Jump to content


Photo

ՆԱՎԶԻԿԵ


  • Please log in to reply
3 replies to this topic

#1 SAS

SAS

    -= Nobility =-

  • Members
  • PipPipPip
  • 656 posts
  • Gender:Male
  • Location:Moscow

Posted 18 April 2008 - 09:57 AM


ՆԱՎԶԻԿԵ

ԱՐՓԻԿԻՆ, ԱՐՓԻԿԻՆ,
ԻԶԱԲԵԼԼԱՅԻՆ
ԻՄ ԱՄԵՆԱՉՔՆԱՂ ԵՐԿԸ
Ե. ՉԱՐ. 1936. 21.IX

I
ՀԻՆ ՆԱՎԶԻԿԵՆ

Նայադների՜ նման, նայադների՜ նման
Կարոտներիս ձայնով կանչում է ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով մորմոք և կորստի կսկիծ…

Մանկությունից անդարձ` իմ օրերում անցած,
Տարիներիս կարմիր ավազի մեջ –
Ինձ թվացել է միշտ, որ կարոտիս կառչած`
Ինձ սպասում է իմ Նավզիկեն…

Նախ` կարոտի նման դեռ անծանոթ կյանքի,
Բիլ ծովերում նավող նավակի մեջ`
Իբրև ցնորք գայթող, կամ երազանք անգին –
Հեռուներից կանչեց իմ Նավզիկեն:

Եվ օրերում ապա, տարիներում անդարձ,
Վայրկյաններիս կարմիր ավազի մե’ջ –
Երազեցի ընդմիշտ, որ կարոտիս կառչած`
Ինձ սպասում է իմ Նավզիկեն…

Մերթ աղջըկա նման, մերթ մանկական տեսքով,
Մերթ որպես կին` տեսած երազի մեջ, -
Մերթ իբրև կույս անեղծ, մերթ մի Մանոն Լեսկո –
Պատկերացել է ինձ – իմ Նավզիկեն:

Մերթ սպիտակ, որպես մարմարոնյա արձան,
Մերթ միկենյան կավե մի վազի պես, –
Մերթ եբենյա մարմնով եգիպտուհի դարձած`
Հմայել է հեռվից իմ Նավզիկեն: –

Մերթ կոնքերով ողորկ, որպես ձուլած արծաթ,
Մերթ` որպես էգ մի օձ երազի քեզ`
Մերկ, աչքերով կանաչ, մի կին դարձած –
Անեղծ մի կույս կարծած իմ Նավզիկեն:

Մերթ շորերով շրշուն, մերթ ծածկոցով ծածան,
Մերթ` լուսնային շղարշ հագածի պե’ս, –
Ամբողջովի’ն մերթ գոց, մերթ մերկացած`
Կնությունը բացած – իմ Նավզիկեն…

Նա մերթ կանչել է ինձ սրինգային ձայնով,
Մերթ` քնարի քնքուշ նվագի պես,
Մերթ` դարերո’վ ծանոթ, մերթ` միայն նո’ր
Ինձ հարազատ ձայնով – իմ Նավզիկեն:

Վերելքներում անծայր, հովիտներում այն ցած,
Կամ ծովափնյա ոսկե ավազի մեջ, –
Մերթ շառաչում ծովի, մերթ լճերում անձայն –
Ես լսել եմ քո քայլքը, իմ Նավզիկե’:

Ես սպասել եմ քեզ յուրաքանչյուր վայրկյան,
Եվ երազել, որ երթըս երազվի քե’զ, –
Յուրաքանչյուր վայրում, յուրաքանչյուր վայրկյան,
Կնոջական ցնո’րք իմ, իմ Նավզիկե…

Ե’վ հանճարեղ երգում, և’ հանճարեղ գրքում,
Եվ հանճարեղ ամե’ն կտավի մե’ջ, –
Եվ հյուսիսում, և հին Արևելքում,
Եվ հարավում դեղին, իմ Նավզիկե’:

Շրջադարձում, երթում, քայլափոխում ամե’ն,
Հսկող հսկա դեպքի, կամ դավի պես, –
Ես սպասել եմ, որ կամ դու, կամ ես
Կճանաչենք իրար, իմ Նավզիկե’:

Յուրաքանչյուր բացվող առավոտվա, կամ իմ
Յուրաքանչյուր տեսած երազի մեջ, –
Անգամ մի դուռ է երբ իմ դեմ բացում քամին –
Հանդիպումդ եմ հսկում, իմ Նավզիկե:

Մանկությունից իմ լուրթ – մինչև կեսօրն իմ թեք,
Իմ օրերում` անցած երազի պես, –
Ես սպասել եմ, որ – ահա կելնես իմ դեմ,
Ամենօրյա ցնորք իմ, Նավզիկե’:

Եվ իմ գրքերն ամեն, և իմ երգերն անմեռ,
Եվ բորբոք հուրն իմ այս ծարավի կեզ, –
Ի’նչ որ արել եմ ես, ի’նչ անելու եմ դեռ –
Քեզ գտնելու համար է, իմ Նավզիկե…

Եվ մինչև օրն այն սև, մինչև դառնա նսեմ,
Մինչև ավյունս ամբողջ նվազի – քեզ
Ես փնտրելու եմ իմ ուղիներում լուսե,
Անհասնելի՜ իմ սեր, իմ Նավզիկե’…

Ե՛վ պոետի հռչակ, և’ փառքի տենչ խորին,
Ե՛վ արնահամ երգի, երազի սե’ր, –
Ես տենչացել եմ` լոկ հավատալով, որ ինձ
Դեռ սպասում ես դու, իմ Նավզիկե…

Որ վարդերի’ս անդարձ, տարիներիս հնձած,
Անդառնալի ցնդած երազի տեղ –
Իմ օրերի վերջում, իբրև անհուն ընծա –
Ինձ ժպտալու ես դու, իմ Նավզիկե…

Նայադների՜ նման, նայադների՜ նման,
Կարոտներիս ձայնով կանչել ես ինձ, –
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով լոկ մահ և կորստի կսկիծ…



#2 SAS

SAS

    -= Nobility =-

  • Members
  • PipPipPip
  • 656 posts
  • Gender:Male
  • Location:Moscow

Posted 18 April 2008 - 09:58 AM

II
ԿՆՈՋՍ` ԱՐՓԵՆԻԿ ՉԱՐԵՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Նայադների՜ նման, նայադների՜ նման,
Կարոտնեիս ձայնով կանչեց նա ինձ, –
Նա խոստացավ սիրո անհատնելի հմայք
Եվ ինձ թողեց միայն մահո’ւ կսկիծ…

Նաժիշտներով իր յոթ շրջապատված`
Նաժիշտներով սիրո և ցավի կե’զ, –
Իբրև հոժա՜ր կամքով մահապարտված`
Ընդունեց սերն իմ սև – իմ Նավզիկեն…

Կարոտներիս ծովի կղզիներում անցած
Դու իմ կղզին եղար միակ ոսկե, –
Բայց սև աղետ դարձավ և մահացու հանցանք
Քեզ համար սերն իմ սև, իմ Նավզիկե…

Եվ վարդագույն, ինչպես մի վարդագույն մարջան,
Կարոտներիս կարմիր ավազի մեջ –
Դու ժպտացի՜ր, անցար, աներևույթ դարձար,
Օ՜, մահացու իմ սեր, իմ Նավզիկե…


#3 SAS

SAS

    -= Nobility =-

  • Members
  • PipPipPip
  • 656 posts
  • Gender:Male
  • Location:Moscow

Posted 18 April 2008 - 10:00 AM

III

…Արդեն նայի՜վ դարձած նայադների նման,
Նայադների նման քնքուշ ձայնով`
Խոստանալով գարո’ւն, գարնանային հմայք –
Այն ո՞վ է ինձ կանչում, այն ո՞վ…

Ինչպես Ուլիս` տրված կարոտներիս կայմին`
Նայադների չքնաղ երգի’ն գերի`
Ամբողջովին տրված իմ հուշերի ձայնին,
Ես մոտեցա կրկի’ն այն ափերին…

Մի՞թե կրկին իբրև վերադարձող Ուլիս`
Մի անհնար, չքնաղ երազի մե’ջ –
Պիտի տեսնեմ կղզի’ն այն, ուր սիրով լի`
Ինձ հանդիպեց մի օր – իմ Նավզիկեն…

Նո’ւյն նայադներն ահա – և կախարդիչ նույն երգը, –
Բայց ավելի’ անհուն ու հմայիչ…
Եվ մոտենում է նո’ւյն կախարդական եզերքը`
Բայց… ինչո՞ւ է թվում նա ամայի…

Նո’ւյնն են ափերը լուրթ, – և պտույտի ելած
Նո’ւյն աղջիկներն ահա, – և Նավզիկեն…
Բայց նա նայեց անթարթ և աչքերում ցոլաց
Անդառնալի անցածը – երազի պես…

Եվ սուզվելով, ինչպես մի վարդագույն մարջան
Տարիների կարմիր ավազի մե’ջ`
Անվերադարձ անցավ և զառանցանք դարձավ –
Մանկությա՜ն պես անցած – իմ Նավզիկեն…


#4 SAS

SAS

    -= Nobility =-

  • Members
  • PipPipPip
  • 656 posts
  • Gender:Male
  • Location:Moscow

Posted 18 April 2008 - 10:02 AM

IV

Նայադների՜ նման, նայադների՜ նման,
Կարոտներիս ձայնով կանչեցին ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Եվ թողնելով միայն – մահո’ւ կսկիծ:

Արկածներիս ծովի կղզիներում անցած
Ինձ հանդիպեց քանի՜ Նավզիկե,
Որ հեռացավ, անցավ իր կարոտին կառչած`
Իբրև ուրի՜շ Ուլիս, ուրիշի սեր…

Հեքիաթային, կապույտ իր եզերքին կառչած`
Իբր ուրիշի սիրո մի Նավզիկե –
Իր Ուլիսին հսկող արքայադուստր դարձավ`
Կարոտներիս կարմիր ավազի մեջ…

Եվ կարոտիս կառչած արքայադուստր կարծած
Քանի՜, քանի՜ չքնաղ Նավզիկե –
Ընկղմվեցին, կորան, որպես կարմիր մարջան`
Կարոտներիս կարմիր ավազի մե’ջ…

Արկածներիս կապույտ կղզիներին կառչած`
Վայրկյաններիս կարմիր ավազի մե’ջ`
Մի՜շտ ուրիշի սիրո արքայադուստր դարձավ
Ինձ հանդիպած ամե’ն մի Նավզիկե…

Բայց ուրիշի երկրում արքայադուստր դարձած
Իմ կորցըրած ամեն մի Նավզիկե`
Ինձ հանդիպեց կրկին և սիրուհի դարձավ –
Իմ երգերի կարմիր ավազի’ մեջ…

Երազներում անվերջ երազելով նրանց,
Իմ կրքերի կարմի’ր ավազի մեջ –
Ինչ որ մնում էր դուրս իմ երգերից գրած –
Իմ չսիրա’ծ աղջիկ, տվեցի քե’զ…

Տարիներում անցած իմ կարոտին կառչած`
Իմ չերազած միա՜կ իմ Նավզիկե, –
Ում սպասում էի – կորցըրի նրանց –`
Երազներում սիրած, երազի պե'ս…

Արկածներիս կարմիր կարոտներում փնտրած`
Ինձ չժպտաց և ո’չ մի Նավզիկե, –
Եվ ինչ տալու էի ես աշխարհում նրանց –
Իմ չսիրած աղջիկ, տվեցի քեզ…

Ինչ որ դեռ դուրս մնաց իմ երգերում գրած`
Իմ կրքերի կարմիր ավազի մեջ, –
Ինչ որ տալու էի ես աշխարհում նրանց –
Կյանքում քեզ տվի, իմ Նավզիկե’:

Ուղիներում կյանքի, բիրտ օրերում մեր այս,
Ինչ որ կարոտ էր, հուր – ես տվի քեզ,
Որ չմնա երա’զ էլ, որ երազեմ նրանց,
Որ չկանչե էլ ո’չ մի Նավզիկե: –

Սակայն կրկի՜ն, կրկի՜ն, նայադների նման,
Կարոտների ձայնով կանչում են ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Եվ ինձ տալով միայն – մահո’ւ կսկիծ: –

Ո’չ գգվանքներս` քեզ շռայլորեն ցրած`
Գիշերներիս կարմիր երազի մեջ, –
Ոչ կարոտներս անհուն` իմ երգերում գրած, –
Չսպառեցին կարոտն իմ, Նավզիկե’: –

Նայադների՜ նման, նայադների՜ նման, –
Կարոտների կանչով կանչում ես ինջ,
Եվ կանչելու ես ինձ, քանի կյանքում ես կամ,
Խոստանալով ինձ սեր, տալով – կսկիծ…

Եվ կկանչեն նրանք, մինչև անշընչացած`
Վայրկյաններիս վերջին երազի մեջ`
Ինձ համբուրե իբրև իր Ուլիսին տենչած`
Վերջին շնչիս կառչած իմ Նավզիկեն…





1 user(s) are reading this topic

0 members, 1 guests, 0 anonymous users