Jump to content


Photo

The Worrning Shot : For ??


  • Please log in to reply
4 replies to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 21 March 2013 - 12:18 PM

Նախազգուշական կրակոց. ո՞ւմ կողմից և ինչի՞ց առաջ 00:01, 21 մարտի, 2013 Ռազմիկ Մարկոսյան Ազգային ինքնորոշման իրավունք կարող է ունենալ միայն ազգային կողմնորոշում ունեցող ժողովուրդը: Մենք ինչո՞ւ այլ երկրների հետ մեր քաղաքական հարաբերություններում չենք կարողանում արժանապատիվ պարտնյոր լինել: Գուցե այն պատճառով, որ դարեր շարունակ զրկված ենք եղել պետականությունից: Իսկ ինչո՞ւ ենք զրկված եղել պետականությունից: Երևի այն պատճառով, որ փոքր երկիր ենք: Ինչո՞ւ ենք փոքր երկիր: Գուցե այն պատճառով, որ ի սկզբանե չենք կարողացել արժանապատիվ պարտնյոր լինել: Վերջ, շրջանը փակվեց: Բավական է թերագնահատենք մեզ: Իմ կարծիքով՝ մեզ պարզապես պակասել է խիստ որոշակի նպատակակետը, դրա մասին մեր հավաքական պատկերացումը՝ մեր ազգային կողմնորոշումը: Իսկ մի՞թե մի ազգի համար դա չէ ամենից կարևորը: Այս ու նման մտքերի տեղապտույտում հայտնվեցի՝ կարդալով Հայաստանի նախագահական ընտրություններից առաջ ռուսական «Զավտրա» թերթում ոմն Օլեգ Կուզնեցովի հեղինակած «1977 թվականի մոսկովյան պայթյունների արձագանքը» հոդվածը: Այն իր միտումնավորության ու կողմնակալության մեջ այնքան մերկապարանոց է, որ սպանիչ պատասխան է պարունակում հենց իր մեջ: Այնուամենայնիվ, չեմ թաքցնում, հոդվածն ինձ ցավ պատճառեց ու ստիպեց խոսել: Խոսել ոչ թե հեղինակի, այլ ինքս ինձ հետ, ձեզ հետ: Կուզնեցովի ծավալուն հոդվածը մի կողմից մարդկային կյանքի պահպանման, հանդուրժողականության մասին է, մյուս կողմից՝ տեռորիզմի՝ անմեղ մարդկանց կյանքի գնով ազգային, քաղաքական, կրոնական այս կամ այն խմբավորման ձայնը լսելի դարձնելու այդ հանցագործ գործելաոճի մասին: Բայց հոդվածն այս մասին է միայն առաջին հայացքից: ԽՍՀՄ գլխավոր օրենքը՝ սահմանադրությունը, նախատեսում էր Խորհրդային Միության կազմի մեջ հանրապետությունների ինքնակամ մուտքը, ինչպես նաև նրանց դուրս գալը ԽՍՀՄ կազմից՝ ազգային ինքնորոշման՝ հանրաքվեի միջոցով: Բայց ԽՍՀՄ կազմից դուրս գալ ցանկացողների համար «դռնբաց օրեր» չկային, և խորհրդային տասնհինգ հանրապետությունները այդ մեծ ընտանիքում ապրում էին «կամավոր պարտադիրի» օրենքով: Այս չգրված օրենքը ամուր ու գործուն էր խորհրդային օրենսդրական դաշտում ամրագրված ցանկացած օրենքից: Անցյալ դարի 60-ականներին Հայաստանում ստեղծված Ազգային միացյալ կուսակցությունը՝ ԱՄԿ-ն, փորձեց կյանքի կոչել խորհրդային սահմանադրության վերոնշյալ կետը, պաշտպանել Հայաստանի ինքնորոշման օրինական իրավունքը: Բայց ԽՍՀՄ օրենքները միշտ չէ, որ մտնում էին ՍՄԿԿ հաշիվների մեջ, և մեր՝ անկախականներիս գործունեությունը որակվեց որպես անօրինական: Սկսվեցին հետապնդումներն ու ձերբակալությունները: Այս առիթով աշխարհի առողջ ուժերն իրենց ձայնն էին բարձրացնում՝ ի պաշտպանություն քաղաքական այլախոհների իրավունքների: ԽՍՀՄ-ն այդ ուժերին պատասխան պիտի տար: Իսկ ԽՍՀՄ-ի համար դա նշանակում էր՝ խուսափել պատասխանատվությունից: Եվ անմեղ, բայց ինչ-ինչ պատճառով հետապնդվող մարդու գրպանը թմրանյութ գցողի մանրախնդիր գործելաոճ որդեգրած գերտերությունն անկախականներից իրեն հարմար կերպարներ էր կերտում՝ նրանց մեղադրելով այս կամ այն հնարածին քրեական մեղքի, զանցառության և անգամ տեռորի մեջ: Այդպես եղավ 1980-ին, երբ ես արդեն վեց տարի էր, ինչ սիբիրյան բանտերում պատիժ էի կրում ազգային անկախության գաղափարին դավանելուս համար: Ազատմանս մի քանի օր էր մնացել, երբ ինձ փախուստի փորձ անելու կեղծ մեղադրանք ներկայացվեց, ու կալանքս ավելացվեց երեք տարով: Ես՝ պատմական անարդարության հետ կռիվ տվողս ու արդեն վեց տարվա կալանավորս, ցնցվեցի՝ անարդարության պատճառած ցավն առաջին անգամ զգացողի պես: Այդ դեպքից հետո ամեն անգամ, երբ առնչվում եմ մի մեծ անարդարության, վերապրում եմ խորհրդային պետանվտանգության՝ 1980-ի ցինիզմն իմ հանդեպ: Իբրև թե օրինազանցներին ուղղելու համար ստեղծված ճամբարում ես առաջին անգամ այդաստիճան շոշափելի զգացի իմ պայքարի արդարացիությունը, ու քաղաքական հավատամքս դարձավ առավել անբեկանելի: Մեզ՝ ԱՄԿ-ականներիս համար, օրինակ էր ազնվական հայրենասեր, աստվածաշնորհ նվիրյալ Ստեփան Զատիկյանը: Հակախորհդային գործունեության մեջ մեղադրվելուց, դատապարտվելուց ու կալանքը կրելուց հետո էլ այդ երևելի անկախականը շարունակում էր դավանել իր սկզբունքներին: Խորհրդային պետական ապարատն անհանգիստ էր: Զատիկյանին կանգնեցնել էր պետք: Նրա գործի առաջ արգելափակոց իջեցնելու մտադրությանը զուգադիպեց 1977-ի Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած տեռորիստական ակտը, որին զոհ գնաց 7 և տուժեց 37 անմեղ մարդ: Ձերբակալվեցին Հակոբ Ստեփանյանն ու Զավեն Բաղդասարյանը (ըստ նշյալ հոդվածի հեղինակ Կուզնեցովի՝ դիլետանտ հայ տեռորիստները), որոնք իբրև թե քննության ընթացքում խոստովանեցին, որ իրենց պատվիրատուն Ստեփան Զատիկյանն է: Զատիկյանին Երևանից բերման ենթարկեցին, և արագացված, դռնփակ դատաքննությունից հետո երեքն էլ գնդակահարվեցին: Այս դեպքի կապակցությամբ, ի թիվս շատերի, իր ձայնը բարձրացրեց Անդրեյ Սախարովը՝ հրապարակելով իր «Կոչ համաշխարհային հանրությանը» բաց նամակը, որում ակադեմիկոսը Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած պայթյունի համար մեղադրում էր ՊԱԿ-ին, որն իր իսկ ժողովրդին վտանգի է ենթարկել՝ նպատակ ունենալով հաշվեհարդար տեսնել այլախոհների հետ: Խորհրդային Միությանն անգնահատելի ծառայություն մատուցած ակադեմիկոս Սախարովի այս գրությունը Կուզնեցովը որակում է որպես պարանոյիկ-հիսթերիկ, Զատիկյանին՝ որպես համաշխարհային մարդատյացության, իսլամական էքստրեմիզմի և կրոնական տեռորիզմի նախահայր, իսկ նրա տեռորիստական գործունեությունը՝ որպես ԽՍՀՄ և ԱՄՆ աշխարհաքաղաքական երկու համակարգերի գաղափարական հակադրությունը այդ գերությունների հակամարտության վերածելու շարժառիթ, ինչպես նաև ԽՍՀՄ պետական-կուսակցական գաղափարախոսության փլուզման ու «ազգային ծայրամասերին» կասեցնելու գործում ԽՍՀՄ անկարողության ազդարար: Զատիկյանի գաղափարական հավատամքը հոդվածում համարվում է «հայկական ավտոխթոն (տեղածին) ազգայնականությունը՝ շովինիզմը», այնինչ Զատիկյանը ոչ թե ազգայնական, այլ անկախական գաղափարների մարտիկ էր, իսկ ԽՍՀՄ-ում այդ գաղափարը կրողները միայն «ազգային ծայրամասերում» չէր, որ բնակվում ու գործում էին: Անկախության գաղափարի մարտիկների մեջ նաև շատ ռուսներ կային: Կուզնեցովի ծավալուն հոդվածը, որ մեղադրանքների շարք է, հաջորդիվ անդրադառնում է խորհրդահայ չինովնիկներին, որոնք իբրև թե հնարավորինս սատարում էին հայազգի հակախորհրդային տարրերին՝ իրենց վարքագծով մղելով նրանց մարդկության դեմ հանցագործության: Որպես այդ ամենին քաջատեղյակ մարդ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հայաստանյան ՊԱԿ-ի գործիչներն ու գործակալները պապից ավելի կաթոլիկ էին ու իրենց գործելաոճի մեջ՝ անփառունակ գերազանցիկներ: Հայաստանում մի տարվա մեջ տեղի է ունեցել անկախականների տասնչորս դատավարություն: Սա հայ չեկիստների՝ «կենտրոնի» հանդեպ աննախադեպ նվիրվածության ապացույցն է: Դրա ապացույցն է նաև այն, որ Հայաստանի ազգաբնակչությունից խնամքով թաքցվում էին Զատիկյանի և մյուս բոլոր անկախականների գոյությունն ու գործունեությունը: Վստահ եմ, որ հիմա էլ շատերը չեն ճանաչում Ստեփան Զատիկյանին, իսկ Հակոբ Ստեփանյանն ու Զավեն Բաղդասարյանն առհասարակ անհայտ են մեր հանրությանը, այնինչ այս չարաբաստիկ հոդվածում հայ ժողովուրդը մեղադրվում է իր տեռորիստներին փառաբանելու, հերոսացնելու համար: Եվ սա այն դեպքում, երբ բոլորովին թարմ է Սաֆարովի զազրելի պատմությունը, երբ մի ամբողջ ժողովուրդ նույնացավ քնած հայ սպային անկողնում կացնահարող իր ոճրագործի հետ՝ աշխարհի աչքի առաջ փառաբանելով ու հերոսացնելով նրան: Այնինչ նման հանցագործությունը չի ներվում անգամ հանցագործ աշխարհում: Այդ աշխարհի օրենքով քնած մարդուն սպանելը համարվում է «запaдло», և դրան անմիջապես հետևում է հանցագործ աշխարհի ինքնադատաստանը: Բայց հայ ժողովրդի բախտը բերել է, և Կուզնեցովը ինչ-որ տեղ հասկանում է հայերին ու այնքան էլ չի մեղադրում: Չէ՞ որ հայերը չունեն իսկական հերոսներ, և ստիպված են հերոսացնել իրենց տեռորիստներին: Այս մարդն իր ստորության մեջ անգամ դիլետանտ է, քանի որ սուտը, որքան էլ միտումնավոր, բայց պետք է գոնե ճշմարտանման լինի: Հոդվածում մեղադրվում է նաև ռուս ժողովուրդը, որ հապաղում է տալու հայ տեռորիստների իրական գնահատականը: Ըստ նրա՝ տեռորիզմի հանդեպ ռուս ժողովրդի նմանօրինակ վտանգավոր հանդուրժողականությունը սերում է ռուսական ցարի ընտանիքին մորթած բոլշևիզմից: Հոդվածագիրը մոռանում է, որ ԽՍՀՄ բռնապետական, երեսպաշտական ներքին քաղաքականությունը նույնպես բոլշևիզմի ավանդներից էր, այն բոլշևիզմի, որի մասին անթաքույց ատելությամբ խոսում է ինքը, և որը ժամանակին իրատեսորեն գնահատում ու խորապես մերժում էին Զատիկյանն ու մյուս անկախականները: Եզը ընկել է, դանակավորները շատացել են: Նրանցից մեկն էլ այս Կուզնեցովն է, որ հերոսական կեցվածքով քննադատում է բոլշևիզմն ու խորհրդային կարգերը: Իսկ ի՞նչ կաներ այն տարիներին, երբ խորհրդային բռնապետության դեմ ամեն մի արդար խոսք ու գիր համարվում էր հանցագործություն, իսկ հեղինակը նետվում էր բանտ ու պահվում այլախոհների համար նախատեսված հատուկ պայմաններում: Այդ պայմաններն այնքան էին «հատուկ», որ երբ ինձ փախուստի փորձի կեղծ մեղադրանքով կրկնակի դատապարտեցին, ես գնդակահարվելը գերադասեցի մահվան ճամբարում ապրելուց: Այդ տարիներին շատ եմ տեսել քաղաքական պատեհապաշտության հոյակապ ձիրք ունեցող այսպիսի Կուզնեցովների: Նրանք վաճառքի էին հանվում ամենուր: Բայց արդեն երեսունչորս տարի է անցել: Ստեփան Զատիկյանն ու «դիլետանտ տեռորիստները» գնդակահարված են: Ինչո՞ւ չի մխիթարվում Կուզնեցովի անհանգիստ հոգին: Պարզվում է՝ նա առաջարկ ունի, որը հոդվածում բերվում է մեծբրիտանական մեծահոգության օրինակով, երբ Օլիվեր Կրոմվելը հանվեց գերեզմանից, այրվեց ու մոխիրը տրվեց քամուն՝ ի նշան հասարակության բարոյական մաքրագործման և պետական անվտանգության ամրապնդման: Բոլշևիզմի ոխերիմ թշնամի, նոր Ռուսաստանի ջատագով այս հոդվածագիրն ինչո՞ւ չի հիշում բոլշևիզմի հայր ու զավակ Վլադիմիր Իլյիչի դին, որն այրելն ավելի հեշտ է, քանի որ հողից հանելու կարիք էլ չկա: Բայց միայն Կրոմվելի պատմությունը չէ: Մի շատ ավելի կարևոր հանգամանք կա, որ հանգիստ չի տալիս Հայաստանի նախագահական ընտրությունների շեմին հրապարակված այս հոդվածի հեղինակին ու պատվիրատուներին: Ստեփան Զատիկյանի բարեկամն ու գաղափարակիցներից մեկը ոչ միայն դեռևս չի խարազանվել որպես տեռորիստի գործընկեր ու տեռորի մասնակից, այլև իր թեկնածությունն է առաջադրել Հայաստանի նախագահական ընտրություններում: Խոսքը, պարզ է, Պարույր Հայրիկյանի մասին է, որին առաջարկվում է հետևել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի օրինակին ու իր նախորդների փոխարեն հանդես գալ հրապարակային մեղայականով: Այ, իսկ եթե հանկարծ Հայրիկյանն ընտրվի նախագահ, Ադրբեջանը կվերսկսի պատերազմը ու կվերադարձնի Արցախը: Հայաստանն էլ համաշխարհային հանրության աչքի առաջ ինքնասպան կլինի՝ մնալով որպես տեռորիզմի, ազգայնականության երկիր ու ստիպված կլինի վերանայել իր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Ըստ էության՝ այս հայտարարությունը նախազգուշական կրակոց է՝ ուղղաված Հայաստանի նախագահական ընտրություններին: Նույն փողից էր թռել գնդակը, որ դիպավ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին: Ես պահանջում եմ Հայրիկյանի դեմ մահափորձի գործով որպես պատասխանող կողմ ընդգրկել Օլեգ Կուզնեցովին, որի պատվիրատուն, կարծում եմ, ազերական հասցեատեր է: Ռուսական քաղաքական ուժերը, որպես Հայաստանի նախագահական ընտրությունների սցենարի հեղինակ, Հայրիկյանի ընտրվելու հետ կապված այսչափ մտավախություն դժվար թե ունենային: Այս պատվիրված զառանցանքի մեջ, որի դեմ ռուսական մամուլը ոչ մի տող չի գրել, հայերը ներկայանում են որպես երախտամոռ, մորթող ու խիստ վտանգավոր ազգայնական զանգված: Եվ ոչ մի խոսք՝ մեր կրոնական պատկանելության, մեր քաղաքական դարավոր դավանանքի մասին: Այնինչ մեր ժողովուրդը դարեր շարունակ, և խորհրդային շրջանում՝ հատկապես, իր մտքի ու բազկի ուժն է տվել Ռուսաստանին ու ռուս ժողովրդին: Այդ անծայրածիր երկրում չկա մի ասպարեզ, որտեղ մեր փոքր երկրի քաղաքացին չունենա իր ստեղծագործ ներդրումը: Երկրորդ համաշխարհայինի տարիներին հայ ժողովուրդը ազգային թվաքանակի հարաբերակցությամբ ամենից շատ զոհն է տվել՝ 300-350 հազար մարդ: Դրանից առաջ ու հետո հազարավոր հայեր ռուսական պետական տեռորի զոհն են դարձել սիբիրներում: Խորհրդային կարգերի փլուզումից հետո Ռուսաստանից միջին հաշվով տարեկան 900 բռնի մահվան ենթարկված հայի դիակ է բերվում Հայաստան: Այս թվերի գումարը գուցե մեկուկես միլիոնից էլ ավելի լինի: Խորհրդային երկրների անկախացումից հետո Ռուսաստանը հարյուր միլիարդից ավելի պարտք ներեց տարբեր երկրների, բացի իր ռազմավարական գործընկեր Հայաստանից, և մեր երկրում ոչ այնքան նյութական, որքան դիվանագիտական հեռահար շահադիտությամբ իրականացրեց իր «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը: Այս ամենը վկայում է, որ մենք Ռուսաստանի քաղաքական պարտնյորը չենք: Մենք նրա համար գույք ենք՝ մեր չունեցած պարտքի դիմաց: Մինչև մենք սա չգիտակցենք, Կուզնեցովի նման ստահակն իր վրա պետության գործառույթ վերցնելով՝ մի ողջ ժողովրդի տնային հանձնարարություն կտա՝ Ստեփան Զատիկյանին, Հակոբ Ստեփանյանին և Զավեն Բաղդասարյանին հերոսացնելու համար ազգովի ներողություն խնդրել, թե չէ՝ Ռուսաստանը կվերանայի իր հարաբերությունները Հայաստանի նորընտիր նախագահի հետ: «Ռուսաստանը բավարար լծակներ ունի՝ ազդելու համար Հայաստանի և մեր տարածքում գործող հայկական սփյուռքի բիզնեսի վրա, որպեսզի ստիպի Հայաստանին ներողություն խնդրել, բայց ցանկալի է, որ հայկական կողմն այդ բանն անի իր հոժար կամքով»: Այսպես է ավարտում իր հոդվածը Օլեգ Կուզնեցովը: Այսպիսի նախազգուշական կրակոցով՝ վախեցածների համար: Մինչդեռ հայերի նկատմամբ համակրանքից չէ, որ հանդուրժվում են մեր բիզնեսմենները: Հայերի բիզնեսից որքան է շահում հենց ինքը՝ Ռուսաստանը: Այսպես է և մնացած բոլոր դեպքերում: Մենք՝ հայերս, հատկապես լավ ծանոթ ենք քաղաքական ցինիզմին: Ինչ իզմի մեջ ասես, որ չի մեղադրել մեզ մեր բարեկամ Ռուսաստանը. էքստրեմիզմի, շովինիզմի, տեռորիզմի: Մենք ամեն անգամ միամիտ, ցրտահարված ուղեղով կարծում ենք, թե մեր հյուսիսային բարեկամը թյուրիմացության մեջ է, սխալվում է, ու սկսում ենք նրան լրացուցիչ բացատրություններ տալ: Մինչդեռ դիվանագիտության մեջ զգացմունքներ չկան, չկա միջոցների ընտրություն, և ճիշտ է միայն այն դիվանագիտությունը, որից երկիրը շահում է: Ահա թե ինչու մենք՝ հայերս, երբեք լավ դիվանագետ չենք եղել: Մենք անզիջում ենք միայն միմյանց հանդեպ, չունենք մեր խիստ որոշակի նպատակակետը, դրա մասին մեր հավաքական պատկերացումը՝ մեր ազգային կողմնորոշումը, որը կարող է և պետք է ուղղված լինի միմիայն դեպի մեզ: Ահա և մեր պատասխան նախազգուշական կրակոցը: Այլապես կշարունակենք մեր գոյատևումը որպես չկողմնորոշված մի ժողովուրդ: Հ.Գ. Խորհրդային կառավարության օրգան «Իզվեստիա» թերթում Մոսկվայի մերտրոյում տեղի ունեցած պայթյունից 25 ամիս հետո է միայն հրապարակվել լրատվություն այն մասին, որ պայթյունի հետևանքով զոհվել է 7 և վիրավորվել 37 մարդ: Մոսկվայի մետրոյի գործով դատավարության կայացրած վճռի մասին Զատիկյանի ընտանիքին տեղյակ է պահվել գնդակահարությունն ի կատար ածելուց օրեր անց: 1978-ին Փարիզում Ժան-Պոլ Սարտրի, 400 մշակութային գործիչների ու լրագրողների մասնակցությամբ Ռուսաստանի դեսպանատան առաջ ցույց է կազմակերպվել՝ ի նշան Ստեփան Զատիկյանի նկատմամբ կայացված որոշման դեմ բողոքի: Լիոն քաղաքում Ստեփան Զատիկյանի հիշատակի համար տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություն: Իր եղբոր հետ վերջին հանդիպման ժամանակ Զատիկյանն ասել է, որ ինքը միայն մի մեղք է գործել՝ երկու զավակ է թողել այս աշխարհում: Ստեփան Զատիկյանի մեղքը մինչ օրս ապացուցված չէ: Լուսանկարում` Ստեփան Զատիկյանն է

#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 21 March 2013 - 12:18 PM

http://hetq.am/arm/n...nchic-araj.html

#3 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 21 March 2013 - 12:24 PM



#4 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 21 March 2013 - 12:30 PM



#5 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 21 March 2013 - 12:32 PM






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users