմ....
Ապրելու ապրիլ, Արտամետի մէջ
Թերթ-թերթ լալի՜ս է ծաղկած խնձորին.
Ետեւից գցած հինգ որբուկներին՝
Քայլո՜ւմ է տատս գաղթի երթի մէջ:
Անջուր ճամփէքին ու Երեւանում
Սայլը մեռե՜լ է անվերջ ժողովում.
Ապրելու ապրիլ, ինչո՞ւ է մեռնում
արնան սպասող մի ողջ ժողովուրդ.
արնան օրերին, օրը ցերեկով,
Աշխարհին ի տես, աչքի տա՜կ աստծու...
Ով արդարութին, ես թքել եմ քո...

Բայց կանգնիր, կանգնիր, կարկամի՜ր լեզու,
Ոչ, ես չե՜մ ծնւել անէծքի համար,
Ես միշտ բարեկամ խօսքի՜ եմ սովոր.
Ես մանուկ օրից հաւատով, սիրով
Զնգուն երգել եմ Ինտենացիոնալ...
Եւ միթ՞է հիմա ես էլ յիրաւի
Շուրթերս պիտի անէծքով պղծեմ,
Արաքսից այն կողմ կանգնած հովիվին
Սեւ ատելութեամբ հայացքս գցեմ.
Թողնեմ որ հտպիտ մի ենիչերի
Տասնըհինգ թւին բարձրացրած սրով
Ինձ նոյնպէս յաղթի՝ թունաւորելով
Ոխով, նղովքով, մոլուցքով վայրի.
Եւ ես՝ կորցրած լոյսը իմ հոգու՝
Մոլեգնած կոչեմ մահ ու վրէժի,---
Էլ ինչո՞ւ համար յանուն այդ լոյսի,
Մեր Շահումեանը գնաց մեռնելու.
Էլ ինչո՞ւ աչքը կարմիր դրօշին՝
Հանգչող Տէրեանը շշնջաց յարեա՜ւ...

Ուրեմն ինչպէ՞ս, հեղեղներն արեան՝
Թողնել որ ծածկի մոռացման փոշին՝
Խլացնե՞լ սիրտը որ էլ չլսւեն
Վրդով ձայները խորքերից յառնած.
Փակե՞լ աչքերը, չզգա՞լ, չնդւզե՞լ,
Մոռանալո՞ւ տալ, անգամ մոռանա՞լ.

Ոչ, իմ ժողովուրդ, դու շա՜տ ես տեսել,
Դոը պիտի յիշես, ապրելու համար...

Դու պիտի առնես վրէժդ անհուն,
Պիտի խաղաղես հոգին քո խռով.
Բայց ոչ արեան դէմ կոչելով արիւն
Եւ մահի դիմաց մա՜հ սերմանելով...
Ոչ, ի՜մ լուսաւոր, դու օր այն պահին
Երբ ընկած էիր տմարդ հարւածից,
Երբ թւում էր թէ աչքերդ մթին
Էլ չե՜ն պարզւելու թոյնից ու մաղձից,
Քո մէջ ուժ գտար պայծա՜ռ նայելու
Մարդկանց, ազդերին, զարթնող աշխարհին.
Եւ խոցւած ձեռքով զինագրւելու
Եղբայրութեան նոր գաղափարներին.
Դու որ մեծերիդ մահը քո հոգում՝
Դեռ սուգերի մէջ՝ Չարենց ծնեցիր,
Ու ողջակիզւող սիրտդ նետեցիր
Կարմիր գալիքի հրի՜ն բորբոքուն,
Որ այդ բոցերում, զտւած, նորոգւած
Նորի՜ց ժայթքեցիր եղեգան փողից,---

Ո՜չ, ուրիշ է քո հատուցման ուղին.
Քեզ, կեա՜նքի ուրիշ ճամփայ է տրւած...

Դու պիտի վրէժ առնես ապրելով,
Ապրելով յամառ, հազարապատիկ,
Աւերումի տեղ, քո ստեղծելով.
Աւեր Վանի դէմ, քո Երեւանով.
Աքսորների դէմ՝ խուլ անապատից
Նորից տուն դարձող քո քարաւանով
Դու պիտի ապրես այսպէս, սրանո՜վ:

Շէնիքի հանդում մորթւած որբի տեղ՝
Աշնակցի հարսի տասնըչորս որդով,
Մշոյ դաշտի մէջ սեւցած խոփի տեղ՝
Քո տրակտորո՜վ, քո ծուփ-ծուփ արտով,
Մարութայ սարի մարած բոցի տեղ՝
Եոթն աշխա՜րհ ծնող՝ քո յօթ կայանով,
Տաթե՜ւի կուրցած դպրանոցի տեղ
Բիւր ակնով նայող քո Բիւրականով
Հայոց արցունքաշ կռոնկի՜ տեղակ
Սարէ-սար փռւած սեւ սուգի՜ տեզակ
Յախուռն, կենսայորդ, սիրտը թո՜ւնդ հանող,
Հանճարիդ լոյսը աշխարհին տանող
Քո սէգ Սարեանով,
Խաչատրեանով,---
Դու պիտի ապրես այսպէս, սրանով:

Ոխի, մոլուցքի, մշուշի դիմաց՝
Քո սիրող, փարող, երազող սրտով.
Դաւի, արշաւի, բիրտ ուժի դիմաց՝
Ազնիվ դաշինքի քո հին կարօտով.
Օտարականի պիտակի դիմաց՝
Օտարի դատին իր կեանքով կանգնած,
Շիտա՜կ, շողշողո՜ւն քո Մանուշեանով,
Դու պիտի ապրես այսպէս, սրանով:

Պատմութեան երթում՝ անդուլ, հանապազ
Առաջինների շարքո՜ւմ քայլելով,
Պատմութեան հանդէպ՝ երեսդ միշտ պարզ՝
Քո ողջ էութեամբ նորին փարւելով,---
Քո մաքառելով,
Քո հաւատալով,
Դու ի՜մ ժողովուրդ, դու ապրել ես, կա՜ս,
Այսպէս ապրելով...

Թող որ օրերս՝ իմ ճամբակէսին
Ծանրանան այսպէս խոհով ու խոկով,
Թող որ ալիքւի՜ իմ ողորկ հոգին
Քո անցեալ ցաւով, քո դժւար բախտով,
Ու վարդագոյնին քո Երեւանեան
Մերթ ստւեր ընկնի՜ քո Արարատից,
Արեւ օրերիս անձրեւ կաթկթի,
Ծիածանիս մէջ ամպերը մնան,---
Դու՝ աներջանիկ, բայց մեծ սիրոյ պէս,
Դու ուրախ ժամիս՝ մորմո՜ք մշտակէզ,
Հոգուս պարապը, ափէ-ափ լցնող,---
Դու տխուր ժամիս՝ բերկրանք մշտաշող,
Ինձ հարստացնող, ինձ ազնւացնող
Եւ ինձ հաստատող դու միա՜կ իմ ես,---
Եթէ լցւած եմ՝ լցւած եմ քեզնով:

Թող որ փոխարէն գոռ մի անցեալի
Թագով ու թախտով, զօրով ու զօրքով,
Դու թողել ես ինձ՝ այրո՜ղ, բորբոքո՜ղ
Հայոց պատմութիւն՝ աղէտներով լի,---
Բայց դրա դիմաց ինձ տւել ես դու
Քո վերապրումի բերկրանբն անսպառ.
Բերկրանքն՝ ամէն մի նոր քարիդ համար
Կրկնակի խինդով ուրախանալու.
Բերկրանքն՝ աշխարհը զգալու խորքի՜ց
Եւ հասկանալու ամէն ինչ խորունկ.
Ժիր մանուկիդ մէջ՝ բացի մանուկից
Տեսնելու կեանքդ յաւերժող խորհուրդ.
Պարզ կոնեակիդ մէջ՝ հողերին ուրիշ
Հողիդ կորովը համբաւող աւի՜շ,
Ձեռքսեղմումի մէջ այլազգի հիւրիդ՝
Եղբայրութեան տօն ու խորհրդանի՜շ,---
Դու եղբայրութեան սեղանի կողքին
Դարիդ նոր խօսքը քո լեզւով ասող
Դարիդ նոր բախտը քո բախտով կիսող
Քո Արագածից հրթիռ ու երկինք
Սեւ բիբլիական քո աչքով տեսնող
Դարիր չյոգնած որոնո՜ղ հոգի
Ես ժառանգո՜րդըդ քո երգ ու վէրքի
Եթէ հպարտ եմ, հպարտ եմ քեզն՜վ:

Հպա՜րտ եմ որ դու քարտէզի վրայ
Քո արիւնով ես մերւած կարմիրին,
Որ զաւակներիդ վերջին ընտրանին
Մի վերջին անգամ զոհեցիր նրա՜ն
Որ արիւն տալով, արիւն առնելով
Նորոգւո՜ւմ ես դու՝ խառնւած նորին.
Թէ զօրանում է ուրիշը տարով,
Դու զօրանում ես ժամով օր-օրին.
Այդպէս մահւան դուռն հասած ու դարձած
Տկար կազմւա՜ցքն է բուռ ապաքինւում.
Դու հազար ձեռքով ապրելուն կառչած
Հազար տեզերից կեանքո՜վ ես լցւում.
Ոչ, չե՜մ հաւատում, այս երկնքի տակ
Քո հին երակին չկայ սպառում,---
Ես բարակ մի թել հիւսւածքում քո տաք,
Եթէ ապրում եմ, քեզնով եմ ապրում...
Քեզնով եմ ապրում,
Եւ ես բանաստեղծ,
Օրհնում եմ բախտս յետին այս երգով,
Որ աշխարհի մէջ, երկնքի ներքոյ
Աշխարհը թողած՝ ծնւել եմ այստեղ
Ու որդի՜ն եմ քո...

1956-60 թթ.

Edited by vartahoor, 14 June 2007 - 03:18 PM.





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users