ՍՈՎ
Ա
Ա
1872 թվականի փետրվար ամիսն էր: Արեգակի գունատ ճառագայթները դեռ նոր էին ծագել նորեկ ձյունի վերա, դեռ նոր մինարեթների կապույտ գմբեթները փայլում էին կանաչ գույնով, երբ ուստա Պետրոսը, դուրս գալով յուր տանեն, Սպահանի Ջուղա թաղիցը դիմում էր դեպի բազար:
Գիշերային սառնամանիքից հետո առավոտյան սաստիկ ցուրտը այդ հնամաշ շորերով հագնված մարդուն կարծես ամենևին զգալի չէր: Նորա բոլոր զգայարանքները, սիրտը և հոգին՝ յուրյանց ամբողջ զորությամբ, լարված էին դեպի մի առարկա, որից այնօր կախված էր նորա ընտանիքի մահու և կյանքի վերջին վճիռը, այդ առարկան էր հացը...
Նա գնում էր թույլ և դանդաղ քայլելով, նորա մեջ ամենայն ուժ մարել էր... որովհետև խղճալին, երկրորդ օրն էր, ամենևին հաց կերած չէր...
Այդ տխուր և սարսափելի ժամում նորան լսելի էին լինում լացի և ողբի ձայներ միայն: Նա տեսնում էր, թե որպես սովից մեռնողները դուրս էին տանվում տներից: Նա տեսնում էր և շատ դիակներ, որք անտեր, անխնամ ընկած էին փողոցների մեջ... Նորեկ ձյունը ձգել էր նոցա վերա յուր սպիտակ պատանը...
Այդ այն ժամանակ էր, երբ սովը Պարսկաստանի զանազան քաղաքներում անգութ կերպով տապալում էր յուր սարսափելի հունձքը...
“Ես բախտավոր էի,-- մի օր ասում էր ուստա Պետրոսն ինքն իրան,-- երբ կարողանում էի ամեն օր իմ ընտանիքի հացը ճարել, իսկ այսօր, իմ չքավորության վերջին աստիճանումը, ես տանում եմ բազար միակ բանը, որ պահվում էր մեր աղքատության մեջ որպես սրբություն... Ես երբեք չեմ կարող մոռանալ այն ցավալի րոպեն, երբ այսօր իմ կինս՝ արտասուքն աչքերում, մոտեցավ ինձ ասելով` Տանը ոչինչ չէ մնացել... ամեն ինչ ծախվեցավ... առ այդ մատանին և տար, վաճառե, մի քիչ հաց բեր բազարից, երեխես մեռնում է սովեն... Դողդոջուն ձեռքով տվեց ինձ այդ մատանին՝ այդ միակ հիշատակարանը մեր ամուսնական կյանքի, երբ ես առաջին անգամ նորա մատին դրեցի, երբ նորա կուսական շրթունքները հնչեցին այդ խոսքերը. “Ես սիրում եմ քեզ...”:
Այդ տխուր խորհրդածությանց մեջ, գլուխը քարշ գցած՝ գնում էր ուստա Պետրոսը: Երկար նա տանջվում էր այդպիսի մտքերով, մինչև նորա սիրտը բոլորովին թուլացավ, ծնկները դողացին, և նա վեր թողեց յուր մարմինը մի թումբի վերա, որ շինված էր խանութի դռան մոտ, և երկու ձերքով երեսը բռնելով՝ սկսավ դառն կերպով լաց լինել, թեև արտասուքը վաղուց ցամաքել էր նորա աչքերեն...
Այդ ցավալի խռովությունից նորան սթափեցրեց մի ձայն, որ կոչեց.
-- Ուստա Պետրոս:
Նա աչքերը բաց արավ և տեսավ յուր մոտ յուր ծանոթ հարուստ Հաջի Քարիմին:
-- Ի՞նչու եք լաց լինում,-- հարցրուց պարսիկը:
-- Քանի օր է, հաջի, մենք ոչինչ չունենք ուտելու,-- պատասխանեց ուստա Պետրոսը,-- երեխես մեռնում է սովեն, ի սեր աստուծո, առեք այդ մատանին, տվեք ինձ որքան կամիք փող, գուցե կարողանամ փոքր-ինչ հաց առնել բազարեն:
Հաջի Քարիմն առեց նորա ձեռքեն ոսկի մատանին, որո վերա փայլում էր մի գեղեցիկ գոհար, նայեց նորան և հարցրուց.
-- Որքա՞ն արծաթ կամենում եք, որ տամ:
-- Որքան թույլ է տալիս ձեր խղճմտանքը, միայն աղաչում եմ, մի ուշացրեք ինձ:
Հաջին լցրուց նորա ափի մեջ մի թուման սպիտակ փող, և ուստա Պետրոսը առանց համբերելու հեռացավ: Խղճալին տասն դեղին թումանով գնած էր այդ մատանին մի հրեայից:
Նա մի փոքր ոգեվորվելով՝ շտապեցրուց յուր քայլերը և հասավ հացթուխի խանութին, որո բոլորտիքը շրջապատված էր բազմաթիվ ամբոխով:
Խանութի դռները բոլորովին կողպված էին, միայն մի ծակից տալիս էին հաց՝ փողն առնելուց հետո:
Մեծ դժվարությամբ նա կարողացավ պատառել ամբոխը և յուրյան հասցնել ծակին, ուր արծաթը ձեռքում բռնած՝ սկսավ խնդրել, որ նորան ևս հաց տային: Երկար նա վիզը ծռած աղաչում էր, բայց նորա ձայնը լսող չկար...
Հանկարծ նա զգաց յուր գլխին մի սաստիկ հարված. նորա աչքերը սևացան, և լսեց այսպիսի հայհոյանքներ.
-- Տո՛, պիղծ անհավատ, մուսուլմանները մեռնում են սովեն, դու եկել ես նոցա հացը կտրելո՞ւ:
Հարվածքներ հարվածքի ետևից կարկտի նման թափվեցան խեղճ հայի գլխին, և նորան արհամարհանոք դուրս ձգեցին ամբոխի միջեն:
Խղճալի ուստա Պետրոսը բոլորովին անզգա ըկած էր փողոցի ցեխերու մեջ, երբ նորան մոտեցավ մի երիտասարդ պարսիկ և սկսավ նորա երեսին ջուր սրսկել, որ նա սթափվի:
Երիտասարդը ուստա Պետրոսի վաղեմի ծանոթ լոթի Հասանն էր, մի քաջասիրտ սրիկա, որ երբեմն թաքուն գալիս էր նորա տունում գինի խմելու: Նա վեր բարձրացնելով ուստա Պետրոսին, տարավ յուր ծանոթ մի մրգավաճառի խանութ և թողեց նորան այնտեղ, որ հանգստանա, իսկ ինքը տեղեկանալով նորա բազար գնալու պատճառը՝ առավ նորանից արծաթը և գնաց հաց գնելու:
Լոթի Հասանը հայտնի էր ամբողջ Սպահանում որպես մարդասպան և ավազակ: Նորա քաջությունն ամենի վերա սարսափ էր ձգում, իսկ նորա մեծահոգությունը շատերին զարմացնում էր: Նա մոտենալով բազմությանը, ուր ծեծվեցավ ուստա Պետրոսը, իսկույն մերկացրեց յուր ահագին խենջարը. ամբոխը սարսափելով տեղի տվեց նորան, և նա, մոտենալով ծակին, սպառնալի կերպով հրամայեց, որ հաց տան:
Խանութպանը երկյուղից դողալով՝ կատարեց նորա հրամանը: Լոթին առնելով հացերը՝ տարավ ուստա Պետրոսին, որ անհամբերությամբ սպասում էր նորան:
Ուստա Պետրոսը շնորհակալությամբ հեռացավ յուր բարեկամեն և ուրախ-ուրախ սկսավ դիմել դեպի Ջուղա: Մտնելով այն փողոցը, որ տանում էր դեպի յուր տւնը, նա տեսավ հեռվից մի կին, որ առանց չարսավի, հերարձակ վազ էր տալիս: Նա կատաղած, որպես անապատի մատակ առյուծը, որո բունեն խլել էին նորա կորյունը, մռնչում էր, հառաչում էր և ցնորվածի պես հարձակվում էր այս և այն կողմը:
Դա ուստա Պետրոսի կին Մանուշակն էր:
-- էդ ի՞նչ խաբար է, էդ ի՞նչ խաբար է,-- հարցրուց նորացին խեղճ մարդը սարսափելով:
-- Աբգարը կորել է...-- պատասխանեց Մանուշակը և մոլեգնաբար սկսեց վազել դեպի պարսիկների թաղը:
Ուստա Պետրոսը հետևեց նորան:
Edited by Ashot, 06 April 2008 - 01:14 PM.