Անցյալ դարի կեսերին նավթահորատման սխեման ԽՍՀՄ-ում և ընդհանրապես՝ աշխարհում, շատ պարզ էր՝ որքան շատ հորատանցքեր, այնքան շատ նավթ, որքան շատ նավթ, այնքան հզոր տնտեսություն․ պարզ սխեմա։
Սակայն բաքվում այդ տարիներին մեծ աղմուկ բարձրացրեց հայ ինժեների՝ նոր տեխնոլոգիայի մասին զեկույցը․ «Որքան էլ նավթը դուրս բերեք երկրի ընդերքից, միևնույն է, այնտեղ մնում է տասնապատիկ ավել, քան դուք կարողանում եք հանել»։
Հայ ինժեներն իր այդ հետազոտության տրամաբանությունը բացատրում էր նրանով, որ երկրի ընդերքում ածխաջրածնի հսկայական պաշարներ կան, որոնք կուտակված են մանր հանքապարների շերտերի արանքում։ Նա վստահ էր, որ նավթն իր ճանապարհին չի կարողանում հաղթահարել այդ արգելքները, ինչի համար էր նավթահորատման նոր տեխնոլոգիա է պետք։ Տաղանդավոր ինժեները ԽՍՀՄ նավթային գլխավոր կոմիտեին ներկայացրած իր զեկույցում բացատրում էր, որ միափող հորերի տակ, ձևավորվում են «անձեռնմխելի նավթի լճացած գոտիներ», և նույնիսկ այն հորերը, որոնք գտնվում են խիստ հագեցած նավթաբեր գոտում, արտահանում են սահմանափակ քանակությամբ նավթ։ Նավթահորատման բազմափողանի տեխնոլոգիան աշխարհում նորություն չէր, սակայն շատ խորը հորերում տեխնիկան պարզապես չէր դիմանում, և այդ տեխնոլոգիան այդպես էլ արդյունք չէր տալիս․․․ողջ աշխարհում նավթը հորատվում և դուրս էր մղվում ուղղահայաց փորված միափող հորատանցքից․․․
Բայց, մինչ այդ ամենը, 1914թ-ի փետրվարի 8-ին բաքվում ծնվեց Միքայել Գրիգորյանի որդին․․․
Դպրոցն ավարտելուց հետո երիտասարդը աշխատանքի անցավ բաքվի նավթարդյունաբերական գործարաններից մեկում, իսկ 1939թ-ին զուգահեռ ավարտեց նաև բաքվի արդյունաբերական ինստիտուտը՝ ստանալով նավթաարդյունաբերության ինժեների որակավորում։ Ինստիտուտից հետո տղան ընդունվեց Տուրբինային հորատման փորձարարական գրասենյակ, որտեղ աշխատեց մինչև 1944թ-ը, որից հետո տեղափոխվեց Նավթարդյունաբերության նախարարության Տուրբինային հորատման բաժին։ Այդ ժամանակ ԽՍՀՄ-ում մեծ ուշադրություն էր դարձվում նավթի արդյունահանման ակտիվացման հարցերին. որովհետև նավթն արդեն ռազմավարական ապրանք էր համարվում, և, բացի դա, այն արտահանվող շատ քիչ ապրանքներից մեկն էր ԽՍՀՄ-ում։
1941թ-ին ինժեներ Գրիգորյանն առաջարկեց հորիզոնական և ճյուղավորված հորատման նոր տեխնոլոգիա՝ նոր մեխանիզմ, որը թույլ էր տալիս հորատման ժամանակ մեխանիզմի թեքության անկյունը թողնել անփոփոխ։ Դա նշանակում էր, որ ԽՍՀՄ -ը կարող էր դառնալ աշխարհում առաջինը, որտեղ նավթահորատումն իրականացվելու էր հորիզոնական և ճյուղավորված հորատանցքերից միաժամանակ։
Այսպես, 1944թ-ին Կասպից ծովում նոր տեխնոլոգիայով հորատվեց № 1385 հորատանցքը՝ հեղինակային վկայական թիվ 68685, 02.06.1944թ. ։ 1953թ-ին Գրիգորյանի հայտնագործած և ստեղծած տեխնոլոգիայով Բաշկիրիայում հորատվեց №66/45 հորատանցքը, որի խորությունը հասավ 600 մետրի։ Գրիգորյանի տեխնոլոգիայի շնորհիվ հիմնական հորատանցքից առավելագույն շեղումը կազմեց 136 մետր՝ հորիզոնական շեղությամբ և հորատանցքի արդյունավետությունը՝ նավթի դուրս մղման արագությունը, ավելացավ տասնյոթ անգամ՝ ինը ճյուղերի շնորհիվ։
Այս աննախադեպ հաջողությունը խթան հանդիսացավ ԽՍՀՄ նավթային տեխնոլոգիայի հետագա զարգացմանը, իսկ Միքայել Գրիգորյանի որդին՝ Ալեքսանդր Գրիգորյանը հռչակվեց որպես հորիզոնական և ճյուղավորված նավթահորերի հորատման տեխնոլոգիայի հայր աշխարհում։ 1953թ-ից մինչև 1980-ականները ԽՍՀՄ-ում հորատվեցին ավելի քան 110 հորիզոնական և ճյուղավորված նավթահորեր, դրանցից 30-ը՝ Ալեքսանդր Գրիգորյանի անմիջական ղեկավարությամբ և մասնակցությամբ։
ԽՍՀՄ նավթարդյունաբերության հսկա «Հորատման տեխնիկա ԳՀԻ» -ում ղեկավարության տարիներին Ալեքսանդր Գրիգորյանի ղեկավարությամբ հորատվեցին նոր նավթահորեր նախկին Կույբիշևի շրջանում, Արևմտյան Ուկրաինայում, Արևելյան Սիբիրում՝ օգատգործելով հորիզոնական և ճյուղավորված նավթահորատման տեխնոլոգիան։
Օգտագործելով ԽՍՀՄ ինժեների ստեղծած տեխնոլոգիայի մեխանիզմը՝ աշխարհում նոր թափ առավ նավթահորատման ճյուղավորված և հորիզոնական տեխնոլոգիան։ ԽՍՀՄ-ից հետո այդ ոլորտում առաջատար էր ֆրանսիական «Էլֆ-Ակիտեն» նավթային կազմակերպությունը, որի տեխնոլոգիաներին էր ձգտում նաև ԱՄՆ-ը։
Ալեքսանդր Գրիգորյանը նոր մոտեցումներ մշակեց նավթային հանքավայրերի զարգացման և հսկա հորերի հորատման տեխնոլոգիայի վերաբերյալ, և դրանից օգտվեց ողջ մոլորակը․․․
Ինչպես սպասելի էր, 1980թ-ին ԽՍՀՄ-ը Գրիգորյանին վռնդեց աշխատանքից և նավաթահորատման ոլորտում աշխատելու ցմահ արգելք դրեց նրա վրա։ Աշխարհում ճյուղավորված նավթահորատման միակ մասնագետը՝ Ալեքսանդր Գրիգորյանը, նույն թվականին գաղթեց ԱՄՆ, որտեղ հիմնեց իր «Grigoryan Branched-Horizontal Wells» ընկերությունը։ Նրա ջանքերի շնորհիվ հենց՝ ԱՄՆ-ում թափ առավ հորիզոնական և ճյուղավոր նավթահորերի հորատման տեխնոլոգիան, որտեղից էլ տարածվեց աղջ աշխարհում։ Մինչև 1990թ-ը Գրիգորյանի կազմակերպությունը ԱՄՆ-ում հորատեց ավելի քան 2000 ճյուղավոր և հորիզոնական նավթահորեր, իսկ մինչև 2000թ-ի սկիզբը դրանց թիվը հատեց քսան հազարը․․․Գրիգորյանի տեխնոլոգիայի շնորհիվ ԱՄՆ -ում օրեկան 16 հազար տոննա նավթ էին դուրս հանում․․․
Այսօր համաշխարհային նավթարդյունաբերության հսկաները օգտագործում են Ալեքսանդր Գրիգորյանի հայտնագործած և դեռևս չգերազանցված տեխնոլոգիան։
Գրիգորյանը մահացավ 2005թ-ի դեկտեմբերի 16-ին Լոս Անջելեսում։
Նկարում՝ հորիզոնական ճյուղավորված (բազմակողմ) հորերի հորատման տեխնոլոգիայի ստեղծող, հորիզոնական և ճյուղավորված նավթահորերի հորատման տեխնոլոգիայի հայր՝ Ալեքսանդր Միքայելի Գրիգորյանը և նրա հայտնագործության հեղինակային վկայականը 1944թ-ին։
Эдуард Манвелян