Jump to content


Photo
- - - - -

Omar Khayyam Quatrains


  • This topic is locked This topic is locked
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 14 June 2007 - 06:11 PM

ՕՄԱՐ ԽԱՅԵԱՄԻ
ՔԱՌեԱՆԵՐԸ


Թարգմանեց՝ Յովսէփ Զ Միրզայեան (1868-1935)

ԿԱՊՈՅՏ ԱՆԻՒԸ

46
Ով որ այլոց վատն ուզէ, չունի լաւից նա բաժին,
Անշեղ իրեն կը դառնայ, ինչ վատ անէ ուրիշին,
Ես քո բարիքն եմ ուզում, իսկ ինձ համար դու՝ չարիք,
Չարիք բընաւ չի գայ ինձ, եւ չես տեսնի դո´ւ բարիք:


47
Որքան էլ քեզ այս կեանքում տրւի մի բախտ չարաչար,
Եւ որքան էլ դառնութեամբ լեցւի բաժակ քեզ համար,
Տըմարդ մարդուց մէկ շիթ ջուր, -որքան էլ զով ու վըճիտ-,
Եթէ վառւում էլ լինես, մի´ կաթեցրու շրթունքիդ:


48
Լաւ է որ այս աշխարհում շատ բարեկամ չը բռնես,
Այս աշխարհի մարդկանցից լաւ է հեռու պահես քեզ,
Նա, որ դարձաւ քեզ համար վստահելի յենարան,
Խելքիդ աչքը թէ բանաս՝ քո ոսոխն է նա իսկական:


49
Բախտը մէկ օր դիւրութիւն չը պարգեւեց իմ գործիս
եւ չը բերեց ինձ բընաւ ուրախութեան աւետիս,
Մէկ շունչ բերկրանք չը ծնեց այս վատ աշխարհն ինձ համար,,
Որ նոյն ժամին բիւր ցաւի դուռն իմ առաջ չը բանար:


50
Թէ ես աստւած լինէի, անւին բախտի եւ երկնից,
Ես այդ անիւըն անիրաւ, կը ջնջէի մէջտեղից,
Եւ այնպիսի նորաձեւ կստեղծէի մի անիւ,
Որ իր իղձին դիւրութեամբ հասնէր ազատն ու ազնիւ:


51
Ժամանակից, ո՜վ սիրտ իմ, բարիք երբէք մի´ ուզիր,
Եւ մի´ փնտռիր կարգ ու սարք բախտի անւից այս պատիր,
Երբ որ դարման փնտռեցի՝ ցաւըս միայն ծանրացաւ,
Լաւ է սազւեմ ցաւիս հետ, եւ դեղ չուզեմ ես բնաւ:


52
Չէ´ քո խելքի շնորհիւ թէ գործի մէջ յաջողես,
Թէ գլխատեն քեզ նոյն իսկ, քո յանցանքից չէ´ նոյնպէս,
Ուրեմն գոհ ու հանգիստ կեանքըդ վարի´ր խնդագին
Քանզի կախում քեզանից, չունի քո չարն ու բարին
:
53
Մի կրօնապետ մի կնոջ ասաց. -«Հարբած ես ո՜վ կին:
Ամէն րոպէ դու անարգ հիւր ես մէկի հաճոյքին»:
Իսկ կինն ասաց. -«Ո՜վ սուրբ մարդ, ինչ ասացիր, այդ կա´մ ես,
Բայց ինչ որ ցոյց ես տալիս, արդեօք դու էլ կա՞ս այնպէս»:


54
Թէ խելք ունես՝ մի´ լինիր ագահութեան դու գերի,
Ամենքի մօտ գլխիկոր, շնորհիւ՝ անմարս իղձերի,
Սահուն եղիր ջո´ւրի պէս եւ հուրի պէս՝ վա´ռ եղիր,
Բայց մի´ լինիր իբրեւ հող՝ ամէն հովից ցան ու ցիր:


55
Բարի է մարդ աշխարհում, թէ լաւ հռչակ ըստանայ,,
Նոյնքան ամօթ՝ որ բախտի հարւածներից բեկւի նա,
Հարբել ջրով խաղողի՝ հազար անգամ լաւ է քան
Գոռոզանալ ու պանծալ արդարութեամբ սեփական:


55
Բարի է մարդ աշխարհում, թէ լաւ հռչակ ըստանայ,,
Նոյնքան ամօթ՝ որ բախտի հարւածներից բեկւի նա,
Հարբել ջրով խաղողի՝ հազար անգամ լաւ է քան
Գոռոզանալ ու պանծալ արդարութեամբ սեփական:


56
Բախտը մարդուն, ըզգոյշ կա´ց, տալիս է լոկ չարիքներ,
Հանգիստ, անփոյթ մի´ նստիր, խիստ սուր ունի նա սուսեր,
Թէ ժամանակը յանկարծ մեղրից շնորհէ քեզ պատառ,
Ըզգո´յշ եղիր, կուլ չը տա´ս, որ թոյն կայ մէջն անպատճառ:


57
Մէկ անգամից աւելի քանի որ մահ չէ գալիու,
Մեռիր ապա մէ´կ անգամ, անճարութիւնն էլ ինչո՞ւ:
Մի բուռ կաշի ու ոսկոր, մի քիչ արիւն ու ապաւ,
– Ինչո՞ւ այդքան տառապանք – մի բան չարժէ դա բնաւ:


58
Սիրտս դեռ ձեռք չը զարկած ուրախութեան գիսակին,
Եւ չը կպած բերկրութեան թասը դեռ իմ շրթունքին,
Հազա՜ր ափսոս, որ ընդ միշտ մթնեց ցերեկն իմ կենաց,
Դեռ իմ կեանքում, իմ սրտով, մէկ հատ ցերեկ չը մթնած:


59
Պէտք են մարդուն, լսեցինք, արժանիքներ սեփական,
Կամ մենութիւն խոստացող, արժէքը մեծ մի ծագման,
Դժբախտաբար աշխարհի կարգերն այնպէս են այսօր,
Որ այս բոլորը՝ ոչինչ, փո´ղ է միայն հարկաւոր:


60
Ո՜վ բախտ դու միշտ իմ սրտին ցաւ ես տալիս ու կսկիծ,
Եւ բերկրութեան շապիկն իմ պատռում ես միշտ իմ կուրծքից.
Հովը որ ինձ է գալիս, հուր ես շինում դու նրան.
Հող ես շինում ամէն ջուր, որ առնում եմ ես բերան:


61
Դողդողալով ես կեանքի հրաւիրւեցի ըսկզբում,
Կեանքը միայն պարգեւեց ինձ յաւելեալ զարմացում,
Գընում եմ այժմ ակամայ, եւ չիմացայ ես բընաւ,
Ի՞նչ այս գալուց, մընալուց եւ գընալուց դուրս եկաւ:


62
Ժամանակն որ լինում է գալն ու երթալն ամենի-
Այդ թաւալման ո´չ ըսկիզբն ու ո´չ վախճանն է յայտնի:
Ոչ ոք դեռ եւս աշխարհում մեզ չը պատմեց անսխալ,
Թէ որտե´ղից մեր գալն, եւ դէպի, ո՞ւր՝ մեր երթալ:


63
«Իմիս նման» --Վարդն ասաց-- «չըկայ չքնաղ մի պատկեր»,
Բայց վարդաջուր դառնալիս՝ կըրեց անլուր տանջանքներ:
Այնժամ սոխակն իմաստուն միջիցն ասաց փշերի,
«Ո՞վ ծիծաղեց մէկ գիշեր, որ լաց չեղաւ մէկ տարի»:


64
«Արօտամարգ Եգիպտի» Յովսէփն եմ ես», - Վարդն ասաց,-
«Յակինթն եմ ես մեծարժէք, ոսկով բերանըս լեցւած»:
«Թէ Յովսէփն ես», ասացի, «Ցոյց տո'ւր ապա մի նշան»,
«Շապիկս» ասաց, «տե´ս ինչպէս գոյնն է կրում դեռ արեան»:


65
Թէ ես հարբած եմ գինով, շատ լաւ, լինեմ թո´ղ այդպէս,
Թէ ես գաբր1 եմ ու քաֆեր2 , շատ լաւ, հէնց այդ էլ կա´մ ես:
Ով ինչ ուզէ իմ մասին թո´ղ մտածէ ինքնակամ.
Իսկ ես ինձ եմ պատկանում, եւ ինչ որ ե´մ, այն էլ կա´մ:


66
Ո՜վ կապտագոյն դու անի՜ւ ո´չ ազնիւ ես, ո´չ կարող,
Գործին ազնիւ մի մարդու, երբէք չեղաւ նպաստող:
Տմարդներին տալիս ես գանձ ու գոհար ու սեղան,
Կեցցե՜ս, անի՜ւղ բախտի, սրիկաների´ դու պաշտպան:


67
Արբեցութիւն եւ գինի եղան իմ գործն ու սփոփանք,
Ինչո՞ւ են միշտ իմ գլխին թափում այսքան պարսաւանք.
Երանի՜ թէ հարբեցնէ ամէն մի գործ մեղապարտ,
Որ դու ամբողջ աշխարհում լուրջ չը գտնես ո´չ մի մարդ:


68
Մի´ որոնիր բարեկամ այս աշխարհում ձեռնածու,
Լսի´ր ինձնից այս խրատն ու մի´ յայտնիր դու մարդու:
Ցաւով գոհ կա´ց, եւ դարման մի´ պահանջիր մարդկանցից.
Ուրախ նստի´ր վշտիդ հետ, եւմ մի փնտռիր վշտակից:


69
Ժամանակի դէպքերից մի´ վախենար յարածին,
Ինչ առաջ գայ, մի´ վախիր, կանցնի արագ ու դիւրին:
Անկապտելի շահ սեպի´ր, մէկ րոպէիդ այս ներկան,
Թո´ղ ցաւ չը տայ քեզ անցեալն, ու վախ չազդէ ապագան:


70
Մեռածների հանգստում, շրջել եմ ես քիչ ու շատ.
Գերեզմաններ եմ տեսել հարուստ մարդկանց եւ աղքատ,
Ոչ աղքատը պատանից զուրկ էր մտել գերեզման,
Ոչ էլ հարուստն էր տարել աւելի քան մի պատան:


71
Իմ սիրտն խեղճ ու վշտալից, սիրտն իմ թշւառ ու խելառ,
Հարբած սիրով իմ սիրուհու՝ ուշքի չեկաւ նա իսպառ:
Երբ տրւեցաւ սիրոյ գինուց ամէն ոքի մի բաժին,
Իմ բաժակը մինչեւ բերան սրտիս արեամբ լցրեցին:


72
Քանի՜-քանի՜ մարդկանց արիւն թափեց երկինքն անիրաւ.
Որքա՜ն ծաղիկ բուսնեց հողից, եւ վերստին հողն ընկաւ:
Գեղեցկութեամբ, մատղաշութեամբ, մի´ պարծենար, ո՜վ հոգեակ,
Քանի՜-քանի՜ դեռ գոց կոկոն թափւել է ցարդ ոտքի տակ:


73
Խելօք եւ անկեղծ մարդկանց հետ նստիր,
Յիմարից փախի´ր ֆարսախներ հազար.
Թէ մի իմաստուն թոյն տայ քեզ, խմի´ր.
Թափի´ր թէ մեղր իսկ տայ քեզ մի յիմար:


74
Յոյսի աշխարհում շահի´ր ամէն սիրտ,
Ներկայ աշխարհում բարեկամ պահի´ր.
Բիւր հողի Քաբան4 մէկ սրտի չարժէ.
Ի՞նչ պէտք է Քաբան, գընա´ սիրտ շահիր:


75
Մէկ-երկու օրում կեանքն անցաւ-գընաց
Ինչպէս դաշտի մէջ քամին սըրընթաց:
Թո:ղ երկու օրւայ հոգ չանեմ բընաւ, -
Այն որ եկած չէ, եւ այն որ անցաւ:


76
Այն սրահում, որ միշտ խմում էր Բահրամ,
Ննջում է առիւծ, ձագ ունի այծեամ,
Բահրամը որ գուռ6 որսում էր յաճախ,
Տեսար գուռն ինչպէս որսաց մի անգամ:


آن قصر که جمشيد در او جام گرفت
آهو بچه کرد و شير آرام گرفت
بهرام که گور می‌گرفتی همه عمر
ديدی که چگونه گور بهرام گرفت


77
Թէ երկու օրում ձեռքդ գայ մէկ հաց,
Եւ մէկ ումպ պաղ ջուր մի կժից կոտրած,
Ինչո՞ւ կատարել որևէ հրաման,
Եի ինչո՞ւ լինել նմանիդ ծառան:


78
Մինչ ունի, ինչ կայ, զուտ քամի ձեռքում,
Մինչ ունի, ինչ կայ, արագ կործանում,
Խորհի´ր աշխարհում ինչ չը կայ՝ այն կայ,
Եւ սեպի´ր կեանքւմ ինչ որ կայ՝ չը կայ:


79
Այդքն զուր ցաւեր թոյլ մի´ տայ քո մէջ,
Եւ մի´, այս կեանքում, ապրիր յուսահատ.
Քանի որ չիք է վերջն ամէն բանի՝
Ապրի´ր թէ չը կաս, եւ ապրի´ր ազատ:


80
Ով որ մի կէս հաց ունի աշխարհում,
Եւ մի տնակի համեստ հովանի,
Ոչ տէրն է մէկի, ոի մէկի ծառան,
Թո´ղ գոհ ապրէ նա, որ լաւ կեանք ունի:


81
Այնինչ մեր սրտոց չի լինի ոչինչ,
Ո՞ւր պիտի հասնէ մեր հոգսն ու ճգնում,
Նստած ենք մենք միշտ, և ասում «Ափսոս,
Որ ուշ ենք եկել և շուտ ենք գնում»:


82
Նա որ տէր դարձաւ գիտութեանց ամէն,
Դարձաւ աշխարհում մի լոյս մարդագրաւ,
Այս մութից դէպ դուրս ճամբայ չը ճարեց,
Պատնեց նւ հեքիաթ, և ի քուն մտաւ:


83
Եթէ պարծենաս շքեղ քո սարքով,
Եւ կամ այս կեանքով ունայն ու չնչին
Հողմին մահակից՝ վառել ես ճրագ,
Կամ տուն ես շինել հեղեղի ճամբին:


84
Շարունակ սրտիդ իղձերի համար
Տանջում ես, մաշում կեանքըդ պատւական,
Չը գիտես, որ քո ցաւերն են դրանք,
Որոնց կարօտը քաշում եո այդքան:


85
Տօնն7, եկաւ եւ այժմ մեր բանը լաւ է,
Սաղին հին գինով կուժը կը լեցնի.
Ծոմը դնչակալ և աղօթքը՝ սանձ՝
Տօնն այս էշերի գլխից կը հանի:


86
Մէկ եզ8 կայ վերում, կոչւած Բազմաստեղ
Եւ մէկ եզ9 էլ կայ թաքուն գետնի տակ,
Խելքիդ աչքը բա´ց, եզների մէջտեղ՝
Տե´ս իրար ընկած՝ մի բո´ւռ աւանակ:


87
Չե՞ս ամաչում այսքան հրաման կոտրելով
Եւ դառնալով մարդկանց գլխին պատուհաս,
Ասենց ծայրից աշխարհն առար մինչեւ ծայր,
Էլ ի՞նչ կանես, թէ ոչ թողնես ու երթաս:


88
Վերջը որ քանի ոչնչութիւն է
Աշխարհը նանիր,
Խորհի´ր որ չը կաս, բայց քանի որ կաս՝
Սրտուրախ ապրի´ր:


89
Եթէ այս կեանքի գաղտնիքն ինչպէս կայ, մեր սիրտն հասկացաւ,
Աստծոյ խորհուրդներն իր մահից յետոյ կըմբռնէ դիւրաւ:
Այսօր քանի որ ինքըդ քեզ հետ ես՝ ոչինչ չիմացար,
Ի՞նչ կը հասկանաս վաղը որ քեզնից գնացիր իսպառ:


90
Մինչեւ ե՞րբ արդեօք պիտի չարանաս մարմին ու հոգի,
Թէ պիտի դիզեմ ես ճերմակ արծաթ ու դեղին ոսկի:
Առաջ քան սառչեն մահւան կնիքով շրթունքդ ու ժպիտ,
Կե´ր սիրածիդ հետ, եթէ չես ուզում ուտէ թշնամիդ:


1 Գաբր.- Կրակապաշտ
2 Քաֆեր.-Անհաւատ
4 Քաբա.- Մեքայում եղած սրբավայրը կոչւում է «Քաբա»
6 Գուռ- Պարսից Սասանեան Բահրամ թագաւորը «գուռ» (վայրի էշ) որսալու ժամանակ ընկաւ հոսուն աւազների մէջ և ընկղմւելով կորաւ. ընդմիշտ: Այստեղ բառախաղ կայ «Գուռ» բառի վրայ, որ պարսկերէն նշանակում է թէ´ վայրի էշ և´ թէ գերեզման:
7 Տօն- Ծոմի ամիսը վերջանալիս, մահմեդականները մեծ տօն են բռնում: Այստեղ ակնարկւած է այդ տօնը:
8 Եզ- Բազմաստեղին պարսկերէն կոչում են Փարւին: Դա «եզ» կամ Taurus համաստեղութիւնն է:
9 Հին պարսկերէնի մէջ այն գաղափարը կար, թէ երկիրը դրած է եզի եղջիւրների վրայ, որը կանգնած է մի հոյակապ ձկան մէջքին: Ձուկն էլ անընդհատ լողում է մի անհուն ծովի մէջ: Երկրաշարժն էլ բացատրւում է այն ձևով, թէ եզը ժամանակ առ ժամանակ յոգնելով, երկիրը ձգում էր մէկ եղջիւրից միւսի վրայ:

91
Դաւանանքն է իմ՝ խմել միշտ գինի եւ լինել ուրախ,
Իսկ կրօնըս՝ լինել անկրօնութիւնից եւ կրօնից անկախ:
«Քաբինըդ ի՞նչ է» հարց տւի մի օր աշխարհի հարսին.
«Ուրախ սիրտն է քո», պատասխան տւաւ, «ամբողջ իմ բաժին»:


92
Երկիւղածութեամբ թէ օր ու գիշեր կրես դու տանջանք,
Լաւ չէ նրանից, որ մէկ հատ սրտի բաշխես ըսփոփանք:
Մէկ ազատ մարդու թէ գերի շինես քո սրտով բարի,
Լաւ է նրանից, որ ազատ թողնես հազար հատ գերի:


93
Եթէ ցանկանաս հասնել սրբութեան մի աստիճանի,
Քեզանից զրկանք, որեւէ մարդու մի´ թողնիր հասնի:
Մի´ վախիր մահից, եւ մի´ մտածիր ապրուստի մասին,
Քանզի անպայման դրանք կը հասնեն՝ հասնելու ժամին:


1 Քաբին = Կոչւում է այն գումարը, որ մի տղամարդ նախապէս պայմանւորւում է տալ իր կնոջը, եթէ ուզի բաժանւել նրանից:




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users