Jump to content


Photo

Hogh Hayreni


  • Please log in to reply
No replies to this topic

#1 Nané

Nané

    Նանե

  • Members
  • PipPipPipPipPip
  • 2,636 posts
  • Gender:Female
  • Location:Glendale

Posted 21 January 2010 - 06:02 PM

ՀՈՂ ՀԱՅՐԵՆԻ

Ուղեկիցս ծերունի էր մի բարեդեմ.
Կողքին երկու թոռներն էին թուխ ու սիրուն.
Երբ իմացավ հայ եմ՝ դեմքի բարին արդեն
Դարձավ մի տաք երջանկություն:
Այնուհետեւ Մոսկվայից մինչ Երևան
Նա խոսում էր, ապա լսում, լսում սիրով՝
Շաբաթներով ջրի կարոտ մարդու նման
Հայերենը ըմբոշխնելով:

Ոսկերիչ էր: Ադանացի:
Ալիքները նրան Փարիզ էին նետել:
Ապրում է լա՛վ: Ոսկերիչի ոսկի՜ ձեռքեր,
Ուր էլ լինեն՝ չեն ժանգոտի:
Բայց ի՞նչ օգուտ, - ծերը նայում է թոռներին,
Ու ձայնի մեջ կարծես թե ծուխ է խտանում,
Խորթանո՜ւմ են զաւակները, ձեռքից գնում,
Թառամում է հայրենի բառը շուրթերին---
Ինքը ծեր է , ոտքի մեկը՝ գերեզմանում,
Դե՛հ, այսօր կա, վաղը չկա...
Իրենից ետ, ո՜վ իմանա,
Պիտի հիշե՞ն հայրենիքը ու հարենին...
Դրա համար հավաքել է ուժերը ողջ
Ու թոռներին Հայաստան է բերել այցի.
Տեսնեն թող գեթ, ու ճանաչեն, ու թող զգա՜ն,
Ու հող ունեն ու ժողովուրդ, լեզու ու տոհմ,
Եւ հոգու մեջ, գեթ մի կանթե՜ղ պահեն դարձի...

Ինքնաթիռը խրվեց գիրկը Հայաստանի,
Խառնվեցին ամպ ու Սևան.
Հետո՜, հետո՜
Մեր նրբազգաց երկինքն ահա
Ամպի ճերմակ վարագույրը քաշեց մի կողմ,
Որ Երևանը երևա՛...
Ծերուկն էլ չէր խոսում ինձ հետ: Շփոթահար՝
Մեկ թոռներին մոտն էր տանում ու մեկ՝ թողնում,
Մեկ խոսակցում էր նրանց հետ, մեկ՝ մոռանում,
Եւ ինքնասույզ՝ պատուհանին գամվում նորից:
Իսկ թոռները, պատանեկան մի աշխույժով
Այս ու այն կողմ էին վազում զվարթաձայն,
Մեկ աջ, մեկ ձախ պատուհանին կպչում ուժով,
Ֆրանսերեն կանչում իրար ու ցույց տալիս,---
«Օ‘՜, Աղաղատ...
Օ՜, Եղևան...».
Ֆրանսերե՜ն.
Դո՛ւ Հյուգոյի հրեղեն խոսք,
Ու Վեռլենյան մարմանդ անձրև,
Հնար լիներ, կնստեի՝ առավոտից մինչ երեկո,
Կլսեի՜, դյութվածի պես, քաղցրահնչյուն բառերը քո,
Որպես շղարշ երաժշտություն, որպես Ռավե՜լ...
Ֆրանսերե՜ն.
Ուրեմն ինչո՞ւ պատանեկան այս շուրթերից
Քո բառերը այսպես խորունկ խոցում են ինձ,
Եւ այլափոխ արտաբերումը Աղաղատ
Թվում է ինձ գերյալ սարից մի աղաղակ,
Մի խոր, մի նոր տագնապի կա՜նչ՝ գերյալ սարից,
Ախ, այս անգամ առևանգված քեզնով արդեն...

Վարում արդեն Երևանն էր՝
Շառագունած արեգակից եւ իր քարից,
Երազի մեջ երևացող քաղաքի պես
Անիրական և իրական...
Եւ իջնում էր ինքնաթիռը, իջնում էր ցած՝
Կարոտած ու տագնապալից,
Զույգ վիթխարի թևը բացած՝
Պատրաստվելով իջնել, դիպչել, փարվե՜լ հողին...
Իսկ ծերունի՜ն,
Նա թոռներին ամուր գրկած,
Դեռ պլլված պատուհանին՝
Վա՜ր էր նայում լացակալած իր հայացքով,
Հայացք չէր դա, այլ պաղատանք, կանչ ու մրմո՜ւնջ,
Բոբիկ եկած ուխտավորի հույս ու աղոթք,
Այլև պահա՛նջ,
Այլև բողո՛ք,
Հո՛ղ հայրենի,
Դու՝ Արշակի կերկեր լեզուն զորացնող շո՜ւնչ,
Փռվի՛ր, փռվի՜ր ոտքերի տակ այս հեգ մանկանց,
Ու թող հանկարծ,
Ավանդական նույն հրաշքո՜վ մեր հայրերի,
Քեզ դիպչելով՝ խոսե՛ն նրանց շուրթերը մունջ
Հայերենով մի արքենի,
Հո՛ղ հայրենի...

Ս. Կապուտիկյան




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users