Եվ աղմկում են, որպես խենթ հեղեղ,
Աղմկում որպես գետակն այն պայծառ,
Որ իմ մանկության ընկերն է եղել։
Ու կարծես իմ դեմ նորից երամով
Աղավնիներն են պոկվում քարափից,
Կրակ է թափում երկինքը այն մով,
Ու հևում է օդն ամառվա տապից։
Քարոտ մի կածան ձորի լանջերից
Կախվում էր մինչև գետակը կապույտ,
Վազում էինք մենք, ու մեր կանչերից
Զրնգում էին անձավները մութ։
Ահա և գետը... Մի քանի վայրկյան՝
Ու ճողփում էր նա մեր թևերի տակ,
Մեզ հետ լողում էր արևը ամռան
Ալիքների մեջ զով ու կապուտակ։
Հետո հագեցած ջրի զով շնչից,
Մենք պառկում էինք ափի ավազին,
Վերում երկինքն էր կապուտակ ու ջինջ՝
Նման մեր պայծառ, պայծառ երազին...
Երկինքը... Նա մեզ թևեր պարգևում
Ու կարծես կանչում, տանում էր վերև,
Եվ թվում էր, թե արար աշխարհում
Միայն կապույտ կա ու միայն արև։
Ու թվում էր, թե աշխարհը արար
Հյուսված է միայն երգից ու խաղից,
Հյուսված արևի շողերից վարար
Ու բաց երկնքի կապույտ ծիծաղից։
ՈՍԿԵԳԵՏԱԿԸ
Ակունքը հեռու,
Ակունքը կապույտ,
Ակունքը կանաչ
Լեռների տակ էր,
Ջուրը՝ արտասուք,
Հատակը ոսկի,
Եվ անունն, այո,
Ոսկեգետակ էր։
Թեքվել եմ ահա
Վազող ջրերին,
Որ աստղով, լույսով,
Շողքով են լիքը,
Ուզում եմ բռնել,
Բայց ձեռքերիս մեջ
Թռչուն է դառնում
Վճիտ ալիքը...
Թռչուն է դառնում,
Զարկում ափերիս
Իր թրթռացող
Թևերի դողը,
Թևին է տալիս,
Թռչում է հեռու,
Տանում է անդարձ
Իր լույսն ու շողը։
Ակունքը հեռու,
Ակունքը կապույտ,
Ակունքը կանաչ
Լեռների տակ էր,
Ոսկի էր տանում,
Հեռու էր տանում,
Անդա՜րձ էր տանում
Ոսկեգետակը...
ԱՅԳԵՊԱՆԻ ԱՂՋԻԿԸ
Դուրս է եկել, ոտաբոբիկ կանգնել հողին
ՈՒ նայում է, նայում հեռուն,
Հողից խայտանք է բարձրանում, փոխվում դողի
ՈՒ կրծքի տակ քաղցր եռում:
Սև են ծամերն, իսկ երեսից լույս է ծորում,
Բարալիկ է` նման վազի,
Այս գարնան հետ աչքերի մեջ նրա խորունկ
Ցոլքն է ուրիշ մի երազի:
Այս գարնան հետ, ախր, շատ է գեղեցկացել,
Դարձել թախիծ ու կարոտանք,
Չթե շապիկն այս գարնան հետ նե'ղ է դարձել,
Սեղմել կրծքի ալիքը տաք:
Ինչ-որ դողից թրթռում է թևը հոնքի,
ՈՒ նա աչքերն է լուռ փակում,
Բոբիկ է նա, հողը հրաշքն իր զարթոնքի
Նրա մեջ է շարունակում...
***
Ես հաշտ էի ապրում իմ բախտի հետ
Ու տարբերում հստակ չարն ու բարին,
Բայց դու ինչո՞ւ եկար, իմ սեթևեթ,
Ու կանգնեցիր սիրուս ճանապարհին:
Ինչո՞ւ եկար, որ ես ոչինչ, ոչինչ
Չհասկանամ նորից պատանու պես,
Ոչ հայացքները քո խրթին ու ջինջ,
Ոչ հմայքները քո և չար և հեզ:
Ինչո՞ւ եկար, որ ես երազանքիս
Շքեղ գաղտնարանը նորից բանամ,
Ծիածաններ, գույներ հանեմ անգին,
Քեզ զարդարեմ ու լուռ սքանչանամ:
Որ քեզ հանեմ լուսե մի բարձունքի
Ու կերպարանքը քո լույսով ցողեմ,
Մաքրության մեջ վճիտ իմ արցունքի
Ամբողջ քո հասակը արտացոլեմ:
Եվ որ հետո, հետո բերեմ քեզ վար
Իբրև իմ իսկ ձեռքով կերտված բագին...
Ես հաշտ էի ապրում, ինչո՞ւ եկար
Ինձ մատնելու այս հին տառապանքին:
ՁՄՌԱՆ ԳԻՇԵՐ
Ձյո՜ւն է գալիս դրսում... Եվ որքան լավ է այս
Գիշերի մեջ նստել ու անրջել,
Խորհել, որ կյանքը կա, որ աշխարհում դու կաս,
Որ գարուն կա պահված հողի մեջ ջերմ...
Որ դու իջնող ձյունի քնքշությունը հագած
Այս գիշերով խաղաղ կարող ես տունն իմ գալ,
Ներշնչանքի նման սպասված և սակայն
Ներշնչանքի նման անակնկալ:
Որ դու կարող ես գալ այս գիշերով խաղաղ՝
Թարթիչներիդ վրա ձյունն սպիտակ,
Քո մատներով քնքուշ՝ մազերիս հետ խաղալ
Ու մեղմորեն շոյել ճակատս տաք:
Որ կարող է քո սև թարթիչներին իջած
Ձյունափոշին հալվել իմ տաք շնչից,
Ու կարող ես դու ինձ գիշերի մեջ ժպտալ
Սիրո մաքուր-մաքուր արտասուքի միջից:
Ձյո՜ւն է գալիս դրսում... Եվ որքան լավ է այս
Գիշերի մեջ նստել ու անրջել,
Խորհել, որ կյանքը կա, որ աշխարհում դու կաս,
Որ գարուն կա պահված հողի մեջ ջերմ:
***
Ժամն է արդեն, սիրելիս, եկ բաժանվենք մենք անձայն,
Ամեն մեկս մեր բախտին ու կորստին մեր հլու...
Ամառային խելահեղ այն ամպրոպները անցան,
Սիրտս խաղաղ է հիմա և ուժ ունի ներելու:
Աշնան հավքերը չվել, կարկաչել են երկնքով,
Եվ հոգնաբեկ ծառերից քամին տերև է տանում,
Համբուրելով է տանում ու տանում է քնքշանքով
Ու տանում է նա այնպես, ասես շնորհ է անում:
Այս կարոտի ցավի հետ ես մտերիմ եմ վաղուց,
Ծանոթ ու լավ եմ ծանոթ, աշնան քամու արածին...
Ինչ տխո՛ւր է, երբ բարակ, անգույն անձրև է մաղում,
Երբ խանդի շանթը չկա, ու ներում են սիրածին...
*****
Դու խուժեցիր իմ բախտի մեջ
Իբրև մի տոթ հարավ,
Տվիր լույսի շնորհը մեծ,
Բայց և մի խոր ծարավ:
Մերթ կանչելով՝ խուսափեցիր,
Խուսափելով՝ եկար,
Մերթ հով եղար, սոսափեցիր,
Ու մերթ՝ մրրիկ մի չար:
Մերթ ապառաժ դարձար ու վեմ
Ու մերթ՝ փխրուն մի սիրտ:
Մերթ մթնեցիր, որ մոլորվեմ,
Մերթ տո´նն արիր լույսիդ:
Իմ կարոտի ու ապասման
Գիշերներին ի վարձ
Դու ինձ թողիր անպատասխան
Ու անմեկին մի հարց:
Անզոր եղա ես քո անափ
Լույսն ու մութը դատել,
Անզոր եղա քեզ հասկանալ,
Անզոր եղա ատել...
*****
Ես չգիտեմ, ի՞նչ ես շահում
Քո քմահաճ խաղից,
Բայց ես՝ մի ողջ պատանություն
Ու մի մաքուր թախիծ:
Գուցե հրճվում ես դու թաքուն,
Որ հանգիստս տարար,
Իսկ ես աչքերս եմ լուռ փակում
Ու իմն է լույսն արար:
Գուցե շոյում է քեզ սրտիս
Շփոթմունքը վրդով,
Իսկ ես հարուստ եմ սիրելիս,
Իմ շփոթված սրտով:
Գուցե դու չար սատանությամբ
ծիցաղում ես, խաբում,
Իսկ ես գտած պատանության
Երկինքներն եմ չափում:
Բայց սիրելիս, ինչ էլ լինի,
Եթե խաբես անգամ,
Շնորհակալ եմ քեզանից
Հարյուր, հազար անգամ:
****
Edited by Ani, 04 October 2008 - 12:19 AM.