Jump to content


Photo

Hatsin Yerg'


  • This topic is locked This topic is locked
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 11 June 2007 - 12:23 AM

ՀԱՑԻՆ ԵՐԳԸ
Դանիել Վարուժան
ԵՐԿԵՐ
Սովետական Գրող
Հրատարակչություն
Երեվան
1984


1. ՄՈՒՍԱՅԻՆ

Թե ջըլապինդ մըշակն ի՛նչպես կը փարի
Իր կոր մաճին, կը պատռե լանջն հողերուն:
Եվ սահանքին տակ արփական շողերուն
Ի՛նչպես կըլլան լերկ ակոսները` բերրի:

Թե շիկագույն ցորյանն ի՛նչպես կալին մեջ
Կը բըրգանա, և աղորիք կը մռընչեն.
Ի՛նչպես կհորդի քաղցած խըմորը տաշտեն,
Զոր հուսկ կեփեն գեղջուկ փուռին մեջ անշեջ:

Թե կը սըփռե Հա՜ցը, Հա՜ցը սրբազան
Ի՛նչ բերկրանքներ, արարչական ի՛նչ կորով,
Սորվեցո՛ւր ինձ, ո՛վ հայրենի իմ Մուսան:

Սորվեցուր ինձ. պսակե քընարս հասկերով,
Զի կալին մեջ, զով շուքին տակ ուռիին
Ահա կը նստիմ, ու նըվագներս կը ծընի՜ն:

2. ԱՐՏԵՐՈՒՆ ՀՐԱՎԵՐԸ

Գյուղակներեն հորիզոնները մինչև
Կը տարածվի մեր մայրությունը հողի:
Գարունն եկա՛վ. չի բավեր ձյունը թեթև
Ա՛լ ծածկելու մեր մերկությունը հըղի:

Վերադարձեք մեր ծոցը, ո՛վ մըշակներ,
Առավոտներն արդեն Ապրիլ կը բուրեն.
Սառեն լուծված կը կարկաջեն առվակներ.
Մեր տաք կողեն ծըլավ նարգիսը արդեն:

Մեզի եկեք. ձեր սերմով լի բուռերուն
Մենք կը սպասենք կիներու լուռ ըղձանքով.
Ճաճանչն արդեն խըվեցավ մեր սիրտերուն:

Պիտի լեցվին քըրտինքներու համրանքով
Հասկերը շեկ, ու պիտի ո՜րքան բերկրինք
Երբ առջի հեղ խոփը ճըմլե մեր ըստինք:

3. ՄՇԱԿՆԵՐԸ

Մըշակնե՛րն են իմ գյուղիս, դաշտի հըզո՛ր զավակներ,
Քըրտինքներով մարգարտյա` բընության թա՛գն են հյուսեր:
Կը բաբախե սիրտն հողին իրենց բըրդոտ կուրծքին տակ.
Ու իրենց լայն երակին մեջ կը հորդի արեգակ:

Երբ որ քալեն` մայր-երկիրն իր արգանդեն կը սարսռա.
Բայց չի խամրիր ծիլ մը իսկ գարշապարնուն տակ հըսկա:
Գըլուխն իրենց, զոր կհակեն առջևը սուրբ խորանին,
Պըսակված է միշտ ոսկի փոշիներովը հարդին:

Ակոսներուն մեջ անոնք խինդ կը ցանեն, և Աստված
Իրենց ճակտին ակոսեն բարություններ կը հընձե:
Ավիշներուն հոսուն երգն անո՛նք միայն են լըսած:

Եզին շողիքն ի՛նչ փույթ թե իրենց ձեռքերը կօծե,
Եվ ախոռի հոտ կու գա իրենց նախշուն լոդիկեն.
Նախ անենց լայն ափի՛ն մեջ կը ծըլին սերմերն համորեն:

4. ՀԱՐԿԻՔ

Եզներս են խարտյաշ, լույս ճակատներով`
Զոր պաճուճեր եմ նուսխայով կապույտ:
Գարունի առտվան օդեն են գինով.
Կը նային, խաղա՜ղ, դաշտերուն անքույթ:

Ձըմեռը զանոնք խարո՛վ սընուցի.
Մեհյանին պարարտ կուռքերն են կարծես:
Իրենց սանտըրված պոչը թավարծի
Կը լիզե իրենց կողերն` օձի պես:

Կը սիրեմ անոնց նյուսը բյուրածալ,
Ռունգերնին տամուկ, բիբերնին խոշոր`
Ուր կա դաշտերուն երազն անայլայլ,

Եվ ճոճքը իրենց, և պոչյունն հըզոր
Հորիզոններե՜ն. երբ կերթան անվերջ
Եղջյուրնին մըխած Արշալույսին մեջ:

5. ՀԵՐԿԵՐ

Հո՜, հռո՛ հռո՛ հռո՛. Հողին տակ հըռընդյունն է արորին
Լուրթ մշուշին մեջ առտվան, կողին վրա բըլուրին
Կերթան եզները հուժկու` զանգակներով դաշնավոր,
Ու մսուրին վերջին հարդը կորոճան գլխիկոր:

Սարին ուսեն ծըյլացող արևն ահա կը ծագի
Ու մըշակին ճակտին վրա կը դնե հումբույրը ոսկի:
Մարդը կերթա երգելով` մաճն ափին մեջ պընդաջիղ,
Ու իր ճամբան կը գծե իր հոգիին պես ուղիղ:

Հո՜, հռո՛ հռո՛ հռո՛. Ակոսները կը բացվին մըխալով,
Եվ կը դիզվին արգավանդ հողակոշտերն իրար քով:
Մեկ ծագեն մյուսն հուլորեն կը սողա խոփը պողպատ,
Կը հեղեղե հերկերուն մեջ իր լույսերը արծաթ:

Իր տակ ճըմլված, կարեվեր, կը գալարվի հույր Ճըճին.
Կահաբեկին խըլուրդներ իրենց խուղին մեջ մըթին:
Բունծերն ահա կոռոգին մերթ օձերու արյունով,
Զոր ըսպաննած է արորն անոնց գլուխեն անցնելով:

Արևն արդեն կը հոսե իր երակներն հրածորան
Ակոսներուն նորաբաց արգանդին մեջ հոտևան:
Հո՛, հռո՛ հռո՛ հռո՛. Անդաստանն է կորդացած այս տարի,
Բայց հերկերուն ծարքն արդեն անհունորեն կերկարի:

Եզները հաղթ թափ կու տան, դողացնելով մերթ ընդ մերթ,
Սուր խըթանեն` ըստևներն իրենց փորին լուսաշերտ:
Ի՛նչ փույթ թե ճղուղն արորիին խութին դեմ հա՛նկարծ կու լա,
Եվ կը ծորի մըշակին քիրտը ամեն գուղձի վրա:

Դեռ սուրբ կոչնակը գյուղին` սարին ետև չըհընչած`
Բըլուրին կողը ամբողջ պիտի ըլլա թըխացած,
Եվ պիտի լայն ակոսները շար ի շար ավարտին`
Օծված շաղով իրիկվան, շողիքներովն հարկիքին

Այն ատեն երբ արտին ծայրն հասած, ճիգով մը դողդոջ,
Տըղմուտ արորն հողին մեջ հանկարծ կասի, Մշակը խոնջ
Պիտի խորհի անկասկած հանո՜ւն վաղվան հունձքերուն
Թե կարասի՛ մոսկելից կառչեր է խոփը իսկույն:

6. ՑԱՆ

Սերմանողն է: Հաղթահասակ կը կանգնի
Մայրամուտին շողերուն մեջ ոսկեթույր:
Ոտքին առջև անդաստաններն հայրենի
Կը տարածեն մերկություննին անպարույր:

Լի է ամբողջ ցորեններով աստղահատ
Խորունկ գոգնոցն: Հարկերն հերվան` ծարավի`
Կը սպասեն իր լայնշի բուռին, և բուռն այդ
Արտերուն վրա` զերդ արշալույս` կը բացվի:

Մըշա՛կ, ցանե՜. հանուն տանդ սեղանին
Թևիդ շարժումն անպարագի՛ծ թող ըլլա.
Վաղ` նետած ցորեններդ այդ կը թափին
Օրհնության պես թոռնիկներուդ գլխին վրա:

Մըշա՛կ, ցանե՜. Հանուն նոթի թըշվառին
Թող գոգնոցեդ կես չելլե ափըդ բնավ.
Աղքատ մայսօր ճըրագին մեջ տաճարին
Վաղվան հունձքիդ համար վերջին ձեթը դրավ:

Մըշա՛կ, ցանե՜. հանուն Տիրոջ նըշխարին
Թող մատներդ հորդին սերմեր լուսեղեն.
Վաղը ամեն հասկի մեջ կաթնային
Պիտ հասուննա մաս մՀիսուսի մարմինեն:

Ցանե՜, ցանե՜. նույնիսկ հեռու սահմանեն,
Աստղերու պես, ալիքներու պես ցանե՜:
Ծիտերն ի՛նչ փույթ թե հատիկներդ կավերեն.
Տեղը Աստված պիտի մարգրիտ սերմանե:

Լեցո՛ւր ակոսն, հորդե՛ հերկերը բերրի,
Հողին ծոցեն ոսկի լույսեր թող հոսին:
Օրը ահա կիրիկնանա. կերկարի
Շուքը թևիդ հորիզոննե՜րն աստղային:


7. ՏԱՓԱՆ

Տափա՛ն, տափնե, կոշտերն հարթե,
Թաղե ցաներն հողին մեջ.
Ցորենն` ոսկի, սերմն հակինթ է`
Երբ միանա հողին գեջ:

Տափա՜ն, թևերըդ տարածե,
Գրկե արտերը հուռթի.
Հերկն աննըվաճ ալիք մըն է`
Զոր կանդորրես դուն հեշտին:

Տափա՛ն, տափնե, կոշտերն հարթե,
Փակե բերանն ակոսին`
Ուր ամեն մեկ ցորեն սաթ է.
Թող սարյակներ չը տանին:

Տափնեց տափանն, հարթեց կոշտեր,
Հըղկեց անդերը անհուն
Այժմ հողին տակ կուռին հունտեր`
Ինչպես ծիծերն ուլերուն:

8. ԱՌԱՋԻՆ ԾԻԼԵՐ

Զեղուն ավշին հողերուն տակ պայթեցուց
Սերմերն: Արտերս այս գիշեր
Կանանչցեր են լուսնկային տակ գարնան
Մայրի՛կ, ինծի ծիլ մը բեր,
Քըրտինքիս ցողը վըրան:

Կատաղորե՜ն, կատաղորե՜ն հորդեր են
Տե՛ս, ցորեններն աղածրի:
Դաշտերն հագեր են զմրուխտե պատմուճան
Քույրի՛կ, ծիլ մը բեր ինծի,
Եզիս շողիքը վըրան:

Կը փողփողին արտավարե արտավար
Կարծես կանանչ մոմիկներ:
Ամեն ընձյուղ մարգրիտ մունի իր բերանն
Հոտա՛ղ, ինծի ծիլ մը բեր,
Արևուն շողը վըրան:

Կը զարդարե ամայությունը հողին
Մատղաշ ծաղի՛կը հացի.
Կանանչին մեջ կոշտերը թուխ կը լողան
Հարսնո՛ւկ, ծիլ մը բեր ինծի,
Մատերուդ բույրը վըրան:

Ծիլ արտերուս մեջն է ծըլեր նըշենիս,
Հոն միսմինա՜կը ծաղկեր
Մայրի՛կ, քույրի՛կ, հոտա՛ղ, հարսնո՛ւկ սիրական,
Բերեք անկե ծաղիկներ,
Բերեք վարդգույն ծաղիկներ,
Հընձվորին հո՜ւյսը վըրան:

9. ԳԱՐՆԱՆ ԱՆՁՐԵՎ

Դաշտերուն վրա իր տրտմությամբ համառող
Անձրևը չէ՛ ասիկա:
Գարնան ջաղբն է` որ ցանքերուն վրա անհուն
Լուսացընցուղ կը տեղա:

Աստղերն անհայտ, կարծես հալած արևեն,
Տեղատարափ կը թափին,
Եվ կը լըվան իրենց լույսին մեջ փաղփուն
Անդաստաններն ու այգին:

Կապույտն հանկարծ կու լա բուռն ծիծաղեն,
Եվ կը տեղա ադամանդ.
Կը լուսանան կույր աղբերակներն ու կերգեն
Իրենց ծընունդն արգավանդ:

Անհունն ի վար կը հեղեղվին շառաչուկ
Մեծ կաթիլներ շափյուղա,
Լի արևով, ցընծությունով, կապույտով,
Ծիծաղներով սատափյա:

Մարգերը թաց կարտաշընչեն զովություն
Կը լըվացվին գառնուկներ
Բո՜ւյրը հողին, հողին բո՜ւյրը, ծավալուն,
Կը լեցնե գյուղն ու եթեր:

Ու արտերո՜ւս, արտերո՜ւս մեջ քրտնաշատ
Իմ ցորյաններս համեցող
Նոր ուժերով հորդահոսա՜ն կընձյուղին
Կայլակներու մեջ ի լող:

Եվ մաքըրված անտառին մեջ, այս պահուս,
Ըստ իմ գյուղիս հեքիաթին
Կը ծնի եղնիկը, գոտիին տակ ծիրանի,
Եզնորդ մը ` նման լուսինին:

10. ՑՈՐՅԱՆԻ ԾՈՎԵՐ

Հովե՜ր կացնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մանսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կանցնին:

Հովե՜ր կացնին.
Ա՛յնքան կհորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կանցնին:

Հովե՜ր կանցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կացնին:

Հովե՜ր կանցնին.
Քիստերուն տակ կալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կանցնին:

Հովե՜ր կանցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կերգե թառած ճյուղի մօրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կանցնին,
Հովե՜ր կանցնին:

11. ԿԱԿԱՉՆԵՐ

Քո՛ւյր իմ, ցանքին մեջ կակաչներ կան, քաղե՛.
Ահա սիրող սիրտերու պես կարյունին:
Պիտի իրենց բաժակներեն բյուրեղե
Խըմենք ալիքն արևին:

Անոնք ա՛յնչափ բըռնըկեր են` որ կարծես
Հըդեհն իրենց կայրե դաշտերը անհուն:
Պիտի իրենց բաժակներեն հըրակեզ
Խըմենք կայծերն աստղերուն:

Քո՛ւյր իմ, քաղե՛, լորի մը պես ծածկըված
Ցորեններուն մեջ` որ մեղմիկ կը նազին:
Պիտի իրենց բաժակներեն բոսորած
Խըմենք արյունն ակոսին:

Անոնք ծըռած արտույտներու բույնին վրա
Լալ շողերով ողկույզ ողկույզ կը ծըփան:
Պիտի իրենց բաժակներեն հակընթյա
Խըմենք խոստումը Գարնան:

Քաղե՛, քո՛ւյր իմ, կակաչ չէ, բո՜ց քղե դուն.
Հըրդեհն իրենց լեցուր գոգնոցդ կույսի:
Պիտի իրենց բաժակներեն փափկասուն
Խըմենք կրակներն Հունիսի:

Ծաղկե՜ր, ծաղկե՜ր են բերնիդ պես քնքշենի,
Կը խոսակցին ցորյանին հետ օրորուն:
Պիտի իրենց բաժակներեն ծիրանի
Խըմենք գաղտնիքն հասկերուն:

Քաղե՛, քույր իմ, պիտի պսակվինք անոնցմով
Վաղվան զըվարթ տոնին համար գյուղակին:
Եվ պիտի այդ բաժակներեն, պարելով,
Խըմենք գինին Տարփանքին:

12. ԱՆԴԱՊԱՀԸ

Եհե՜. եհե՜. արտերուն մեջ մարդ մարդաձայն չը մըտնե՜:
Հովեուն հետ սարեն եկող անդապահին աղաղակն է:

Ուսընդանութ պարկը կախած և մասրենի ցուպ մը ձեռքին`
Ցորյաններու զըմրուխտին մեջ կը թափառի ան առանձին:

Արևներուն մեջ կը լողա ինչպես ամրան իշամեղուն:
Աչքերուն մեջ կը ծավալի կականչ երազը դաշտերուն:

Գիշերը մերթ սարին նըստած լուսինին դեմ կածե սըրինգ.
Խրտվիլակը ցանքին մեջեն, միակ ընկեր, կը լսե զինք:

Երգերուն տակ անդորրական հասկերն համայն կը ծոցվորին.
Կը կատաղի` երբոր զանոնք իր թևին տակ լըլկե քամին:

Ան սարսափն է բոլոր անոնց` որ կավրեն անդ ու անդաստան.
Կը խըռովեն շողքն արևուն, կը կոխկըրտեն հացը վաղվան:

Ի՜նչ խլուրդներ ըսպաննած, և պնդագլուխ ի՜նչ գոմեշներ
Հարվածներեն իր ճարահատ ճահիճներն են ապաստաներ:

Ան դեռ երեկ քաղվորներու չըքնաղ երամ մհալածելով`
Հարսի մը ոտքը ջախջախեց սատկած իշու մհաղթ ծնոտով:

Ու սարին վրա միշտ հովերո՜ւն, հովերո՜ւն հետ կաղաղակե.
Եհե՜. եհե՜. արտերուն մեջ մարդ մարդաձայն չը մըտնե՜:

13. ՀՈՒՆՁՔ

Կը սոթտըվին թեզանիքներ, գերանդիներ թող հեսանվին.
Այսօր երկու հազար մըշակ կը հնձեն ցորե՛նը և գարին:

Քա՜ղցր է թեղվիլ հասկերուն մեջ` որոնց քիստերը խարշափուն
Կը խառնըվին բաց կուրծքերու անտառացած թուխ մազերուն:

Քա՜ղցր է լողալ համառորեն որաներուն մեջեն հեղեղ.
Ըզգալ ուռիլը բազուկին երակներուն արևազեղ:

Ահավասիկ գերանդիներ, կատաղությո՛ւն փայլատակի,
Ցորեններուն մեջ իբր արծաթ կընկղմվին, դուրս կելլեն` ոսկի:

Հասկեր կիյնան շարվեշարան, և կարյունին կակաչներ լուռ.
Բըլուրներուն քողը խարտյաշ կը ծալլըվի լայնասարսուռ:

Ծըփանքներ նո՛ր ծըփանքներու ներքև ընդմիշտ կը փըլուզին.
Ալիք կըլլան ակոսին մեջ ծովե՛ր, ծովե՛ր, ծովե՛ր դեղին:

Ու կընդլայնին դաշտեր, սարեր, խոզաններով միշտ քըստմընած.
Հովիտին մեջ հեղեղներ կան` որ կը ցամքին կամաց կամաց:

Հանկարծ թուփեր կը հատնվին, կամ կը ցըցվի քար մը ճերմակ.
Առվակ մհեռուն կը փալփլի, որ կը նիրհեր վասակին տակ:

Մըշակներ կան` որ փարչն իրենց բերնին դըրած, Արև՜ն ի վեր,
Կըմպեն երկա՜ր ջուրը գըլգլուն` զոր աղբյուրեն հարսն է բերեր:

Ոմանք իրենց ափերուն մեջ` մերթ կը փըշրեն հասկ մը ատոք,
Եվ կօրհնեն թիվն հատիկներուն, ու կը ծամեն հետո զանոնք:

Հոտաղներ կան արտերե արտ` որ ժիրաժիր կը հեսանեն
Աղոտ մահիկը մանգաղին, աղմըկելով լուռ միջօրեն:

Եվ կը հնձե՜ն, միշտ կը հնձե՜ն. թևի ամեն լայն շարժումի
Ամառներու բերկրությունն է` որ քիստե քիստ կը ծավալի:

Օ՜, ի՜նչ կոծեր, հորիզոնե հորիզոն ի՜նչ նըվաճումներ,
Ի՜նչ հեծկըլտանք հանճարներու, ի՜նչ փըլուզվող օվկիաններ:

Ու կը հնձեն, դեռ կը հնձե՜ն. մինչև շուքերը երկարին
Եվ շըփոթվին իրարու հետ ա՛լ սահմաններն անդաստանին:

Այն ատեն լուռ ճամբուն վըրա կը տեսնըվին շարան շարան,
Հընձվորները որ դեպ իրենց տընակներուն ճրագը կերթան:

Գերանդիներն անոնց ուսին կը ցոլցոլան լուսնկայեն,
Կը հովանան անոնց քըրտնած կուրծքերն անուշ ծըմակներեն:

Իսկ անդորրին մեջ դաշտերուն ահա ծըղրիդ մը արթընցած
Կը լեցընե իր երգերով ամբողջ Անհունն աստեղամած:

14. ՀԱՍՈՒՆ ԱՐՏ

Արտըս ոսկո՜ւն է
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

Արտըս ոսկո՜ւն է
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:

Արտըս ոսկո՜ւն է
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

Արտըս ոսկո՜ւն է
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կանցնին զերդ փայլակ:

Արտըս ոսկո՜ւն է
Մերթ կելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:

15. ՀՈՒՆՁՔ ԿԸ ԺՈՂՎԵՄ

Հունձք կը ժողվեմ մանգաղով,
Լուսնակը յարս է
Ակոս ակոս ման գալով,
Սիրածս հարս է:

Գլխեբաց եմ ու բոպիկ,
Անո՜ւշ են հովեր
Արտերուն մեջ թափառիկ,
Մազե՜րս են ծովեր:

Ցորեն, կակաչ, կարոտով,
Կաքավը կու լա
Կապեցի մե՛կ նարոտով,
Ձեռքերն են հինա:

Հասկերուն մեջ, վերևեն,
Ասուպը անցավ
Աստղեր մյուռոն կը ծորեն,
Դեմքը լուսացավ:

Քանի՜ խուրձեր շաղերով,
Վարդենին թաց է
Ես կապեցի խաղերով,
Ծոցիկը բաց է:

Արտըս խոզանով մընաց,
Կերթա՜ լուսնակը
Դեզերով լեռ եմ շինած,
Սի՜րտս է կըրակը:

Մանգաղըս քարին եկավ,
Յարըս յա՜ր ունի
Քարեն լորիկը թըռավ,
Լե՜րդըս կարյունի:

16. ՍԱՅԼԵՐԸ

Գյուղի ճամբայեն սայլերը կերթան
Հունձքով բեռնաբարձ:
Մայրամուտին մեջ շարժուն բուրգեր են`
Ճաճանչներ հագած:

Թխադեմ տղաներ, դեզերուն վըրա,
Կը խըթանեն մերթ
Մեծղի եզերուն կողը սըրսըփուն,
Կողը լուսաշերտ:

Գոմեշներ, համառ, ետև կարկառած
Իրենց մութ լեզուն`
Կը քանդեն որան` որ կը հեղեղվի
Իրենց նուսերուն:

Ցորեններ ի լյուղ պերճ արյունին մեջ
Իրիկնադեմին`
Նոր պըսակ կըլլան պըսակին վըրա
Անոնց եղջյուրին:

Ճամբան, արտերեն կալերը մինչև,
Կը ծըփա հասկով`
Զոր ուշ մընացած հավեր կը քըրքրեն
Զըվարթ կըտուցով:

Ճամբան խարտյաշ է, կարմիր է ճամբան,
Որուն եզերքին
Արյուն կը ծորե չափազանց հասուն
Փոշոտ մորենին:

Սայլրեը կերթան, անդորրության մեջ
Աղաղակելո՜վ
Կը տանին արև, հըրդեհ կը տանին
Հըսկա դեզերով:

Կը տանին հեղեղն ահա լեռնացած
Քըրտինքի, Հույսի,
Որ լուծեն մինչև անիվներուն վրա
Առատ կը հոսի:

Կերգե՜ն տըղաներ, խըթանելով միշտ
Կողը եզերուն
Ջինջ անհունին մեջ զիրենք կօրորե
Ցունցը դեզերուն:

Կերգեն ճըպուռին, մանգաղին նըման,
Կերգեն հովի պես,
Մինչ հասնին կալերն, ու հոն տարածեն
Հունձքը ծովի պես:

17. ՃԱՐԱԿՈՒՄ

Բըլուրին գաղջ կողին վըրա ընկողմանած
Սըրինգ կածեմ.
Եզներըս լայն հովիտին մեջ, սըրտի երգով,
Ես կարածեմ:

Լուսնակն իջած է մանգաղված լուռ արտերուն
Մակերեսին.
Կը ծավալե խոզանններուն մեջեն հեզիկ
Կաթը լույսին:

Ջինջ գիշեր է: Երգս անհունե անհուն, խաղաղ,
Կը ծըփծըփա.
Եվ սըրինգըս, հովերուն հետ, իր ծակերեն
Շաղե՜ր կու լա:

Հեռո՜ւն կը լսեմ բոժոժներն իմ նախիրներուս,
Որոնք կարծին
Ցորյաններուն ծիղն` ոռոգված մեղրերուն մեջ
Ծիր Կաթինին:

Կը լըսեմ մուշ մուշ ճարակումն` առվեզերքի
Թուփերուն մեջ`
Ուր մոզին իր դունչը մըխած` կը բըզըքտե
Խոլորձը գեջ:

Ցուլերն ամեն, գլուխնին կախ, կարծես դյութվա՛ծ
Ինձ կերևան.
Գոմեշներուն բիբերն ահեղ` աստղերուն տակ
Մերթ կը շողան:

Կընե միջատ մը, շուրջն անոնց, ճաճանչաթիռ
Միշտ ելևէջ:
Ճերմակ եզը, կարծես կուռք մէ, ձուլված լուսնին
Արծաթին մեջ:

Կը ճարակի՜ն, հովուն տըված թավ պոչերնին.
Եվ կը խըմեն
Իրեն մազոտ ու բաբախոտ ականջներով
Սըրնգիս ակեն:

Կը ճարակի՜ն, բութ ակռաներն իրենց` մինչև
Կանանչանան,
Եվ որովայնն անպարագիծ լեցվի՛, լեցվի՛
Մարագի նման:

Եվ ատեն ա՛լ դաշտերուն մեջ կը մակաղին
Մեծազանգված,
Մեկը մյուսին կըռնակին վրա, որոճալով,
Դունչը դըրած:

Մինչև որ ա՛լ Արփին ծագի, լույսն արտին վրա
Իջնե սարեն,
Եվ ժողվե ցողն, հակինթ հակինթ, անոնց խոնավ
Եղջյուրներեն:

18. ԽԱՉԲՈՒՌ
(Աստվածամոր սեղանին)

Քեզ կը բերեմ, Մա՛յր, հունձքերուս նախընծան:
Զոհագործե՛ սեղանիդ վրա` ուր, դարե՜ր,
Փեթակներուս մեղրամոմերը դեղձան
Լույս ու արցունք են հոսեր:

Դո՛ւն, սուրբ պաշտպան հայրենական հողերուս`
Որոնց տըվիր անմահությունը դրախտի.
Ծիլը ծաղիկ ըրիր, հույսը` Արշալույս,
Որ խըրճիթիս կը ժըպտի:

Դո՛ւն, Խաչաբուռն այս, զոր իմ ձեռքով եմ հյուսեր,
Ընդունե՛, Մա՜յր: Բյուր հասկերուս մեջ ասոնք
Կը նազեին կույսերու պես շիկահեր,
Արևահե՛ղց և ատո՛ք:

Գերանդիիս տակ, գըլուխնին դեռ ցողով,
Լուսնեն հնձված ճառագայթի պես` ինկա՜ն:
Ոչ մի արտույտ քանդեր է իր կըտուցով`
Անոնց շարքերը լըման:

Ես հյուսեցի զանոնք, գիսակ առ գիսակ,
Տալով խաչին ձևը Որդվույդ կարեվեր`
Որուն արյունն, ամեն Զատկի, սո՜ւրբ կըրակ,
Մեր ակոսներն են խըմեր:

Իր հույսերուս, իղձերուս հետ հյուսեցի:
Անոնց մեջ է հույզն արտին, հուրն արևուն,
Խոփին փայլակն ու թևիս թափն առնացի,
Պաղատանքն իմ թոռներուն:

Մա՛յր, Խաչաբուռն այս օրհնե՜. և տուր արտերուս
Ամառն` ոսկի, ինչպես գարունը` մարգրիտ.
Որքան ամբարքըս լի ըլլան` ջահեր լույս
Պիտի տան խորանիդ:

Ըրե այնպես` որ նման հի՜ն օրերուն
Երբ դաշտերե դաշտ ժուռ գալու դուն ելլես`
Փուշեր չըգա՜ն ոտքերուդ տակ` այլ սարսռուն
Կակաչներ` մեր սըրտին պես:

19. ԿԱԼԵՐ

Կալերու մեջ ես կը նըստիմ իմ երազուն
Հովանիին տակ էշիս`
Որ քովս սա կոճղին կապած` կը շըփե
Աղու ծընոտը ուսիս:

Տափաստանին վըրա, խաղաղ, կը փըռվի
Ճերմակ ալիք մարևու`
Որուն մեջ լյուղ կու գան դեզերն, և կըրիան
Եկեր է հոն տաքնալու:

Թևը հովին, ծանրացած գաղջ բույրերով,
Հազիվ ծույլ ծույլ կը շարժի:
Կովին ըստվերը փառահեղ լույսին վրա`
Սև կարկըտան մէ լայնշի:

Շինականն իր կահն ու կազմածը բերած`
Հոն հիմներ է նո՜ր գյուղակ
Հեռուն` լըքված իր մամռապատ շեմին վրա
Կը հըսկե գամփռը մինակ:

Կալերուն մեջ դեզը` ծեփված արևով`
Կարծես տընակ մէ ոսկի:
Տերևախիտ ծառին զով շուքը կըլլա
Առագաստ մը նոր հարսի:

Ու ես նըստած հովանիին տակ էշիս
Կերգեմ քաջերը հողին`
Որոնք մանգաղն հազիվ կախած պատն ի վար`
Կը կըրթեն ցուլը` կամին:

Կերգեմ հոտաղն` որ կը հարթե կալատեղ
Լողքարի՛ն զինքը լըծած,
Մինչ քըրտինքով կը թըրջըվի շապիկն իր
Կուրծքին վըրա` պատըռտած:

Կերգեմ հարսերն` որ հինան դեռ մատերնուն`
Կը մաղեն ժիր ժիր գարի.
Կը թափթըփին իրենց մաղին ծակերեն
Կարծես շիթեր գոհարի:

Կերգեմ մշակներն` որ սայլերուն կատարին
Աստվածներու պես կանգուն`
Երկժանիով կատաղորեն կը քանդեն
Ճակատն հըսկա դեզերուն:

Կա՜մը կերգեմ` որ կը նավե շուրջն հունձքին
Իբրև հրագույն լիճի վրա,
Հետո ցորե՜նն աշխարհածուփ` որ արդեն
Հարդերուն մեջ կը լողա:

Օ՛, ի՜նչ քաղցր է երթալ խառնվիլ էությամբ
Այդ սըրբագույն վաստակին.
Տըրեխներեդ մինչև մազերդ համակվիլ
Մըղեղներուն մեջ դեզին:

Փուռի կայծի՜ն, դաշտի հացի՜ն ի խնդիր
Ըլլալ Պա՜նը կալերուն,
Վերադարձնել ջաղացքներուն սըրտին մեջ
Իրենց երգերը անհուն:

20. ԿԱԼԵՐՈՒ ԳԻՇԵՐ

Ամարվան քա՜ղցր գիշեր, գլուխը կամին վրա դրած`
Աշխատանքի սուրբ Ոգին Կալերուն մեջ կը նընջե:
Կը լողա մեծ Լռությունն աստղերուն մեջ ծովացած:
Անհունը` բյուր աչքերու թարթափով` զի՛ս կը կանչե:

Կերգեն, հեռուն, ծըղրիդներ: Ջուրերուն մեջ լըճակին
Կըլլա հարսնիք մը ծածուկ նայադներու` այս գիշեր:
Սյուքն հուզելով ուռենին ափերուն վրա գետակին`
Կարթընցընե անծանոթ լարերու վրա նըվագներ:

Ծոթրիններու բույրին մեջ, պառկած կատարը դեզին`
Ես կը թողում որ սըրտիս դըպչի ամեն մեկ ճաճանչ.
Ու կարբենամ գինիովն Անհունի մեծ կարասին`
Ուր կը ճըմլվին ասուպներ քայլի մը տակ անճանաչ:

Հե՜շտ է մըտքիս ընկըղմիլ կապույտին մեջ լուսալիք,
Նավաբեկիլ թե հարկ է կըրակներուն մեջ վերին.
Գըտնել աստղեր նորանոր, կորսըված հի՜ն հայրենիք`
Ուրկե ինկած հոգիս դեռ կու լա կարոտն եթերին:

Վերանալ քա՜ղցր է ինծի թևերուն վրա լըռության,
Լըսել միա՛յն Միջոցին շընչառությունն անխըռով,
Մինչև աչքերըս գոցվին քունի մը մեջ դյութական,
Ու կոպերուս տակ մընա Անհունը իր աստղերով:

Ա՛յսպես, ա՛յսպես կը նընջեն գյուղին մարդիկը ամեն.
Հոտաղն է իր սայլին վրա, վերմակին տակ լուսածոր,
Հարսն է դեզի կատարին` ծոցը բացված զեփյուռեն`
Ուր կը պարպե Հարդգողն իր կաթը սափոր առ սափոր:

Եվ այսպես` օր մը պառկած` փողփողումին տակ երկնի,
Իմ ծընողներըս մըշակ` զիս հըղացան կաթոգին,
Զիս հըղացա՜ն սևեռած իրենց աչքերը բարի
Վերն ամենեն մեծ Աստղին, ամենավառ Հըրայրքին:

21. ԿԱՄՆԵՐԳ

Կամ կը քըշեմ վաղվան հույսով`
Արևն առած ճակտիս վըրա:
Հորիզոնը, անհուն լույսով
Իմ աչերուս մեջ կը լողա:
Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.
Նվաճե դեզերը հունձքերուս, ժիր ժիր:

Կը թըռչըտի շուրջը կալին
Իշամեղուն, բռնկած գոհար,
Ու թափ տալով խըռպոտ տաղին`
Լըծկանն առաջ կը մըղե հաչ:
Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.
Քանդե պըսակն որաներուն, ժիր, ժիր:

Վարոցըս սուր, հըսկա մասուր,
Հոտված` սըրտեն անտառներուն
Իմ ծույլ եզիս կողեն հաստույր
Մերթ կը քաղե կաթիլ մարյուն:
Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.
Խուզե հասկին բոց մորուքը, ժիր, ժիր:

Հորձանքին մեջ աշխետ հունձքին
Ես կը լողամ երգերուս հետ.
Մըղեղներուն հետ միասին
Կըմպեմ խարին հոտն ափավետ:
Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.
Կույս հատիկին պատռե քողը, ժիր, ժիր:

Ի՜նչ փույթ քաղցած ըլլան եզներ,
Ու մըշակներն ալ` ծարավի.
Խոտն է կանանչ ձորին մեջ դեռ,
Թան աղբյուրին մեջ կը պաղի:
Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.
Հասկին սըրտեն սուտակ թափե, ժիր, ժիր:

Զուր տեղը չէր, կա՛մս աղվոր,
Որ օծեցի քեզ կուպրերով,
Զինեցի պորտըդ սևավոր
Կայծքարե սուր ակռաներով:
Դարձի՛ր կամըս, արագ դարձիր, հիռ, հիռ.
Կըրծե հարդին ոսկիները, ժիր, ժիր:

Ցորե՜նն ահա, ցորե՜նն ահա,
Մըշուշին մեջ մըղեղներուն,
Անհունորե՜ն կարշալույսնա:
Զվարթությո՜ւն խըրճիթներուն:
Կեցի՛ր կամըս, ա՛լ կեցիր դուն,
Խաղաղությո՜ւն խըրճիթներուն

22. ՄԻՋՕՐԵ

Այս այն ժամն է` երբ կալին մեջ Աշխատանքն առած կանգ`
Արևուն տակ կը հևա:
Կը նընջե մեն մի մըշակ:
Քարայրին մեջ հեռակա
Հեծեծագին կը մեռնի զով Զեփյուռը ամրափակ:

Միջոցին սիրտն` հըրեղեն ցանցի մը մեջ սեղմված`
Կը բաբախե հազի՜վ հազ:
Լըռության մեջ շողարծարծ
Ի՜նչ հըծծյուններ, ի՜նչ երազ.
Եվ ի՜նչ բույրեր առտըվան եղեգներուն կըտըրված:

Կը քընանան անտառներ թուխ կողերուն վրա սարին`
Արծաթահյուս քողի տակ
Կապույտին մեջ, առանձին,
Կերթա ամպ մը կաթնորակ
Փափուկ բուրդեն ծըվեններ թողլով ժայռի կատարին:

Կընդունի հողն իր սըրտին մեջ` իր սըրտեն ճեղքելով`
Լույսին նիզակն արյունոտ:
Աղբյուր մը հոն, ծառին քով,
Կը հեծեծե նըվաղկոտ`
Իր ոռոգած ծաղիկին վրա մեռնի՜լ չուզելով:

Գոմեշներ` լուծը լըքած` ճահիճին մեջ կը պառկին
Իրենց բերնեն հոսելով
Թելերն արծաթ շողիքին:
Սայլերն, անդին, դեզին քով,
Հըսկա ցռուկներ ցըցած` դատարկությա՛ն կը նային:

Այս այն ժամն է, ո՜վ հոգիս, որ ճըպուռին պես մինակ`
Կատարներուն վրա մընաս.
Անդորրին մեջ անապակ
Դուն քու երգով արբենաս`
Ինչպես արևն իր լույսով, իր լույսին հետ մի՜ս-մինակ:

23. ԳՈՒՌԸ

Իրիկվան մեջ, գյուղին քով,
Կը մըրմընջե գուռն ուռիին տակ շըքեղ:
Զայն կը լեցնե աղբյուրին երգովը բյուրեղ,
Աստղը` բյուրեղ արցունքով:

Խորհուրդին մեջ ըստվերին
Կընունքի ջինջ ավազան մէ կարծես ան`
Ուր քաղցրորեն կը մըկըրտվի լուսնկան`
Տըղու մը պես նորածին:

Հոգնաբեկ խումբն եզներուն
Հոն կը դիմե արահետեն ճախճախուտ`
Ուրկե կը հոսի, ճապաղելով, ջուրն անփույթ`
Մարգերուն տակ` պըսպըղուն:

Կողեր կողի դեմ ահա՛,
Եվ գավակներ գավակներու կընդհարին.
Հանկարծ մոլուցք մեղջյուրներու ահագին
Կը տատանի գուռին վրա:

Միահաղույն կերկարեն
Վիզերն իրենց, և ռունգերնին հարդամած
Հըստակ ջուրին ադամանդին մեջ մըխած`
Հավերժորե՜ն կը խըմեն:

Կըմպեն ալիքն անապակ,
Լույս ծյուրումը պարեխներուն սառնակերտ.
Ու չե՛ն խըրչտիր լուսնկայեն` որ մերթ մերթ
Կլողա իրենց բերնին տակ:

Կը վերցընեն երբեմն, հա՛գ,
Հըզոր գլուխնին, ու կը նային սարերո՜ւն
Կը սորսորա իրենց դունչեն` քարերուն`
Ջուրը, երակ առ երակ:

Անդեորդն, հոն, մահակին
Վըրա կըռթնած` կը սուլե երգն հեշտօրոր,
Մինչև վետ վետ ցամքե հեղուկը բոլոր,
Մընա մամուռն` հատակին:

Կերթան հետո, օրորուն,
Գոմին խաղաղ գավիթին մեջ պառկելու.
Կը կարկաջե գյուղամեջեն, զերդ առու,
Զանգակն իրենց վիզերուն:

Ու երբ դարձյալ գան առտուն
Պիտի գըտնեն հըսկումին տակ ուռիին
Գուռը նորե՜ն լեցված երգովն աղբյուրին,
Եվ արցունքովն աստղերուն:

24. ԵՐՆՈՒՄ

Իրիկվան մեջ հովերն հևուն
Երբ դուրս կելլեն քարայրներեն`
Մեկ ծայրեն մյուսը կալերուն
Ա՛լ կամնըված հունձքը կերնեն`
Հըծծելով երգն Աշխատության.
Երնե՛, էրան, երնե՛, էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան:

Հարս ու աղջիկ, պարմանիներ,
(Ժըպտուն վարդեր մասուրի քով)
Իրենց ձեռքին հոսելիներ
Կը ճեղքեն թեղն, հույսերու բով.
Ու կը պոռթկա երգն հաղթական.
Երնե՛, էրան, երնե՛, էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան:

Ժիր շարքերուն մեջ ի՜նչ խուճապ
Ելլող իջնող բազուկներու
Հեղեղներ են` որ հապշտապ
Վեր կը նետվին` սաթ տեղալու.
Ու կեռա երգն ալետատան.
Երնե՛, էրան, երնե՛, էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան:

Հովեր կանցնին, խարտիշահեր,
Թողլով որ վա՛րը երկարին
Հարդգողի լույս ճանապարհներ`
Ու սարյակներ կը թափառին`
Սուլելով երգը ցընծության.
Երնե՛, էրան, երնե՛, էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան:

Ուսերե վեր ի՜նչ փոթորիկ,
Ի՜նչ փաղփումներ մազերու մեջ
Ցորենին հետ, հատիկ հատիկ,
Կը թափի ցողն իրիկվան գեջ:
Ու կըղձա երգն երանության.
Երնե՛, էրան, երնե՛, էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան:

Ու երբ ոսկվով ծեփվին կալեր.
Հարսերն ոսկի քողեր առնեն,
Եվ ցորյանի ձուլվին սարեր`
Զոր գա լուսնակն օրհնել վերեն`
Պիտի նվաղի երգն աղվական.
Երնե՛, էրան, երնե՛, էրան.
Հարդը քեզի, մեզի ցորյան:

25. ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Ափ մը ցորյան ափերուդ մեջ
Թող լեցընեմ, կըտրի՛ճ Որդիս.
Կըտրիճ Որդիս, գոտի՛ն մեջքիս
Թող մաճակալ բազուկներեդ
Քըսան ցուլի արյուն անցնի,
Եվ եղևնի քու հասակեդ
Քըսան տունի սյունը կանգնի.
Ու երբ թիվովը մատերուդ
Սերմանես քու սերմընցուն`
Հընձես թիվո՜վն աստղերուն:

Ափ մը ցորյան գըլուխդ ի վար
Թող որ թափեմ, Թոռնի՛կ սիրված,
Թոռնիկ սիրված, ցո՛ւպըս ծաղկած.
Թող ճակատիդ վըա գըրվի
Հարյուր սաղմոս իմաստության,
Եվ ուսերուդ վըրա դըրվի
Տապանակը ըզգաստության.
Ու երբ հոտիդ օր մայցելես`
Թող քու ափիդ գարիին
Հազա՜ր ոչխար երկարին:

Ափ մը ցորյան մազերուդ մեջ
Թող որ տեղամ, վա՛րդ Թոռնուհիս,
Վարդ Թոռնուհիս, պըսա՛կ շիրմիս.
Թող այտերուդ վըրա շողան
Ամեն գարուն նո՛ր կակաչներ,
Եվ աչքերուդ մեջը լողան
Ամեն ամառ նո՛ր ճաճանչներ.
Ու երբ տընկես ճյուղ մուռիի
Ամեն ապրիլ դուն տեսնես
Իր շուքին տակ կանա՜նչ քեզ:

Ափ մը ցորյան ծոցերուդ մեջ
Թող որ ցանեմ, Հա՛րսըս աղվոր,
Հարսըս աղվոր, սե՜րս հեռավոր.
Թող անկողնիդ ակոսին մեջ
Հասկ մը ծըլի` լըման շարքով,
Եվ օրորած օրոցքիդ մեջ
Արշալույսնե՜ր նընջեն փառքով,
Ու երբ կըթես քառսուն երինջ
Դույլերուդ մեջ մակըրդի
Կաթը` արծաթ, դալն` ոսկի:

Ափ մը ցորյան, ափ մը ցորյան
Ա՜յ իմ պառավ, ա՜յ իմ Աննա,
Մեր գըլխուն ալ թող որ տեղա.
Թող չըսառի՜ արևն աշնան
Մեր մազերուն ձյուներուն մեջ.
Չը մարի՜ մեր մոմն իրիկվան
Ժամուն մարմար սյուներուն մեջ`
Ու երբ դրվինք ա՛լ գերեզման`
Մեր ներքև հո՛ղը, Աննա՛,
Քիչ մը կակո՜ւղ թող ըլլա:

26. ՎԵՐԱԴԱՐՁ

Այս իրիկուն ձեզի կուգանք, ե՜րգ երգելով,
Լուսնակ ճամբով,
Ո՛վ գյուղակներ, գյուղակներ.
Ձեր բակերուն մեջ ամեն
Թող գամփըռներն արթըննան,
Եվ աղբյուրները որեն
Դույլերու մեջ քրքըջան.
Ձեր տոներուն համար դաշտեն` մաղերով
Վարդ ենք բերեր` խաղերով:

Այս իրիկուն ձեզի կուգանք, սե՜ր երգելով,
Սարի ճամբով,
Ո՛վ հյուղակներ, հյուղակներ.
Եղջյուրներուն դեմ եզին
Թող ա՛լ բացվին ձեր դուռներ,
Թոնիրը մխա, պըսակվին
Կապույտ ծուխով կըտուրներ.
Ահա ձեզի հարսերը` նո՜ր մանչերով`
Կաթ են բերեր` փարչերով:

Այս իրիկուն ձեզի կուգանք, հո՜ւյսն երգելով,
Արտի ճամբով,
Ո՛վ մարագներ, մարագներ.
Ձեր պատերուն մեջ խավար
Թող նոր արև նըշողե,
Երդիկներուն վրա դալար
Լուսնակն ալյուր թող մաղե.
Ահա ձեզի բերեր են խար` խուրձերով
Հարդը` անույշ ուրցերով:

Այս իրիկուն ձեզի կուգանք, հա՜ցն երգելով,
Կալի ճամբով,
Ո՛վ ամբարներ, ամբարներ.
Փեր մութ ծոցին մեջ հըսկա
Թող բերկրության շող ցաթի.
Սարդոստայնը ձեր վըրա
Թող ըլլա քող մարծաթի.
Զի բերեր են սայլե՜ր, սայլե՜ր շարքերով
Ցորե՜նն` հազար պարկերով:

27. ԱՄԲԱՐՆԵՐ

Տընակին մեջ մըթըշաղ, կըտուրին տակ հայրական.
Ամբարնե՜րն են, շար ի շար, նոր բերքերով ծոցվորած:
Իրենց լայնշի արգանդեն` թանձր բույրերը կու գան
Աշուններուն պըտղալից և արտերուն մանգաղված:

Հո՛ն է վիգը թըխահատ, հո՛ն է գարին իլաձև.
Հո՛ն, քամվելով ակոսեն ու հոսելով սարն ի վար
Ցորյանն հեղե՜ղ է կազմեր: Անոնք ոսկի և արև
Գըրկած կարծես թե ըլլան արշալույսներ ամպածրար:

Գերաններեն ծըխապատ, և մենավոր պատերեն
Սարդն անոնց վրա է փըռեր պատմուճանները մոխրոտ:
Մերթ անոնց վրա կը ցաթե շեշտակի լույս մը վերեն
Տատամսելե վերջ երկա՜ր շուրջն երդիկին արևոտ:

Անոնք իրենց ծոցին մեջ գանձերն հողին ծըրարած`
Կարծես լըռիկ կը հեգնեն ձըմեռն ու սովը վաղվան
Իրենց առջև, մըշտարթու, թավ պոչին մեջ ծըվարած,
Կը հըսկե տանը կատուն, Համբարուի մը նըման:

28. ՄԱՐԱԳՆԵՐ

Առվույտի՛ մարագ, լեցուն բույրերով
Խունկի, հաշիշի.
Երբ դուռըդ բանամ` ցուլերը բոլոր
Ճակատով լայնշի
Կը պոչոռեն, խո՛լ, կըտրելով իրենց
Վըզտեքը կաշի:

Ոլոռնի՛ մարագ, լեցուն լեռնաբույր
Հազար ծաղիկով.
Երբ մըսուրներուն խուրձերըդ տանիմ
Կողով առ կողով`
Կը խընկե ծոցիս, թեզանիքիս մեջ
Համեմդ` օրերով:

Հարդերո՛ւ մարագ, երդիքեն նայող
Արևով լեցուն.
Դու` որուն կակուղ դեզին վրա պառկած
Կը ցըկնի կատուն,
Դու` որ կարծաթես դունչը գառներուս
Օրհնյա՜լ ըլլաս դուն:

29. ԱՂՈՐԻՔ

Է՜յ աղորիք, դարձի՛ր, դարձիր,
Նըստած կանանչ խորը ձորին.
Աղաղակե՛ երգըդ խորին
Դեպի լուսնակն արծաթածիր:

Դուն դողդոջուն տընակ մըն ես
Ալյուրոտած պատերով` ուր
Կարծես կու լան հիազարհուր
Ջըրանույշներ հագած բեհեզ:

Միշտ կը հըսկե մեջըդ արթուն,
Աղորեպանը ճեփ-ճերմակ.
Եվ ըստ պետքի` մեղմ կամ արագ`
Կը լարե սի՛րտըդ բաբախուն:

Է՜յ աղորիք, բանտվա՛ծ մրրիկ
Ծառերուն մեջ. Աղա՛, աղա՛,
Փըրփուր խըմե՛, ալյուր տեղա՛.
Քարե կուրծքեդ տեղա՛ բարիք:

Կեցո՛ւր գետակն ընթացքին մեջ
Իր ծըփանուտ բաշեն բըռնած:
Ջըրվեժն ահեղ երգի փոխած
Պոռթկա վիհեն վար գահավեժ:

Սայլե՜ր, սայլե՜ր անծայրածիր
Ջաղացքներուն ճերմակ ճամբեն
Աղոնն իրենց քեզ կը բերեն
Է՜յ աղորիք, դարձի՛ր, դարձիր:

Ցորեններ թող ալյուր ըլլան
Պորտին մեջ ժիր երկաններուն`
Որոնք բռնված տենդով մանհուն
Կը մըռըլտան ու հիռ կու գան:

Ցորեններ թող ըլլան փոշի
Զիրար գըրկող քարերուն տակ.
Զիրար կըրծող ժայռերուն տակ
Ցորեններ թող ըլլան նաշիհ:

Մինչև լեցվին շարան շարան
Պարկերն, ու վե՛ր կանգնին նորեն.
Եվ սայլերն ալ ճըռվողելեն
Ոսկի թողած լույսով դառնան:


ՀԱՑԻՆ ԵՐԳԸ_ՑԱՆԿ
Դանիել Վարուժան


1. Մուսային
2. Արտերուն Հրավերը
3. Մշակները
4. Հարկիք
5. Հերկեր
6. Ցան
7. Տափան
8. Առաջին Ծիլեր
9. Գարնան Անձրեվ
10. Ցորյանի Ծովեր
11. Կակաչներ
12. Անդապահը
13. Հունձք
14. Հասուն Արտ
15. Հունձք Կը Ժողվեմ
16. Սայլերը
17. Ճարակում
18. Խաչբուռ
19. Կալեր
20. Կալերու Գիշեր
21. Կամներգ
22. Միջօրե
23. Գուռը
24. Երնում
25. Օրհնություն
26. Վերադարձ
27. Ամբարներ
28. Մարագներ
29. Աղորիք

Edited by vartahoor, 14 June 2007 - 02:38 AM.





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users